Նկարազարդման մեջ՝ շենքի ամբողջական պատկերը վերևից, հոկտեմբեր 2023
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Երևանի սրտում՝ Արամի 9 հասցեում է գտնվում սև տուֆե ճակատամասով երկու հարկանի շենքը, որը հայտնի է որպես Արամ Մանուկյանի տունը։ Շենքը կառուցվել է 1910 թվականին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով և նախապես պատկանել է Երևանի քաղաքային խորհրդի անդամ Ֆադեյ Քալանթարյանին։ Այն կառուցված է 183,6 քմ հողամասի վրա, ընդգրկել է տասը բնակարան։
Ըստ շենքի վրա տեղադրված հուշատախտակի, Արամ Մանուկյանն այստեղ բնակվել է կյանքի վերջին երկու տարիներին՝ 1917-1919-ին։ Նա 20-րդ դարասկզբի հայոց պատմության ամենանշանակալի անձանցից է, մեծ դեր է ունեցել 1915-ի ցեղասպանության ընթացքում Վանի ինքնապաշտպանության, ինչպես նաև 1918-ի Սարդարապատի ճակատամարտի ժամանակ թուրքական զորքերին ռազմական դիմակայության կազմակերպման մեջ։ Մանուկյանը համարվում է առաջին հանրապետության հիմնադիրը։ 1918-19-ին նա զբաղեցրել է հանրապետության ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Հենց նրա անունն է կրում փողոցը։
Երևանի հուշարձան շենքերի մասին EVN Report-ը շարքի առաջին մասում, ներկայացնելով արտաքին գործերի նախարարության նախկին շենքի սեփականաշնորհման թնջուկը, անդրադարձ է կատարվել նաև պատմական և մշակութային արժեք ունեցող շենքերի սեփականաշնորհման ու պարապուրդի մատնման խնդիրներին։ Երկրորդ մասում ներկայացնում ենք հուշարձանի կարգավիճակ ունեցող մեկ այլ շենք, որը նույնպես՝ սեփականաշնորհված է և գտնվում է լքված վիճակում։
Գերակա շահ և սեփականատերի փոփոխություն
Կառավարությունն Արամի 9-ը՝ ի թիվս մի շարք այլ շինությունների, գերակա հանրային շահ ճանաչեց 2007-ի հունվարի 25-ի 108-Ն որոշմամբ՝ պատճառաբանելով, որ տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի շահը գերակայում է սեփականատերերի շահերից։ Կառավարությունը շինությունները բնութագրում էր որպես «կիսախարխուլ», «ոչ սեյսմակայուն» և «հիմնականում վթարային»։
Որոշման համաձայն՝ Արամի 9-ը ձեռքբերողը «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ն է, որի միակ բաժնետերն ամերիկահայ փաստաբան Վահե Յաքուբյանն է (նաև՝ Յակուբյան, փաստաթղթերում՝ Վահե-Վասկեն)։
Յաքուբյանը մասնագիտացած է կառավարությունների, հեռահաղորդակցության, ավիացիայի և էներգետիկայի հետ կապված հարցերում։ 2004-ին հայտնի էր դարձել, որ կառավարությունը, օտարերկրյա ներդրողների հետ բանակցություններում Հայաստանը ներկայացնելու համար, նրան վճարել էր 266.700 դոլար։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մտերիմ հարաբերություններ ուներ արդարադատության այն ժամանակվա նախարար Դավիթ Հարությունյանի հետ, իսկ եղբայրը՝ Վիգեն Յաքուբյանը 2015-ից Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ է։ Նախկինում Յաքուբյանին էր պատկանում «Կիա Մոթորս Արմենիա» ՓԲԸ-ն, որը, սակայն, սնանկ է ճանաչվել։ Յաքուբյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով այժմ անցնում է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։
«Գլենդել հիլզ»-ը 2015-ի վերջին սնանկ ճանաչվեց, իսկ ավելի վաղ՝ 2014-ի նոյեմբերի 6-ի կառավարության 1227-Ա որոշմամբ Արամի 9-ը՝ ի թիվս այլ շինությունների, անցել է «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին, որը պատկանում է պոլսահայ շվեյցարաբնակ գործարար Վարդան Սրմաքեշին (փաստաթղթերով՝ Սիրմակես)։ Վերջինս շվեյցարական ժամացույց արտադրող Franck Muller ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։
Սրմաքեշին են պատկանում մի շարք ընկերություններ՝ այդ թվում ժամացույց արտադրող AWI ընկերությունը, «Արարատ» ֆուտոլային ակումբը, Մարալիկի բամբակամանվածքային գործարանը, Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը նախկինում շահագործող «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն։ Նա նաև «Արմսվիսբանկ»-ի միակ սեփականատերն ու խորհրդի նախագահն է և «Հայաստանի բիզնեսի հիմնադրամ» ՓԲԸ-ի միջոցով տնօրինում է «Արցախբանկ»-ի 51,7 տոկոս բաժնեմասերը։ Սրմաքեշը նախկինում նաև եղել է Հայաստանի գլխավոր հյուպատոսը Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Արդեն 2014-ի նոյեմբերի 14-ին Սրմաքեշին պատկանող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն Յաքուբյանին պատկանող «Ի Էմ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ների հետ կնքել էր անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրեր, որով ընկերությունները պարտավորվել էին մեկ տարվա ընթացքում «Օլդ Սիթի»-ին փոխանցել «Հին Երևան»-ի տարածքում 8,839 քմ մակերեսով հողամաս, որի համար «Օլդ Սիթի»-ին ամբողջ գումարը վճարել էր որպես կանխավճար։
2014-ի դեկտեմբերի 1-ին կառավարությունը՝ ի դեմս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և Սրմաքեշին պատկանող «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը համաձայնագիր էին ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նշվում էր, որ աշխատանքները կսկսվեն 2015-ին։
Ինչպես շենքը քանդվեց
Արամի 9-ի կադաստրային գործում առկա են Երևանի քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանի կողմից 2008-ի մայիսի 24-ին ստորագրած՝ շենքի չորս բնակարանների քանդման թույլտվություններ՝ կառուցապատող «Գլենդել Հիլզ»-ի կողմից իրացման նպատակով։
Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ Արամի 9-ի տանիքը 2009-ի հոկտեմբերին արդեն իսկ մասամբ բացակայում էր, իսկ 2011-ին արդեն մնացել էին միայն արտաքին պատերը։
Հուշարձանների քանդումն արգելվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածով, սակայն ենթադրյալ հանցագործության գործով իրավապահներն ընքացք տվեցին շուրջ մեկ տասնամյակ անց միայն։
2019-ի ապրիլին դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել։ Ըստ ուսումնասիրության, Արամի 9-ը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:
Դատախազությունում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել էր քրեական գործ և նախաքննությունը հանձնարարվել էր քննչական կոմիտեին:
Այս հաղորդագրությունից անցել է ավելի քան չորս տարի, սակայն քննչական կոմիտեից EVN Report-ին հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։
Պահպանության հարցը և թանգարան վերածելու գաղափարը
Կառավարության 2007-ի գերակա շահ ճանաչող որոշման մեջ նշվում էր, որ տարածքներում առկա են մեծ քանակությամբ հուշարձան շենք-շինություններ և կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել այդ շենքերն ու շինությունները՝ համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճը՝ այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ։
Կառավարությունը նշում էր նաև ձեռքբերողների պարտականությունն այդ շենքերի պաշտպանության հարցում՝ հղում անելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքին և կառավարության 2002-ի ապրիլի 20-ի 438 որոշմանը։
Վերջին տարիներին բազմիցս կոչեր են հնչել շենքը Արամ Մանուկյանի տուն-թանգարանի վերածելու մասին։
2016-ին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի դիմումին ի պատասխան նշել էր, որ նախարարությունը հետևողական է լինելու շենքի պահպանման և վերակառուցման գործընթացներին։ Սարգսյանը նաև հավաստիացնում էր, որ հաշվի առնելով շենքում Արամ Մանուկյանին նվիրված թանգարանային գոտի ստեղծելու մասին բազմիցս ներկայացված առաջարկությունները, նախարարությունը հետամուտ է լինելու կառուցապատող ընկերությանը խնդիրը ներկայացնելու և իրագործելու հարցում։
2017-ին մի խումբ երիտասարդներ ակցիա էին կազմակերպել շենքի մոտ, որին մասնակցում էր նաև մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանը։ Նա լրագրողներին հայտնել էր, թե ցանկանում է, որ շենքը պաշտպանվի ոչ միայն օրենքով, այլ նաև ունենա ժողովրդի ուշադրությունը՝ որպես քաղաքի հարստություն։
«Ոչ միայն օրենքով փորձենք պաշտպանել, այլ նաև հասարակական կարծիք և տրամադրություններ ստեղծելով»,- ասել էր նախարարը։ Ու թեև անօրինական քանդման թույլտվություններով պայմանավորված՝ շենքն արդեն իսկ գտնվում էր կիսավեր վիճակում, Ամիրյանը վստահեցրել էր, որ շենքը չի կարող քանդվել, որովհետև օրենքով պաշտպանված է։
2020-ի ապրիլին Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկել էր շենքը պետության հոգածության տակ առնել և վերածել Արամ Մանուկյանի տուն-թանգարանի կամ մեկ այլ պատշաճ հաստատության։
«Մենք չենք կարող այս պատմական հուշարձանի ճակատագիրը թողնել մասնավոր անձի հայեցողությանը և Արամ Մանուկյանի տունը մատնել մոռացության»,- գրել էր նա։
2021-ի մայիսին ավագանու մեկ այլ անդամ՝ Նուարդ Վարդանյանը, հայտնել էր, որ «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի առաջարկով, ներդրողը համաձայնել է, որ Արամի 9 լինելու է Արամ Մանուկյանի տուն-թանգարանը: Ամիսներ անց, Վարդանյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի համավարակից առաջ Սրմաքեշի և ամերիկահայ բարերարների միջև պայմանավորվածություն է եղել Արամի 9-ը վերածել Արամ Մանուկյանի տուն-թանգարանի:
2022-ի նոյեմբերին ԿԳՄՍ նախարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշել էր, որ շենքը նախատեսվում է վերականգնել։
«Էսքիզային փուլը քննարկել ենք: Ե՛վ ներդրողի, և՛ կառավարության տեսանկյունից այն ենթակա է վերականգնման: Պարզապես այդ տարածքում իրացման խնդիր կա, դատական պրոցեսն է երկարում»,- հայտնել էր նա։
«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը EVN Report-ի հետ զրույցում հայտնեց, որ 2021-ին սեյսմիկ հետազոտության արդյունքներով պարզվել էր, որ ճակատային պատը բավականին վնասված է և սեյսմոլոգները պնդել են, որ քարերը պետք է ապամոնտաժել և վերակառուցել նույն վայրում։ Վարդանյանի հաղորդմամբ՝ կա փլուզման վտանգ, իսկ շենքի վրա աշխատանքները կարող են սկսել միայն տարածքի իրացման ավարտից հետո, որով այսօր զբաղվում է Երևանի քաղաքապետարանը։
Իրացման խնդիրը. դատական վեճեր
Շենքի տասներորդ բնակարանի նախկին բնակիչները տարիներ շարունակ վիճարկում են «Գլենդել Հիլզ»-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագրի վավերությունը և հարակից այլ հարցեր։
Կադաստրային գործում առկա է այդ բնակարանի նախկին բնակիչներ Հովհաննես, Իսահակ, Արամ, Լուսինե և Արմինե Վարդանյանների, Նարինե Հունանյանի և «Գլենդել Հիլզ»-ի միջև մի ակտ, որում հղում է արվում կողմերի միջև 2007-ի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրին, որի հիման վրա վաճառողները պարտավորվում են ազատել զբաղեցրած տարածքը և հանձնել ձեռքբերողին։ Անշարժ գույքը վաճառելու և ազատելու դիմաց վաճառողների դրամական փոխհատուցումը կազմում է 12.756.000 դրամ (այդ օրվա փոխարժույթով գրեթե 42 հազար դոլար), որի փոխարեն վաճառողներին որպես սեփականություն տրամադրվելու է Երևանի գինու գործարանին հարող տարածքում («Գլենդել հիլզ» թաղամաս) կառուցվելիք բազմաբնակարան շենքում 36,3 քմ մակերեսով հարդարված բնակարան, իսկ բնակարանը չտրամադրելու դեպքում՝ դրա շուկայական արժեքը։
2020-ի հուլիսին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը Վարդանյանների դիմումին ի պատասխան հայտնել էր, որ ըստ կադաստրային գործի նյութերի՝ 2007-ի դեկտեմբերի 20-ին նոտարական կարգով վավերացված պայմանագրի հիման վրա Արամի 9 շենքի 10-րդ բնակարանի նկատմամբ դեկտեմբերի 25-ին կատարվել է սեփականության գրանցում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի անվամբ:
Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա գործերի, Վարդանյանները 2008-ից սկսած փորձել են դատարանի միջոցով «Գլենդել Հիլզ»-ին պարտավորեցնել պայմանագրի մասնակի փոփոխություն կատարել և նոր պայմանագիր կնքել, պետությունից պահանջել բնակարանի մասով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը անվավեր ճանաչել և «Գլենդել Հիլզ»-ի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչել, մեկ այլ գործով էլ պահանջել Երևանի քաղաքապետարանին, «Երևանի Կառուցապատման Ներդրումային» ծրագրերի իրականացման գրասենյակին, և Կադաստրի կոմիտեին նկարագրության արձանագրությունում փոփոխություններ կատարել, և այսպես շարունակ։ Բոլոր դիմումները մերժվել են։
Իսահակ Վարդանյանը 2019-ին «Հետք»-ի հետ զրույցում պնդում էր, որ բնակարանն իրենից վերցրել են կեղծիքներով և պարտադրելով։ Նրա հետ վաճառքի հիմնական պայմանագիր չի կնքվել և հանձնման-ընդունման ակտ չի կազմվել։ Ըստ նրա, «Գլենդել Հիլզ»-ն իրենց խաբել է բնակարանի մակերեսի առումով՝ 90 քմ-ի փոխարեն առաջարկելով միայն 37 քմ-ի փոխհատուցում նոր բնակարանի տեսքով և պարտադրել է ստորագրել նախնական պայմանագիրը՝ հակառակ դեպքում նրանք կհայտնվեին փողոցում։ Ավելին, սեփականության վկայականի հատակագծում դրված է նրա ստորագրությունը, այնինչ նա պնդում է, որ այն չի ստորագրել։ Հայաստանում երեք ատյանների դատարանները մերժել են Վարդանյանների՝ պայմանագրում փոփոխություններ անելու պահանջը և գործը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Դատական տեղեկատվական համակարգում առկա են նաև ընթացիկ դատական գործի մասին տվյալներ, որով Վարդանյանը պահանջում է կադաստրի անօրինական սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու և կադաստրին պարտավորեցնել Արամի 9-ի հողատարածքի մասին տեղեկություններ ներկայացնել։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հունիսի 26-ին գործը ընդունել է վարույթ։
Ինչպես նկատել էինք նախորդ հոդվածում, լքված հուշարձան շենքերի խնդրի ակունքում կանգնած է պահպանական պարտավորագրի ինստիտուտի չկայացված լինելը։ ԿԳՄՍ նախարարությունից EVN Report-ին հայտնեցին, որ Արամը 9-ը ևս չունի պահպանական պարտավորագիր։ Ավելին, այս շենքի դեպքում առկա է նաև քրեական գործ՝ քանդման առիթով և տարիներով ձգձգվող դատական վեճեր։
Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը, թեև տարիներ առաջ սեփականաշնորհվել է, սակայն պարապուրդի է մատնված, ինչպես Երևանի կենտրոնի մի շարք պատմական և մշակութային արժեք ունեցող այլ շենքեր։ Ո՞ր շենքերը կարող են սեփականաշնորհվել, ի՞նչ պարտավորություններ ունեն դրանց տերերն ու ի՞նչ վերահսկողություն ունի պետությունը, այս և այլ հարցերը քննող հոդվածաշարի մեկնարկային անդրադարձը։
Read moreԵրևանը՝ «միությունից» անկախություն
Երևանի մասին շարքի երկրորդ մասում Լիլիթ Ավագյանն անդրադառնում է մայրաքաղաքի կառավարման զարգացմանը՝ Խորհրդային Միության փլուզումից մինչև Երևանի նոր քաղաքապետի վերջին ընտրությունը։
Read moreԵրևանը՝ կայսրությունից «միություն»
Երևանի ավագանու ընտրություններից առաջ Լիլիթ Ավագյանն անդրադառնում է, թե ի՞նչ քաղաք էր Երևանը, ինչպես է սկսվել կառավարման պատմությունն ու ի՞նչ շրջափուլեր է ունեցել Ռուսական կայսրության, Առաջին Հանրապետության ու Խորհրդային Միության տարիներին։
Read moreԲազմաբնակարան շենքերի կառավարման նոր պահանջները
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքն առավել արդունավետ դարձնելու նպատակով նախատեսվում են փոփոխություններ։ Թե ինչ են ենթադրում օրենքում կատարված փոփոխությունները, երբ ու ինչպես են իրականացվելու, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԵրևանի քրիստոնեական ժառանգությունը
Երևանը քրիստոնեական հարուստ ժառանգություն ունի, որը, սակայն, քիչ քննարկվող թեմաներից է։ Սեդա Գրիգորյանը ներկայացնում է հեթանոսական թագավորության հինավուրց թագավորական կեցավայրից մինչև առաջին քրիստոնյա ազգի մայրաքաղաքի քրիստոնեական ավանդույթներն ու ժառանգությունը:
Read moreՀիշել «Երևանը»
Երևանն ուներ իր սեփական վեպը, այն ուղղակի մոռացվել էր, հեռացվել էր մեր հիշողությունից։ Ժամանակակից արձակը լուսավորեց մոռացության խավարը և օգնեց մեզ հիշել «Երևանը», գրում է Տիգրան Ամիրյանը։
Read moreՔաղաքական էստետիկա եւ Երեւանի արձանները
Եթե փորձենք ուսումնասիրել, թե քանի հուշարձան է Երևանի տարածքում տեղադրվել, իսկ հետո ապամոնտաժվել, ապա մոտավոր պատկերացում կկազմենք անկախացումից ի վեր երկրում քաղաքական ու գաղափարախոսական փոփոխությունների մասին։ Երևանում անկախացումից հետո տեղադրվել է 51 արձան ու կիսանդրի:
Read more