
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Վերլուծաբանների շրջանում գնալով ավելի է ամրապնդվում համոզումը, որ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռություն, որտեղ խոշոր տերությունները, իսկ որոշ չափով նաև տարածաշրջանային դերակատարները, ավելի վճռական են ներկայանում իրենց գործողություններում։ Սա հաճախ բերում է ավելի մեծ անորոշության ու անկայունության, հայաստանի նման փոքր պետություններին, ավելի խորը քաշելով աշխարհաքաղաքական տատանումների տիրույթ։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կորստից ու էթնիկ զտումից հետո, Ադրբեջանի հետ շարունակվող ռազմական անհամամասնության պայմաններում, և տեսնելով Ռուսաստանի հարաբերական նահանջը Հարավային Կովկասից, Հայաստանը փորձում է հարմարվել նոր իրողություններին։ Վերջին տարիներին Երևանի քաղաքական ճիգերը միաժամանակ ուղղվել են և՛ առկա գործընկերությունների խորացմանը, և՛ նորերի ձևավորմանը՝ տարբեր եռանդով, խորությամբ ու արդյունքով։
Երբ Երևանն ու Բաքուն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը հարաբերությունների կարգավորման համատեղ հռչակագրի կնքմամբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին, վերլուծաբանները սկսեցին գնահատել դրա գործնական նշանակությունը: Գերակշռող տեսակետն այն է, որ այդ քայլը նվազեցրել է մոտ ապագայում Ադրբեջանի հարձակման վտանգը։ Բայց՝ կդառնա՞ դա նաև երկարատև խաղաղության հիմք՝ դեռ պարզ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Նրա ձևակերպմամբ՝ օգոստոսի 8-ի հռչակագիրն իր կառավարության «բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության» «գործնական իրականացումն է»։ Այս ձևակերպումը նա վերջին տարում կիրառել է մի քանի անգամ, երբ Երևանը փորձել է բազմազանեցնել իր դիվանագիտական ու անվտանգային հարաբերությունները։
Ռուսաստանի հետ կապերն անցումային շրջանում
Փաշինյանն այդ հավասարակշռված և հավասարակշռող ձևակերպումն առաջին անգամ օգտագործեց 2024-ի սեպտեմբերի կեսին, մոտ երկու շաբաթ անց, ինչ հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովին։ Թեև այս քայլը զարմացրեց շատերին, սակայն այն նպատակ ուներ մեղմել Մոսկվայի հետ լարվածությունը և համագործակցել ոչ արևմտյան այլ տերությունների հետ:
Չնայած Երևանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն խուսափում է պաշտոնապես դուրս գալ Ռուսաստանի ղեկավարած ռազմական դաշինքից՝ զգուշանալով Մոսկվայի հետ լարվածության սրումից։ Միևնույն ժամանակ, չնայած արտաքին և անվտանգային քաղաքականության ընդհանուր արևմտամետ ուղղվածությանը, հայ պաշտոնյաները բազմիցս վստահեցրել են, որ Երևանը դուրս չի գա Եվրասիական տնտեսական միությունից։ Թեև ռուսական ներկայությունը նվազել է Երևանի միջազգային օդանավակայանից և Իրան-Հայաստան սահմանի միակ անցակետից Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ/ՖՍԲ) դուրսբերմամբ, Գյումրու ռուսական բազան փակելու մասին դեռևս էական խոսակցություններ չկան։ Այլ կերպ ասած, Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ չեն հասել անդառնալի կետի՝ չնայած տարածաշրջանում ռուսական ներկայության տեսանելի նվազմանը։ Տնտեսական կապերը, մասնավորապես՝ առևտուրը, շարունակում են մնալ նշանակալի։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո Երևանը շարունակեց մեղմել լարվածությունն իր նախկին դաշնակցի հետ։ Հունվարին, 2023 թվականի հուլիսից հետո առաջին անգամ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելեց Մոսկվա։ Սա այդ ընթացքում Սերգեյ Լավրովի հետ երկրորդ ուղիղ շփումն էր՝ մեկ հեռախոսազրույցից բացի։ Մոսկվայում Միրզոյանը կոչ արեց «բաց և կառուցողական երկխոսության»։ Լավրովը պատասխանեց՝ մայիսին այցելելով Երևան, որին հաջորդեց Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը հունիսին։ Հուլիսի կեսերին Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները բնութագրեց որպես վերափոխման հանգրվանում գտնվող, պնդելով, որ դրանք «պետք է լինեն լավ […] շատ ավելի լավ, քան մենք նախկինում ունեցել ենք»։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումն արտացոլում է հանրային տրամադրության որոշակի մեղմացում: Հունիսին հարցվածների 43 տոկոսը Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը գնահատել է «լավ», ինչը 2023 թվականի վերջին գրանցված 31 տոկոսի համեմատ բարձր ցուցանիշ է: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի՝ որպես քաղաքական սպառնալիքի ընկալումը նույնպես նվազել է՝ 40 տոկոսից հասնելով 27 տոկոսի:
Ավելի ջերմ հարաբերություններ հարևանների հետ
Հունվարին Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի կնքման հաջորդ օրը Փաշինյանը զուսպ շարունակեց պնդել, որ իր կառավարության մոտեցումը «հավասարակշռող» է։ Սոցցանցերում իր գրառման մեջ նա հատուկ առանձնացրեց Հայաստանի չորս հարևանների (Իրան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան), Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունները:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները, որոնք ընթանում են 2022-ից, դեռևս շոշափելի արդյունքներ չեն տվել: Վաշինգտոնում եռակողմ հռչակագրի ստորագրումից օրեր անց Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը հույս էր հայտնել, որ «պայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբևէ նպաստավոր է»: Էրդողանն իր հերթին նշել էր, որ քննարկումները «կշարունակվեն տեխնիկական մակարդակում՝ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար»։ Պարզ չէ՝ արդյոք այս նկատվող աշխուժությունը կվերածվի երկար սպասված սահմանների բացման։ Երկու երկրները դեռ 2022-ի հուլիսին պայմանավորվել էին «հնարավոր ամենասեղմ ժամկետներում» թույլ տալ երրորդ երկրների քաղաքացիներին հատել իրենց ցամաքային սահմանը։ Այդ պայմանավորվածությունն առ այսօր կյանքի չի կոչվել։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին այցելեց Հայաստան՝ կարգավորման հերթական փուլին մասնակցելու համար։ Որևէ առաջընթաց չգրանցվեց, սակայն կողմերը վերահաստատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցին ավելացնել երկու երկրների միջև թռիչքները։ Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հստակ ընդգծեց, որ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը և Ադրբեջանը վերջնականապես ստորագրեն խաղաղության պայմանագիրը։
Հայաստանի հարաբերությունները հարավային հարևան Իրանի հետ, թեև զերծ չեն տարաձայնություններից, մնում են առողջ։ Վաշինգտոնյան համաձայնագրերի ստորագրումից երկու շաբաթ անց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելեց Երևան, որտեղ նա և Փաշինյանը համատեղ հռչակագիր հրապարակեցին՝ համաձայնելով երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այցի նախօրեին արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկկողմ հարաբերությունները բնութագրել էր որպես «բնական դաշնակիցներ», որոնց շահերը «ավելի ու ավելի են միահյուսվում»։ Իրանի արձագանքը Հայաստանի արևմտյան ներգրավվածությանը երկակի է եղել։ Մինչ կառավարության չափավորական գործիչները, այդ թվում՝ նախագահ Փեզեշքիանը, մեծ մասամբ ողջունել են ինչպես Վաշինգտոնյան հռչակագիրը, այնպես էլ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, նրանք միաժամանակ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ամերիկյան ներկայության աճի վերաբերյալ։ Իրանի կոշտ դիրքորոշման կողմնակիցները, ինչպես և կանխատեսելի էր, ամբողջությամբ դատապարտել են նախաձեռնությունը։
Ըստ Փաշինյանի՝ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի խորացող համագործակցությունն ազդեց 2024-ի հունիսին Պաղեստինը պաշտոնապես ճանաչելու Երևանի որոշման վրա։ Այս դիվանագիտական քայլը հայաստանի տարածաշրջանացման քաղաքականության արտահայտություն էր: Դիվանագիտական վերջին շփումները ցույց են տալիս, որ Երևանն իսկապես առաջնահերթություն է տվել արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պարսից ծոցի երկրներին։
Կառավարվող շրջադարձ դեպի Ասիա
Հայաստանի՝ դիվանագիտական և անվտանգային կապերը բազմազանեցնելու ջանքերի կարևոր բաղադրիչներից է կառավարվող շրջադարձը Ասիա։ Հատկանշական է, որ Հնդկաստանը դառնում է անվտանգության ոլորտում նշանակալի գործընկեր՝ հիմնականում սպառազինության ձեռքբերման հարցում։ Երևանի և Նյու Դելիի ընդլայնվող հարաբերությունները Ֆրանսիայի և Հունաստանի հետ միասին քառակողմ համագործակցությունն ավելի հավանական է դարձնում:
Երևանը նկատելի առաջընթաց է գրանցել Ղազախստանի հետ հարաբերությունների զգալի բարելավման ուղղությամբ, և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այդ հարաբերությունները բնորոշել է որպես ռազմավարական։ Վերջերս դեսպանների հետ հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը շեշտել է ասիական երկրների հետ հարաբերությունների կարևորությունը՝ մասնավորապես առանձնացնելով Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը և Ղազախստանը, և ընդգծել Հարավարևելյան Ասիայի հետ տնտեսական դիվանագիտության «ակտիվացման» անհրաժեշտությունը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանում աճել է դեպի Ասիա շրջադարձի կարևորության ըմբռնումը:
Թեև վերջին տարիներին Երևանի քաղաքական հարաբերությունները Չինաստանի հետ որոշ չափով սառն էին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի վերջին մեկնեց Պեկին՝ իր չինացի գործընկեր Վան Յիի հետ հնարավոր ռազմավարական գործընկերության հաստատման հարցը քննարկելու։ Պեկինում Հայաստանի դեսպան Վահե Գևորգյանը Հանրային հեռուստատեսությանը հայտնել էր, որ բազմաբևեռ նոր աշխարհի պայմաններում Չինաստանի դերը «ստեղծել է բարենպաստ միջավայր» հարաբերությունների զարգացման համար։ Ռազմավարական գործընկերությունը պաշտոնապես հաստատվեց օգոստոսի 31-ին՝ Չինաստանի Թիենծին քաղաքում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ընթացքում՝ Փաշինյան-Սի հանդիպմամբ։
Պեկինի և Վաշինգտոնի կապերը կարող են լարված լինել, բայց զարգացող աշխարհի մեծ մասը պարտադրված չէ ընտրություն կատարել կողմերից մեկին «միանալու» հարցում՝ առնվազն այսօրվա դրությամբ։ Եթե Երևանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրի Պեկինի հետ, այն կլինի Հարավային Կովկասի երեք պետություններից վերջինը։ Վրաստանը ստորագրեց 2023-ի օգոստոսին, իսկ Ադրբեջանը՝ մեկ տարի անց՝ 2024-ի հուլիսին։ Այժմ Բաքուն ձգտում է պաշտոնականացնել ռազմավարական կապերը Վաշինգտոնի հետ, ինչն արեց Թբիլիսին 2009-ին, իսկ Երևանը՝ այս հունվարին։
Հուլիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Երևանը ցանկություն է հայտնել անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։ Հայաստանն այժմ կազմակերպության շրջանակներում երկխոսության գործընկեր է, կարգավիճակ, որը պաշտոնապես ձեռք է բերել 2016-ին։ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը մասնակցեց ՇՀԿ գագաթնաժողովին Թիենծինում, սակայն Հայաստանի անդամակցության հայտն արգելափակեց Պակիստանը՝ չնայած գագաթնաժողովի ընթացքում կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Նույն կազմակերպությունում Բաքվի հայտն էլ արգելափակել էին Հնդկաստանն ու Ռուսաստանը։
ԵՄ-ն դեռևս առաջնահերթությո՞ւն
Մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք՝ պաշտոնականացնելով Եվրամիությանը (ԵՄ) միանալու Երևանի մտադրությունը։ Աջակիցները դա գնահատեցին որպես պատմական քայլ։ Փաշինյանը կոչ արեց ԵՄ-ի հետ սկսել բանակցություններ՝ հարաբերությունները խորացնելու ճանապարհային քարտեզի շուրջ և հավելեց, որ մինչ այդ Հայաստանը որևէ այլ գործողություն չունի անելու։ Նա կրկին ներկայացրեց դա որպես իր կառավարության վարած «բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության» մաս։ Թեև անդամակցությունը մնում է երկարաժամկետ նպատակ, Երևանն ու Բրյուսելն առաջ են մղում վիզաների ազատականացման գործընթացը։ Դաշինքի շրջանակներում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի ամենահաստատակամ աջակիցը՝ ռազմավարական գործընկերությունը պաշտոնապես ամրագրելու ծրագրերով։ Պաշտպանության ոլորտում համագործակցությունը Փարիզի հետ, ինչպես Նյու Դելիի դեպքում, գնալով ավելի համապարփակ է դառնում։
Երբ անցած հոկտեմբերին հաստատվեց Փաշինյանի մասնակցությունը ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, հայ պաշտոնյաները շեշտեցին, որ դա չի խոչընդոտի Հայաստանի ներառումը ԵՄ-ին՝ ընդգծելով, որ ԲՐԻԿՍ-ին լիարժեք անդամակցությունը Երևանի օրակարգում չէ։ 2025-ի մարտին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի հստակեցրեց Երևանի դիրքորոշումը՝ նշելով, որ Հայաստանը կազմակերպությունում հետաքրքված է միայն դիտորդի կարգավիճակով։
Փաշինյանի կառավարության ձեռնարկած բազմազանեցման ջանքերն ամենահամարձակ փորձն են Հայաստանի անկախացումից ի վեր։ Մինչև 2022-ը Ռուսաստանը պահպանել էր Հայաստանի առանցքային դիվանագիտական և անվտանգային դաշնակցի կարգավիճակը՝ աննշան տատանումներով։ Քանի դեռ Մոսկվան ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի պատերազմում, Երևանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցում է ավելի մեծ եռանդով, քան երբևէ։
Այս վերադասավորումը, չնայած լրատվամիջոցների ներկայացմանը, միայն Արևմուտքի ուղղությամբ չի եղել։ Ինչպես վկայում են Իրանի և Հնդկաստանի հետ ավելի ու ավելի կարևորվող հարաբերությունները, ինչպես նաև արաբական աշխարհի, Ղազախստանի և այժմ արդեն նաև Չինաստանի հետ վերսկսված համագործակցությունը, Երևանը նաև ձգտում է պահպանել բարեկամական կապերը չեզոք և ոչ արևմտյան երկրների հետ։ Թե արդյոք այս «հավասարակշռված և հավասարակշռող» ուղին կկարողանա պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, դեռևս անորոշ է և մեծապես կախված է արտաքին գործոններից՝ Ուկրաինայի պատերազմից մինչև ԱՄՆ-Չինաստան լարվածության աճը, ինչը դուրս է Հայաստանի վերահսկողությունից։
Քաղաքականություն
Սահմանադրական փոփոխությունները և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Հունաստանի և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության միջև տասնամյակներ տևած վեճը լուծվեց Պրեսպայի համաձայնագրով, որը պահանջում էր սահմանադրական հոդվածների և նախաբանի փոփոխություններ։ Ադրբեջանը ևս Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություններ, սակայն արդյոք հնարավոր է հարցը լուծել Պրեսպայի օրինակով՝ մեկնաբանում է Ջորջ Մենեշեանը։
Read moreԻրանի ռազմավարական անորոշությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա
Իրանի շուրջ զարգացումները կարող են ուղղակիորեն ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի անվտանգության վրա։ Թեև Իրանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն իր հարաբերությունները Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ ու հնարավոր նոր ռազմական բախումներն անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել նաև Հայաստանի համար։
Read moreՀեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը
Ադրբեջանը դասագրքերի, մանկական գրականության և ակադեմիական ծրագրերի միջոցով հաստատել է այն գաղափարը, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից հետո նոր թափ առած այս խոսույթը արտահայտում է ծավալապաշտական ձգտումներ, որոնք տարածվում են Ղարաբաղյան հակամարտությունից անդին։
Read moreԿարծիք
Արդարադատություն խաղաղության համաձայնագրից հետո
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հոդվածներից մեկի համաձայն` կողմերը պետք է դադարեցնեն միմյանց դեմ բոլոր միջազգային դատական գործերն ու նորերը չսկսեն: Սակայն արդարադատության հասնելու այլ տարբերակներ էլ կան, որոնց անդրադարձել է իրավաբան Գաբրիել Արմաս-Կարդոնան:
Read moreԻ՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ
Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը, գրում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնություններին։
Read more






