«Կամ քաղաքականությունն է վերահսկում փողը, կամ փողն է վերահսկում քաղաքականությունը»,- ասում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության բյուրոյի ժողովրդավարացման բաժնի ղեկավար դոկտոր Մարսին Ուոլեքին Ընտրական բարեփոխումների հարցերով խորհրդարանական աշխատանքային խմբի հետ հուլիսի 10-ի քննարկմանը։ Նա հրավիրված էր մի քննարկման, որի ժամանակ ԱԺ աշխատանքային խումբը կուսակցությունների ֆինանսավորման հարցը սահմանեց որպես ընտրական բարեփոխումների առաջնահերթություն։
Քաղաքական ֆինանսավորումը Հայաստանում
Հայաստանում քաղաքական ֆինանսավորումը իրավական կարգավորման երկու առանձին դաշտում է՝ քարոզարշավի ֆինանսավորում, որը ներառում է ընտրության ժամանակահատվածը և կարգավորվում է Ընտրական օրենսգրքով (հրապարակված է www.elections.am կայքում) և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորում, որը ներառում է վերջիններիս ընթացիկ գործունեությունը և կարգավորվում է առանձին՝ «Քաղաքական կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով։ Սահմանադրության 46-րդ հոդվածը կուսակցություններից պահանջում է հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվություն, որը տեղադրվում է www.azdarar.am կայքում։
Քարոզարշավի ֆինանսավորումը ներառում է ընտրարշավի ժամանակահատվածը։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններին այն ընդամենը երկու շաբաթ էր։
Ընտրությունների մասնակից յուրաքանչյուր կուսակցությունից կամ դաշինքից պահանջվում է ունենալ քարոզարշավի առանձին հաշվետվություն, որը ներառում է ընտրարշավի ընթացքում գովազդի և հանրահավաքների ծախսերը, թեև հաշվի չի առնում բազմաթիվ այլ ծախսեր, օրինակ, աշխատավարձերը, խորհրդատվական ծառայությունների վճարները, նախընտրական գրասենյակները, փոխադրամիջոցները և այլն։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա Ընտրական օրենսգրքի 26-րդ և 92-րդ հոդվածների համաձայն` քարոզարշավին ֆինանսապես աջակցելու իրավունք ունեն.
- տվյալ քաղաքական կուսակցությունը՝ մինչև 100,000,000 ՀՀ դրամ (մոտ 210,000 ԱՄՆ դոլար) ծավալով,
- կուսակցությունից առաջադրված թեկնածուները՝ մինչև 5,000,000 ՀՀ դրամ (մոտ 10,000 ԱՄՆ դոլար),
- քվեարկելու իրավունք ունեցող անհատները՝ մինչև 500,000 ՀՀ դրամ (մոտ 1000 ԱՄՆ դոլար)։
Խորհրդարանական ընտրություններին մեկ կուսակցության կամ դաշինքի ընդհանուր ծախսերը (ըստ նրանց քարոզարշավի հաշվետվության, որը, ինչպես նշվեց, չի ներառում նախընտրական գրասենյակների և այլ ծախսեր) կարող են կազմել 500,000,000 դրամ (մոտ 1,000,000 ԱՄՆ դոլար)։ Քանի որ կուսակցությունը կարող է վճարել այդ գումարի միայն մեկ հինգերորդը, անհրաժեշտ է կազմակերպել արդյունավետ դրամահավաք, եթե ցանկություն կա լրացնելու այդ ծավալը։
Առևտրային ընկերությունները չեն կարող ուղղակիորեն ֆինանսավորել քարոզարշավը, թեև 2018 թվականին այդպիսի երկու փորձ գրանցվել է։ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն և «R.G. Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն համապատասխանաբար 700,000 և 60,000 դրամի փոխանցումներ են կատարել «Իմ քայլը» դաշինքին։ Գումարը հաշվեգրման ենթակա չէր և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ուղղորդվեց պետական բյուջե։
Սակայն առևտրային ընկերությունները կարող են նվիրատվություններ անել քաղաքական կուսակցությանը, իսկ վերջինս գումարը (մինչև 100 միլիոն դրամ) փոխանցել իր նախընտրական հաշվին։ Քաղաքական կուսակցությունների օգտին տարեկան նվիրատվությունների չափը սահմանված է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ կետով.
- առևտրային ընկերություններ՝ մինչև 10,000,000 դրամ (մոտ 21,000 ԱՄՆ դոլար),
- ոչ առևտրային ընկերություններ՝ մինչև 1,000,000 դրամ (մոտ 2100 ԱՄՆ դոլար),
- անհատներ՝ մինչև 10,000,000 դրամ (մոտ 21,000 դոլար)։
2019 թվականի հունիսի 25-ի հանրային քննարկմանը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» երևանյան գրասենյակը հանդես եկավ կորպորատիվ նվիրատվություններն առհասարակ արգելելու առաջարկով։
Ինչպես մեկնաբանել օրենքը
«Քաղաքական կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը արգելում է նաև օտարերկրյա կորպորացիաների և «օտար երկրների քաղաքացիների» նվիրատվությունները։ Ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ ՀՀ երկքաղաքացիները չեն կարող ուղղակի նվիրատվություն անել հայկական քաղաքական կուսակցության օգտին, «օտար երկրի քաղաքացի» սահմանումը ներառում է նաև նրանց։ Օրենքում, սակայն, ասվում է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավասու է նվիրատվություն անել հայաստանյան որևէ քաղաքական կուսակցության օգտին։
Հաջորդ առանձնահատկությունը անդամավճարի և «նվիրատվությունների» տարբերակումն է։ Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է տարեկան առավելագույն անդամավճար՝ 1,000,000 դրամ (մոտ 2,100 դոլար)։ Մինչդեռ հոդված 12-ի 2-րդ կետը մանրամասնում է. «Հայաստանի Հանրապետության՝ 18 տարին լրացած աշխատունակ քաղաքացիները կարող են դառնալ քաղաքական կուսակցության անդամ»։
Այս բաժնում «միայն» վճռորոշ բառը բաց է թողնված։ Այն հստակ չի նշում, որ անհատները, որոնք Հայաստանի քաղաքացիներ չեն կամ դեռ չեն հատել 18-ի շեմը, չեն կարող դառնալ քաղաքական կուսակցության անդամ։ Մյուս կողմից՝ օրենքի 13-րդ հոդվածը թվարկում է նրանց, ովքեր չեն կարող դառնալ քաղաքական կուսակցության անդամ (դատավորներ, դատախազներ, քննիչներ, նախագահ, մարդու իրավունքների պաշտպան և ԿԸՀ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի անդամներ կամ Կենտրոնական բանկի աշխատակիցներ), բայց չի ներառում անձանց, որոնք Հայաստանի քաղաքացի չեն, թեև օրենքի ընդհանուր մեկնաբանությունը հուշում է, որ ոչ քաղաքացիները չեն կարող դառնալ հայաստանյան քաղաքական կուսակցության անդամ և չեն կարող անդամավճար վճարել կամ նվիրատվություն կատարել։
Քարոզարշավի ֆինանսավորումը խորհրդարանական ընտրություններում
Նախընտրական քարոզարշավի գլխավոր սկզբունքն այն է, որ սովորաբար հաղթում է այն կուսակցությունը, որն ավելի շատ գումար է ծախսել։ Եվ հակառակը՝ հաղթելու բարձր հավանականություն ունեցող մասնակիցը սովորաբար ստանում է ամենաշատ նվիրատվությունները։ Սկզբունքը գերիշխող էր Հայաստանում թե՛ 2018 թվականի դեկտեմբերի, թե՛ 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին, ինչպես ցույց են տալիս ստորև բերված աղյուսակները։
Հարկ է նշել, սակայն, որ այս թվերը ներառում են գերազանցապես գովազդի և հանրահավաքների ծախսերը։ Կարևոր է նաև, որ ԵԱՀԿ-ն խոսել է 2017 թվականի ապրիլին քվեներ գնելու հավաստի փաստերի մասին, որոնց գումարներն ամենայն հավանականությամբ չեն արտացոլվել պաշտոնական ծախսերի մասին հրապարակումներում, մինչդեռ 2018 թվականի ընտրությունների մասին զեկույցում ԵԱՀԿ-ն խոսում էր արդեն «ընդհանուր առմամբ» քվեներ գնելու և ընտրախախտումների ու քվեարկողների վրա ճնշման բացակայության մասին։
Հրապարակված թվերում ներառված չեն նախընտրական գրասենյակների տարածքների մասին տվյալները։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ունի սեփական կամ վարձակալած տարածքներ 51 տարբեր շինություններում՝ համաձայն 2018 թվականի ընտրությունների գույքի և եկամուտների հայտարարագրի։ Ի հակադրություն դրա` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ Իմ քայլը դաշինքի միջուկը, հայտարարագրել է միայն մեկ վարձակալած գրասենյակ Երևանի կենտրոնում։ Եթե մյուս կուսակցությունները նախընտրական հայտարարագրերում ներառել են վարձակալած գույքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարագրել է զրո անշարժ գույք, թեև նրա հրապարակած մեկ այլ փաստաթղթում, մոտավորապես նույն ժամանակահատվածի համար, նշված է 57,000 ԱՄՆ դոլար գրասենյակների վարձակալության գումար։
Չնայած պետական բյուջեից կուսակցություններին նվիրատվություններն արգելված են, Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարագիրը ցույց է տալիս, որ կուսակցությունը 400 ԱՄՆ դոլար է ստացել Վայոց ձորի մարզպետարանում հավելյալ տարածք վարձակալելու համար. վարձակալական վճարները չեն համարվում նվիրատվություն, բայց պետական մարմնին սկզբունքորեն անհարիր է անշարժ գույք վարձակալության հանձնել քաղաքական կուսակցությանը։ Միակ կուսակցությունը, որն իր նախընտրական հաշվետվություններում հայտարարագրել է անշարժ գույքից ստացած եկամուտը, Հայ հեղափոխական դաշնակցությունն է (ՀՅԴ), որը 1750 դոլար է ստացել Ինեկոբանկից վարձակալման վճարումների համար։ ՀՅԴ-ն հայտարարագրել է 45 տարբեր շենքերում անշարժ գույքի սեփականության իրավունք, ուստի կուսակցությունը երկրորդն է նախընտրական գրասենյակների տարածքների ընդգրկման ցուցանիշով։
Ազգային առաջընթաց կուսակցությունը, որը քարոզարշավի ծախսերով տասնմեկերորդն է, գրանցվել է 2018 թվականի նոյեմբերի 13-ին։ Հիմնադրման պահից տասներկու օրվա ընթացքում կուսակցությունը հայտարարագրել է զրո եկամուտ, բայց նաև ցույց է տվել, որ հավաքել է 2,000,000 դրամ (մոտ 4200 դոլար) կանխիկ գումար։
Ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլև կուսակցության թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է հայտարարագիր ներկայացնի ունեցվածքի և եկամուտների մասին։ Երբևէ մտածե՞լ եք՝ որքան հարուստ է Գագիկ Ծառուկյանը։ Կարող եք այցելել www.elections.am կայք, բացել վերջին խորհրդարանական ընտրությունների էջը, ներբեռնել Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուների .rar file նիշքը, բացել այն WinRAR կամ 7Zip ծրագրի օգնությամբ, ապա առաջին թղթապանակում՝ 1.G.RS, վերադասավորել յոթ լուսապատճենված .jpg պատկերները և պարզել, թե ինչ սեփականություն ունի նա.
- 13 մեքենա, որոնցից երկուսը՝ Rolls Royce Phantom, մեկը՝ Bentley,
- 6 ոսկե ժամացույց, որոնց ընդհանուր արժեքը 1.8 միլիոն ԱՄՆ դոլար է,
- 3 ոսկե մատանի՝ 4.7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով,
- մոտ 200 միլիոն կանխիկ ԱՄՆ դոլար,
- բաժնեմասեր 45 տարբեր կորպորատիվ միավորներում։
Ի հակադրություն դրա՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 1800 ԱՄՆ դոլար կանխիկ գումար և 2012 թվականի արտադրության «Հյունդայ Սոնատա» ավտոմեքենա։
Քաղաքական կուսակցությունների պետական ֆինանսավորում
Թեև հայկական քաղաքական կուսակցություններին նվիրատվություններից հարկային պահումներ չեն արվում, քաղաքական կուսակցությունների մասին օրենքը ենթադրում է պետության կողմից ուղղակի և անուղղակի ֆինանսավորման ապահովում։
Ըստ օրենքում 2002 թվականին ներմուծված 26-րդ հոդվածի` խորհրդարանական ընտրություններում քվեների առնվազն 3 տոկոսը ստացած կուսակցություններն իրավունք ունեն ուղղակի ֆինանսավորում ստանալ պետբյուջեից՝ քվեների իրենց բաժնեմասի համաչափ։ Այս աջակցության համար բյուջեով նախատեսված ողջ գումարը չի կարող լինել պակաս, քան վերջին ընտրություններում հնարավոր ընտրողների (անկախ նրանից՝ նրանք քվեարկել են, թե ոչ) ընդհանուր թվի քառասունապատիկը (2018 թվականին ընտրողների թիվը 2,593,140 էր)։ 2019 թվականին բյուջեն այդ նվազագույն գումարը բաժանել էր հետևյալ կերպ.
Կարելի է նկատել, որ պետական ֆինանսավորում ստանալու շեմը (3 տոկոս) ավելի ցածր է, քան խորհրդարանում մանդատինը (5 տոկոս), ուստի, ըստ այժմյան ձևակերպման, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կշարունակեն որոշակի օժանդակություն ստանալ պետական բյուջեից, եթե անգամ չունեն ընտրված պատգամավոր։
Ստորև բերված աղյուսակում ներկայացված են այն բոլոր կուսակցությունները, որոնք վերջին տասը տարիներին ստացել են պետական ֆինանսավորում (ՀՀ դրամ)։
Անշուշտ, պարտադիր չէ, որ պետական ֆինանսավորումը համաչափ լինի քվեներին։ Ընթացիկ ձևաչափում նախապատվություն է տրվում գործող կուսակցություններին, որոնք արդեն իսկ գերիշխող դիրք ունեն։ Մյուս մոտեցումն այն է, որ սահմանված շեմը գերազանցող բոլոր կուսակցությունների հատկացվի հավասար գումար, որը բավարար է նվազագույն ծախսերը հոգալու համար։ Որպես այլընտրանք՝ կարելի է օգտագործել ռեգրեսիվ բանաձև, որը պակաս միջոցներ է տրամադրում խոշոր կուսակցություններին մեկ քվեի հաշվով. թեև, այս դեպքում էլ ընդհանուր գումարն ավելի մեծ է լինելու։
Քաղաքական կուսակցությունները պետական աջակցություն միայն ուղիղ վճարումների տեսքով չէ, որ ստանում են։ Ընտրություններում թեկնածուներ առաջադրած բոլոր կուսակցություններն իրավունք ունեն ստանալ հեռուստատեսությամբ անվճար եթերային ժամանակ, անվճար գովազդային տարածք և հանրահավաքներ կազմակերպելու նպատակով հանրային տարածքներն ազատ օգտագործելու հնարավորություն։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրական բարեփոխումները մշակող Հայաստանի խորհրդարանական աշխատանքային խմբի 2019 թ. հուլիսի 10-ի հանդիպման ընթացքում, որի մասին հիշատակվեց հոդվածի սկզբում, դոկտոր Մարսին Ուոլեքին առաջարկեց ավելացնել Հայաստանում քաղաքական կուսակցությունների պետական ֆինանսավորման չափը։ Նա նշեց, որ կուսակցություններին հարկային դոլարներ բաժանելը բարդ քաղաքական առևտուր է, և քաղաքականության մեջ փողը նմանեցրեց ջրով լի բաժակի. նախ, այն պետք է լինի թափանցիկ. ցանկացած ոք պետք է տեսնի, թե ինչ կա բաժակի մեջ։ Երկրորդ, բաժակի կեսը պետք է լցվի վստահելի աղբյուրից, այն է՝ պետական բյուջեից, որպեսզի ոչ ոք ծարավ չմնա։ Երրորդ, վերահսկող մարմինը պետք է ակտիվորեն հսկի որակը՝ ապահովելով ջրի մաքրությունը։ Եվ վերջապես, չի կարելի այնքան ջուր լցնել, որ թափվի։
Հարկային նվիրատվություններ
Քաղաքական կուսակցություններին նվիրատվությունները Հայաստանում այս պահին չեն հարկվում։ Բյուջեից ուղիղ ֆինանսավորման փոխարեն կառավարությունը կարող է հարկային արտոնություններ տրամադրել քաղաքական կուսակցությանը նվիրատվություն անող քաղաքացիներին։ Այս մոտեցման կողմնակիցների պնդմամբ՝ սա քաղաքական գործիչներին կպարտադրի հաշվետու լինել նրանց առաջ, ում իրենք ներկայացնում են՝ ստիպելով կամավոր ներդրումները խթանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը, մյուս կողմից, թույլ չի տա նաև կորցնել իրականության զգացումը։
Կանադայում քաղաքացին, որը 400 կանադական դոլարի (CAD) նվիրատվություն է անում դաշնային քաղաքական կուսակցությանը, հետ է ստանում 300 դոլար (75 տոկոս) իր հարկվող եկամուտներից։ Կիրառելի՞ է այս մոտեցումը Հայաստանում. պարզ չէ, քանի որ վարձու աշխատողներն այստեղ հարկային տարեկան հաշվետվություններ չեն լրացնում։ Նույնիսկ կանխիկ գումարով աշխատող անհատ ձեռներեցները, օրինակ՝ տաքսու վարորդներն ու մրգավաճառները, հազվադեպ են հայտարարագիր լրացնում, հազվադեպ էլ հետապնդվում են դրա համար։ Ուստի համակարգի ներդրումը կպահանջի հայտարարագրերի մշակման նոր մարմին։ Մյուս կողմից, հարկերի վերադարձի նման մի համակարգ (խոսքը նորակառույց անշարժ գույքի ձեռքբերման մասին է) լայն տարածում ունի Հայաստանում։
Նմանատիպ, բայց վարչարարական պակաս բեռով մեկ այլ մոտեցում է պետության կողմից քաղաքական կուսակցությանը ուղիղ հատկացվող վճարումների համակարգը։ Այս համակարգում, որը երբեմն անվանում են «համաչափ» կամ «բոնուսային», պետությունը համաֆինանսավորում է կուսակցության ստացած ցանկացած նվիրատվություն։ Այսինքն, եթե քվեարկողը ինչ-որ կուսակցության նվիրաբերել է 1000 դրամ, պետությունը կավելացնի ևս 1000-ը (կամ 200 կամ 2000 դրամ, կամ օրենքով ամրագրված այլ, նախապես որոշված տոկոս)։ Այս մոդելի թերություններից մեկն այն է, որ քվե գնելը (խնդրահարույց է Հայաստանում) ձեռնտու կլինի քաղաքական այն կուսակցություններին, որոնք ցանկանում են կեղտոտ փողեր լվանալ։ Համաչափ համակարգի դեպքում կուսակցության ներկայացուցիչը կարող է քվեարկողին տալ 15,000 կանխիկ դրամ և խնդրել 10,000 դրամի նվիրատվություն անել կուսակցությանը, ինչին պետությունը կավելացնի ևս 10,000 դրամ։ Թե՛ քվեարկողը, թե՛ կուսակցությունը հարկատուի հաշվին կստանան 5000 դրամ, իսկ սկզբնական 15,000 դրամը, որը հավանաբար ունի անթույլատրելի ծագում, հաջողությամբ կփոխանցվի կուսակցության հաշվին։
Արդյունավետ վերահսկողություն
Հիմքը ընդունելով 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության բյուրոյի ընտրական մշտադիտարկման արդյունքները՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակը (ԸՀՄՀ, IFES) մի շարք առաջարկներ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողության և աուդիտի ծառայության գործունեության վերաբերյալ։ Վերահսկողության ծառայությունը երեք աշխատակից ունի։ 2018 թ. ընտրություններին նրանց միացան ևս չորսը, քաղաքական կուսակցություններից, որոնք, պարզ է, հետապնդում էին սեփական կուսակցության շահը։ ԸՀՄՀ-ն առաջարկում է ընդլայնել ծառայության կազմակերպչական հնարավորությունները և իրավական գործիքակազմը՝ մանդատն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Կողմնակի գովազդ
Հայաստանը միակ երկիրը չէ, որը բախվում է քաղաքականության մեջ փողի ազդեցությանը։ «Քաղաքացիներն ընդդեմ Դաշնային ընտրական հանձնաժողովի» դատական գործը 2010 թվականին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում քննված ամենանշանակալի գործերից էր, ինչը կորպորացիաներին հնարավորություն տվեց անսահմանափակ գումար ծախսել ընտրությունների գովազդի վրա։ Նախկին սահմանափակումները հանվեցին` որպես կորպորացիաների ազատ խոսքի իրավունքի խախտում։
Կանադայում մեկ այլ զուգահեռ դատական գործ` «Հարփերն ընդդեմ Կանադայի (Գլխավոր դատախազ)», ճիշտ հակառակ արդյունքն ունեցավ 2004 թվականին. Կանադայի գերագույն դատարանը վճռեց, որ քաղաքական բովանդակությամբ լրատվության վրա ծախսված չափազանց մեծ գումարները «թաղում են» ուրիշների խոսքը, և պաշտպանեց ծախսերի սահմանափակումը՝ որպես «խաղի հավասար կանոններ ապահովելու» միջոց։
Երկու դեպքն էլ առնչվում են կողմնակի գովազդին, և ոչ թե հենց քաղաքական կուսակցությունների ծախսերին։ Ընտրություններում նախապատվությունը տալ ոչ թե առաջադրված թեկնածուներին, այլ կազմակերպությանը. այս մոտեցումը դարձավ քաղաքական ֆինանսավորման սահմանափակումները (ինչպիսիք են ծախսերի կամ նվիրատվությունների սահմանափակումը և տեղեկատվության պարտադիր հրապարակայնացումը) շրջանցելու միջոց։ Այս շեշտադրումը կարևոր է, քանի որ ԱԺ-ն Հայաստանում քաղաքական ֆինանսավորումը դիտարկում է որպես ընտրական բարեփոխումների օրենսդրական փաթեթի առաջին քայլ։
Հայաստանում նկատելի են արդեն կազմակերպություններ, որոնք կապված են քաղաքական այս կամ յան կուսակցության հետ։ Որոշ կուսակցություններ ունեն առանձին կազմակերպություններ, որոնք մշտադիտարկում են ընտրությունները. սա թույլ է տալիս լրացուցիչ ուժ ներգրավել ընտրատեղամասերում։ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը մեղադրվում է բարեգործական նախագծերը Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական շահերին ծառայեցնելու համար։ 2018 թ. ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշեց առաջադրվել «Իմ քայլը» պաստառով, այն շարժման անունով, որը Փաշինյանը սկսեց տարեսկզբին Գյումրիից Երևան երթով։ Նույն անունն ունի Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հիմնադրած բարեգործական հիմնադրամը։
Բացի այդ, գոյություն ունեն քաղաքական մերչենդայզինգի մասնագետներ, որոնք կարող են բոլորովին կապ չունենալ կուսակցության հետ, բայց շահույթ հետապնդել։ Օրինակ՝ «Դուխով» մակագրությամբ բեյսբոլի գլխարկները կամ ՀՅԴ-ի զինանշանի փայտե փորագրությունները, որոնք վաճառվում են Երևանի կենտրոնում, Վերնիսաժում։ Հեղինակային իրավունքի կիրառումը ճանաչելի քաղաքական խորհրդանիշերի դեպքում կարող է երաշխավորել, որ կուսակցությունները մաս կստանան վաճառքներից, ինչը կարտացոլվի նրանց ֆինանսական հաշվետվություններում։
Թվային այս դարում, ամենադժվարը սակայն պայքարն է երրորդ կողմի դեմ, որը երկրի սահմաններից դուրս է։ Facebook-ը և Google-ը կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ սահմանափակելով կամ խթանելով այն կամ այն կուսակցության արշավային նյութերը։ Որպես ամերիկյան ընկերություններ՝ դրանք ենթարկվում են հայկական օրենքներին, բայց առանց Հայաստանում ֆիզիկական ներկայության, կարող են ընդհանրապես չհամագործակցել հայաստանյան կարգավորիչ մարմինների հետ։ (Նշենք, որ սա հիպոթետիկ սցենար է։ Հայաստանը չունի արդարության դոկտրին առցանց կամ տպագիր մեդիայի համար)։ Ընկերություններից չի պահանջվում նույնիսկ ակտիվ մասնակցություն։ Օտարերկրացիները կարող են միլիոնավոր դոլարներ ծախսել ֆեյսբուքյան գովազդների վրա, որոնք ուղղված են հայ քվեարկողներին՝ առանց երբևիցե մուտք գործելու հայաստանյան կարգավորիչ մարմինների իրավասության դաշտ։ Ուստի քաղաքական ֆինանսավորման մասին քննարկումներում ուշադրություն պետք է դարձնել նաև մեդիայի կենտրոնացման խնդրին։
Հայաստանում քաղաքական ֆինանսավորման առանձնահատկություններն ընդարձակ ու բազմակողմանի հետազոտության կարիք ունեն։ Բարեբախտաբար, ԱԺ-ում այսօր նախաձեռնված գործընթացը 2023 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր քննություն կանցնի 2021-ին Գյումրիի և Վանաձորի քաղաքային ընտրություններում։