Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Ընդարձակ մարզադահլիճի յուրաքանչյուր քառակուսին բախվում է երիտասարդ մարզիկների հարվածների ուժգնությանն ու ցնցվում։ Նստարաններին տեղավորված կրտսեր մարզիկները ջղաձիգ հայացքով հետևում են մարզագորգին ուժերն ամրացնող ավագ ընկերներին ու անհամբերությամբ սպասում իրենց հերթին։ Ժամեր տևող մարզումներից պրկված մթնոլորտը հանդարտվում է միայն որոշ ժամանակով, երբ մարզիկները հերթով լոգարան են մտնում, գնում են սնվելու և ժամանակ տրամադրում հանրակրթությանը, իսկ հետո կրկին վերադառնում են մարզագոտի։
Ավելի քան կես դար Երևանի ծայրամասերից մեկում տեղակայված երկրի կարևոր սպորտային հանգույցներից Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կյանքն ընթանում է այսպես՝ մարզիկներին բնորոշ օրվա հստակ ռիթմով։
1971 թվականին Երևանի թիվ 10 մարզական թեքումով հիմնված միջնակարգ դպրոցը 2005-ին դառնալով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ՝ հիմնական, միջնակարգ ու միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականացնելով, միաժամանակ, հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրելու նպատակ ունի։
Այստեղ ուսուցումը սկսվում է հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանից, երբ ընդգծված սպորտային կարողություններ ունեցողներին հնարավորություն է ընձեռվում ամբողջությամբ անվճար սովորել օլիմպիական 16 մարզաձևերի՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բասկետբոլ, ջրային մարզաձևեր, սուսերամարտ, գեղասահք, ֆուտբոլ բաժանմունքներում։
50-ից ավելի մարզիչ, 220 աշխատակից, 600-ից ավել մարզիկ, որոնցից շուրջ 70-ը աղջիկ։ Ձեռքի տակ եղած տվյալներն է ներկայացնում քոլեջի մարզական գծով փոխտնօրեն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը՝ նշելով, որ 2023-2024 ուսումնական տարում քոլեջում կլինի 18 դասարան։
Բացի այդ, գործում են նաև հասարակական խմբեր, որտեղ ավելի ցածր դասարանների երեխաներն են մարզվում, իսկ հետո արդեն պատրաստված մուտք են գործում քոլեջ։
Ավելի քան 5 տասնամյակի ընթացքում կրթօջախն ունեցել է 2 օլիմպիական չեմպիոն, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալակիր, աշխարհի և եվրոպայի առաջնություններից 3 տարիքային խմբերում միասին 507 մեդալ, Հայաստանի առաջնություններում էլ մեդալների թիվը հասնում է 4655-ի։
«Անում ենք ամեն բան՝ հայկական սպորտը բարձր նշաձողի վրա պահելու համար»,- վստահեցնում է Թովմասյանը։
Հաստատության դարպասներից ներս, հինգ մայրցամաքների միասնությունը խորհրդանշող Օլիմպիական օղակներով կառույցի չորս կողմերում տարածվում են ուսումնական մասնաշենքերը, 150 ուսանող ընդունելու հնարավորությամբ, նորակառույց հանրակացարանը, բուժվերականգնողական կենտրոնը, ճաշարանը, հանդիսությունների դահլիճը, մատուռը, խաղահրապարակները, վարչատնտեսական կառույցներն ու մասնագիտական մարզադահլիճները։
Ու թեև ոչ բոլոր մարզադահլիճներն ունեն գերազանց վիճակ, սակայն Թովմասյանը վստահեցնում է, որ կառավարության հատկացրած գումարներով կազմակերպվում են մարզադահլիճների նորոգման աշխատանքներ, արդեն սկսվել են աշխատանքները ծանրամարտի մարզադահլիճում, նորոգվելու է 72 մետրանոց ըմբշամարտի դահլիճը, որը հնարավորություն կտա երկու՝ հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտերի մարզումներն անցկացնել միաժամանակ, կառուցվելու են բռնցքամարտի և ձյուդոյի նոր դահլիճներ։ Արդեն կառուցվել են ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, վարժասարքերի հրապարակ և այլն։
«Մի կողմից ապահովվում են մարզական արդյունքները, մյուս կողմից՝ լայնածավալ շինարարություն է իրականացվում ու արդեն երկու տարի անց մենք կունենանք աշխարհի մակարդակով մարզական օջախ։ Շատ ու շատ երկրներից են ցանկություն հայտնում գալ մեզ մոտ, մնալ, սնվել ու մարզվել մեր մարզիկների հետ՝ մարզական կատարելագործման խմբերում»,- ասում է Թովմասյանը՝ նշելով, որ քոլեջում, առայժմ, մեծ պահանջարկ վայելողները ավանդական հայկական սպորտաձևերն են, ինչպես օրինակ՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, ֆուտբոլ։
Ու թեև քոլեջի բուն նպատակը բարձրագույն մեդալներ նվաճելն է, սակայն չեն մոռանում ուսման մասին։
«Կրթությանը մենք մեծ տեղ ենք տալիս ու անում ենք ամեն բան, որպեսզի պահպանենք հավասարակշռությունը, մեզ անգրագետ սերունդ, անգրագետ մարզիկներ պետք չեն»,- նշում է Թովմասյանը։
Նպատակը՝ դառնալ չեմպիոն
Մարզական հաստատությունում օրը սկսվում է առավոտյան՝ ժամը 08։00-10։00-ի մարզումներով, այնուհետև սաները նախաճաշում են, 11։30-15։30-ը հանրակրթությանը հատկացված ժամանակահատվածն է, որի նախավերջին ժամին երեխաները ճաշում են, իսկ 16։00-18։00-ն կրկին մարզվում։ Ընթրիքից հետո մինչև քնի ժամը տրված ազատ ժամանակը տնօրինում են իրենց կամքով։
Ըմբշամարտի դահլիճում արդեն գործող չեմպիոնների մարզումներին հետևելու եկած կրտսեր դասարանների սաները վստահությամբ ասում են, թե քոլեջում առկա են բոլոր հնարավորությունները՝ լավ մարզիկ դառնալու համար, իսկ արդեն հաջողություններ գրանցած մարզիկների հետ նույն դահլիճում լինելը նրանց էլ ավելի է ոգևորում ու ուրվագծում նրանց անկոտրում նպատակը՝ չեմպիոն դառնալը։
Այսօր արդեն ըմբշամարտի Եվրոպայի երրորդ մրցանակակիր Արարատ Մանուչարյանը ևս այս քոլեջում է կոփվել։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում բնակվող տղան 12 տարեկանում մասնակցելով ըմբշամարտի մրցումներին, հրավիրվել է ուսանել քոլեջում։
«Մարզիչները հավանել էին տվյալներս, հորս հետ որոշեցինք, որ մնամ ու այստեղ շարունակեմ ուսումս»,- ասում է Մանուչարյանը՝ հիշելով, որ թեև փոքր էր, սակայն մարզիչների օգնությամբ կարողացել է հաղթահարել դժվարություններն ու հասնել բարձունքների։ Այժմ հույս ունի, որ առաջիկայում վերադառնալու է հայրենի Քաջարան ու այնտեղ ևս զարգացնի սիրելի մարզաձևը։
Քոլեջի ներկայիս տնօրենը՝ Վաղինակ Գալուստյանը ևս հաստատության նախկին սաներից է։ Հունահռոմեական ոճի ըմբիշ Գալուստյանը 2001-ին հռչակվել է Աշխարհի չեմպիոն՝ դառնալով անկախ Հայաստանի պատմության մեջ ըմբշամարտի երկրորդ աշխարհի չեմպիոնը, 2000-ի Ամառային օլիմպիական խաղերում եղել է Հայաստանի դրոշակակիրը, մասնակցել է նաև 2004 և 2008 թվականների օլիմպիական խաղերին, իսկ 2009-ին ստացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
«Չեմպիոն լինելը շատ հաճելի, բայց պատասխանատու կոչում է»,- կարծում է Գալուստյանն ու փորձում հաստատուտությունում ապահովել հնարավոր բոլոր պայմանները՝ պատասխանատու չեմպիոններ կոփելու համար։
Ըստ Գալուստյանի՝ 21-րդ դարում մարզիկը պետք է ունենա մարզման և հանգստի բարեկեցիկ պայմաններ․
«Համեմատելով արտերկրյա մարզադպրոցների հետ՝ ակնհայտ է դառնում, թե անասելի ինչ պայմաններում են մեր մարզիկները հաղթանակներ կերտել, և շատ ժամանակ դժվար ու անհարմար է նայել նրանց աչքերին»:
Գալուստյանը որոշել է, որ ի դեմս իր ղեկավարած քոլեջի սաների՝ հայ մարզիկները պետք է ունենան մարզումների, ուսման և հանգստի համար առավել բարեկեցիկ պայմաններ և իր համար որդեգրելով «միջավայրն է ձևավորում արդյունքը» կարգախոսը՝ հնարավոր բոլոր միջոցներն ուղղում է քոլեջում լավագույն պայմանների ապահովմանը․
«Ուզում եմ, որ այս քոլեջը լինի բոլոր ժամանակների ամենաժամանակակից կառույցը, դառնա միջազգային չափորոշիչներին համապատասխանող սպորտային դարբնոց»։
Սակայն, բացի նյութատեխնիկական ապահովվածությանը, այնուամենայնիվ, Հայաստանի սպորտային կյանքում այսօր նաև մարզիկների համալրման խնդիր կա։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում օլիմպիական մարզաձևերով զբաղվող խմբերի թիվը 2009-ին եղել է 3220, իսկ մարզիկների թիվը՝ 35․622, որից 6148-ը կին, արդեն տասը տարի անց՝ 2019-ին խմբերի թիվը հասել է 3228-ի, մարզիկների թիվը՝ 35․892, որից 5463-ը կին։ 2021-ին, սակայն, թվերը կրկին նվազել են․ օլիմպիական մարզաձևով զբաղվել է 3208 խումբ, 35․708 մարզիկ, որից 5800-ը կին։
«Հայկական մտածելակերպը փոքր-ինչ այլ է, աղջիկներին շատ ժամանակ ծնողները թույլ չեն տալիս զբաղվել սպորտով, իսկ հիմա, առհասարակ, էլ առավել դժվար է երեխաներին սպորտով հետաքրքրելը, ծնողների մեծ մասը մտածում է երեխաներին տեխնիկական գիտություններով զինելու մասին ու այդ կերպ երեխային «ինվալիդ» են սարքում, ավելի են մտցնում համակարգչի մեջ, առանց այդ էլ քիչ են շարժվում»,- մտահոգությունն է հայտնում Թովմասյանը՝ շեշտելով, որ մինչդեռ սպորտը երեխային տալիս է շատ հմտություններ՝ շարժման մեջ ապրելու, սնվելու, մարզվելու կարողություն, պատասխանատվութան, ընկերասիրության ձևավորում և այլն։
Քոլեջի ձյուդոյի ավագ մարզիչ Անտոն Բաբայանը նշում է, որ հեշտ չէ սպորտով զբաղվելը, անձնազոհության պատրաստ նվիրյալներ պետք է լինեն։
«Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ կոփել լավ մարզիկներ, իսկ եռագույնը բոլորինն է, հաղթանակները՝ բոլորինն են»,- ասում է մարզիչը՝ հավելելով, որ քոլեջում փորձում են պահպանել առողջ մթնոլորտը, պարբերական հանդիպումներ են կազմակերպվում օլիմպիական չեմպիոնների, միջազգային մրցաշարերի հաղթողների հետ, որոնք ոգևորիչ են սկսնակ, բայց մեծ ուղու պատրաստվող մարզիկների համար։
Ու չնայած ոլորտի մարտահրավերներին, ակնհայտ է, որ հնի ու նորի, եռուն շինարարության ու մարզական հաջողությունների արանքում հանգրվանած այս կրթօջախում ուսանողներն անպայման իրենց հետագիծն են թողնում Հայաստանի մարզական պատմության ճանապարհին։