
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Հայաստանում դատական համակարգի անկախ չլինելու մասին պնդումները դժվար թե զարմանք կամ կասկած առաջացնեն։ Տարածված կարծիք է, այն որ դատական համակարգը լի է կաշառակերներով, անկախ չէ և հանրության վստահությունը չի վայելում։ Սակայն որքանո՞վ են այդ ենթադրությունները ճիշտ։ Փորձագետների կարծիքները, անձնական փորձառությունները և եզրահանգումները հանգամանալից են և կարևոր, սակայն գիտական ապացույց չեն։ Դատական անկախությունը կարող է գիտականորեն ուսումնասիրվել և՛ որպես հասկացություն, և՛ որպես սոցիալական հանձնառույթ: Միայն մանրակրկիտ հետազոտությունների միջոցով է հնարավոր հայկական պետությունը կեղեքող հարցի վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմել։ Որքանով տեղյակ ենք՝ նման ուսումնասիրություն դեռևս չի իրականացվել։
Հոդվածի համոզմունքն է, որ Հայաստանի դատական անկախությունն արժանի է գիտական հետազոտության, քանի որ փորձառական հետազոտությունը կարող է մարտահրավեր նետել հանրային խոսույթում արմատավորված պատկերացումներին ու վերաբերմունքներին։ Տրամաբանությունը պարզ է․ դատական համակարգի ընտրովի քննադատությունը՝ առանց առարկայական հղումների, խաթարում է պետության օրինականության և հեղինակության հանրային ընկալումը։ Վերապահորեն է պետք վերաբերվել, երբ որևէ մեկը՝ անկախ կոչումից կամ մասնագիտությունից, հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանի դատական համակարգն անկախ չէ։ Ավելին, դատական համակարգը միայն անկախությունը չէ. նույնքան կարևոր է քաղաքական պարունակը, կառավարման արդյունավետությունը և հիմնավոր օրենսդրությունը։
Թող չթվա, թե ես պաշտպանում եմ Հայաստանի դատական համակարգը ենթադրաբար «անհիմն» հարձակումներից։ Ամենևին։ Ես նույնիսկ չգիտեմ, թե դատական համակարգը նույնիսկ հոժար է գիտական ուսումնասիրության՝ հաշվի առնելով շարունակական քննադատությանն ի պատասխան լռությունը։ Ինձ այլ բան է հետաքրքրում․ ընթերցողին առաջարկել մասնագիտական դիտանկյուն մի բանավեճում, որը քաղաքականացվել և կտրվել է համապատասխան գիտակարգից։
Նոր դիտանկյուն առաջարկել, նշանակում է անդրադառնալ քննարկվող հարցի օրենսդրական պարունակին և վիճելի հարցերին։ Կանդրադառնամ գիտական գրականությունը, որը սահմանում և չափում է դատական անկախությունը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է Հայաստանում ընթացող բանավեճը շահել ավելի նրբերանգված, տեղեկացված և ի վերջո՝ ավելի հասուն մոտեցում որդեգրելուց։
Օրենքն ու բանավեճը
Իրավագիտության դասագրքերը դատական անկախությունը նկարագրում են որպես քաղաքական մշակույթի առանձնահատկություն, հիմնականում ազատական ժողովրդավարություններում, որտեղ ազդեցիկ դերակատարներն անտեղի չեն միջամտում դատական համակարգի գործունեությանը: Այդ դերակատարները կարող են լինել գործադիր և օրենսդիր իշխանության մարմինները, լրատվամիջոցները, մասնավոր կազմակերպությունները, դատավարության մասնակիցները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հասարակական կարծիքի վրա ազդող անհատները։ Ցանկն ամբողջական չէ (տե՛ս դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի դատական անկախության հիմնական սկզբունքները կամ դատական համակարգի անկախության վերաբերյալ ՄԻԵԴ-ի տեղեկատվական թերթիկը):
Դատական անկախությունը պետք է պաշտպանված լինի նաև հասարակական կարծիքի ճնշումից և երբեմն նույնիսկ իրավական սահմանափակումներից: Մոնտեսքյոյի և Լոքի ձևակերպած իշխանությունների բաժանման և որոշումների ինքնուրույնության այս սկզբունքները ներառված են Հայաստանի Սահմանադրությունում, Դատական օրենսգրքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում։ Դրանք ամրագրում են իշխանությունների բաժանումը (Սահմանադրության 4-րդ հոդված), դատական իշխանության անկախությունը (Սահմանադրության 162-րդ, 164-րդ, 173-րդ հոդվածներ, ինչպես նաև Դատական օրենսգրքի 7-րդ հոդված), դատավորների պաշտոնավարումը (Դատական օրենսգիրք՝ 56-րդ հոդված), դատավորների նշանակման ընթացակարգերը (Սահմանադրության 165-րդ, 166-րդ հոդվածներ), անաչառությունը խթանող սոցիալական և տնտեսական երաշխիքները (Սահմանադրության 164-րդ հոդված, Դատական օրենսգրքի 57-59-րդ հոդվածներ) և այլ համապատասխան երաշխիքներ:
Սակայն այս սահուն ու հնչեղ դասագրքային սահմանումներից և իրավական դրույթներից անդին իրականությունը անհամեմատ ավելի բարդ է։ Իրականության մեջ սահմանադրական և այլ իրավական երաշխիքները ծառայում են միայն որպես ելակետեր։ Չնայած բազմաթիվ իրավական բարեփոխումներին (տե՛ս, օրինակ, Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը), կոռումպացված դատական համակարգի ստվերը Հայաստանի քաղաքական համակարգը հետապնդում է անկախությունից ի վեր։
Այս հարցը հատկապես արդիական դարձավ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ «դատական համակարգի նկատմամբ վստահության ցածր մակարդակը 2018-ի իրադարձությունների պատճառներից մեկն էր»։ Քննադատները պնդում են, որ հեղափոխությունից հետո կառավարության կողմից դատավորների համապարփակ զտում (վեթինգ) իրականացնելու անկարողությունը Հայաստանի դատական համակարգի կառուցվածքային խնդիրները լուծելու, այդ թվում՝ նրանց կապերը չընտրված նախահեղափոխական վերնախավերի հետ հասցեագրելու բաց թողնված հնարավորություն էր։
Կառուցվածքային խնդիրները՝ ներառյալ դատական վարույթների երկարաձգված ընթացքը, հնարավորությունների պակասը, արդարադատության համակարգում առկա խնդիրները և չափից շատ ծանրաբեռնվածությունը, արձանագրվել են ներքին և միջազգային տարբեր զեկույցներում։
Կառուցվածքային խնդիրներից և զտման վերաբերյալ քննարկումներից զատ, դատական համակարգը ներքաշվեց քաղաքական բուռն վեճերի մեջ։ Նախ 2019-ին, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու Երևանի դատարանի որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ով կոչ արեց քաղաքացիներին ամբողջ երկրում արգելափակել դատարանների շենքերը: Եւ վերջին տարիներին հակակոռուպցիոն դատարանները հայտնվեցինլրատվամիջոցների և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, քանի որ գործող իշխանությունը խստացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրության կիրառումը։
Հնարավոր չէ ներկայացնել Հայաստանի դատական համակարգի շուրջ տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ամբողջական պատկերը։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս ընդհանուր ակնարկից հստակ միտում է ի հայտ գալիս․ դատական համակարգի վերաբերյալ հանրային քննարկումները հիմնականում կենտրոնանում են բարձրաստիճան քաղաքական գործիչներին առնչվող դատական գործերի և ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբաշխման շուրջ։ Թեև հենց այս գործերն են ամենանշանակալից փորձությունը դատական անկախության համար, երբ դատարանները բախվում են քաղաքական ուժի ճնշմանը, դրանք, ամենայն հավանականությամբ, կազմում են դատարանների ընդհանուր վարույթների ընդամենը 2-3 տոկոսը։ Միևնույն ժամանակ, տարբեր գործիչների զեկույցներն ու կարծիքները, սովորաբար, անդրադառնում են դատական անկախության առանձին իրավական դրույթներին կամ հայեցակետերին: Առանց կասկածի տակ դնելու նման դեպքերի վավերականությունը՝ պետք է նշել, որ դրանց հիմքում ընկած չափանիշներն ու դատական եզրակացությունների ընդհանրացումը համայն համակարքի վրա ակնհայտ է։ Պարզ ասած, եթե դատական համակարգը չի կարողանում երաշխավորել արդար դատավարություն 30 դեպքերից երկուսում, սրանք մնում են մեկուսացված դեպքեր: Չնայած անօրինական են և պահանջում են շտկում, դրանք չեն կարող արդարացնել այն պնդումները, որ դատական համակարգը ձախողել է արդար դատավարություն ապահովելու իր հիմնական գործառույթը:
Կարևոր է պարզաբանել, որ դատական անկախության վերաբերյալ այս մտորումները ավելի համապարփակ են քան «հեռախոսային արդարադատությունը» կամ խորը արմատացած կաշառակերությունը, որտեղ որոշումները կայացվում են ամենաբարձր գին առաջարկողի օգտին: Եթե հետազոտությունները ցույց տային, որ նման գործելակերպը լայնորեն տարածված է, ապա խնդիրը կլիներ ոչ թե դատական անկախության չափը, այլ այն, թե արդյոք, առհասարակ, դատական համակարգ գոյություն ունի: Հայաստանի պարագայում նման ելքը քիչ հավանական է, քանի որ դատական գործերի աճը վկայում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման մասին։
Դատական անկախություն
Ի տարբերություն դասագրքային ընդունված պնդումներին, դատական անկախությունը ոչ թե որպես բացարձակ, այլ շարահար երևույթ է։ Այն երբեմն հաստատուն անկախություն ունի, երբեմն էլ՝ անկախությունը կարող է տատանել։ Ըստ Թոմ Քլարկի մեկնաբանության՝ «…հարցն այն է, թե որքան մեծ է քաղաքական ճնշումը դատական համակարգի վրա և ինչպես է դատական համակարգն արձագանքում այդ ճնշմանը»։ Ժողովրդավարական համակարգերում դատավորների քաղաքական նշանակումները երաշխավորում են, որ «…դատական համակարգը, ի վերջո, համահունչ մնա մեծամասնության վերաբերմունքներին և գաղափարական կողմնորոշումներին»։ Այնուամենայնիվ, բարձրագույն դատարանները շարունակում են կրել պատասխանատվություն՝ միջամտելու փոքրամասնությունների և պատմականորեն անտեսված խմբերի իրավունքների պաշտպանության համար։
Դատավորները, հատկապես բարձրագույն դատարաններում, գործում են ռազմավարական իշխանության շրջապտույտում՝ շարունակաբար գնահատելով իրենց հարաբերական ազդեցությունը մյուս իշխանական կենտրոնների նկատմամբ։ Այս պարունակում, դատական մարմինները երբեք ամբողջովին անկախ չեն․ «նույնիսկ, երբ սահմանադրական սկզբունքներով և համակարգային կառուցվածքով տարանջատված են քաղաքական ճյուղերից»: Խիստ իրավակարգերի և ուղղակի քաղաքական միջամտության միջև գոյություն ունի համակարգային փոխազդեցության մոխրագույն գոտի, որտեղ դատարանները կարող են կայացնել որոշումներ, բայց հաճախ հաշվի առնելով այդ որոշումների հնարավոր՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հետևանքները։ Այսպիսով, լայն քաղաքական միջավայրը դառնում է այն հիմքը, որի վրա իրացվում են բոլոր լիազորությունները՝ ներառյալ դատական իշխանությունը։
Իսկ որտե՞ղ է օրենքի տեղը քաղաքականության մեջ։ Պատասխանն այն է, որ օրենքը գոյություն ունի թե՛ դատարանների ներսում, թե՛ դատարաններից դուրս՝ երբեմն համընկնելով, երբեմն՝ վերահսկելով կամ անգամ զիջելով քաղաքականությանը։ Ինչպես նշել է Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի միակողմանի անկախության հռչակման վերաբերյալ 2010-ի խորհրդատվական կարծիքում՝ այն հանգամանքը, որ դատարանի քննության առարկան ունի քաղաքական բաղադրիչ, չի զրկում այն իր իրավական բնույթից։
Վերոնշյալ ընդհանուր ձևակերպումներից ելնելով՝ դատական անկախության վերաբերյալ ընկալումները չպետք է լինեն այնքան բևեռացված, երկակի և մերժողական, ինչպես հաճախ հայաստանյան հանրային խոսույթում է։
Չափելով դատական անկախությունը
Եթե անկախությունը շարահար է, ապա ինչպե՞ս կարելի է որոշել, թե ի՞նչ փուլում է տվյալ համակարգը։ Դատական անկախության չափման դասական մոտեցումն ուսումնասիրում է համակարգի իրավական (de jure) և փաստացի (de facto) անկախությունը։ Իրավական անկախության գնահատումը կենտրոնանում է օրենքներով սահմանված կառուցվածքի և երաշխիքների վրա, մինչդեռ փաստացի անկախությունը վերաբերում է այդ երաշխիքների գործնական կիրառմանը, դատավորների անկախ վարքագծին և այն հասարակական արդյունքներին, որոնք հնարավոր են, երբ դատական համակարգը անկախ է։
Դատական իշխանության իրավական անկախությունը չափելու ցուցանիշները ներառում են դատարանների կազմակերպչական ինքնուրույնության, ֆինանսավորման, համակարգի կառավարման, դատավորների նկատմամբ կարգապահական միջոցների և ներքին անկախության կանոնները։ Իսկ փաստացի անկախությունը կարող է գնահատվել դատական որոշումների կատարմամբ, մասնավորապես՝ քաղաքական գործիչների համար «անհարմար» որոշումների, ինչպես նաև հանրային ընկալումների և դատարաններից օգտվողների՝ օրինակ՝ հայցվորների կարծիքների հիման վրա։
Այս անդրադարձը չի կարող լիովին ընդգրկել ամբողջ իրավական համակարգում դատական անկախության վերաբերյալ ուսումնասիրությունները։ Բավական է նշել, որ Հայաստանում արդեն իսկ առկա են բազմաթիվ փորձագիտական և գիտական քննարկումներ դատական անկախության իրավական տարբեր կողմերի վերաբերյալ։ Սակայն այն կանոնակարգային անորոշությունը (regulatory entropy)[1], որը պատուհասել է Հայաստանի իրավական համակարգն անկախությունից ի վեր, մասամբ բխում է նաև այն փաստից, որ որոշ մասնագիտական համայնքներ մերժում են ապացույցահեն օրենսդրությունը և իրավապահ ոլորտի համակարգային հետաքննությունները։ Այստեղ «համայնքներ» ասելով հիմնականում նկատի ունեմ համալսարանների իրավաբանական ֆակուլտետները։
Եզրափակիչ դիտարկումներ
Ինչպես, հավանաբար, նկատեցիք, այս անդրադարձը շատ քիչ հղումներ է անում Սահմանադրության հստակ դրույթներին կամ ներպետական և միջազգային իրավունքին։ Սա միտումնավոր է․ նպատակն էր ընդլայնել մեր պատկերացումը դատական անկախության մասին և խրախուսել ավելի խորքային մտորում դրա իմաստի շուրջ։ Վերջիվերջո, դատական անկախությունը միայն իրավական դասակարգման մեջ օրենքներով ամրագրված որոշումները չեն, որոնք մեկնաբանվում են սահմանված մոտեցումներով և կիրառվում են հստակ դեպքերում։ Սա նաև այն մասին է, թե ինչ և ինչպես ենք մտածում օրենքի մասին՝ զուտ գիտարուեստական գիտելիքներից անդին։ Այն ներառում է մեր պարտքի զգացումը, աշխարհայացքը, համոզմունքները, իրավական կրթությունը և իշխանության ուժի դեմ դիմակայելու մեր, թեկուզ սահմանափակ, կարողությունը։ Այս ճանապարհին օրենքը կարող է ուղղորդել և ուրվագծել մեր գործողությունները, բայց ուղղության ընտրությունը միշտ մեզ վրա է։
Ծանոթագրություն.
[1] Երբ տարբեր արտաքին և ներքին ճնշումների հետևանքով օրենքներից, կարգերից, չափորոշիչներից, ուղեցույցներից և կիրառման գործիքակազմերից բաղկացած կարգավորող համակարգերը ժամանակի ընթացքում դառնում են ավելի բարդ, մասնատված, անհամաչափ և անկանխատեսելի։ Ավելին՝ այստեղ։
Կարծիք
Արդարադատություն խաղաղության համաձայնագրից հետո
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հոդվածներից մեկի համաձայն` կողմերը պետք է դադարեցնեն միմյանց դեմ բոլոր միջազգային դատական գործերն ու նորերը չսկսեն: Սակայն արդարադատության հասնելու այլ տարբերակներ էլ կան, որոնց անդրադարձել է իրավաբան Գաբրիել Արմաս-Կարդոնան:
Read moreԻ՞նչ է շահելու Հայաստանը. մտորումներ վաշինգթոնյան գործընթացի շուրջ
Պատերազմի վտանգի առնվազն երեք տարով հետաձգումը և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայությունը Հայաստանի հարավում՝ հստակ տնտեսական ու բիզնես շահերով, որն ինքին լրացուցիչ անվտանգային երաշխիք է, ունեն ներուժ էապես բարելավելու Հայաստանի դիրքերը, գրում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ձեռքբերված համաձայնություններին։
Read moreՔաղաքականություն
Հայաստանի հավասարակշռումը բազմաբևեռ աշխարհում
Մինչ համաշխարհային գերտերությունները ձգտում են բազմաբևեռության, Հայաստանը բախվում է անորոշության։ Ռուսաստանի նահանջի և տարածաշրջանային շարունակական ճնշումների պայմաններում, Երևանը վարում է «հավասարակշռված և հավասարակշռող» արտաքին քաղաքականություն՝ խորացնելով հարաբերություններն ինչպես Արևմտյան երկրների, այնպես էլ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլոց հետ՝ իր անվտանգության և դիվանագիտության համարձակ վերակարգավորմամբ։
Read moreՍահմանադրական փոփոխությունները և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Հունաստանի և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության միջև տասնամյակներ տևած վեճը լուծվեց Պրեսպայի համաձայնագրով, որը պահանջում էր սահմանադրական հոդվածների և նախաբանի փոփոխություններ։ Ադրբեջանը ևս Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություններ, սակայն արդյոք հնարավոր է հարցը լուծել Պրեսպայի օրինակով՝ մեկնաբանում է Ջորջ Մենեշեանը։
Read moreԻրանի ռազմավարական անորոշությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա
Իրանի շուրջ զարգացումները կարող են ուղղակիորեն ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի անվտանգության վրա։ Թեև Իրանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն իր հարաբերությունները Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ ու հնարավոր նոր ռազմական բախումներն անվտանգության սպառնալիքներ կարող են ստեղծել նաև Հայաստանի համար։
Read moreՀեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը
Ադրբեջանը դասագրքերի, մանկական գրականության և ակադեմիական ծրագրերի միջոցով հաստատել է այն գաղափարը, թե Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ 2020 թվականի պատերազմից հետո նոր թափ առած այս խոսույթը արտահայտում է ծավալապաշտական ձգտումներ, որոնք տարածվում են Ղարաբաղյան հակամարտությունից անդին։
Read more






