
Ապրիլի 22-ին, հայտնի հանդիպման ժամանակ համաժողովրդական շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, հայտարարեց. «Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք 15-20 օր առաջ, իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք էն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են»:
Նիկոլ Փաշինյանը բացահայտում չարեց, ընդամենը արձանագրեց իրականի եւ երեւակայականի այն չափազանց մեծ աղճատումը, որ ձեւավորվել էր իշխանությունների պատկերացումներում տարիների ընթացքում: Հասարակության մեջ առկա տրամադրությունների, քաղաքական հնարավոր զարգացումների մասին գնահատականները Սերժ Սարգսյանի սեղանին հայտնվող զեկուցագրերը, հավանաբար, ոչ թե իրական իրավիճակն էին ներկայացնում, այլ «շեֆի» համար ցանկալի պատկերը:
Իշխանությունում կամ նրա կողքին գտնվող քաղաքական գործիչները, պատգամավորները, վերլուծաբանները, փորձագետները, ԶԼՄ-ների, լրատվականների ղեկավարները եւ կարծիք ձեւավորողները ստեղծել էին մի զուգահեռ, վիրտուալ իրականություն ու այնքան էին համոզել դրանում բարձրագույն ղեկավարությանը, ինչպես նաեւ ջանում էին համոզել Հայաստանի քաղաքացիներին, որ ինքներն էին հավատում այդ կեղծ պատկերին։
Ավելին, նրանք հավատացել էին, որ տիրապետում են ինչ-որ մի առանձնահատուկ, սաքրալ գիտելիքի, որ հասու չէ հասարակ, շարքային քաղաքացիներին եւ այդ մենաշնորհը թույլ է տալիս ոչ միայն ավելի խորը եւ ճշգրիտ վերլուծել իրավիճակը, այլեւ ուղղորդել մյուսներին, իշխել նրանց վրա։
Այդ անիրական, իրենց համար ցանկալի պատկեր ստեղծողները գործում էին հազարամյակների պատմություն ունեցող մի դաշտում: Ավանդաբար իշխանությունը նաեւ սրբազան, միայն ընտրյալների համար հասանելի գիտելիքի տիրապետության մենաշնորհն էր: Հին ժամանակներում քրմերն անասելի մեծ ազդեցություն եւ իշխանություն ունեին, տիրապետելով աստվածների հետ հաղորդակցվելու հմտություններին եւ դրա արդյունքում ձեռք բերվող գիտելիքին: Բոլոր մեծ կրոնները հենց այդ բացարձակ ճշմարտության մենաշնորհն էին կիրառում զանգվածները կառավարելու համար՝ Միջնադարում փոքրիկ, անզեն Պապությունը մարտահրավեր էր նետում կայսրություններին Եվրոպայում գերիշխանությունն ապահովելու համար: Նոր ժամանակներում իշխանությունն անցավ բուրժուազիային, որը տիրապետում էր տեխնոլոգիայի գաղտնիքներին եւ այդ յուրահատուկ գիտելիքները թույլ էին տալիս ոչ միայն գաղութներ նվաճել, գերիշխել արդյունաբերությունում, տնտեսությունում, այլ նաեւ իշխանություն ունենալ քաղաքական կյանքում: 20-րդ դարում նման սաքրալ գիտելիք դարձավ տեղեկատվությունը: Ով տիրապետում էր մեդիային, կարողանում էր արագ եւ շատ դեպքերում թաքնված եւ հազվագյուտ տեղեկատվություն ունենալ, ուստի իշխանություն էր ստանում սովորական քաղաքացիների մտքի եւ գիտակցության վրա:
Մինչեւ ապրիլի 23-ն Հայաստանի իշխանություններին թվում էր, որ նրանք տիրապետում էին հենց նման սաքրալ գիտելիքի: Երբ ՀՀԿ-ական պատգամավորները, կամ նրանց սպասարկող վերլուծաբանները խոսում էին «եվրազիափարթնըրշիփի, Ջորջ Սորոսի, Սահակաշվիլիի, Նավալնու, ԱՄՆ-ի, ռուսական վտանգի եւ այլ մութ ուժերի դավադրության մասին, հենց այդ թակնված գիտելիքն ի նկատի ունեն, որին իբր տիրապետում են իրենք եւ չի տիրապետում մեծամասնությունը:
Բայց հանկարծ պարզ դարձավ, որ խորանալով «դավադրությունների տեսությունների» մեջ, փորձելով ամեն ինչում գտնել ԱՄՆ-ի, Սորոսի, մասոնների, այլասերված Արեւմուտքի ձեռքը, իշխանությունները դրա հետեւում չտեսան պարզն ու իրականը՝ մարդիկ արդեն չափազանց, աներեւակայելի հոգնել են ապաշնորհ, անարդյունավետ, կոռումպացված, ամբարտավան, նույնիսկ բազմաթիվ ձախողումների պայմաններում ինքն իրեն վերարտադրող իշխանությունից: Եվ վերջապես իշխանությունից, որ ապրելով իր փղոսկրե դղյակի բարձրունքում ընդունակ չէ, կամ չի ցանկանում նկատել հասարակ իրողությունները, որոնք երկիրը տանում են ինքնաոչնչացման: Մի պահ դա պայթելու էր, եւ այդ պահը 2018թ. Գարունը եղավ: Բացի այդ հայկական հեղափոխությունը ցույց տվեց, որ սրբազան գիտելիքի համար տեղ չի մնում այն դեպքում, երբ շատ գործընթացներ չափազանց թափանցիկ են: Թվային այս դարաշրջանում, սոցիալական ցանցերի տարածվածության պայմաններում, երբ հեղափոխությունը տեղի է ունենում ուղիղ եթերում, այլ թակնված ճշմարտություններ, «սրբազան գիտելիքը» երկրորդ պլան է մղվում:
Իհարկե, չեմ ուզում միամիտ երեւալ եւ անտեսել ցանկացած արտաքին միջամտության հավանականությունը, չեմ բացառում, որ այն իր չափով եղել է, քանի որ ցանկացած մեծ իրադարձություն իր վրա մի քանի գործոնների ազդեցություն է կրում եւ բազմաթիվ պատճառների հետեւանք է, սակայն իմ կարծիքով, էականը հենց այն էր ինչ բոլորիս աչքի առաջ էր՝ չափազանց համբերատար մի ազգի ցասում եւ առաջնորդ, ով կարողացավ այն գլխավորել: Սրանում է «Օկկամի ածելիի» կամ «Օկկամի սայրի» մեթոդաբանական սկզբունքը, որը կոչ է անում «էություններ չբազմացնել առանց անհրաժեշտության»։ Ավելի պարզեցնելով այն, կարելի է ասել, եթե ինչ որ երեւույթի համար կա պարզ տրամաբանական բացատրություն, ապա լավագույնը՝ ընդունել այն: