
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Ամիսներ անց՝ 2026-ի աշնանը Հայաստանը կհյուրընկալի COP 17-ը՝ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Սա բնապահպանական աշխարհի ամենաազդեցիկ հարթակն է՝ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող համաշխարհային իրադարձություն, որը Երևանում կհամախմբի շուրջ 190 երկրների պատվիրակությունների, պետությունների ղեկավարների և միջազգային փորձագետների՝ որոշելու մոլորակի ապագան․․․ բայց իմ էկրանին թարթող մաքսային տվյալների աղյուսակը վերադարձնում է ինձ մի ծանոթ, զուգահեռ իրականություն։
Տարիներ տևած հետաքննությունները հետևողականորեն վեր են հանել Հայաստանի ներգրավվածությունը վայրի կենդանիների կասկածելի շրջանառության համակարգերում։ Թեև տպավորություն էր, թե վերահսկողական գործիքակազմերի խստացումը պետք է նվազեցներ այս հոսքերը, բայց 2023-2025 թվականների վիճակագրությունը հակառակն է փաստում:
Այստեղ՝ թվերի և դասիչների արանքում, թաքնված է վայրի կենդանիների մի անդադար հոսք, որը Կոնգոյից, Լիբանանից և Իրանից հասնում է Հայաստան, իսկ հետո՝ պարզապես անհետանում։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է Հայաստանը շարունակում մնալ վայրի կենդանիների առևտրի «մոխրագույն» հանգույցը, որտեղ միջազգային համակարգերով ներկրվող էկզոտիկ և վտանգված կենդանիների տեսակները վերահասցեավորվում են դեպի մասնավոր հավաքածուներ, իսկ գործարքների մեծ մասի մանրամասները պաշտպանված են «առևտրային գաղտնիքի» անառիկ պատով։
Ինչպես է առյուծը հավասարվում սառնարանին
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով կենդանին պարզապես «գույք» է։ Մաքսային սահմանին առյուծի և սառնարանի միջև իրավական տարբերություն չկա. երկուսն էլ ապրանք են, իսկ դրանց առևտուրը՝ պաշտպանված «առևտրային գաղտնիք»։ Սա այն կետն է, որտեղից սկսվում է սահմանափակվել հանրային վերահսկողությունն ու կորչում է հետագծելիությունը։ Երբ կենդանին «իր» է, նրա բարեկեցությունը կամ տեսակի պահպանությունը երկրորդային է, իսկ առաջնային է դառնում սեփականության իրավունքը։ Սա է պատճառը, որ սահմանը հատելուց հետո պետությունը «չի խառնվում» սեփականատիրոջ գործերին։
Սա ժամանակավրեպ իրավական մտածողության ժառանգություն է, որից զարգացած աշխարհն աստիճանաբար հրաժարվում է։ Դեռևս 1997-ին Ամստերդամի պայմանագրով Եվրոպական միությունը պաշտոնապես ճանաչեց կենդանիներին որպես «զգայունակ էակներ»։ Գերմանիան դեռևս 1990-ին իր Քաղաքացիական օրենսգրքում ամրագրեց, որ կենդանիներն իրեր չեն և պաշտպանվում են հատուկ օրենքներով։ 2015-ին Ֆրանսիան փոխեց իր Քաղաքացիական օրենսգիրքը՝ կենդանիներին «շարժական գույքից» վերակարգելով որպես «զգայունակությամբ օժտված կենդանի էակներ»։
Վայրի բնության միավորների տեղաշարժը միջազգային մակարդակում պետք է կարգավորեր Վայրի կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիան (CITES/ՍԻԹԵՍ), որի նպատակն է թույլ չտալ, որ վայրի կենդանիների ու բույսերի առևտուրը սպառնա նրանց գոյությանը: Կոնվենցիայի տրամաբանությունը պարզ է. քանի որ առևտուրը կանգնեցնելն անհնար է, պետք է այն դնել խիստ հսկողության տակ։ Սակայն այն հաճախ քննադատվում է, որ դարձել է «թղթաբանական կոնվենցիա»։
Փաստացի, կոնվենցիան տալիս է գործիքակազմը, բայց դրա կիրառումը թողնված է անդամ երկրի «խղճին» և մասնագիտացվածությանը:
Այս առևտրային շղթան գոյություն չէր ունենա առանց հստակ դերակատարների կամ, ինչպես իրավական լեզվով ենք ասում՝ ենթակաների։ Հայաստանում էկզոտիկ կենդանիների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվում է անձանց մի նեղ շրջանակ, որոնք տարիներ շարունակ հմտորեն օգտվում են օրենսդրական բացերից ու «մաքսային գաղտնիքի» ընձեռած հնարավորություններից։
Սրանք այն ընկերություններն են, որոնց գործունեությունը հաճախ սահմանափակվում է միայն «միջնորդի» դերով՝ կենդանիներին բերելով Հայաստան՝ որպես տարանցիկ ճանապարհ դեպի երրորդ երկրներ կամ մասնավոր հավաքածուներ։
Հայաստանում էկզոտիկ կենդանիների առևտրի առանցքը Երևանի Գուրգեն Մահարի 148 հասցեն է՝ փոխկապակցված ընկերությունների «մենաշնորհային հանգույցը»։ Սա մի ընտանեկան ցանց է, որտեղ ընկերությունները գրանցված են հոր, մոր և որդու անուններով։ Այստեղ գործում է սնանկացման միջոցով անընդհատ վերածնվելու և պատասխանատվությունից խուսափելու հստակ համակարգ. սնանկացած «Զոո Ֆաունա Արտ»-ին փոխարինելու է եկել «Ֆաունա Զոո»-ն, որին լրացնում են նույն ցանցի նոր օղակները՝ «Զոո Վեներա»-ն և «Փերադայս Անիմալս Շելթր ընդ Ռեաբիլիթեյշն Սենթր»-ը։ Ցանցի իրական հիմնադիրը, որը նախկինում հետախուզվել է Ինտերպոլի կողմից մաքսանենգության կասկածանքով, փաստացի վերահսկում է շուկայի գերիշխող մասը։
Կան նաև փոքր դերակատարներ, օրինակ՝ թռչունների առևտրով զբաղվող «Երզնկյան Զոո Ցենտր»-ը և մի քանի անհատներ:
Մաքսային լաբիրինթոսը
COP 17-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հայտարարում են, որ անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցն իրենց օրակարգի առաջնահերթությունն է և պետք է լուծվի։
Մինչ աշխատասենյակներում քննարկվում է «կենդանիների բարեկեցությունը», մաքսային սահմանին իրականությունն այլ է։ Հայաստան շարունակում են ներմուծվել հարյուրավոր վայրի կենդանիներ աշխարհի ամենատարբեր ծայրերից։ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) իմ ստացած տվյալների հիման վրա կազմված 2023-2025 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը դեռևս բաց է էկզոտիկ և վտանգված կենդանատեսակների համար, որոնց մի մասը վերցված է անմիջապես վայրի բնությունից։ Միայն 2023-2025 թվականների ընթացքում Հայաստան է ներմուծվել ավելի քան 420 վայրի և էկզոտիկ կենդանի։
Այս գործարքների աշխարհագրությունը հետագծում է միջազգային առևտրի այն միջանցքը, որտեղ Հայաստանը ոչ թե վերջնակետ է, այլ տարանցման «կայարան»։ Այստեղ կենդանիները ստանում են անհրաժեշտ թղթաբանությունը՝ ավելի հեռու գնալու համար։
Սակայն ամենախնդրահարույցն այն է, որ սահմանը հատելուց հետո այս կենդանիների հետքը պաշտոնական տեղորոշման սարքերից պարզապես գոլորշիանում է։ Միասնական գրանցամատյանի բացակայության և «առևտրային գաղտնիքի» իրավական վահանի պաշտպանության ներքո հազվագյուտ տեսակները փոշիանում են մասնավոր հավաքածուներում կամ անհայտ ուղղությամբ վերաարտահանվում երկրից։
ՄԱԿ-ի «Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ»-ի (UNODC) «Վայրի բնության հանցագործությունների մասին» պարբերական զեկույցները փաստում են, որ վայրի կենդանիների ապօրինի շրջանառության հիմնական և ամենատարածված տարբերակներից այսօր ոչ թե թաքուն մաքսանենգությունն է, այլ հենց օրինական առևտրային շղթաների չարաշահումն ու «մաքուր» թղթաբանության հետևում թաքնվելը։
ՍԻԹԵՍ կոնվենցիան ունի մի մեծ բնածին արատ, որից օգտվում են մաքսանենգությամբ զբաղվող մարդիկ ողջ աշխարհում։ Կոնվենցիան կարգավորում է միայն սահմանի հատումը։ Երբ կենդանին հատում է երկրի սահմանը և մաքսազերծվում է, ՍԻԹԵՍ-ի համաշխարհային իրավասությունն ավարտվում է։ Այդ կետից սկսած գործում է տվյալ երկրի ներքին օրենսդրությունը։ Եթե տվյալ երկրում ներքին օրենսդրությունը կենդանուն համարում է «գույք» և պաշտպանում է «առևտրային գաղտնիքը», կենդանուն տեղորոշելու հետագծելիությունը պարզապես ոչնչանում է։ Աշխարհի բազմաթիվ երկրներում չկան ներքին հանրային գրանցամատյաններ, ինչի պատճառով սահմանը հատած կենդանիները «փոշիանում են»։
Այս ներմուծված «ապրանքների» մի մասը շատ արագ վերածվում է հենց այն կենդանիներին, որոնց պետությունը հետագայում ստիպված է լինում «փրկել» անմարդկային պայմաններից։ Ստացվում է արատավոր մի շղթա. պետությունը թույլ է տալիս կասկածելի մուտքը, կորցնում վերահսկողությունը, ապա միջոցներ վատնում նույն այդ կենդանուն փրկելու համար։
Այս «վայրի» շղթայի ամենախոսուն օրինակներից է 2026-ի փետրվարին «Հրաշք այգի» կոչվող ռեստորանից ԲԸՏՄ-ի «փրկած» Ալեքսանդրի և Կրամերի թութակները, որոնք Հայաստան ներմուծված տեսակներ են։
Վերջին տարիների մաքսային տվյալների աղյուսակում հատկապես աչքի են ընկնում մի քանիսը, ինչպես օրինակ՝ 2024-ին Արմավենու անգղի (Gypohierax angolensis)12 առանձնյակի ներմուծումը։ Այս թռչնատեսակն այնքան խորթ է մեր տարածաշրջանին, որ նույնիսկ չունի հայերեն հաստատված անվանում։ Դրա բնակության տիրույթն Աֆրիկայի խոնավ անտառներն ու սավաննաներն են, սակայն այսօր այն հայտնվել է հայկական մաքսային փաստաթղթերում։
ՍԻԹԵՍ արտոնագրի տվյալները բացահայտում են, որ թռչունները վերցվել են անմիջապես վայրի բնությունից, իսկ որպես գործարքի նպատակ նշված է բազմացումը՝ B (Breeding)։ Տեսականորեն սա պետք է նշանակեր տեսակի պահպանություն մասնագիտացված բուծարանում։ Գործարքն իրականացրել է հայաստանյան «Երզնկյան Զոո Ցենտր» ՍՊԸ-ն, իսկ թռչունների վերջնական հասցեատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սվետլիցկիյ Օլեգն է, ում «բուծարանը» պարզապես սովորական բնակարան է Եկատերինբուրգում՝ իր բնակության հասցեով։
2026-ի պաշտոնական տվյալներով Օլեգ Սվետլիցկու անունը կրկին հայտնվում է ՍԻԹԵՍ-ի փաստաթղթաշրջանառության մեջ։ Այս անգամ նրան տրամադրվել է աֆրիկյան մեկ այլ հազվագյուտ տեսակի՝ 2 Բատելյուր արծվի (Terathopius ecaudatus) վերաարտահանման թույլտվություն։ Փաստաթղթային վերլուծությունը ցույց է տալիս, որ նույն անձը միաժամանակ ներկայանում է և՛ որպես արտահանող (ՀՀ), և՛ որպես ներմուծող (դեպի ՌԴ)։
Իրավական տեսանկյունից այսպիսի ձևակերպումը թույլ է տալիս շրջանցել առևտրային գործարքների համար սահմանված խիստ կարգավորումները՝ գործընթացը ներկայացնելով որպես անձնական սեփականության տեղափոխում (նպատակային դասիչը՝ P (Personal))։
Այնուամենայնիվ, մաքսային տվյալների համադրումը ցույց է տալիս, որ նշված արծիվները Հայաստան են ներմուծվել դեռևս 2024-ին՝ առևտրային գործունեություն իրականացնող ընկերության կողմից, ինչն ինքնին վկայում է գործարքի սկզբնական առևտրային բնույթի մասին։ Խնդրի լրջությունն ընդգծվում է նրանով, որ Բատելյուր արծիվը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում ունի «Անհետացման եզրին գտնվող» (Endangered) կարգավիճակ։ Բնակավայրերի կորստի և թունավորումների հետևանքով աֆրիկյան մայրցամաքում այս տեսակի համաշխարհային գլխաքանակը վերջին երեք սերունդների ընթացքում նվազել է 50-79 տոկոսով։
B և P (բազմացում և մասնավոր) դասիչները համաշխարհային նենգափոխադրորդների ամենասիրած խաղաքարտն է։ Միջազգային փորձում շատ հաճախ ՍԻԹԵՍ թույլտվություն ստանալու համար որպես նպատակ նշվում է գիտականը կամ բուծումը, քանի որ առևտրային նպատակով վտանգված տեսակների տեղաշարժը խիստ արգելված կամ սահմանափակված է։ Բայց երկրի ներսում ոչ ոք չի ստուգում՝ արդյոք այդ «բուծարանը» սովորական բնակարան է, թե՞ իրական գիտական կենտրոն։
Վայրի բնությունից կենդանիների օտարումը հասցնում է կրկնակի հարված. յուրաքանչյուր առանձնյակի հեռացումը բնական միջավայրից խաթարում է տվյալ տարածքի կենսաբանական հավասարակշռությունը։ Բացի այդ, վայրի բնությունից բռնված կենդանիների տեղափոխումը հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ուղեկցվում է ծայրահեղ լարվածությամբ և բարձր մահացությամբ։ Շատ հաճախ սահմանը հատող մեկ «ապրանքի» հետևում կանգնած են տասնյակ այլ առանձնյակներ, որոնք անկել են որսի կամ տեղափոխման ընթացքում։
Թագակիր կռունկների (Balearica pavonina) ներմուծումը թերևս ամենաուշագրավ ու ցավալի օրինակներից է։ Հայաստանյան «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն 2024-ին ստացել է վերաարտահանման ՍԻԹԵՍ արտոնագիր՝ երկու կռունկ Նիգերի Հանրապետությունից (Բենինի տարանցմամբ) Ղազախստան՝ Կարագանդայի պետական կենդանաբանական այգի տեղափոխելու համար։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի տվյալներով՝ այս տեսակն ունի խոցելի (VU — Vulnerable) կարգավիճակ, աշխարհում մնացել է ընդամենը 44․000-74․000 հասուն առանձնյակ, և նրանց թիվը գնալով նվազում է։ Չնայած պահպանության հատուկ կարիքին, կռունկները վերցվել են վայրի բնությունից՝ դառնալով հերթական «գործիքը» միջազգային առևտրային շղթայում, որտեղ Հայաստանը կրկին ստանձնել է կասկածելի գործարքն օրինականացնող միջնորդի դերը։
Թեև Կարագանդայի կենդանաբանական այգին «պետական» կարգավիճակ ունի, այն պարբերաբար հայտնվում է քննադատության կենտրոնում՝ կենդանիների պահման անմխիթար պայմանների, անկած կենդանիների փաստերը թաքցնելու, նեղ վանդակների և ոչ պատշաճ խնամքի պատճառով։ Փաստացի, վայրի բնությունից օտարված և պահպանության հատուկ կարիք ունեցող կռունկները տեղափոխվում են մի վայր, որտեղ կենդանիների կյանքի որակը և գիտական վերահսկողությունը հեռու են միջազգային չափանիշներից։
2025-ին Հարավային Աֆրիկայից Հայաստան է ներմուծվել 18 զեբր։ Դրանցից 10-ը Հարթմանի լեռնային զեբրեր են (Equus zebra hartmannae), որոնք ունեն խոցելի կարգավիճակ, իսկ Հարավային Աֆրիկայում դրանց թիվը չափազանց փոքր է՝ ընդամենը 592-724 հասուն առանձնյակ։ Նման սակավաթիվ գլխաքանակից 10 կենդանու օտարումն ու տեղափոխումը Հայաստան՝ մի երկիր, որը չունի այս տեսակի պահպանման գիտական փորձառություն, ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում տրված արտոնագրերի հիմնավորվածությունն ու գործարքի իրական նպատակը։ Մյուս 8-ը Հարթավայրային զեբրեր են (Equus quagga burchellii), որոնց թվաքանակը նվազել է իրենց բնակության 17 երկրներից 10-ում (կարգավիճակը՝ վտանգված լինելու սպառնալիքի մոտ (Near Threatened):
Փակ ու անվերահսկելի համակարգի օրինակ է 2025-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայկական մուֆլոնի (Ovis orientalis gmelini) 20 առանձնյակների ներմուծումը Հայաստան։ Տեսակը գրանցված է միջազգային ՍԻԹԵՍ կոնվենցիայի 1-ին հավելվածում։ Տեսակը գտնվում է անհետացման եզրին, և դրա միջազգային առևտուրը թույլատրվում է բացառիկ հանգամանքներում: Առավել զարմանալի է այս տեսակի ներմուծման փաստը հենց Հայաստան, քանի որ մուֆլոնը մեր բնաշխարհի բնիկ տեսակն է, և դրա ներկրումն անհայտ պայմաններում ու նպատակներով, բազմաթիվ հարցեր է առաջացնում ներքին բնապահպանական քաղաքականության և վերահսկողության վերաբերյալ։
2025-ի գարնանը՝ ընդամենը մեկ ամսվա տարբերությամբ, Հայաստան է ներմուծվել Ալյասկայի (կամ Յուկոնի) 26 գայլ։ Սովորական գայլերի համեմատ սրանք իսկական հսկաներ են, ունեն երկար, հզոր թաթեր, լայն կրծքավանդակ և մեծ գլուխ։ Արուների քաշը հաճախ անցնում է 65-70 կիլոգրամը, ինչը նրանց տեսքը դարձնում է տպավորիչ ու ահազդու։
Թեև այս ենթատեսակը լինում է նաև մոխրագույն կամ սպիտակավուն, բայց սրանց մեջ բացառիկ բարձր տոկոս են կազմում լիովին սև գույնի առանձնյակները։ Գիշատչի հսկա չափսերի և կատարյալ սև մորթու համադրությունը ստեղծում է էկզոտիկ, խորհրդավոր ու թանկարժեք տեսք, որի հետևից էլ ընկած են մեծահարուստները։
«Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ»-ի համաշխարհային զեկույցներում առանձին գլուխներ կան հենց ՍԻԹԵՍ-ի արտոնագրերի չարաշահման և «դասիչների լվացման» մասին։ Այս մասին վայրի բնության առևտրի մշտադիտարկման համաշխարհային ցանցը՝ TRAFFIC-ը այս համակարգի աշխատանքի մասին հրապարակել է տասնյակ հստակ դեպքերի հետաքննություններ։ Կենդանիներին բռնում են Աֆրիկայի կամ Ասիայի վայրի բնությունից, հետո նրանց տեղափոխում են միջանկյալ տարանցման երկրներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Սինգապուրը, Մալթան, կամ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ, և այո՝ Հայաստանը։ Տարանցման կետերում, տեղական վերահսկողության թուլության կամ կոռուպցիայի հաշվին, կենդանիների ՍԻԹԵՍ փաստաթղթերում դասիչը W-ից (Wild — վայրի) դառնում է C՝ անազատության մեջ բուծված (Captive-bred) կամ F՝ անազատության մեջ ծնված (Born in Captivity)։ Այս պահից սկսած՝ կեղտոտ գործարքը դառնում է օրինական։
Քանի որ W-ից C դասիչների կեղծումը դարձել էր համաշխարհային աղետ, ՍԻԹԵՍ-ը ստիպված եղավ ընդունել հատուկ 17.7 բանաձևը՝ ստեղծելով միջազգային հատուկ գործիքակազմ, որը քննության է առնում С դասիչով կենդանիների արտահանման կասկածելի կտրուկ աճ ունեցող երկրները, որոնք չունեն դրա համապատասխան բնական կամ գիտական հնարավորությունը։
ՊԵԿ 2023-2025 թվականների պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ բացի հիմնական քննարկված դեպքերից, սահմանով անցնող էկզոտիկ տեսակների ցանկը ներառում է տասնյակ այլ տեղաշարժեր։ 2024-ին մաքսային փաստաթղթերում հայտնվել է Բենինից բերված 2 աֆրիկյան ցիվետ, 2 պուտավոր բորենի։ Այս հոսքերը 2025-ին համալրվել են Իրանից ներմուծված 30 կովկասյան ազնվացեղ եղջերուներով ու 20 սև կարապներով, Բենինից ստացված 3 գծավոր բորենիներով ու 6 արոս կորի թռչուններով, Լիբանանից տեղափոխված 8 վարաններով ու 20 աֆրիկյան կրիաներով, ինչպես նաև Նիդերլանդներից ստացված 47 էկզոտիկ թռչունների (թութակներ, աղավնիներ, փասիաններ) և Հարավային Աֆրիկայից ժամանած 24 դամանների խմբաքանակներով։
Այս «վայրի» առևտրի մեջ կենդանիները վերածվում են պարզ ապրանքային դասիչների, իսկ Հայաստանը շարունակում է կլանել ու վերահասցեավորել հազվագյուտ և վտանգված տեսակների, որոնց մի զգալի մասը վերցված է անմիջապես վայրի բնությունից։
Վերջաբան․ COP 17-ի շքերթը
Երբ վերլուծում ես 2023-2025 թվականների մաքսային աղյուսակները, հասկանում ես, որ առանձին պատմություններն ընդամենը մի հսկայական խճանկարի փոքրիկ կտորներ են։
Հայաստանն արդեն վաղուց և հաստատուն կերպով ամրապնդել է իր դիրքերը որպես անդրազգային շրջանառության առանցքային հանգույց, որտեղով միայն 2023-2025 թվականներին անցել են 9 վագր Ղազախստանից, 26 գայլ՝ Ռուսաստանից ու Ղազախստանից, տասնյակ բորենիներ Բենինից, 18 զեբր Հարավային Աֆրիկայից և հարյուրավոր էկզոտիկ թռչուններ՝ Կոնգոյից մինչև Իրան։ Ավելի քան 420 վայրի կենդանի մտել է մեր սահմաններից ներս, և նրանց զգալի մասը պարզապես «փոշիացել» է պաշտոնական հետագծելիությունից այն կողմ։ Սա ոչ թե բնապահպանություն է, այլ կենդանական աշխարհի հսկայական «լվացքատուն»։
Շուտով Երևանը կհյուրընկալի COP 17-ը։ 190 երկրների պատվիրակներ կժամանեն՝ խոսելու կենսաբազմազանության փրկության ու կայուն զարգացման մասին, մինչդեռ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Մահարի 148 հասցեի անանցանելի պատերի հետևում կամ մաքսային պահեստների խորքում, հերթական «ապրանքը» կսպասի իր վերահասցեավորմանը։
Սա այն անհաղթահարելի հակասությունն է, որը հնարավոր չէ քողարկել դիվանագիտական բարոյախոսությամբ։ Մինչ Հայաստանը հավակնում է դառնալ բնապահպանական աշխարհի «կենտրոն», այն շարունակում է գործել որպես վայրի բնության առևտրի ստվերային հանգույց։ Քանի դեռ առյուծը հավասարեցված է սառնարանին, իսկ կենդանու կյանքը ստորադասված է սեփականության վկայականին, ցանկացած միջազգային համաժողով ընդամենը գեղեցիկ ֆասադ է՝ փտած համակարգի վրա։
Մենք սովոր ենք կարծել, թե վայրի կենդանիների «թրաֆիքինգը» պարտադիր ենթադրում է մութ նկուղներ և սահմանն անտառներով անցնող մաքսանենգների։ Իրականությունը շատ ավելի ցինիկ է. այսօրվա աշխարհում թղթաբանությունն է դարձել այն հզոր զենքը, որով կեղտոտ գործարքը վերածվում է «օրինական» առևտրի։ Պետական համակարգը, բավարարվելով միայն փաստաթղթերի ձևական առկայությամբ, դառնում է կամավոր «կույր»՝ չնկատելով այն հսկայական անդունդը, որը կա թղթի վրա դրված կնիքի և կենդանու իրական ծագման միջև։
Ժամանակակից թրաֆիքինգը ոչ թե թաքնվելն է օրենքից, այլ հենց օրենքի հետևում։
Կարդացեք նաև
Չսիրվածները․ անողնաշարավորների պահպանությունը Հայաստանում
Հայաստանում բնապահպանական առաջնահերթությունները հաճախ անտեսում են անողնաշարավորներին՝ չնայած դրանց կենսական դերին։ Անահիտ Ղազախեցյանն անդրադառնում է պատճառներին՝ հասարակական կարծրատիպերից մինչև կենսամիջավայրերի կորուստ, և կոչ է անում ստեղծել նոր պատումներ, որոնք արժևորում են էկոհամակարգերը պահպանող այդ «չսիրված» տեսակներին։
Read moreՋրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև
Հայաստանի ջրային պաշարների անհամաչափ բաշխումը, ապաշնորհ կառավարումը, ոռոգման համակարգերի անարդյունավետությունը և Սևանա լճի ճակատագիրը հրատապ լուծումներ են պահանջում։ Երկրի առջև ծառացած է հիմնարար հարց. ինչպե՞ս հավասարակշռել տնտեսական զարգացման և բնապահպանական կարիքները, գրում է Մարիամ Տաշչյանը։
Read moreՓարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը
Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։
Read moreՎտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու
Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։
Read moreՄեր հայերեն էջից
Խաղահրապարակում մնացած աշխարհը
Երբ բակն ամայանում է, երեխան կորցնում է ոչ միայն խաղալու տեղը, այլև աշխարհի հետ չմիջնորդավորված, կենդանի հարաբերությունը։ Մի ոտանի սև սատանայից մինչև զիլինա, հավալա ու հալամուլա բակային խաղերի դերը վերլուծելով՝ ֆոտոպատմությունը ցույց է տալիս, որ ժամանակակից քաղաքային միջավայրում վերահսկվող մանկությունը նվազագույնի է հասցնում ինքնաբուխ համայնական փորձը։
Read moreԵտպատերազմյան հետագիծ
Պատերազմի անավարտ խոսակցությանը մոտենալու փորձ է արել լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը՝ իր ֆոտոպատմության հերոսներին՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներին, անավարտ հարցեր տալով՝ վերհանել պատերազմի թողած հետքը։
Read moreԻնչո՞ւ երիտասարդները չեն վստահում
Ինչպե՞ս են բարձրագույն կրթության ոլորտում չիրականացված խոստացված բարեփոխումները, 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները և քաղաքական խոսույթի անկումը, ձևափոխել երիտասարդության վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ, մեկնաբանում է Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին հարցման արդյունքներին։
Read moreԱրդյունավետության անտեսանելի վարպետության դաս
Հակադրվելով մտքին, որ մայրության արձակուրդում կամ պաշտոնական աշխատանք չունեցող մայրերը «տնտեսապես ոչ ակտիվ» են, Հասմիկ Սողոմոնյանն անդրադառնում է Հայաստանում խնամքին ուղղված անտեսանելի ոլորտին ու պնդում, որ չվճարվող այս աշխատանքն ու վաղ մանկության զարգացումը կենսական ներդրումներ են, որոնք ապահովում են ընտանիքների, հասարակության և տնտեսական աճի երկարաժամկետ կայունությունը։
Read moreՄիամսյակի արանքում. հայկական մայրությունն ու աուտիզմը
Հայաստանում, որտեղ մայրությունը սրբացվում է ու ակնկալվում անձնազոհություն, աուտիզմ ունեցող երեխա մեծացնելը բացահայտում է մշակութային կատարելությունների և իրական կյանքի միջև անդունդը: Անի Պողոսյանի անդրադարձը այն անտեսանելի աշխատանքին, որ անում են մայրերը՝ պայքարելով մի համակարգում, որը դեռ պատրաստ չէ նրանց տեսնել:
Read more









