Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Բուժաշխատողները Հայաստանում առաջին անգամ անցնում են հավաստագրում՝ առողջապահության ոլորտում աշխատել սկսելու կամ աշխատանքը շարունակելու համար։ Պահանջը պարտադիր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Սակայն հավաստագրման համակարգը ներդրվել է 2016-ի մայիսին` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններով։
Հավաստագրերի երկու տեսակ կա՝ առաջին անգամ մասնագիտական գործունեության՝ նորավարտների համար, և շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ)՝ փորձ ունեցող մասնագետների համար։
Շարունակական մասնագիտական զարգացումը բուժաշխատողների մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է։ Սա ենթադրում է շարունակաբար մասնակցել վերապատրաստումների և հավաքել միավորներ (կրեդիտներ), ինչպեսև զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Եվ միայն բավարար աշխատանքային փորձ ու միավորներ ունենալուց հետո ստանալ ՇՄԶ հավաստագիր։
Օրենքով նախատեսվում է, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ բուժաշխատողները պետք է ստանան ՇՄԶ հավաստագիր։ Այսինքն, հավաստագրման առաջին և երկրորդ շրջափուլերը պետք է լինեին 2021 և 2022 թվականներին։
«Սակայն կորոնավիրուսի և պատերազմի պատճառով, երբ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված էր, առաջին երկու շրջափուլերով հավաստագրման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև 2023-ը»,- պարզաբանում է Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը։
Նշենք, որ առաջին շրջափուլի հավաստագրման գործընթացը սկսվել է 2022-ի հունիսից և ավարտվել 2023-ի հունվարի 1-ին:
Հավաստագիր ստանալու նվազագույն պահանջները
Օրենքի համաձայն՝ ՇՄԶ հավաստագիրը տրվում է, եթե բուժաշխատողը վերջին 5 տարում առնվազն 3 տարի աշխատել է մասնագիտությամբ և ունի միավորների նվազագույն քանակ։
Բուժաշխատողների տարբեր խմբերի համար պահանջվող միավորների նվազագույն քանակը տարբեր է։ Այսպես, յուրաքանչյուր շրջափուլի հինգ տարիների ընթացքում ավագ բուժաշխատողները պետք է կուտակեն 220 միավոր, բացառությամբ դեղագետների, որոնց համար սահմանվում է 160 միավոր, միջին բուժաշխատողները՝ 140 միավոր, բացառությամբ դեղագործների՝ 100 միավոր: Իսկ կրտսեր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց չեն անցնում և հավաստագիր չեն ստանում։
Ի դեպ, օրենքով սահմանվում է շարունակական մասնագիտական զարգացման 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթության/ինքնազարգացման։ Տեսական գիտելիքների զարգացումը ենթադրում է մասնակցություն տարբեր մասնագիտական դասընթացների և միջոցառումների, գործնականը՝ գործնական բաղադրիչ ունեցող միջոցառումների մասնակցություն, իսկ ինքնակրթությունն ու ինքնազարգացումը ենթադրում են հեռավար կամ առցանց դասընթացների մասնակցություն ու գիտական, գիտագործնական աշխատանքների հրապարակում, ներկայացում։
Բացի այն, որ հինգ տարվա ընթացքում բուժաշխատողը պետք է կուտակի նվազագույն չափով միավորներ, կա պահանջ, որ յուրաքանչյուր տեսակից ունենա նվազագույնը 5 միավոր։ Օրինակ՝ բժիշկը կարող է իր 220 միավորներն ամբողջացնել այսպես՝ 5 ինքնակրթության, 5 տեսական և 210` գործնական։ Այս պայմանը սահմանվում է առողջապահության նախարարի 2019-ի հրամանով, որի երկրորդ հավելվածը վերաբերում է միավորների հաշվարկման և շնորհման կարգին։
Ինչպե՞ս են կուտակում միավորները
Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանն ընդգծում է, որ բուժաշխատողը կարող է միավորներ հավաքել Հայաստանում ու արտերկրում վերապատրաստման դասընթացների մասնակցելուց մինչև գիտական աշխատանքներ գրելու միջոցով․
«Ի դեպ դրսից բերված մեկ կրեդիտը հավասար է մեկ կրեդիտի։ Իսկ համալսարանական կամ գիտահետազոտական կենտրոններում տարբեր մասնագիտական չկրեդիտավորված ծրագրերի մասնակցելու դեպքում նույնպես բուժաշխատողին կարող է շնորհվել որոշակի քանակությամբ միավորներ»։
Առողջապահության նախարարի վերոհիշյալ հրամանի համաձայն, եթե բուժաշխատողը մասնակցել է որևէ չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացի արտերկրում, ապա 1 ժամի համար նա ստանում է 1 միավոր (ինչպեսև կրեդիտավորված ծրագրերի դեպքում է), իսկ եթե մասնակցության փաստաթղթում ժամաքանակ նշված չէ, ապա յուրաքանչյուր օրվա համար տրամադրվում է 4 միավոր։
Գիտական գործունեությունը հնարավորություն է տալիս բավականին մեծ թվով միավորներ հավաքել, օրինակ, թեկնածուական ատենախոսության դեպքում շնորհվում է 180 միավոր, դոկոտորականի՝ 220, դասագրքի ու մենագրության հրապարակման՝ 120 միավոր և այլն։ Գիտական հոդվածների հրապարակման դեպքում կարող է 6-36 միավոր շնորհվել՝ կախված, թե ազդեցության ինչ գործակից ունեցող ամսագրում է հրապարակվել այն։
Հարությունյանը նշում է, որ ներկայումս կան բուժաշխատողներ, որ 700-800 միավոր են կուտակել, այսինքն, պահանջված նվազագույնից մի քանի անգամ ավելի շատ, և ՇՄԶ հավաստագրման խնդիր չեն ունեցել։ Ի դեպ, հավելյալ միավորները նոր շրջափուլ չեն տեղափոխվում և հաջորդ հինգ տարիների ընթացքում բուժաշխատողը պետք է զրոյից կուտակի միավորները։
Սակայն կան նաև բուժաշխատողներ, ովքեր դեռևս չեն ստացել հավաստագիր։ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից փոխանցված տվյալների համաձայն՝ 35.000 բուժաշխատողից ներկայումս հավաստագիր ստացել է 33.000-ը։ Այսինքն, շուրջ 2000 բուժախատող դեռևս չունի հավաստագիր։
Եթե բուժաշխատողը չունի բավարար փորձ ու միավորներ
Օրենքի համաձայն, եթե բուժաշխատողը չունի պահանջված 3 տարվա աշխատանքային փորձը, ապա նա անցնում է թեստավորում։ Թեստավորում են անցնում նաև այն դեպքում, եթե ունեն պահանջվող միավորների միայն 70 տոկոսը և երեք տարուց քիչ աշխատանքային փորձ։
Թեստավորման կարգը սահմանված է կառավարության 2021-ի որոշմամբ։ Դրա համաձայն՝ թեստավորման ժամանակ բուժաշխատողին տրվում է 100 առաջադրանք 90 րոպեում կատարելու համար։ Անցողիկ նվազագույն շեմ է համարվում առաջադրանքների առնվազն 80-ին տրված ճիշտ պատասխանը:
Այսպիսով, համաձայն առողջապահության նախարարի 2022-ի հրամանի, ՇՄԶ հավաստագրի տրամադրումը մերժվում է, եթե
- ներկայացված փաստաթղթերը կեղծ են, կամ
- հայտում նշված մասնագիտությունը չի համապատասխանում բուհի կողմից տրված ավարտական փաստաթղթում կամ ՇՄԶ փաստը հավաստող փաստաթղթում նշված մասնագիտությանը, կամ
- հայտատուն չի լրացրել պահանջվող միավորների քանակը, կամ
- հայտատուն վերջին 5 տարում առնվազն 3 տարի մասնագիտական գործունեություն չի իրականացրել և այն լրացնելու նպատակով չի անցել թեստավորում, կամ
- ՇՄԶ միավորները տրամադրվել են այն կազմակերպությունների կողմից, որոնք չկան «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված կազմակերպությունների ցանկում, կամ
- ներկայացված ՇՄԶ միավորները չեն լրացվել ՇՄԶ-ի գործունեության բոլոր տեսակներից (տեսական, գործնական, ինքնակրթություն և ինքնազարգացում):
Բուժաշխատողը ՇՄԶ հավաստագրի մերժումը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով։
Եթե բուժաշխատողը չունի հավաստագիր
ՇՄԶ հավաստագիր չունեցող բուժաշխատողի հետ դադարեցվում են աշխատանքային հարաբերությունները՝ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47.9-րդ հոդվածով սահմանվում է, որ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում նույնը կրկնելու դեպքում՝ 600 հազար դրամ տուգանք։
Այսինքն, հավաստագիր չունեցող բուժաշխատողը կորցնում է աշխատելու իրավունքը։ Սակայն արդյո՞ք բուժաշխատողն ունի հնարավորություն շարունակելու միավորներ հավաքելն ու դիմել՝ հավաստագրման համար։
Այս հարցի պատասխանը ենթադրվում է, որ պետք է գտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետում․ «Վերջին հինգ տարում ՇՄԶ միավորների նվազագույն քանակի 70 տոկոսի շեմը չհաղթահարած բուժաշխատողները չբավարարող ՇՄԶ միավորների քանակը լրացնում են սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան»։ Սակայն, պարզվում է, որ նույն օրենքի 32-րդ հոդվածը վերաբերում է բոլորովին այլ հարցի՝ բուժհիմնարկի գործադիր մարմնի ընտրությանը։
Ինչևէ, Լիլիթ Հարությունյանը նշում է, որ եթե բուժաշխատողը հունվարի 1-ի դրությամբ չունի հավաստագիր, ապա նա կարող է շարունակել կուտակել միավորները և երբ պահանջվող նվազագույն քանակն ունենա, դիմել հավաստագրման համար։ Սակայն այս դեպքում նրա համար շրջափուլի մեկնարկը կհամարվի ոչ թե 2016-ը, այլ 2018-ը, հետևաբար, մինչև 2018-ը կուտակած միավորները չեն հաշվվի։
Խնդիրներ համակարգում
Ատամնաբույժ Գոռ Բաբաջանյանը օրենքում խնդիրներ է տեսնում և առաջարկում է փոփոխություններ անել։
Նրա խոսքով, բավարար միավորներ հավաքելու համար նախատեսված ծրագրերը հիմնականում վճարովի են․
«Մեր երկրում, որտեղ դատավորը ստանում է մեկ միլիոն դրամ աշխատավարձ, վերապատրաստվում է անվճար, բայց հենց հերթը հասնում է բուժաշխատողներին, ասում են՝ մենք չունենք էդ ռեսուրսները, գնացեք վերապատրաստվեք ձեր հաշվին։ Սա խտրականություն է»։
Բժիշկն ասում է, որ եթե պետությունը պահանջում է պահանջվող միավորների առնվազն 70 տոկոսն ունենալ, այնուհետև թեստավորում անցնել, ապա պետք է ապահովի նաև այդ 70 տոկոսն անվճար պայմաններով կուտակելու հնարավորություն․
«Առողջապահության ազգային ինստիտուտն ունի անվճար վերապատրաստման կուրս, որի միջոցով 26 միավոր կարող ես հավաքել, սա ընդամենը երկու տոկոսն է։ Ինչու՞ ավելի շատ անվճար միավորներ տալու հնարավորություն չունեն։ Իսկ երբ զանգում ես վճարովի դասընթացներ անողներին, ասում են՝ խնդիր չկա, ինչքան միավոր պետք է՝ կլինի»։
Ըստ Բաբաջանյանի՝ վերապատրաստումները հաճախ լինում են ձևական և ոչ մասնագետի կարիքին համապատասխանեցված․ օրինակ, մեծ սրահում հավաքում են մի քանի տասնյակ մասնագետի և մատուցում ոչ արդի տեղեկություններ կամ, օրինակ, սովորեցնում են գերժամանակակից տեխնոլոգիաներով աշխատել, մինչդեռ բժիշկն իր կլինիկայում այդպիսի սարքավորումներ ունենալու կամ դրանց վրա աշխատելու հնարավորություն չունի։
«Ես կողմ եմ, որ բուժառուն պետք է որակյալ բուժօգնություն ստանա, բուժաշխատողներն էլ վերապատրաստվեն, զարգանան։ Սակայն այս համակարգն այդ խնդիրը չի լուծում,- կարծում է ատամնաբույժը՝ առաջարկելով նաև գիտելիքների, հմտությունների ստուգման համար քննություններ անցկացնել, որոնք կլինեն անվճար և իրապես հնարավորություն կտան ստուգել բուժաշխատողների աշխատանքի մակարդակը,- Հակառակ դեպքում, սա նման է նրան, երբ երրորդ աստիճանի վթարային շենքի պատերը ներկում են և անունը դնում բարեկարգում»։
Վերապատրաստումները պետք է կարևորվեն
Անվճար վերապատրաստման դասընթացներն ու կրեդիտավորված միջոցառումները սակավաթիվ են և ոչ բոլոր մասնագետները կարող են պահանջվող միավորները կուտակել դրանց միջոցով։ Այնուամենայնիվ, որոշ ծրագրեր մեծապես օգտակար են լինում։
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) բուժաշխատողների հավաստագրման համակարգի ներդրումից ի վեր աշխատում է, որպեսզի հայաստանյան մարզերի ու Արցախի բուժաշխատողները հնարավորինս պատրաստ լինեն այդ գործընթացին։ Մասնավորապես, կազմակերպում է չորսշաբաթյա վերապատրաստման դասընթացներ և ՇՄԶ 93 միավոր է շնորհում մասնակիցներին։
«Վերապատրաստումները լիովին անվճար են, ավելին՝ մասնակիցները ստանում են կրթաթոշակ՝ սննդի, տեղաշարժման համար։ Նաև բնակարաններ ունենք վարձակալած, տրամադրում ենք»,- ասում է ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։
Մասնագիտությամբ մանկաբույժ, տարիներ առաջ մարզային հիվանդանոցում աշխատած Սիմոնյանը նշում է, որ օրենսդրական կարգավորումներ ունենալը կարևոր է, որպեսզի բուժաշխատողները պարբերաբար վերապատրաստվեն և զարգանան․
«Սա առաջին փորձն էր և կարևոր էր դասեր քաղելու համար։ Արդեն նկատելի են մեծ ու փոքր խնդիրներ, որոնք պետք է շտկվեն մինչև հինգ տարվա փուլը»։
Սիմոնյանի դիտարկմամբ, ամենամեծ խնդիրը թերևս այն է եղել, որ բուժաշխատողների մի մասը չեն ունեցել բավարար քանակի միավորներ՝ հավաստագրման ժամկետին մոտ ժամանակահատվածում․
«Օրինակ, մնացել է երկու ամիս և կարևոր հաստիք զբաղեցնող բժիշկներ (որոշ դեպքերում տվյալ բնակավայրում միակ մասնագետը), պարզել են, որ մեծ թվով միավորներ պետք է լրացնեն և չեն հասկացել՝ ինչպես արագ անել դա։ Ես չեմ ուզում մեղավորներ գտնել, բայց դասեր պետք է քաղվեն։ Բուժհիմնարկների ղեկավարների գրասեղանին պետք է լինի իրենց մասնագետների վերապատրաստման հարցը, թե ինչ միջոցառումներ կան, ինչ փուլում են և այլն։ Ինչպես դա արվում է բյուջեի, հաստիքների և այլ կարևոր օրակարգային հարցերի դեպքում։ Եվ մյուս կողմից բուժաշխատողները պետք է ավելի պատասխանատվությամբ նայեն այս հարցին, իրենք անձնապես պետք է մոտիվացված լինեն դա անել»։
Մարդ և օրենք
Չգրանցված աշխատանք, կորսված հարկեր, զիջված իրավունքներ
Վերջին երեք տարիներին աշխատողներին չգրանցելու փաստով արձանագրված դեպքերը շատացել են։ Ի հեճուկս բազմաթիվ օրենսդրական կարգավորումներին ու հսկող գործիքակազմերին, չգրանցված աշխատանքը դեռևս արդիական խնդիր է։
Read moreՌազմական դրություն․ արդարացում՝ սահմանափակումների համար
Ռազմական դրության մասին օրենքում նախատեսված փոփոխությունները խնդրահարույց հարցեր են առաջացրել։ Ի՞նչ վտանգներ են տեսնում մասնագետները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՊետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում
Պետությունը շարունակաբար ընդլայնում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, սակայն արդյոք դրանք բավարար հասցեական են։
Read moreԳործող հարկատեսակներ և նախատեսվող փոփոխություններ
Որո՞նք են հարկման հիմնական տեսակները Հայաստանում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված հարկային դաշտում ու ի՞նչ խնդիրների են բախվում հարկատուները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreՀՀ քաղաքացիություն․ ովքեր և ինչպես են ստանում
Ի՞նչ հիմքով, ի՞նչ ընթացակարգով են դառնում Հայաստանի քաղաքացի, ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիություն ստանալիս ու ինչ փոփոխություններ են նախատեսված, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read more2022-ի օրենքներն ու նախագծերը
2022 թվականի ընթացքում սկսեցին գործել դեռևս նախորդ տարիներին ընդունված մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև ընդունվեցին մի շարք օրենքներ, հանրային քննարկման դրվեցին օրինագծեր։ Ամփոփ ներկայացնում ենք ամենաշատ քննարկված իրավական կարգավորումները։
Read moreՆոր օրենք․ զենքի ձեռքբերման ազատականացու՞մ, թե՞ խստացում
Հայաստանում ընդունվել է զենքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք։ Աստղիկ Կարապետյանն ուսումնասիրել է օրենքի ռիսկերը, վտանգներն ու առավելությունները։
Read moreՀակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
Կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված մասնագիտացված դատարանը սկսել է իր գործունեությունը։ Արաքս Մամուլյանը ներկայացնում է, թե ինչ է սպասվում, ովքեր են լինելու որոշում կայացնողները, անդրադառնում՝ դատարանի արդյունավետությանն ու խնդիրներին։
Read more«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read more