EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Քաղաքականություն
Հլս 15, 2026

Խորհրդանիշներից անդին․ Իսրայելը, Հայոց ցեղասպանությունը և Գազան

Դավիթ Խաչատրյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սաարը ճանաչումը բնութագրեց որպես բարոյական և պատմական պարտավորություն՝ դատապարտելով, իր բնորոշմամբ, ժխտման համակարգված արշավը, որը գլխավորապես վարում է Թուրքիայի կառավարությունը։ «Ճիշտ քայլն անելու համար երբեք ուշ չէ»,- քվեարկությունից հետո հայտարարեց նա։ Նախաձեռնությունը դեռևս պահանջում է Քնեսեթի հաստատումը․ սակայն հուլիսի 13-ին նախատեսված քվեարկությունը կասեցվեց, քանի որ խորհրդարանը գնաց արձակուրդ։ Այդուհանդերձ, նույնիսկ ոչ ամբողջական, այդ քայլը շրջադարձ է տասնամյակների շարունակ ու զգուշավոր խուսափողական քաղաքականությունից։ 

Տասնամյակներ շարունակ Իսրայելը խուսափում էր արտաբերել այդ բառը։ Այդ զսպվածությունը երբեք պայմանավորված չէր պատմական փաստերով, որոնք ծավալուն են և միանշանակ։ Այն պայմանավորված էր աշխարհաքաղաքականությամբ՝ հարաբերությունները Թուրքիայի հետ, որը ռազմավարական առումով կենսական նշանակություն ունեցող, թեև գնալով ավելի թշնամաբար տրամադրվող հարևան է, և գործընկերությունն Ադրբեջանի հետ, որն Իսրայելին նավթ է մատակարարում և գնում նրա զենքը։ Իսրայելի հաջորդական կառավարությունները ճանաչումը դիտարկում էին որպես չափազանց թանկ խաղաքարտ։ Հարցը հայտնվում էր Քնեսեթի օրակարգում, երբ Անկարայի հետ հարաբերությունները սրվում էին, և անհետանում էր, երբ դրանք բարելավվում էին։ 

Արձագանքները կանխատեսելի էին։ Թուրքիան դատապարտեց որոշումը՝ այն որակելով քաղաքական շարժառիթներով պայմանավորված, և մեղադրեց Իսրայելին՝ այն Գազայի շուրջ ուշադրությունը շեղելու նպատակով օգտագործելու մեջ։ Ադրբեջանն այն անվանեց պատմական փաստերի խեղաթյուրում և կոչ արեց Իսրայելին վերանայել իր դիրքորոշումը։ Հայաստանի արձագանքը, սակայն, աչքի ընկավ զսպվածությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ, իր խոսքով, Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից։

Այսպիսով, ի՞նչ է իրականում տալիս նման ճանաչումը։ Այն ոչինչ չի վճռում, չի սահմանում պատասխանատվություն, չի պարտադրում փոխհատուցումներ և ոչ էլ որևէ մեկին մեղավոր է ճանաչում։ Այնուամենայնիվ, չափազանց շտապողական կլինի այն պարզապես թատերական ներկայացում համարելը։ Ճանաչումը պետության պաշտոնական խոսքն է։ Այն ամրագրում է հրապարակային դիրքորոշում, հակազդում ժխտողականությանը և ձևավորում այն բառապաշարը, որով հասարակությունները բնորոշում են զանգվածային ոճրագործությունները։ Թե ինչ կարող է և ինչ չի կարող անել ճանաչումը՝ այսօր առավել քան երբևէ կարևոր հարց է, քանի որ Իսրայելը որոշել է ճանաչել մի ցեղասպանություն հենց այն պահին, երբ ինքն է մեղադրվում դրա մեջ։

Ինչու է ճանաչումը կարևոր

Հայոց ցեղասպանությունը 2026-ի հունիսի 28-ին ավելի ճշմարիտ չդարձավ, և այն պակաս ճշմարիտ չէր լինի, եթե Իսրայելը ևս մեկ դար պահպաներ իր լռությունը։ 1915-1923 թվականներին տեղի ունեցածի ճշմարտացիությունը հիմնված է արխիվային փաստաթղթերի, վերապրածների վկայությունների և մեկդարյա գիտական հետազոտությունների վրա։ Այն կախված չէ որևէ ճանաչող պետության քաղաքական հաշվարկներից։

Ճանաչումը թուլացնում է ժխտման շուրջ ձևավորված քաղաքական կառուցակարգը։ Թուրքիայի ժխտողականությունը եղել է նպատակային պետական քաղաքականություն, որը պահպանվել է դիվանագիտական ճնշումների, արտերկրում ճանաչման դեմ քարոզչական գործունեության և, ինչպես նշվում է հենց Իսրայելի որոշման մեջ, պատմության դասագրքերի նենգափոխված վերաշարադրման միջոցով։ Այդ կառուցակարգը հիմնված է այն հաշվարկի վրա, որ պետությունների համար չափազանց թանկ է բարձրաձայնել ճշմարտությունը։ Յուրաքանչյուր նոր ճանաչում բարձրացնում է լռության գինը մյուսների համար և նեղացնում այն տարածքը, որտեղ ժխտողականությունը կարող է ներկայանալ որպես հարգելի դիվանագիտական դիրքորոշում։ Այս առումով Իսրայելի ճանաչումն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հատկապես այն պատճառով, որ Իսրայելը տասնամյակներ շարունակ հրաժարվում էր այդ քայլին գնալ, և որովհետև նրա սեփական լեգիտիմությունը սերտորեն կապված է Հոլոքոստի հիշողության և այն սկզբունքի հետ, որ ցեղասպանությունը պետք է անվանվի իր անունով։

Միևնույն ժամանակ, կառավարությունը կամ խորհրդարանը չեն կարող կատարել Արդարադատության միջազգային դատարանի կամ քրեական դատարանի գործառույթը։ «Ցեղասպանություն» հասկացությունն ունի հստակ իրավական սահմանում՝ համաձայն «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի. այն է՝ որոշակի գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Դատարաններն այդ սահմանումը կիրառում են ապացուցման խիստ չափանիշներով, հատկապես՝ հատուկ դիտավորության առկայությունը գնահատելիս։

Արդարադատության միջազգային դատարանի՝ «Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Չեռնոգորիայի» գործով վճիռը ցույց է տալիս, թե ինչպիսին է ցեղասպանության վերաբերյալ դատական որոշումը։ Դատարանը եզրակացրեց, որ Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանություն էր (պարբերություն 297)։ Այն նաև արձանագրեց, որ ցեղասպանությունը կանխելու պարտականությունը վարքագծի պարտավորություն է, որը չափվում է պատշաճ ջանասիրությամբ և այն իրադարձությունների վրա ազդելու պետության կարողությամբ, որոնցում նա տեսնում է ցեղասպանության լուրջ վտանգ (պարբերություն 430-431)։ Այդ հիմքով դատարանը Սերբիային մեղավոր ճանաչեց ցեղասպանությունը կանխելու իր պարտավորությունը ձախողելու մեջ (պարբերություն 438)։ Իսկ ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը սրանցից և ոչ մեկը չի անում։ Այն չի հաստատում փաստեր, չի վերագրում վարքագիծ և չի սահմանում իրավական դարման։

Ճանաչումը՝ որպես իրավական հիշողություն

«Ճանաչում» բառը միջազգային իրավունքում ունի որոշակի բեռ, և այն գոնե մասամբ պետք է հստակեցնել նախքան առաջ անցնելը։ Դասական իմաստով ճանաչումը վերաբերում է կարգավիճակին։ Պետությունները ճանաչում են պետություններ, կառավարություններ, պատերազմող կողմեր և տարածքային իրավիճակներ, իսկ դարավոր բանավեճը՝ ճանաչման կազմաստեղծող և հռչակագրային տեսությունների միջև, մեծ հաշվով հանգեցրել է այն տեսակետին, որ ճանաչումը չէ, որ ստեղծում է այն, ինչ ճանաչվում է․ պետությունը կա՛մ գոյություն ունի, կա՛մ ոչ՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են որոշում ասել։ Ex injuria jus non oritur սկզբունքի համաձայն՝ իրավունքը չի ծագում իրավախախտումից, պետությունները պետք է զերծ մնան միջազգային իրավունքի լուրջ խախտումներով ստեղծված իրավիճակների ճանաչումից։ «Նամիբիայի վերաբերյալ խորհրդատվական կարծիքում» Արդարադատության միջազգային դատարանը սահմանեց, որ պետությունները պարտավոր էին չճանաչել Նամիբիայում Հարավային Աֆրիկայի շարունակական ներկայության օրինականությունը և որևէ աջակցություն չցուցաբերել դրա պահպանմանը (պարբերություն 117-126)։ Ի հակադրություն դրան՝ «Կոսովոյի վերաբերյալ խորհրդատվական կարծիքում» Դատարանը գտավ, որ ընդհանուր միջազգային իրավունքը չի պարունակում անկախության հռչակման արգելք (պարբերություն 84)՝ ճանաչումը թողնելով յուրաքանչյուր պետության քաղաքական հայեցողությանը։

Ցեղասպանության ճանաչումը պատկանում է բոլորովին այլ բնույթի ճանաչումների շարքին, և դրանց շփոթումը սխալ պատկերացումների տեղիք է տալիս։ Ոմանք նման ճանաչումը դիտարկում են որպես կազմաստեղծող, կարծես թե Հայոց ցեղասպանությունը իրական լինելու համար կարիք ունենար օտարերկրյա ճանաչման։ Դա այդպես չէ, և այս հարցում տրամաբանությունը գործում է երկու ուղղությամբ․ Թուրքիայի կողմից չճանաչելը ոչինչ չի պակասեցնում պատմական փաստերից, ճիշտ այնպես, ինչպես Իսրայելի ճանաչումը ոչինչ չի ավելացնում դրանց։ Մյուս մոտեցմամբ ենթադրվում է, թե ճանաչումը զոհերին կամ հանցագործություն իրականացրածներին տալիս կամ զրկում է որևէ իրավական կարգավիճակից, մինչդեռ այստեղ ճանաչման առարկան պատմական հանցագործությունն է, այլ ոչ թե անձնականացված որևէ միավոր։ Այն, ինչ ցեղասպանության ճանաչումն իսկապես կիսում է դասական տեսության հետ, ex injuria սկզբունքի հիմքում ընկած տրամաբանությունն է։ Ճիշտ այնպես, ինչպես չճանաչումը հերքում է իրավախախտման իրավական գնահատականը, այնպես էլ ոճրագործության ճանաչումը հրաժարվում է թույլ տալ, որ մեկդարյա ժխտողականությունը վերածվի հաստատված ու ընդունելի իրողության։

Եթե ճանաչումը չի հասնում դատական որոշման մակարդակին, դրանից չի հետևում, որ այն իրավական նշանակություն չունի։ Այն առավել ճիշտ է ընկալել որպես իրավական հիշողության ձև։ Այն իրավական է, քանի որ օգտագործում է միջազգային իրավունքի բառապաշարը և վերաբերում է համաձայնագրով սահմանված հանցագործությանը։ Այն հիշողություն է, քանի որ առնչվում է պատմական ճշմարտությանը, զոհերի կարգավիճակին և ոգեկոչմանը, այլ ոչ թե առկա վեճի լուծմանը։

Իրավական հիշողությունն ունենում է իրական հետևանքներ։ Պետության կողմից ճանաչումը ձևավորում է կրթական քաղաքականություն, դիվանագիտական գործելակերպ և պաշտոնական ոգեկոչում։ Այն ներառվում է պետության դիրքորոշումների արձանագրության մեջ և կարող է ազդեցություն ունենալ, թե ինչպես կձևակերպվեն ու կհիմնավորվեն ապագա պահանջները։ Այն ապալեգիտիմացնում է ժխտումը՝ հստակ ցույց տալով, որ ցեղասպանության անվանումը միայն դատարանների բացառիկ իրավասությունը չէ։ Դատարանները քննում և որոշում են պատասխանատվության հարցը։ Պետությունները, այնուամենայնիվ, կարող են դիրքորոշումներ արտահայտել պատմական ճշմարտության վերաբերյալ, և այդ դիրքորոշումները ժամանակի ընթացքում կուտակվում են՝ ձևավորելով իրողություն, որի դեմ ժխտողականությունը ստիպված է պայքարել։

Արդարադատության միջազգային դատարանի օրենսգիտությունը նույնպես պաշտպանում է այն գաղափարը, որ ցեղասպանությունը բոլորի խնդիրն է։ «Գամբիան ընդդեմ Մյանմարի» գործով Դատարանն արձանագրեց, որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի բոլոր անդամ պետություններն ունեն դրա դրույթների պահպանման հարցում ընդհանուր շահ, և որ ցանկացած անդամ պետություն կարող է մեկ այլ պետության պատասխանատվության հրավիրել ենթադրյալ խախտումների համար (պարբերություն 107-108)։ Գամբիան, որևէ ուղղակի կապ չունենալով ռոհինջաների հալածանքների հետ, իրավասու էր հայց ներկայացնել ընդդեմ Մյանմարի (պարբերություն 112)։ Ցեղասպանությունը երբեք միայն հանցագործի և զոհի միջև երկկողմ հարց չէ։ Եթե յուրաքանչյուր պետություն ունի ցեղասպանությունը կանխելու և պատժելու իրավական խթան, ապա պետության պաշտոնական դիրքորոշումը պատմական ցեղասպանության վերաբերյալ ավելին է, քան պարզապես զգացմունքային արտահայտություն։ Այն մասնակցում է ընդհանուր իրավակարգի ձևավորմանը։

Հայոց ցեղասպանության դեպքում այս տարբերակումն առավել սուր նշանակություն ունի, քան շատ այլ դեպքերում, քանի որ դատական ճանապարհն ի սկզբանե փակ էր։ Ցեղասպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1948-ին և ուժի մեջ է մտել 1951-ին, և այն պետություններին պարտավորություններ է սահմանում միայն այն գործողությունների նկատմամբ, որոնք կատարվել են տվյալ պետության՝ Կոնվենցիայի մասնակից դառնալուց հետո։ Արդարադատության միջազգային դատարանը դա վերահաստատեց «Խորվաթիան ընդդեմ Սերբիայի» գործով՝ արձանագրելով, որ Կոնվենցիան հետադարձ ուժ չունի և չի կարող հիմք հանդիսանալ պատասխանատվություն սահմանելու այն գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել պետության՝ Կոնվենցիային միանալուց առաջ (պարբերություն 100)։ 1915-ի իրադարձությունները Կոնվենցիայից ավելի քան երեք տասնամյակ առաջ են տեղի ունեցել, ինչը դրանք դուրս է թողնում 9-րդ հոդվածի կիրառման շրջանակից՝ նույնիսկ այն պետությունների միջև, որոնք այսօր Կոնվենցիայի անդամներ են։ Կարճ ասած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ներկայացվելիք գործ գոյություն չունի, և չկա ըստ էության վճիռ, որին պետք է սպասել։ Այդ դատական ատյանի բացակայությունն է պատճառներից մեկը, թե ինչու է ճանաչումն այս դեպքում այդքան կարևոր։ Երբ այն դատարանի դռները, որը վճիռ կայացրեց Սրեբրենիցայի գործով, երբեք հասանելի չեն եղել, ապա դրանից դուրս պետությունների և այլ դերակատարների կողմից տրվող անվանումն է դառնում այն միակ հարթակը, որով այդ ոճիրը հանրայնորեն ընդունվում է։

Գազայի ստվերը

Ահա թե որտեղ է Իսրայելի որոշումն ավելի բարդ, քան պարզապես Հայաստանի և Թուրքիայի պատմությունը։ Իսրայելն այժմ պաշտպանվում է Արդարադատության միջազգային դատարանում՝ Հարավային Աֆրիկայի կողմից Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում հարուցված վարույթում, որը վերաբերում է Գազայում նրա գործողություններին։ Դատարանը դեռևս չի կայացրել վճիռ։ Բայց 2024-ի հունվարին Դատարանն արձանագրեց, որ առնվազն Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում գտնվող որոշ իրավախախտումներ, որոնց Հարավային Աֆրիկան հղում էր կատարում՝ ի պաշտպանություն Գազայի պաղեստինցիների, կարող էին համարվել հավանական (պարբերություն 54), և սահմանեց միջանկյալ միջոցներ՝ Իսրայելից պահանջելով, ի թիվս այլնի, կանխել Կոնվենցիայի շրջանակում ընկնող գործողությունները, պատժել ցեղասպանության հրահրումը, ապահովել մարդասիրական օգնության տրամադրումը և պահպանել ապացույցները (պարբերություն 86)։ 2024-ի մայիսին Դատարանն ավելացրեց լրացուցիչ միջոցներ՝ Ռաֆահի հարձակման, մարդասիրական օգնության համար «Ռաֆահ» անցակետի վերաբացման և քննչական մարմինների հասանելիության մասով (պարբերություն 57)։ Միջանկյալ միջոցները պաշտպանում են իրավունքները, քանի դեռ գործը գտնվում է քննության փուլում։ Դրանք որևէ կերպ չեն նշանակում, որ ցեղասպանության փաստն արդեն հաստատված է։ Իսրայելը մերժում է ներկայացված մեղադրանքները, և գործի քննությունը շարունակվում է։

Այս վերապահումները կարևոր են, և ցանկացած անկողմնակալ վերլուծություն պետք է դրանք հաստատապես հաշվի առնի։ Սակայն պարունակը չի կարելի անտեսել, թեկուզ միայն այն պատճառով, որ Թուրքիան անմիջապես այն դրեց իր արձագանքի կենտրոնում, ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջինս ինքն էլ ներգրավվել է Արդարադատության միջազգային դատարանում ընթացող վարույթում։

Հենց այստեղ է իրական լարումը։ Հայոց ցեղասպանությունը կառավարության որոշմամբ ճանաչելով՝ Իսրայելը հաստատել է, որ քաղաքական մարմինները կարող են ցեղասպանություն որակել նաև առանց ավարտված դատական գործընթացի։ Այդ դիրքորոշումը հիմնավոր է, և Հայոց ցեղասպանության դեպքում այն առավել համոզիչ է․ ոչ ոք լրջորեն չի առաջարկում սպասել դատարանի որոշմանը՝ նախքան 1915-ի իրադարձությունների մասին անկեղծորեն խոսելը։ Սակայն այս դիրքորոշումը երկսայր սուր է։ Պետությունը, որը գործադիր արձանագրությամբ ցեղասպանություն է ճանաչում, չի կարող հեշտությամբ պնդել, թե իր հասցեին հնչող «ցեղասպանություն» ձևակերպումն անօրինական է սոսկ այն պատճառով, որ դատական վարույթը դեռևս ընթացքի մեջ է։ Իսրայելը կարող է փաստարկել, որ Գազայում իր վարքագիծը չի համապատասխանում Կոնվենցիայի սահմանմանը։ Բայց այլևս չի կարող պնդել, որ այդ բառի կիրառումը պետք է սպասի դատական վերջնական վճռին։

Հայոց ցեղասպանությունը պատմական ոճրագործություն է՝ համակողմանիորեն փաստագրված, որի ժխտումը շարունակվում է ավելի քան մեկ դար։ Գազան ընթացիկ դատական վեճի առարկա է, որի քննության փուլը դեռևս չի ավարտվել։ Այստեղ բարդությունն իրավական է, այլ ոչ թե ապացուցողական։ Ավերածությունների վերաբերյալ տվյալները ծավալուն են և փաստագրված․ Դատարանի առջև ծառացած հարցն այն է, թե արդյոք այդ փաստական հիմքը համապատասխանում է Կոնվենցիայի՝ հատուկ մտադրության խիստ պահանջներին (այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ)։ Եվ ինչ էլ որոշի Դատարանը, այդ որակումը չի սահմանափակվելու Հաագայով։ Պետությունները, միջազգային կազմակերպություններն ու իրավագիտությունը կարող են ճանաչել Գազայում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն նույնիսկ, երբ դատարանը խախտում չի արձանագրել, ինչպես Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է տասնյակ պետությունների կողմից՝ առանց որևէ դատարանի երբևէ դրա վերաբերյալ վճիռ կայացնելու։

Խորհրդանշականից անդին, բայց ոչ քաղաքականությունից դուրս

Արդյո՞ք ճանաչումն խորհրդանշականից ավելին է։ Այո՛, եթե խորհրդանշականություն ասելով հասկանում ենք անհետևանք մի արարք։ Ճանաչումը հակադրվում է ժխտողականությանը, ամրագրում է պաշտոնական դիրքորոշումը, համալրում է իրավական հիշողությունը և փոխում է այն արժեհամակարգային միջավայրը, որտեղ քննարկվում է Հայոց ցեղասպանությունը։ Դրանք իրական հետևանքներ են՝ նույնիսկ առանց դատական ատյանի միջամտության։

Սակայն այն քաղաքականությունից անդին չէ, և հայերը պետք է դիմադրեն այն պատճառանքին, թե իբր դա քաղաքականությունից անդին է։ Իսրայելի որոշումը կայացվեց Անկարայի հետ հարաբերությունների խոր ճգնաժամի պայմաններում՝ մի պահի, երբ ճանաչումը Թուրքիայի հետ հարաբերությունների առումով գրեթե ոչ մի կորուստ չէր ենթադրում և օգտակար էր որպես հանդիմանանք։ Այն կարող է միաժամանակ լինել թե՛ բարոյապես ճիշտ, թե՛ քաղաքականապես նպատակահարմար։ Երկու մեկնաբանություններն էլ ճիշտ են, և արդարացի մոտեցումը դրանք միասին դիտարկելն է։ 

Եվ իրադարձությունները ժամանակին հաստատեցին դա։ Հուլիսի 13-ին՝ Քնեսեթի՝ մինչև հոկտեմբերին նախատեսված ընտրությունների արձակուրդից ընդամենը մի քանի օր առաջ իսրայելցի պաշտոնյան հաստատեց, որ խորհրդարանական քվեարկությունը կասեցվել է։ Ժամանակային համընկնումն ինքնին խոսուն էր։ Իրանի հետ հրադադարը տապալվել էր, Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Անկարան նորից ճնշում էր գործադրել Վաշինգտոնի վրա՝ F-35 կործանիչների հարցով, և Թուրքիայի հետ լարվածության նվազեցումը վերականգնել էր իր շուկայական արժեքը: Արտաքին գործերի նախարարության խոսնակը որևէ մեկնաբանություն չտվեց, և դրա անհրաժեշտությունն էլ չկար։ Ոչ ոքի լրացուցիչ ապացույց պետք չէր, որ ցեղասպանության հիշողությունը դարձել էր ամենաբարձր քաղաքական մակարդակում սակարկության առարկա, սակայն այդ ապացույցն, այնուամենայնիվ, ներկայացվեց՝ առանց որևէ խնդրանքի։ Այն ճանաչումը, որը կարելի է դարակում պահել՝ դիվանագիտական սեզոնի թելադրանքով լարվածությունը մեղմելու համար, երբեք համոզմունք խնդիր չի եղել։ Այն ծառայել է որպես քաղաքական լծակ՝ ձեռնարկվել, երկարաձգվել և հետ կանչվել՝ այն հաշվարկով, որ կարող է կրկին շրջանառության մեջ դրվել, երբ քաղաքական շուկայի պայմանները նորից փոխվեն։

Հայաստանի դիրքորոշումն էլ արժանի է նույնպիսի ազնիվ գնահատականի։ Վարչապետ Փաշինյանը որոշումն ընդունեց սառնասրտորեն՝ չտեսնելով արձագանքելու կարիք, և նա դա արեց մի տարուց ավելի տևած այն գործընթացից հետո, երբ հարցականի տակ էր դնում ցեղասպանության ձևակերպումն ու արտերկրում դրա ճանաչումը դիտարկում որպես ցածր առաջնահերթություն: Քանի որ կառավարության ղեկավարը խոսում է պետության անունից, նրա զուսպ վերաբերմունքը դառնում է նաև Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, և այն մեղմացնում է այն գիծը, որ երկիրը մինչ այդ հետևողականորեն պահպանել էր և թողել իրական հետք միջազգային հարթակում։ Հենց այդ անհամապատասխանությունն է էականը։ Այդպիսի լիազորություններով օժտված պաշտոնյայի զուսպ խոսքը չափազանց թույլ և անբավարար պատասխան է, մինչդեռ հարևան երկրում այդ հանցագործությունը շարունակում է ժխտվել։ Ճանաչումը ողջունելի է։ Սակայն այն նաև ուրիշի քայլն է ուրիշի խաղատախտակի վրա։ Հայոց ցեղասպանությունն Իսրայելի ճանաչման կարիքը չունի՝ ճշմարտություն լինելու համար, և հայերը կարիք չունեն որդեգրելու ճանաչողի օրակարգը՝ ճանաչումն ընդունելու համար: Խնդիրն է՝ վերցնել այն, ինչը թուլացնում է ժխտողականությունը, մերժել այն, ինչը գործիքայնացնում է հիշատակը, և շարունակել պնդել, որ ոճրագործության անվանումը՝ որտեղ էլ այն տեղի ունեցած լինի և ում էլ այն վերաբերի, պետք է ենթարկվի նույն չափանիշներին։ Սա պահանջ է, որը պետք է ներկայացնել Իսրայելին, Թուրքիային և ինքներս մեզ։

Մեր հայերեն էջից

Armenia’s Wildlife Exports

Հայաստանի վտանգված կենդանիները և հնդիկ միլիարդատիրոջ «ոսկե վանդակները»

Մարիամ Տաշչյան
Հլս 9, 2026

Վտանգված կենդանիների Հայաստանից Հնդկաստանի վիճահարույց «Վանտարա» վայրի բնության կենտրոն տեղափոխման վերաբերյալ հետաքննությունը բացահայտում է մտահոգիչ հարցեր գործընթացի թափանցիկության, բնապահպանական նպատակների, վայրի բնության միջազգային առևտրի և Հայաստանի դերի վերաբերյալ համաշխարհային ցանցում, որը մշուշոտում է կենդանիների փրկության և միջազգային առևտրային շահերի սահմանը։

Read more
The Enclave Issue Between Armenia and Azerbaijan

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդիրը

Սոսի Թաթիկյան
Հլս 2, 2026

Ինչպե՞ս են ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի անկլավները, ի՞նչ իրավական հիմքեր ունեն դրանք և ի՞նչ դեր կարող են խաղալ խաղաղության գործընթացում։ Անդրադառնալով այս հարցերին՝ Սոսի Թաթիկյանը ներկայացնում է նաև համեմատական միջազգային փորձը՝ Կիպրոսից մինչև Կենտրոնական Ասիա և Եվրոպա, ինչպես նաև վերլուծում կարգավորման հնարավոր տարբերակները, ուղիներն ու դրանց հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար։

Read more
Զրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով

Զրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով

Տիգրան Գրիգորյան
Հնս 23, 2026

Պաղեստինյան ծագումով ամերիկացի գրականագետ Էդուարդ Սայիդի «Օրիենտալիզմ» աշխատությունը 20-րդ դարի հումանիտար մտքի ամենանշանակալի ձեռքբերումներից է, որը հիմնովին փոխեց Արևելքի մասին ձևավորված պատկերացումների ուսումնասիրության մոտեցումները։ Գրքի հայերեն թարգմանության առիթով արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանը զրուցել է արաբագետ Մարիամ Էլմասյանի հետ՝ անդրադառնալով հարցերի, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր։

Read more
COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»

COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»

Մարիամ Տաշչյան
Հնս 22, 2026

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP 17-ը՝ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, մինչդեռ մաքսային տվյալներն ու փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես են հարյուրավոր վտանգված կենդանիներ հայտնվում Հայաստանում, ապա անհետանում պաշտոնական հետագծելիությունից՝ հասնելով մասնավոր հավաքածուների՝ Հնդկաստանից մինչև Ռուսաստան։

Read more
Unfinished Conversations of WAR

Ետպատերազմյան հետագիծ

Վաղինակ Ղազարյան
Մյս 28, 2026

Պատերազմի անավարտ խոսակցությանը մոտենալու փորձ է արել լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը՝ իր ֆոտոպատմության հերոսներին՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներին, անավարտ հարցեր տալով՝ վերհանել պատերազմի թողած հետքը։

Read more

Փոդքաստ

«Տարօրինակ պարտության» զուգահեռներ

«Տարօրինակ պարտության» զուգահեռներ

EVN Report
Հնս 25, 2026

Զրույց քաղաքագետ, միջազգային հարաբերությունների դասախոս Թալին Փափազեանի հետ՝ Մարկ Բլոկի «Տարօրինակ պարտություն» գրքի հայերեն թարգմանության առթիվ՝ պատմությունից դասեր քաղելու, ֆրանսիական փորձառության, հետպատերազմյան Հայաստանի համար Բլոկի պարտության զննության գիտակարգի կարևորության մասին։

Read more

Դիվանագիտական չեզոքություն բազմաբևեռ իրավիճակում

EVN Report
Մրտ 4, 2026

ԱՄՆ, Իսրայել, Իրան շարունակվող հակամարտության ընթացքն ու ազդեցությունը գնահատել վաղահաս՝ միջազգային առումով և տարածաշրջանի համար։ Սակայն հատկապես նման իրավիճակում, ըստ Արտաքին ու անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի նախագահ Սոսի Թաթիկյանի՝ Հայաստանի համար դիվանագիտական չեզոքությունն առանցքային է։

Read more

Ախուրիկ և Մարգարա․ երկու սահմանային գյուղերի օրինակներ

EVN Report
Փտր 19, 2026

Հայաստան-Թուրքիա սահմանի ակնկալվող բացման կապակցությամբ երկու սահմանամերձ անցակետային գյուղերի` Ախուրիկի և Մարգարայի բնակիչները տեսանելի ու նույնիսկ լսելի այն կողմից ունեն իրարից տարբերվող հիշողություններ, ակնկալիքներ ու մտահոգություններ։ Քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի «Կայսերական ֆրոնտիրների ժառանգությունը» հետազոտության մանրամասները՝ հեղինակի հետ զրույցում։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ