EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Փտր 12, 2026

«Արարատ-73» և «Ծիրանային սոցիալիզմ»

Ինչու՞ ենք մինչ օրս փառաբանում սպորտի սահմաններն ընդարձակած թիմին

Mikael ZolyanՄիքայել Զոլյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Ռուսաստանում նկարահանված «Ոսկե դուբլ» ֆիլմը շուտով կցուցադրվի հայկական կինոթատրոններում։ Այն Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի 1973 թվականի առասպելական դարձած մրցաշրջանի մասին է։ Նյութի ընտրությունը հետաքրքիր է՝ հատկապես հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը։ Ֆիլմը կարող է շատերի մոտ ընկալվել որպես «փափուկ ուժի» ներգործության փորձ։ Այնուամենայնիվ, ֆիլմի նկարահանումներն սկսվել էին տարիներ առաջ, և այն, հավանաբար, ոչ թե «փափուկ ուժի» կիրառումն է, այլ նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել պատմական թիմին։ Համենայն դեպս, ֆիլմը շարժառիթ է անդրադառնալու «Արարատ-73-ի» պատմությանը և հանրահայտության երևույթին։

«Արարատ-73-ն» այնքան մեծ նշանակություն ունի հայերի համար, որ 2016-ի հոկտեմբերին կանգնեցվեցին թիմի բոլոր անդամների բնական մեծությամբ բրոնզաձույլ արձանները՝ ԽՍՀՄ չեմպիոնների գավաթի կրկնօրինակով։ Սա «Արարատ-73-ին» նվիրված միակ հուշակոթողը չէ։ Եվս մեկը գտնվում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում։ Իսկ 2023-ին լույս տեսավ նախկին հեռուստառադիոմեկնաբան Սուրեն Բաղդասարյանի «Արարատ-73. հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը։ Հեղինակը 1973-ին լուսաբանել է թիմի խաղերի մեծ մասը։ Գիրքն ընդգրկում է խաղերի մանրամասն նկարագրություններ, ֆուտբոլիստների հետ հարցազրույցներ և հուշեր «Արարատի» փառահեղ օրերից։ Գրքի հաջողությունից հետո վրացի պատմաբան Դավիթ Ջիշքարիանին գրեց գիրք Թբիլիսիի Դինամոյի մասին, ակումբ, որը Խորհրդային Վրաստանի համար գրեթե նույն դերն ուներ, ինչ «Արարատը»՝ Խորհրդային Հայաստանի համար։ Մեկ այլ հետաքրքիր անդրադարձ է Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը. երկրպագուի օրագիրը» գիրքը, որը նախ լույս էր տեսել ռուսերենով 1974-ին և վերահրատարակվել հայերեն 2023-ին, նկարագրում է մարզադաշտում տիրող բուռն ոգևորությունը։

Ինչո՞ւ պատվել գրեթե 50 տարվա վաղեմության ֆուտբոլային թիմին բրոնզե արձաններով ու գրքերով։ Ինչո՞ւ է «Արարատ-73-ն» այդքան մեծ տեղ զբաղեցնում հայկական հոգեկերտվածքում։ Հասկանալու համար պետք է պատկերացնել ուշ Խորհրդային Հայաստանը, մի ժամանակաշրջան, որը որոշ գիտնականներ անվանել են «ծիրանային սոցիալիզմ»։ Այդ շրջանում էր, որ «Արարատի» կրկնակի հաղթանակը բորբոքեց մի կրակ, որը տասնամյակներ անց էլ չի մարում։ «Արարատը» դարձավ ավելին, քան պարզապես ակումբ. այն ազգային ինքնության շուրջ համախմբվելու կոչ էր։ Իսկ երբ ԽՍՀՄ փլուզումը բերեց դժվարին ժամանակներ, «Արարատ-73-ը» դարձավ ուշ սոցիալիզմի համեմատաբար բարեկեցիկ կյանքի խորհրդանիշ։

«Արարատ Երևան». «Ծիրանային սոցիալիզմի» խորհրդանիշը

«Արարատ-73-ի» երևույթը սպորտի, հայկական ազգային ոգու և Խորհրդային քաղաքականության համակցման արդյունքն էր։ Սպորտի, հատկապես ֆուտբոլի, և ազգային ինքնության միջև կապը վաղուց է հաստատված։ Ինչպես նկատել է հետազոտող Էրիկ Հոբսբաումը, սպորտը «բացառիկ արդյունավետ միջոց է», որտեղ «միլիոնավոր մարդկանց երևակայական հանրույթն ավելի իրական է թվում տասնմեկ հոգանոց թիմի տեսքով»։ ԽՍՀՄ-ի նման կայսերական և բազմազգ պետություններում ֆուտբոլն առավել մեծ կշիռ ուներ։

Մինչ այժմ չկա միաձայնություն այն հարցում, թե իրականում ինչ էր Խորհրդային Միությունը․ բռնապետական գաղութատիրական կայսրությո՞ւն, թե՞ ազգերի կամավոր միություն, որը ձգտում էր միասնական սոցիալիստական նախագծի իրականացմանը։ Իրականությունը, հավանաբար, ինչ-որ տեղ մեջտեղում է: Վահագն Տատրեանը, Ռոնալդ Սյունին և Ռազմիկ Փանոսեանն ուսումնասիրել են Խորհրդային Միության ազգությունների քաղաքականության և հայկական ինքնության միջև փոխհարաբերությունները։ Արդյունքում ձևավորվեց այն, ինչ ոմանք բնորոշում են «Երկրորդ հանրապետություն»՝ ոչ թե անկախ պետություն, այլ քաղաքական միավոր՝ օժտված պետականության բազմաթիվ հատկանիշներով։ Հատկապես Ստալինի մահից հետո, այն գործում էր որպես համեմատաբար պաշտպանված տարածք, որտեղ հայկական մշակույթն ու ինքնությունը կարող էին դեռևս Խորհրդային համակարգի սահմանափակումների ներքո պահպանվել և զարգանալ։ Սպորտը, հատկապես ֆուտբոլը, կարևոր դեր խաղաց այդ փոխազդեցությունը պահպանելու գործում։

ԽՍՀՄ սպորտն արտացոլում էր համակարգի ազգային քաղաքականությունը։ Սպորտն ու ֆիզիկական կուլտուրան «Խորհրդային կենսակերպ» քարոզելու, միասնական Խորհրդային հայրենասիրություն կերտելու գործիքներ էին։ Այդուհանդերձ, Խորհրդային սպորտը նաև հարաբերական ազատություն էր տալիս տեղական մշակութային ինքնությունն արտահայտելու համար։ Ֆուտբոլն այստեղ առանձնահատուկ տեղ ուներ։ Պետությունը եռանդով խրախուսում էր այն՝ որպես Խորհրդային հայրենասիրության խորհրդանիշ, սակայն երկրպագուների մշակույթը հաճախ վերածվում էր նուրբ ընդվզման։ Ոչ ռուսական հանրապետությունների թիմերը դարձել էին ազգային հպարտության արտահայտման հարթակ, ինչն անկանխատեսելի էր ու իշխանությունների համար վտանգավոր։ Երկրպագուները համախմբվում էին տեղական ակումբների շուրջ, ինչպիսիք էին Ուկրաինայի «Դինամո Կիևը», Վրաստանի «Դինամո Թբիլիսին», Ադրբեջանի «Նեֆթչին» և Հայաստանի «Արարատը»։ Այս թիմերին երկրպագելը ազգային խանդավառության դրսևորման համեմատաբար ապահով միջոց էր։ Խորհրդային հանրապետությունները չունեին պաշտոնական ազգային հավաքականներ, սակայն լավագույն ֆուտբոլային ակումբները լրացնում էին այդ բացը ԽՍՀՄ առաջնությունում։ Երկրպագուները Խորհրդային Միության առաջնությունն ու գավաթը դիտարկում էին ոչ միայն քաղաքային թիմերի, այլև հանրապետությունների և ազգությունների միջև ճակատագրական մրցակցության հարթակ։

Երևանի «Արարատը» լիովին տեղավորվում է այս օրինաչափության մեջ։ Թիմի հաղթանակները համընկան մի ժամանակաշրջանի հետ, որը կարելի է բնութագրել որպես Խորհրդային Հայաստանի «ազգային վերածնունդ»։ Սա, թերևս, Հայաստանում Խորհրդային շրջանի բարձրակետն էր, երբ մի կողմից հաջողվել էր պահպանել ազգային ինքնությունն ու մշակութային առանձնահատկությունները, իսկ մյուս կողմից՝ ներառվել Խորհրդային ընդհանուր համակարգին։ Գերմանացի հետազոտող Մայքե Լեհմանն այս խառնուրդը անվանել է «ծիրանային սոցիալիզմ»։ «Արարատի» վերելքը տեղի ունեցավ «ձնհալի» տարիներին և դրանից անմիջապես հետո, երբ համակարգային «լճացումը» դեռևս այդքան ակնհայտ չէր։ Խորհրդային կառավարության վերահսկողությունը թուլացել էր, իսկ տնտեսությունը, թեև հետ էր մնում կապիտալիստական երկրներից, ստեղծել էր համեմատաբար բարեկեցիկ միջավայր Խորհրդային քաղաքացիների մեծ մասի համար։ Շատերը, առնվազն նրանք, ովքեր բացահայտ չէին հակադրվում վարչակարգին, վայելում էին հանգիստ ու կանխատեսելի կյանք, ինչպես նաև մտքի ու արտահայտվելու որոշակի ազատություն, թեև բավականին սահմանափակ։ Հենց այս շրջանն է Խորհրդային տարիների նկատմամբ մեծ կարոտախտ առաջացրել։ Եվ հենց այդ տարիներին էր, որ Երևանի «Արարատն» այդքան շատ բերկրանք պարգևեց իր երկրպագուներին։

«Սպարտակից» «Արարատ-73»

Այսպիսով, արդեն հոդվածի կեսին եմ մոտեցել ու դեռ ոչինչ չեմ գրել բուն ֆուտբոլի մասին։ Ժամանակն է դա շտկել։ Երևանի «Արարատի» պատմությունը սկսվել է 1935-ին, երբ ստեղծվեց «Սպարտակը»՝ Երևանի առաջին մասնագիտացված ֆուտբոլային ակումբը։ 1936-ին հայտնվեց ևս մեկ ակումբ՝ «Դինամոն»։ 1937-ին երկու ակումբները միավորվեցին «Դինամո» անվան ներքո և պահպանեցին անվանումը մինչև 1954-ը։ Այնուհետև ակումբը կրկին դարձավ «Սպարտակ» մինչև 1963-ը, երբ վերջնականապես ստացավ «Արարատ» անունը։

Ակումբի անվանափոխությունների պատմությունը կարևոր է, այն համարձակ ու խորհրդանշական շրջադարձ էր։ Բաղդասարյանի խոսքով՝ նախաձեռնության հեղինակն էր Վարազդատ Խաչիկյանը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Հայաստանի Սպորտկոմիտեն։ Նախորդ անունները՝ «Սպարտակ» և «Դինամո», բացահայտորեն տուրք էին մատուցում Խորհրդային գաղափարախոսությանը։ «Սպարտակ» անունը կապված էր դասակարգային պայքարի գաղափարի հետ՝ հղում անելով Սպարտակոսին՝ հռոմեական ստրուկ ապստամբին, որը վաղ սոցիալիստների կողմից ներկայացվում էր որպես պայքարի խորհրդանիշ։ ԽՍՀՄ-ում անունը կրում էին ոչ միայն բազմաթիվ ակումբներ, այլև մարզական խոշոր միջոցառումները (Սպարտակիադան)։ «Դինամոն» ակնարկ էր դինամոմեքենային՝ էլեկտրաէներգիա արտադրող սարքին, որը խորհրդանշում էր արդյունաբերությունն ու արդիականացումը։ Այն կրում էին այնպիսի հզոր ակումբներ ինչպիսիք էին Կիևի, Թբիլիսիի և Մոսկվայի (վերջինս ի սկզբանե հիմնվել էր որպես գաղտնի ոստիկանության կառույցների թիմ) «Դինամոները»։

«Արարատ» անվանումն արդեն բոլորովին այլ աշխարհից էր։ Արարատ լեռը, շատ հայերի համար ազգային հոգու հավերժական խորհրդանիշն է, կամ՝ ակադեմիական ձևակերպմամբ՝ հայկական ազգային ինքնության «առասպելա-խորհրդանշական համալիրի» (եզրույթ, որը շրջանառել է բրիտանացի հետազոտող Է. Դ. Սմիթը) առանցքային մասերից։ Անունը նաև հիշեցնում էր ցեղասպանության և պատմական հայրենիքի կորստի մասին։ Այն ժամանակ, ցեղասպանության ճանաչման պահանջներն ավելի կարևոր տեղ էին զբաղեցնում հայկական ազգային վերածննդի օրակարգում և թիմի անվանափոխությունն ուղղակիորեն կապված էր 1960-ականների Հայաստանի ազգային զարթոնքի հետ։ Հայաստանն այս հարցում միայնակ չէր. Խորհրդային ողջ հանրապետություններում ֆուտբոլային ակումբներն աստիճանաբար դառնում էին հպարտության կենտրոններ (ինչպես, օրինակ, Թբիլիսիի «Դինամոն»)։

Անվանափոխությունը, հավանաբար, օգնեց ակումբին։ Այն նախկինում էլ էր հաջողություններ ունեցել. 1949-ին, դեռ որպես «Դինամո», թիմն առաջին անգամ դուրս եկավ ԽՍՀՄ բարձրագույն լիգա։ Հաջորդ տասնամյակը մեծ հաղթանակների ու ծանր պարտությունների շղթա էր։ 1954-ին «Սպարտակը» ցատկային առաջընթաց գրանցեց՝ հասնելով ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջեց Կիևի «Դինամոյին»։ Բայց միայն 1965-ին, արդեն «Արարատ» անվամբ, ակումբն ամրապնդեց իր տեղը բարձրագույն լիգայում և մնաց այնտեղ մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ 1991 թվականը։

«Արարատի» ոսկե տարիները

1970-ականների սկզբին «Արարատն» արդեն ԽՍՀՄ բարձրագույն լիգայի ուժեղագույն թիմերից էր։ Թիմի աստղերից էին Արկադի Անդրիասյանը, Լևոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանը և Ալյոշա Աբրահամյանը։ Նրանց կողքին էին Ուկրաինայում ծնված Սերգեյ Բոնդարենկոն և Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում ծնված Ալեքսանդր Կովալենկոն. երկուսն էլ մեծացել էին Հայաստանում և երկրպագուները նրանց ընկալում էին որպես «իսկական հայեր»։ Խորհրդային Հայաստանի սպորտային ղեկավարները տաղանդներ էին փնտրում նաև Միության այլ հանրապետություններում, հատկապես՝ հայերի շրջանում։ «Արարատի» ամենահայտնի խաղացողներից մի քանիսը եկել էին Բաքվի հայկական համայնքից, այդ թվում՝ աստղային հարձակվող Էդուարդ Մարգարովը։ Մարզչական կազմը նույնքան բազմազան էր. տեղացիներ, այլ հանրապետությունների հայեր, ինչպես Արտյոմ Ֆալյանը (Բաքվից) և Նիկիտա Սիմոնյանը (Մոսկվայից), և ոչ հայեր, ինչպես Նիկոլայ Գլեբովը, Վիկտոր Մասլովը և Նիկոլայ Գուլյաևը։ 1973-ի առաջնության ժամանակ թիմի ղեկը ստանձնեց Ռուսաստանում ծնված հայազգի Նիկիտա Սիմոնյանը՝ Մոսկվայի «Սպարտակի» լեգենդն ու ԽՍՀՄ հավաքականի վետերանը։

1971-ին «Արարատը» ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Սակայն 1973-ը դարձավ թիմի ամենամեծ հաղթանակի տարին․ այն միաժամանակ նվաճեց և՛ ԽՍՀՄ առաջնությունը, և՛ ԽՍՀՄ գավաթը։ Գավաթի եզրափակիչ հանդիպումը Կիևի «Դինամոյի» դեմ էր, որը բարձրագույն լիգայում «Արարատի» գլխավոր մրցակիցներից էր։ Թիմերի հանդիպումն իսկական դրամա դարձավ։ «Դինամոն» մեծամասամբ վերահսկում էր խաղը և 89-րդ րոպեին 1-0 հաշվով հաղթում էր։ Սակայն «Արարատի» հարձակվող Լևոն Իշտոյանի գոլը վերջին վայրկյանին հավասարեցեց հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում նա կրկին աչքի ընկավ՝ 103-րդ րոպեին խփելով հաղթական գոլը։ Հայաստանում այս հաղթանակից հետո ցնծությունն այնքան համատարած էր, որ տեղական կոմունիստական ղեկավարները մտավախություն ունեին, թե իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Մարդկանց մի փոքր հանդարտվելու ժամանակ տալու համար «Արարատը» անմիջապես չվերադարձավ Երևան, այլ մեկնեց Դոնեցկ՝ «Շախտյորի» դեմ առաջնության հերթական խաղին մասնակցելու (որը նույնպես հաղթեց)։

Երբ «Արարատը» Դոնեցկից վերադարձավ, Երևանը պայթեց ցնծությունից։ Թիմի խաղացողներից Սերգեյ Պողոսյանը հիշում է, թե ինչպիսի իրարանցում էր տիրում Երևանի օդանավակայանում. բազմությունը հավաքվել էր թիմին դիմավորելու։ Բաղդասարյանն իր գրքում նկարագրում է, թե ինչպես է ինքնաթիռի լուսամուտից տեսել մարդկային մի հսկայական ծով, ոմանք նույնիսկ բարձրացել էին տանիքներին։ Ողջունող ամբոխը շարվել էր ճանապարհների երկայնքով՝ օդանավակայանից մինչև քաղաքի կենտրոն տանող սովորական 15-րոպեանոց ճանապարհը վերածելով երկժամյա դանդաղ շքերթի։ Մի տարեց զույգ նույնիսկ փակել էր ճանապարհը, բացել սեղան՝ պահանջելով, որ խաղացողները նախքան անցնելը մի-մի բաժակ խմեն իրենց հետ։

«Արարատամոլությունն» իր գագաթնակետին հասավ 1973-ի հոկտեմբերի 28-ին՝ ԽՍՀՄ առաջնության եզրափակիչ փուլում։ Շուրջ 100․000 երկրպագու «Հրազդան» մարզադաշտում և հարակից տարածքներում էին։ Խաղից առաջ մթնոլորտը շիկացած էր. մարզադաշտում հնչում էր զուռնա, դհոլ, դուդուկ ու կլառնետ, պարում էին ազգային տարազներով։ «Արարատը» խաղում էր Լենինգրադի «Զենիթի» դեմ, սակայն իրական մրցակիցը Կիևի «Դինամոն» էր, որն այդ նույն ժամանակ Ղազախստանում խաղում էր Ալմա Աթայի «Կայրաթի» հետ։ «Զենիթի» նկատմամբ հաղթանակը կապահովեր «Արարատի» չեմպիոնությունը։ Սակայն երկրպագուներն խաղի կեսից արդեն տեղեկացել էին, որ Կիևի «Դինամոն» պարտվել է «Կայրաթին», ուստի տոնախմբությունը սկսվել էր դեռ խաղի ընթացքում։ «Արարատը» հաղթեց 3:2 հաշվով։ Այն, ինչ հաջորդեց դրան, համազգային պոռթկում էր։ Սերգեյ Պողոսյանն իր հարցազրույցում հիշում է. «Անհնար է նկարագրել մարզադաշտում տիրող իրարանցումը։ Երկրպագուները նստած էին լրագրերի վրա. եզրափակիչ սուլիչի հետ՝ նրանք վառեցին այդ թերթերը՝ վերածելով ջահերի, ինչից ողջ մարզադաշտն ու երկինքը լուսավորվեց… Մենք կանգնած էինք դաշտում ու նայում էինք, թե ինչպես է ամեն ինչ վառվում։ Վտանգավո՞ր էր։ Իհարկե։ Բայց դա մաքուր ազգային խելահեղություն էր․ ոչ ոք չէր համարձակվում կանգնեցնել»։

Սփյուռքահայերը նույնպես «Արարատ-73-ի» պաշտամունքի մի մասն էին, թեև Խորհրդային Հայաստանի թիմին հետևելը նրանց համար հեշտ չէր։ 1973-ին Լիբանանից մի խումբ հայեր եկան՝ սատարելու «Արարատին» թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում։ Նրանց ներկայությունն օգնեց ապահովել հայերեն մեկնաբանությունը Կիևի «Դինամոյի» դեմ գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ։ Ինչպես Բաղդասարյանն է պատմում իր գրքում, հայ երկրպագուները խաղից առաջ պահանջում էին մայրենի լեզվով ռադիոհեռարձակում, սակայն բյուջեն սպառված էր, և պաշտոնյաները հրաժարվում էին լրացուցիչ միջոցներ տրամադրել՝ պատճառաբանելով, թե Մոսկվայի հեռուստատեսությունն այն մեկնաբանելու է։ Հարցը լուծեցին լիբանանահայերը, որոնք հատուկ «Արարատին» սատարելու համար էին եկել ԽՍՀՄ։ Նրանք դիմեցին Հայաստանի Սպորտկոմիտեին՝ ներկայացնելով կատարյալ հիմնավորում հայալեզու հեռարձակման համար։ Ավելի ուշ, երբ «Արարատը»՝ որպես ԽՍՀՄ չեմպիոն, Չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակում մրցում էր «Սելթիկի» դեմ Իռլանդիայի Քորք քաղաքում, խաղին ներկա էին բազմաթիվ սփյուռքահայեր՝ հիմնականում Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։

1973-ից հետո «Արարատն» այդպես էլ չկարողացավ կրկնել այդ կախարդանքը։ Այդուհանդերձ, 1970-ականների ընթացքում ակումբը մնաց ԽՍՀՄ ընտրյալ թիմերի շարքում՝ 1975-ին կրկին նվաճելով ԽՍՀՄ գավաթը, իսկ 1976-ի առաջնությունում արժանացավ արծաթե մեդալների։ Եվրոպայում մրցակցությունն ավելի բարդ էր․ նրանց լավագույն արդյունքը եղավ 1975-ի Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակչում, երբ սեփական հարկի տակ հաղթեցին, սակայն Մյունխենում պարտվեցին ապագա չեմպիոն «Բավարիային»։ Մինչև 1980-ականները թիմը շարունակեց խաղալ ԽՍՀՄ բարձրագույն լիգայում և 1991-ի վերջին առաջնությունն ավարտեց յոթերորդ հորիզոնականում։ Երբ Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ձևավորեց ազգային հավաքական, որը սկսեց մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, երկրպագուների հետաքրքրությունն աստիճանաբար տեղափոխվեց այնտեղ։ Իսկ տեղական առաջնության խաղերը սկսեցին շատ ավելի քիչ ուշադրություն գրավել։

Այնուամենայնիվ, «Արարատ-73-ը» շարունակում է ապրել որպես առասպել։ Ինձ համար այն «ծիրանային սոցիալիզմի» հզոր խորհրդանիշ է՝ Խորհրդային Հայաստանի ազգային հպարտության և Խորհրդային հավատարմության այն եզակի համակցությունը։ 

Ես ունեմ իմ անձնական պատճառները թե՛ ֆուտբոլային թիմը, թե՛ այս եզրույթը փայփայելու համար։ Խորհրդային Հայաստանի իմ մանկությունից շատ բան չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ծիրանը համով էր, ընտանիքս երջանիկ էր թվում, իսկ առջևում, կարծես, լուսավոր ապագան էր։ Երբեմն հայրս կամ պապս ընկերների հետ նստում էին հյուրասենյակում և ֆուտբոլ էին դիտում այն հին ու հսկա հեռուստացույցով, որն ընդամենը երեք-չորս ալիք ուներ։ Սովորաբար նրանք զայրացած գոռում էին այն խաղացողների վրա, ովքեր բաց էին թողնում գոլ խփելու հնարավորությունը, կամ նրանց մասին հեգնական կատակներ էին անում։ Բայց հետո վերջապես «մերոնցից» մեկը գոլ էր խփում, և դա իսկական ցնծություն էր։ Ծնվելով 1980-ին՝ ես բաց եմ թողել «Արարատի» 1973-ի հաղթանակը։ Բայց հայկական թիմին ծնողներիս ու նրանց ընկերների ոգևորությամբ երկրպագելը մանկությանս ամենաքաղցր հուշերից է։ Թեև ես ներկա չեմ եղել, կարծում եմ՝ լիովին հասկանում եմ, թե ինչ էր նշանակում «Արարատի» երկրպագու լինել ավելի քան կես դար առաջ։

Շնորհակալություն, Երևանի «Արարատ», ջերմ հիշողությունների համար։

Մեր հայերեն էջից

Չկողմնորոշված ընտրողների որոշիչ դերը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական պատկերում

Չկողմնորոշված ընտրողների որոշիչ դերը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական պատկերում

Ներսես ԿոպալյանևՌաֆայել Օգանեսյան
Փտր 26, 2026

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ EVN Report-ը ներկայացնում է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության» չորս հարցումներից առաջինը՝ ընտրողների նախապատվությունների պատկերը: Հետազոտությունը բացահայտում է տվյալներ չկողմնորոշված ընտրողների և կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ՝ արձանագրելով զգուշավոր լավատեսություն անվտանգության ու տնտեսության հարցերում և մրցակցային, սակայն իշխանամետ միտումներ ունեցող ընտրապայքար:

Read more

Մարդ և հասարակություն

A Print Shop in Kapan Turns the Page for Former Inmates

Կապանի տպագրատունը նոր էջ է բացում նախկին դատապարտյալների համար

Լորի Յումշաջեքեան
Փտր 6, 2026

Կապանում գործող իր տեսակի մեջ եզակի տպարանը ներառման հազվադեպ ձևաչափ է առաջարկում։ Սոցիալական ձեռնարկությունը նախկին դատապարտյալների համար կայուն աշխատանքի հնարավորություն է ստեղծել՝ օգնելով նրանց վերագտնել հասարակության հետ կապերն ու ձերբազատվել դատապարտյալի խարանից։

Read more
the last flue flower 215236

Երևանի վերջին տերեփուկը

Վաղինակ Ղազարյան
Նյմ 4, 2025

Քաղաքաշինության ծիրում կորած Դալմայի այգիների վերջին պատառիկների հիշողություններին ու այլակերպվող Երևանին է անդրադառնում Վաղինակ Ղազարյանը։

Read more
Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Ֆիրդուս. «հիշողության մանեժը»

Արսեն ԱբրահամյանևՏիգրան Ամիրյան
Նյմ 28, 2024

Ֆիրդուսի ճարտարապետությունը ոչ միայն ժողովրդական էր, այլև՝ արդյունք էր պայմանավորվածությունների, համակեցության և համաստեղծարարության։ Ֆիրդուսի յուրաքանչյուր տան ավերումը վնասում է ոչ միայն առանձին կետին, այլև՝ Ֆիրդուսի ողջ մարմնին ու հիշողության տարածական ցանցին։

Read more

Պատմամշակութային հուշարձանների ներուժը

Գոհար ԱբրահամյանևՀասմիկ Բալեյան
Նյմ 27, 2024

Կառավարությունն ավելացրել է հուշարձանների վերականգնմանը, պահպանմանը հատկացվող ֆինանսավորումը, ծրագրվում են նաև հանրահռչակմանն ուղղված քայլեր, սակայն, ոլորտում առկա խնդիրներն ավելի բազմազան են։

Read more
The Legacy of Rafael Israelyan, Gohar Abrahamyan

Ռաֆայել Իսրայելյանի ժառանգությունը

Գոհար Աբրահամյան
Նյմ 18, 2024

Մենք փոքր հողատարածք ունենք, բայց պիտի այս հողի վրա էլ կանգնենք հպարտ, արժանավայել ու այնպես կանգնենք, որ ոչ մեկս մյուսի ոտքը չտրորի, ասել էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը՝ իրեն վստահված շենքերից մեկը նախագծելիս։ Իսրայելյանի ժամանակակիցները բացառիկ են համարում նրան՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում, թե ընկերական շրջապատում։

Read more

Փոդքաստ

Ախուրիկ և Մարգարա․ երկու սահմանային գյուղերի օրինակներ

EVN Report
Փտր 19, 2026

Հայաստան-Թուրքիա սահմանի ակնկալվող բացման կապակցությամբ երկու սահմանամերձ անցակետային գյուղերի` Ախուրիկի և Մարգարայի բնակիչները տեսանելի ու նույնիսկ լսելի այն կողմից ունեն իրարից տարբերվող հիշողություններ, ակնկալիքներ ու մտահոգություններ։ Քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի «Կայսերական ֆրոնտիրների ժառանգությունը» հետազոտության մանրամասները՝ հեղինակի հետ զրույցում։

Read more

Հոդվածները լսեք ՁայնաԳիր

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ