
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Տարածքային կորուստը երբեք պարզապես աշխարհագրական չի լինում։ Այն քաղաքական է, սոցիալական և խորապես խորհրդանշական։ Ազգերի ժամանակակից պատմության մեջ քիչ իրադարձություններ կան այնքան փոխակերպող, որքան աղետալի պարտությունը, որը փշրում է երկար տարիների ազգային խոստումը։ Հունաստանի համար 1922–1923 թվականներին Զմյուռնիայի կործանումը և Փոքր Ասիայի կորուստը նշանավորեցին «Մեծ գաղափարի» (Megali Idea)՝ Անատոլիայում հունականության (հելլենիզմ) վերականգնման նախագծի վերջնական տապալումը։ Հայաստանի համար 2020-2023 թվականների ընթացքում Արցախի կորուստը նույնքան ծանր և ցավոտ բեկում էր՝ խոնարհվեց հետխորհրդային հայկական պետականության և ինքնության առանցքային հիմնասյուներից մեկը։
Թեև այս երկու փորձառությունները բաժանված են մեկ դարով և տեղի են ունեցել արմատապես տարբեր միջազգային պայմաններում, դրանք, այնուամենայնիվ, համեմատության եզրեր ունեն։ Երկու դեպքում էլ պարտությունը հանգեցրեց քաղաքական լեգիտիմության ճգնաժամի, զանգվածային տեղահանության և ազգային հիշողության ու պետական կարողությունների միջև անխուսափելի առճակատման։ Հունաստանին ի վերջո հաջողվեց ցավոտ ու ոչ կատարյալ ճանապարհով վերաձևակերպել իր ազգային պատումը և վերակառուցել պետությունը ինքնիշխանության ու ներքին համախմբման շուրջ։ Հայաստանն այժմ գտնվում է նմանատիպ պատմական խաչմերուկում, բայց առանց կայունացնող միջազգային կարգավորման կամ պարտությունից հետո համընդանուր պատումի։
Այս համեմատությունը համարժեքության մասին չէ։ Այն ավելի շուտ փորձ է հասկանալ, թե ինչպես են ազգերն ընկալում պարտությունը, և թե արդյոք ի զորու են վերափոխել հոգեխոցը քաղաքական նոր հորիզոնի, թե՞ մնալու են չհաղթահարված կորստի ոլորաններում։
Քաղաքական ցնցում. առաջնորդություն, պատասխանատվություն և լեգիտիմություն
1922 թվականի Փոքր Ասիայի աղետը Հունաստանում կտրուկ և բռնի քաղաքական հաշվեհարդարի պատճառ դարձավ։ Ռազմական ձախողմանը հաջորդեց 1922-ի սեպտեմբերյան հեղափոխությունը, պարտությունը ստիպեց Կոնստանտին I թագավորին հրաժարվել գահից և հանգեցրեց «Վեցի դատավարության»՝ քաղաքական և ռազմական բարձրաստիճան գործիչներ դատապարտվեցին ու մահապատժի ենթարկվեցին։ Թեև այս իրադարձությունները խիստ հակասական էին, դրանք արտացոլում էին պատասխանատվության ենթարկելու հանրային պահանջը։ Միապետությունը վերջնականապես զրկվեց լեգիտիմությունից, և երկու տարվա ընթացքում Հունաստանն անցում կատարեց Երկրորդ Հելլենական Հանրապետության՝ 1924–1935 թվականներ։
Սա ամենևին էլ հարթ կամ կայուն գործընթաց չէր։ Համակարգը փխրուն էր, եղան հեղաշրջումներ, հակահեղաշրջումներ։ Այնուամենայնիվ, առանցքային է այն, որ պարտությունը քաղաքական լեգիտիմության խզում առաջացրեց, ինչին համակարգը արձագանքեց՝ թեև կոպիտ ձևով։ Ձախողման պատասխանատվությունը կենտրոնացվեց որոշակի շրջանակների վրա, իսկ պետությունը փորձեց վերագործարկվել նոր պայմաններով։
Արցախից հետո Հայաստանի ընթացքն էականորեն տարբերվում է։ Պարտությունը չհանգեցրեց ո՛չ իշխանության փլուզման, ո՛չ էլ հստակ համակարգային հաշվետվության։ Փոխարենը, այն խորացրեց բևեռացումը։ Պատասխանատվության հարցը մնում է անվերջ վիճարկելի՝ նախկին ու ներկա կառավարությունների, քաղաքացիական ու ռազմական ղեկավարության, արտաքին սահմանափակումների ու ներքին կառավարման ձախողման միջև։ Պատասխանատվության հստակեցման փոխարեն, Հայաստանում մեկնարկեց երկարատև «դատավարություն՝ առանց դատավճռի» շրջան, որտեղ իշխանության լեգիտիմությունն անընդհատ կասկածի տակ է, բայց երբեք վերջնականապես չի վերակառուցվում։
Ի տարբերություն Հունաստանի, որտեղ պարտությունը հանգեցրեց դաժան, նաև խիստ հակասական, քաղաքական հաշվեհարդարի, Արցախից հետո Հայաստանի փորձառությունը բնորոշվեց պատասխանատվության թերի և վիճարկելի հասցեագրումներով։ Ամենաակնառու դրվագներից մեկը տեղի ունեցավ 2021-ի փետրվարին, երբ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Օնիկ Գասպարյանը հրապարակավ պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ վկայակոչելով պատերազմի և դրա հետևանքների կառավարման ձախողումը։ Քաղաքական և ռազմական ղեկավարության այս աննախադեպ բախումը բացահայտեց պարտությունից հետո առաջացած համակարգային ճեղքվածքը։
Այնուամենայնիվ, այս դրվագը չհանգեցրեց պատասխանատվության թափանցիկ կամ համակարգված քննության։ Ամբողջությամբ անկախ, հրապարակային և համապարփակ որևէ հետաքննություն այդպես էլ չպարզաբանեց պարտության ռազմավարական, գործառնական և քաղաքական պատճառները՝ թողնելով բազմաթիվ մութ կետեր։ Դրանց թվում են հետախուզական ձախողումների, պատերազմի վճռորոշ փուլերում քաղաքական որոշումների կայացման, և որ ամենազգայունն է, Հայաստանի Հանրապետության ու Արցախի զինված ուժերի համակարգման (կամ դրա բացակայության) վերաբերյալ չպարզաբանված հարցեր։
Անորոշությունը երկարատև հետևանքներ է թողել։ Սխալներն ըմբռնելու համազգային ջանքի փոխարեն պարտությունը քաղաքականացվեց և մասնատվեց։ Գոյակցում են իրարամերժ տեսակետներ. ոմանք շեշտում են դիվանագիտական մեկուսացումը, մյուսները՝ կարողությունների անհամաչափությունը, երրորդները՝ ղեկավարության սխալները, իսկ մյուսներն էլ՝ բանակի կառուցվածքային թուլությունները։ Առանց վստահելի և համապարփակ գնահատականի՝ հանրային քննարկումը տատանվում է մեղադրանքի, ժխտման և ճակատագրապաշտության միջև։
Հունական օրինակի հետ հակադրությունն ուսանելի է։ Հունաստանում պատասխանատվությունը, երբեմն նույնիսկ բռնի ձևով, կենտրոնացվեց քաղաքական և ռազմական վերնախավի վրա։ Դա հնարավորություն տվեց պետությանը խորհրդանշականորեն «փակել» Փոքր Ասիայի էջը, նույնիսկ, երբ հասարակական հոգեխոցը շարունակվում էր։ Հայաստանում եղավ հակառակը, թափանցիկ քննության բացակայությունը երկարաձգեց իշխանության լեգիտիմության ճգնաժամը։ Արցախի պարտությունը շարունակում է մնալ և՛ ազգային հոգեխոց, և՛ չլուծված քաղաքական վեճ՝ խոչընդոտելով պարտությունից հետո միասնական հայեցակարգի ձևավորմանը։
Ավելի լայն առումով, այս չհանգուցալուծված քաղաքական-ռազմական լարվածությունը խորքային հարց է առաջացնում. կարո՞ղ է պետությունը բարեփոխել իր անվտանգային կառուցվածքն ու ռազմավարական մշակույթը՝ առանց նախ հասկանալու թե ինչու և ինչպես պարտվեց։ Համեմատական պատմությունը հուշում է՝ ոչ։ Առանց հստակության՝ հետպատերազմական հասարակությունները դժվարությամբ են սգից անցում կատարում վերականգնման և հավանական է՝ մնան բևեռացման և անվստահության փակ շրջապտույտում։
Հակադրությունն ուսանելի է։ Հունաստանի արձագանքն անկայունացնող էր, բայց վերափոխող․ Հայաստանի արձագանքը իր ձևաչափով կայունացնող է, բայց բնույթով՝ քայքայիչ։ Երբ պատասխանատվությունը շարունակում է մնալ լղոզված ու չհստակեցված, քաղաքական վստահությունը շարունակաբար մաշվում է։
Փախստականները՝ պետության փորձաքար
Պետության կարողությունները զանգվածային տեղահանությունից ավելի դաժանորեն փորձարկող քիչ բան կա։ 1923-ի Լոզանի պայմանագրից հետո Փոքր Ասիայից մոտ 1,5 միլիոն ուղղափառ քրիստոնյա բռնի տեղահանվեց Հունաստան, իսկ շուրջ 500․000 մահմեդական տեղափոխվեց Թուրքիա։ Այս ներհոսքը կաթվածահար արեց բնակարանային ապահովման, զբաղվածության, հանրային առողջապահության և սոցիալական համախմբվածության համակարգերը։ Փախստականները ժամանում էին ծանր հոգեվիճակում, աղքատացած և հաճախ բախվում տեղացիների դժկամությանը։
Այնուամենայնիվ, փախստականների ներառումը ժամանակի ընթացքում առանցքային դարձավ Հունաստանի պետականաշինության գործընթացում։ Միջազգային օգնության և պետության գործուն միջամտության շնորհիվ փախստականները վերաբնակեցվեցին, ստացան քաղաքացիական իրավունքներ և աստիճանաբար ներգրավվեցին քաղաքական ու տնտեսական կյանքում։ Նրանք վերաձևավորեցին քաղաքային միջավայրը, ուժեղացրին աշխատավորական շարժումները և խորապես ազդեցին ժամանակակից հունական մշակույթի ու հիշողության վրա։ Զմյուռնիայի հոգեխոցը չվերացավ, սակայն փախստականները դարձան Հունաստանի ազգային վերաիմաստավորման դերակատարներ։
Հայաստանն այժմ բախվում է նմանատիպ մարտահրավերի՝ թեև ավելի փոքր ծավալով։ Արցախահայության ներառումը պարզապես մարդասիրական հարց չէ. այն քաղաքական լակմուսի թուղթ է։ Բնակարանային ապահովումը, զբաղվածությունը, կարգավիճակը և սոցիալական ներառումը կկանխորոշեն, թե ինչպես կընկալվի հայկական պետությունը։ Եթե տեղահանված արցախահայերը լիարժեք ներգրավվեն, նրանք կարող են նպաստել հասարակության վերականգնմանը։ Իսկ եթե մնան լուսանցքում, ապա կարող են վերածվել կորստի և պետական ձախողման մշտական հիշեցման։
Պատմությունը հուշում է պարզ, բայց անողոք օրինաչափություն․ ազգերը գնահատվում են փախստականների նկատմամբ իրենց վերաբերմունքով։ Ներառումն ամրապնդում է ինքնիշխանությունը, անտեսումը՝ ճեղքում այն։
Ազգային խոստումի՝ «Մեծ գաղափարի» փլուզումը
«Մեծ գաղափարը» պարզապես արտաքին քաղաքական հայեցակարգ չէր. այն Հունաստանի ազգային նպատակն էր։ Այն պատմական առաքելություն էր, որը պետականությունը կապում էր ընդարձակման, հիշողությունը՝ տարածքի, իսկ ինքնությունը՝ վերադարձի ու հատուցման գաղափարի հետ։ Հետևաբար, 1922-ին այս գաղափարի փլուզումը գոյաբանական հարված էր։
Հունաստանը չջնջեց Փոքր Ասիայի հիշողությունը։ Զմյուռնիան մնաց առանցքային հունական պատմական գիտակցության, գրականության և հավաքական սգի համար։ Փոխվեց սակայն հիշողության և պետական հայեցակարգի միջև կապը։ Պետությունը դադարեց առաջնորդվել կորսված հողերի վերադարձի գաղափարով, փոխարենը՝ Զմյուռնիայի կորուստը վերաձևակերպվեց որպես սեփական ուժերի գերագնահատման ողբերգական դաս։ Ազգային ինքնությունը վերահաստատվեց գոյատևման, ուժերի համախմբման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում արդիականացման գաղափարների շուրջ։
Հիշողության և ռազմավարության այս տարանջատումը վճռորոշ էր։ Հունաստանը սգաց՝ առանց պետությունը սգի միջոցով կառավարելու։
Հայաստանը կանգնած է համանման երկընտրանքի առաջ։ Երեք տասնամյակ Արցախը ոչ միայն տարածքային հարց էր, այլ հետխորհրդային հայկական ինքնության, անվտանգային մտածողության և սփյուռքի համախմբման հիմնարար կարևոր բաղադրիչ։ Նրա կորուստը ստեղծել է դատարկություն։ Չլուծված է մնում այն հարցը, թե արդյոք Արցախը կդառնա իրավունքների, արդարության և արժանապատվության շուրջ ձևավորված հիշողություն, թե՞ կմնա որպես ծածուկ ռազմավարական նպատակ, որին հասնելու համար պետությունը չունի բավարար կարողություններ։
Հունական փորձը հուշում է, որ ծավալապաշտական հայեցակարգից հրաժարումը չի նշանակում հրաժարում պատմական հիշողությունից։ Այն պահանջում է վերանայել հիշողության դերը պետականաշինության մեջ։
Միջազգային կարգավորում. Լոզանը և հայկական անորոշությունը
Երկու դեպքերի միջև վճռորոշ տարբերություններից մեկը միջազգային պարունակն է։ Հունաստանի պարտությունը հանգուցալուծվեց Լոզանի պայմանագրով, որը, չնայած իր դաժանությանը, ստեղծեց հստակ, թեև ցավոտ կարգավորում՝ ճանաչված սահմաններ, բնակչության փոխանակում և տարածաշրջանային նոր կարգ։ Լոզանը վերջ դրեց անորոշությանը։ Այն ստիպեց Հունաստանին առերեսվել աշխարհաքաղաքական իրականության հետ և վերակազմավորվել դրան համապատասխան։
Հայաստանը չունի համարժեքը։ Չկա խաղաղության համապարփակ կարգավորում, չկան անվտանգության հուսալի երաշխիքներ և չկա տարածաշրջանային հստակ կառուցվածք։ Սահմանները մնում են վիճարկելի, զսպումը՝ անորոշ, իսկ դաշինքները՝ փոփոխական։ Հանգուցալուծման այս բացակայությունը երկարաձգում է ռազմավարական տագնապը և լարում ներքին բևեռացումը։
Առանց կայունացնող շրջանակի՝ պարտություն կրած հասարակությունները սգից դժվարությամբ են անցում կատարում դեպի վերականգնում։ Հայաստանի օրինակը ցույց է տալիս՝ անորոշ «հետո»-ում ապրելու վտանգները, որտեղ ո՛չ պատերազմը, ո՛չ խաղաղությունը չեն ապահովում որևէ կառուցվածք։
Երկարաժամկետ հետևանքներ․ պարտությունից հետո երեք ուղի
1922-ից հետո Հունաստանի ընթացքը ո՛չ սահուն էր, ո՛չ էլ խաղաղ։ Սակայն «Մեծ գաղափարից» հրաժարումը ժամանակի ընթացքում հնարավորություն տվեց վերաիմաստավորել հայրենասիրությունը՝ այն կապելով պետական կարողությունների, քաղաքացիության և համակարգային զարգացման հետ։
Հայաստանն այսօր կանգնած է երեք հիմնական տարբերակների առաջ։
Առաջինը՝ իրատեսական վերականգնում․ անվտանգության ռազմավարության սթափ վերանայում, տեղահանվածների ներառում, համակարգային բարեփոխումներ և արտաքին գործընկերությունների բազմազանեցում։ Երկրորդը լճացումն է. քաղաքականություն, որտեղ գերիշխում են դժգոհությունն ու մեղադրանքները, խորհրդանշական առավելապաշտությունը՝ առանց էական ռազմավարական վերանայման։ Երրորդն արմատականացումն է կամ հյուծումը. կա՛մ գաղափարական գերագնահատման, կա՛մ հասարակության համատարած հիասթափության հետևանքով։ Թե որ ուղին կհաղթի՝ կախված ոչ այնքան հենց հիշողությունից, այլ, թե ինչպես հիշողությունը կծառայի որպես քաղաքական գործիք։
Հունաստանը չհաղթահարեց Զմյուռնան՝ մոռանալով։ Այն հաղթահարեց Զմյուռնան երբ դադարեց կառավարել նրա անունից։ Աղետը վերածվեց հիմնարար հիշողության, այլ ոչ թե ռազմավարական հորիզոնի։ Հայաստանն այժմ գտնվում է նման պատմական հանգրվանում։ Արցախի կորուստը կարող է կա՛մ կաթվածահար անել պետությունը, կա՛մ հարկադրել դրա վերահիմնադրմանը։ Դասը հստակ է․ պարտությունից հետո հիմնական հարցը ոչ թե այն է, թե ինչ է հիշում ժողովուրդը, այլ այն, թե ինչ կարող է պետությունը հավաստիորեն երաշխավորել։ Ոչ թե կարոտախտը, այլ անվտանգությունը, արժանապատվությունը և ներառումն են որոշում՝ կորուստը դառնում է վերջակետ, թե շրջադարձային կետ։
Մեր էջից
Չկողմնորոշված ընտրողների որոշիչ դերը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական պատկերում
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ EVN Report-ը ներկայացնում է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության» չորս հարցումներից առաջինը՝ ընտրողների նախապատվությունների պատկերը: Հետազոտությունը բացահայտում է տվյալներ չկողմնորոշված ընտրողների և կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ՝ արձանագրելով զգուշավոր լավատեսություն անվտանգության ու տնտեսության հարցերում և մրցակցային, սակայն իշխանամետ միտումներ ունեցող ընտրապայքար:
Read moreԵրբ արհեստական բանականությունը խոսում է հայերեն Փոդքասլի նոր ձայնով
Արհեստական բանականությամբ ստեղծված հայերեն խոսքը վերջապես բնական է հնչում։ «Փոդքասլ»-ի հայերենի հնչյունավորման գործիքը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն հայկական ընկերությունների, լրատվամիջոցների, կրթության համար, այլ նաև հայերենը տեղակայում համաշխարհային տեխնոլոգիական համակարգերում՝ որպես առաջընթացին մասնակից լեզու:
Read moreՉսիրվածները․ անողնաշարավորների պահպանությունը Հայաստանում
Հայաստանում բնապահպանական առաջնահերթությունները հաճախ անտեսում են անողնաշարավորներին՝ չնայած դրանց կենսական դերին։ Անահիտ Ղազախեցյանն անդրադառնում է պատճառներին՝ հասարակական կարծրատիպերից մինչև կենսամիջավայրերի կորուստ, և կոչ է անում ստեղծել նոր պատումներ, որոնք արժևորում են էկոհամակարգերը պահպանող այդ «չսիրված» տեսակներին։
Read more«Արարատ-73» և «Ծիրանային սոցիալիզմ»
Գրեթե կես դար անց էլ «Արարատ-73-ը» մեծ տեղ է զբաղեցնում Հայաստանի հավաքական հիշողության մեջ։ Լինելով ավելին, քան պարզապես ֆուտբոլային հաղթանակ՝ թիմը «ծիրանային սոցիալիզմի» պայմաններում մարմնավորեց ազգային հպարտությունը՝ համակցելով խորհրդային համակարգն ու հայկական ինքնությունն ու թողեց կարոտ, մշակույթ ու պատկանելության զգացում:
Read moreԿապանի տպագրատունը նոր էջ է բացում նախկին դատապարտյալների համար
Կապանում գործող իր տեսակի մեջ եզակի տպարանը ներառման հազվադեպ ձևաչափ է առաջարկում։ Սոցիալական ձեռնարկությունը նախկին դատապարտյալների համար կայուն աշխատանքի հնարավորություն է ստեղծել՝ օգնելով նրանց վերագտնել հասարակության հետ կապերն ու ձերբազատվել դատապարտյալի խարանից։
Read moreԱղմկահարույց բացահայտումների և անձնական կյանքի ու հանրային շահի սահմանը
Որտե՞ղ է ավարտվում անձնական կյանքի գաղտնիությունը և սկսվում հանրային շահը։ Բարձրաստիճան հոգևորականի մասնակցությամբ տեսանյութի արտահոսքի առիթով Անուշ Բեգոյանը ներկայացնում է այն սկզբունքները, որոնք օգնում են տարբերակել իրավաչափ հանրային վերահսկողությունը աղմուկից ու շահարկումներից։
Read more






