EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Փտր 6, 2026

Կապանի տպագրատունը նոր էջ է բացում նախկին դատապարտյալների համար

Լորի Յումշաջեքեան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Երևանում «քսերոքս» գրությամբ ցուցանակը սովորաբար տանում է նկուղ՝ ցածր առաստաղներով ու սպիտակ լույսերով նեղ տարածք, որտեղ մի քանի մեքենաներ անընդհատ արտանետում են թանաքի ու տաք թղթի մետաղական հոտը։ Տպարանները հաճախ բաց են մնում մինչև ուշ գիշեր, աշխատողները ժամանակն անցկացնում են զրուցելով մեքենաների միօրինակ բզզոցի ու դղրդոցի ներքո, մինչ հաճախորդները երկար սպասում են հնացած համակարգիչների շուրջ։ Այս տարածքները կարող են փոքր-ինչ մռայլ և խառնակ թվալ, այնուամենայնիվ, վստահելի են։ Սակայն հարավի մի տպարան ստացել է բոլորովին այլ բնույթ:

Սյունիքի Կապան քաղաքի «Մետաքսե հնչյուն» տպագրատան աշխատակազմը նախկին դատապարտյալներ են։ Ամեն օր գործի են դնում տպագրական մեքենաները՝ պատրաստելով այցեքարտեր, պաստառներ և նույնիսկ տպագրում ամբողջական գրքեր։ Տպագրատունը «Հանուն ազատության» հասարակական կազմակերպության սոցիալական ձեռնարկատիրական նախաձեռնության մաս է։ Կազմակերպության հիմնադիրներն ու աշխատակիցները ևս նախկին դատապարտյալներ են։ Նպատակն է ցույց տալ, որ կայուն աշխատանքի և առօրյայի, ու, ամենակարևորը, հասարակության հետ շփվելու միջոցով նախկին դատապարտյալները կարող են վերադառնալ հասարակություն։

Փոքր տպարանը Հայաստանի առաջին քայլերից է, վաղուց հետազոտված ու հաստատված իրողության ընդ առաջ․ զբաղվածությունը կարևոր գործոն է՝ հասկանալու համար, թե արդյոք մարդը ազատազրկումից հետո կխուսափի կրկնահանցագործությունից և որքան հաջող կվերաներառվի հասարակություն ։ Ազատազրկման վերաբերյալ տասնամյակների հետազոտությունները, այդ թվում՝ Հայաստանում կատարված, ցույց են տվել, որ երկար տարիների մեկուսացումը խզում է սոցիալական կապերը, թուլացնում մասնագիտական հմտություններն ու ինքնավստահությունը, ինչի հետևանքով ազատության վերադառնալուց հետո մարդիկ հայտնվում են աշխատաշուկայից դուրս։ Բացի այդ, Հայաստանի արդարադատության համակարգը երկար ժամանակ եղել է միայն պատժիչ, այլ կերպ ասած՝ չի կենտրոնացել վերաներառման վրա, ինչի հետևանքով բանտի պատերից դուրս նախկին ազատազրկվածների հնարավորությունները սահմանափակվում են։

Բանտում գտնվելու ընթացքում և ազատ արձակվելուց հետո Հայաստանում՝ ինչպես նաև աշխարհի շատ այլ երկրներում, աշխատանք գտնելը չափազանց բարդ է։ Հայաստանի քրեակատարողական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին կեսին անազատության մեջ պահվող անձանց թիվն ավելացել է մոտ 240-ով՝ հասնելով շուրջ 1500 կալանավորի (դատավարության սպասողներ) և մոտ 1300 դատապարտյալի (պատիժ կրողներ)։ Անցյալ տարվա առաջին կեսին քրեակատարողական հիմնարկներում աշխատանք է ունեցել 230 ազատազրկված անձ, նշում է Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ Ցողիկ Ալեքսանյանը։ Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում նա շեշտում է, որ զբաղվածությունը ոչ միայն նվազեցնում է կրկնահանցագործության հավանականությունը, այլև ձևավորում է ֆինանսները տնօրինելու և պատասխանատվություն ստանձնելու կարևոր հմտություններ։ Այնուամենայնիվ, քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում աշխատելու հնարավորությունները քիչ են։

Իսկ ազատ արձակվելուց հետո նրանց սպասող իրականությունը, որպես կանոն, նույնն է․ գործատուները զգուշանում են քրեական անցյալ ունեցող մարդկանց աշխատանքի ընդունելուց։ 2016–2018 թվականներին պետական զբաղվածության կենտրոններ դիմած նախկին ազատազրկված 145 անձանցից միայն երեքն են կարողացել աշխատանք գտնել։ Նույն պատկերն է արձանագրվել նաև 2019-ի առաջին կեսին․ շուրջ 300 դատապարտյալ ազատ է արձակվել, սակայն պետական ծրագրերի միջոցով աշխատանք է ստացել կրկին ընդամենը երեքը։ Այս տվյալները ներկայացված են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության 2020-ի զեկույցում։ Հեղինակները թվերը գնահատել են «մտահոգիչ» և եզրակացրել, որ ազատ արձակվելուց հետո զբաղվածությանը միտված ծրագրերը «արդյունավետ չեն», իսկ դատապարտյալների վերաներառմանը խոչընդոտում է «հնարավորությունների պակասը… և հասարակության ու գործատուների կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքը»։

Հայաստանում քրեական արդարադատության համակարգի անցումը պատժիչ ձևաչափից վերականգնողականի դեռևս համեմատաբար նոր է։ Պրոբացիայի մասին օրենքն ընդունվել է միայն 2016-ին, ուստի մինչև վերջերս ազատազրկումը անպայմանորեն վերաներառման միտում չուներ։ Հայաստանի «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» վերլուծության համաձայն՝ դատապարտյալները տարիներ են անցկացնում «ճաղերի ետևում՝ առանց զբաղմունքի», ինչը քայքայում է նրանց մասնագիտական հմտությունները և թուլացնում արտաքին աշխարհի հետ կապերը։ Խնդիրները սրվում են ազատ արձակման պահին, երբ նախկին դատապարտյալները բախվում են աշխատաշուկային, որը կառուցվածքային առումով փակ է նրանց համար։ Ինստիտուտի տվյալներով՝ իրավախախտների զբաղվածության մակարդակն ու եկամուտներն արդեն իսկ ցածր են, սակայն սոցիալական խարանը խնդիրն ավելի է խորացնում։ 

«Հանուն ազատության» կազմակերպության հիմնադիրներն այս մարտահրավերները հասկանում են ավելի լավ քան շատերը քաղաքական որոշումներ կայացնողների շրջանակում։ Նախքան Հայաստանում միակ ՀԿ-ն ստեղծելը որը ղեկավարում են ներկա և նախկին դատապարտյալները, կազմակերպության փոխնախագահ և համահիմնադիր Արմենակ Դավթյանն ավելի քան հինգ տարի անցկացրել է քրեակատարողական հիմնարկում:  

Կազմակերպության նպատակը, ըստ Դավթյանի, նախկին ազատազրկվածների համար նոր սկիզբ ապահովելն է։ «Մենք պետք է հասարակությանն ասենք՝ այո, սխալվել ենք,- ասում է Դավթյանը,- Բայց դա վերջը չէ, կյանքը շարունակվում է»։

Իրենց առաջին ծրագրի շրջանակում ավելի քան 40 անձի են վերապատրաստել՝ տալով գործնական հմտություններ, ինչպիսիք են վարորդությունը, կարուձևը, տարբեր տարրական արհեստները: Սակայն, ինչպես նշում է կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը, ուսուցումն ինքնին մեկ խնդիր է, իսկ աշխատանք գտնելը՝ բոլորովին այլ։ Հենց այս գիտակցումն էլ խմբին մղեց ստեղծել մի ձևաչափ, որը հնարավորություն կտար աշխատաշուկայից դուրս մնացած մարդկանց ապահովել կայուն և վարձատրվող աշխատանքով։

Այսպես է ստեղծվել Կապանի տպարանը։ Այն անհնար է չնկատել փողոցից՝ վառ կանաչ ցուցանակն ու լայն ապակեպատ կամարաձև մուտքը, արդյունաբերական չափերի տպագրական մեքենաները։ Աշխատակիցները, որոնց մեծ մասը քսան-երեսուն տարեկան են, իսկ ոմանք՝ գրեթե դեռահասներ, ամաչկոտ ու բարեհամբույր են թվում։ Թեև տպագրական գործի մեջ դեռ քիչ փորձ ունեն, աշխատակազմը արդեն պատվերներ է ստանում ոչ միայն Գորիսից և Մեղրիից, այլև Երևանից, որտեղից նրանք նույնիսկ գրքի տպագրության պատվեր են ընդունել։

Աշխատանքը նախկին դատապարտյալներին ուղղակի շփման մեջ է դնում հաճախորդների հետ, ովքեր սկզբում զգուշավոր էին, բայց նաև հետաքրքրված, ասում է տպարանի տնօրեն Ներսես Խառատյանը։ 

«Երբ մարդիկ գալիս են, տեսնում են, որ ամեն ինչ սովորական է, հենց այդտեղից էլ սկսվում է փոփոխությունը,- ասում է Խառատյանը՝ խոսելով նախկին դատապարտյալների հանդեպ վերաբերմունքի մասին,- Փոփոխությունն այս աշխարհում ամենադժվար բաներից մեկն է, բայց այն սկսվում է մեկ մարդուց, հետո տարածվում ու ճյուղավորվում»։

Կայուն աշխատանք ունենալը նաև զգալիորեն նվազեցնում է կրկնահանցագործության հավանականությունը: Հայաստանում կրկնահանցագործությունների վերաբերյալ վերջերս կատարված հետազոտություններ չկան, ուստի նախաձեռնությունը որոշ առումով աշխատում է «անտեսանելի» խնդրի վրա։ Սակայն դա չի նշանակում, որ կրկնահանցագործություններ չեն լինում։ Ամենավերջին տվյալները 2010-ականների սկզբի են՝ ազատ արձակված մարդկանց մոտավորապես 16 տոկոսը կրկին հանցագործություններ է կատարել, ինչը բավականին ցածր ցուցանիշ է համեմատած Միացյալ Նահանգների հետ, որտեղ երեք տարվա ընթացքում դատապարտյալների մոտ երկու երրորդն է կատարել կրկնահանցագործություն։ Այդուհանդերձ, տպարանի գլխավոր նպատակն ավելի սոցիալական է՝ նախկին դատապարտյալներին դարձնել հասարակության լիարժեք և օգտակար անդամներ։

Դատապարտյալների համար նման հնարավորությունները հազվադեպ են։ Մի կազմակերպություն օգնում է զարգացնել ստեղծագործական հմտություններ, որպեսզի ներկա և նախկին դատապարտյալները կարողանան իրենց ձեռագործ իրերը վաճառել առցանց։ Մեկ այլ կազմակերպություն երկու քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներին առաջարկում է անհատական ​​աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում։ Սակայն այլ լայնածավալ նախաձեռնություններ հիմնականում չկան։

Տպարանն իր տեսակի մեջ առաջինն է Կապանում ոչ միայն այն հանգամանքով, որ այստեղ աշխատում են նախկին դատապարտյալներ, այլև, որ Կապանում նախկինում նման սարքավորումներով հագեցված տպարան չկար, ասում է Խառատյանը: Մասնագիտությամբ ուսուցիչ Խառատյանը նշում է, որ եթե ինքը կարողացավ դասասենյակից անցնել արդյունաբերական տպագրատան, ապա իր կողքին աշխատող նախկին դատապարտյալներն էլ կարող են սովորել այս մասնագիտությունը։

«Այստեղ ցանկացած մարդ կարող է մասնագետ դառնալ, — ասում է նա ,- Ինձ համար էլ դժվար էր, բայց դժվարությունները հաղթահարելի են»: 

Խառատյանի կարծիքով նախկին դատապարտյալների և հաճախորդների շփումը ստիպում է փոքր-ինչ վերանայել վերաբերմունքը։ Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ ենթադրում են, որ քրեական անցյալը հավերժ բնութագրիչ է, սակայն տպարանը կոտրում է այս կարծրատիպը։ Աշխատակիցները կարող են ցույց տալ, որ ունակ են, վստահելի և պատրաստ են վերադառնալ առօրյա կյանք։

«Բանտում գտնվելը վերջնական դատավճիռ չէ ,- ասում է նա ,- Դա չի նշանակում, որ մարդը չի կարող հասարակության լիիրավ անդամ լինել»։

Տես նաև

Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

disability in prison

«Ընտրել եմ ապրելը»․ հաշմանդամություն ունեցողներն անազատության մեջ

Աշխատանքն ու կրթությունը բանտում

Աշխատանքն ու կրթությունը բանտում

Astghik Karapetyan, Motherhood Behind Bars

Մայրությունը՝ ճաղերի հետևում

Մարդ և հասարակություն

the last flue flower 215236

Երևանի վերջին տերեփուկը

Վաղինակ Ղազարյան
Նյմ 4, 2025

Քաղաքաշինության ծիրում կորած Դալմայի այգիների վերջին պատառիկների հիշողություններին ու այլակերպվող Երևանին է անդրադառնում Վաղինակ Ղազարյանը։

Read more
Գոհար Աբրահամյան, Բուժօգնություն. երբեմն անվճար ու արտոնյալ, երբեմն անհասանելի

Բուժօգնություն. երբեմն անվճար ու արտոնյալ, երբեմն անհասանելի

Գոհար Աբրահամյան
Փտր 7, 2025

Ի՞նչ ծառայություններ է ներառում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը և ովքե՞ր կարող են օգտվել, ի՞նչ խնդիրներ ունի համակարգն ու ո՞րն է տեսլականը։

Read more
Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Արսեն ԱբրահամյանևՏիգրան Ամիրյան
Նյմ 28, 2024

Ֆիրդուսի ճարտարապետությունը ոչ միայն ժողովրդական էր, այլև՝ արդյունք էր պայմանավորվածությունների, համակեցության և համաստեղծարարության։ Ֆիրդուսի յուրաքանչյուր տան ավերումը վնասում է ոչ միայն առանձին կետին, այլև՝ Ֆիրդուսի ողջ մարմնին ու հիշողության տարածական ցանցին։

Read more

Հոդվածները լսեք ՁայնաԳիր

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ