
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Երևանի կենդանաբանական այգու բակային մուտքի մոտ 2023 թվականի ամռանը բեռնատար մեքենաներ կանգնեցին։ Ո՛չ հայտարարություն, ո՛չ մամուլի ասուլիս, ո՛չ բնապահպանական ձևականություններ, պարզապես՝ բեռնաթափում։ 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ, Հայաստանի Կարմիր գրքի էջերից դուրս եկած, ճանապարհ ընկան դեպի Ջամնագար, Հնդկաստան, որտեղ հնդիկ միլիարդատիրոջ որդու «բնասիրությունը» մարմնացված է 3000 ակր ցանկապատի ներսում, ճոխ շոուների ու Բոլիվուդյան շքեղության շղարշի տակ։
Ամբանի կրտսերը՝ կենդանիների շրջապատում, «փրկիչի» դեր էր կատարում։ Բայց թե ով էր հայտնվել այդ տեսարանում, ինչ գնով ու ինչ ճանապարհ անցնելով․․․ սա մի պատմություն է, որը սկսվում է Երևանից, անցնում Ամբանիի կայսրության ստվերի միջով ու հասնում առևտրային ցանցի մի հանգույցի, որտեղ հազվագյուտ կենդանիները ոչ թե փրկվում, այլ ուղղակի ապրանքաշրջանառության մեջ են դրվում։
Բեռնաթափում
Հայաստանից վայրի կենդանիների արտահանման և միջազգային առևտրի պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս ուշադրությունս գրավեց մի անսովոր դրվագ։ 2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center)։ Սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվեց առանց հանրային պատշաճ իրազեկման։ Սակայն, եթե արջերի և անգղերի դեպքում տեղափոխումը կայացել է, ապա այլ տեսակների համար ճանապարհն ավարտվել է հենց այգու տարածքում։
Արտահանման ցանկն այսքանով չէր սահմանափակվում. Երևանի կենդանաբանական այգին ստացել էր նաև երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի արտահանելու թույլտվություն, սակայն այս կենդանիներն այդպես էլ չհատեցին սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկեցին հենց տեղափոխման նախապատրաստական փուլում։ Իմ ձեռքի տակ հայտնված անկման ակտերում որպես պատճառ նշված են «տեխնիկական խնդիրները»։ Թե ինչ ճակատագրի արժանացան արտահանման թույլտվության մեջ ներառված մյուս երկու կուլաններն ու մեկ ձին, պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում չկա։
Պարզվեց, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը և Երևանի քաղաքապետարանն անհայտ հանգամանքներում որոշում են կայացրել նշված կենդանիներին նվիրաբերել հնդկական կենտրոնին, որի մասին 2023-ին դեռ շատ քիչ բան էր հայտնի։
Նամակագրության տևական փորձերս՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանից մինչև Հնդկաստանի նախագահի՝ որպես երկրի բնության պահպանության բարձրագույն երաշխավոր, բերեցին մեկ պատասխան՝ լռություն։ Նույն պատն էր նաև հնդիկ փորձագետների ու լրագրողների դեպքում. Ամբանիի միլիարդները կարծես կանխավ կաշկանդել էին ցանկացած մասնագիտական կարծիք։
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ նվիրատվության պայմանագրի պահից կենդանիներն արդեն «հնդկական կողմի սեփականությունն էին» և դուրս էին Այգու հաշվեկշռից, ուստի անկումների համար «մենք մեղավոր չենք»։ Կարծես կենդանու կյանքն ու դրա պահպանման պարտավորությունը դադարել են հենց այն պահին, երբ թղթի վրա փոխվել է սեփականատիրոջ անունը։
Խոսքը ոչ թե պարզապես գույքի, այլ համաշխարհային կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակների մասին է։ Պրժևալսկու ձին և թուրքմենական կուլանն ունեն վտանգված կարգավիճակ, պրժևալսկու ձիու վայրի չափահաս առանձնյակների քանակն ամբողջ աշխարհում չի անցնում 178-ը։ Սա մի տեսակ է, որը ժամանակին ամբողջությամբ անհետացել էր վայրի բնությունից և վերականգնվել է բացառապես գիտական ծրագրերի շնորհիվ։ Երբ նման եզակի գենոֆոնդ ունեցող կենդանիներն անկում են տեղափոխման տեխնիկական փուլում, դա դադարում է լինել պարզապես այգու ներքին խնդիրը և վերածվում է համաշխարհային կորստի, որի համար պատասխանատվությունը փաստաթղթային ձևակերպումներով չի սահմանափակվում։
Միակ պաշտոնական պարզաբանումը ստացա Երևանի քաղաքապետարանից և կենդանաբանական այգուց, թեև դրանք ոչ թե լույս էին սփռում իրականության վրա, այլ փորձում էին քողարկել այն։
Քաղաքապետարանի պարզաբանումներում առանձնակի ուշադրության է արժանի «անհայտ պայմաններում» այգում հայտնված կենդանիների ձևակերպումը։ Պաշտոնական պատասխանի համաձայն՝ այգում տարիներ շարունակ պահվել են 11 գորշ արջեր, որոնց տեղակայման և բյուջեի հաշվին խնամվելու վերաբերյալ արխիվում բացակայում են որևէ իրավական հիմքեր կամ ուղեկցող փաստաթղթեր։ Բայց, եթե արջերի դեպքում քաղաքային իշխանությունները փորձել են տալ որոշակի պարզաբանումներ, ապա 12 սպիտակագլուխ անգղերի արտահանման վերաբերյալ պաշտոնական պատասխաններում լռություն է․ դրանց օտարման անհրաժեշտությունը կամ բնապահպանական հիմնավորումը մնում են անհասցե։ Երբ կենդանիների մի մասը որակվում է որպես «անհայտ ծագման», իսկ մյուս մասի տեղափոխումը պարզապես չի մեկնաբանվում, ստեղծվում է տպավորություն, որ կենդանաբանական այգին ոչ թե իրականացնում է գիտական կառավարում, այլ պարզապես «բեռնաթափում» է իր հավաքածուն՝ օգտագործելով առիթը պատասխանատվությունից ու ավելորդ հոգսից ազատվելու համար։
Վանտարա
Սա հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտ Ամբանիի մեծ նախագիծն է։ «Վանտարա»-ն (սանսկրիտից թարգմանաբար՝ «բնության մարմնացում») 3000 ակր տարածքով մի հսկայական «ոսկե վանդակ» է Ջամնագարում։
Ամբանիների հարստությունը պարզապես բանկային հաշիվ չէ, այլ աշխարհաքաղաքական գործոն է։ Մուկեշ Ամբանին տարիներ շարունակ գլխավորում է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա կարողությունը տատանվում է 110-115 միլիարդ դոլարի սահմաններում։
Ամբանիների տունը Մումբայում 2 միլիարդ դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկարժեք մասնավոր բնակավայրն է։ Այն ունի 27 հարկ և 600 հոգանոց սպասարկող անձնակազմ։ Այս մարդկանց համար, ովքեր իրենց որդու նախահարսանեկան խնջույքին հրավիրում են Բիլ Գեյթսին ու Մարկ Ցուկերբերգին, «Վանտարա» նախագիծը ոչ միայն բարեգործություն է, այլև աշխարհի ամենաթանկարժեք «էկո-ամբիցիան»։
Թեև 2025-ի սեպտեմբերին Հնդկաստանի Գերագույն դատարանը «Վանտարա»-ին արդարացրեց հնդկական օրենսդրության տեսանկյունից՝ հայտարարելով, որ կենդանիների ձեռքբերումն իրականացվել է գործող թույլտվություններով և «իրավախախտում չի հայտնաբերվել», միջազգային քննարկումներում հաճախ է նշվում, որ Վանտարան ագրեսիվ կերպով հավաքագրում է կենդանիներ ամբողջ աշխարհից՝ ստեղծելով աշխարհի խոշորագույն մասնավոր հավաքածուներից մեկը։
Միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում՝ Վայրի կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի (CITES/ՍԻԹԵՍ) քարտուղարությունը, 2025-ի վերջին մտահոգություն են հայտնել Հնդկաստանի կողմից կենդանիների ներկրման ընթացակարգերի վերաբերյալ։ Հարավային Աֆրիկայի բնապահպանական ֆորումը (WAPFSA) պաշտոնական բողոք է հղել ՍԻԹԵՍ-ի քարտուղարությանը՝ վիճարկելով «Վանտարա» արտահանվող կենդանիների հսկայական քանակն ու օրինականությունը։ Մասնագետները զգուշացնում են, որ այն կարող է վերածվել կենդանիների բազմացման հսկայական «գործարանի», որտեղ նրանք դատապարտված են ցմահ գերության։
Նման նախագծերը հաճախ ծառայում են որպես «էկո-քողարկում» (greenwashing)։ Մինչ նրանց հիմնական բիզնեսը (նավթաքիմիա և էներգետիկա) ունի հսկայական էկոլոգիական հետք, «Վանտարա»-ն ստեղծում է «բնության փրկչի» կերպարի մեջ։
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, մասնավորապես ԷյԷֆՓի-ն (AFP) և գերմանական «Զյուդդոյչե Ցայտունգ»-ը (Süddeutsche Zeitung), բացահայտում են «Վանտարա»-ի իրական պատկերը։ Ըստ հետաքննող լրագրողների՝ միայն 2024-ին այստեղ տարվել է շուրջ 39․000 վայրի կենդանի, որոնց պահում են նավթավերամշակման համալիրին կից շոգ հարթավայրերում՝ առանց նրանց բնական միջավայր վերադարձնելու որևէ ծրագրի։ Այս պատկերում «Վանտարա»-ն ծառայում է որպես ձևավորում Ամբանիների ընտանեկան շքեղ հարսանիքների համար, որտեղ համաշխարհային աստղերի ելույթների ներքո վայրի բնության փրկությունը վերածվում է սոսկ մասնավոր էկզոտիկ շոուի։
Միջազգային կառույցների լռության պատը ճեղքելու իմ փորձերի ընթացքում 2024-ին կապ հաստատեցի «ՊԵՏԱ Ինթերնեշնլ» (Կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերմունքի կողմնակիցներ) կազմակերպության նախագահ Պուրվա Ջոշիպուրայի հետ։ Նա այն եզակիներից էր, որն արձագանքեց լրագրողական հարցմանը։ Իր պատասխանում Ջոշիպուրան հստակ գծում է այն սահմանները, թե ինչու անգամ կենդանիների իրավունքների պաշտպանության համաշխարհային կառույցը չի կարող երաշխավորել Ամբանիի նախագծի լիարժեք թափանցիկությունը.
««ՊԵՏԱ Հնդկաստան»-ը չի կարող համապարփակ հավանություն տալ այս կենտրոնին, քանի որ մենք չենք կարող պնդել, թե ամբողջությամբ գիտենք ինչպես է այն գործում։ Մենք չենք տեսել բոլոր ենթակառուցվածքները, չունենք հասանելիություն դրանց արխիվներին ու փաստաթղթերին, և կարող ենք հիմնվել միայն նրանց հայտնած տեղեկությունների կամ մամուլից կարդացածի վրա։ Անանտը վերջերս ինձ ասաց, որ հիմնել է այս կենտրոնը՝ ելնելով կենդանիների հանդեպ իր սիրուց ու մտահոգությունից։ «ՊԵՏԱ Հնդկաստան»-ը կարող է սատարել այս կենտրոնին միայն այնքանով, որքանով դա վերաբերում է մեր կողմից փրկված կենդանիներին, որոնց մասին նրանք հրաշալի կերպով հոգ են տանում»։
Անգամ աշխարհի խոշորագույն բնապահպանական կազմակերպությունները «Վանտարա»–ի պարագայում գործում են մասնակի տեղեկատվության պայմաններում։ Նրանք տեսնում և ընդունում են միայն պատրաստի արդյունքը՝ առանձին կենդանիների շքեղ խնամքը, սակայն չունեն որևէ հասանելիություն այն ներքին փաստաթղթերին, որոնցով իրականացվում է կենդանիների համաշխարհային փոխադրումը։ «Վանտարա»-ն հմտորեն օգտագործում է կարողությունները՝ համաշխարհային էկո-համակարգի բացերը փակելու և դրա դիմաց միջազգային կառույցների լռությունն ու մասնակի լեգիտիմությունը ստանալու համար։
Հնդկաստանի ամենահեղինակավոր բնապահպաններից մեկը, Վայրի բնության պահպանության ազգային խորհրդի նախկին անդամ Պրերնա Սինգհ Բինդրան «Իքս»-ում գրել է․ «Իմ պատկերացումները #Vantara-ի մասին հստակ են. սա աղետ է, այլ ոչ թե ապաստարան կամ կենդանիների պահպանության վայր։ Սա հարուստ տղայի քմահաճույքն է և սովորական կենդանաբանական այգի»։
«Վանտարա» մեգանախագծի շուրջ միջազգային քննադատական հիմնախնդիրներն առավել առարկայական դարձան վայրի բնության անօրինական առևտրի փորձագետ և հետախուզող լրագրող Դենիել Սթայլզի ծավալուն հետաքննության հրապարակումից հետո։ Սթայլզը բացահայտել է, որ թեև նախագծի գովազդային արշավներում անընդհատ շեշտվում է 3000 ակր տարածքի մասին, «Վանտարա»-ի պաշտոնական գլխավոր հատակագիծը փաստում է, որ կենդանաբանական այգու իրական չափսը կազմում է ընդամենը 250 ակր։
Սթայլզը գրում է, որ փրկված կենդանիների կենտրոն ներկայանալով հանդերձ՝ «Վանտարա»-ն կենդանիներ է ներկրում միջազգային կասկածելի մատակարարներից։ Ասոցիացիայի տարեկան հաշվետվությունների համաձայն՝ մատակարարների թվում է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Կենգուրու» կենդանիների ապաստարանը, որի սեփականատերը կասկածվում է էկզոտիկ կենդանիների անօրինական առևտրի մեջ։ Ֆինանսական տվյալներով՝ այս «ապաստարանը» 2023-2024 թվականներին Ամբանիի կառույցներից ստացել է ավելի քան 310․000 դոլար՝ լինելով զուտ առևտրային միջնորդ։
Մեկ այլ խոշոր մատակարար է «Ֆաունա Զոո դե Մեխիկո» (Fauna Zoo de Mexico) ընկերությունը, որը «Վանտարա»-ին վաճառել է 286 կենդանի, այդ թվում՝ հիբրիդային առյուծներ և վագրեր։ Այս կենդանիներն առգրավել էին մեքսիկական իրավապահները «Սև Յագուար–Սպիտակ Վագր» (Black Jaguar-White Tiger) հիմնադրամից, որի սեփականատերը քննվում է կենդանիների թրաֆիքինգի և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով։ Բացի այդ, Հարավային Աֆրիկայում գործող «Աքուաաբա Լոջ» (Akwaaba Lodge) կենտրոնից, որը հայտնի է առյուծների առևտրային որսի կազմակերպմամբ, գնվել է 531 կենդանի։
Սա բերում է մի համոզման․ երբ դու ունես 200 փիղ և 400 վագր մեկ մասնավոր ցանկապատի հետևում, դու այլևս բնապահպան չես, դու աշխարհի ամենամեծ մասնավոր կենդանաբանական այգու տերն ես։
Մինչդեռ Սթայլզի մատնանշած միջազգային կասկածելի մատակարարների և առևտրային միջնորդների աշխարհագրական այս շղթան ամբողջական չէր լինի առանց հարավկովկասյան հետքի, որը տանում է ուղիղ Հայաստան։
Փրկարարական առասպել
Այս մանրակրկիտ կառուցված մարդասիրական առասպելը հիմնահատակ փլուզվում է, երբ լույս է սփռվում դրա հայաստանյան կապերի և ձեռքբերումների իրական աղբյուրների վրա։ «Փրկարարական» կենտրոնը, պարզվում է, կենդանիներ է ներկրում ոչ միայն բնապահպանական կազմակերպություններից կամ կենդանաբանական այգիներից, այլ կենդանիների հազվագյուտ տեսակների առևտրով զբաղվող հայաստանյան առևտրային ընկերությունների ցանցից:
Այս համագործակցության առանցքը Երևանի Գուրգեն Մահարի 148 հասցեում գործող ընտանեկան մենաշնորհն է։ Ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեսնում ենք միևնույն անձանց (հոր, մոր և որդու) անուններով գրանցված կազմակերպությունների մի ամբողջ շղթա։ Թեև ցանցի նոր օղակը կրում է «Փերադայս Անիմալս Շելթր ընդ Ռեաբիլիթեյշն Սենթր» (Paradise Animal Shelter and Rehabilitation Centre) ՍՊԸ անվանումը, այն իրականում գործում է որպես առևտրային կազմակերպություն՝ կապված լինելով Ինտերպոլի կողմից մաքսանենգության կասկածանքով նախկինում հետախուզվող անձի հետ։
Հայաստանյան այս գործընթացի ամենախնդրահարույց կողմը համակարգային և պաշտոնական օրինականացումն է։ Հայաստանից «Վանտարա»-ի հետ համագործակցության մեջ է ներգրավվել ընդամենը երկու կազմակերպություն. վայրի կենդանիների ստվերային ու կասկածելի առևտրով զբաղվող ընկերությունը և Երևանի կենդանաբանական այգին։ Հանրային ու համայնքային միջոցներով ֆինանսավորվող հաստատության հայտնվելը միևնույն շղթայում ուղղակիորեն հարվածում է կենդանաբանական այգու միջազգային հեղինակությանը։ Համայնքային կառույցի մասնակցությունը, ըստ էության, ծառայում է որպես իրավական քողարկում միջազգային այս փոխադրման համար՝ ստեղծելով օրինականության պատրանք։ Արդյունքում՝ հանրային կառույցի և կասկածելի գործունեություն ծավալող մասնավոր միջնորդի գործառույթները փաստացի նույնականանում են՝ ուղղվելով միևնույն մասնավոր հավաքածուի սպասարկմանը։
ՍԻԹԵՍ արտոնագրերի համաձայն՝ «փրկարարական» կենտրոն համարվող «Վանտարա»-ն հայկական այս մասնավոր, առևտրային կառույցից ձեռք է բերել և Հնդկաստան տեղափոխել հազվագյուտ կենդանիների խոշոր խմբաքանակներ։
10-ը տափաստանային արծիվ (Aquila nipalensis), որը վտանգված, միջազգայնորեն պահպանվող տեսակ է, 8 գայլ, որոնցից 4-ը՝ բևեռային (Canis lupus arctos), իսկ 4-ը՝ հյուսիսարևմտյան (Canis lupus pambasileus), 2 գորշ արջ (Ursus arctos), որոնք ծնված են եղել անազատության մեջ (F դասիչ): Այս դասիչը փաստաթղթային կարևոր ապացույց է. այն նշանակում է, որ կենդանիները թեև ծնվել են անազատության մեջ, սակայն նրանց ծնողները վերցված են ուղղակիորեն վայրի բնությունից։ Բացի այդ՝ 2 կարմիր գայլ (Cuon alpinus), որն անհետացման եզրին գտնվող տեսակ է։ Նույնիսկ այս խիստ հազվագյուտ տեսակի պարագայում փաստաթղթերում առկա է բուծարանային ծագման նույն դասիչը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ գործ ունենք առևտրային ապրանքաշրջանառության հետ։ Ուղարկվել է նաև 30 բաշավոր ոչխար (Ammotragus lervia), որը ևս միջազգային հատուկ պահպանության տակ գտնվող խոցելի տեսակ է։ Այսպիսի մեծաքանակ տեղափոխումը, այն էլ վերարտահանման կարգավիճակով, փաստում է, որ հայաստանյան ընկերությունը հանդես է գալիս որպես կենդանիների տարանցիկ առևտրային հանգույց, որտեղ այլ երկրներից ներկրված կենդանիները վերահասցեագրվում են «Վանտարա»-ին։
Բնապահպանական կամ փրկարարական կենտրոնները չեն համագործակցում վայրի կենդանիների առևտրով կամ բուծմամբ զբաղվող ստվերային, անվանափոխվող մասնավոր կազմակերպությունների հետ՝ նրանցից կենդանիներ ներկրելով։ Սա ոչ թե բնության գրկից կամ աղետից կենդանիների իսկական փրկություն է, այլ կազմակերպված փոխադրում, որտեղ հայաստանյան առևտրային ցանցը դառնում է հազվագյուտ տեսակների մատակարարման հանգույց, իսկ հնդկական «փրկարարական» մեգանախագիծը՝ որպես այդ առևտրային ապրանքի վերջնական ստացող։
Կանոններ բոլորի համար, բացի․․․
Երևանի կենդանաբանական այգին տարիներ շարունակ ձգտել է համապատասխանել Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (EAZA/ԵԱԶԱ) չափանիշներին։ Այս կառույցը տարածաշրջանի ամենահեղինակավոր բնապահպանական մարմինն է, որը սահմանում է կենդանիների պահման բարձրագույն չափանիշները և խստորեն արգելում իր անդամներին կենդանիներ օտարել չհավատարմագրված, մասնավոր հավաքածուներին։
Սակայն, երբ պաշտոնական հարցումներով դիմեցի ԵԱԶԱ-ի ղեկավարությանը՝ ակնկալելով գնահատական Երևանից Հնդկաստան կենդանիների տեղափոխման վերաբերյալ, ասոցիացիան սահմանափակվեց միայն ոչ պաշտոնական, թերի պատասխաններով։ Նամակներում նշվում էր, որ իրենք «ուսումնասիրում են բարձրացված հարցը» և կապ կհաստատեն «լրացուցիչ տեղեկատվություն ունենալուն պես»։ Առաջին հարցումից անցել է ավելի քան երկու տարի, սակայն ասոցիացիայից այդպես էլ պատասխան չի եղել և այն չի ներկայացրել պաշտոնական որևէ հանրային դիրքորոշում։
Մյուս կողմից գոյություն ունի Կենդանաբանական այգիների համաշխարհային ասոցիացիան (WAZA/ՎԱԶԱ), որի կանոններով արգելվում է վայրի բնությունից կամ այլ կենդանաբանական այգիներից կենդանիների զանգվածային կլանումը, եթե դա չի արվում հստակ գիտական կամ տեսակների պահպանման ծրագրերի շրջանակում։ Ըստ էության «Վանտարա»-ի կողմից տասնյակ հազարավոր առանձնյակների կենտրոնացումը մեկ մասնավոր վայրում հակասում է ՎԱԶԱ-ի որդեգրած համընդհանուր սկզբունքներին։
Երևանի կենդանաբանական այգին և քաղաքապետարանը կիրառել են տեղական իրավական ձևակերպումներ (նվիրատվության պայմանագիր), որոնք, սակայն, չեն ազատում այգուն ԵԱԶԱ-ի առջև ստանձնած միջազգային էթիկական և մասնագիտական պարտավորություններից։ Փաստաթղթով սեփականատեր փոխելը միջազգային իրավունքի տեսանկյունից չի սրբագրում պատշաճ ուսումնասիրության ձախողումը։
Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը, թե «նվիրատվության պայմանագրի պահից կենդանիներն արդեն հնդկական կողմի սեփականությունն էին», ուղղակիորեն հակասում է ԵԱԶԱ-ի պոպուլյացիաների կառավարման ձեռնարկի (բաժին 4.2) պահանջներին։ ԵԱԶԱ-ի անդամը կամ թեկնածուն իրավունք չունի կենդանուն օտարել «աչքերը փակ»՝ պատասխանատվությունը պարզապես թղթով փոխանցելով երրորդ կողմին։ Կենդանաբանական այգին պարտավոր էր անցկացնել խորը ուսումնասիրություն և երաշխավորել, որ ընդունող կողմը մասնագիտացված, լիցենզավորված կառույց է։ Մասնավոր էկզոտիկ հավաքածուն, որը ճանաչված չէ միջազգային ասոցիացիաների կողմից, չի տեղավորվում այս չափանիշների մեջ։
Ուրվագծվում է մեկ այլ՝ ավելի խորքային խնդիր․ համայնքային պաշտոնյաների և վայրի բնության պահպանության միջազգային չափանիշների միջև առկա գաղափարական մեծ խզումը։ Քաղաքապետարանի և այգու պարզաբանումները ցույց են տալիս, որ որոշում կայացնողները, առաջնորդվելով «Վանտարա»-ի արտաքին գովազդային արշավներով, կիրառել են համայնքային գույքի օտարման սովորական ընթացակարգեր՝ հաշվի չառնելով կամ չտիրապետելով ԵԱԶԱ-ի և ՎԱԶԱ-ի էթիկական ու մասնագիտական պահանջներին։ Արդյունքում՝ կենդանիները տեղական մակարդակում ընկալվել են որպես բյուջետային «բեռ»։ Կառավարչական այս մոտեցումն է պատճառը, որ տեղական կառույցները, փաստաթղթային ձևակերպումների հետևում թաքնվելով, փաստացի վերածվել են համաշխարհային ստվերային շղթայի հարմարավետ օղակի։
Վերջաբան
Երևանի կենդանաբանական այգուց 14 արջ ու 12 անգղ հայտնվեցին Ջամնագարում, մի քանի Պրժևալսկու ձի ու կուլան՝ անկման ակտերում։ Տասնյակ հազվագյուտ կենդանիներ՝ ՍԻԹԵՍ արտոնագրերով, հայաստանյան առևտրային ցանցի միջոցով, հայտնվեցին մասնավոր ցանկապատի հետևում։ Փաստաթղթերն ամեն տեղ կան. նվիրատվության պայմանագրեր, անկման ակտեր, արտահանման լիցենզիաներ։
Ամեն ինչ ձևակերպված է, ամեն ինչ ստորագրված է։
ԵԱԶԱ-ն ուսումնասիրում է։ ՎԱԶԱ-ն սկզբունքներ ունի։ Քաղաքապետարանը բացատրություններ է տվել։ Ինտերպոլի կողմից հետախուզվողի հետ կապված ընկերությունը շարունակում է գործել։ «Վանտարա»-ն շարունակում է ընդունել։
Սա դառնում է համակարգային կուրության ամենախոսուն վկայությունը։ Այնտեղ, որտեղ քաղաքային իշխանությունները տեսնում են բյուջեի բեռնաթափում ու «անհայտ ծագման» կենդանիներից ազատում, իրականում տեսնում ենք համակարգային ձախողում։
Մեր հայերեն էջից
Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդիրը
Ինչպե՞ս են ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի անկլավները, ի՞նչ իրավական հիմքեր ունեն դրանք և ի՞նչ դեր կարող են խաղալ խաղաղության գործընթացում։ Անդրադառնալով այս հարցերին՝ Սոսի Թաթիկյանը ներկայացնում է նաև համեմատական միջազգային փորձը՝ Կիպրոսից մինչև Կենտրոնական Ասիա և Եվրոպա, ինչպես նաև վերլուծում կարգավորման հնարավոր տարբերակները, ուղիներն ու դրանց հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար։
Read moreԶրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով
Պաղեստինյան ծագումով ամերիկացի գրականագետ Էդուարդ Սայիդի «Օրիենտալիզմ» աշխատությունը 20-րդ դարի հումանիտար մտքի ամենանշանակալի ձեռքբերումներից է, որը հիմնովին փոխեց Արևելքի մասին ձևավորված պատկերացումների ուսումնասիրության մոտեցումները։ Գրքի հայերեն թարգմանության առիթով արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանը զրուցել է արաբագետ Մարիամ Էլմասյանի հետ՝ անդրադառնալով հարցերի, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր։
Read moreCOP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP 17-ը՝ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, մինչդեռ մաքսային տվյալներն ու փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես են հարյուրավոր վտանգված կենդանիներ հայտնվում Հայաստանում, ապա անհետանում պաշտոնական հետագծելիությունից՝ հասնելով մասնավոր հավաքածուների՝ Հնդկաստանից մինչև Ռուսաստան։
Read moreԽաղահրապարակում մնացած աշխարհը
Երբ բակն ամայանում է, երեխան կորցնում է ոչ միայն խաղալու տեղը, այլև աշխարհի հետ չմիջնորդավորված, կենդանի հարաբերությունը։ Մի ոտանի սև սատանայից մինչև զիլինա, հավալա ու հալամուլա բակային խաղերի դերը վերլուծելով՝ ֆոտոպատմությունը ցույց է տալիս, որ ժամանակակից քաղաքային միջավայրում վերահսկվող մանկությունը նվազագույնի է հասցնում ինքնաբուխ համայնական փորձը։
Read moreԵտպատերազմյան հետագիծ
Պատերազմի անավարտ խոսակցությանը մոտենալու փորձ է արել լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը՝ իր ֆոտոպատմության հերոսներին՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներին, անավարտ հարցեր տալով՝ վերհանել պատերազմի թողած հետքը։
Read moreԻնչո՞ւ երիտասարդները չեն վստահում
Ինչպե՞ս են բարձրագույն կրթության ոլորտում չիրականացված խոստացված բարեփոխումները, 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները և քաղաքական խոսույթի անկումը, ձևափոխել երիտասարդության վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ, մեկնաբանում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին հարցման արդյունքներին։
Read moreԱրդյունավետության անտեսանելի վարպետության դաս
Հակադրվելով մտքին, որ մայրության արձակուրդում կամ պաշտոնական աշխատանք չունեցող մայրերը «տնտեսապես ոչ ակտիվ» են, Հասմիկ Սողոմոնյանն անդրադառնում է Հայաստանում խնամքին ուղղված անտեսանելի ոլորտին ու պնդում, որ չվճարվող այս աշխատանքն ու վաղ մանկության զարգացումը կենսական ներդրումներ են, որոնք ապահովում են ընտանիքների, հասարակության և տնտեսական աճի երկարաժամկետ կայունությունը։
Read moreՇարունակենք խոսել
Փոդքաստ
«Տարօրինակ պարտության» զուգահեռներ
Զրույց քաղաքագետ, միջազգային հարաբերությունների դասախոս Թալին Փափազեանի հետ՝ Մարկ Բլոկի «Տարօրինակ պարտություն» գրքի հայերեն թարգմանության առթիվ՝ պատմությունից դասեր քաղելու, ֆրանսիական փորձառության, հետպատերազմյան Հայաստանի համար Բլոկի պարտության զննության գիտակարգի կարևորության մասին։
Read moreԱխուրիկ և Մարգարա․ երկու սահմանային գյուղերի օրինակներ
Հայաստան-Թուրքիա սահմանի ակնկալվող բացման կապակցությամբ երկու սահմանամերձ անցակետային գյուղերի` Ախուրիկի և Մարգարայի բնակիչները տեսանելի ու նույնիսկ լսելի այն կողմից ունեն իրարից տարբերվող հիշողություններ, ակնկալիքներ ու մտահոգություններ։ Քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի «Կայսերական ֆրոնտիրների ժառանգությունը» հետազոտության մանրամասները՝ հեղինակի հետ զրույցում։
Read more









