Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Փարիզի քաղաքային տարածության ընկալումը հազիվ թե փոխվի, եթե մի տուն ավելանա կամ պակասի ջենտրիֆիկացիայի, նոր ճարտարապետական ազդեցությունների կամ դժբախտ պատահարների հետևանքով։ Քաղաքը փոխվում է՝ ժամանակակից կյանքի ռիթմին, մշակութային, քաղաքական և տնտեսական հանրային նոր պահանջներին զուգընթաց։ Փարիզը փոխվում է, ինչպես բոլոր ժամանակակից քաղաքները՝ մեծ ու փոքր, սակայն դժվար է պատկերացնել այս քաղաքի կերպարն առանց Հյուգոյի կամ Բալզակի վիպական գրվածքի: Քաղաքը, ինչպես բնորոշում է Ռոլան Բարտը, գրի տարածությունն է, քաղաքի կյանքը դրա ընթերցանությունն է։ Քաղաքների մասին որոշ տեքստեր այնպես են փոխարինել փողոցների և տների ֆիզիկական խտությանը, որ քաղաքային տարածությունը կարդալու ցանկացած փորձ անհնար է թվում առանց հղումներ անելու, առանց քաղաքի մասին գոյություն ունեցող կարծր ստեղծագործությունների ոսպնյակով նայելու: Կարիք չկա անգամ անդրադառնալու ճանապարհորդական գրական ուղեցույցներին, որոնք վերջին տասնամյակների ընթացքում դարձել են ցանկացած քաղաքի պատմական, տարածական և մշակութային իրականությունները միաժամանակ լուսաբանելու միջոց, ակնհայտ է, որ համաշխարհային գրականության նոր ուղղություն է ձևավորվում, որը պայմանականորեն կարելի է անվանել ուրբան գրականություն։ Իսկ գրական խոսքի կենտրոն դարձած քաղաքների շարքում ոչ միայն հայտնի քաղաքներն են, ինչպիսիք են Վենետիկն ու Լոնդոնը, որոնք նոր այցեքարտեր են ստացել պոստմոդեռնիստ Փիթեր Աքրոյդի գրչի շնորհիվ, կամ Լիսաբոնը՝ Պեսսոայի գրքից հետո, բայց և աշխարհի բացարձակ անսպասելի կետեր՝ Նեապոլից (Էլենա Ֆեռանտե) Բարսելոնա (Կարլոս Լուիզ Զաֆոնա), Սանտա Թերեզայից (Ռոբերտո Բոլանիո) մինչև Էքս ան Պրովանս (Փիթեր Մեյլ)։ Նոր քաղաքային գրականությունը զարգանում է ամենաանսովոր ձևերով՝ հասնելով քաղաքային միկրոտիեզերքի ամենատարբեր շերտերին:
Հայ գրականությունը, ինչպես նաև ոչ գեղարվեստական գրական խոսքը, անցած հարյուրամյակի ընթացքում կերտեցին Երևանի «արևոտ քաղաքի» կերպարը, որը մեր մայրաքաղաքն ընթերցելու համար դարձավ իրականությանը փոխարինող ոսպնյակ։ Արևոտ Երևանը, արևոտ Թբիլիսիի, արևոտ Ալմա-Աթայի և այլ քաղաքների շարքում, կարծես տարածության գաղութային ընթերցման ինքնատիպ կոդ էր, որտեղ հյուսիսային սառը մայրաքաղաքների համար հարավային քաղաքները դատապարտված էին լինել ոչ այլ ինչ, քան արևոտ դրախտ։ Ընդհանուր առմամբ, 20-րդ դարի գրականությունում փառաբանվող Երևանը խորհրդային նախագիծ է՝ Թամանյանի գաղափարը, որի շուրջ կառուցվել են բազմաթիվ գրական ակնարկներ և հակադարձումներ։ Խորհրդային Երևանի առասպելականացումը դեռևս շարունակվում է տարբեր հեղինակների կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ հայ գրականությունը վաղուց անջատված է սովետական և երբեմն նույնիսկ հետսովետական գրից։ Որոշ ստեղծագործողներ քաղաքն իրենց ապրումների ու հիշողությունների ոսպնյակով են տեսնում՝ նոստալգիա ապրելով արևոտ Երևանի մասին իրենց ինքնակենսագրական էտյուդներում։
Ի հակադրումն դրա, նոր գրականությունը քաղաքը դարձնում է վերընթերցման առարկա՝ փորձելով նորովի տեսնել թե՛ գրական արխիվը, թե՛ մեր իրականությունը` փոխելով ոսպնյակներ և դիրք//որոշում//ներ։ Քաղաքային գրական անցյալի վերընթերցման բոլորովին նոր ուղիներից է ժամանակակից գրող Արամ Պաչյանի արձակը։ Հետաքրքիր է, որ քաղաքային հետազոտողները և մարդաբանները, հուսահատված անվերջանալի ջենտրիֆիկացիայից, նույնպես սևեռել են հայացքը՝ փորձելով ամրագրել, հասկանալ, վերլուծել ժամ առ ժամ մեզնից հեռացող քաղաքը (մարդաբանական բազմագիտակարգային նախագծեր Ֆիրդուսի, Կոնդի և այլ տարածությունների մասին): Պաչյանին հաջողվել է իր արձակով միաժամանակ փոխանցել ժամանակակից հայ գրականությանն առնչվող մի քանի ուղղություններ։ Մի կողմից, Պաչյանի գիրը յուրատեսակ քաղաքային մարդաբանություն է, որը «P/F» վեպի էջերում ամբարում է իրադարձությունների, իրերի, լեգենդների, քաղաքային շշուկների ու ասեկոսեների բեկորներ, կարծես փոքր արձակում ձևավորելով առօրյայի մշակույթի մեծ հանրագիտարան: Մյուս կողմից, Պաչյանը ստեղծում է հիշողության գիր, որի օգնությամբ խուսափում է խորհրդային քաղաքի «նոստալգիայից», ինչպես անում են մեծանուն ծնողների մեծանուն երեխաները, բայց աշխատում է այնպիսի բարդ երևույթի հետ, ինչպիսին է տեղի հիշողությունը. տեղի, որը ձևավորում է սովորական մարդկանց ինքնությունը։ Ժամանակակից հայ գրականությունն ակնհայտորեն մի քանի կարևոր շրջադարձեր է կատարել, ինչպիսիք են մարդաբանական, գրական ապագաղութացման, ֆեմինիստական և այլ շրջադարձերը: Գրական խոսույթի հենց այս բեկումնային փոփոխությունների պարունակում է պետք դիտարկել արձակագիր Պաչյանի հիշողության գիրը։
Պաչյանի քաղաքն ընթերցողին տրվում է հիշողության տարբեր տեսանկյուններից՝ ասես ապակենտրոնացնելով տարածության մասին խոսույթը։ Այն ձևավորվում է անձնական հիշողություններից, արխիվային փաստաթղթերից և այլն, բայց ամենահետաքրքիրն այն է, որ անցյալի մասին այս պատումներին ավելանում է նաև մշակութային հիշողությունը։ Պաչյանը մեզ ցույց է տալիս քաղաքն այլ գրողի աչքերով, բառացիորեն ստիպում է մեզ կարդալ Երևանի մասին «ուրիշ» գիր։ Այստեղ դժվար է չնկատել Արամ Պաչյանի մեկ այլ դերը ժամանակակից մշակութային տարածությունում։ Նա ասես նոր արխիվարիուս, գնում է գրադարանների ամենահեռավոր նկուղները՝ վերակենդանացնելու վաղուց մոռացված կամ քիչ հայտնի գրողների անունները, որոնց ժամանակակից մշակույթը մեզնից կտրել է որպես «անցյալ», «սովետական անցյալ» և այլն: Պաչյանի շնորհիվ գրական ասպարեզ վերադարձած անուններից մեկն էլ Մկրտիչ Արմենն է, իր «Երևանը», «Զուբեյիդան» ու մյուս արձակ ստեղծագործությունները, որոնք փաստագրում էին այն, ինչը մնաց թամանյանական նախագիծը փառաբանող գրականության լուսանցքից դուրս։ Արմենի արձակը, խորհրդային քաղաքի կառուցմանը զուգահեռ, ցույց է տալիս հին ծուռ փողոցներով հյուսված Երևանը, լսելի դարձնում գետի խշշոցը, որը խորհրդային և հետխորհրդային իշխանությունները դուրս են մղում սովորական մարդկանց կողմից մարմնավորված քաղաքային լանդշաֆտներից։ Հենց այս քաղաքն է ընտրել Մկրտիչ Արմենը, որպես քաղաքային գրի ընթերցման առարկա, հենց այս Երևանն է դառնում մշակութային հիշողության կարևորագույն մասնիկներից մեկը, որը Պաչյանը վերադարձնում է ժամանակակից ընթերցողին իր արձակի էջերում։
Քաղաքն ու քաղաքային տարածությունը մշտապես առկա են ինչպես ժամանակակից պոեզիայում, այնպես էլ արձակում (Երևանի մասին գրում են Արմեն Շեկոյանը, Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Հովհաննես Թեքգյոզյանը և այլք), Երևանը նաև տեղ ու շարժիչ է հիբրիդային ստեղծագործությունների և գրաֆիկական պատմությունների՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքից» մինչև Արմեն Հայաստանցու և Հարություն Թումաղյանի (Հար Թում) «Հայաստան»։ Սակայն դժվար է ասել, որ ժամանակակից հայ գրականությունը ստեղծել է քաղաքի մասին ամուր պատմույթ, ինչը կդառնա նոր յուրատեսակ կոդ՝ Երևանը կամ հայկական մյուս քաղաքները կարդալու բանալի։ Կարծում եմ, որ ժամանակակից գրականության համար Երևանի ընթերցման որոշակի կոդի ստեղծումը սկզբունքային չէ, բացառություն են զանգվածային գրականությունը և հուշագրությունը, որոնք շարունակում են ինքնավերարտադրվել՝ չնկատելով ո՛չ ժամանակի, և ոչ էլ նույնիսկ քաղաքային միջավայրի արմատական փոփոխությունները։ Ժամանակակից արձակի համար առավել հետաքրքիր է քաղաքի կերպարի ընթերցման կարծրացած կոդից հրաժարվելու գործընթացը։ Քաղաքային տեքստի այս դեկոնստրուկցիան լավագույնս իրագործեց Պաչյանը՝ պահպանելով որոշակի զգուշավորություն և զգայունություն՝ անդրադառնալով տարածությանը ոչ ուղակիորեն, այլ միջնորդելով սեփական հայացքը քաղաքի մասին «ուրիշ գրով»։ Ժամանակակից գրականությունը Երևանի մասին վեպ չի ստեղծել, ինչպես ժամանակին բավական մանրակրկիտ ձևով Բակունցը գրեց Գորիսի մասին։ Ժամանակակից գրականությունը, հանդես գալով որպես հետազոտող/բացահայտող, շրջադարձ կատարեց դեպի գրական անցյալը, դեպի մեր հիշողությունը և մեզ միայն ցույց տվեց Երևանի մասին երբեմնի գրված վեպը։ Երևանն ուներ իր սեփական վեպը, այն ուղղակի մոռացվել էր, հեռացվել էր մեր հիշողությունից։ Ժամանակակից արձակը լուսավորեց մոռացության խավարը և օգնեց մեզ հիշել «Երևանը»։
ԵՎ այլն
Կետաձկան ծիծաղը
Գյումրեցի արձակագրի ստեղծագործությունն իր ուրույն բնույթով վերադասավորում է բիբլիական հռչակավոր ասքերից մեկը՝ Հովնան մարգարեի և կետաձկան պատմությունը: Վեպում ամուսնական ճգնաժամը վերածվում է զավեշտալի ու դրամատիկ ռոբինզոնադայի, մեկնաբանում է Արամ Պաչյանը։
Read moreԼույսը շարունակվում է
Այս ակնարկում Արամ Պաչյանը քննում է Ռուբեն Ֆիլյանի՝ ուշ խորհրդահայ արձակում, կատարելապես նոր ու արտասավոր փիլիսոփայական մտահորիզոններ բացելու հանդուգն փորձը։
Read moreՃարտարապետության ժամանակը կրկին
Ճարտարապետության հիմնահարցերին, ընկալումներին ու խնդիրներին է անդրադառնում Միսակ Խոստիկյանը։
Read moreՃարտարապետության ժամանակը կրկին. մաս 2
Ճարտարապետության սուբյեկտը հենց գործն է, ոչ թե այդ գործի փաստացի հեղինակը կամ պատվիրատուն, սպառողը կամ ուրիշ ատյանները, մեկնաբանում է Միսակ Խոստիկյանը։
Read more