EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Միջավայր
Փտր 14, 2026

Չսիրվածները․ անողնաշարավորների պահպանությունը Հայաստանում

Անահիտ Ղազախեցյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Ճգնաժամերի ու առօրյա դժվարությունների ժամանակ մարդիկ հաճախ իրենց կենդանիներին տանում են իրենց հետ՝ քաղաքից քաղաք, երկրից երկիր, երբեմն՝ դեպի անորոշ նոր կյանք։ Տարիներ շարունակ Հայաստանում հասարակական նախաձեռնությունները միջոցներ են հայթայթել՝ ընդլայնելու կենդանիների խնամքի կենտրոնները և ստեղծելու կարեկցանքի համեստ միջավայր մեր փողոցներն ու տները կիսող էակների համար։

Ընտանի կենդանիների հանդեպ սերն ու հոգատարությունն ամբողջ աշխարհում արտահայտվում են նույն կերպ։ Այսօր բազմաթիվ երկրներ ներառում են նրանց արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման ծրագրերում՝ գիտակցելով, որ ճգնաժամային պահերին մարդիկ հրաժարվում են տարհանվել, եթե ստիպված են լքել իրենց կենդանիներին։ Իմ լուսանկարներում ավելի քան 200 կենդանիների նկար կա՝ շներ, կատուներ, արջեր, պանդաներ, կարապներ ու բադեր։ Այս կենդանիները հաճախ հայտնվում են ուշադրության կենտրոնում մի պարզ պատճառով․ նրանք որոշակի նմանություններ ունեն մեզ հետ։ Մենք նրանց անուններ ենք տալիս, վերագրում մարդկային հատկանիշներ և դասում այսպես կոչված «հմայիչ» տեսակների շարքին։

«Հմայիչ» կենդանիները ձևավորում են մեր առօրյան ու մշակույթը։ «Սասունցի Դավթից» ու նրա Քուռկիկ Ջալալիից մինչև Հովհաննես Թումանյանի «Շունն ու Կատուն», «Գրանդ Քենդիի» փիղն ու «Պինգվինաշենի» պինգվինը՝ ներազդում են բազմատեսակ աշխարհի հետ մեր հարաբերությունների վրա, արժանանում մեր կարեկցանքին ու սիրուն։

Սակայն կան նաև մյուսները՝ չսիրված, անտեսված ու թերագնահատված տեսակները, որոնց կյանքն ու մահը, սովորաբար, աննկատ են մնում։ Շատ տեսակների նկատմամբ բացասական վերաբերմունքը հաճախ պայմանավորված է մարդկանցից նրանց ֆիզիկական ու վարքագծային տարբերությամբ, ինչպես նաև «տհաճ» համարվելու ընկալմամբ։

«Ի՞նչ ապագա կարող են ունենալ այն անթիվ կենդանատեսակները, որոնք պակաս տեսանելի են, պակաս գեղեցիկ և մեր մշակութային կյանքի մասը չեն կազմում»,- հարցնում են Դեբորա Բերդ Ռոուզը և Թոմաս վան Դորենն իրենց «Անտեսվածների մահը» աշխատության մեջ՝ անդրադառնալով կենսաբազմազանության շարունակական կորստին, զանգվածային սպանդին և բնապահպանական ջանքերի սահմանափակությանը։

Այս հարցն էական է տալ  Հայաստանում՝ կենսաբազմազանության մի «թեժ կետում», որտեղ գրանցված է ողնաշարավորների 549 և անողնաշարավորների շուրջ 17․200 տեսակ, որոնցից շատերը բնաշխարհիկ (էնդեմիկ) են։ Դրանցից 308-ն ընդգրկված են Հայաստանի «Կարմիր գրքում», որը նույնականացնում և գնահատում է հազվագյուտ ու վտանգված տեսակների անհետացման սպառնալիքները։ Գիրքը վերլուծում է առկա տվյալները, իրականացնում նոր հետազոտություններ և «Բնության պահպանության միջազգային միության» չափանիշների համաձայն գնահատում պահպանման կարգավիճակը։

Թեև «Կարմիր գրքերում» ընդգրկված են թե՛ ողնաշարավորները, թե՛ անողնաշարավորները, բնապահպանական ջանքերը, սովորաբար, կենտրոնանում են ողնաշարավորների վրա: Վերջերս կատարված հետազոտությունը փաստում է, որ կենդանատեսակների պահպանությանն ուղղված քայլերը հիմնականում պայմանավորված են տվյալ տեսակի «հանրաճանաչությամբ», այլ ոչ թե անհետացման վտանգով, բնապահպանական դերով կամ մարմնի չափսերով:

Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված է 155 անողնաշարավոր և 153 ողնաշարավոր կենդանատեսակ, որոնք ունեն վտանգվածության տարբեր կարգավիճակներ՝ «խոցելիից» մինչև «ծայրահեղ վտանգված» և «անհետացած»։ Ըստ «Հայաստանի կենսաբազմազանությունը» աշխատության հեղինակների՝ անողնաշարավորները «Կարմիր գրքում» շատ ավելի քիչ են ներկայացված, քան ողնաշարավորները։ Հայաստանի ողնաշարավորների գրեթե երկու հինգերորդն ընդգրկված է գրքում, մինչդեռ անողնաշարավորների դեպքում այդ ցուցանիշը կազմում է ընդհանուր ենթադրյալ թվի մեկ տոկոսից էլ պակաս։ Մասնագետների պակասի և նախնական տվյալների բացակայության հետևանքով անողնաշարավորների մի քանի խոշոր խմբեր, այդ թվում՝ սարդակերպերն ու խեցգետնակերպերը, ընդհանրապես ներկայացված չեն։

«Կարմիր գրքում» գրանցված 58 անողնաշարավորներ, այդ թվում՝ թիթեռներ, մեղուներ և մրջյուններ, չեն հանդիպում Հայաստանի որևէ պահպանվող տարածքում, ինչպիսիք են ազգային պարկերը, պետական ​​արգելոցները, բնության հուշարձանները և պետական ​​արգելավայրերը: Այս տարածքներում հիմնականում պաշտպանված են վտանգված ողնաշարավորները: Թեև մնացած 95 անողնաշարավորները հանդիպում են պահպանվող տարածքներում, նրանց մեծ մասի համար դեռևս չեն իրականացվում պահպանությանն ուղղված թիրախային ջանքեր։

Բնապահպանական ոլորտում իրականացված մի հետազոտության համաձայն՝  անողնաշարավորների հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ հանրությունը մեծ մասամբ անտեղյակ է նրանց բնապահպանական գործառույթի կարևորությունից։

Բնապահպան և կենսաբազմազանության հետազոտող Արսեն Գասպարյանը նշում է, որ Հայաստանում փոքր օրգանիզմների նկատմամբ առանձնակի կարեկցանք չի նկատում։ 

«Դա հիմնականում պայմանավորված է հանրային իրազեկվածության ցածր մակարդակով և էկոհամակարգերի բարդության, ինչպես նաև դրանց պահպանման գործում յուրաքանչյուր բաղադրիչի կարևորության մասին սահմանափակ կրթությամբ,- ասում է նա,- Այս մարտահրավերը միայն Հայաստանին չէ բնորոշ. այն համաշխարհային խնդիր է»:

Անողնաշարավորները բնության բազմաթիվ կենսական ծառայությունների հիմքն են՝ մատակարարող, կարգավորող, մշակութային և աջակցող։ Մատակարարող ծառայությունները վերաբերում են այն բարիքներին, որոնք մարդիկ օգտագործում կամ վաճառում են․ անողնաշարավորները համարվում են սնունդ կամ սննդի ապահովողներ (օրինակ՝ մեղուները), ինչպես նաև կարևոր դեր ունեն դեղագործության, տեխնոլոգիական և արդյունաբերական գործընթացներում։ Կարգավորող ծառայությունները ներառում են փոշոտումը, վնասատուների դեմ պայքարը և ջրի մաքրումը։ Մշակութային ծառայությունները նույնքան բազմազան են. անողնաշարավորները, օրինակ՝ թիթեռները, զբոսաշրջային հետաքրքրություն են ներկայացնում և ծառայում որպես նմուշ կենսաբանական հետազոտությունների համար։ Որոշ խորհրդանշական տեսակներ, ինչպիսիք են թիթեռները, ճպուռներն ու մարջանները, ունեն նաև գոյաբանական խնդիր, ինչը նշանակում է, որ մարդիկ պատրաստ են վճարել դրանց պահպանության համար։ Հայաստանում հենց Արարատյան որդան կարմիրի շնորհիվ 1987 թվականին ստեղծվեց «Որդան կարմիր» պետական արգելավայրը։ Եվ վերջապես, անողնաշարավորները մատուցում են աջակցող ծառայություններ, ներառյալ սննդանյութերի շրջապտույտը, հողագոյացումն ու էկոհամակարգերի ձևավորումը։

Հանրային ցածր իրազեկվածությունը նաև այլ խոչընդոտների պատճառ է դառնում․ անողնաշարավորների վերաբերյալ հիմնարար հետազոտությունների թերի ֆինանսավորում, դեռևս չբացահայտված բազմաթիվ տեսակներ և արդեն իսկ առկա տեսակների մասին տվյալների բացակայություն։ Մինչ Հայաստանում ընթանում են ողնաշարավոր կենդանիների տեսակային կազմի հստակեցման աշխատանքներ, անողնաշարավորների 70 տոկոսը դեռևս մնում է չուսումնասիրված։ Սա նշանակում է, որ որոշ տեսակներ կարող են անհետանալ նույնիսկ մինչև Հայաստանում դրանց բացահայտվելը։

Այս փոքր արարածները բախվում են մի շարք անհամաչափ սպառնալիքների։ Գասպարյանի խոսքով՝ քիչ տեսանելի և հողում բնակվող օրգանիզմների համար ամենամեծ վտանգը գյուղատնտեսական շարունակական անկայուն գործելակերպն ու կենսամիջավայրերի ոչնչացումն են։ Հայաստանի հողերի գրեթե 70 տոկոսն օգտագործվում են գյուղատնտեսության մեջ։ Գերշահագործման հետևանքով բազմաթիվ տեսակների համար կենսական նշանակություն ունեցող կենսամիջավայրերը քայքայվել և աղտոտվել են։

«Մենք բնական կենսամիջավայրերը շարունակաբար վերածում ենք գյուղատնտեսական հողերի կամ խաթարում դրանք,- բացատրում է նա,- Հատկապես փոքր տնտեսությունները հողի նպատակային նշանակությունը փոխում են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության պատշաճ գնահատման։ Սա ակնհայտ է, օրինակ, Արմավիրի մարզում, որտեղ գյուղատնտեսական սրընթաց ընդլայնումն ու հողի շերտի խաթարումը զգալիորեն ազդել են հողի կենսաբազմազանության վրա»։

«Կարմիր գրքի» համաձայն՝ կենսաբազմազանության համար ևս մեկ լուրջ սպառնալիք է Սևանա լճի էկոհամակարգի խաթարումը և հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացումը, որն ազդում է լճի ջրի մակարդակի և ձկնապաշարների վրա, նվազեցնում ջրային պաշարները, ցամաքեցնում գետերի հուները և խաթարում ձկների բազմացումն ու տեղափոխման ուղիները։ Մի շարք տեսակներ՝ հատկապես փափկամարմիններն ու քաղցրահամ ջրերի խունջները, մանավորապես՝ Տրոշելի խխունջը, Ակրամովսկու շադինան, Լճային խխունջը, Կանոնավոր խխունջը գնահատվել են որպես ծայրահեղ վտանգված, ինչը նշանակում է, որ դրանց սպառնում է անհետացման մեծ վտանգ։

Քաղաքային տարածքների ընդլայնումն ու ենթակառուցվածքների զարգացումը հանգեցնում են բնական միջավայրերի զգալի փոփոխությունների և նույնիսկ կորստի։ Ամենից վտանգված տեսակների մեծ մասը շատ սահմանափակ տարածվածություն ունեն, բնակվում են Երևանի արվարձաններում։ Դրանց թվում են հայկական բնաշխարհիկ տեսակներ, ինչպիսիք են Բոգաչևի սևամարմինը, Ռիխտերի փղիկը և Զարմանահրաշ փղիկը, որոնք հանդիպում են հիմնականում Նուբարաշեն բնակավայրի շրջակայքում։

Կլիմայի փոփոխությունն անողնաշարավորների համար ևս մեկ խոշոր սպառնալիք է։ Հայաստանի «Կարմիր գրքում» նշվում է, որ այն կկրճատի տեսակների կենսամիջավայրերը, կփոխի ջրային ռեժիմները և կնվազեցնի ստորգետնյա ջրերի մակարդակը։ Մյուս հիմնական սպառնալիքների շարքում են գերարածեցումը, ուրբանիզացիան, ապօրինի ծառահատումները և թունաքիմիկատների օգտագործումը։

Շատ տեսակների դեպքում հիմնական վտանգները դեռևս բացահայտված չեն։

Անողնաշարավորների պահպանությանն ուղղված ջանքերի մասին խոսելիս Գասպարյանը կիսվում է Գերմանիայում գտնվող Վադդենի ծովի ազգային պարկ այցելության իր փորձով, որտեղ նրանք տարածում են «Փոքր հնգյակի» գաղափարը։ Այն նման է Աֆրիկայի «Մեծ հնգյակ» խոշոր կաթնասունների հայտնի նախաձեռնության գաղափարին, սակայն այստեղ ուշադրությունը կենտրոնացված է փոքր տեսակների վրա՝ խխունջ, ծովային որդ, ծովախեցգետին, խեցգետին և երկփեղկանի խեցեմորթ։

«Փոքր օրգանիզմների հիասքանչ միկրոաշխարհը բացահայտելն անհավանական և անմոռանալի փորձառություն էր,- ասում է նա,- Այս ստեղծարար մոտեցման միջոցով նրանք ներգրավում են այցելուներին՝ հնարավորություն տալով դիտարկել այդ տեսակները և պատմությունների միջոցով իրազեկել էկոհամակարգերում փոքր օրգանիզմների կարևոր դերերի մասին։ Կարծում եմ՝ նման գաղափար կարող ենք կիրառել նաև Հայաստանում՝ տարբեր օրգանիզմներ, օրինակ՝ միջատներ, սնկեր և այլ քիչ տեսանելի տեսակներ, դարձնելով տեղական «գերաստղեր», որպեսզի խթանենք հետաքրքրությունն ու հարգանքը կենսաբազմազանության նկատմամբ»։

Անողնաշարավորների վտանգվածությունն ու տեղական մակարդակում դրանց թվաքանակի նվազումն ընդունելը չափազանց կարևոր է, քանի որ այդ կորուստները նպաստում են անհետացման համաշխարհային միտումներին։ 

«Այս հաճախ անտեսված օրգանիզմների պաշտպանությունը պահանջում է հողերի կայուն կառավարում, կենսաբազմազանությանը նպաստող գործելակերպ և էկոհամակարգերի առողջությունն ու արդյունավետությունը պահպանելու գործում հողի կենսաբազմազանության դերի մասին տնտեսությունների իրազեկվածություն»,- ասում է Գասպարյանը։

Թոմաս վան Դորենն առաջարկում է ավելի շատ պատմել անհետացման եզրին գտնվող տեսակների, դրանց գործառույթների մասին։ Ըստ նրա՝ նման պատումները կարող են ընդլայնել մեր պատկերացումներն այն մասին, թե ինչ են նշանակում որոշակի տեսակների անհետացումները և ինչու են դրանք կարևոր,  թույլ տալիով ընդունել կորուստը, նույնիսկ սգալ։ Պատումները արժևորման ու պատասխանատվության նոր աշխարհներ են ստեղծում։

Այսպիսով, ինչպե՞ս ենք որոշում՝ ում սիրել։ Թերևս պատասխանը սկսվում է ուշադրությամբ ու մանրամասն ուսումնասիրելուց, անցյալի ծանոթ հանդիպումներն ու պատմությունները նորից հիշելուց։ 

Գուցե՝ վերապատմել մեր մանկության պատմություններն այլ դիտանկյունից։

Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի առանցքում գործերից խուսափող և, ի վերջո, աշխատասեր վաճառականի հետ ամուսնացող կնոջ պատմությունն է։ Բայց նույնքան կարևոր կերպար է նաև մորաքույրը, որը չափից շատ աշխատելուց բզեզ էր դարձել։ Միտումնավոր, թե մեկնաբանության արդյունքում՝ Թումանյանն այս տեսարանով ճանաչում է պատմության ամենաէական «աշխատավորներից» մեկին՝ անանուն, չդասակարգված մի բզեզի։ Մեկին, որը կարող էր լինել «Կարմիր գրքում» գրանցվածներից, կամ էլ միգուցե ոչ։

Մեր էջից

A Print Shop in Kapan Turns the Page for Former Inmates

Կապանի տպագրատունը նոր էջ է բացում նախկին դատապարտյալների համար

Լորի Յումշաջեքեան
Փտր 6, 2026

Կապանում գործող իր տեսակի մեջ եզակի տպարանը ներառման հազվադեպ ձևաչափ է առաջարկում։ Սոցիալական ձեռնարկությունը նախկին դատապարտյալների համար կայուն աշխատանքի հնարավորություն է ստեղծել՝ օգնելով նրանց վերագտնել հասարակության հետ կապերն ու ձերբազատվել դատապարտյալի խարանից։

Read more
A Viral Scandal and the Line Between Privacy and Public Interest

Աղմկահարույց բացահայտումների և անձնական կյանքի ու հանրային շահի սահմանը

Անուշ Բեգոյան
Նյմ 17, 2025

Որտե՞ղ է ավարտվում անձնական կյանքի գաղտնիությունը և սկսվում հանրային շահը։ Բարձրաստիճան հոգևորականի մասնակցությամբ տեսանյութի արտահոսքի առիթով Անուշ Բեգոյանը ներկայացնում է այն սկզբունքները, որոնք օգնում են տարբերակել իրավաչափ հանրային վերահսկողությունը աղմուկից ու շահարկումներից։

Read more
the last flue flower 215236

Երևանի վերջին տերեփուկը

Վաղինակ Ղազարյան
Նյմ 4, 2025

Քաղաքաշինության ծիրում կորած Դալմայի այգիների վերջին պատառիկների հիշողություններին ու այլակերպվող Երևանին է անդրադառնում Վաղինակ Ղազարյանը։

Read more
Armenia’s Balancing Act in a Multipolar World

Հայաստանի հավասարակշռումը բազմաբևեռ աշխարհում

Հովհաննես Նազարեթյան
Սպտ 25, 2025

Մինչ համաշխարհային գերտերությունները ձգտում են բազմաբևեռության, Հայաստանը բախվում է անորոշության։ Ռուսաստանի նահանջի և տարածաշրջանային շարունակական ճնշումների պայմաններում, Երևանը վարում է «հավասարակշռված և հավասարակշռող» արտաքին քաղաքականություն՝ խորացնելով հարաբերություններն ինչպես Արևմտյան երկրների, այնպես էլ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլոց հետ՝ իր անվտանգության և դիվանագիտության համարձակ վերակարգավորմամբ։

Read more
Law,_Power_and_Perception, Gor Samvel

Օրենք, իշխանություն և ընկալում. ընդլայնելով ​​դատական անկախ համակարգի շուրջ քննարկումը

Գոռ Սամվել
Սպտ 23, 2025

Դատական անկախությունը Հայաստանում պարզապես իրավակարգերի համակցություն չէ․ այն մշակույթի, ընկալման և գործելաոճի խնդիր է։ Գոռ Սամվելն ընդլայնում է քննարկման սահմանները՝ ուսումնասիրելով, թե ինչպես են օրենքը, բարոյականությունը և հասարակական ուժերը հատվում միմյանց հետ՝ միաժամանակ կոչ անելով իրականացնել խորքային գիտական հետազոտություններ՝ հասարակական ընկալումը փաստերի վրա հիմնված գիտելիքով ձևավորելու համար։

Read more

Հոդվածները լսեք ՁայնաԳիր

ՁայնաԳիր audio article
Մեկնաբանել

Comments 1

  1. Լիդիա says:
    5 ամիս ago

    Նյութը հրաշալի էր, ոգևորիչ և օգտակար։ Մի բան անհամադրելի էր այս նյութին` ձայնագիրը։ Դեռ բավական զարգացած չեն արհեստական բանականության հայերեն համակարգերը, որպեսզի օգտագործվի նման հոդվածներում։

    Reply

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ