Երևանը՝ «միությունից» անկախություն

Մաս 2

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։

Խորհրդային միության փլուզումից հետո՝ 1991-ից Երևանն արդեն անկախ Հայաստանի մայրաքաղաքն է: Լինել անկախ չափազանց դժվար էր․ Հայաստանը կտրվել էր նախկին միութենական տնտեսական համակարգի բոլոր օղակներից, իսկ 1991-ի նոյեմբերից հերթական անգամ փակվել էր Վրաստանից եկող գազամուղը, նույն տարվա դեկտեմբերին էլ վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով դադարել էին աշխատել հանրապետության, այդ թվում՝ Երևանի գրեթե բոլոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները: Ընդհատվել էր նաև երկաթուղային կապը մայրաքաղաքի և մյուս շրջանների միջև: Քաղաքի հեռախոսային ցանցը աշխատում էր խափանումներով: 

Մայրաքաղաքի բնակիչները, ատամները սեղմած, դիմանում էին՝ փորձելով սեփական ուժերով լուծել բնակարանները տաքացնելու, սնունդ հայթայթելու, մայրաքաղաքում տեղից տեղ (հիմնականում՝ ոտքով) տեղափոխվելու հարցերը: 

1990-1992 թվականներին Երևանի քաղխորհրդի նախագահը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան Համբարձում Գալստյանն էր: 

1990-ի նոյեմբերի 1-ին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն որոշեց մայրաքաղաքի Լենինի հրապարակը վերանվանել Հանրապետության հրապարակ,  Լենինի պողոտան՝ Մաշտոցի պողոտա, Կարմիր բանակի փողոցը՝ Գրիգոր Լուսավորիչ։ 1992-ի ապրիլին վերանվանվեց 27 փողոց։ Վերանվանվում էին նաև դպրոցները։ Այս գործընթացը, իհարկե, երևանցիների համար կարևոր ուղերձ էր՝ անցում ինքնիշխան, ազատ պետությանը: 

Սակայն մայրաքաղաքի բնակիչները քաղաքային իշխանություններից ակնկալում էին ավելի հստակ խնդիրների լուծում.

«Պարո՜ն Գալստյան, Ձեզ անպայման հայտնի է, որ ուշ երեկոյան, Ձեր բարեհաճ տնօրինությանը հանձնված քաղաքում, անջատվում է փողոցային լուսավորությունը, և Երևանն ընկղմվում է խավարի մեջ: Մի՛ աճապարեք սա բացատրել էներգետիկ ճգնաժամով: …Պարո՜ն քաղաքապետ, Դուք, որ հիմա այլևս ոտքով չեք քայլում, պատկերացնու՞մ եք այդյոք այն մարդկանց վիճակը, որոնք ուշ երեկոյան մի կերպ խարխափում են խավարի մեջ: …Համոզված լինելով, որ Ձեզ քաջ հայտնի է մայրաքաղաքի քրեական իրադրությունը, չե՞ք անհանգստանոււմ, որ մթության մեջ, երբ չեն էլ երևում ոստիկանության պարեկները, քաղաքի տերուտնօրեն են դառնում հանցագործ տարրերը, որոնք խավարի մեջ անպատիժ ու լկտի կատարում են իրենց սև գործը, որ այսօր սովորական են դարձել այստեղ-այնտեղ հնչող կրակոցներն ու կրակահերթերը՝ սարսափի մատնելով կանանց, երեխաներին, բոլորին»,- ասվում է «Ազդարար» թերթի 1992-ի թիվ 2 համարում: 

1992 -ին Համբարձում Գալստյանը հրաժարական տվեց ու սկսեց զբաղվել գործարարությամբ: 1994 -ին ինքն էլ դարձավ կրակոցի զոհ: 

1992-1996-ին Երևանի քաղաքապետը տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էր, որն, ի դեպ, 2022-ից Հայաստանի նախագահն է՝ արդեն Խաչատուրյան ազգանունով։

Արցախյան Առաջին պատերազմի շրջանն էր: 1993-ին մայրաքաղաքին տրվող հոսանքը կրճատվեց՝ սկզբում՝ 8, այնուհետև՝ 4 ժամի: Ընդ որում, հաճախ այդ չորս ժամը գիշերը 2-6-ն էր: Այդ ժամերին բոլորի տներում աշխուժություն էր՝ լվացք, արդուկ, ճաշ, հարևանների հանդիպումներ…

1995-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Երևան քաղաքն ուներ մարզի կարգավիճակ։ Երևանի քաղաքապետին՝ վարչապետի ներկայացմամբ, նշանակում և ազատում էր հանրապետության նախագահը։ 

1996-ի Երևանի բյուջեն առաջին անգամ հաստատվեց Ազգային ժողովի կողմից. 

«Երևանի բյուջեն՝ 3,142 միլիարդ դրամ: Այս տարի իր պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանի բյուջեն հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ այդ մայրաքաղաքի բյուջեն հաստատում էր այժմ արդեն լիազորությունները վայր դրած Երքաղխորհուրդը: …Հավաքագրված գումարներից կեսից ավելին՝ 1,522 մլրդ դրամ, նախատեսվում է հատկացնել քաղաքի բարեկարգմանը: Սանմաքրմանը կհատկացվի 450 մլն դրամ, կանաչապատմանը՝ 200 մլն դրամ, քաղաքի փողոցների բարեկարգմանը՝ 658 մլն դրամ»,- գրված է «Երեկոյան Երևան» թերթի 1996-ի թիվ 3 համարում։

Սակայն մայրաքաղաքի կառավարումն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն ուներ: Եվ 1996-ի հունիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որին հաջորդեց «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» օրենքը։ 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ համայնքներում 3 տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ՝ համայնքի ավագանի և համայնքի ղեկավար։ 

Տեղական կառավարման համակարգի վերափոխման նպատակը Երևանի քաղաքապետի, մարզպետների ու համայնքապետների լիազորությունների և պատասխանատվության սահմանազատումն էր։ Մարզպետն ու Երևանի քաղաքապետը պետք է իրականացնեին կառավարության տարածքային քաղաքականությունը։ Նախագահի հրամանագրով նրանց վերապահվեցին ֆինանսների, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի և սպորտի, բնության ու շրջակա միջավայրի պահպանության ոլորտները։ 

Հայաստանի կառավարության 1996-ի փետրվարի 23-ին «Պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևանի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ լուծարվեց Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն, և 1996-ի մարտից իր գործունեությունը սկսեց Երևանի քաղաքապետարանը։

1996-ին մի քանի ամսով Երևանի քաղաքապետ էր Աշոտ Միրզոյանը: Մինչ այդ՝  1993-ին կրթության փոխնախարար էր, 1995-ին՝ սոցիալական ապահովության փոխնախարար։ 

1996-98-ին նրան փոխարինեց Վանո Սիրադեղյանը, որը մինչ այդ ներքին գործերի նախարար էր: Երևանցիները վստահ էին, որ մայրաքաղաքի քրեական մթնոլորտը կկարողանա կարգավորել ՆԳ համակարգը ղեկավարած Սիրադեղյանը:
Առաջին անգամ Երևանի քաղաքապետարանում ավելացավ գլխավոր դիզայների հաստիքը։ Ապամոնտաժեց խորհրդային կարգերի խորհրդանիշ համարվող Բանվորի արձանը: Քաղաքապետի պաշտոնից նա հրաժարական տվեց 1998-ին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ: 

Արդեն 1999-ին Վանո Սիրադեղյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Ըստ Գլխավոր դատախազության հայտարարության՝ նախաքննությամբ ձեռք էին բերվել բավարար ապացույցներ, որ նա ՆԳ նախարար աշխատած տարիներին,  կազմակերպել է զինված հանցավոր խումբ՝ բանդա՝ վերջիններիս հանձնարարելով հարձակումներ գործել առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց վրա: Մինչև մահը՝ 2021-ը, նա միջազգային հետախուզման մեջ էր, իսկ նրա գտնվելու վայրը՝ անհայտ: 

1997-ի մայիսի 6-ին ընդունվեցին նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրերը: 

1998-ի մայիսի 6-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, Երևանի քաղաքապետ նշանակվեց գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը: Մինչ այդ նա Սյունիքի մարզպետն էր: Որպես Երևանի քաղաքապետ՝ նա պաշտոնավարեց մինչև  1999-ի մայիսի 15-ը, ապա նշանակվել ՆԳ նախարար։ 

1999-ի օգոստոսի 9-ին նախագահի հրամանագրով մայրաքաղաքի քաղաքապետ նշանակվեց Ալբերտ Բազեյանը: Մինչ այդ նա ԱԺ փոխնախագահն էր: Բազեյանը քաղաքապետի պաշտոնում աշխատել է մինչև 2001-ի հունվարի 10-ը։ Նա հրաժարական տվեց պաշտոնից, երբ Ռոբերտ Քոչարյանը նրան հակադարձեց, թե Երևանի քաղաքապետարանը՝ «փողի վրա նստած՝ փողի պակասից է բողոքում»։

Բազեյանին փոխարինեց Ռոբերտ Նազարյանը՝ 2001-2003-ին: Մինչ այդ՝ 1997-2000-ը,  նա էներգետիկայի նախարարի տեղակալն էր, 2000-ի փետրվարից-մայիսը՝  տրանսպորտի և կապի նախարարը: 

«Քաղաքապետ աշխատելը շատ բարդ է, այն ժամանակ էլ շատ բարդ էր, չկար բյուջե, ունեինք մեծ պարտքեր, մանկավարժները մոտ ութ ամիս աշխատավարձ չէին ստացել, ես որ նշանակվեցի քաղաքապետ, անգամ շենքի հոսանքն էին պարտքի պատճառով անջատել»,- իր պաշտոնավարության ընթացքի մասին ասում է Ռոբերտ Նազարյանը: 

Ռոբերտ Նազարյանի դեմ 2020-ին մեղադրանք է առաջադրվել՝ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար. նա առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011-ի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով: 

Իսկ մինչ այդ, 2002-ի մայիսի 7-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքը: Այն բնութագրում է համայնքը՝ որպես տեղական ինքնակառավարում իրականացնող մարմին: Ըստ այդմ՝ համայնքն իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այն ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք: 

Երևանի քաղաքապետարանն ապահովում է Երևանի քաղաքապետի կողմից կառավարության տարածքային քաղաքականության իրականացումը Երևան քաղաքի տարածքում: 

2003-ի հուլիսի 2-ից 2009-ի մարտ, նախագահի հրամանագրով, Երևանի  քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր Երվանդ Զախարյանը: Նրա աշխատանքային գործունեությունը մինչ այդ բավական տպավորիչ էր՝ տրանսպորտի և կապի նախարար, Պետական եկամուտների նախարար, կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ, այնուհետև արդեն Երևանի քաղաքապետ: 

Նրա պաշտոնավարման ընթացքում էր իրականցվում «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագիրը, երբ կասկածի տակ դրվեց Երևանի փոքր կենտրոնի 3000-ից ավելի քաղաքացիների սեփականության իրավունքը։ Ոմանք ստացան չնչին փոխհատուցում:

Քաղաքապետ Զախարյանի գործունեության մասին առավել հանգամանորեն խոսում է Հատուկ քննչական ծառայությունը. «2008-ին Երևանի՝ այժմ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10  հազար քառակուսի մետր հողատարածքը: Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել»։ 2023-ին ևս քրեական նոր գործ է հարուցվել Զախարյանի դեմ․ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է շուկայական արժեքից մոտ 4.4. միլիարդ դրամով պակաս:  

2008-ի դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովն ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը՝ սահմանելով Երևանի տեղական ինքնակառավարումը, տարածքային կառավարումը, տեղական ինքնակառավարման  մարմինները, ավագանին, քաղաքապետը, բյուջեն, զարգացման ծրագրերը,   վարչական շրջանները, դրանց ղեկավարները, վարչական հսկողությունը և այլն: 

Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը։ 

Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում՝ Արգիշտիի փողոց 1 հասցեում։ Ավագանու որոշմամբ՝ ավագանին իր գործունեությունը, ներառյալ նիստերի անցկացումը, կարող է կազմակերպել այլ վայրում։ Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է տարածքային կառավարման նախարարությունը։ Կառավարության որոշմամբ՝ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։ Այս օրենքի համաձայն՝ ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ։ Նա Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է ի շահ Երևանի և նրա անունից։ Սահմանված են ավագանու լիազորությունները, կազմը, ընտրության կարգը և այլն: Երրորդ գլուխը նվիրված է քաղաքապետի գործունեությանը, իսկ չորրորդը՝ Երևանի բյուջեին և զարգացման ծրագրերին։

Կառավարությունը 2009-ի փետրվարի 19-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ մայիսի 31-ը նշանակվեց Երևանի ավագանու ընտրության օր: Ընտրություններին մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժողովրդական կուսակցություն», Հայ ազգային կոնգրես» դաշինքը, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը», «Հայաստանի աշխատավորական-սոցիալիստական», «Հաաստանի Հանրապետական»  և «Օրինաց երկիր» կուսակցությունները։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների՝ անցողիկ նվազագույն շեմը հաղթահարեց ՀՀԿ-ն՝ 47,93 տոկոս՝ 35 մանդատ, ԲՀԿ-ն՝ 22,71 տոկոս՝ 17 մանդատ, ՀԱԿ-ը՝ 17,41 տոկոս՝ 13 մանդատ։ Այսպիսով՝ ՀՀԿ-ից ամենաշատ մանդատներ ստացած 65 ավագանու անդամները 2009-ի հունիսի 8-ին՝ ավագանու գումարած առաջին նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ ընտրեցին ՀՀԿ ցուցակի առաջին համարին՝ Գագիկ Բեգլարյանին:

2009-ի հունիսի 11-ին հանդիսավոր պայմաններում Երևանի քաղաքապետարանում առաջին անգամ տեղի ունեցավ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունը:

Ստացվում է այնպես, որ Երևանի քաղաքապետների գործունեության մասին հիմնական հղումները հարուցված քրեական գործերից են: Այդպես է նաև Գագիկ Բեգլարյանի դեպքում: Նա, դեռևս 2020-ից, մեղադրվում է 230 միլիոն դրամ արժեցող մանկապարտեզի շենքը յուրացնելու համար: Սրան ավելացել են ևս 27 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման հոդվածները: Այս ամենին նոր մեղադրանք էլ է ավելացել՝ նա ապօրինի տիրացել է երկու տասնյակից ավելի գույքի, որը հափշտակել է նախ՝ Կենտրոն համայնքի թաղապետ, ապա Երևանի քաղաքապետ եղած տարիներին (նույն տեղում-խմբ.): 

Բեգլարյանը պաշտոնավարեց մինչև 2010-ի դեկտեմբերի 8-ը, մինչև իր իսկ հրաժարականի դիմումը: Իսկ հրաժարականն էլ պայմանավորված էր նրանով, որ քաղաքապետը ծեծել էր նախագահ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակցին՝ աշխարհարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգի ժամանակ: 

Բեգլարյանից հետո, 2010-ի դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքի ավագանին Երևանի քաղաքապետ ընտրեց «Հայռուսգազարդի»-ի (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») տնօրեն Կարեն Կարապետյանին: «Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- իր երդման արարողության ժամանակ խոստացավ Կարապետյանը: 

Պաշտոնավարության մեկ տարին չլրացած, սակայն, նա հրաժարական տվեց՝ այլ աշխատանքի անցնելու և նաև անձնական պատճառներով: 

Կարապետյանի հրաժարականից հետո, 2011-ի նոյեմբերի 15-ին, Երևանի ավագանու քվեարկությամբ միաձայն Երևանի 54-րդ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված ավագանու անդամ, փոխքաղաքապետ, 2005-2009-ին Ավան համայնքը ղեկավարած Տարոն Մարգարյանը: Նա 2000-2007-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է։ 

Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի ունեցան 2013-ի մայիսի 5-ին: Մասնակցեց քաղաքական 7 ուժ՝ «Առաքելություն», ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը: Հաղթեց իշխող ՀՀԿ-ն՝ ստանալով 255․513 ձայն՝ 42 մանդատ: ԲՀԿ-ն ստացավ 17 մանդատ, երրորդը «Բարև, Երևան» դաշինքն էր՝ 6 մանդատ։ Տարոն Մարգարյանը վերընտրվեց Երևանի քաղաքապետ։

2017-ի մայիսի 14-ին կայացան Երևանի ավագանու նոր հերթական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցեց քաղաքական երեք ուժ՝ ՀՀԿ-ն,  «Ելք» կուսակցությունների դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը։
ՀՀԿ-ն ստացավ 240․036 ձայն՝ քվեարկությանը մասնակցած ձայների 71,25 տոկոսը, 46 մանդատ, «Ելք»-ը՝ 70․731 քվե՝ ձայների 21 տոկոսը, 14 մանդատ, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 26․109 քվե՝ ձայների 7,75 տոկոսը, 5 մանդատ: Տարոն Մարգարյանը երրորդ անգամ վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում։ 

2018-ին համաժողովրդական բողոքի ու նախկին համակարգը մերժող ալիքը հասավ նաև քաղաքապետարան. 2018-ի հուլիսի 9-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը  դիմեց համաքաղաքացիներին՝ հայտարարելով զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին: 

2018-ի հուլիս 12-ին հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Կամո Արեյանը Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացրեց քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը՝ 2018-ի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշման նախագիծը: Սակայն այդ օրն ավագանու արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով. ավագանու 65 անդամներից ներկա էին միայն 5-ը:

Ըստ գործող կանոնակարգի՝ նման դեպքերում նախատեսվում է ավագանու կազմի լուծարում և նոր ընտրությունների նշանակում: Երևան քաղաքի ավագանու և նոր քաղաքապետների արտահերթ ընտրությունը գործող կանոնակարգով նախատեսվեց անցկացնել 2018-ի սեպտեմբերի 23-ը: Ընտրություններին մասնակցեց 12 քաղաքական ուժ՝ 4 կուսակցությունների դաշինք և 8 կուսակցություն:  

Երևանի ավագանու կազմում ընդգրկվեցին «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները, ԲՀԿ-ն։ Համաձայն «Երևան քաղաքում ՏԻՄ մասին» օրենքի 44-րդ հոդվածի՝ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը համարվում էր իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ: Այսպիսով, Երևանի 55-րդ քաղաքապետը դարձավ ռեժիսոր և դերասան Հայկ Մարությանը: 

Սակայն 3 տարի անց Հայկ Մարությանի և քաղաքական վերնախավի, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները սրվեցին. Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում հոդված հրապարակվեց՝ Հայկ Մարությանին մեղադրելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր ունենալու մեջ: 

2021-ի դեկտեմբերին Երևանի ավագանին անվստահություն ներկայացրեց Մարությանին: Դեկտեմբերի 22–ին նա հրաժարական տվեց: 

2021-ին Երևանի ավագանին քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որը մինչ այդ փոխքաղաքապետն էր: 2022-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց 2023-ին կայանալիք ավագանու ընտրություններին Տիգրան Ավինյանին առաջադրելու մտադրության մասին: 

Հրաչյա Սարգսյանն էլ հայտնեց, թե դեմ չէ Ավինյանին փոխքաղաքապետ նշանակել, եթե վերջինս համաձայնի: 

Արդեն 2023-ի մարտի 17-ին քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Հրաչյա Սարգսյանը՝ հիմնավորմամբ. «Հիմա, երբ ավագանու ընտրությունները մոտ են, ու կառավարության ու քաղաքապետարանի համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ»: Արդեն օգոստոսի 3-ին նա նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։  

2023-ի սեպտեմբերի 17-ին Երևանն ընտրեց իր նոր քաղաքապետին: 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք՝  «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները)։

2023-ի հոկտեմբերի 10-ին 32 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նրա թեկնածությունը, բացի սեփական կուսակցությունից, որն ունի 24 մանդատ 65-ից, պաշտպանել է «Հանրապետություն» կուսակցությունն իր ութ անդամներով։ Երկուսն էլ մեծամասնություն չեն կազմում, սակայն հակասական բլոգեր Վարդան Ղուկասյանի (մականունը՝ Դոգ) գլխավորած «Հանրային ձայն» կուսակցության հինգ անդամները, թեև դեմ են քվեարկել Ավինյանին՝ այսպիսով ապահովել են քվորում ու հնարավոր են դարձրել ընտրությունների անցկացումը։ Նիստը բոյկոտել են ընդդիմադիր Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։

Անկախությունից ի վեր շատ ծանր օրեր է ունեցել Երևանը. 1999-ի հոկտեմբերի 27-ը, երբ խորհրդարանում գնդակահարվեց իշխանական վերնախավը, 2008-ի մարտի 1-ը, երբ նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ցուցարարներին ցրելիս քաղաքի փողոցներում սպանվեց տասը քաղաքացի: Բայց մայրաքաղաքը չի կոտրվում. Երևանը կենդանի, զգայուն քաղաք է, որտեղ մարդիկ արձագանքում են անարդարություններին ու սիրում միմյանց։

Համար 32

Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, որտեղ այսօր ապրում է բնակչության մեկ երրորդը, դարեր շարունակ վկայել է ահռելի սոցիալական, քաղաքական և տնտեսական փոփոխություններ: Այն համարվում է ազգի զարկերակը, որտեղ ձևակերպվում են երկրի ապագայի վերաբերյալ վճռական որոշումներ, որտեղ խոստումներ են տրվում և երբեմն դրժվում, քաղաք, որը հյուրընկալել է ներգաղթյալների, էմիգրանտների և զբոսաշրջիկների, որտեղ սրընթաց զարգացումները սպառնում են իր բնակիչների հետ հարաբերություններին, երբ համայնքային ընտրություններն ավելի շատ վերաբերում են ազգային խնդիրներին, այլ ոչ թե քաղաքի կարիքներին ու պահանջներին: «Քաղաքը» վերնագրով ամսագրի այս ամսվա համարը պարունակում է հոդվածներ, որոնք թափանցում են համայնքային ընտրությունների նրբությունների մեջ, ներկայացնում ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին, անդրադառնում քաղաքային իշխանությանն առնչվող հին ու նոր պատմություններին։

Yerevan, From Empire to “Union”

Երևանը՝ կայսրությունից «միություն»

Երևանի ավագանու ընտրություններից առաջ Լիլիթ Ավագյանն անդրադառնում է, թե ի՞նչ քաղաք էր Երևանը, ինչպես է սկսվել կառավարման պատմությունն ու ի՞նչ շրջափուլեր է ունեցել Ռուսական կայսրության, Առաջին Հանրապետության ու Խորհրդային Միության տարիներին։

Read more

Տեսեք նաեւ

Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ

Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը, թեև տարիներ առաջ սեփականաշնորհվել է, սակայն պարապուրդի է մատնված, ինչպես Երևանի կենտրոնի մի շարք պատմական և մշակութային արժեք ունեցող այլ շենքեր։ Ո՞ր շենքերը կարող են սեփականաշնորհվել, ի՞նչ պարտավորություններ ունեն դրանց տերերն ու ի՞նչ վերահսկողություն ունի պետությունը, այս և այլ հարցերը քննող հոդվածաշարի մեկնարկային անդրադարձը։

Read more
Why Is the City Making Noise?

Ինչո՞ւ է աղմկում քաղաքը

Ապրել Երևանում, սովորաբար, նշանակում է ապրել անընդհատ աղմուկի հետ՝ մեքենաների, սրճարանների և փաբերի, ժամանցի վայրերի, հրավառությունների աղմուկներ, որոնք ազդում են բնակիչների առողջության և բարեկեցության վրա: Ի՞նչ կարելի է կամ պետք է անել:

Read more
Remember “Yerevan”

Հիշել «Երևանը»

Երևանն ուներ իր սեփական վեպը, այն ուղղակի մոռացվել էր, հեռացվել էր մեր հիշողությունից։ Ժամանակակից արձակը լուսավորեց մոռացության խավարը և օգնեց մեզ հիշել «Երևանը», գրում է Տիգրան Ամիրյանը։

Read more
“Return the Tramway to Yerevan:” About Aram Pachyan’s Novel “P/F”

«Վերադարձրե՛ք տրամվայը Երևանին».Արամ Պաչյանի «P/F» վեպի մասին

Լույս է տեսել Արամ Պաչյանի նոր վեպը։ Տեղ-տեղ խիստ մինիմալիստական, տեղ-տեղ հանգավոր ելևէջներով օրագրային կարճլիկ նոթեր հիշեցնող հարյուրհիսուն էջ, որոնց՝ հեղինակի կողմից սահմանված ժանրային պատկանելիությունն այլևս կասկածի տեղիք չի տալիս։Առաջին իսկ էջից ազդարարվում է․ պատմությունը դեռ շարադրանքը չսկսած ավարտվել է, իսկ բուն պատումը հիշողության մասին է։

Read more