
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Հանրօգուտ, անվարձահատույց աշխատանք համարվող կամավորությունը, թեև հատկապես վերջին տարիներին Հայաստանում բավական տարածված է, սակայն օրենսդրական կարգավորում է ստացել միայն վերջերս։
Կամավորների դերը հատկապես նկատելի էր սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100.600 արցախցիների՝ Հայաստանում հաշվառելու և հրատապ աջակցություն ցուցաբերելու հարցում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգամ պատրաստեց «Դարձի՛ր կամավոր» խորագրով հատուկ հարթակ։
«Եթե ցանկանում եք կամավոր աշխատանքի միջոցով աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, խնդրում ենք անցնել հղումով՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,- գրված է հարթակի գլխավոր էջում:
Իսկ ականատեսներն իսկապես վկայում են, որ սեպտեմբերյան վերջի այդ դժվար օրերին կամավորներն անում էին իրենց հնարավորությունների լավագույնը. մի սեղանի մոտ մարդկանց կարիքների գրանցում, մյուսում՝ բջջային կապի քարտերի տրամադրում, մեկ այլում՝ դեղորայքի ապահովում, հաջորդում՝ սնունդ, հոգեբանական աջակցություն և այլն։ Իսկ երբեմն պարզապես գրկում ու այդ կերպ ջերմացնում էին օրեր շարունակ ճանապարհներին մնացած հայրենակիցներին։ Ու ամբենը՝ շուրջօրյա:
Կամավոր աշխատանքներում ընդգրկված էին նաև դպրոցականներ՝ 14, 15 տարեկան:
Վստահաբար, նրանցից որևէ մեկը դա չէր անում որևէ հետին մտքով, թե միգուցե կատարած աշխատանքի համար վկայականի է արժանանալու կամ իր արածը դիտարկվելու է իբրև փորձառություն: Օգնում են, քանի որ կա դրա անհրաժեշտությունը: Ու օգտակար, կարևոր գործ անելու գիտակցումից, չնայած ծանր ժամանակներին, դեմքերը փայլում են:
Թող որ անվարձահատույց, առանց երախտագիտության ակնկալիքի, այնուամենայնիվ, կամավոր աշխատանք կատարող քաղաքացիների իրավունքները պաշտպանված են. 2023-ի հոկտեմբերի 13-ից ուժի մեջ մտավ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը:
Մինչ այս օրենքի ընդունումը՝ կամավորական գործունեությանը վերաբերող իրավահարաբերությունները Հայաստանում կարգավորված չէին մեկ ամբողջական օրենքով. կամավորությանը վերաբերող յուրաքաչյուր խնդիր կարգավորվում էր տարբեր օրենքների և իրավական ակտերի միջոցով:
Այժմ օրենքը սահմանում է՝ կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքին համապատասխան կատարվող աշխատանք է:
Ո՞ր կառույցները կարող են կամավորների ներգրավել
- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները,
- պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձինք
(հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, կուսակցություններ և այլն):
Օրինակը Երևանի ավագանու նախընտրական արշավի ժամանակ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայտարարությունն է՝ քարոզչական աշխատաքներին աջակցելու նպատակով կամավորների աջակցության անհրաժեշտության մասին. «Եթե գտնում ես, որ պիտի միասին շարունակենք զարգացնել Երևանը և պատրաստ ես քո ժամանակն ու կարողությունները ներդնել այդ գործում, ապա լրացրու ձևաթուղթը, և մեր թիմը կկապվի քեզ հետ»:
- Հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձինք: Այս դեպքում՝ խոսքը փակ բաժնետիրական ընկերությունների մասին է:
Մասնավոր ընկերությունները կամավորական ներգրավելու իրավունք չունեն: Օրենքը խախտելը ենթակա է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքով սահմանած տուգանքների:
Ո՞ր տարիքից է օրենքը թույլ տալիս կամավորություն անել
16 տարին լրացած յուրաքանչյուր ոք կարող է կամավոր աշխատանք կատարել: Ավելի ցածր տարիք ունեցողները՝ մինչև 14 տարեկան անձինք, կամավոր աշխատանքներում կարող են ներգրավվել ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի, իսկ 14-16 տարեկանները՝ ծնողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:
Կազմակերպությունները հաճախ կամավորականների օգնությունից օգտվելիս՝ պահանջում են հստակ հմտություններ, օրինակ՝ հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, պատասխանատվություն, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ և այլն։
Կամավորների աջակցությունից օգտվել ցանկացող կազմակերպությունները՝ կամավորներից ակնկալվող պահանջներից բացի՝ նշում են այն հմտությունները, որոնք ձեռք կբերեն կամավորները՝ գործունեության ընթացքում: Օրինակ՝ կամավորը կստանա փորձ, նոթվորքինգ, հավաստագիր, լավագույնները՝ աշխատանքի հնարավորություն:
Աշխատաշուկա նոր-նոր մտնող քաղաքացուց կազմակերպությունները, որպես կանոն, աշխատանքային փորձառություն են պահանջում: Օրենքով ամրագրված է, որ կամավորությունը տալիս է այդ հնարավորությունը՝ կամավոր աշխատանքի շրջանն ամրագրել՝ որպես աշխատանքային փորձառություն: Կարևոր է արձանագրել՝ փորձառություն և ոչ ստաժ:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանի կարծիքով, սակայն, օրենքն ամբողջությամբ չէ, որ պաշտպանում է կամավորների իրավունքները.
«Օրենքում կամավորին ներգրավող կազմակերպության ու կամավորի միջև պայմանագիրը պարտադիր չէ: Քաղաքացին, ճիշտ է, կամավոր է աշխատանքը կատարում, սակայն բանալի բառն այս դեպքում «աշխատանք»-ն է, աշխատանք, որը կամավոր է, որի համար չի վարձատրվում, բայց չէ՞ որ նրան ներգրավող կազմակերպությունն օգտվում է կամավորի կատարած աշխատանքից»:
Նազարեթյանը նկատում է, որ կամավորները կրում են նույն ռիսկերը, ինչ աշխատողները:
«Երիտասարդ կամավորին կարող են ասել՝ արի, մի քանի ամիս կամավորություն արա, մենք չենք վճարի, հետո կգրանցենք՝ որպես աշխատող: Երիտասարդը, ունենալով գրանցված աշխատողի կարգավիճակ ստանալու խոստում, այդ հույսով կամավորություն է անում: Կան դեպքեր, երբ կազմակերպությունը նրան գրանցված աշխատողի ծանրաբեռնվածությամբ ներգրավում է, ոչ ֆորմալ, փոքրիկ աշխատավարձ վճարում, իսկ հետո ճանապարհում: Այսպիսով՝ ամիսներ շարունակ չարաշահվում է աշխատողի հույսը»,- ասում է Նազարեթյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, սակայն, կարծում է, թե այս դեպքում պետության խնդիրը կամավորության ինստիտուտի զարգացմանը նպաստող պայմաններ ստեղծելն է, այլ ոչ թե արգելքներ սահմանելը։
«Սա այն եզակի օրենքներից է, որը 2006-ից փորձում ենք ունենալ, բայց տարբեր պատճառներով չէր ստացվում: Վերջապես ունենք: Ու այն կարգավորում է խաղի կանոնները»,- ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ տարեցտարի կամավորական աշխատանք կատարող քաղաքացիների թիվն ավելանում է. կամավորություն են անում նաև աշխատող քաղաքացիները՝ արդեն աշխատանքից դուրս,- Կամավորական աշխատանքի շնորհիվ պետությունը կարևորում է քաղաքացու ինքնադաստիարակությունը, ինքնակազմակերպումը, հետագայում նաև՝ գործուն հասարակական կամ մասնավոր կյանք մտնելը: Սա աշխատանքային հարաբերություն չէ, սա աշխատանքային պայմանագիր չէ»:
Կամավոր աշխատանքի դեպքում չարաշահման հիմնական վտանգը կամավորականի տեղեկանքի վաճառքն է: Կամավորության մասին տեղեկանքներն անհրաժեշտ են լինում միջազգային կրթական հաստատություններ ընդունվելու կամ միջազգային կառույցներում աշխատանքի տեղավորման համար, որտեղ կամավորությունը դիտարկվում է՝ որպես առավելություն: Օրենքն արդեն կարգավորում է նաև այդ խնդիրը՝ քաղաքացիները տեղեկանքը ստանալու են էլեկտրոնային համակարգով՝ հստակ ձևաթղթով, ինչը տեղեկանք տրամադրելու գործընթացը թափանցիկ է դարձնում:
Կամավորություն իրականացնող անձն իրավունք ունի
- կազմակերպությունից ստանալ կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն,
- կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցել կազմակերպության կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը,
- կազմակերպությունից ստանալ կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, իր կատարած կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում,
- ստանալ վնասի հատուցում,
- կողմերի համաձայնությամբ մասնակցել կազմակերպության կազմակերպած ծրագրերին և միջոցառումներին,
- կազմակերպությունից ստանալ իր կատարած կամավոր աշխատանքի վերաբերյալ տեղեկանք կամ երաշխավորագիր՝ կազմակերպությանը գրավոր դիմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
- կամավոր աշխատանքի մասին պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ունենալ կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից ապահովագրություն:
Ի դեպ, կամավոր աշխատանքի հետ կապված իրավունքների պաշտպանությունը և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի լուծումն իրականացվում են դատական կարգով` համապատասխան քաղաքացիական դատավարության օրենսգրքի:
Կամավորի պարտականությունները
- չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ,
- կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան,
- հատուցել կամավոր աշխատանք կատարելիս իր գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,
- նպատակային ու բարեխղճորեն օգտագործել կազմակերպության հատկացրած գույքը և միջոցները,
- մասնակցել կազմակերպության կազմակերպած՝ իր կամավոր աշխատանքին առնչվող կրթական ծրագրերին կամ իրազեկման այլ միջոցառումների՝ տվյալ կամավոր աշխատանքը կատարելու համար պարտադիր նախապայման լինելու դեպքում,
- կրել սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավոր աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ,
- կառավարության սահմանած կարգով անցնել պարտադիր բժշկական զննություն, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն։
Օրենքը սահմանում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց կամավորության իրավունքը: Սակայն ինչպե՞ս կարող են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրացնել իրենց այս իրավունքը, եթե հանրապետությունում մատչելության խնդիրը չափազանց սուր է. հենաշարժողական, տեսողական, լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար, անկախ այս կամ Աշխատանքային օրենսգրքի առաջարկած հնարավորություններից, կամավորության դաշտը չափազանց սահմանափակ է:
Տեսեք նաեւ
Հատուկ զեկույց
Կամավորությունը Հայաստանում. կամավորությանն առնչվող հիմնախնդիրներ
Հետազոտությունը վեր է հանում Հայաստանի Հանրապետությունում կամավորությամբ զբաղվելու հիմնական դրդապատճառները, ուսումնասիրում է կամավորական գործունեության կարգավորման շրջանակները և բացահայտում կամավորության ոլորտի հիմնախնդիրները:
Read moreՄարդ և օրենք
Փորձությո՞ւն, թե՞ փորձանք ուսուցիչների համար
Կամավոր ատեստավորման համակարգի միջոցով բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից ուսուցիչների մեծ մասը դեռևս խուսափում է օգտվել, ի՞նչն է պատճառը, մեկնաբանում է Գայանե Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագիրն ու այս գործընթացի միջով անցածների պատմությունները։
Read moreԿոյուղու չլուծվող խնդիրներն ու շարունակ աղտոտվող ջրային պաշարները
Հայաստանի բնակավայրերի զգալի մասը չունի կոյուղի, առկայության դեպքում էլ, կեղտաջրերի մաքրման կայանների սակավության հետևանքով, կեղտաջրերի մեծ մասն առանց մաքրման լցվելով ջրային պաշարների մեջ աղտոտում են դրանք։
Read moreՄարդու իրավունքների պաշտպանությունը խնամքի հաստատություններում
Սեռական բռնությունից մինչև արհամարհանք, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն, կրթության խոչընդոտներ ու մարդու իրավունքների արձանագրված այլ խախտումները խնամքի հաստատություններում հրատապ լուծումներ են պահանջում, սակայն, արդյոք պետությունը զբաղվում է դրանց լուծմամբ, անդրադառնում է Սոնա Մարտիրոսյանը։
Read moreԿանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԱշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։
Read more