
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ
Արամի և Կողբացի փողոցների հատման մասում՝ Մարգարյան ծննդատան և Մաշտոցի (Մանուշյան) պուրակի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքը կառուցվել է 1902 թվականին և նախապես ծառայել է որպես բանկ։ 1934-ին վերակառուցվել է և օգտագործվել որպես հիվանդանոց։ Հանրապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքն այսօր պարզապես լքված է. շենքի տանիքի որոշ մասեր վնասված են, պատշգամբները վթարային տեսք ունեն, կամարաձև պատուհանների ապակիների զգալի մասը կոտրված են, իսկ շենքի ներքին պատերը խունացած՝ տեղ-տեղ գոյացած են խորշեր։ Սակայն անգամ այդ վիճակում շենքը գրավում է շատ անցորդների ուշադրությունը։
Մուգ սև տուֆե ճակատով, խոյակաձև զարդաքանդակներով ձևավորված այս շինությունը տեղակայված է Արամի 54 հասցեում։ Այն ի սկզբանե պետական սեփականություն էր և պատկանում էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանը (ԱՊՓԲԸ)։ Վերջինս 2001-ին ընդգրկվել էր մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում և կառավարության 2003-ի ապրիլի 10-ի 790-Ն որոշմամբ ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Առստմեդ» ՍՊԸ-ին։
Այդ որոշման համաձայն ԱՊՓԲԸ-ն ուներ 206 մլն դրամ գնահատված ակտիվներ, իսկ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում էր 124 մլն դրամ, սակայն դրանց գինը սահմանվել էր 31 մլն դրամ, քանի որ գնորդը պետք է մարեր ընկերության 82 մլն դրամ պարտավորությունները։ Գնորդը նաև պարտավորվել էր «առնվազն տասը տարով պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը»։
Բուժմիավորման (և շինության) նոր սեփականատեր «Առստմեդ» ՍՊԸ-ն երեք տարի անց՝ 2006-ին միավորվել էր «Թիվ 2 բուժմիավորում» (ոչ պետական) ՓԲԸ-ի հետ, որը պետական ՓԲԸ-ի իրավահաջորդն է։ Ոչ պետական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003-ին և այսօր տնօրինում է շինության՝ Կողբացի փողոցի վրա գտնվող շարունակությունը, որը ևս կառուցված է սև տուֆով։ Այդ հատվածում շարունակում է հիվանդանոց գործել։
«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի 2004-ի հոկտեմբերին կայացած ընդհանուր ժողովի բաժանիչ հաշվեկշռի որոշմամբ շենքը փոխանցվում է «Հարտիգս» ՓԲԸ-ին։ Այս ընկերությունը պատկանում էր Հարություն Քուշկյանին։ Նա Երևանի «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հիմնադիրն ու միանձնյա սեփականատերն է և 2007-2012թթ. եղել է Հայաստանի, իսկ 2014-2016թթ.՝ Արցախի առողջապահության նախարարը։
2018-ին «Հարտիգս»-ը միավորվում է Քուշկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մեդ Հաուզ» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերությունն է տնօրինում շենքի գերակշիռ մասը՝ այդ թվում Արամի փողոցին նայող ամբողջ հատվածը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից EVN Report-ին հայտնեցին, որ ինչպես ԱԳՆ-ի նախկին շենքի և Արամի 9-ի դեպքերում, Արամի 54-ի սեփականատերերի հետ պահպանական պարտավորագիր ևս չի կնքվել։
Սեփականատերը ցանկանում է վերանորոգել
2023-ի մարտին ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց, որ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաև Արամի 54-ի ամրակայման և վերականգնման հարցը։ Նախարարությունից EVN Report-ին հայտնեցին, որ շենքի էսքիզային նախագիծը ներկայացվել է շինության սեփականատիրոջ կողմից և գիտամեթոդական խորհրդում քննարկման արդյունքում այն համարվել է ընդունելի։ Օրենքի պահանջով դրդված՝ կառավարությունը 2023-ի սեպտեմբերին թույլատրել է շենքի փոփոխումը:
Նախարարությունից նաև հայտնեցին, որ այս մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանին, որի իրավասությունների տիրույթում է գտնվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրումը:
Իսկ քաղաքապետարանից EVN Report-ին հայտնեցին, որ իրենք շենքի նախագծման թույլտվություն ստանալու համար դիմել են սեփականատիրոջը։
«Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսքը հուշարձան-շենքի մասին է, նախագծման թույլտվության տրամադրման հարցը քննարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ: Այսինքն, փաստացի դեռ թույլտվություն չի տրամադրվել»,- ասվում է քաղաքապետարանի պատասխանում։ Քաղաքապետարանը խոստանում է նոր զարգացումների դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։
Հարություն Քուշկյանը EVN Report-ին հայտնեց, որ շենքը վերանորոգվելու է «շատ շուտով»։ Նա հավելեց, որ այն մնալու է ինչպես կա՝ «ուղղակի ամեն ինչ արդիական, ամեն ինչ նոր և շատ սիրուն շենք է լինելու»։ Քուշկյանը հավաստիացրեց, որ շենքի հարկայնությունը չի փոխվելու (հարկեր չեն ավելանալու), սակայն, չմանրամասնեց, թե ինչ գործառույթ կարող է ունենալ շենքը նորոգումից հետո։ Նրա մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հայտնեց միայն, որ այն լինելու է հասարակական նշանականություն շենք։ Իսկ ժամկետների առումով դեռ հստակություն չկա։
* * *
Օրեր առաջ՝ մարտի 11-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաղորդվեց, որ գույքագրվել է մայրաքաղաքում գտնվող շուրջ 50 հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց ու ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք: ԿԳՄՍ նախարարությունը նամակով դիմել է դրանց սեփականատերերին, որոնից միայն մեկն է արձագանքել՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել հուշարձանի վերականգման էսքիզային նախագիծ։ Սա, ենթադրաբար, հենց Արամի 54 շենքն է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հայտարարեց, որ այս հարցում ոչ բավարար ջանք է ներդրվում։ Որպես գործիք նա մատնանշեց սեփականատերերին տույժերի ենթարկելու հնարավորությունը և հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում գործընթացը տեղից կշարժվի։
EVN Report-ն այս հուշարձան-շենքերի ցանկը ստանալու համար դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից վերահասցեավորեցին ԿԳՄՍ նախարարություն։ Ցանկը ստանալու դեպքում EVN Report-ը կուսումնասիրի դրանում ներառված շենքերը և այս շարքի միջոցով կներկայացնի դրանցից հատկապես նշանակալիները։
Կարդացեք նաև
Մաս 1
Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը, թեև տարիներ առաջ սեփականաշնորհվել է, սակայն պարապուրդի է մատնված, ինչպես Երևանի կենտրոնի մի շարք պատմական և մշակութային արժեք ունեցող այլ շենքեր։ Ո՞ր շենքերը կարող են սեփականաշնորհվել, ի՞նչ պարտավորություններ ունեն դրանց տերերն ու ի՞նչ վերահսկողություն ունի պետությունը, այս և այլ հարցերը քննող հոդվածաշարի մեկնարկային անդրադարձը։
Read moreՄաս 2
Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 2. Արամի տունը
Դեռևս 2007-ից կառավարության կողմից գերակա շահ ճանաչված Արամի 9-ը հասցեի շենքն այսօր էլ շարունակում է մնալ լքված ու կիսավեր, իսկ իրացման հարցը՝ առկախված։
Read more