
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Հայաստանում աղբ թափելու հետևանքով հասցված վնասների մասին իրազեկվածության բարձր մակարդակ կա, սակայն, չնայած հանրային ծառայությունների հայտարարություններին և տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին, խնդիրը պահպանվում է ողջ երկրում: Թափոնների կառավարումը, ընդհանուր առմամբ, մշտապես օրակարգում է՝ ներառելով մի շարք օրենսդրական կարգավորումներ, սակայն մնում է չլուծված ու բերում ածանցյալ խնդիրներ:
Դեռևս 2020 թվականի հունվարին աղբի կառավարման ռազմավարության մշակման գործընթացի քննարկումներից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ներկայիս համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ թափոնները «պարզապես տեղափոխվում են A կետից B կետ», իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին, ըստ Փաշինյանի, բերում է լուրջ խնդիրներ։
2021-ի ապրիլին, ի վերջո, ընդունվեց «Աղբահանության համակարգի ռազմավարությունը»՝ նպատակ ունենալով ներդնել աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ։ Սակայն Հայաստանի ամենախոշոր, Երևանի ծայրամասերից մեկում գտնվող Նուբարաշենի աղբավայրում 2023-ի մայիսին բռնկված հրդեհը, որը շուրջ տասը օր հնարավոր չէր լինում մարել ու որի հետևանքով մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերը ծածկվել էին ծխի քուլաներով, ևս մեկ անգամ առերեսեց չկարգավորվող դրությանը։
«Քանի դեռ մեր երկրում աղբի վերամշակման գործարան չի կառուցվել, մենք այսպես աղբի մեջ ենք լինելու։ Իսկ հրդեհներ էլի լինելու են․ այնպիսի աղբավայրերը, ինչպիսիք մեր երկրում են, չեն կարող զերծ մնալ հրդեհներից»,- կարծում է բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Աղբահանության համակարգի ռազմավարության» համաձայն՝ Հայաստանում առկա աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում են բացառապես աղբի կուտակման վայր, չունեն ցանկապատ ու տեղադրվող աղբի հաշվառման համակարգ, բացակայում են աղբատար մեքենաների լվացման և ախտահանման սարքավորումները, տեղադրված թափոնները չեն ծածկվում հողով, ինչի հետևանքով տեղի է ունենում ինքնաբռնկում՝ առաջացնելով օդի, ջրի և հողի աղտոտում։
2020-ի դրությամբ Հայաստանում 297 աղբանոց է եղել: 501 համայնքներից աղբահանություն իրականացվում է 443-ում՝ 274 կազմակերպությունների կողմից։ Աղբահանության համակարգում չընդգրկված 58 գյուղական բնակավայրերի բնակչության թիվը 46.000 է, այսինքն՝ ընդհանուր բնակչության շուրջ 1,6 տոկոսն աղբը, մեծ հաշվով, թափում է որտեղ պատահի, ինչպես օրինակ՝ Արևիկ, Կառնուտ, Կամո, Ջրառատ համայնքներում, որտեղի բնակիչները 2018-ին իրականացված հարցմանը պատասխանելիս՝ նշել են, որ աղբը նետում են ցանկացած պատահական վայր, ավելին՝ կառնուտցիներից ոմանք շեշտել են աղբը ջրատար առվի մեջ նետելու մասին։
Ադամյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում աղբահանության իրականացումն ու աղբավայրերը շատ հեռու են միջազգային չափորոշիչներից, իսկ ոլորտը կարգավորելու համար պետությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում։
«Չկա պետական մոտեցում, իսկ քաղաքացիներն էլ դեռ չեն գիտակցում, որ աղբը չի կարելի լցնել բնության մեջ։ Հիմա բնության մեջ լցվող աղբի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք, գուցե, հարյուրավոր տարիներ այդպես մնան, չքայքայվեն։ Դա բնությանը հասցվող մեծ վնաս է»,- ասում է բնապահպանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշում է, որ Հայաստանի տարածքում գոյացող կենցաղային աղբի քանակի վերաբերյալ հստակ չափումներ և տվյալներ չունեն, սակայն գոյացող աղբի մոտարկման համար քաղաքների դեպքում կիրառվում է օրական 0,6կգ/մարդ ցուցանիշը (Երևանի համար՝ 0,9-1,1 կգ/մարդ), գյուղական բնակավայրերի համար՝ 0,4 կգ/մարդ ցուցանիշը։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021-ին թափոնակուտակիչներ (աղբույսներ) տեղափոխված կենցաղային կոշտ աղբի ծավալը կազմել է մոտ 1 մլն 845 հազար խորանարդ մետր։
Կկառուցվի(՞) սանիտարական աղբավայր
«Աղբահանության համակարգի ռազմավարության» մեջ նշված է, որ 2016-ից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացվում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրն» ու այս շրջանակներում նախատեսվում է կառուցել Եվրամիության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: 11 մլն եվրո արժողությամբ աղբավայրի շինարարությունը սկսվել է 2021-ի գարնանը, հավանաբար, կշահագործվի 2024-ի ամառվանից։ Մարտունիում լինելու է փոխաբեռնման կայան, որտեղ աղբը հավաքվելու է, տեսակավորվելու, սեղմվելու, ապա մեքենաներով տեղափոխվելու է աղբավայր։ Հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտումը բացառելու նպատակով աղբավայրում լինելու են համապատասխան ենթակառուցվածքներ, ինչպես նաև՝ վարչական շենքեր։ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնում է, որ այժմ ջանում են ավարտին հասցնել շինարարական աշխատանքները:
«Հրազդանի սանիտարական աղբավայրում ապահովվելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում գոյացող կենցաղային աղբի անվտանգ հեռացում: Աղբավայրը ծածկված է գեոմեմբրանային շերտով, որը բացառելու է ստորերկրյա ջրերի աղտոտումը աղբավայրի նեխաջրերով»,- մանրամասնում է Տերտերյանը։
Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործման դեպքում փակվելու են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 55 աղբավայրերը:
Ըստ փոխնախարարի՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ սանիտարական աղբավայրերի կառուցում նախատեսվում է նաև մնացած 8 մարզում:
Բնապահպան Սիլվա Ադամյանը, սակայն, կարծում է, որ սանիտարական աղբավայրերի կառուցմամբ, միևնույնն է, հարցը չի լուծվելու.
«Մեծ հաշվով, իրավիճակը չի փոխվելու. այդ աղբը չի վերամշակվելու։ Մեզ պետական մակարդակով գրագետ մոտեցում է պետք, աղբի վերամշակման գործարան է պետք, քանի որ ուրիշ կերպ հնարավոր չէ աղբահանության ու աղբավայրերի հետ կապված այս ծանր խնդիրները լուծել»։
Մինչդեռ, ըստ Տերտերյանի, այժմ Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման հավանության արժանացած ծրագրեր չկան, թեև ըստ աղբահանության համակարգի ռազմավարության՝ աղբի վերամշակումն առանցքային հարցերից է։
Իսկ Նուբարաշենը սպասում է
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում 52,3 հա տարածք զբաղեցնող աղբավայրում օրական շուրջ 1000-1300 տոննա կենցաղային աղբ է հավաքվում:
1960-ականներից ձևավորված աղբավայրը միայն շուրջ մեկ տարի առաջ է ցանկապատվել։ 2009-ին Երևանի քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիցու» կորպորացիայի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվել է Նուբարաշենի աղբավայրում կենսագազի հավաքման և այրման ծրագիրը, որի շրջանակներում ներդրվել է աղբավայրում կուտակված գազի հավաքման համակարգ։ Արդյունքում շուրջ 8 հա տարածքում, փորված հորատանցքերով և հորիզոնական գազամուղերով մխոցների միջոցով մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ և այրվում։ Այս ծրագրի իրականացման տևողությունը 16 տարի է նախատեսված եղել, թե ինչ կլինի ժամկետը լրանալուց հետո՝ այսինքն շուրջ 3 տարուց, առայժմ հայտնի չէ։
2016-ից էլ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով» էլ նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 32 հա տարածքում կառուցել նոր սանիտարական աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը։
«Հիմա քննարկվում են Նուբարաշենի աղբավայրին կից տարածքում Եվրամիության չափանիշներին համապատասխան նոր սանիտարական աղբավայրի կառուցման ծրագրի իրականացմանն առնչվող հարցերը»,- 2023-ի օգոստոսին այսպես է արձագանքել ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Բնակելի հատվածներից 2-3 կմ հեռավորությամբ գտնվող աղբավայրում հրդեհները հազվադեպ չեն։ «Օրեր շարունակ օդը ծանրացած էր, ծուխ էր։ Երբ այդ աղբավայրում հրդեհ է բռնկվում, այնքան դժվարությամբ է մարվում, որ այդ ծուխը տարածվում է շուրջբոլորը»,- ասում է Նուբարաշենի հարակից Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Նատալյան։
Հրդեհի հետևանքները պարզելու նպատակով շրջակա միջավայրի նախարարության կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ հրդեհի օրերին Երևանի մի շարք վարչական շրջաններում փոշու պարունակությունը 1,1-2,4 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի քանակը, ազոտի երկօքսիդի պարունակությունը՝ 1,1-1,3 անգամ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը՝ 1,1 և 1,3 անգամ։
Երևանի 5 վայրերում քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության տեղադրած օդի որակի մոնիթորինգի կայաններից էլ մեկը մայիսի 19-ին ահազանգել է փոշու պարունակության անառողջ միջակայքում գտնվելու մասին։
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը նշում է՝ օդի աղտոտվածությունը և օդ արտանետվող ծուխը կարող են նպաստել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկերի բարձրացմանը, մասնավորապես՝ սրտանոթային, սուր և քրոնիկ շնչառական հիվանդությունների, թոքի քաղցկեղի և այլն: Ըստ Գրիգորյանի՝ ազդեցությունը պայմանավորված է արտանետվող նյութերի կազմով, քանակով և ազդեցության ժամանակահատվածով: Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարը վստահեցնում է՝ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է բոլոր շահագրգիռ մարմինների հետ՝ մթնոլորտային օդի աղտոտմամբ պայմանավորված՝ մարդու առողջության վրա հնարավոր ռիսկի նվազեցման կամ կանխման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։
2019-ին Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ մայրաքաղաքում աղբահանության վիճակը բարելավվեց, իսկ բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակումը շեշտակիորեն օգնել է բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում սանիտարական վիճակի բարելավմանը։ Սակայն աղբի տեսակավորման, վերամշակման աշխատանքներ դեռևս իրականացնում են բացառապես փոքրածավալ մասնավոր նախաձեռնություններ, այն էլ, ըստ մասնագետների, բնապահպանական, առողջապահական ու անվտանգության տեսանկյուններից լուրջ բացթողումներով։ Ու ստացվում է, որ երկրում անվերջ գոյացող աղբի մեծ մասը պարզապես վերածվում է չարիքի։
Մարդ եւ օրենք
Ես կամ, դու կաս, նա կա. կամավորներ են անհրաժեշտ
Վերջին տարիներին կամավորությունը Հայաստանում մեծ տարածում ունի, սակայն օրենսդրական կարգավորում միայն վերջերս է ստացել։ Կամավորների դերը հատկապես նկատելի էր սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։
Read moreՓորձությո՞ւն, թե՞ փորձանք ուսուցիչների համար
Կամավոր ատեստավորման համակարգի միջոցով բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից ուսուցիչների մեծ մասը դեռևս խուսափում է օգտվել, ի՞նչն է պատճառը, մեկնաբանում է Գայանե Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագիրն ու այս գործընթացի միջով անցածների պատմությունները։
Read moreԿոյուղու չլուծվող խնդիրներն ու շարունակ աղտոտվող ջրային պաշարները
Հայաստանի բնակավայրերի զգալի մասը չունի կոյուղի, առկայության դեպքում էլ, կեղտաջրերի մաքրման կայանների սակավության հետևանքով, կեղտաջրերի մեծ մասն առանց մաքրման լցվելով ջրային պաշարների մեջ աղտոտում են դրանք։
Read moreՄարդու իրավունքների պաշտպանությունը խնամքի հաստատություններում
Սեռական բռնությունից մինչև արհամարհանք, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն, կրթության խոչընդոտներ ու մարդու իրավունքների արձանագրված այլ խախտումները խնամքի հաստատություններում հրատապ լուծումներ են պահանջում, սակայն, արդյոք պետությունը զբաղվում է դրանց լուծմամբ, անդրադառնում է Սոնա Մարտիրոսյանը։
Read moreԱռողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը
Որակյալ բուժօգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն Հայաստանում շատերի համար այն շարունակում է մնալ անհասանելի շքեղություն: Բուժման չափազանց մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով շատ ընտանիքներ պարզապես աղքատանում են։
Read moreԿանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read more