Ազնվության որոշակի աստիճան է պետք, ավելին՝ անհարմար, դաժան ազնվություն է անհրաժեշտ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ավելի լայն դիսկուրս վարելու համար. ընդունելու, որ հակամարտության հանգուցալուծումը չի բխում կողմերից և ոչ մեկի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից՝ հաշվի առնելով զոհողությունները, որ պահանջում է կարգավորումը:
Կարգավորումը, ըստ էության, վերածվել է «խաղաղության հակասականության», Ղարաբաղյան «ճահճի»: Երկու կողմում էլ ոչինչ չասող հայտարարություններ են հնչում վերջնական նպատակի՝ խաղաղության մասին, ինչն ազնիվ ու արդյունավետ չէ: Պետք է ասել ճշմարտությունը. երկու կողմի համար էլ խաղաղությունը ոչ թե լուծում է, այլ պարզապես նախապատվություն: Ու երբ կողմերը խոսում են խաղաղության մասին, իրականում նրանք միանգամայն տարբեր իրողություններ նկատի ունեն։ Թեպետ նրբորեն, բայց բավական համոզիչ, յուրաքանչյուրը ձգտում է խաղաղության որոշակի տեսակի՝ խաղաղություն ըստ սեփական պայմանների: Ադրբեջանն ուզում է խաղաղություն, բայց իր պայմաններով. Հայաստանն էլ է ուզում խաղաղություն, էլի իր պայմաններով: Հենց այս կետում է հակասականությունը, որովհետև երկու կողմի պայմաններն ու շահերը այնքան հակադիր են, որ խաղաղություն հաստատելու համար փոխզիջման չնչին աստիճանն անգամ դառնում է անընդունելի: Փոխզիջումն անմիջապես վերածվում է կապիտուլյացիայի: Սա է պատճառը, որ Հայաստանը շարունակում է ստատուս քվոյի պահպանման իր քաղաքականությունը, իսկ Ադրբեջանը, հիմնականում ներքին քաղաքական նպատակներով, շարունակում է ռեվիզիոնիզմի քաղաքականությունն ու հյուծման հիբրիդային պատերազմը:
Պետք է ազնիվ լինել մեկ հարցում ևս. այս պայմաններում օրինաչափ է, որ երկու կողմն էլ դժգոհություններ ունեն: Այն, որ հայկական կողմն ավելի հետևողական է իր դժգոհությունների առաջնահերթ լինելը ներկայացնելիս, միջազգային հանրության տեսանկյունից չի չեղարկում Ադրբեջանի դժգոհությունները: Ադրբեջանը, հենվելով միջազգային իրավունքի նորմերի ողջամիտ մեկնաբանության վրա, իր փաստարկները կառուցում է տարածքային ամբողջականության նորմի շրջանակներում: Արցախում վարվում են նույն կերպ, բայց արդեն ինքնորոշման նորմի շրջանակում: Եվ քանի որ թե՛ տարածքային ամբողջականությունը, թե՛ ինքնորոշումը հավասարազոր սկզբունքներ են, մեզ այլ տարբերակ չի մնում, քան ընդունել, որ երկու կողմի դժգոհություններն էլ օրինաչափ են: Բայց երբ բարձրացնում ենք դիսկուրսի մակարդակը, փաստարկը այլ նրբերանգներ է ստանում. երբ երկու սկզբունքն էլ հավասարաչափ օրինական են, մեկի լեգիտիմությունը մյուսից սահմանազատելու մեխանիզմն աշխատում է կոնտեքստուալ առաջնահերթության եղականով։ Հենց սրանում է հայկական կողմի փաստարկը. նրանք չեն հերքում տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները, փոխարենը պնդում են, որ ինքնորոշման սկզբունքի լեգիտիմությունը դուրս է մղում տարածքային ամբողջականության լեգիտիմությունը: Այդպիսով, հայկական կողմը սահմանում է կոնտեքստուալ առաջնահերթություն:
Ինչպե՞ս են հայերն անում դա: Տարրալուծելով uti possidetis կոնցեպտը:
Եկեք արագ ու մակերեսորեն թերթենք միջազգային իրավունքը: Ադրբեջանի պահանջը Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) նկատմամբ կախված է uti possidetis juris («քանի որ քո սեփականությունն է») սկզբունքից՝ սովորութային իրավունքի ձև, որը կիրառվում էր որպես միջազգային իրավունքի առաջնային դոկտրին Խորհրդային Միության փլուզումից հետո 16 պետությունների ձևավորումը հիմնավորելու և օրինականացնելու համար: Uti possidetis պարզապես նշանակում է, որ քաղաքական միավորի սահմանները լուծարման պահին նույնական են նորանկախ պետության սահմանների հետ։ Սա է uti possidetis juris սկզբունքը: Ադրբեջանի փաստարկն այստեղ ուղիղ է. ԼՂ-ն Սովետական Միության սահմաններում էր, և Խորհրդային Միության փլուզումից ու նոր, անկախ Ադրբեջանի կազմավորումից հետո, uti possidetis սկզբունքով, ԼՂ-ն մնում է Ադրբեջանի տարածքում: Այսինքն՝ քանի որ խորհրդային տարիներին ԼՂ-ն պատկանում էր Ադրբեջանին, այն պատկանելու է նաև նոր ձևավորված անկախ Ադրբեջանին:
ԼՂ-ի հայերի կարծիքով uti possidetis գործիքն ունի թերություններ, և ինքնակառավարման իրենց իրավունքը հաստատելու և լեգիտիմացնելու համար նրանք կիրառում են ինքնորոշման դոկտրինը՝ jus cogens-ի («իմպերատիվ նորմ») մի տարատեսակ: Այս սկզբունքը նվազագույնը նշանակում է, որ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք՝ եթե նրա բարեկեցությունը, մշակույթը, պատմությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Uti possidetis-ի հայկական տարրալուծումը այս դեպքում բավական նուրբ է: Ընդհանուր առմամբ, հայերը պնդում են, որ Ադրբեջանը վարչական վերահսկողություն չուներ ԼՂ-ի նկատմամբ 1991 թվականին, երբ անկախանում էր, հետևաբար uti possidetis-ը խնդրահարույց է, որովհետև Արցախի ինքնահռչակ Հանրապետության մաս կազմող տարածքներից ոչ մեկը չի պատկանել Ադրբեջանին: Ավելին, քանի որ ԼՂ-ի հայերն իրականացրել են արդյունավետ գրավում սկզբունքը, uti possidetis-ի վերաբերյալ ադրբեջանցիների պնդումները դառնում են անհիմն: Այսպես ադրբեջանական կողմի փաստարկը հայտնվում է մեկ այլ սկզբունքի՝ «միջազգայնորեն ճանաչված տարածք» հասկացության շրջանակներում, այսինքն՝ քանի որ ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչվել է որպես նոր կազմավորված Ադրբեջանի Հանրապետության մաս, տարածքային ամբողջականության մասին Բաքվի պահանջը դուրս է մղում հայերի անջատողական պահանջները: Խնդիրը սակայն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության «միջազգային ճանաչումը» հիմնված է uti-possidetis սկզբունքի վրա, քանի որ այդպես է ճանաչվել հետխորհրդային բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, տարրալուծելով uti possidetis-ը և այն համարելով ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող խնդրահարույց սկզբունք՝ «միջազգայնորեն ճանաչված» լինելու սկզբունքի կիրառումը նույնպես դառնում է խնդրահարույց: Այստեղ էլ ի հայտ է գալիս հայկական փաստարկը. ադրբեջանական դիրքորոշումն օրինականացնելու հիմքն ունի էական խնդիրներ: Եվ հենց այստեղ էլ հայերը պնդում են, որ ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքը դուրս է մղում տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի խնդրահարույց պահանջը:
Հայերի պնդմամբ՝ ինքնորոշումը, որպես jus cogens, ակնհայտորեն դուրս է մղում uti possidetis-ը և տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի խնդրահարույց հիմնավորումը:
Այստեղ պատկերը բավական պարզ է. երկու կոնցեպտները հակադիր են: Եթե առաջնահերթությունը տրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ԼՂ-ն չի կարող ունենալ անկախություն. եթե ճանաչվում է ԼՂ-ի անկախությունը, խախտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա է պատճառը, որ երկու կողմն էլ որդեգրել է մաքսիմալիստական դիրքորոշում. Ադրբեջանը չի զիջի իր տարածքային ամբողջականությունը, ԼՂ-ի հայերը չեն զիջի իրենց անկախությունը:
Մաքսիմալիստական դիրքորոշում և խթանների համակարգ
Երկու կողմի մաքսիմալիստական դիրքորոշումը ստեղծել է բևեռացման էֆեկտ: Հանգամանքը, որ Հայաստանը և Ադրբեջանն ունեն միմյանց ծայրահեղ հակադիր դիրքորոշում, ոչ միայն թույլ չի տալիս, որ բանակցող կողմերն առերեսվեն որևէ հարցում, այլև նույնիսկ երբ նրանք համաձայն են ստորագրել հիմնարար փաստաթուղթ, որը հիմք կծառայի բանակցությունների համար, անհամաձայնություն են հայտնում փաստաթղթի յուրաքանչյուր կետի վերաբերյալ: Այս օրինակում հղումն ակնհայտ է. Մադրիդյան սկզբունքներ: Սկզբունքների մեկնաբանական տարբերությունները, օրինակ, պայմանավորված են երկու կողմի ծայրահեղ դիրքորոշումներով. տպավորություն է, որ կողմերը խոսում են երկու միանգամայն տարբեր փաստաթղթերի մասին: Այս բևեռացման ուժգնությունը հանգեցրել է մեկ այլ վնասակար հետևանքի. փոխզիջումների խթանների համակարգի:
Զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից՝ Հայաստանը Ադրբեջանի առաջադրած պայմաններով բանակցելու որևէ դրդապատճառ չունի. կիրառելով հաղթողի տրամաբանությունը՝ Հայաստանը, որպես հաղթած կողմ, համախմբել է իր ձեռքբերումները: Բանակցային հարթակն այս դեպքում Հայաստանին չի առաջարկում որևէ համոզիչ խթան կամ արժեքավոր փոխզիջում, որպեսզի նա հրաժարվի իր բոլոր ձեռքբերումներից կամ դրանցից մի քանիսից: Ավելին, ծախս-օգուտ վերլուծության տիրույթում ստատուս քվոյի պահպանումն ամենաօգտակար և, որպես այդպիսին, ամենառացիոնալ ընտրությունն է հայկական կողմի համար: Ադրբեջանական դիրքորոշումն, անշուշտ, նույնքան կոշտ է։ Հասկանալով, որ հայկական կողմը փոխզիջման որևէ դրդապատճառ չունի, Ադրբեջանը ձգտում է խթանների համակարգ ստեղծել ռազմատենչ հռետորաբանության, հատուկ հյուծիչ պատերազմի, Հայաստանը տարածաշրջանային և տնտեսական առումով մեկուսացնելու լայն քաղաքականության միջոցով: Հետևաբար, Ադրբեջանի տրամաբանությունը ենթադրում է, որ եթե Հայաստանի նկատմամբ կիրառվեն համապատասխան պատժիչ միջոցներ, հայկական կողմը խթան կունենա փոխզիջումներ առաջարկելու՝ պատժիչ միջոցներից խուսափելու համար: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է վերանայել և փոխել ստատուս քվոն հարկադրանքի ճանապարհով:
Այս դեպքում «ճահիճը» ոչ այնքան Ղարաբաղի շուրջ է, որքան «խաղաղություն հարկադրանքի միջոցով» տրամաբանության շրջանակներում երկու կողմի պայքարի: Այս տրամաբանության ձախողումը, անշուշտ, ակնհայտ է բոլորին. քանի դեռ Հայաստանն ի վիճակի է հավասարակշռել և կասեցնել հարկադրանքի Ադրբեջանի փորձերը, խթանների համակարգը չի տա ցանկալի արդյունք: Պարզ ասած, Հայաստանը որևէ բան զիջելու պատճառ չունի, եթե դրա դիմաց ոչինչ չի ստանալու: Ռիսկերի գնահատման տիրույթում Հայաստանն իրականում փոխզիջումների գնալով կկորցնի ավելին. խաղաղության օգուտը համարժեք չէ դրա դիմաց վճարվող գնին (Ադրբեջանի պահանջները կատարելուն):
Որպեսզի իրապես բանակցի, Հայաստանը պիտի գնա կապիտուլյացիայի: Իսկ սա, ակնհայտորեն, ընդունելի չէ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա դիրքորոշումը տրամագծորեն հակադիր է. ռիսկերի գնահատման տիրույթում նրանք արդեն իսկ պարտվել են, հետևաբար Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նրանք կորցնելու ուրիշ ոչինչ չունեն:
Այս առումով, պարտվողին փոխզիջման գնալ խնդրելը հավասար է ինքնաժխտման։ Հայկական կողմի տեսանկյունից, եթե հաղթողին խնդրում ես գնալ փոխզիջման, պետք է ներկայացնես արժեքավոր դրդապատճառ: Դրդապատճառների համակարգն այս դեպքում ընկած է փակուղու հիմքում:
Ռազմատենչ հռետորաբանությունը և կոնտեքստուալ ազնվության անհրաժեշտությունը
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում իր ելույթի ընթացքում (որը որակվեց որպես իրարամերժ հայտարարություն) նշել է, որ «խաղաղություն տարածքների դիմաց» մոդելը փոխարինվել է նոր դոկտրինով՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Այս դրույթը, սակայն, ծավալվում է կոնտեքստային երկու նկատառման շուրջ. 1) 2016 թվականի ապրիլյան պատերազմը՝ մասնավորապես, և 2) ստատուս քվոն պահպանելու Հայաստանի դոկտրինը՝ ընդհանրապես:
Առաջինը ենթադրում է, որ այն հանգամանքները, որոնցով սահմանվում է Ապրիլյան պատերազմը, չեն կարող կրկնվել և չեն կրկնվի. Ադրբեջանի կողմից ցանկացած լայնամասշտաբ գործողության հայկական կողմում կարձագանքեն ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողություններով: Այսպես կարելի է որակել պաշտպանության նախարարի «նոր տարածքների» մասին պնդումը: Բայց այս ենթադրությունը, իհարկե, ամբողջությամբ հիմնված է մեկ այլ պայմանի վրա. ո՞վ է նախաձեռնում «նոր պատերազմը»: Քանի որ Ապրիլյան պատերազմը նախաձեռնել էր Ադրբեջանը, այստեղ ակնարկը բավական պարզ է. եթե Ադրբեջանը ձեռնարկի լայնամասշտաբ ռազմական հարձակողական գործողություններ, հայկական կողմի պատասխանը կլինի նոր տարածքների նվաճումը: Որոշ գիտակների կամ սիրողական մակարդակի մեկնաբանների պնդումներն առ այն, որ Տոնոյանի հայտարարությունը ոչ կառուցողական էր կամ իրեդենտիստական, հստակ ցույց է տալիս այդ մեկնաբանների կոնտեքստուալ անտեղյակությունը: Ավելին, ավելի լայն համատեքստում, Տոնոյանի պնդումը նաև ստատուս քվոյի պահպանման նոր դոկտրինի ընդլայնում է. Ադրբեջանի կողմից ստատուս քվոն փոխելուն ուղղված ցանկացած լայնամասշտաբ փորձ կհանգեցնի հայկական ուժերի կողմից նոր տարածքային ձեռքբերումների: Այս ընդհանուր համատեքստային նախադրյալը համապատասխանում է զսպման քաղաքականությանը. Ադրբեջանի հյուծիչ, հիբրիդային պատերազմը կհանդուրժվի սահմանափակ ծավալով, բայց դրանից դուրս ցանկացած գործողություն կհանգեցնի հայկական կողմի անհամաչափ պատասխանի: Անհամաչափության մասին այս անուղղակի ակնարկն է, հավանաբար, վախեցնում բազմաթիվ մասնագետների: Սակայն անհամաչափության (նոր տարածքների նվաճում) մասին պնդումները հնչում են ոչ թե դատարկ տարածության մեջ, այլ ի պատասխան Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի: Այս իմաստով, պաշտպանության նախարարի հայտարարությունը հաստատում է Ղարաբաղյան «թնջուկի» մասին նոր կառավարության դիրքորոշումը. խաղաղությունը չի կարող Հայաստանին պարտադրվել ուժով:
Տոնոյանի հայտարարությունը, որը հակիրճ ամփոփում է նոր կառավարության դոկտրինը, սենսացիոն արձագանք գտավ Ադրբեջանում. «Հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը աշխարհի հզորագույն բանակների շարքում են և ի զորու են կարճ ժամանակում ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Այս արձագանքն, անշուշտ, արժանի չէ լուրջ վերլուծության, այսինքն՝ ոչ ոք լուրջ չի ընդունում այն: Պնդումը, թե Ադրբեջանի բանակն «աշխարհի ամենահզոր բանակներից է», հարուցում է լուրջ գիտնականների ծիծաղը, իսկ «կարճ ժամանակում» հայերից տարածքներ «ազատագրելու» մասին պնդումներն անհեթեթ են: Տարածքներ ազատագրելու մասին այս անհիմն հռետորաբանությունը, անշուշտ, ինչպես ներքին սպառման համար է, այնպես էլ նախագահ Իլհամ Ալիևի սուր քննադատական ճառերի շարունակությունն է: Օրինակ, նրա հայտնի հայտարարությունը, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական տարածք է», նույնպես ծիծաղ հարուցեց. սա, անշուշտ, ոչ այնքան քաղաքականություն է, որքան ինքնակալ երեխայի զայրույթի հուսախաբ պոռթկում: Եվ հենց այստեղ է թաքնված հիմնախնդիրը. հուսախաբություն: Ոչ հարկադրանքն ու սպառնալիքը, ոչ էլ հիբրիդային պատերազմը չեն հանգեցրել նախընտրելի արդյունքի. Ադրբեջանի հուսախաբությունը հանգեցրել է խաղաղության հակասականության:
Այդ դեպքում ինչո՞ւ են երկու կողմն էլ շարունակաբար դիմում ռազմատենչ հռետորաբանության: Եկեք այս հարցում ևս ազնիվ լինենք. որովհետև այսպիսի հռետորաբանությունն արդյունավետ է: Երկու հասարակություններում էլ ձևավորվել է քաղաքական մշակույթ, որը ողջունում է սեփական առաջնորդների կոշտ դիրքորոշումները: Հայերի համար փոխզիջումը կապիտուլյացիա է. նրանք մի թիզ հող անգամ զիջելու պատճառ չունեն: Ադրբեջանցիների համար հայերն անգութ զավթիչներ են, վայրենիների ստորադաս ռասա, որը դաժան է վարվել ազնիվ ադրբեջանցիների հետ: Երկու համատեքստում էլ ռազմատենչ հռետորաբանությունը հրաշալի արձագանք է գտնում լայն զանգվածների շրջանում։ Հայ հանրության համար պատերազմի փառաբանումը և պատմական արդարությունը, որը հավասար է այս հաղթանակին, խթանում է ծայրահեղ ազգայնական զգացումները.
«Մենք հաղթել ենք պատերազմում, նորից կհաղթենք»: Ադրբեջանցիների դեպքում, որոնք անկարող են ձևակերպել ռազմական հերոսության պատում, դիսկուրսը դիմել է հայատյացության և հայության վրա հավաքական հարձակման մեթոդին: Այս մոտեցումը գուցե կայուն չէ, բայց հաշվի առնելով ադրբեջանական բնակչության դժգոհությունները, Ալիևների վարչակարգը հաջողությամբ դիվականացրել է ոչ միայն հայ զինվորին, այլև հային՝ որպես մարդ արարած: Դա է պատճառը, որ հետազոտողներն ու գիտնականները քթի տակ ծիծաղում էին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկեց «կոնկրետ միջոցներ» ձեռնարկել՝ «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար»: Մինսկի խմբի անկեղծությունը չի կարելի հերքել, առաջարկի հակասականությունը՝ նույնպես: Ինչո՞ւ: Մենք վերադառնում ենք սկզբնական կետին. կողմերից և ոչ մեկը խաղաղությունը չի դիտարկում որպես ծայրահեղ միջոց:
Հակասականի հակասականությունը
Ադրբեջանը որդեգրել է Ղարաբաղյան ճգնաժամի լուծման երկաստիճան, հակասական մոտեցում: Եթե հաշվի առնենք տարածքների հանգամանքն ու առաջնագծում տիրող դրությանը, ապա Ադրբեջանը ռեվիզիոնիստ է, ձգտում է ձեռնոց նետել ստատուս քվոյին և փոխել այն: Միևնույն ժամանակ դիվանագիտական ոլորտում և բանակցությունների ձևաչափում այս մոտեցումն արել է ճիշտ հակառակը. վճռականորեն պայքարել է ցանկացած փոփոխության դեմ և պահպանել ստատուս քվոն: Հայաստանի նոր կառավարությունը, անշուշտ, տեղյակ լինելով այդ մասին, առավելություն ունի Բաքվի նկատմամբ: Այն համառորեն պաշտպանում է ստատուս քվոն իր պայմաններով՝ հաշվի առնելով տարածքների հանգամանքը. սակայն դիվանագիտական ոլորտում և բանակցային ձևաչափում մարտահրավեր է նետում և ձգտում փոխել ստատուս քվոն՝ բանակցային գործընթացում ներգրավելով Արցախին: Ռեվիզիոնիստական ստատուս քվոյի դինամիկան այս դեպքում գլխիվայր շրջված է, ի դժբախտություն Ադրբեջանի: Ու եթե մենք պատրանքներ ենք ունեցել, թե ինչպիսին կարող է լինել հակասական խաղաղությունը, այժմ դիսկուրսը բարձրացրել ենք հակասականի հակասականության մակարդակի:
Իրադրության այս հակասականությունը հարթելու միակ ճանապարհը խթանների համակարգը փոխելն է, ինչը հետագայում հնարավորություն կտա դասավորել երկու կողմերի ծայրահեղ պայմաններն ու շահերը: Ավելի կոնկրետ, Հայաստանին ուժով փոխզիջում պարտադրելու Ադրբեջանի մեծ ռազմավարությունը ձախողվել է: Այս ռազմավարությունը, խոշոր հաշվով, հենվում է երեք հիմնադրույթների վրա. 1) Հայաստանի տնտեսական մեկուսացում, 2) միջազգային ճնշում և Հայաստանի Հանրապետության դիրքավորում՝ որպես զավթիչ երկիր, և 3) հյուծող պատերազմ, որը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հիբրիդային է դառնում:
Այս ռազմավարության նպատակ Հայաստանը սովի մատնել, չեզոքացնել ու ահաբեկելն է՝ հույս ունենալով զարգացումներն օգտագործել հայկական կողմին կապիտուլյացիա պարտադրելու համար: Պարզ ասած՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ Հայաստանը ստիպված լինի գնալ զիջման և հարմարվել Ադրբեջանի պահանջներին: Հետևաբար, այս ռազմավարության ձախողումը հուշում է խթանների համակարգի կառուցվածքի ձախողման մասին: Խթանների համակարգի խափանումը հիմնավորում է այն, ինչն ակնհայտ է. հավերժական փակուղի: Փակուղուց դուրս գալու միակ միջոցը խթանների համակարգը հիմնովին վերանայելն է. եթե Ադրբեջանը չի կարող առաջարկել պայմաններ, որոնք կբարելավեն Հայաստանի դիրքերը ծախս-օգուտ վերլուծության տիրույթում, Հայաստանը ստատուս քվոն փոխելու դրդապատճառ չի ունենա: Որպես ռացիոնալ գործող կողմ, որը բանակցում է ուժի դիրքից (հատկապես թավշյա հեղափոխությունից հետո), Հայաստանին չի կարելի ոչ վախեցնել, ոչ շողոքորթել: Հետևաբար, ճանապարհն ապագայում ավելի է բարդանալու, քան թվում է առաջին հայացքից: Ադրբեջանը չունի խթանների համակարգը փոխելու ծրագիր, հետևաբար Հայաստանը չունի զիջումների գնալու որևէ դրդապատճառ: Ստացվում է, որ դեռ որոշ ժամանակ պետք է մի կողմ դնել կարգավորման մասին պատրանքները: Այլ կերպ՝ պետք է սովորենք սողալ, մինչև կշարունակենք քայլել, այսինքն՝ զիջումների գնալ այն կետերում, որոնք իրականում պատրաստ ենք զիջել: Այո, Ղարաբաղյան «թնջուկը» վերածվել է կրկնաբանության: