
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, հայաստանյան առցանց զանգվածային լրատվամիջոցներից մեկում տեղադրված տեսանյութը, որտեղ խոհանոց հիշեցնող տարածքում միջին տարիքի տղամարդը ձեռքով հարվածում է մի տղայի գլխի ու մարմնի տարբեր հատվածներին, չլուծված հարցերը հանրային աղմուկով լուծելու հերթական նախադրյալը դարձավ։
«Բացառիկ տեսանյութ. Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային» վերտառությամբ նյութում տարածքի տեսախցիկի համր նկարահանման 58 վայրկյանների ամբողջ ընթացքում հարվածներ են, որոնք կարճ ընդմիջվում են խոսքերով, ի վերջո հարվածների թիրախ տղան կարողանում է ճողոպրել տարածքից։ Թե ինչ է եղել հետո, հայտնի չէ։ Բռնության այս արարին հետևում է դեպքի վայրում գտնվող մի տարեց տղամարդ, սակայն որևէ կերպ չի միջամտում, միայն, թերևս կարեկցանքով, նայում է։
Այս ցավոտ կադրերը զուգորդվում են լրատվամիջոցի մեկնաբանությամբ․
«Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր, համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին»: (Տեսանյութը սկզբնաղբյուրից ավելի ուշ հեռացվել է՝ YouTube-ի օգտագործման պայմանները խախտելու համար, սակայն հասանելի է սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի մոտ)։
Ավելի ուշ պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, սակայն պատանու ընտանիքը իրավապահներին դիմել է միայն մեկ ամիս անց՝ մայիսի 10-ին։ Ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Քրեական գործ է հարուցել ֆիզիկական ներգործության հոդվածով, անչափահաս տղան տուժող է ճանաչվել։ Բայց քանի որ տղան մարմնական վնասվածքներ չի ստացել, իսկ բարձրաստիճան ոստիկանն էլ զղջացել է՝ դատախազությունը որոշել է մեղադրանք չառաջադրել բռնություն գործադրողին։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն, եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
Հատկանշական է, որ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադառնալով գործուն զղջալու հիմքով տեսանյութում երևացող անձի ազատ արձակմանը, նախ նշել է, որ թեև նման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասությունը ՔԿ-ի լիազորությունների տիրույթից դուրս է, բայց ներկայացնելով ՔԿ-ի և իր վերաբերմունքը՝ տրամաբանությունից դուրս է համարել, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց դեպքում։
Հատկանշական է նաև, որ Քյարամյանը դեպքի առնչությամբ ներողություն խնդրելու պատրաստակամություն է հայտնել։
«Ես գիտեմ, որ հանրության շրջանում բացասական արձագանք է գտել այդ երևույթը, ու ես պատրաստ եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր այս դեպքով միգուցե նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»։
Աղմուկի զորությունը
Դեպքից շուրջ երկու ամիս անց հրապարակված այս տեսանյութը մեծ աղմուկի առիթ դարձավ, որից հետո, թերևս, միայն դատախազը որոշեց մեղադրանք առաջադրել Ղայթմազյանին՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով։ Հունիսի 3-ին Ղայթմազյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։
Սակայն, առայժմ հայտնի չէ՝ արդյոք պատասխանատվության ենթարկվելու են դեպքից հետո Ղայթմազյանին մեղադրանք չառաջադրած իրավապահները:
«Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 5-րդ գլխում, որտեղ սահմանվում է ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, նշվում է, որ կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս: Իսկ ոստիկանության ծառայողի մի շարք պարտավորությունների մեջ նշվում է նաև՝ հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը, իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը և այլն։ Այս օրենքի 47-րդ հոդվածն էլ ամրագրում է՝ ոստիկանության ծառայողների կողմից սույն օրենքի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ ծառայողական դիրքը չարաշահելը կամ ծառայողական լիազորությունների սահմաններն անցնելն առաջացնում է կարգապահական կամ քրեական պատասխանատվություն: Սակայն, ինչպես տեսնում ենք, էթիկական կանոնների խախտումն անգամ այս դեպքում հաշվի չի առնվել և ոստիկանին մեղադրանք է ներկայացվել զուտ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մասով։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը վստահ է՝ քրեական գործն ամեն գնով փորձել են կոծկել։
«Եթե անձն իշխանական լիազորություններ չունի, շատ ավելի երկար է տևում գործընթացը, քրեական հետապնդում հարուցվում, խափանման միջոց կիրառվում, սակայն ոստիկանության բարձրաստիճան աշխատակցի նկատմամբ մի քանի օրվա քննության արդյունքներով քրեական հետապնդում չհարուցելու որոշում կայացնելով, քննչական մարմինն ու դատախազությունը պարզապես դրսևորել են անպատժելիություն ու հանցավորության հովանավորչություն,- ասում է Մելքոնյանը՝ հավելելով, որ եթե չլիներ այս հանրային ճնշումը, գործը կոծկվելու էր,- Նայելով տեսանյութը՝ մտածում ես, թե ինչքան հանցագործություններ կարող են կատարվել ոչ տեսախցիկի տակ, նույն ոստիկանության բաժիններում ու մնալ անպատիժ։ Փաստորեն, եթե հանրությունը չիմանա ու նման աղմուկ չբարձրանա, կունենանք տոտալ անպատժելիություն։ Թեև փորձը ցույց է տալիս, որ հանրայնացված միջադեպերի առնչությամբ ևս ոստիկանության ծառայողները պատասխանատվության չեն ենթարկվում»։
Ըստ Մելքոնյանի՝ կարևոր է, թե ինչպես է քննությունն իրականացվել, արդյունավետ է եղել, թե ոչ․
«Իհարկե, շատ կարճ ժամկետում գործը պարզապես այսպես կարճելու միտումը խոսում է այն մասին, որ արդյունավետ քննություն, միանշանակ, չի եղել և շատ կարևոր ապացույցներ ձեռք չեն բերվել ու հարցեր քննիչի կողմից չեն բարձրաձայնվել»։
Մելքոնյանը կարծում է, որ անպատժելիություն չպետք է թույլ տալ, սակայն դատախազության՝ բացառապես հանրային ճնշման ազդեցությամբ գործողություններն էլ խնդրային է համարում։
«Այնուամենայնիվ, կարևոր է արդյունավետ քննության իրականացումը, հանրային կրքերը պետք է մեղմվեն, քննությունը պետք է լինի արդարացի, բոլոր դրվագները պետք է ուսումնասիրվեն պատշաճ ընթացակարգերով, ներգրավված բոլոր անձանց իրավունքների ու ազատությունների լիարժեք երաշխավորմամբ, ինչպես տուժող երեխայի լավագույն շահերի պաշտպանությամբ, այնպես էլ մեղադրյալի իրավունքների ապահովմամբ»։
Չբարեփոխվողը
Ոստիկանական բարեփոխումները ներկայացված են ներկայիս կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բացի այդ տարբեր անդամների կողմից պարբերաբար կարևորվել են, ստեղծվել է ռազմավարություն, հիմնվել է ամբողջովին նոր՝ պարեկային ծառայությունը, սակայն արմատական փոփոխությունների, ինչպես փաստերն են ցույց տալիս, հավանաբար դեռ երկար ենք սպասելու։
«Հայաստանում, բացի պարեկային ծառայության ստեղծման, այլ բարեփոխումներ ոստիկանական համակարգում չեն իրականացվում։ Ո՛չ ոստիկանության զորքերի, ո՛չ քրեական հետախուզության և որևէ մյուս ստորաբաժանումներում բարեփոխում և դրանց հեղինակությունը բարձրացնելու որևէ գործողություն չի արվում։ Ցավալիորեն, վերջին ամիսների միջադեպերը ոստիկանների ներգրավմամբ դրա վառ ապացույցն են,- ասում է Արաքս Մելքոնյանը՝ հավելելով, որ առկա է ինչպես քաղաքական կամքի բացակայություն, քանի որ ոստիկանությունն արդյունավետորեն օգտագործվում է որպես իշխանության պաշտպան, և իհարկե, նաև մարդկային ռեսուրսների պակաս,- Սակայն, նման անբարեվարք, հանցավոր կերպարները ոստիկանական համակարգում, հանրային ծառայության որևէ ոլորտում պաշտոն զբաղեցնելու իրավունք չպետք է ունենան։ Երբ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր դատաիրավական համակարգի վեթինգի իրականացում, այդ թվում՝ իրավապահ մարմիններում, նաև սրա մասին էր ասում»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող, ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի նախկին անդամ Դանիել Իոաննիսյանն էլ անգամ վստահություն չունի, որ բարեփոխման արդյունքում նման կադրեր չեն լինի քրեական ոստիկանությունում, քանի որ ոստիկանության ղեկավարությունը որևիցե խնդիր չի տեսնում այս ամենի մեջ․
«Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելը մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից՝ լրիվ սպասելի, ես կզարմանայի եթե իրեն առանց հանրային աղմուկի դատեին։ Չի կարելի ասել՝ դե ես փոշմանել եմ, և դա լինի գործուն զղջալ, այդ դեպքում Հայաստանում բոլոր ոչ ծանր հանցագործություն կատարած անձինք կգնան դատախազի մոտ, կասեն զղջում են հանցագործությունը կատարելու համար և վերջ»։
Ըստ Իոաննիսյանի՝ սա ակնհայտ դեպք է, որով մարդը պետք է դատվեր, գործից հեռացվեր, սակայն տեղի է ունենում հակառակը։
«Դատաիրավական համակարգը խոր հիվանդություն է ապրում, որը պետք է բուժել։ Սա կիսակրիմինալ համակարգ է, որը հանցավորության դեմ պայքարի նմանակում է հիշեցնում,- ասում է Իոաննիսյանը՝ հավելելով, որ անպատժելիության գինը հանցագործությունների շարունակությունն է, մինչդեռ քրեական արդարադատության նպատակներից մեկն այն է, որ մարդիկ տեսնեն՝ հանցագործության համար այլ մարդիկ դատվում են ու այդ արարքներին չդիմեն,- երբ մարդիկ տեսնում են, որ այդ հանցագործությունների համար մարդիկ չեն դատվում, իրենք էլ են անում»։
Իսկ երեխայի լավագույն շա՞հը
«Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»,- այսպես է ամրագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասում։
Տեսանյութի հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ նշվում է, թե պաշտպանի համար յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է, իսկ իրավունքների պաշտպանությունը Հայաստանում պետք է երաշխավորված լինի․
«Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից, շահագործումից և այլն»։
Այս միջադեպի թիրախը 16-ամյա պատանի է․ նախ նրան ենթարկում են ֆիզիկական բռնության, այնուհետև ճանաչում տուժող, հետո փակում գործը, իսկ երկու ամիս անց հրապարակում տեսանյութ՝ ամբողջովին բաց դեմքով, այնուհետև հայտնում փոքր համայնքում բնակվող տղայի ամբողջական անուն, ազգանունը։ Անչափահաս տղան, փաստորեն, նաև աշխատում է։ Իհարկե, օրենքը որոշակի կանոնների պահպանմամբ թույլատրում է անչափահասների աշխատանքը, սակայն այստեղ էլ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Հուսադրող է, որ դատախազի հանձնարարությամբ պահանջվել է քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:
«Վորլդ Վիժն Հայաստանի» երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Աիդա Մուրադյանը ևս մտահոգ է անչափահասների աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ.
«Անչափահասներն ունեն աշխատանքային իրավունքներ, սակայն իրենց տարիքային առանձնահատկություններով պայմանավորված՝ դրանք այլ են, բայց հարց է, արդյոք որևէ մեկը հետևում է, թե որքանով են աշխատանքային իրավունքները պաշտպանվում գործատուների կողմից ու որքանով են պաշտպանված երեխաները աշխատանքի վայրում»։
Մուրադյանը նաև առանձնացնում է երեխայի դեմքն ու մնացյալ անձնական տվյալների բացահայտ հրապարակման խնդիրը.
«Որքանո՞վ է անչափահասի դեմքը չփակելը բխում երեխայի շահերից ու որքանով է հանրային շահը դրանից բխում։ Այո, կան դեպքեր, երբ երեխայի տվյալները կարելի է բացահայտել, եթե այդպիսով գերադասվում է հանրային շահը, սակայն այս դեպքում նման խնդիր չկա, գրեթե նույն արձագանքն էր լինելու, եթե չցուցադրվեր երեխայի դեմքն ու այդքան անհատականացվող տվյալներ չլինեին»։
Միջադեպի կապակցությամբ քաղհասարակության ներկայացուցիչները մարդու իրավունքների պաշտպանին, դատախազությանը, ոստիկանության և քննչական կոմիտեին ուղարկել են գրություններ ու հետևողականորեն փորձելու են հասկանալ ընթացքը։
Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ իրավախախտի կալանավորումից հետո էլ չի կարելի համարել խնդիրը լուծված, հանրային վերահսկողություն պետք է ապահովել, պետք է խորապես հասկանալ, թե որ դատախազն է կայացրել այդ գործուն զղջալու հիմքով ազատելու որոշումը, պետք է հասկանալ, թե այդ դատախազի նկատմամբ ինչ-որ հետևանքներ կլինեն, թե ոչ, ուստի քաղհասարակությունն այս գործում բավական շատ անելիքներ ունի։
«Սա մի դեպք էր, որը հրապարակվեց, սակայն կլինեն բազմաթիվ կոծկված դեպքեր։ Այստեղ կար տեսանյութ, աղմուկ բարձրացավ, միշտ այդպիսի անարդարությունների, վայրագությունների ինչ-որ փոքր տոկոսն է ջրի երես դուրս գալու, այլ երկրներում էլ է այդպես, սակայն կարևոր է, որ գոնե այդ ջրի երես դուրս եկածը հասարակությունն արդյունավետ օգտագործի և խորքային փոփոխությունների հասնի»,- ասում է Իոաննիսյանը։
Հատկանշական է, որ մինչ ակտիվ քննարկվում էր ոստիկանի անհարիր պահվածքը, համացանցում տարածվեց քաղաքացու և ոստիկանի միջև մեկ այլ միջադեպի տեսանյութ։ Այս դեպքում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ երկու երիտասարդներ վիճաբանում էին մոտ չորս ոստիկանների հետ, որոնցից մեկի հարվածից հետո տղաներից մեկն ընկնում է գետնին։ Հաղորդվեց, որ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Մարդ և հասարակություն
Մանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։
Read moreԴու ես քո գլխի տերը․ միայնակ հիվանդները Հայաստանում
Միայնակ կամ խնամող չունեցող հիվանդները Հայաստանում դժվար կացության առաջ են կանգնում, սակայն խնդիրների լուծումը, կարծես, հապաղում է։
Read moreԻնչո՞ւ է աղմկում քաղաքը
Ապրել Երևանում, սովորաբար, նշանակում է ապրել անընդհատ աղմուկի հետ՝ մեքենաների, սրճարանների և փաբերի, ժամանցի վայրերի, հրավառությունների աղմուկներ, որոնք ազդում են բնակիչների առողջության և բարեկեցության վրա: Ի՞նչ կարելի է կամ պետք է անել:
Read moreԲուլլինգը դպրոցում. հարաբերությունների արանքում
Հայաստանում դպրոցական բուլլինգը շարունակում է անտեսված խնդիր մնալ։ Վիճակագրություն այն մասին, թե քանի երեխա է յուրաքանչյուր տարի բռնության կամ հետապնդման ենթարկվում ուսումնական հաստատություններում, չկա, սակայն դա չի նշանակում, թե խնդիր էլ չկա։
Read moreԸնտանեկան բռնություն․ դեռ օրակարգում
Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։
Read moreԵրբ ախտորոշվել է վարակ․ խտրականություն ամենուր
Հայաստանում վարակիչ հիվանդություններ ունեցողները ինչպես բժշկական օգնություն ստանալիս, այնպես էլ սոցիալական միջավայրում դեռևս հանդիպում են խտրական վերաբերմունքի։
Read moreԱնցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read more