EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Հլս 16, 2026

Հայաստանի ժողովրդավարության հաջորդ մարտահրավերը. վստահելի ընդդիմություն

Արմինե Բագիյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Ժողովրդավարական ընտրությունները հաճախ դիտարկվում են հաղթողների և պարտվողների տեսանկյունից։ Սակայն ժողովրդավարության երկարաժամկետ կայունությունը կարող է նույնքան կախված լինել պարտվածների որակից։ Հայաստանում վերջին ընտրությունները կրկին առաջ են բերել ժողովրդավարության շուրջ ավելի լայն հարցադրում՝ ի՞նչ դեր կարող է ունենալ քաղաքական ընդդիմությունը, երբ այն պառակտված է, չի վայելում հանրային վստահություն կամ անկարող է իրական հակազդեցություն ցուցաբերել իշխանությանը։

Հանրային քննարկումները հաճախ կենտրոնանում են ընդդիմադիր դերակատարների տկարության վրա, սակայն շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում ժողովրդավարական այն լայն գործառույթներին, որոնք իրականացնում է ընդդիմությունը։ Հենվելով ժողովրդավարական հաշվետվողականության և քաղաքական մրցակցության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա՝ այս հոդվածը Հայաստանի 2026 թվականի ընտրությունները դիտարկում է որպես մեկնակետ՝ հասկանալու, թե ինչու է արդյունավետ ընդդիմությունը շարունակում մնալ ժողովրդավարական կառավարման կարևոր նախադրյալ, նույնիսկ, երբ ընտրողները դժգոհ են առկա այլընտրանքներից։ 

1991-ին անկախությունից հետո Հայաստանի հանրությունը մինչև 2017-ը բախվել է քաղաքական ընդդիմության բավականին առանձնահատուկ ձևի։ Նախագահական համակարգի պայմաններում խորհրդարանում մեծապես գերիշխում էր գործող նախագահին սատարող կուսակցությունը, մինչդեռ խորհրդարանում ներկայացված մյուս կուսակցություններն ու խմբակցությունները, սովորաբար, շարժվում էին նույն քաղաքական տրամաբանությամբ և հաճախ քաղաքական կամ տնտեսական կապեր ունեին իշխող ուժի հետ։ Շեշտադրումը ոչ թե առողջ խորհրդարանական համակարգի կայացման, այլ իշխանության կենտրոնացման վրա էր։ Արդյունքում «ընդդիմությունը»՝ այսինքն իշխանություններին քննադատող քաղաքական ուժերը, մնում էին խորհրդարանից դուրս։ Ընտրական փուլերի միջև նրանց հիմնական դերը սահմանափակվում էր կառավարության և նախագահի քննադատությամբ կամ երբեմն՝ ընտրությունների արդյունքներին ի պատասխան ցույցեր անցկացնելով, ինչպես՝ 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական թեկնածությունից հետո ծավալված իրադարձությունները:

2017-ի խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքը, որի կազմում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, ստացավ ինը մանդատ՝ նշանավորելով Ազգային ժողովում նոր տեսակի ընդդիմության ի հայտ գալը։ Թեև թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ներկայացվեցին տարբեր քաղաքական ուժեր, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանեց մեծամասնությունը, իսկ խորհրդարան անցան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնք երկուսն էլ ներկայացնում էին նախկին իշխանություններին։ Այնուհետև հայաստանյան հանրությունն ականատես եղավ խորհրդարանական նիստերի, որոնք հաճախ վերածվում էին թեժ բանավեճերի, աղմուկի և անձնական վիրավորանքների, մինչդեռ իշխող ուժը, մասամբ նաև 2015-ի Սահմանադրության շնորհիվ, շարունակում էր որոշումներ ընդունել միանձնյա։ 2026-ի ընտրությունների արդյունքները ևս նման զարգացումների վտանգ են պարունակում։

Այս ընտրական փուլում, սակայն, տարբերությունն այն էր, որ մի քանի կուսակցություններ իրենք ընդգծեցին ընդդիմության ձևավորման կարևորությունը, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Արման Բաբաջանյանը և «Շնորհապետական» կուսակցությունից Գուրգեն Սիմոնյանը։ Հայաստանյան հանրությունը նույնպես աստիճանաբար սկսել է հասկանալ և քննարկել այնպիսի ընդդիմության կարևորությունը, որը կարող է վայելել հանրային վստահություն և խորհրդարանում ու դրա սահմաններից դուրս լինել իշխանության կառուցողական հակակշիռ։ Այս փոփոխությունն արտացոլում է քաղաքական ակնկալիքների ավելի լայն վերափոխում։ Մինչև վերջերս հայաստանցիները հիմնականում գնահատում էին իշխանության որակը, իսկ այժմ սկսում են ուշադրություն դարձնել նաև հենց ընդդիմության որակին։

Հայաստանում ընդդիմության ձևավորման մարտահրավերները բխում են նաև ավելի լայն կառուցվածքային գործոններից։ Ինչպես հետխորհրդային տարածաշրջանի շատ երկրներ, Հայաստանը նույնպես 1990-ականների սկզբից ի վեր անցել է բարդ, բազմաշերտ անցումային փուլ։ Առանցքային գործընթացներից մեկը, որը դեռևս շարունակվում է, պետության վերակառուցումն է, քանի որ երկրները ձգտել են վերականգնել պետականության այն բոլոր հատկանիշները, որոնք ունեցել են մինչև խորհրդայնացումը՝ միևնույն ժամանակ ձերբազատվելով խորհրդային ժառանգությունից։ 

Ի տարբերություն Արևմուտքի երկրների՝ նախկին խորհրդային հանրապետություններն ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի սոցիալիստական պետությունները չունեին քաղաքական ու համակարգային զարգացման տարբեր փուլերով աստիճանաբար անցնելու շռայլությունը։ Պետականաշինությունը, սահմանադրության ձևավորումն ու ազգակերտումը ծավալվում էին միաժամանակ, երբ նորանկախ երկրները ձգտում էին ձևավորել գործող քաղաքական համակարգեր, վերասահմանել ազգային ինքնությունները և կարգավորել կառավարման առօրյա պահանջները։ Այս ամբողջության ըմբռնումն առանցքային է ողջ տարածաշրջանում ընդդիմության ձևավորման մարտահրավերները բացատրելու համար։ 

Միևնույն ժամանակ, հայաստանյան հանրության քաղաքական գիտակցությունը 1990-ականներից ի վեր զգալիորեն փոխվել է։ Այն ձևավորվել է տարբեր փորձառություններով՝ սկսած 2018-ի խաղաղ ժողովրդավարական շարժումից մինչև այնպիսի խորը ազգային ցնցումներ, ինչպիսիք են 44-օրյա պատերազմը և արցախահայության բռնի տեղահանումը Արցախից։ Արդյունքում, հայ հասարակությունն ավելի ու ավելի պատրաստ է անդրադառնալ մի հարցի, որը նախկինում շատ ավելի քիչ ուշադրության էր արժանանում՝ ինչպես ձևավորել վստահելի և արդյունավետ քաղաքական ընդդիմություն։

Կարևոր է նաև նշել, որ կենսունակ ընդդիմություն ձևավորելու մարտահրավերները չեն սահմանափակվում միայն Հայաստանով և հետխորհրդային մյուս երկրներով։ Երկկուսակցական համակարգերում, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները, ընդդիմության դերն առավել հստակ է։ Այդուհանդերձ, աշխարհի բազմաթիվ բազմակուսակցական համակարգերում ընդդիմադիր կուսակցությունները բախվել են նմանատիպ խնդիրների։ Անցումային հասարակություններում ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին լայնորեն ընդունված մարտահրավերներից է գործող իշխանություններին հակակշռելու ունակ արդյունավետ ընդդիմադիր կուսակցությունների բացակայությունը։ Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ թե՛ ընդդիմադիր կուսակցությունները, թե՛ այն հանրությունը, որին նրանք ներկայացնելու հավակնություն ունեն, հաճախ չեն պատկերացնում իրենց կարողությունը կամ այն գործառույթները, որոնք կարող են և պետք է ձգտեն իրականացնել։ Թեև յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգ ինքնատիպ է, այս գործառույթները կարող են հարմարեցվել քաղաքական հստակ կարիքներին։ 

Խորհրդարանական ընդդիմությունն ունի քաղաքական որոշումների ձևավորման հետ կապված մի շարք լիազորություններ, որոնք կարելի է բաժանել երեք հիմնական խմբի։ Առաջինը ներառում է օրինագծերի ներկայացման և օրակարգ ձևավորելու հետ կապված գործառույթները, որոնք ընդդիմությանը հնարավորություն են տալիս ազդել, թե որ իրավական ակտերն են դրվելու քննարկման, և ինչ ուղղությամբ է շարժվելու պետությունը։ Երկրորդ խումբը վերաբերում է քննարկումների լիազորություններին, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ առաջարկելու, ինչպես նաև հանձնաժողովների ձևավորման և դրանց գործունեության ընթացակարգերին մասնակցելու հնարավորությանը։ Սակայն քաղաքական ընդդիմության ազդեցությունը չի սահմանափակվում միայն քննարկումներով։ Երբ օրենքը հասնում է ընդունման փուլին, դրա ճակատագիրը հաճախ կախված է լինում ավելի լայն համակարգերից ու դերակատարներից, որոնք քաղաքական որոշումները հաստատելու, կասեցնելու կամ վիճարկելու լիազորություն ունեն։ Արդյունքում, քաղաքականության ձևավորման հարցում ընդդիմության դերակատարությունը կախված է ոչ միայն խորհրդարանում ունեցած ներկայացվածությունից, այլև ավելի լայն համակարգային կառուցվածքից և քաղաքականությունում առկա զսպումների ու հակակշիռների գործիքակազմերից։ Խորհրդարանական ընդդիմության՝ քաղաքականության ձևավորման լիազորությունների այս համառոտ պատկերն ընտրողներին հիշեցնում է, որ ընտրություններին ընդառաջ պետք է հաշվի առնել, թե որ քաղաքական ուժերը կարող են կառուցողական և արդյունավետ իրականացնել այս գործառույթները։ Այդուհանդերձ, խորհրդարանական ընդդիմության կարևորությունը չի սահմանափակվում օրենսդրության վրա ունեցած նրա պաշտոնական ազդեցությամբ։ Դրա ավելի լայն ժողովրդավարական արժեքն իշխանությունը վերահսկելու, հաշվետվողականությունն ապահովելու, այլընտրանքային տեսակետներ ներկայացնելու և հանրային քննարկումներին նպաստելու ունակության մեջ է։ 

Խորհրդարանական ընդդիմությունը ժողովրդավարական կառավարման կարևոր բաղադրիչ է ոչ այնքան այն պատճառով, որ կարող է տապալել իշխանություններին կամ կանխորոշել քաղաքական արդյունքները, որքան այն պատճառով, որ նպաստում է իշխանության հաշվետվողականության ապահովմանը։ Առողջ ժողովրդավարությունը պահանջում է ոչ միայն մրցակցային ընտրություններ, այլ նաև այնպիսի համակարգեր և դերակատարներ, որոնք կարող են ընտրություններից հետո վերահսկել իշխանության գործունեությունը։ Ընդդիմադիր կուսակցություններն իրականացնում են այս գործառույթը՝ հարցականի տակ դնելով կառավարության որոշումները, բացահայտելով սխալները, պահանջելով թափանցիկություն և ապահովելով, որ այլընտրանքային տեսակետները շարունակեն մնալ հանրային քննարկումների մաս։ 

Կարևոր է, որ ընդդիմության արժեքը չչափվի բացառապես իշխանություններին փոխարինելու կարողությամբ։ Ընդդիմությունն իրականացնում է նաև ներկայացուցչական գործառույթ՝ ձայն տալով այն քաղաքացիներին, որոնց շահերը, մտահոգությունները կամ քաղաքական նախապատվությունները չեն արտացոլվում իշխող մեծամասնության գործունեության մեջ։ Այսպիսով, այն նպաստում է քաղաքական բազմակարծության պահպանմանը և թույլ չի տալիս, որ ժողովրդավարական քաղաքականությունը գտնվի մեկ գաղափարական մոտեցման կամ մեկ քաղաքական ուժի գերիշխանության ներքո։

Խորհրդարանական ընդդիմությունը նաև նպաստում է ավելի որակյալ որոշումների կայացմանը։ Վիճարկելով առաջարկները, վեր հանելով թույլ կողմերը և ներկայացնելով այլընտրանքային լուծումներ՝ ընդդիմադիր կուսակցությունները կարող են բարելավել պետական քաղաքականությունը նույնիսկ այն դեպքում, երբ չունեն բավարար ձայներ օրենսդրական նախագծերը կասեցնելու համար։ Այս առումով ընդդիմությունը պարզապես խոչընդոտ չէ կառավարման ճանապարհին. այն կարող է լինել քաղաքական փորձի կուտակման և համակարգային սրբագրումների կարևոր աղբյուր։ 

Ավելին, ընդդիմադիր ուժերը միշտ չէ, որ գործում են ընդհարումների միջոցով։ Ժողովրդավարական բազմաթիվ համակարգերում ընդդիմությունը համագործակցում է իշխող կուսակցությունների հետ համապետական կարևորություն ունեցող հարցերի շուրջ, մասնակցում է օրենսդրական քննարկումներին և օգնում է ձևավորել քաղաքական ավելի լայն համախմբվածություն։ Հետևաբար, արդյունավետ ընդդիմությունը պահպանում է հավասարակշռություն քննադատության և պատասխանատվության միջև՝ անհրաժեշտության դեպքում մարտահրավեր նետելով իշխանություններին և միաժամանակ կառուցողական մասնակցություն ունենալով ժողովրդավարական կառավարման գործընթացներում։ 

Ի վերջո, ընդդիմությունը պաշտպանում է իշխանության կենտրոնացումից։ Իշխանություններին անհրաժեշտ է կառավարելու կարողություն, սակայն ժողովրդավարությանն անհրաժեշտ են նաև գործիքակազմեր, որոնք իշխանությանը բաց կպահեն վերահսկողության, քննադատության և այլընտրանքային տեսակետների համար։ Առանց վստահելի ընդդիմության՝ ժողովրդավարական համակարգերը կարող են դառնալ պակաս արձագանքող, ավելի քիչ հաշվետու և հասարակության բազմազան տեսակետները ներկայացնելու առումով ավելի սահմանափակ։ 

Այժմ, երբ Հայաստանի 2026-ի ընտրությունների արդյունքներն արդեն ամփոփված են, հայաստանյան հանրությունն ու ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ Ազգային ժողովում մանդատ չստացած ուժերը, պետք է անդրադառնան մի առանցքային հարցադրման` ինչպե՞ս կարող են ընդդիմադիր կուսակցությունները դառնալ կենսունակ այլընտրանք գերիշխող կուսակցության համակարգի պայմաններում։ 

Ընդդիմադիր կուսակցությունները պետք է սկսեն հանրությանը ներկայացնել, թե կառուցողական ընդդիմությունը ինչ կարող է տալ խորհրդարանին, ինչպես նաև ներկայացնեն պետականաշինության և ժողովրդավարության կերտման ավելի լայն տեսլական։ Սա հեշտ խնդիր չէ, սակայն ընդդիմության ձևավորման գործընթացը պետք է սկսվի հենց հիմա՝ նպատակ ունենալով շոշափելի առաջընթաց գրանցել մինչև հաջորդ ընտրական փուլը։ 

Ինչպես նշում են հոգեբանները, խնդրի լուծման առաջին կարևոր քայլը դրա գոյության գիտակցումն է։ Հայաստանյան հանրությունն ու քաղաքական ուժերը վերջապես գիտակցել են, որ արդյունավետ ժողովրդավարության համար առաջնահերթություն է նաև ընդդիմության ձևավորումը։ Այս գիտակցմամբ բացվում է պետականության կառուցման ևս մեկ կարևոր փուլ։ 

Մեր հայերեն էջից

Beyond Symbolism: Israel, the Armenian Genocide and Gaza

Խորհրդանիշներից անդին․ Իսրայելը, Հայոց ցեղասպանությունը և Գազան

Դավիթ Խաչատրյան
Հլս 15, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ո՛չ իրավական վճիռ է, ո՛չ էլ զուտ բարոյական արարք, գրում է Դավիթ Խաչատրյանը: Այն դեպքում, երբ Իսրայելն ինքն է բախվում Գազայի հարցով ցեղասպանության մեղադրանքներին, այս որոշումը բարդ հարցեր է առաջացնում իրավունքի, քաղաքականության, հիշողության և պետական ճանաչման հետևողականության վերաբերյալ:

Read more
Armenia’s Wildlife Exports

Հայաստանի վտանգված կենդանիները և հնդիկ միլիարդատիրոջ «ոսկե վանդակները»

Մարիամ Տաշչյան
Հլս 9, 2026

Վտանգված կենդանիների Հայաստանից Հնդկաստանի վիճահարույց «Վանտարա» վայրի բնության կենտրոն տեղափոխման վերաբերյալ հետաքննությունը բացահայտում է մտահոգիչ հարցեր գործընթացի թափանցիկության, բնապահպանական նպատակների, վայրի բնության միջազգային առևտրի և Հայաստանի դերի վերաբերյալ համաշխարհային ցանցում, որը մշուշոտում է կենդանիների փրկության և միջազգային առևտրային շահերի սահմանը։

Read more
The Enclave Issue Between Armenia and Azerbaijan

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդիրը

Սոսի Թաթիկյան
Հլս 2, 2026

Ինչպե՞ս են ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի անկլավները, ի՞նչ իրավական հիմքեր ունեն դրանք և ի՞նչ դեր կարող են խաղալ խաղաղության գործընթացում։ Անդրադառնալով այս հարցերին՝ Սոսի Թաթիկյանը ներկայացնում է նաև համեմատական միջազգային փորձը՝ Կիպրոսից մինչև Կենտրոնական Ասիա և Եվրոպա, ինչպես նաև վերլուծում կարգավորման հնարավոր տարբերակները, ուղիներն ու դրանց հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար։

Read more
Զրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով

Զրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով

Տիգրան Գրիգորյան
Հնս 23, 2026

Պաղեստինյան ծագումով ամերիկացի գրականագետ Էդուարդ Սայիդի «Օրիենտալիզմ» աշխատությունը 20-րդ դարի հումանիտար մտքի ամենանշանակալի ձեռքբերումներից է, որը հիմնովին փոխեց Արևելքի մասին ձևավորված պատկերացումների ուսումնասիրության մոտեցումները։ Գրքի հայերեն թարգմանության առիթով արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանը զրուցել է արաբագետ Մարիամ Էլմասյանի հետ՝ անդրադառնալով հարցերի, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր։

Read more
COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»

COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»

Մարիամ Տաշչյան
Հնս 22, 2026

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP 17-ը՝ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, մինչդեռ մաքսային տվյալներն ու փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես են հարյուրավոր վտանգված կենդանիներ հայտնվում Հայաստանում, ապա անհետանում պաշտոնական հետագծելիությունից՝ հասնելով մասնավոր հավաքածուների՝ Հնդկաստանից մինչև Ռուսաստան։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ