Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Մեր որոշ հայրենակիցներ, հատկապես Հայաստանից դուրս ապրողները ճշգրիտ տեղեկատվություն չունեն, թե ինչ է կատարվում հանրապետության Տավուշի մարզում, և ընդդիմությունն անհիմն ու նույնիսկ կեղծ տեղեկություններ է հրապարակում ստեղծված իրավիճակի մասին։
Նախ, եկեք սահմանենք մի քանի միջազգային կանոններ.
- Եթե մի երկիր գրավում է մյուսի բնակավայրերը կամ գյուղերը, ապա այս ակտը կարգավորվում է հատուկ կանոններով: Բռնազավթումն ինքնին անօրինական չէ միջազգային իրավունքի համաձայն, սակայն այն պետք է պահպանի որոշակի պայմաններ, այդ թվում՝ այն պետք է ունենա ժամանակավոր բնույթ և երաշխավորի քաղաքացիական անձանց և նրանց ունեցվածքի պաշտպանություն: Նույնիսկ եթե այդ տարածքները բնակեցված չեն, բռնազավթումը դեռ կարող է ոտնահարել մարդու իրավունքները, եթե այն խանգարի տեղահանված բնակչությանը վերադառնալ իրենց տները կամ այլ կերպ խախտի նրանց իրավունքները:
- Բայց եթե բռնազավթման սկզբնական ակտը տեղի է ունենում առանց միջազգային իրավունքի հիմնավորման, բռնազավթումն ի սկզբանե համարվում է անօրինական: Նման դեպքերում հարևան երկրի տարածքների բռնազավթումը, նույնիսկ եթե այդ տարածքները չունեն բնակավայրեր, միջազգային իրավունքի համաձայն, համարվում է ագրեսիայի ակտ և կարող է անօրինական լինել։ Նման գործողություններն ազդում են բռնազավթված պետության և նրա ժողովրդի իրավունքների վրա՝ հանգեցնելով մարդու իրավունքների խախտման երկարաժամկետ ներուժ ունեցող հետևանքների, որոնք ուղղակիորեն կապված են բռնազավթման հետ:
Իրավիճակը ըստ 1991 թվականի խորհրդային քարտեզների
Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային սահմանները և հայկական մայրուղին Տավուշի մարզում գոյություն են ունեցել մինչև անկախություն։ Այս սահմանները գծված էին Խորհրդային Միության Գլխավոր շտաբի կողմից, և մանրամասն քարտեզները, որոնք կոչվում են Գաղտնի, հասանելի էին միայն մի քանի քաղաքական գործիչների և անհատների, ովքեր ունեին անհրաժեշտ անվտանգության թույլտվություն:
Քարտեզ N1-ը կարելի է տեսնել Google Maps-ում: Այն պատկերում է վերջին տարիների իրական սահմաններն ու ճանապարհները։ Ցույց է տալիս խորհրդային ժամանակներից գծագրված սահմանները, որոնք ունեն անսովոր անկանոն ուղեգիծ և երթուղի, ինչի հետևանքով Իջևանը Նոյեմբերյանին կապող հայկական մայրուղին չորս անգամ հատում է Ադրբեջան-Հայաստան սահմանը՝ անցնելով ադրբեջանական տարածք և վերադառնալով Հայաստան։ Հաճախ հայկական մայրուղին անցնում է սահմանին շատ մոտ կամ ադրբեջանական Աշաղի-Ասկիպարա և Բաղանիս-Այրում գյուղերի կողքով։ Փաստորեն, նույնիսկ խորհրդային ռազմական քարտեզների համաձայն, Աշաղի-Ասկիպարա գյուղի արևմտյան ծայրամասը և Բաղանիս-Այրումի կեսը պատկանում էին Հայաստանին։
Որոշ կարճ հատվածներում սահմանն իրականում ճանապարհն է, մի իրավիճակ, որը հակասում է բոլոր տեսակի միջազգային կանոնակարգերին և տրամաբանությանը, որը ԽՍՀՄ-ը օգտագործում էր բազմաթիվ վայրերում, հատկապես նաև Սյունիքի մարզի Գորիսից Կապան ճանապարհին:
N1 հատված Տավուշի մարզից, որը ցուցադրում է միջպետական սահմանը և Հայաստանի մայրուղին՝ հանրությանը ներկայացված 2024-ի ապրիլին:
Ինչպես տեսանելի է N2 քարտեզի վրա (N1 քարտեզի պարզեցված տարբերակը), Իջևանը Թբիլիսիին կապող ճանապարհը մինչև հայկական Ոսկեպար գյուղ մտնելը չորս կետերում անցնում է ադրբեջանական տարածք և վերադառնում Հայաստան։ Ավելին, Աշաղի-Ասկիպարա գյուղից հյուսիս՝ մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հիմնական ճանապարհն անցնում է սահմանին կից և դրան զուգահեռ:
Ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական ուժերը կարող էին թիրախ դարձնել հայկական մայրուղով անցնող բոլոր հայկական և միջազգային բեռնատարներն ու այլ ավտոմեքենաներ:
Եթե վերադառնանք խորհրդային ժամանակաշրջանին, սահմանը, լինելով վարչական, խնդրահարույց չէր, քանի որ այս հանրապետությունները երկուսն էլ ԽՍՀՄ «եղբայրական» հանրապետություններ էին։ Հետևաբար՝ սահմանի մոտով անցնող երթուղուն վտանգ չէր սպառնում:
N2 նախկին քարտեզի պարզեցված տարբերակը, որտեղ մարկիր կետերով ցույց են տրված սահմանը հատող կետերը:
1992-ի զարգացումները
Ինչպես արդեն նշվեց, ռազմական գործողությունների սկզբում սահմանից այն կողմ դիրքավորված ադրբեջանական ուժերը թիրախավորում էին հայկական մայրուղով ընթացող ավտոմեքենաները, նավթատարները և բեռնատարները։
Այս բեռնատարների շարքում էին բազմաթիվ միջազգային փոխադրողներ, որոնք տարանցիկ անցնում էին Հայաստանի տարածքով։ Ուստի, ադրբեջանական սահմանի մոտ անվտանգ անցումն ապահովելու համար և այնտեղ, որտեղ ճանապարհն անցնում է ադրբեջանական տարածքով, անհրաժեշտ էր ինչ-որ լուծում գտնել։ Պատերազմի առաջին տարուց հետո այս շրջաններում ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրկնվող կրակոցների առաջն առնելու նպատակով որոշվեց ձեռնարկել անհրաժեշտ նվազագույն միջոցներ՝ հայկական ճանապարհներով տրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու համար վերահսկողության տակ վերցնելով սահմանին հարակից որոշ հողեր։
Անվտանգ մայրուղի ունենալու համար հայկական կողմն իր հսկողության տակ էր վերցրել ավտոմայրուղուց դեպի արևելք գտնվող ադրբեջանական հողատարածք, որպեսզի հայկական ճանապարհի երթևեկությունն ունենա որոշակի անվտանգություն։ Այսպիսով, անցուղու անվտանգությունն ապահովելու համար N3 քարտեզի 1-ին և 2-րդ կետերի միջև ընկած հատվածները, ինչպես նաև 2-րդ կետից հարավ գտնվող հողամասը, որտեղ ճանապարհները բազմիցս անցնում են ադրբեջանական տարածքով, պետք է լինեն հայկական վերահսկողության ներքո։ Բացի դրանից, ճանապարհի անվտանգության համար 1-ին և 2-րդ կետերի միջև՝ կանաչ շերտից արևելք ընկած հատվածում, հայկական բանակը կառուցել է ամուր պաշտպանական դիրքեր։
N3 քարտեզի վրա հայկական հսկողության ներքո գտնվող հողերի այս շերտերը կանաչ գույնով են նշված։ Դա վերաբերում էր նաև հայկական Կիրանց գյուղին հարող ադրբեջանական Խեյրմլի գյուղին, ինչպես նաև Բերքաբերի մոտ գտնվող Ղըզըլհաջըլի գյուղին, որի մոտակայքում Ադրբեջանը բռնազավթել էր քարտեզում դեղին գույնով նշված հայկական տարածքը։
Կիրանցի կամուրջը, որը գյուղը կապում է Հայաստանին, և դրան կից մի փոքր հողատարածք խորհրդային իշխանությունները տվել են Ադրբեջանին։ Սա կարելի է համարել մի անտրամաբանական որոշում, քանի որ ճանապարհն ու կամուրջը կառուցված էին միայն հայկական Կիրանց գյուղը մայրուղուն միացնելու նպատակով:
Ադրբեջանա-հայկական երկու՝ Աշաղի-Ասկիպարա և Բաղանիս-Այրում գյուղերն անբնակ էին, իսկ ադրբեջանական մյուս երկու գյուղերը՝ Խեյրմլին և Կըզըլհաճըլլը լքված էին, ու ներկայումս նրանց տարածքում կանգուն շենքեր չկան։ Ուստի չորս գյուղերը զուրկ էին բնակչությունից։ Փոքրիկ Խեյրմլի գյուղի խարխուլ շինությունները թողնվել էին տարերքին, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են ու քանդվել, այնքան, որ այսօր Google Maps-ի քարտեզներում նույնիսկ այս գյուղի հետքն անգամ չկա, և միայն մատնացույց է արվում այն վայրը, որտեղ գյուղ է եղել:
Այդպիսին էր Տավուշի մարզը 1992 թվականից մինչև 2024-ի մարտ ամիսը։
N3 տրանսպորտի տեղաշարժի անվտանգության համար Հայաստանի հսկողության տակ գտնվող տարածքները նշված են կանաչով, իսկ Ադրբեջանի գրաված տարածքները՝ դեղինով:
Ալիևի մտափոխությունը
Մինչև 2024-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրականապես դեմ էր Ալմա Աթայի արձանագրությամբ ամրագրված սահմաններն ընդունելուն՝ ասելով, որ ինքնուրույն կարող են որոշել և հետ գնալ այլ ժամանակներում գծված սահմաններին։ Նման դեպքում Հայաստանն էլ կարող էր նաև առաջարկել ընդունել 1926-ի սահմանները, որոնց համաձայն՝ Հայաստանի տարածքը կազմում էր գրեթե 30948 կմ2։
Հանկարծ 2024-ի սկզբին նախագահ Ալիևը հայտարարեց, որ ընդունում է 1991-ի Ալմա Աթայի արձանագրության մեջ ամրագրված ԽՍՀՄ սահմանները։ Դրանից կարճ ժամանակ անց հետևեց նրա պահանջը, որ Հայաստանը պետք է անհապաղ վերադարձնի ադրբեջանական չորս գյուղերը՝ Աշաղի-Ասկիպարա (ըստ էության, ավելի քան 10 տոկոսով հայկական), Բաղանիս-Այրում (իրականում կիսով չափ հայկական), Խեյրմլին և Կըզըլհաճըլլն։
Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը բոլորովին շահագրգռված չէր վերադարձնել այն լքված ու դատարկ գյուղերը, որտեղ փոքրերում նույնիսկ շինություն չկար անձեռնմխելի։ Նրա հիմնական պատճառը N3 քարտեզի վրա կանաչ գոտուց անմիջապես արևելք կառուցված հայկական պաշտպանական գծերի վնասազերծումն էր։
Եթե Հայաստանը չհամաձայներ վերադարձնել գյուղերը, ապա Ադրբեջանը կարող էր Հայաստանի դեմ գործ հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ պնդելով, որ Հայաստանն անտեսում է այդ չորս գյուղերի բնակչության մարդկային իրավունքները:
Դրա դիմաց Հայաստանը չէր կարող նման կերպ բողոք ներկայացնել, քանի որ թեև Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանի ավելի քան 200 կմ2 տարածք, դրանք չեն պարունակում Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրեր։ Այնուամենայնիվ, Հայաստանը կարող է անդրադառնալ, և Ադրբեջանի դեմ կարող է գործ հարուցվել՝ պնդելով, որ այդ բռնազավթված բարձունքներից Ադրբեջանը փաստացի վերահսկում է հայ գյուղացիների դաշտերը, այգիները և հողերը, որոնք նրանց մշտական սպառնալիքի տակ են գտնվում դիպուկահարների կրակոցներով և անուղղակի ոտնձգություններով։
Սրանք այն գյուղերն են, որոնց անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 31 գյուղական հողերի մասին։
Տավուշում, համաձայնելով Ադրբեջանի առաջարկին՝ սահմանազատել Արձանագրության ժամանակ Խորհրդային Զինվորական շտաբի կողմից գծված քարտեզներով, Հայաստանը պահպանում է Ալմա Աթայի արձանագրությունը և ակնկալում է, որ Ադրբեջանը դա նաև կկատարի իր՝ 1991-ի Ալմա Աթայի սահմանների վերաբերյալ պաշտոնական համաձայնությանը համապատասխան: Այսպիսով.
1․ Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի Բերքաբերի ջրամբարից հյուսիս գտնվող 8,5 կմ2 հողատարածքները, որոնք դեղին գույնով նշված են N3 քարտեզի վրա:
2․ Ադրբեջանն ամբողջովին պետք է վերադարձնի 2021-ի մայիսի և 2022-ի սեպտեմբերի ներխուժումների ժամանակ Հայաստանից գրաված բոլոր բարձունքային տարածքները, որոնք ներկայացված են քարտեզ N4-ում, քանի որ դրանք համապատասխանում են Ալիևի համաձայնած Ալմա Աթայի հռչակագրի կետերին։
N4 Հայաստանի այն բարձունքային տարածքները, որոնք Ադրբեջանի զինուժը գրավել է 2021-ի մայիսից մինչև 2022-ի սեպտեմբեր ամիսը: Դրանք նշված են նարնջագույնով և մանուշակագույնով:
Կիրանցի կամրջի խնդիրը
N5 քարտեզը մի հատված է 1990-ի Խորհրդային Միության Զինվորական շտաբի քարտեզից: Այս քարտեզի վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը համաձայնեցված էր դեռ 1970-ականներին և ամրագրված նաև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրում, որով բոլոր 12 խորհրդային հանրապետություններն անկախացան:
Ինչպես նկարագրված է N3 քարտեզում, Կիրանցից հյուսիս սահմանը միտումնավոր երկարացվում է դեպի հարավ-արևմուտք՝ Ադրբեջանին տալով հայկական մայրուղուց մի կարճ հատված, ներառյալ կամուրջը, դրանով իսկ թույլ տալով վերահսկել Հայաստանի մայրուղուց դեպի գյուղ հասնելը:
Ճանապարհն ու կամուրջն Ադրբեջանին հանձնելը չէր կարող ընդունելի լինել առանց հասանելիության խնդրի հիմնավոր լուծման, քանի որ այլապես գյուղը կկտրվեր Իջևանից եկող մայրուղուց: Լուծումն ունի երկու տարբերակ: Առաջինն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցել՝ ստանալու ճանապարհն ու գյուղը շրջապատող ադրբեջանական տարածք՝ նույն մակերեսով ուրիշ տեղ նրանց տարածք առաջարկելով Հայաստանի տարածքից։ Սակայն դժվար թե Ադրբեջանն ընդունի նման մի լուծում, քանի որ նրանց գործողություններն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք հիմնականում շահագրգռված չեն Հայաստանի հետ խնդիր լուծելու, այլ ցանկություն ունեն հնարավորինս ստեղծել նորանոր խնդիրներ:
N5 հատված 1990-ի ԽՍՀՄ շտաբի՝ Կիրանցի կամրջի և սահմանի վերաբերյալ տարածքից: Կարմիր գիծը սահմանն է, իսկ կանաչը՝ հայկական մայրուղին, որի վրա է գտնվում ցուցադրված կամուրջը:
Այլընտրանքը կլինի ճանապարհի և կամրջի երթուղին փոխելը` ապահովելով մայրուղու մուտքը դեպի Կիրանց մի նոր ուղղությամբ, որը խուսափում է ադրբեջանական սահմանը հատելուց: Սա Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող լուծումն է, որը կլուծի դեպի Կիրանց տանող ճանապարհի խնդիրը, սակայն այս գյուղի հայ բնակիչների հոգեբանական խնդիրը, այն է՝ ապրել ադրբեջանցիներից 200 մետր հեռավորության վրա, չի կարող անվտանգ լինել: Իհարկե, նույնը կլինի ադրբեջանցիների համար, որոնք պետք է հաստատվեն Կիրանցի մոտակայքում, որտեղ գտնվում է հին Խեյրմլի ավերակ գյուղը:
Հիշեցնենք, որ դրանով դեռ առկախ է մնում Կիրանցից Նոյեմբերյան տանող մայրուղին, որը, ըստ N2 քարտեզի, չորս անգամ ադրբեջանական սահմանը հատելու խնդիր ունի: Այս խնդրին նույնպես պետք է տրվի գոհացուցիչ լուծում: