Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր տարբերակով:
Շաբաթասկզբին Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի վրա լայնածավալ հարձակում գործեց, ինչին զուգահեռ Երևանում հերթական անգամ ոտքի կանգնեցին գործող իշխանություններից դժգոհող քաղաքացիները։
Ու թեև արդեն սեպտեմբերի 14-ին 21:50-ին պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն մինչ այդ տեղի ունեցած նաև քաղաքական որոշ իրադարձություններ մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիների ոչ միայն այդ գիշեր պահեցին փողոցում, այլ հաջորդող օրերին ևս:
Իրադարձությունները՝ հերթականությամբ
Սեպտեմբերի 13-ին կեսգիշերից րոպեներ անց սոցիալական ցանցերի հայկական տիրույթում սկսեցին տարածվել տեղեկություններ` Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզերի մի քանի համայնքների հրետակոծման մասին։
Արդեն 01։00-ին ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր»:
Այս բնակավայրերը ադրբեջանական կողմի թիրախում են հայտնվել 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով՝ լինելով սահմանակից Քելբաջարի (Շահումյան) ու Լաչինի (Քաշաթաղ) շրջաններին, որոնք 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հայտարարության 6-րդ կետով «վերադարձվեցին» Ադրբեջանի Հանրապետությանը, իսկ արդեն 2021-ի մայիսի 12-ին ադրբեջանական ուժերը, հատելով Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանը, մի շարք ռազմավարական բարձունքներ գրավեցին ու ամրացան Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, առավել խոցելի դարձնելով դրանք։
Հատկանշական է, որ այս հարձակումից առաջ ադրբեջանական կողմը պարբերաբար հայտնում էր՝ «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։ Ինչն էլ հայկական կողմը պարբերաբար հերքում էր։ Ռազմական գործողությունները սկսելուց հետո էլ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե հայկական կողմն է հարձակում գործել այդ ուղղություններով։
02:38-ին հաղորդվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մանրամասներ ներկայացնելով «Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով»: Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ։
03:28-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
04:30-ին հաղորդվեց, որ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
13։45-ին արդեն Ֆրանսիան հայտարարեց, որ հայ-ադրբեջանական բախումների հարցը բարձրացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ այս ամիս նախագահում է: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին անցկացվեց խորհրդի փակ քննարկում, իսկ սեպտեմբերի 15-ին՝ բաց քննարկում։
17:20-ին էլ ՀԱՊԿ-ը հայտարարություն տարածեց՝ հայտնելով ՀԱՊԿ մշտական խորհրդի խորը մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։
22:00-ին արդեն Փաշինյանի գլխավորությամբ տեսակոնֆերանսի միջոցով տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, քննարկվեցին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և ՀԱՊԿ հետագա քայլերը։ Արդեն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ մյուս շաբաթվա մեջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կուղևորվի Հայաստան՝ Ադրբեջանի հետ հակամարտության գոտում իրադրության գնահատման, պետությունների ղեկավարների համար զեկույցի նախապատրաստման և դեէսկալացիայի շուրջ առաջարկների մշակման նպատակով։
Հաղորդվեց նաև, որ գիշերվա ընթացքում Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ՝ մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, որ Բլինկենը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման կապակցությամբ։ Ըստ Փրայսի, պետքարտուղար Բլինկենը հորդորել է նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները։
Այնուհետև, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Փրայսը նշել էր․ «Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում դեէսկալացմանը»։
Ռազմական հարձակման առաջին օրվա ընթացքում հաղորդվեց, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Վերջինս նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: Ռայիսին ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:
Սեպտեմբերի 13-ին Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Վրաստանի պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ ռազմական գործողությունների մեկնարկի առաջին օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի, ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ՝ հայտնելով իրավիճակի մասին։
Ռազմական գործողության մեկնարկից ժամեր անց՝ 05:00-ին ՊՆ-ից տեղեկացրին, որ հանդիպել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը:
Ավելի ուշ հաղորդվեց, որ ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ ներկայացնելով ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
Սեպտեմբերի 13-ին, օրվա երկրորդ կեսին արդեն նախապես պլանավորված այցով Հայաստանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, որին ընդունեց նախ Փաշինյանը, հետո Միրզոյանը, այնուհետև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Կողմերը քննարկել էին ագրեսիան և իրավիճակից դուրս գալու հարցեր։
Սեպտեմբերի 13-ի երեկոյան հայտարարություն տարածեց նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ դիմելով Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից: Ի դեպ, երկու օրերի ընթացքում սա երկրի նախագահի միակ հրապարակային ուղերձն էր։ Իսկ արդեն սեպտեմբերի 15-ին նա մեկնել էր Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակին։
Ազգային ժողովն էլ սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել էր «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը 65 կողմ ձայնով ընդունվել է: Հայտարարությունը քննադատում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների իրականացումը և դիմում միջազգային հանրությանը ինչպես նաև ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին՝ անհապաղ քայլեր ձեռնարկելու համար։ Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, հրաժարվել է մասնակցել քննարկմանը և որակել հայտարարությունը «կիսատ-պռատ»։
Միջազգային արձագանք
Միջազգային կազմակերպություններից ստեղծված իրավիճակին թերևս առաջինը՝ ռազմական հարձակումի մեկնարկից մի քանի ժամ անց՝ 03:03-ին արձագանքեց Freedom House իրավապշտպան կազմակերպությունը՝ թվիթերյան իր էջում գրելով, թե անհանգստացած են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի և Սոթքի ինտենսիվ հրետակոծության վերաբերյալ հաղորդումների առնչությամբ, կոչ են անում անմիջապես կրակը դադարեցնել և երկու կողմերին հորդորում խաղաղ լուծում գտնել»:
10:25-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրեց․ «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները, որոնց մասին հաղորդվում է, պետք է անհապաղ դադարեցվեն։ Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ նպաստելու դեէսկալացիային»։
12:30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե ծայրահեղ մտահոգ են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ հետագա էսկալացիայից։ Ինչպես նաև, հաղորդվեց, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 9:00-ից ուժի մեջ մտնող հրադադարի մասին պայմանավորվածություն: Որը, սակայն, որևէ կերպ չգործեց։
Իրադրության կապակցությամբ տարբեր հարթակներում իրենց խորը մտահոգությունը հայտնեցին ու ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչեր արեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալը, Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահն ու Լեհաստանի արտգործնախարարը, Հնդկաստանի, Իռլանդիայի, Կանադայի, Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները։
Ի տարբերություն նախկինում միջազգային հանրության չեզոք հայտարարությունների, այս անգամ դրանք առավել հասցեական էին։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը խստորեն դատապարտեց Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը ՀՀ տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների վրա՝ միջազգային հանրությանն ու մասնավորապես Եվրամիությանը հորդորելով հստակորեն արձագանքել այս անընդունելի ուժի կիրառմանը։ Ըստ նրա՝ երկու կողմերին զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ։
Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն էլ իր ելույթում նշեց․
«Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումը։ Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի, հնարավորինս շուտ միջամտելու և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնելու այս հարձակումները»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել էր Ֆուրլասը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի բոլոր կուսակցական խորհրդարանական խմբի (APPG) նախագահ Թիմ Լաֆթոնն էլ հայտարարություն է տարածել՝ խստագույնս դատապարտելով ու խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական վարչակարգի ագրեսիվ գործողությունների կապակցությամբ։
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել՝ ամենախիստ կերպով դատապարտելով լայնածավալ ռազմական բախումները՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում։
Զոհեր, վիրավորներ, գերիներ, տարածքային կորուստներ
Ու թեև պաշտպանության նախարարության խոսնակը մի քանի ժամը մեկ կարճ եթերներով հաղորդում էր սահմանային իրադրությունը՝ նշելով, որ հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները, սակայն զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չէր հաղորդվում։
Եվ միայն սեպտեմբերի 13-ին, Ժամը 13.00-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթ էր ունենում Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի մասին, ասաց, որ 09։00-ի տվյալով «զոհվել է 49 հայ զինծառայող, ցավոք թիվը վերջնական չէ»։
Ու թեև արդեն սեպտեմբերի 14-ին օրվա երկրորդ կեսին ադրբեջանական կողմը հայտնեց, թե պատրաստ է Հայաստանին փոխանցել 100 զինվորի դիակ, սակայն հայկական կողմից զոհերի ու վիրավորների մասին ո՛չ նոր տվյալներ, ո՛չ անուններ, ո՛չ հավելյալ տեղեկատվություն 24 ժամից ավելի չէր հաղորդվել։
Սեպտեմբերի 14-ին, օրվա երկրորդ կեսին խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին, երբ Սոթքից մինչև Գորիս հրետակոծվում էր, հարց տալու համար հերթագրված 25 պատգամավորներից առաջինը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Ասլանյանը, որի կենսագրության մեջ նշված է՝ մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին, ամենից առաջ ցանկացավ իմանալ՝ «ինչու ենք այդքան պարտություն կրում մեդիադաշտում»։
«Ապատեղեկատվությունը միշտ էլ պրոբլեմ է, և ընդհանուր առմամբ, մեր պատկերացրած լուծումը լսարանի մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ տեղեկատվությունը սխալ տեղեկատվությունից տարբերել»,- պատասխանեց Փաշինյանը ու միայն շուրջ 30 րոպե անց՝ խոսելով պատգամավորների տարբեր հարցերից, ի վերջո հայտնեց՝ ունենք 105 զոհ։
Սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմի զոհերը 135-ն են՝ հավելելով՝ «բայց, ցավոք, այս թիվը վերջնական չէ»։
Տելեգրամյան տարբեր ալիքներով հաղորդվում են նաև հայ գերիների մասին ու տեղադրվում են տեսանյութեր։ Արդեն սեպտեմբերի 16-ին Ջերմուկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ասաց, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան։ ԳՇ պետի խոսքով՝ պատերազմական հանցագործություններն իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով:
Դեռ սեպտեմբերի 13-ին 22:30-ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հայտնել էր, որ Հայաստանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով՝ նպատակ ունենալով պաշտպանել Հայաստանի խաղաղ բնակչության, ինչպես նաև ռազմագերիների հիմնարար իրավունքները։ Արդեն սեպտեմբերի 16-ին հաղորդվեց, որ ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը որոշում է կայացրել՝ նշելով, որ 2020-ի սեպտեմբերի 29-ի որոշումն ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (կողմերին կոչ էր արվել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաև գերիների մասով), իսկ գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց ադրբեջանական կողմի 50 զոհի մասին, հաջորդ օրը՝ ևս 21-ի մասին, արդեն սեպտեմբերի 16-ին հայտարարվեց, որ զոհերի ընդհանուր թիվը 77 է։
Ինչ վերաբերում է հայկական կողմի վիրավորներին, ապա առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել 7 քաղաքացիական անձ։ Իսկ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն էլ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ մեկ քաղաքացի մահացել է բեկորային վնասվածքից։
Ու թեև խոսվում էր տարածքային կորուստների մասին, սակայն միայն սեպտեմբերի 16-ին գլխավոր շտաբի պետը մանրամասնեց․ «Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորության հետ: Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1.5 կմ խորությամբ, Իշխանասարի ուղղությամբ 0.5 կմ խորությամբ են մխրճվել: Մյուս հատվածներում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ սեպտեմբերի 15-ին հայտնել էր, որ ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, 60-ը՝ ամբողջությամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը սեպտեմբերի 16-ին հայտնեց, որ ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։
Հայտարարություն, որ կրքեր բորբոքեց
Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին վարչապետ Փաշինյանն ասաց, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության․
«Բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ հետ»:
Հակասական այս հայտարարությունը ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում ոտքի հանեց մարդկանց, որոնց կարծիքով Փաշինյանը Արցախը Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթ է ստորագրելու։ Դեռ նախորդ գիշերվանից խորհրդարանի մոտ հավաքված 2020-ի Արցախյան պատերազմի զոհերի հարազատներին, որոնք պահանջում էին վարչապետի հրաժարականը, պնդում՝ նրա վարած քաղաքականության հետևանքով երկիրը կործանվում է, կարճ ժամանակում միացան մի քանի հազար քաղաքացիներ։
Ցույցի մեկնարկից հետո ինչպես իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, այնպես էլ անձամբ Փաշինյանը սկսեցին հերքել որևէ փաստաթղթի ստորագրման լուրը։ 21։39-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման, ստեղծված աղմուկը որակելով «տեղեկատվական դիվերսիա՝ ուղղորդված արտաքին ոչ-բարեկամական ուժերի կողմից, երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:
Հատկանշական է, որ արդեն 21։49-ին ՊՆ խոսնակը հաղորդեց, որ Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ (Ավելի ուշ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն):
21։53-ին Փաշինյանը այս անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին. «Որևէ թղթի մասին խոսակցություն չկա, և սա արվում է հատուկ, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորի դիմադրությունը թուլացնեն»:
22։00-ին արդեն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում տարածեց՝ նշելով, թե ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից: «Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»:
Արդեն 00։02-ին տարածված հայտարարության մեջ Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը․ «Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»։
Սակայն այս հայտարարությունները փողոց դուրս եկածներին չհանդարտեցրեցին, նրանք հաստատակամ են՝ «րոպե առաջ պետք է ազատվել այս իշխանություններից»։ Րոպեների ընթացքում Երևանի Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներն ասում էին՝ ինքնաբուխ հավաք է, ելույթներ էին ունենում տարբեր հանրային գործիչներ, 2020-ի Արցախյան պատերազմում զոհվածների հարազատներ, ընդդիմադիր մի շարք պատգամավորներ։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից հավաքվածները պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, սակայն նշվեց, որ միայն իրենք քիչ են ու հարկավոր է նաև իշխանական 18 պատգամավորների ստորագրություն։
Հաջորդող օրերին նույնպես անցկացվեցին բողոքի ակցիաներ, սակայն արդեն ոչ այնքան մարդաշատ, որքան առաջին օրը։
Հատկանշական է, որ արդեն սեպտեմբերի 15-ի կեսօրին Արցախի նախագահ Հարությունյանը հաղորդեց, որ գտնվում է Երևանում, մասնակցել է անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանն ու ևս մեկ անգամ արձանագրեց, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։
Դեժավյու
Հայաստանի սուվերեն տարածքի վրա ադրբեջանական կողմի աննախադեպ մասշտաբի ռազմական հարձակումը պաշտոնական լեզվով «պատերազմի» որակավորում այդպես էլ չստացավ, ինչը քննարկումների առիթ է տվել։ Քննարկվում է նաև, թե ինչու չի հայտարարվում ռազմական դրություն և զորահավաք։ Սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ Անվտանգության խորհուրդը քննարկել է երկրում ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը, սակայն որոշել է դեռ ձեռնպահ մնալ այս որոշումից։
Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտից արդեն տարբեր վայրերում «զինվորի համար» գրառումներով արկղեր տեղադրվեցին՝ հավաքելով չոր սնունդ, տարբեր անհրաժեշտ իրեր։ Այսպես վարվել էին ինչպես 2016-ի քառօրյա պատերազմի, այնպես էլ 2020-ի պատերազմի ժամանակ։ Շատերը հիշում էին 2020-ի պատերազմի ժամանակ Փաշինյանի՝ վերջին մեկ տարում զորացրված զինվորներին ուղղված կոչը, երբ նշում էր․ «Եկեք զինվորական հագուստներով, եթե չունեք՝ կապահովենք։ Ով պատահաբար ունի սաղավարտ, զրահաբաճկոն, տաք վերարկուներ, և այլն, որովհետև սա մոբռեսուրսի մեջ չի մտնում, իսկ եթե ուրիշ մարդիկ ունեն, խնդրում եմ ուղղակի տանել-թողնել կենտրոնական հավաքակայանում»։
Սակայն այս անգամ քաղաքացիների օգնության պատրաստակամությունից իշխանությունները կարծես որոշել են, գոնե առայժմ, չօգտվել և մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել են, որ դրա կարիքը չկա։
«ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները և այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք որևէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին, խնդրում եմ ինքնագործունեությամբ չզբաղվել։ Այդ աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը»,- սեպտեմբերի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ասաց ՊՆ Սուրեն Պապիկյանը։
Հարցը բարձրացրած Ալեն Սիմոնյանն էլ ևս մեկ անգամ կրկնեց․
«Կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ որևիցե՝ թե զրահաբաճկոնների, կամ չգիտեմ ինչ-որ վրանների, կամ ինչ-որ սննդի, կամ հագուստի կարիք մեր զինվորականները չունեն և նման բանի պարագայում, եթե ինչ-որ բանով ուզում են օգտակար լինել, պետք է դիմեն ՊՆ-ին, այլ ոչ թե զբաղվել ինքնագործունեությամբ»։
ՊՆ-ն էլ տարածեց հայտարարություն՝ վստահեցնելով, որ բոլոր հոսպիտալները զինված են զինծառայողների բուժումը պատշաճ կազմակերպելու համար։
Առողջապահության նախարարությունից էլ ավելի վաղ հայտնել էին, որ թեև գնահատում են քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները, սակայն հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, ուստի այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա:
հ․գ
Իշխանությունները շարունակում են հորդորել տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն, որը, սակայն, այնքան սուղ է, այնքան թերի։ Երեք օր անց էլ դեռևս չունենք զոհված զինծառայողների պաշտոնապես հայտարարված անուններ, զոհերի թիվը հաղորդում է բացառապես վարչապետը, այն էլ միայն խորհրդարանում ու կառավարության նիստի շրջանակներում, ՊՆ-ն թեև պարբերաբար հերթապահ հաղորդագրություններ է տարածում սահմանային իրավիճակի մասին, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն փոխանցում իրավիճակի պատկերը՝ թողնելով ենթադրությունների, շահարկումների բազմաթիվ առիթներ։