Ժողովրդավարացման անտանելի թեթևությունը. Թավշյա էյֆորիայից մինչև հետպատերազմական մելամաղձություն

Հայտնի խոսք կա՝ քաղաքական օրենքները պետք է ձևավորվեն մշակութային նորմերի հիման վրա, որպեսզի քաղաքական համակարգը համաքայլ լինի այն հասարակությանը, որին ծառայում է [1]։ Ի դժբախտություն հայ ժողովրդի՝ Հայաստանում մշակութային նորմերը մշտապես առանձնացվել են օրենքներից ու քաղաքական համակարգերից, որոնց ներքո գոյություն են ունեցել: Հայաստանում քաղաքացու կամքն ու նրա դավանած մշակութային արժեքները պատմականորեն զավթվել են քաղաքական համակարգի կողմից, որին քաղաքացին ենթարկվել է: Խորհրդային քաղաքական մշակույթի անհետևողականությանը հաջորդեց շատ ավելի անհետևողական նոր մի շրջան, երբ Հայաստանում քաղաքական մշակույթը [2] պարզապես զուրկ էր էությունից կամ ինքնությունից: Այդուհանդերձ, Թավշյա հեղափոխությանը նախորդող շրջանում վիճակը դանդաղ, բայց փոխվում էր: Հեղափոխությանը հաջորդած զարգացումներն ի հայտ բերեցին մշակութային ախտանշաններ, որոնք կանխատեսում էին ժողովրդավարացման դրական հետագիծ, որը սակայն ընդհատվեց պատերազմի և քաղաքական ճգնաժամի պատճառով: Այս հոդվածն ուրվագծում է քաղաքական մշակույթի միտումները, որոնք ձևավորվել են Հայաստանում երեք կարճ, բայց արագ զարգացող փուլերի ընթացքում՝ մինչ թավշյա հեղափոխությունը, թավշյա հեղափոխությանը հաջորդած շրջանում և 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո:

Ոչ ժողովրդավարական հասարակություններում քաղաքական մշակույթի զարգացման մոդելները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից ամենաառանցքայինն ավտորիտարիզմի մակարդակն ու սաստկություն է: Հետխորհրդային տարածքում քաղաքական համակարգերը տատանվում են լիարժեք ավտորիտարիզմից (Ադրբեջան, Թուրքմենստան, Բելառուս) մինչև խիստ հիբրիդային (Ռուսաստան) և թույլ [3] հիբրիդային վարչակարգեր (Ուկրաինա, Վրաստան և Հայաստան): Ընդ որում, կայուն մշակութային ախտանշաններ, որոնք նպաստում են քաղաքական մշակույթի ժողովրդավարացմանը, հնարավոր են միայն թույլ հիբրիդային վարչակարգերում: Նման ախտանշանների ձևավորումն անհնար է ավտորիտար և ծայրահեղ բարդ՝ խիստ հիբրիդային վարչակարգերում: Այսպիսով, թույլ հիբրիդային վարչակարգերում նոր ի հայտ եկող ժողովրդավարական արժեքներն ու քաղաքացիական ակտիվիզմն ամրապնդում են քաղհասարակության զարգացումը և պարտադրում համակարգային փոփոխություններ: Արդյունքը, ինչպես տեսանք Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում, ժողովրդավարական բեկումներն են, երբ ժողովրդական շարժումները, որոնք ծնունդ են առնում զարգացող, բայց ծածուկ ժողովրդավարության մշակույթում, հաջողությամբ կարողանում են կազմաքանդել թույլ հիբրիդային վարչակարգը:

Հայաստանի քաղաքական մշակույթը թավշյա հեղափոխությունից առաջ լիովին տեղավորվում էր այս պատկերացումների շրջանակում. նկատվում էին մշակութային ախտանշաններ, որոնք խթանում էին ժողովրդավարական արժեքները, թեև ճնշվում էին սոցիալ-քաղաքական համակարգի կողմից, որը կոռուպցիան, նեպոտիզմն ու իշխանության չարաշահմանը հարմարվելը դարձրել էր մշակութային նորմ: Այսպիսով, եթե Հայաստանի հետհեղափոխական քաղաքական մշակույթը կարելի է բնորոշել որպես ծաղկող ժողովրդավարության մշակույթ, ապա նախահեղափոխական քաղաքական մշակույթը ծածուկ ժողովրդավարության մշակույթ էր։ Ի վերջո, թավշյա հեղափոխությունը տեղի չունեցավ վակուումում. ծածուկ ժողովրդավարության մշակույթը, աստիճանաբար, մեկ տասնամյակի ընթացքում, դանդաղ, բայց արմատավորվող նորմեր ձևավորեց, որոնք դարձան ժողովրդավարական բեկման գաղափարական հենքը:

Քանի որ քաղաքական մշակույթը հիմնված է համոզմունքների, սիմվոլների ու ընդհանուր արժեքների համակարգի վրա, որոնք տվյալ համատեքստում պայմանավորում են քաղաքական իրադարձությունները, քաղաքական նորմերն ու արժեքները պահպանում են իրենց հիմնարար նշանակությունը: Ծաղկող ժողովրդավարության ամենից կարևոր մշակութային ախտանշանը թերևս քաղաքացիների շրջանում ինստիտուցիոնալ վստահության ավելացումն է: Հայաստանի պարագայում այն գրեթե բացակայում էր նախահեղափոխական քաղաքական մշակույթում: Ինչևէ, հետհեղափոխական փուլում նկատելի էր ինստիտուցիոնալ վստահության զգալի ավելացում, ինչն ամրապնդեց ժողովրդավարական արժեքներն ու նորմերը Հայաստանի ծաղկող ժողովրդավարության մշակույթում:

Ժողովրդավարացման ամենից կարևոր ցուցիչը, որը ժողովրդավարական հասարակությունները տարբերում է ժողովրդավարացող կամ ոչ ժողովրդավարական հասարակություններից, ինստիտուցիոնալ վստահության մակարդակն է: Որքան բարձր է քաղաքական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը, այնքան ավելի ժողովրդավարական է տվյալ հասարակությունը և հակառակը։ Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս է միջանձնային և ինստիտուցիոնալ վստահությունը դառնում ժողովրդավարական առաջընթացի ու ինստիտուցիոնալիզմի կարևոր ցուցիչ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարական կայունությունն անհնար է առանց քաղաքացիների շրջանում ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակի: Այսպիսով, ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակը փոխկապակցված է քաղաքական համակարգի նկատմամբ վստահության մակարդակի հետ: Փոխկապակցված են նաև քաղաքացիական մշակույթի զարգացումը, ժողովրդավարական ձեռքբերումները, ժողովրդավարական արդյունքների վերարտադրությունը և ինստիտուտների հանդեպ վստահությունը: Պակաս կարևոր չէ նաև այն, որ միջանձնային և ինստիտուցիոնալ վստահության ավելացման շնորհիվ ստեղծվում են հարթակներ, որոնք նպաստում են բազմակարծությանն ու խնդիրների փոխհամաձայնեցված լուծմանը: Ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ վստահությունը՝ որպես ժողովրդավարացող քաղաքական մշակույթի առանցքային բաղադրիչ, լեգիտիմություն է հաղորդում քաղաքական համակարգին և խթանում է քաղաքական մասնակցությունը: Այն ինքնին որակվում է որպես հաստատուն մշակութային ախտանշանի բաղադրատարր, որն արմատավորվում է քաղաքական մշակույթի մեջ՝ ապահովելով ժողովրդավարության կենսունակությունը:

 

Քաղաքական մշակույթի նախահեղափոխական և հետհեղափոխական ցուցանիշները

2019 թ. աշնանը IRI հարցումն ու 2020 թ. ձմռանը «Կովկասյան բարոմետր» հետազոտությունը արժեքավոր տվյալներ են պարունակում հետհեղափոխական Հայաստանի քաղաքական մշակույթի վերաբերյալ։ Նախահեղափոխական շրջանի մասին նմանատիպ տվյալներ կան 2017 թ. աշնանն իրականացված «Կովկասյան բարոմետր» հետազոտության մեջ։ Այս տվյալները վկայում են հետհեղափոխական շրջանում Հայաստանի քաղաքական մշակույթի հետևողական ժողովրդավարացման մասին։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության 84%-ը դրական սպասումներ է ունեցել, և միայն 3%-ը՝ բացասական։ Ժողովրդավարացման գործընթացի նկատմամբ վստահության այս չափազանց մեծ քվեն հաստատվում է մեկ այլ ցուցանիշով, թե արդյոք սպասումներն իրականություն են դարձել։ Հարցման մասնակիցների 74%-ը դրական պատասխան է տվել: Հետհեղափոխական փուլում ժողովրդավարացող մշակույթի նման աջակցությունը համեմատելի է երկրի ապագայի նկատմամբ հասարակության դրական սպասումների հետ. հարցման մասնակիցների 80%-ը պնդել է, որ երկրում իրավիճակը կբարելավվի, և միայն 15%-ն է հոռետեսորեն տրամադրված եղել: Եթե համեմատենք 2017-ի ցուցանիշների հետ, ապա հարցվողների միայն 47%-ն էր լավատես, 46%-ը հոռետեսորեն էր նայում Սարգսյանի կառավարման տարիներին երկրի ապագային։ Ավելին, 2017-ին հարցվողների միայն 9%-ն էր կարծում, որ ներքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է գնում. 2020-ին հարցվողների արձագանքը կտրուկ տարբեր էր՝ 68%: Հետհեղափոխական շրջանում ժողովրդավարության ընդհանուր ընկալումն արդեն վկայում էր ծաղկող ժողովրդավարության մշակույթի աջակցության մասին. հարցվողների 63%-ի կարծիքով ժողովրդավարությունը «նախընտրելի է կառավարման ցանկացած այլ ձևից»:

Ընդ որում, նման ընկալումը զուտ ժամանակավոր կամ էյֆորիկ բնույթ չի կրել. այն արդեն հաստատուն մշակութային ախտանշանի մաս էր: Հետհեղափոխական հասարակության 85%-ը վստահ էր, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Պնդումը հենվում էր մի շարք պրագմատիկ դիտարկումերի վրա. հարցվողների 37%-ը խոստովանել է, որ թեև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, այնուամենայնիվ ունի «լուրջ խնդիրներ», 30%-ը հավատացած էր, որ Հայաստանը «փոքր» խնդիրներ ունեցող ժողովրդավարություն է, և միայն 18%-ն էր վստահ, որ Հայաստանը «լիարժեք ժողովրդավարություն է»:

Հետհեղափոխական հասարակության մեջ ժողովրդավարության առողջ և բազմազան ընկալումներն ամրապնդում են ծաղկող ժողովրդավարության մշակույթի մասին թեզը, ի հակադրություն նախահեղափոխական շրջանի, երբ քաղաքական համակարգի՝ քաղաքացու ընկալումները խիստ բացասական էին։ 2017-ին՝ «Արդյոք կառավարությունն արդար է վերաբերվել ձեզ» հարցին հարցման մասնակիցների միայն 18%-ն է դրական պատասխան տվել, 74%-ը Սարգսյանի կառավարման օրոք անարդար վերաբերմունքի է արժանացել։

Հետհեղափոխական շրջանի հարցումները ի ցույց են դնում նաև սոցիալական ներառականության ընդհանուր միտումներ: Այսպես, հարցվողների 92%-ը հավանություն է տվել երիտասարդների և սահմանափակ հնարավորություններով անձանց ներգրավվածությանը քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Կանանց ներգրավվածության աջակցությունը նույնպես բարձր է, մոտավորապես 91%, կանանց դեմ բռնությունների նկատմամբ բացասական վերաբերմունք և օրինազանցներին դաժանորեն պատժելու պահանջ է ներկայացրել հարցվողների մոտ 96%-ը: Ինչ վերաբերում է կանանց խտրականության դեմ պայքարին, հարցման մասնակիցների 90%-ը համաձայն էր, իսկ 85%-ը պնդել է, որ պետությունը պետք է «արմատախիլ անի նախապաշարմունքներն ու բոլոր մոտեցումները, որոնք հիմնված են տղամարդկանց համեմատ կանանց անլիարժեքության գաղափարի վրա»: Այլլ կերպ ասած, հետհեղափոխական շրջանում մշակութային ախտանշանները վկայում էին սոցիալական ներառականության, ինչպես նաև մշակութային ու ինստիտուցիոնալ սեքսիզմի մեղմացման հետևողական աջակցության մասին:

 

Ինստիտուցիոնալ վստահության նախահեղափոխական և հետհեղափոխական ցուցանիշներ

Հետհեղափոխական շրջանում նկատվում է ինստիտուցիոնալ վստահության մակարդակի կտրուկ աճ, նախահեղափոխական ծայրահեղ անվստահության պայմաններում: Հետհեղափոխական կառավարությունը, օրինակ, վայելում էր հարցվողների 71% վստահությունը [4], այն դեպքում, երբ նախահեղափոխական կառավարության նկատմամբ լուրջ անվստահություն կար. նախագահ Սարգսյանին չէր վստահում հարցվողների 65%-ը, (վստահում էր 17%-ը), նրա կառավարությանը չէր վստահում հարցվողների 59%-ը (վստահում էր 20%-ը): Վստահության 20%-ից մինչև ծայրահեղ բարձր՝ 70% աճը քաղաքական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահության լուրջ ցուցանիշ է:

Օրենսդրի նկատմամբ վստահության առումով նույնպես լուրջ բարելավում կար. 2017-ին այդ ցուցանիշը 12% էր, 2020-ին արդեն 39%։ Բայց շատ ավելի խոսուն է անվստահության մակարդակի նվազումը. նախահեղափոխական խորհրդարանի նկատմամբ անվստահություն էր հայտնել հարցվողների 66%-ը, հետհեղափոխական խորհրդարանի նկատմամբ անվստահության մակարդակը 30% էր: Որակական այս բարելավումը խոսում է ինստիտուտների ժողովրդավարացման նկատմամբ քաղաքացիների վստահության աճի մասին:

Հայաստանի պետական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության ամենից համակողմանի ցուցիչը վերաբերմունքն է ոստիկանությանը։ Ոստիկանության հանդեպ հանրային անվստահությունը 2017 թվականին 46% էր, և հարցվողների միայն 29%-ն է նշել, որ վստահում է ոստիկանությանը: Հետհեղափոխական շրջանում խոշոր դրական տեղաշարժ է արձանագրվել՝ ոստիկանությանը վստահում էր հարցվողների 51%-ը, անվստահության միջին ցուցանիշը 22% էր:

Այլ կերպ ասած, վերջին երեսուն տարիների ամենաքիչ վստահություն վայելող հաստատությունները հետհեղափոխական շրջանում սկսել են արժանանալ հանրության մեծ մասի վստահությանը: Արժեքների նման փոփոխությունը համահունչ է ծաղկող ժողովրդավարության մշակույթի ու ինստիտուցիոնալ նորմերի ամրապնդմանը:

 

Քաղաքական մշակույթը հետհեղափոխական ու հետպատերազմական փուլերում

Չնայած մշակութային ախտանշանները կայունություն դրսևորեցին 2020 թվականի Արցախյան պատերազմից և դրան հաջորդած քաղաքական ճգնաժամից հետո, այնուամենայնիվ, եղան նաև տատանումներ: Ընդ որում, դրանք խոսում են ոչ թե նկատելի բացասական միտումների, այլ դրական հետագծի դանդաղման մասին: Այլ կերպ ասած, հետպատերազմական շրջանում Հայաստանում ժողովրդավարության մշակույթի ծաղկումը դանդաղել է, նկատվում է ինստիտուցիոնալ վստահության, ժողովրդավարական ցուցանիշների և ընդհանուր արժեքների անկում։ Այդուհանդերձ, անգամ այդ պայմաններում ցուցիչները տպավորիչ են, եթե համեմատում ենք նախահեղափոխական շրջանի հետ: Այս համատեքստում Հայաստանի քաղաքական մշակույթը դեռևս նորաթուխ, բայց կայուն ժողովրդավարության մակարդակում է:

Ինստիտուցիոնալ վստահությունը չափելու համար անցկացվել է չորս IRI հարցում, որոնցից երկուսը հետհեղափոխական (հրապարակվել են 2019 թ. մայիսին և դեկտեմբերին), մյուս երկուսը՝ հետպատերազմական շրջանում (հրապարակվել են 2021-ի փետրվարին և մայիսին)։ Այս հարցումները կարևոր տվյալներ են պարունակում հետհեղափոխականից մինչև հետպատերազմական շրջան Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացման վերաբերյալ:

Հետհեղափոխական փուլում ոստիկանության ինստիտուտի նկատմամբ վստահության 51%-ը փետրվարին՝ հետպատերազմական շրջանում, ավելացել է մինչև 63%, թեև մայիսի սկզբին անկում է գրանցել՝ մինչև 38%-ի: Այդուհանդերձ, սոցիալական ցնցումների ու քաղաքական ճգնաժամի պայմաններում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան նախահեղափոխական շրջանում, երբ վստահությունն ընդամենը 29%-ի մակարդակում էր:

Իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի նկատմամբ ինստիտուցիոնալ վստահության ցուցանիշները ևս վկայում են ժողովրդավարության մշակութային ախտանշանների ամրության մասին, հատկապես երբ համեմատում ենք նախահեղափոխական և հետպատերազմյան միտումները: Կառավարության աջակցությունը հետհեղափոխական շրջանում 76% էր, հետպատերազմյան փուլում՝ 54%, մայիսի սկզբին՝ 37%: Անգամ այս պայմաններում վստահության ցուցանիշը համեմատելի չէ 20%-ի հետ, որը քաղաքացիներն ունեին նախահեղափոխական կառավարության նկատմամբ:

Այս համատեքստում ներանձնային և ինստիտուցիոնալ վստահության մակարդակը հետպատերազմյան Հայաստանում շարունակում է բարձր մնալ համեմատ նախահեղափոխական փուլի՝ անգամ 2020-ի Արցախյան պատերազմից հետո ու տևական քաղաքական ճգնաժամի պայմաններում:

Նույն միտումն արտացոլված է նաև Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության ցուցանիշի մեջ: Հետհեղափոխական փուլում Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահությունը դեկտեմբերին հասավ 63%-ի: Փետրվարին այն արդեն 33% էր, մայիսի սկզբին՝ 39%: ՀՀԿ մեծամասնությամբ խորհրդարանը վայելում էր քաղաքացիների 12%-ի վստահությունը:

Վերջապես, թերևս ամենաքիչ բարեփոխված հաստատությունը՝ դատական համակարգը, որը հանրային մեծ դժգոհության առարկա է եղել քննարկվող բոլոր երեք շրջաներում, զարմանալիորեն աջակցել է Հայաստանի նորաթուխ ժողովրդավարական մշակույթի կայունությանը: Հետհեղափոխական փուլում դատական համակարգը վայելել է 36% վստահություն և 57% անվստահություն: Հետպատերազմական շրջանում դատարաններից գոհ մարդկանց թիվն ավելացել է մինչև 39%, իսկ դժգոհությունները նվազել մինչև 35%: Ինստիտուցիոնալ վստահության նման աճը հետպատերազմական շրջանում կտրուկ հակադրվում է նախահեղափոխական իրավիճակին, երբ դատարանների նկատմամբ վստահությունն ընդամենը 16% էր:

Ընդհանուր առմամբ, նկատելի է երեք օրինաչափություն: Առաջին. հետհեղափոխական շրջանում նկատվում է միջանձնային և ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս արմատավորել կենսական ժողովրդավարական արժեքներն ու նորմերը Հայաստանի քաղաքական մշակույթում: Երկրորդ. հետպատերազմական շրջանն արձանագրում է էական տատանումներ ու ինստիտուցիոնալ վստահության անկման միտում՝ նախահեղափոխական շրջանի համեմատ: Երրորդ. նախահեղափոխական շրջանը թե՛ հետհեղափոխական, թե՛ հետպատերազմական շրջանի համեմատ աչքի է ընկնում ինստիտուցիոնալ անվստահության բարձր մակարդակով:

Այսպիսով, թեև ծաղկող ժողովրդավարության քաղաքական մշակույթը Հայաստանում դանդաղել է հետպատերազմական փուլում, այնուամենայնիվ, պահպանում է ամրությունը: Ընդ որում, անգամ պատերազմի, հասարակական ցնցումների ու քաղաքական ճգնաժամի պայմաններում ինստիտուցիոնալ վստահության մակարդակը կայուն ու որակապես շատ ավելի բարձր է, քան նախահեղափոխական փուլում էր:

 

Ամփոփում

Քաղաքական մշակույթն օրգանական երևույթ է, արժեքային համակարգի հավաքական ձևակերպում, որը ներառում է հասարակության ընդհանուր համոզմունքները, նորմերն ու անդրանցական էթիկան: Այն նաև սերնդային երևույթ է, քանի որ նրանք, ովքեր ժառանգություն են ստանում հայկականության բեռը, զարգացնում ու փայփայում են իրենց քաղաքական մշակույթի ամբողջականությունը: Թավշյա հեղափոխություն բերած սերունդը ձգտել է ստեղծել քաղաքական մշակույթ, որը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը, որտեղ ներգրավվածությունը լայն ընդգրկում ունի, և քաղաքացիներն իրենց ընկալում են որպես քաղաքականության ակտիվ սուբյեկտ, և ոչ թե պասիվ օբյեկտ:

Ծաղկող ժողովրդավարության մշակույթը Հայաստանում անհնազանդության հավաքական ակտ է տասնամյակներ տևած հակաժողովրդավարական ոգու դեմ, որը շնչահեղձ էր անում մի ամբողջ ժողովրդի: Բայց այն նաև քաղաքական մշակույթ է, որն ընդունում է քաղաքացիական առաքինությունը՝ միևնույն ժամանակ պահանջելով արդյունավետ կառավարում: Սա է պատճառը, որ քաղաքական այս մշակույթը դրսևորել է զարմանալի դիմացկունություն՝ թավշյա հեղափոխության էյֆորիայից մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմի մելամաղձություն:

Ահա սա է ժողովրդավարացող Հայաստանի անտանելի թեթևությունը:

 

* Հոդվածի վերնագիրը Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպի վերնագրի բառախաղ է. վեպը պատմում է Պրահայի գարնան մասին:
Ծանոթագրություններ
[1] Ձևակերպումը վերագրում են Ժան Ժակ Ռուսոյին, մասնավորապես նրա «չորս օրենքների» քննարկմանը: Տե՛ս «Հասարակական դաշինքը»:
[2] Քաղաքական մշակույթը ես սահմանում եմ որպես հասարակության մշակութային փոփոխականների փոխդասավորություն, որն ազդում ու ձևավորում է քաղաքական երևույթները՝ ներառյալ, բայց ոչ միայն, ինստիտուտներն ու նորմերը:
[3] «Թույլ» և «փափուկ» եզրույթները գիտական գրականության մեջ փոխարինում են միմյանց՝ որակելու համար հիբրիդային վարչակարգերը, որոնք դրսևորում են ավտորիտար միտումներ, բայց ավելի «թույլ» կամ «փափուկ» են կոշտ հիբրիդային վարչակարգերի համեմատ, որոնցում ավտորիտար միտումներն ավելի կոշտ են, բայց ոչ այնքան, որ համակարգը որակվի լիարժեք ավտորիտար։
[4] Վստահություն և հավանություն կամ անվստահություն և դժգոհություն հասկացությունները փոխարինում են միմյանց՝ պայմանավորված նրանով, թե որ զույգն է կիրառվում հետազոտության մեջ։
Վերջին հինգ տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ հայ ընտրողները կքվեարկեն խորհրդարանական ընտրություններում: Այս ընտրություններն անցկացվում են երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո: Հատկանշական է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում ընտրությունների և նախընտրական քարոզարշավների անցկացման կարքը փոփոխությունների են ենթարկվել: Քվեատուփերի լցունումների փաստագրված դեպքերը մնացել են անցյալում, քանի որ հաշվետվողականության նոր միջոցները, ինչպիսիք են ընտրողների նույնականացումը, սկանավորված ցուցակների հրապարակումը և տեղամասերի տեսանկարահանումը թափանցիկության նոր որակ են բերել։
2015 թվականի սահմանադրությամբ նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց ի վեր, 2017 և 2018 թվականների ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին փողոցային ցույցերով։ Թվում է, թե հունիս ամսվա ընտրությունները երկրի պատմության մեջ ամենամրցակցայինն են լինելու: 
EVN Report-ի մայիս ամսվա թողարկումը` վերնագրված «Քաղաքական մշակույթ», հայացք է նետում Հայաստանում ժողովրդավարական դրսևորումների զարգացման պատմությանը` 1919 թվականի խորհրդարանական ընտրություններից մինչև մեր օրեր: