Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայոց լեզու և գրականություն դասավանդող Թագուհի Հարությունյանն այս տարի երկրորդ անգամ է հայտ ներկայացրել։ Նա 2022-ին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ավելի քան 760 ուսուցչներից մեկն է, որոնք 2023-ի սեպտեմբերին կրկին պետք է մասնակցեն հավելավճարի տրամադրմանն ուղղված մասնագիտական որակավորման ստուգման գործընթացին:
«70 միավորից հավաքեցի 40, ինչը նշանակում է, որ ես պատասխանեցի 70 հարցից 40-ին ու հավաքեցի 57,1 տոկոս՝ չհաղթահարելով նախատեսված 60 տոկոսի շեմը։ Եթե պատասխանած լինեի առնվազն 42 կամ 43 հարցի, ապա կհաղթահարեի անցողիկ շեմը,- նշում է Արմավիրի մարզի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հարությունյանը՝ հավելելով, թե ատեստավորումն իրականացվում է քննական թեստերի միջոցով, որոնք բավական խառը և դժվար են եղել, բավարար չի եղել նաև դրանք լրացնելու համար սահմանված 3 ժամը, բացի այդ, թեև հարցերն անծանոթ չէին, սակայն եղել են այնպիսիք, որոնք բուհն ավարտելուց հետո երբեք չէր կիրառել,- Այդ 70 հարցերից յուրաքանչյուրն ունի ենթահարցեր։ Ես, օրինակ, պետք է ցույց տայի 9-ը նախադասության գծապատկեր, ինչն ինձնից առնվազն երկու ժամ էր պահանջում»։
Հարությունյանը տարակուսում է՝ այս տարի որքանո՞վ կկարողանա հաղթահարել նախատեսված շեմը, բայց նաև նշում է՝ պայքարող է, ամեն ինչ անելու է, որպեսզի անցնի ու վերջապես բարձր աշխատավարձ ստանա։ Առաջիկա քննությանը պատրաստվելու համար 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչը պարապում է դիմորդական շտեմարաններով, ասում է՝ այլ տարբերակ չունի։ Կարդում է ուղեցույցները, փորձում է որոշ բաներ անգիր անել՝ նշելով, թե այլ կերպ անհնար է։ Հարությունյանն ասում է նաև, որ անցյալ տարի միայն քննությունից մի քանի օր առաջ է հրապարակվել գրականության ցանկ, որտեղից ներգրավված են եղել քննական հարցերը։ Սա ամրագրված է ատեստավորման մասին որոշման 23-րդ կետով, ըստ որի՝ գնահատման և թեստավորման կենտրոնը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Սակայն ուսուցիչները նշում են՝ միևնույնն է, հստակ հարցեր չկան։
Հարությունյանն ասում է, որ ուսուցիչներով մի քանի առաջարկություններ են արել, ինչպես օրինակ՝ հեշտացնել առաջադրանքները, ավելացնել քննության ժամանակը, հրապարակել շտեմարաններ` հստակ առաջադրանքներով։
Բացի այդ, ուսուցիչը նշում է, թե լավ կլիներ, որ գործընթացն իսկապես կամավոր լիներ. ատեստավորման մասին որոշման համաձայն՝ 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում, իսկ երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցիչն ազատվում է զբաղեցրած պաշտոնից։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասում է, որ ատեստավորման առաջին տարին չհաղթահարած ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում՝ երկրորդ տարում առավել լավ ներկայանալու և աշխատանքից չզրկվելու նպատակով։
«Այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և չեն գրանցել բավարար արդյունք, այս տարի ևս պետք է մասնակցեն։ Նրանց աջակցելու համար հանրապետության 4 բուհեր իրականացնում են վերապատրաստման աշխատանքներ,- ասում է Սվաջյանը՝ հավելելով, որ անցյալ տարի ատեստավորման պահանջվող փուլը չհաղթահարած 760 ուսուցիչներից 700-ն այս տարի հայտագրվել է և մասնակցում է վերապատրաստման դասընթացների,- Դրանք պարտադիր չեն, բայց ուսուցիչներին աջակցելու նպատակ ունեն»։
Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը փորձնական իրականացվեց 2021-ին՝ մասնակցության սահմանափակ հնարավորությամբ՝ 7 առարկաներից 7-12-րդ դասարանում դասավանդողներ։ 2023-ից արդեն հնարավորություն է տրվում իրենց գիտելիքները ստուգել ու կախված ձեռք բերած արդյունքներից՝ աշխատավարձը 30-50 տոկոսով բարձրացնել՝ բոլոր ուսուցիչներին, այդ թվում՝ դասվարներին, ինչպես նաև՝ մասնավոր դպրոցներում աշխատողներին, որոնց աշխատավարձի բարձրացումը կատարվելու է հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։
«Այս տարի կարող են մասնակցել նաև որևիցե տեղ չաշխատող, բայց մանկավարժի կրթություն ունեցող, մանկավարժի պահանջներին համապատասխանող անձինք, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում, համապատասխան միավորներ ունենալու դեպքում, կարող են ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել հանրակրթական ուսումնական հաստատություններում»,- ասում է Սվաջյանը։
Հատկանշական է, որ 2023-ին ատեստավորման միջոցով աշխատանքը պահպանելու հնարավորություն է ընձեռվել նաև բարձրագույն կրթություն չունեցողներին: Ուսուցչի գործունեություն ծավալող անձանց բարձրագույն կրթություն ունենալու պահանջն ամրագրված է Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածում և տարիներ շարունակ կիրարկումը հետաձգելուց հետո, այս տարի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ 2023-ի օգոստոսի 20-ից այս անձինք այլևս չեն կարող շարունակել իրենց գործունեությունը՝ որպես ուսուցիչ։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի 1354 պետական դպրոցներում դասավանդել է 28․894 ուսուցիչ, որոնցից 25․843-ը կին։ Ոչ պետական 48 դպրոցներում դասավանդել է 1359 ուսուցիչ, որոնցից 1136-ը կին։ Ուսուցիչներից 28․385-ն ունի բարձրագույն կրթություն, 288-ը թերի բարձրագույն կրթությամբ է, 1493-ը՝ միջին մասնագիտական, 87-ը՝ միջնակարգ։
Կամավոր ատեստավորումը ծրագրվում է իրականացնել ամեն տարի, չնայած, ինչպես մայիսին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «գալու է ժամանակը, երբ դպրոցներում չեն լինելու ատեստավորում չանցած մանկավարժներ»։
Այնուամենայիվ, ուսուցիչներից դեռևս քչերն են համարձակվում անցնել «փորձությունը»։ 2022-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ, ըստ ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանի, ներկայացրել էր 3886 ուսուցիչ կամ շահառու ուսուցիչների շուրջ 13 տոկոսը, որոնցից ատեստավորմանը մասնակցել էր 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել էր մասնակիցների 66 տոկոսը։
Արդեն 2023-ի մարտին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ 1565 ատեստավորված ուսուցիչ կամ շահառուների 5,5 տոկոսն արդեն ունի բարձրացված վարձատրություն․
«Միջինում նրանց աշխատավարձը կրկնապատկվել է. եթե միջին դրույքաչափը 125․000 դրամ է, ապա միջին եկամուտը, միայն կամավոր ատեստավորման արդյունքում, կազմում է 250․000 դրամ և ավելի: Ուսուցիչների 28 տոկոսը ստանում է 300․000 դրամ և ավելի, իսկ 150 ուսուցիչ՝ 350-450․000 դրամ»։
Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցն ունի կամավոր ատեստավորում անցած 8 ուսուցիչ, որոնք հավաքել են մինչև 97, 85, 76 տոկոս արդյունք, և ստանում են 300.000 դրամից ավելի աշխատավարձ։ Այնուամենայնիվ, դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը կարծում է, որ կամավոր ատեստավորման համար նախատեսված թեստերը չեն կարող ըստ արժանվույն գնահատել ուսուցչին։ Ըստ տնօրենի՝ ուսուցչի կերպարը բազմաշերտ է՝ իմացություն, պատրաստություն, նյութի մատուցման հմտություն, հոգեբանություն, նվիրում, վարվեցողություն և այլն, ու թեև դասավանդվող առարկային փայլուն տիրապետելը կարևոր է, բայց լավ ուսուցչի նախադրյալներից միայն մեկն է։
«Կամավոր ատեստավորման պատրաստ են այն ուսուցիչները, որոնք բացի այն, որ շատ լավ գիտեն առարկան, նաև կրկնուսույցներ են ու ամեն օր գործ են ունենում թեստերի հետ, տիրապետում են դրանք լուծելու գործիքներին,- ասում է Սաֆարյանը՝ նշելով, թե պետք է հաշվի առնել նաև այն, որ քննական թեստերը կազմված են ավագ դպրոցի դասագրքերի հիման վրա,- այս գործընթացքում հատկապես տուժում են հիմնական դպրոցի ուսուցիչները, բացի այդ ուսուցիչները ռիսկեր են տեսնում և չեն ցանկանում վտանգել իրենց հեղինակությունը, հատկապես, երբ արդեն մասնակցողներից լսում են քննության ժամանակի սղության, թեստերի խրթին, երբեմն անճշտություններով լինելու և այլ թերությունների մասին»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ չնայած թեստերի հարցերն առարկայական ծրագրից են, սակայն ձախողելու հավանականությունը մեծ է. մեծ է նաև անկանխատեսելիությունը, ուսուցիչների համար անհասկանալի է՝ մոտավորապես ի՞նչ են հարցնելու, բացի այդ, թեստերը լրացնելիս մանկավարժներն անհավասար պայմաններում են գտնվում։
«Ավագ դպրոցի ուսուցիչներն ամեն օր առնչվում են իրենց առարկայի բարդ թեմաներին, նրանց համար ավելի հեշտ է, մինչդեռ ցածր դասարանների ծրագիրն այլ է, և հիմնական դպրոցում դասավանդողները խնդրի առաջ են կանգնում, իհարկե, մենք կարող ենք իրենց ասել՝ երբ դուք դիպլոմ եք ստացել, այն չի եղել 1-9-րդ դասարանների ուսուցչի դիպլոմ, եղել է ամբողջական: Բայց, իրատեսորեն, մարդը եթե ինչ-որ մի բան չի անում տևական ժամանակ, մոռանում է»,- ասում է Խաչատրյանը:
Վաղարշապատի «Ներսիսյան» N6 հիմնական դպրոցում նախորդ երկու տարիներին չորս ուսուցիչ հաղթահարել է կամավոր ատեստավորումը։ Այս տարի դիմել են միանգամից 20-ը։ Դպրոցի տնօրեն, 20 տարի կրթական ոլորտում աշխատող Սեդա Ենգիբարյանի գնահատմամբ՝ պետությունն այս ծրագրի ներդրմամբ ճիշտ քաղաքականութուն է վարում։ Ենգիբարյանի կարծիքով՝ տարբեր պատճառներով ուսուցիչները քիչ են հետաքրքրված անձնական աճով, մինչդեռ ըստ տնօրենի՝ հրաշալի սերունդ է մեծանում, պետք է կարողանալ այդ սերնդին հետաքրքիր նյութ մատուցել ու ապացուցել, որ դու էլ ես զարգացած։
«Հիմա պետք է ավելի շատ ուղղորդող լինես, աշակերտների հետ սովորող ու զարգացող լինես։ Ուսուցչի նախկին կերպարը՝ ես ամեն ինչ գիտեմ ու ձեզ գիտելիք եմ տալիս, չկա այլևս նման բան, դա ուսուցչի հնացած կերպարն է,- ասում է Ենգիբարյանը՝ հավելելով, որ կամավոր ատեստավորման արդյունքում կբարձրանա ուսուցիչների մասնագիտական որակը, քանի որ նրանք ստիպված կլինեն վերանայել ու լայնացնել գիտելիքների շրջանակը,- Որպեսզի ուսուցիչն իր աշխատանքը չկորցնի, իր ծանր աշխատանքի դիմաց ստանա քիչ թե շատ վայելուչ աշխատավարձ, ուրեմն պետք է այս համակարգի մեջ ընդգրկվի»։
Տարեցները հապաղում են
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ըստ տարիքային խմբերի՝ ուսուցիչների ամենամեծ թիվը՝ 3820 բաժին է ընկել 60-64 տարեկաններին։ Ամենաքիչը՝ 534՝ մինչև 25 տարեկաններն են։
37-ամյա Թագուհի Հարությունյանի դիտարկմամբ՝ կամավոր ատեսատավորումը հատկապես խնդիր է մեծահասակների համար։
«50 անց, 60-ին մոտ մարդկանց համար հատկապես դժվար է։ Ես երիտասարդ եմ, մասնակցել եմ ու անհարմար չեմ զգում ասել, որ չեմ անցել։ Բայց ավելի տարիքովները, հատկապես գյուղաբնակները, որտեղ բոլորն իրար ճանաչում են և ընկալումները փոքր-ինչ այլ են, շատ խնդիրներ են ունենում,- ասում է Հարությունյանը՝ հիշելով իր հետ քննությունը չհաղթահարածներին, որոնք լացում էին,- Ճնշումներն է բարձրանում, մարդիկ երկար նստելու խնդիր են ունենում, շատ հարցեր կան, բացի այդ էլ՝ երիտասարդներն ավելի արագ են վերհիշում, քան իրենք, որ շուրջ քառասուն տարի առաջ են բուհն ավարտել»:
Գայանե Սաֆարյանը նշում է, որ շատ դպրոցներում, այդ թվում գյուղական, աշխատում են թոշակառու կամ այդ տարիքին մոտ ուսուցիչներ, որոնք իրենց փորձով հմտացած են, պահանջված, որոշ դեպքերում՝ շատ հաջողած, որոշ տեղերում՝ քիչ, սակայն նրանք չեն գնում կամավոր ատեստավորման։
«Կասեն՝ կներեք, մենք գնում ենք ու կփակեն դուռն իրենց ետևից։ Չկան մասնագետներ, ովքեր կգան նրանց փոխարինելու։ Մարդն ասում է՝ ես կարիք չունեմ այս տարիքում ինձ սթրեսների ենթարկելու, այս տարիքում ես չեմ ուզում գնալ քննություն հանձնել, եկեք իմ դասը լսեք, եթե իմ պարապած դասը ձեզ չի բավարարի, ինքնակամ հրաժեշտ կտամ»,- ասում է Սաֆարյանը։
Սերնդափոխության խնդրի առաջ
Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանն էլ թեև ատեստավորումը դրական քայլ է համարում, սակայն հարցին վերաբերում է որոշ վերապահումներով ու ինքն էլ իր հարցերն է առաջ քաշում, որոնցից առանցքայինն է, թե արդյոք այս ծրագրով ապահովվու՞մ է նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ, կամ որքանո՞վ է բարձրացվում կրթության որակը։
«Արդեն 2 տարի է ծրագիրը գործում է, բայց մեր երկրում դեռ ուսուցչի պակաս կա, դեռ ուսուցչի աշխատանքը գրավիչ չի երիտասարդների համար,- ասում է Սարդարյանը՝ հավելելով, թե պետք է շեշտակի, առանց նախապայմանների ուսուցչի աշխատավարձը բարձրացվի,- Գուցե ուսուցիչների շարքում կլինեն այնպիսիք, ովքեր արժանի չեն այդ աշխատավարձին, բայց սա մեզ կտա բարոյական իրավունք ուսուցչից ավելին պահանջելու, սա մեզ կտա ուսուցչի դերի, հեղինակության բարձրացում և ամենակարևորը՝ սերնդափոխության հնարավորություն»։
Ըստ Սարդարյանի՝ կան դպոցներ, որտեղ, օրինակ, մաթեմատիկայի ուսուցչի գիտելիքներն ու հմտությունները չեն բավարարում դասավանդելու համար, սակայն նրան աշխատանքից չեն հեռացնում, քանի որ վատ ուսուցիչ ունենալը գերադասում են ընդհանրապես ուսուցիչ չունենալուց։
Արաքսիա Սվաջյանը համամիտ է, որ կա ուսուցիչների պակաս, և առաջիկա տարիներին այդ պակասը շարունակվելու է։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաստատում է, որ ներկայումս դասավանդող ուսուցիչների մեծ մասը կենսաթոշակային տարիքի է կամ դրա սահմանին, և որքան էլ Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները թույլ են տալիս աշխատել նաև այդ տարիքից հետո, ինչ-որ պահի այդ ուսուցիչներն աշխատելու դժվարություններ են ունենալու։
Միևնույն ժամանակ, Սվաջյանն ատեստավորումն աշխատավարձի խնդիրը կարգավորելու պատշաճ մեխանիզմ է համարում․
«Որևէ սահմանափակում չկա որևէ ուսուցչի համար, ամեն տարի կարող են մասնակցել ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու դեպքում հաջորդ հինգ տարիների համար ապահովել ավելի բարձր աշխատավարձ»։
Սակայն Գայանե Սաֆարյանը կարծում է, որ կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացումը չի լուծում մասնագետների օրեցօր խորացող խնդիրը դպրոցում, մանկավարժի մասնագիտությունը գրավիչ չի դարձնում երիտասարդների համար։
«Պիտի առանձնահատուկ պայմաններ ստեղծվեն ուսուցչի համար, օրինակ՝ մանկավարժական բուհերն անվճար լինեն, տարկետման հնարավորություն տրվի, բուհն ավարտողները գործուղվեն թափուր տեղեր ունեցող դպրոցներ, բարելավվեն ուսուցիչների կենցաղային պայմանները, օրինակ՝ տանն օգտագործած էլեկտրաէներգիայի համար սահմանվի ցածր սակագին, այլ արտոնություններ, այդ թվում՝ կենսաթոշակի անցնելուց հետո»,- ասում է Սաֆարյանը։
Արական սեռի մանկավարժների ճգնաժամ
Կամավոր ատեստավորման որոշման նախագծում նշված է, թե ծրագրի նպատակն է խրախուսել ուսուցիչների մասնագիտական զարգացումը, նպաստել դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ։
Հայաստանի դպրոցներում դասավանդող ուսուցիչների միայն շուրջ 11 տոկոսն է (3274) արական սեռի։
«Ներսիսյան» N6 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ալֆրետ Նովշատյանը, որը կամավոր ատեստավորմանը մասնակցել է 2022-ին ու հավաքել 87 միավոր, նշում է, թե քննությանը մասնակցելիս որևէ դժվարություն չի ունեցել ու կարծում է, որ ներդրված քաղաքականության շնորհիվ ուսուցիչները կունենան բարձր աշխատավարձ, իսկ դպրոցները՝ գիտակ ուսուցիչներ։
Տնօրենները համոզված են՝ միջինից բարձր և ուսուցչին վայել աշխատավարձի դեպքում հատկապես տղամարդ ուսուցիչները չեն լքի դպրոցը։
«Նովշատյանը մեր աջակցության գծով փոխտնօրեն էր, փոխտնօրենները քիչ ժամ պետք է պարապեն՝ ութից ոչ ավելի։ Աշխատանքային պարտականությունները կատարում էր և վազում դպրոցից դուրս իր երկրորդ աշխատանքին, քանի որ մարդն ընտանիք պահելու խնդիր ուներ։ Հիմա գնաց կամավոր ատեստավորման, նախկինում 115 hազար աշխատավարձ էր ստանում, այսօր արդեն 270 հազար»,- ասում է «Ներսիսյան» N6 հիմնական դպրոցի տնօրեն Սեդա Ենգիբարյանը՝ շեշտելով, որ թեև սա էլ բարձր աշխատավարձ չէ, սակայն հույս է հայտնում, որ աստիճանաբար բարելավում կլինի, որի կարիքը կրթության ոլորտը շատ ունի։
Մարդ և օրենք
Կոյուղու չլուծվող խնդիրներն ու շարունակ աղտոտվող ջրային պաշարները
Հայաստանի բնակավայրերի զգալի մասը չունի կոյուղի, առկայության դեպքում էլ, կեղտաջրերի մաքրման կայանների սակավության հետևանքով, կեղտաջրերի մեծ մասն առանց մաքրման լցվելով ջրային պաշարների մեջ աղտոտում են դրանք։
Read moreՄարդու իրավունքների պաշտպանությունը խնամքի հաստատություններում
Սեռական բռնությունից մինչև արհամարհանք, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն, կրթության խոչընդոտներ ու մարդու իրավունքների արձանագրված այլ խախտումները խնամքի հաստատություններում հրատապ լուծումներ են պահանջում, սակայն, արդյոք պետությունը զբաղվում է դրանց լուծմամբ, անդրադառնում է Սոնա Մարտիրոսյանը։
Read moreԱռողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը
Որակյալ բուժօգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն Հայաստանում շատերի համար այն շարունակում է մնալ անհասանելի շքեղություն: Բուժման չափազանց մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով շատ ընտանիքներ պարզապես աղքատանում են։
Read moreԿանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԱշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։
Read moreԷլեկտրոնային շղթաներ՝ ընտանեկան բռնությունը կանխելու համար
Ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով Ազգային ժողովը օրենսդրական նոր կարգավորում է ներկայացրել, սակայն, թե որքանով այն կծառայի իր նպատակներին, ներկայացնում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՊետական գաղտնիքները նոր և ամուր կողպեքների տակ
Պետական գաղտնիքի մասին օրենքը փոփոխվում է՝ նոր սահմանափակումներ ենթադրելով։ Որքանով են դրանք համահունչ ժողովրդավարության ձգտող ներկայիս իշխանությունների քայլերին, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԲազմաբնակարան շենքերի կառավարման նոր պահանջները
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքն առավել արդունավետ դարձնելու նպատակով նախատեսվում են փոփոխություններ։ Թե ինչ են ենթադրում օրենքում կատարված փոփոխությունները, երբ ու ինչպես են իրականացվելու, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԲուժաշխատողների հավաստագրում. այլևս պարտադիր
Տարիներ առաջ ներդրված բուժաշխատողների հավաստագրման համակարգը 2023-ից պարտադիր է դարձել, թե ինչ այն ենթադրում ու ինչ նպատակ ունի, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read more