EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Կարծիք
Ապր 13, 2026

Ինչո՞ւ երիտասարդները չեն վստահում

Դավիթ Պետրոսյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Ամփոփում

2018 թվականի հեղափոխությունից հետո երիտասարդությունը ստացել է որոշ հարվածներ, ապրել հիասթափություններ, որոնք լրջորեն ազդել են նրա քաղաքական վարքի վրա։ 

Առաջինը բարձրագույն ուսումնական հաստատությունների մասով չկատարված խոստումներն էին։ Երիտասարդների հեղափոխական եռանդը կարող էր պահպանվել, եթե փոխվեր ուսանողների ինքնակազմակերպման մեխանիզմը՝ ուսանողական խորհուրդները, բայց ութ տարի անց այս առումով ոչ մի տեղաշարժ չկա։ 

Երկրորդ հարվածը 44-օրյա պատերազմում պարտությունն էր։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հարցմանը մասնակցած 18-35 տարեկանների խումբը բնակչության այն հատվածն է, որն անմիջական մասնակցություն ունեցավ պատերազմին։ Անարդար պարտությունը, անորոշ ապագան ու սառը զայրույթը թողել են հետքեր, որ դեռ թարմ են։ 

Հաջորդը քաղաքական դաշտում, այդ թվում նաև՝ համալսարաններում տարածվող թեզն էր՝ «եթե չլիներ հեղափոխություն, ապա չէր լինի պատերազմ», որն ուղղված էր նաև պատժելու ուսանողների 2018-ի եռանդը, ոչնչացնելու քաղաքացիական մասնակցության դեռ մնացած տարրերը։ Համալսարաններում կրթության բովանդակությունը շարունակում է մնալ նույնը՝ «ուժեղ բռունցքի» մասին խոսույթները գերակա են ժողովրդավարական հաստատությունների ու քաղաքացիական մասնակցության արժեքների նկատմամբ։ 

Եվ վերջում, քաղաքական այն խոսույթն ու լեզուն՝ հաճախ լի անձնական վիրավորանքներով, որ հայ երիտասարդը տեսնում է Ազգային ժողովում, քաղաքական ուղիղ եթերներում, կամ էլ իշխանական ու ընդդիմադիր մամուլում, չի համապատասխանում իր արժեքներին ու պատկերացումներին, այն ավելի շատ վանում է, քան ներգրավում։ 

Նախաբան

Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) մարտի 6-ին հրապարակեց հերթական հարցումների արդյունքները։ Հատկապես ուշադրության են արժանի երիտասարդների՝ 18-35 տարիքային խմբի պատասխանները։ 

Երիտասարդների 63 տոկոսը նշել է, որ չի վստահում ոչ մի քաղաքական գործչի, իսկ 2026-ի խորհրդարանական ընտրություններին «շատ հավանական է, որ մասնակցեմ» պատասխանածների մեջ 18-35 տարեկանների կշիռն ամենափոքրն է՝ 55 տոկոս։ Այս ցուցանիշը 17 ու 23 տոկոսով քիչ է 36-55 ու 56+ տարիքային խմբերի ներկայացուցիչների ցուցանիշներից։ Քվեարկությանն իր մասնակցությունը «շատ անհավանական» է համարել երիտասարդների 12 տոկոսը, ու այս ցուցանիշը եղածներից ամենաբարձրն է։ Երիտասարդների շուրջ 34 տոկոսը նաև դեռ չի որոշել, թե որ ուժին պետք է ընտրի, ու այս ցուցանիշը նորից ամենաբարձրն է։ Ընտրություններին չմասնակցելու պատճառների մեջ երիտասարդների 18 տոկոսը նշել է` չի վստահում ոչ մի կուսակցության կամ առաջնորդի, 13 տոկոսը նշել է, որ իր քվեն ազդեցություն չի ունենա, մեկ այլ 13 տոկոս էլ նշել է` ընտրություններն իրենց համար կարևոր չեն։ 

Որո՞նք են այս մտահոգիչ թվերի պատճառները, ինչո՞ւ այդ թվում 2018-ի հեղափոխության շարժիչ ուժ համարվող երիտասարդներն այժմ ցանկանում են հեռու մնալ քաղաքականությունից։ Այս հոդվածի նպատակն է խոսել այս իրավիճակի պատճառներից մի քանիսի մասին։ 

1. Չիրականացված խոստումներ, չբարեփոխված բարձրագույն կրթության ոլորտ, համակարգային քայլերի բացակայություն։ 

Բոլորն են ընդունում՝ 2018-ի հեղափոխական գործընթացների մեջ երիտասարդությունը մեծ դեր է ունեցել։ Ուսանողները կարողացան հեղափոխության հատկապես առաջին օրերին շարժմանը շունչ հաղորդել, գործեցին կազմակերպված ու նպաստեցին գործընթացում ավելի մեծ խմբերի ներգրավմանը։ Հեղափոխությունից հետո այս ինքնաբուխ գործունեությունը համակարգայնացնելու կարիք կար, հստակ էր՝ եթե արմատական փոփոխություններ չարվեն և ուսանողների ինքնակազմակերպման մեխանիզմները չփոխվեն, ոգևորությունը հետզհետե կմարի։ 

Մինչ հեղափոխությունն ուսանողների ինքնակազմակերպման պաշտոնական մեկ միջոց կար՝ համալսարանական ուսանողական խորհուրդները, որոնք, առանձնացրած դրան մասնակից ազնիվ ու պարկեշտ երիտասարդների, որպես կառույց ոչ թե պաշտպանում էին ուսանողների իրական շահերը, այլ քաղաքական կարիերայի խողովակ էին իշխող «Հանրապետական» կուսակցության շարքերը համալրելու համար։ Կհիշենք նաև դեպքերը, երբ այդ կառույցներն օգտագործվում էին այլ ուսանողների ձայնը ճնշելու համար՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ուժի գործադրմամբ։ Այս ուսանողական խորհուրդները նաև կազմակերպում էին ժամանցային միջոցառումներ, որոնք նպաստում էին ուսանողների սոցիալականացմանը։ Սակայն սրանք այն միջոցառումներն էին, որոնք թույլատրված էին վերևից. կար հստակ շրջանակ, որից չէր կարելի դուրս գալ։

Հեղափոխությամբ իշխանության եկած իշխող ուժի հիմնական խոստումներից մեկը հենց այս ուսանողական խորհուրդների բարեփոխումն էր. ազատ ուսանողության համար ազատ ստեղծագործական տարածքի ձևավորում, որտեղ կխրախուսվեր նախաձեռնողականությունը, աշխատասիրությունն ու բարեվարքությունը։ Հեղափոխական գործընթացների ավարտից հետո նույնիսկ պարզ դարձավ, որ այդ խորհուրդները գործելու իրավական հիմքեր չեն ունեցել, ու չլինելով օրինական ու իրավազոր ներկայացուցչական մարմին, համալսարանական ղեկավարությունից ֆինանսական միջոցներ են ստացել։ Ավելին, պարզվեց, որ ղեկավար կազմից ոմանք, առանց հանրայնացնելու իրենց պաշտոնը, համատեղության կարգով աշխատել են նաև համալսարանական վարչակազմում։ 

Վատ կոմսոմոլ հիշեցնող այս կառույցները բարեփոխելու թե՛ քաղաքական, թե՛ իրավական ու թե՛ բարոյական բոլոր հիմքերը կային։ Վերջիվերջո, ի լրումն բուհերի «կուսակցականացվածության», կրթության ցածր որակի, և ավելի լայն քաղաքական անհամաձայնությունների, ուսանողները նաև հենց այս նպատակով էին դուրս եկել փողոց։ Բայց արի ու տես, որ իշխող քաղաքական ուժը դրժեց իր իշխանությանը գալուն նպաստած ուսանողների հավաքական ցանկությունը, հետևողականորեն սպառեց, մսխեց մեծ ջանքով ձևավորված եռանդը։ 

Արդյունքում, ուսանողական կառույցները պատանդ մնացին որոշ փոքր խմբակների նեղ շահերին, իսկ փոփոխության ձգտող, նախաձեռնող երիտասարդները հասկացան, որ չնայած հրապարակում հայտարարվել էր հեղափոխություն, իրենց բուհերին դա չէր վերաբերվում։ Ուսանողական խորհուրդները մնացին որպես միակ հարթակը, որի միջոցով ուսանողները կարող էին կազմակերպել ինչ-որ միջոցառումներ կամ պաշտպանել իրենց շահերը։ Եթե իրականացվում էր որևէ գործողություն այս տրամաբանությունից դուրս, ապա այն բախվում էր ոչ միայն ուսանողական խորհրդի, այլև ֆակուլտետային ու համալսարանական ղեկավարության դիմադրությանը։

Ավելին, շուտով պարզ դարձավ, որ իրենք մենակ են մնացել իրենց խնդիրների հետ այն նույն կառույցների դեմ, որոնք պետք է բարեփոխվեին, իսկ այդ կառույցները վայելում են ոչ միայն քաղաքական ընդդիմության աջակցությունը, այլև՝ պետական համակարգում գործող որոշ չինովնիկների։ Հատկանշական է, որ ըմբոստ ուսանողներին իր մոտ հրավիրող ազգային անվտանգության ծառայության մաս կազմող հատուկ բաժինները նույն ջանասիրությամբ իրենց գործունեությունը շարունակեցին նաև հեղափոխությունից հետո, իսկ ուսանողներին ծեծելու ուղղորդումներ տվող դեկանները ոչ միայն մնացին իրենց պաշտոններում, այլ նույնիսկ ամրապնդեցին դիրքերը։

Ուսանողական որոշ խմբեր կենսական ուժը պահելու, համակարգայնացնելու համար իրենց գործունեությունը շարունակեցին համալսարանից դուրս՝ գրանցելով իրավական կառույցներ ու համալրելով քաղաքացիական հասարակության շարքերը։ Որոշ հաջողություններ գրանցվեցին. հնարավոր եղավ ստեղծել հիմք, սակայն դա համակարգից դուրս՝ առանց զարգանալու լուրջ կարողությունների, սակավ ֆինանսական ու գույքային միջոցներով, հետևաբար՝ նաև սահմանափակ ազդեցությամբ։

Համակարգի շահառուների նպատակը մեկն էր՝ չթողնել, որ հեղափոխական երիտասարդությունը շարունակի հանդես գալ որպես հետհեղափոխական փոփոխությունների շարժիչ ուժ, չպահանջի ու չստիպի փոփոխություններ։ Պետք էր կառավարելի իրավիճակ՝ առանց ավելորդ աղմուկի ու բողոքների։

Այս հիասթափությունն առաջին հարվածն էր, որ ստացավ 2018-ի հեղափոխական երիտասարդությունը։ Զրկված լինելով ինքնակազմակերպվելու վաստակած համակարգային հնարավորությունից՝ համալսարանական շատ խմբեր վաղ թե ուշ լուծարվեցին, իսկ նոր ուսանողները, որոնք 2018-ից ի վեր ընդունվում են բուհեր, արդեն ութ տարի է հանդիպում են այդ նույն ուսանողական խորհուրդներին, որոնք արդեն նույնիսկ քաղաքական մասնագիտական առաջխաղացում չեն կարող ապահովել։ 

Ուսանողներին քաղաքական ուժերը հաճախ հիշում են ընտրությունների նախօրեին. հաճելի է գնալ, խոսել, սելֆիներ անել, ցույց տալ, որ վայելում են երիտասարդության սերն ու հարգանքը։ Որոշները ջանում են նաև օգտագործել ուսանողներին, ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ, բայց ձևականությունն ու անբովանդակ վիճակը հիշեցնում են բանակային ցուցադրական դիրքերը։ 

2. 44-օրյա պատերազմ, զոհված ընկերներ, անարդար պարտություն, անորոշ ապագա ու սառը զայրույթ:

2025-ի սեպտեմբերին հրապարակված տվյալների համաձայն՝ հայկական կողմը 44-օրյա պատերազմում ունեցել է 3981 զոհ, պատերազմից հինգ տարի անց 191 քաղաքացու ճակատագիր անհայտ էր, իսկ վիրավորների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։ Զոհվածների զգալի մեծամասնությունն Արցախի սահմանները պաշտպանող 18-20 տարեկան իրենց ժամկետային զինծառայությունն իրականացնող երիտասարդներ էին, որոնք հեղափոխության ժամանակ 16-18 տարեկան էին։ Մոբիլիզացված պահեստային ուժերի մեջ զգալի թիվ էին կազմում նոր զորացրված տղաները՝ ծնված 90-ականների սկզբին ու առաջին կեսին։ ՄՀԻ հարցման 18-35 տարեկանները բնակչության այն խմբերից մեկն էր, որը ստացավ պատերազմի ամենածանր հարվածը՝ զոհված ընկերներ, անարդար պարտություն, անորոշ ապագա ու սառը զայրույթ։

Պատերազմի առաջնագծում, հրետանու անդադար աղմուկի, գնալով նոսրացող շարքերի ու արյան հոտի մեջ պարզ դարձավ, որ քաղաքական-ռազմական ղեկավարությունը տարիներ շարունակ ձախողել էր մարտահրավերներին համապատասխան բանակ կառուցելու գործառույթը։ Երկար տարիների կոռուպցիայի, քաղաքական-ռազմական բարձր մակարդակներում բառադիության ու ոչ մասնագիտական աշխատանքի համար եկել էր հատուցելու ժամը։ Ուղղակի հատուցում էին ոչ թե իրավիճակի մեղավորներն ու պատասխանատուները, այլ այդ ճակատագրական թերացումների ժամանակ դեռ չծնված կամ ընտրելու իրավունք չունեցող սերունդը։ Առանց նյութատեխնիկական ապահովման, հետախուզության, կապի միջոցների, օդային պաշտպանության, կառավարման համակարգի ու ժամանակակից միջոցների, խրամատում հայ տղային պահում էր իր հայկական արժանապատվությունը, ընտանիքում ու բակում ձևավորված վարքագծային սկզբունքայնությունը՝ պաշտպանել հայրենիքն ու կռվի ժամանակ ընկերներին մենակ չթողնել։ 

Պատերազմի կորուստները, պատերազմից հետո քաղաքական դաշտում իրար ուղղված անվերջ մեղադրանքները, որի արդյունքում էլ թաղվեց ճշմարտությունը, երկրորդ հարվածն էր, որ ստացավ հայ երիտասարդությունը։ Խոսել ինչի՞ մասին, ո՞ւմ ինչ-որ բան բացատրել, արդյոք լսող կա, արդյոք ինչ-որ մեկը հետաքրքրվում է։ Միգուցե ավելի լա՞վ է զբաղվել սեփական գործերով ու չմասնակցել նեղ շահերի սպասարկմանն ուղղված բանավեճերին։ 

Երիտասարդությունը տեսավ, որ գումարն ու քաղաքական դիրքը կարող են գնել արդարություն, տեսավ, որ հայրենասեր մարդիկ մնացին խրամատում, իսկ նրանց կենացը խմողները շարունակում են խաղաղության ու պատերազմի մասին որոշումներ կայացնել։ Նման քաղաքական դաշտի հետ, իհարկե, շատերը չեն ուզենա նույնացվել, վստահությունը գնալով կիջնի, իսկ հիասթափությունը տեղ կբացի ավելի ամբոխահաճոների և ավելի պատեհապաշտների համար, որոնք, հիմնականում, նույնիսկ փամփուշտի հոտ չեն առել։ 

3. Նախաձեռնողականության պատժում

Բայց սրանով դեռ ամեն ինչ չավարտվեց, երիտասարդներին բուհերում սպասում էին 2018-ի իրադարձություններից դժգոհ, ժողովրդավարության հանդեպ թերահավատ, այդ թվում նաև իրենց պաշտոնները կորցրած նախկին իշխանության մաս կազմող համալսարանական վարչակազմի աշխատակիցները կամ նրանց հետ կապ ունեցող դասախոսները։ Շատ արագ ստեղծվեց պատում, որ եթե հեղափոխություն չլիներ, չէր լինի նաև պատերազմ ու չէինք կորցնի Արցախը։ 

Երկար տարիներ երկրի և համալսարանի խնդիրներից չխոսող, ակադեմիական չափանիշներին չհամապատասխանող ու ուղղակի հնազանդությամբ համակարգում իրենց տեղը վաստակած մարդիկ պահը բաց չէին թողնում փաստերի ու իրադարձությունների ձևախեղմամբ, շահարկումներով ոչ միայն մեղքի զգացում առաջացնել երիտասարդների շրջանում, այլև ոչնչացնել քաղաքացիական կենսունակության մնացած տարրերը։ 

Համալսարանական պատերի ներսում նույն դասախոսները, որոնք նշում էին, թե «քանի Ռուսաստանը կա՝ Ադրբեջանը չի հարձակվի», կամ՝ «շուտով Բաքվի նավթը վերջանում է», ոչ միայն խուսափեցին հարցերից, թե ինչու էին սխալ կանխատեսումներ ու գնահատականներ տալիս՝ նպաստելով սին ինքնավստահության ամրապնդմանը, այլև նախահարձակ եղան՝ փորձելով ապացուցել, որ իրենք ճիշտ էին՝ քաղաքականությունը ուսանողների բանը չէ, և ամեն ոք իրավունք չունի ընտրությունների ժամանակ քվեարկել։

Համալսարանական այս մթնոլորտը մինչ այժմ մնում է նույնը՝ չի խրախուսվում քննադատական միտքը, նախաձեռնողականությունը, բացակայում են որակյալ ակադեմիական կրթական ծրագրերն ու առարկաները։ Հեղափոխությունից ութ տարի անց ուսանողներին մատուցվող կրթական նյութը շարունակում է մնալ նույնը՝ բոլորովին չհամապատասխանելով Հայաստանի մարտահրավերներին։ Եթե ինչ-որ փոփոխություններ էլ կան, ապա դրանք շատ դանդաղ են ու դիպվածային։ Նման մթնոլորտը ոչ թե խրախուսում է հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, արժևորում է ժողովրդավարական հաստատությունների կարևորությունը, այլ պարարտ հող է ստեղծում այնպիսի թեզերի համար, ինչպիսիք են՝ «մեզ պինդ բռունցքով ղեկավար է պետք», «քաղաքականությունը կեղտոտ բան է», իսկ գրքերից կարելի է կարդալ Մաքիավելիի «Տիրակալը» ու Հիտլերի «Իմ պայքարը»՝ անտեսելով գրքերի ժամանակային ու տարածքային պարունակները։

4. Հայհոյախառն լեզուն երիտասարդների համար խորթ է

2019-ից որոշ բլոգերների հայհոյախառն լեզուն գնալով դարձավ օրինաչափ ու ներթափանցեց հասարակական-քաղաքական խոսույթ։ Գռեհիկ խոսքը ոչ թե մերժվեց, այլ որդեգրվեց նաև այլոց կողմից, այդ թվում նաև գործող իշխանությունների։ Այսինքն այն բառերն ու արտահայտությունները, որոնք բանակում կամ քաղաքացիական կյանքում մարդկանց կարող են ընդհուպ սպանության դրդել, քաղաքական իրականությունում ոչ միայն լուրջ դիմադրության չհանդիպեցին, այլև սկսվեց մրցույթ, թե ով ավելի «ստեղծագործական» կգտնվի։ 

Այս երևույթն էլ եկավ ամրապնդելու այն թեզը, որ «քաղաքականությունը կեղտոտ բան է», իսկ կեղտի մեջ պետք չէ խառնվել։ Որոշ ուժերի կողմից մտադրված, որոշ ուժերի կողմից չմտադրված նման իրավիճակի ստեղծումը ոչ միայն չի խրախուսում մասնակցություն, այլ նաև վանում ու նվազեցնում է վստահությունը մարդկանց հանդեպ, ովքեր այդ ամենն անում են կամ հանդուրժում են։ Քաղաքական այն խոսույթն ու լեզուն, որ հայ երիտասարդը տեսնում է Ազգային ժողովում, ուղիղ եթերներում, կամ էլ իշխանական ու ընդդիմադիր մամուլում, չի համապատասխանում իր արժեքներին ու պատկերացումներին։ Միգուցե կժպտա, կզայրանա, բայց ինքնակամ չի մասնակցի մի գործընթացի, որտեղ ամեն երկրորդ խոսքին հաջորդում է անձնական վիրավորանքը։

Վերջաբան

Միգուցե այս պատճառներին կարելի է ավելացնել ևս մի քանիսը, կամ նվազեցնել նրանցից մեկի ազդեցությունը, բայց փաստ է՝ ՄՀԻ հարցման երիտասարդների պատասխանների հետևում կան հիմնավոր բացատրություններ։ Չբարեփոխված բարձրագույն կրթական հաստատությունները, ուսանողական ինքնակազմակերպման արդյունավետ գործիքակազմերի բացակայությունն ավելի է խորացնելու առկա անտարբերությունն ու անվստահությունը։ Մասնագիտական մոտեցում է պետք հասկանալու, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել 44-օրյա պատերազմը երիտասարդների վրա, և ինչպիսի կարիքներ նրանք ունեն։ Համալսարանական կրթությունը՝ հատկապես հումանիտար ֆակուլտետներում լուրջ վերանայման կարիք ունի՝ պետք են նոր ամբիոններ, առարկաներ ու որակյալ կրթական ծրագրեր։ Քաղաքական պաշտոնյաները պետք է վերանայեն իրենց վարքագիծն ու լեզուն, եթե ցանկանում են երիտասարդների մոտ վստահություն ունենալ։

Կարծիք

Armenia’s Transit Moment Is Bigger Than 43 Kilometers

Հայաստանի «տարանցիկ պահը»՝ շատ ավելին, քան 43 կիլոմետրը

Զոհրաբ Մնացականյան
Ապր 1, 2026

ԹՐԻՓՓ-ը ոչ միայն տարանցիկ ուղի է, այլև Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն եվրասիական առևտրային ցանցերի փոփոխվող տրամաբանության մեջ դերակատար դառնալու: Զոհրաբ Մնացականյանի անդրադարձը ԹՐԻՓՓ նախագծի քիչ քննարկված հնարավորություններին:

Read more
From Smyrna to Stepanakert: How National Defeats Reshape States

Զմյուռնիայից Ստեփանակերտ. ինչպես են պարտությունները վերաձևում պետությունները

Տիգրան Եկաւեան
Մրտ 5, 2026

1922 թվականի Փոքր Ասիայի աղետին ու Հունաստանում հաջորդած իրադարձություններին անդրադառնալով Տիգրան Եկավեանը զուգահեռներ է անցկացնում Արցախի կորստից հետո Հայաստանում կատարվող իրադարձությունների միջև՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են ազգերն ընդունում պարտությունը, և թե արդյոք նրանք ի զորու են վերափոխել հոգեխոցը քաղաքական նոր հորիզոնի, թե՞ մնալու են չհաղթահարված կորստի ոլորաններում։

Read more
Law,_Power_and_Perception, Gor Samvel

Օրենք, իշխանություն և ընկալում. ընդլայնելով ​​դատական անկախ համակարգի շուրջ քննարկումը

Գոռ Սամվել
Սպտ 23, 2025

Դատական անկախությունը Հայաստանում պարզապես իրավակարգերի համակցություն չէ․ այն մշակույթի, ընկալման և գործելաոճի խնդիր է։ Գոռ Սամվելն ընդլայնում է քննարկման սահմանները՝ ուսումնասիրելով, թե ինչպես են օրենքը, բարոյականությունը և հասարակական ուժերը հատվում միմյանց հետ՝ միաժամանակ կոչ անելով իրականացնել խորքային գիտական հետազոտություններ՝ հասարակական ընկալումը փաստերի վրա հիմնված գիտելիքով ձևավորելու համար։

Read more
Advocating for Justice After the Peace Agreement

Արդարադատություն խաղաղության համաձայնագրից հետո

Գաբրիել Արմաս-Կարդոնա
Օգս 21, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հոդվածներից մեկի համաձայն` կողմերը պետք է դադարեցնեն միմյանց դեմ բոլոր միջազգային դատական գործերն ու նորերը չսկսեն: Սակայն արդարադատության հասնելու այլ տարբերակներ էլ կան, որոնց անդրադարձել է իրավաբան Գաբրիել Արմաս-Կարդոնան:

Read more
What Does Armenia Stand to Gain? Musings on the Washington Signing

Ի՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ

Դավիթ Պետրոսյան
Օգս 14, 2025

Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը, գրում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնություններին։

Read more

Շարունակենք խոսել

Փոդքաստ

Դիվանագիտական չեզոքություն բազմաբևեռ իրավիճակում

EVN Report
Մրտ 4, 2026

ԱՄՆ, Իսրայել, Իրան շարունակվող հակամարտության ընթացքն ու ազդեցությունը գնահատել վաղահաս՝ միջազգային առումով և տարածաշրջանի համար։ Սակայն հատկապես նման իրավիճակում, ըստ Արտաքին ու անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի նախագահ Սոսի Թաթիկյանի՝ Հայաստանի համար դիվանագիտական չեզոքությունն առանցքային է։

Read more

Ախուրիկ և Մարգարա․ երկու սահմանային գյուղերի օրինակներ

EVN Report
Փտր 19, 2026

Հայաստան-Թուրքիա սահմանի ակնկալվող բացման կապակցությամբ երկու սահմանամերձ անցակետային գյուղերի` Ախուրիկի և Մարգարայի բնակիչները տեսանելի ու նույնիսկ լսելի այն կողմից ունեն իրարից տարբերվող հիշողություններ, ակնկալիքներ ու մտահոգություններ։ Քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի «Կայսերական ֆրոնտիրների ժառանգությունը» հետազոտության մանրամասները՝ հեղինակի հետ զրույցում։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ