
Գյումրիում և Վանաձորում քաղաքային վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ Դրանց արդյունքները ընդդիմադիր կուսակցությունները չճանաչեցին՝ մեկ տարի շարունակ հրաժարվելով մասնակցել ավագանու նիստերին։ Սրանք քաղաքային իշխանությունների առաջին (ու մինչև օրս միակ) ընտրություններն էին, որ անց էին կացվում 2015 թ. նոր Սահմանադրության և բարեփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն։ Ըստ փոփոխությունների՝ քաղաքապետն ընտրվում էր ոչ թե ուղղակի ընտրությամբ, այլ ավագանու կողմից [1]։ Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում փաստորեն ներդրվում էր 2009-ից Երևանում գործող մոդելը։ Քաղաքային խորհրդում տեղերը կուսակցությունների միջև բաշխվելու էին ըստ նրանց ստացած քվեների համամասնության [2]։ Այս սկզբունքն արդարացի է, եթե իհարկե լրացուցիչ «կսմթոցները» չփոխեին իրադարձությունների ընթացքը։
Գյումրիի արդյունքները
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2016-ին որոշել էր վերընտրվել։ Նշենք, որ գարեջրի գործարանի նախկին տնօրենը Շիրակի մարզից խորհրդարանի անկախ պատգամավոր է ընտրվել 1999-ին։ Խորհրդարանում աշխատանքի 13 տարիներին մի քանի անգամ փոխել է քաղաքական կողմնորոշումը։ Բալասանյանը նախ «Կայունություն» միավորման անդամ էր, ապա անդամագրվում է «Գյուղատնտեսական և արդյունաբերական ժողովրդական միությանը», հետո համալրում «Օրինաց երկիր» կուսակցության շարքերն ու դառնում վերջինիս խորհրդարանական խմբակցության ղեկավար։ Ապա միանում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը (ԲՀԿ) և ներկայացնում կուսակցությունը Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում։ 2012 թվականին Բալասանյանը թողնում է խորհրդարանական կարիերան՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրվելով Գյումրիի քաղաքապետի թեկնածու։ 2012-ի ընտրություններում նա ստանում է ընտրողների 65 տոկոսի աջակցությունը (27,500 քվե)։ 2015 թվականին, երբ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից (քաղաքականություն նա վերադարձավ 2017-ին), Բալասանյանը լքեց ԲՀԿ-ն, սակայն մնաց նույն պաշտոնում՝ որպես Գյումրիի անկախ քաղաքապետ։
2016-ի նախընտրական քարոզարշավի համար (նոր օրենսդրությունը պահանջում է, որ քաղաքապետը վայելի գործող ավագանու աջակցությունը) Բալասանյանի թեկնածությունն առաջադրեց «Բալասանյան դաշինքը», որը ներառում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և ավելի փոքր՝ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը։
Որպես հակակշիռ՝ Գյումրիից հեռարձակվող և Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ական կառավարությունը քննադատող ԳԱԼԱ մասնավոր հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ ստեղծեցին նոր կուսակցություն, որը մասնակցելու էր Գյումրիի քաղաքային ընտրություններին։ Կուսակցությունն անվանվեց «Գաղափարակից լիբերալների ալյանս», կրճատ՝ ԳԱԼԱ։ ԳԱԼԱ-ի թեկնածուների ցուցակում էր Գյումրիի «Ասպարեզ» թերթի հիմնադիր և խմբագիր, 2012-ից քաղաքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը (ԼՀԿ) Գյումրիում ԳԱԼԱ-ի հետ միասնական ցուցակ ներկայացրեց։ Ցուցակի 24 թեկնածուներից երեքին առաջադրել էր ԼՀԿ-ն, թեկնածուները ընտրարշավին մասնակցում էին ԳԱԼԱ-ի դրոշի ներքո։
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Բալասանյանի հեռանալուց հետո այժմ մրցակցում էր նախկին գործընկերոջ հետ։ Քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրեց Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը։ Քվեարկությունից շաբաթներ առաջ Գրիգորյանի ընտանիքում դժբախտություն պատահեց. հրազենային վիրավորումից մահացավ նրա որդին։ Ոստիկանությունը դեպքը ինքնասպանություն որակեց, բայց այն, որ դեպքը տեղի էր ունեցել ընտրություններից առաջ, շատերի մոտ այն դավադրաբանական մեկնաբանությունների տեղիք տվեց։ Ի նշան հարգանքի Գյումրիում դադարեցվեց նախընտրական քարոզարշավը։ Լրատվամիջոցների ուշադրությունից չվրիպեց Գրիգորյանների տան մոտակայքում հայտնված գովազդային պաստառը, որի վրա զառեր էին պատկերված. պաստառն արագ հանվեց։ ԲՀԿ թեկնածուի եղբայրը սպանվել էր այս դեպքից երկու տարի առաջ։
Գյումրիում ընտրությունների վերջնական արդյունքներն այսպիսին էին.

Աղբյուրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Խնդիր #1. Բարձր շեմը չի նպաստում մրցակցությանը
Գյումրիի ընտրությունները ընտրական նոր համակարգում նոր խնդիրներ վեր հանեցին։ Դրանցից ամենաակնհայտը, որը պայմանավորված էր կուսակցությունների համար սահմանված 6%, իսկ դաշինքների համար 8% անցողիկ շեմով [3], այն էր, որ քվեների մի զգալի հատված լիովին անտեսվեց։ Նախ ընտրություններին մասնակցությունն արդեն իսկ ցածր էր՝ 36%, իսկ ընտրական անցողիկ նման շեմը հանգեցրեց նրան, որ ընտրողների մեկ հինգերորդի (որոնք ժամանակ էին տրամադրել և եկել քվեարկության) քվեներն ընդհանրապես հաշվի չառնվեցին։ Ըստ էության այն կուսակցությունները, որոնք ոչ մի տեղ չստացան քաղաքային նոր խորհրդում, ավելի շատ քվեներ էին ստացել, քան ԲՀԿ-ն, որը երկրորդ տեղում էր։
Ո՞րն է այս դեպքում անցողիկ նվազագույն շեմ սահմանելու նպատակը։
Նվազագույն շեմը նախ և առաջ կիրառվում է չեզոքացնելու համար քաղաքական այն ուժերին, որոնց ընտրական համակարգը այդ պահին «ոչ ցանկալի» կամ «ծայրահեղական» է համարում։ Թուրքիան հայտնի է 10% շեմով, որը բարդացնում է քրդամետ կուսակցությունների խորհրդարանում հայտնվելու գործընթացը։ Գերմանիայի 5% շեմն արգելք է, որը 1964 թվականից՝ հիմնադրումից ի վեր թույլ չի տալիս Ազգային դեմոկրատական կուսակցության մուտքը դաշնային խորհրդարան՝ Բունդեսթագ (շատերը այս կուսակցությունը նեոնացիստական կազմակերպություն են համարում)։
Նվազագույն շեմ սահմանելու մյուս նպատակը քաղաքական գործիչների ինստիտուցիոնալ միավորումը խրախուսելն է՝ մասնատված ու առանձին կուսակցություններով հանդես գալու փոխարեն։ Առանձին կուսակցության (6%) և կուսակցությունների դաշինքի (8%) շեմերի տարբերությունն առավելություն է տալիս քաղաքական այն ուժերին, որոնք կայուն ու երկարաժամկետ միավորումներ են ստեղծում՝ ի հակադրություն մեկ ընտրության շուրջ ժամանակավոր պայմանավորվածությունների։
Անցողիկ շեմ սահմանելու նպատակների թվում նաև կուսակցական խմբակցությունների համար նվազագույն թվով ընտրված անդամներ ապահովելն է։
Ընտրական օրենսգիրքը Գյումրիի համար սահմանում է 33 անդամից բաղկացած ավագանի, 6%-անոց շեմը քաղաքային խորհուրդ անցած յուրաքանչյուր կուսակցության հնարավորություն է տալիս ունենալ առնվազն երկու ներկայացուցիչ։ Ընդ որում, գործող օրենսգիրքը ենթադրում է գենդերային քվոտա, որը կիրառվում է, եթե տվյալ կուսակցությունից ընտրված թեկնածուները նույն սեռի են. ահա որտեղից առնվազն երկու տեղը [4]։
Սակայն 6% քվոտան չի երաշխավորում, որ յուրաքանչյուր խմբակցություն կունենա առնվազն երկու ներկայացուցիչ։ Ստորև ներկայացված աղյուսակը ցույց է տալիս, որ եթե նվազագույն շեմ առհասարակ չլիներ Համախմբում կուսակցությունը (որի հիմնադիրը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է), Գյումրեցու ոգի կուսակցությունն ու ՀՅԴ-ն կունենային երկուական տեղ, չնայած չեն հաղթահարել 6%-անոց շեմը։

Անցողիկ հստակ շեմով քվոտայի փոխարեն կարելի էր նախ դիտարկել կուսակցությունների ստացած բոլոր քվեները, ապա կատարել վերահաշվարկ` հաշվի առնելով միայն առնվազն երկու տեղ ստացած կուսակցությունները կամ դաշինքները։ Վերը բերված աղյուսակը պատկերում է նաև արդյունքները, որոնց կհանգեցներ այսպես կոչված «առնվազն 2 տեղի» շեմը. ընդ որում, այս արդյունքները շատ ավելի համաչափ են, քան իրականում ստացված տեղերը։
ԱՌԱՋԱՐԿ. Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների 6 և 8 տոկոսանոց շեմերի փոխարեն օգտվել «առնվազն 2 տեղի» շեմից, որը հավասարապես կիրառելի է թե՛ կուսակցությունների, թե՛ կուսակցությունների դաշինքների համար՝ պահպանելով գենդերային քվոտան և կուսակցության (կամ դաշինքի) ընտրացուցակի առաջին երկու տեղերը վերապահելով տարբեր սեռերի թեկնածուների։
Խնդիր #2. Բոնուսային տեղերը ստեղծում են արհեստական մեծամասնություն
Վերը բերված աղյուսակը ցույց է տալիս, որ 6-տոկոսանոց շեմը միակ գործոնը չէ, որն աղճատում է կուսակցությունների տեղերի հաշվարկը ստացած ընդհանուր քվեների համեմատ։ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության փոփոխած Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը հատուկ շեշտադրում են «կայուն մեծամասնության» սկզբունքը, որը լուրջ առավելություններ է տալիս ամենամեծ կուսակցությանը՝ նվազեցնելով որոշումներ կայացնելիս քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցելու անհրաժեշտությունը։ Տեղական ինքնակառավարման մակարդակում սա արտացոլված է «բոնուսային տեղի» մասին դրույթում, որը տեղերի մեծամասնությունը ինքնաբերաբար վերապահում է ամենախոշոր կուսակցությանը, եթե այն զբաղեցնում է տեղերի 40-50 տոկոսը [5]։ Գյումրիում 6% շեմի կիրառումից հետո Բալասանյան դաշինքը կունենար 15 տեղ ընդհանուր 33-ից (ընդհանուրի 45.5%-ը)։ Բոնուսային համակարգի կիրառումը դաշինքի համար երաշխավորեց երկու լրացուցիչ տեղ (դրանք վերցվում են ընդդիմադիր կուսակցություններից)՝ մեծամասնություն ապահովելու համար։ Ինչպես տեսնում ենք, դրույթն աշխատում է հօգուտ իշխանությունների. թեև դաշինքը հավաքեց քվեների 34.7%-ը՝ տեղերի նախնական տեղաբաշխման 45.5%-ը, արդյունքում ունեցավ 51.5% մեծամասնություն և որոշումներ կայացնելու 100%-անոց հնարավորություն։
Բոնուսային համակարգի գաղափարը կասկածելի պատմություն ունի։ Առաջին անգամ այն կիրառել է Բենիտո Մուսոլինին 1924 թվականին՝ Իտալիայի խորհրդարանը վերահսկողության տակ վերցնելու (և ապա բազմակուսակցական համակարգը վերացնելու) նպատակով [6]։ Բոնուսային տարբեր սխեմաներ կիրառվել են նաև հետպատերազմյան Իտալիայում, մինչև 2013-ին երկրի Սահմանադրական դատարանը կասեցրեց ընտրական այս պրակտիկան։
Հունաստանը համապետական ընտրություններում բոնուսային համակարգ կիրառող մյուս օրինակն է։ Ամենախոշոր կուսակցությունը խորհրդարանում ստանում է 50 լրացուցիչ տեղ, որը թեև չի երաշխավորում մեծամասնություն, սակայն նշանակալի առավելություններ է տալիս։ 2006 թվականին այս պրակտիկան կասեցվեց խորհրդարանական քվեարկությամբ։
Կայուն մեծամասնությունը իրավական առումով ապահովագրում է կառավարությանը, հատկապես ժողովրդականություն չվայելող որոշումներ կայացնելիս՝ լինի դա սեփականաշնորհում, կոշտ բանակցություններ հանրային սեկտորի հետ, հողերի առգրավում կամ նոր հարկերի ներդրում։
Բոնուսային համակարգով ձևավորվող մեծամասնությունները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական կյանքում, քանի որ ըստ գործող Ընտրական օրենսգրքի Երևանի, Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետներն ընտրվում են ավագանու բոլոր անդամների բացարձակ մեծամասնության կողմից։ Գործող կարգավորումները թույլ են տալիս ընտրությունների երկրորդ փուլ կազմակերպել քաղաքապետի միայն առաջին երկու թեկնածուների միջև, եթե նրանցից ոչ մեկն առաջին փուլում չի ստանում ավագանու մեծամասնության աջակցությունը։
Առանց մեծամասնության աջակցության քաղաքապետը կախված է մյուս կուսակցություններից (կոալիցիոն համաձայնագրի կամ յուրաքանչյուր խնդրի շուրջ ձևավորվող միությունների տեսքով) տեղական նշանակության որոշումներ և, ամենակարևորը, համայնքի բյուջեն ընդունելիս։ Քաղաքական ուժերը սա կարող են անհարմար և իրենց ճկունությունը սահմանափակող համարել։ Իրապես ժողովրդավարական գործընթացում քաղաքական ուժը, որը չի ստացել քվեների մեծամասնությունը, ստիպված կլիներ բանակցել մյուսների հետ՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու համար։
Ինչպես արդեն նշվեց, ներկայում ընտրությունների երկրորդ փուլին կարող են մասնակցել միայն քաղաքապետի պաշտոնի առաջին երկու թեկնածուները։ Ավելի արդար կլիներ կազմակերպել ընտրական մի քանի փուլ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում մրցակցությունից դուրս կմնար ցուցակի վերջին թեկնածուն։
ԱՌԱՋԱՐԿ. Հրաժարվել բոնուսային համակարգից և թույլ տալ, որ ավագանին (անհրաժեշտության դեպքում) քաղաքապետի թեկնածությունը քվեարկի մի քանի փուլերով, որպեսզի վերջնական հաղթողը չունենա ամբողջ խորհրդի բացարձակ մեծամասնության կարիքը։
Գյումրիի բոյկոտը
Թեև ընտրական վերը նկարագրված դրույթները հայտնի էին և ամրագրված օրենսգրքում, դրանք գործնականում ընդդիմությունը միանշանակ չընդունեց։ Ընդդիմադիր կուսակցությունները դատարանում բողոքարկեցին ընտրությունների արդյունքները և հրաժարվեցին մասնակցել ավագանու նիստերին, քանի դեռ խնդիրը վերջնականապես չի հարթվել։ Այս ընթացքում Բալասանյան դաշինքը, որը մեծամասնություն էր և քաղաքային խորհրդում 17 տեղ ուներ, շարունակում էր նիստեր գումարել և միաձայն որոշումներ ընդունել։ Սահմանադրական դատարանը պաշտպանեց բոնուսային համակարգի սահմանադրականությունը և մերժեց ընդդիմադիր կուսակցությունների դիմումը։ Մինչև 2017 թվականի աշուն բոլոր երեք ընդդիմադիր կուսակցությունները, որոնք Գյումրիի ընտրություններում հաղթահարել էին նվազագույն շեմը, այսպես թե այնպես դադարեցրել էին բոյկոտն ու մասնակցում էին ավագանու նիստերին։
Վանաձորի արդյունքները
Վանաձորում քաղաքապետի պաշտոնը հինգ անգամ զբաղեցրած, ՀՀԿ կուսակցության անդամ Սամվել Դարբինյանը 2016 թվականին հրաժարվեց մասնակցել ընտրություններին։ ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում առաջադրեց նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։ Հիմնական մրցակիցը Լուսավոր Հայաստան կուսակցությունն էր, որի թեկնածուն Քրիստ Մարուքյանն էր։ Նրա եղբայրը՝ Էդմոն Մարուքյանը, 2012 թվականին ընտրվել էր Ազգային ժողով, որպես անկախ պատգամավոր ներկայացնում էր Վանաձորը, հետագայում հիմնել էր Լուսավոր Հայաստան կուսակցությունը։
Վանաձորյան ընտրությունների արդյունքները ներկայացված են ստորև.

—