Երևանը՝ կայսրությունից «միություն»

Մաս 1

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։

Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանի «պաշտոնական» սկիզբն ընդունված է համարել մեր թվարկությունից առաջ 782 թվականը [1]։ Ու թեև խարխլված շինությունների, հատված անտառների, այգիների փոխարեն առանձնատների ու բարձրահարկերի շինարարության փոշու միջից այնքան էլ տեսանելի չէ հազարամյա ընթացքը, բայց պատմիչները փաստում են՝ Երևանը հայտնի է եղել իր այգիներով [2], քաղաքի պահպանման պայքարներով ու քաղաքային իշխանության համակարգով:

12-13-րդ դարերի Երևանը, ըստ պատմիչների, ուներ 15-20.000 բնակչություն: Այդ շրջանում Երևանի պայմանական քաղաքապետի «պաշտոնում» ժամանակի մեծահարուստ հողատերերն էին: Այսպես, երբ Հայաստանը մոնղոլական տիրապետության տակ էր, 1264-ին, քաղաքն ամբողջությամբ՝ որպես սեփական կալվածք, գնել ու Երևանն իր կալվածքն էր դարձրել քաղաքի ամենահարուստը՝ Ավետենց Սահմադինը [3]: 13-րդ դարի վերջին 14-րդի սկզբին, որպես Երևանի տեր, հիշատակվում է Հուսիկ անունով մեկը [4]:

Հայաստանի ուղղությամբ բոլոր արշավանքներից տուժել է Երևանը: Այդ թվում և՝  Լենկթեմուրի արշավանքից, երբ 1387-ին ավերվեց նաև այս քաղաքը, զոհվեց Երևանի 500 բնակիչ [5]:  

Լենկթեմուրի մահից հետո (1405) կարա-կոյունլու և ակ-կոյունլու ցեղերն իրենց իշխանությունը հաստատեցին Փոքր Ասիայում և Հայաստանում. Հյուսիսարևելյան Հայաստանի վարչական կենտրոն դարձավ Երևանը: 

16-րդ դարում Հայաստանին տիրելու պայքար սկսվեց Իրանի ու Թուրքիայի միջև: Պատմության դասագրքերը հանգամանորեն նկարագրում են, թե ինչպես էր Հայաստանն անցնում մե՛կ պարսկական, մե՛կ թուրքական տիրապետության տակ, ինչպես է ավերվում Երևանը, ինչպես են Երևանից ու շրջակա բնակավայրերից գերեվարվում տասնյակ հազարավոր մարդիկ [6]:

1555-ին ստորագրված թուրք-պարսկական հաշտության պայմանագրով՝ Հայաստանը բաժանվում է Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև: Երևանը մնում է Պարսկաստանի կազմում, սակայն Թուրքիան պարբերաբար շարունակում է Երևանը վերագրավելու փորձերը:  

Արդեն 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Էրիվանյան (Երևանյան) խանությունը Պարսկաստանից անցնում է Ռուսաստանին: 1828-ին, Թուրքմենչայի պայմանագրով՝ Ռուսաստանի կազմում ստեղծվում է Հայաստանի մարզը՝ գոյություն ունենալով 1828-1840-ը, իսկ 1849-ին ստեղծվում է Երևանի նահանգը, որի կենտրոնը 1850-ի հունվարի 1-ից դառնում է Երևանը։

Ռուսական կայսրության կազմում, 50 տարվա ընթացքում (1829-1879) Երևանի բնակչությունն ավելացել էր ընդամենը 986 մարդով՝ 11.463-ից դարձել էր 12.449: Ժողովրդագրական այս ցածր աճի պատճառ էին ոչ միայն քաղաքական, կենցաղային բարդ պայմանները, այլև բնական աղետները. երկու անգամ Գետառն է հեղեղել քաղաքը՝ 1860 և 1873-ին, եղել են 8 ուժեղ երկրաշարժեր, խոլերայի, ժանտախտի համաճարակներ [7]: Սակայն հենց այս ժամանակահատվածում՝ 1856-ին է հաստատվել Երևանի առաջին հատակագիծը, իսկ արդեն 1863-ին բացվել է հիմնական փողոցներից մեկը՝ կոչվելով նահանգապետ Աստաֆևի անունով (այժմ՝ Աբովյան փողոց): Այդ ժամանակից էլ փողոցները սկսեցին պաշտոնապես անվանակոչվել: Մինչև 19-րդ դարի վերջը քաղաքի կենտրոնում արդեն կային Նազարյան փողոցը (այժմ՝ Ամիրյան), Բեհբության (այժմ՝ Փավստոս Բուզանդի), Ցարական (այժմ՝ Արամի), Թարխանյան (այժմ՝ Պուշկինի), Նահանգային (այժմ՝ Հանրապետության), Տեր-Ղուկասյան (այժմ՝ Նալբանդյան), Արմյանսկայա (այժմ՝ Մաշտոցի պողոտա): 

Այս ժամանակաշրջանն անկյունաքարային է եղել նաև քաղաքային իշխանության համակարգի հաստատման համար, երբ ստեղծվեցին քաղաքային դուման, վարչությունն ու ինքնավար մարմինները: 1870-ի հունիսի 16-ին Ալեքսանդր 2-րդը հաստատում է քաղաքային բարեփոխությունների կանոնադրությունը, որը ներքին ինքնավարություն էր տալիս քաղաքներին: Սկսվում է քաղաքային ընտրական ժողովների, քաղաքային դումայի և վարչության ընտրությունների նախապատրաստությունը։ Ընտրական ժողովները գումարվելու էին 4 տարին մեկ՝ Քաղաքային դումա ընտրելու նպատակով։ Դրանց մասնակցելու իրավունք ունեին 25 տարեկանից բարձր ռուսահպատակ այն քաղաքացիները, որոնք ունեին գույք և հարկ էին տալիս քաղաքին։ Քաղաքային դուման օրենսդիր մարմին էր, նրա «ձայնավորներ» կոչվող անդամների թիվը, առավելագույնը, 72 էր: 

Քաղաքային դուման էլ իր հերթին փակ քվեարկությամբ ընտրում էր քաղաքային վարչություն։ Վերջինս գործադիր մարմին էր՝ կազմված նախագահից, երկու անդամներից և քարտուղարից։ Վարչության նախագահը քաղաքագլուխն էր: Նրա ընտրությունը հաստատվում էր Երևանի նահանգապետի կողմից։

Քաղաքային առաջին ընտրությունները տեղի ունեցան 1879-ի աշնանը։ Հոկտեմբերի 1-ին բացվեց առաջին դուման՝ 66 ձայնավորներով։ Քաղաքագլուխ ընտրվեց թեմական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Ղորղանյանը (ի դեպ, Խաչատուր Աբովյանի աշակերտներից էր-Լ.Ա.)։ 

Կառավարման այս համակարգը, մասնակի փոփոխություններով, գործեց մինչև 1918-ը, որի ընթացքում Երևանն ունեցավ 10 քաղաքապետ.

  1. Հովհաննես Ղորղանյան, 1879-1884,
    2. Բարսեղ Գեղամյան, 1884-1893,
    3. Լևոն Տիգրանյանց, 1894-1895,
    4. Արամ Բունիաթյան, 1895- 1896,
    5. Վահան Տեր-Սարգսյան, 1896-1898,
    6. Իսահակ Մելիք-Աղամալյան, 1898-1904,
    7. Հովհաննես Մելիք-Աղամալյան, 1904-1910 և 1912-1914,
    8. Հովսեփ Տիգրանով, 1911-1912,
    9. Սումբատ Խաչատուրյանց, 1915-1917,
    10. Թադևոս Թոշյան, 1917-1918: 

Ի՞նչ խնդիրներ էր լուծում քաղաքային խորհուրդը. Երևանի պատմության ու բարքերի մասին լավագույնս ներկայացված է ժամանակի մամուլում, իսկ քաղաքի պարբերական մամուլի «առաջնեկները» «Պսակ»-ն [8] ու «Առողջապահական թերթ»-ն էին [9]:  

«Հարց էր բարձրացել քաղաքի փողոցներում եղող աղտեղութիւնները մաքրելու համար: Հարցը առողջապահական էր: Այդ նիստում իրաւասուները որոշել էին, որ քաղաքային վարչութիւնը կազմէր մի ցուցակ, որով մօտաւորապես կարելի էր իմանալ, թէ որքան փող կը հարկաւորի փողոցների այդ ապականութիւնը քաղաքից դուրս տանելու համար:…Երկրորդ հարցը նորա համար էր, թէ հարկաւոր է արդեոք քաղաքային հողերի վերայ իջևանող քարավաններից վարձ ստանալ թե՜ ոչ: Որոշուեացաւ, որ ամէն մեկ ուղտի, ձիու կամ իշի համար, որքան ժամանակ էլ նոցա պահելու լինեին քաղաքում, պահանջել մի-մի կոպէկ: Այս հարցի լուծումը մի միջոց էր քաղաքային գանձարանը հարստացնելու համար»,- գրված է «Պսակ» թերթի, 1880-ի 3-րդ համարում: 

Երևանի քաղաքապետին, քաղաքային վարչությանը լուրջ ջանքեր էին անհրաժեշտ  քաղաքի բնակիչներին ևս քաղաքի կառավարման մասնակից դարձնելու համար. «Առաջ, երբ քաղաքի կառավարութեան իրաւունքը Պոլիցիայի ձեռին էր, քաղաքացիք միշտ անբաւականութիւն էին յայտնում, թէ Պոլիցիէն քաղաքի մասին հոգս չի տանում…Անցեալ տարուայ հոկտեմբեր ամսից սկսած քաղաքի կառավարութեան իրաւունքը տուեցին ժողովրդին: Այդ օրուանից, Երևանցի՜ք, դու՜ք էք Ձէր քաղաքի տերը և կառաւարիչը: …Ձեր գործունէութիւնից կերևի, ընդունա՞կ էք արդեօք ինքնավարութեան թէ ոչ: Մինչև հիմայ երևանցիք սովոր են եղել հրամանով մտածել իրենց մասին: Եթե հրամայել են մաքրել իրենց պարտէզը, արտաքնոցը, փողոցը կամ բազարը, մաքրել են ակամայ, իսկ եթե Պոլիցիէն ձայն չի հանել բոլորն էլ կեղտոտ է մնացել»,- ասված է «Պսակ» թերթի, 1880-ի 22-րդ համարում:

Քաղաքի հակասանիտարական վիճակը համաճարակների պատճառ էր դառնում: Սակայն համաճարակների այլ պատճառներ ևս կային, որոնք արձանագրվել են ժամանակի մամուլում:

Ռուսաստանի կազմի մեջ մտնելը նշանակում էր նաև նոր, հայերի համար մինչ այդ խորթ սովորույթների տարածում: Դրանցից մեկն էլ «պռոշտին» էր՝ ողջունելիս՝ պարտադիր միմյանց շրթունք համբուրելը: Ու տարբեր երկրներից վերադարձող հայ վաճառականները իրենց ապրանքի հետ բերում են «մի զարհուրելի ապրանք» ևս՝ սիֆիլիսը, որով վարակում են թե՛ իրենց կանանց, թե բոլոր նրանց, ում հետ  պարտաճանաչ համբուրվում էին. 

«Ռուսաստանի հայերիս մէջ մի շատ անպիտան, նորամուտ սովորութիւն սկսում է օրեցօր տարածվիլ, որ նէրս է մտնում նաեւ մէր գիւղական ժողովրդի մէջ. այդ է «պռօշտու» սովորութիւնը: Այդ սովորութիւնը գլխաւորապես Ռուսաստանի ռամիկ և միջին դասի սովորութիւնն է, որ մարդիք՝ մեծ տօներին-Զատկին, Նոր տարուն -իրար հանդիպելուս իրար շրթունք անպատճառ պիտի համբուրեն և այն ոչ թէ մէկ, այլ երկու անգամ…»,- արձանագրում էր «Առողջապահական թերթը», 1881-ի թիվ 1 համարում։

Ինչպես այսօր, 19-րդ դարի վերջին էլ, Երևանում փողոցային լուսավորության ու ջրցան մեքենաների խնդիրը կարևոր էր. «Լսում ենք, որ քաղաքագլուխ Գեղամեանցը Տփխիսից նոր լապտերներ և փողոցները ջրելու նոր մեքենաներ է բերել տալիս: Քաղաքիս փողոցները մեծ ժրաջանութեամբ կարգի են բերվում»,- արձանագրում է «Երեւանի յայտարարութիւններ» թերթը, 1885, 17 մարտի: 

1897-ի մարդահամարով՝ Երևանի նահանգում կար 830.000 բնակիչ: Բուն Երևանի բնակչությունը 29.006 էր: Նույն մարդահամարի տվյալներով՝ 1897-ին Թիֆլիսն ուներ 160.000, Բաքուն՝ 112.000 բնակիչ: 

Համաճարակների, անորակ ջրի, առողջապահության անկատար համակարգի պատճառով երեխաների մահացությունը Երևանում բարձր էր: 1886-ին՝ 64,3 տոկոս, 1896-ին՝ 84,7 տոկոս [10]:   

20-րդ դար Երևանը մտավ կարևորագույն կառույցներով: 1902-ի դեկտեմբերից սկսեց գործել Ալեքսանդրապոլ-Երևան, իսկ չորս տարի անց՝ Երևան-Ջուլֆա երկաթգիծը: Նույն թվականին շահագործման հանձնվեց «քաղաքային տրանսպորտը»՝ ձիակառքեր, ձիաքարշ տրամվայներ, որոնց կառուցման համար մասնագետներ էին հրավիրվել Եվրոպայից: Ըստ պայմանագրի՝ ձիաքարշը պետք է գործեր 36-46 տարի [11]: Երևանի քաղաքապետն ու դումայի պատգամավորները վստահ էին, թե առաջիկա 50 տարում ձիուն փոխարինող փոխադրամիջոց դժվար թե հայտնագործվի: 

Հրազդան գետի վրա 1907-ին կառուցվում է «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը և ևս մեկ էլեկտրակայան՝ նախատեսված բավարարելու բացառապես կոնյակի գործարանի պահանջները՝ «Շուստով և որդիներ» ընկերության հիդրոէլեկտրակայանը [12]:

1912-ին Երևանն ուներ 36.836 բնակիչ [13]:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Երևանում ապաստանել էին ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնցից շատերը սովի ու համաճարակի զոհ դարձան: 1917-ին Երևանում 17.595 գաղթական կար [14]:

Սակայն, գաղթականներից, սովից, համաճարակներից հյուծված Երևանն, այնուամենայնիվ, ուժ գտավ 1918-ի մայիսին ջախջախելու Երևանի վրա արշավող թուրքական բանակը: 

1918-ի մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց անկախությունը: Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դարձավ նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։ 1918-ի հուլիսին Հանրապետության առաջին կառավարությունն ու Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսից տեղափոխվում են Երևան, բացվում են հյուպատոսարաններ։  

Առաջին Հանրապետության հաստատումից հետո Երևանը շուրջ երկու ամիս կառավարում էր Ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ։

Մշակվեց և գործողության մեջ դրվեց ինքնակառավարման (զեմստվոների) մասին օրենքը: Մի շարք գավառներում (Երևանի, էջմիածնի, Իջևանի) մտցվեց տեղական ինքնակառավարում: Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունները: Երևանում (գավառներում ևս) կային հաշտարար դատարաններ: Մայրաքաղաքում էին շրջանային դատարանը, դատաստանական պալատը և Սենատը: 1920-ին բացվեց երդվյալ ատենակալների ատյանը: Դատավարությունը և հիմնարկ-ձեռնարկությունների գործավարությունը տարվում էին հայերեն [15]:

Քաղաքի խնդիրները՝ անկախ քաղաքական տագնապեցնող վիճակի, մամուլի էջերում էին. «Մեր քաղաքը (Երևանը-խմբ) փայլում է իր աղբակույտային ցուցահանդեսով: Քամին աղբակույտերը, անշու՜շտ պրոպորցիանալ, բաժանում է քաղաքի վրա… Քաղաքի զանազան մասերում փողոցներում օրերով ընկած են մնում ձիերի, շների և այլ կենդանիների դիակներ: Աստաֆյան փողոցի վրա օրերով ընկած է մնում մի սատկած ձի»,- գրված է «Ժողովուրդ» թերթի 1918-ի օգոստոսի 22-ի թիվ 3 համարում:

Երևանն Առաջին Հանրապետության տարիներին ունեցել է երկու քաղաքապետ՝
1. Թադևոս Թոշյան, 1917-1918,
2. Մկրտիչ Մուսինյանց, 1919-1920: 

Ի դեպ, Մուսինյանցի անվան հետ է կապվում նաև հայկական կոնյակի պահպանման պատմությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նա Շուստովների կոնյակի գործարանի կառավարիչն էր, ռուսական կայսրությունը «չոր օրենք» է սահմանում: Այնուամենայնիվ, Մուսինյանցն ավերածություններից անձամբ է փրկում սպիրտի յուրահատուկ հավաքածուն՝ հնարավորություն ընձեռելով ինչպե՛ս հետագայում վերսկսել արտադրությունը, այնպե՛ս էլ մեծ քանակությամբ արտարժույթ բերել Առաջին Հանրապետությանը։ 

Բարդագույն այդ պայմաններում Երևանում 1919-ին հիմնադրվում է Ազգային գրադարանը: Նույն թվականին որոշում է ընդունվում բացել համալսարան. «Հայրենիքի վտանգման այս երկունքի օրերուն Հայաստանի մայրաքաղաքին մէջ հիմք կը դրուի բարձրագոյն կրթարանին: …Նահատակւած ժողովուրդի ազատութեան և իդեալներու իրականացման հետ կը թւի, որ պիտի վերականգնէ հայ նահատակուած լեզուն և պիտի գերիշխէ նորաբաց բարձրագոյն կրթական հաստատութեան մէջ ոչ թե պաշտոնականութեան կամ ձևականութեան համար, այլ գործնականորեն և հիմնաւոր»,- ասվում է «Երկիր» թերթի 1919-ի թիվ 2 համարում: 

Բացման օրը համալսարանն ուներ 8 դասախոս և 200 ուսանող: Ծրագրվում էր 1920-ի աշնանը Երևանում բացել կոնսերվատորիա, բժշկական, գյուղատնտեսական ինստիտուտներ:  

Հիմնվում է Ազգագրական-մարդաբանական թանգարան, կազմակերպվում է հայ արվեստագետների միության առաջին ցուցադրությունը՝ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, այլ նկարիչների նկարներով: 1919-ին Երևանում գործում էին թատերական վարժարանը, երաժշտական, հայոց լեզվի, մանկավարժական դասընթացները, կրթական այլ հիմնարկություններ [16]: 

Հանրային կրթական և արվեստի նախարարությանը կից՝ ստեղծվեց Հայաստանի հնությանց պահպանության կոմիտեն, որի նպատակն էր հուշարձանների պահպանությունն ու դրանց գիտական ուսումնասիրությունը: Ալեքսանդր Թամանյանը սկսեց մշակել Երևանի հատակագիծը՝ եվրոպական շինարարության և քաղաքների բարեկարգման ժամանակակից պահանջներին համապատասխան: 

Սակայն ներքին խաղաղությունից մայրաքաղաքը դեռ հեռու էր. «Երևանը քաղա՞ք է, թե՞ ռազմաբեմ. այս հարցումը կըրնայ տալ ամեն անհատ, որ առաջին անգամ կմտնե Երևան և գիշեր մը քնանալ կուզէ: Քէֆի մը համար, րոպեի մը հաճոյք ունենալու համար «քաղաքացի» կոչեցեալ կարգ մը արարածներ հրազէն արձակելու խօլական սովորութիւնն ունեն» [17],- գրում էին թերթերը: Ի՞նչ պետք է անի քաղաքացին. դիմի քաղաքի ոստիկանությանը: Սակայն ինչպես այսօր, այնպես էլ Առաջին Հանրապետության ընթացքում, քաղաքացիները դժգոհ էին ոստիկանից ու, մասնավորապես, ոստիկանապետից. «Ինչու՞ չկայ ոստիկանութիւն, չի կայ խելքը գլխին և իր պարտքին լիակատար գիտակցութիւն ունեցող ոստիկանապետ մը» [18]:

Առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 1920-ին. 11-րդ բանակը մտավ Երևան. Հայաստանը դարձավ Խորհրդային կայսրության մաս: Երևանում մեկը մյուսին էին փոխարինում քաղաքային խորհրդի գործկոմի անդամները. միայն 1921-1923-ին Երևանում փոխվեց քաղխորհրդի ութ նախագահ: 

Հայաստանի խորհրդայնացումից հետո Երևանը կառավարում էր ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը, որը ձևավորվում էր ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրությամբ, երկու տարի ժամկետով:

Թամանյանը, որ շարունակում էր աշխատել Երևանի նախագծի վրա, 1923-ին գրում է. «Քաղաքում տիրապետողը զորանոցային թախծի գույնն է: Կարծես կառուցել էին հավերժական սգի համար: Շարք-շարք, ինչպես ցնորվածներ, կանգնած էին կավածեփ, կեղտոտ տներ» [19]: 

«Երբ ծնվում էր այս նոր քաղաքը, ես ներկա էի,- գրել է Մարտիրոս Սարյանը,- Այն ծնվում էր թղթի վրա, իսկ ինչ ստեղծվում է թղթի վրա, ես նրան հավատում եմ, որովհետև նկարիչ եմ: Նստել էի Թամանյանի կողքին, իսկ նա գծում ու ասում էր.
-Մարտիրո՜ս, այստեղ համալսարանական թաղամաս է լինելու, այստեղ՝ հրապարակ …Ո՞վ գիտե, ոճերի ինչպիսի խառնաշփոթություն կստեղծվեր, եթե Թամանյանը չվերակենդանացներ, չվերանորոգեր մեր տոհմիկ ճարտարապետությունը» [20]: 

Խորհրդային ժամանակաշրջանը, սակայն, ուներ իր հեղինակությունները՝ «բանվորական կազմակերպությունները»: Այսպես, 1924-ին Թամանյանը Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ նախատեսում էր կիսաշրջանաձև հրապարակ: Քաղաքային իշխանությունը, սակայն, որոշեց եկեղեցին քանդել ու տեղում կառուցել «Մոսկվա» անունով կինոթատրոն: Զուր էին Թամանյանի հիմնավորումները, թե Պողոս-Պետրոսը 5-6-րդ դարի եզակի կառույց է՝ իր 6-7 շերտանոց որմնանկարներով: Ահա և քաղաքային իշխանության արձագանքը. «Հայտնում ենք, որ Պողոս-Պետրոս եկեղեցին վերացնելու մասին կան բազմաթիվ բանվորական կազմակերպությունների որոշումներ, որոնք հավանություն են ստացել քաղխորհրդի նախագահության կողմից» [21]: Եկեղեցին քանդվեց: 

1920-30-ականներին Երևանում քանդվեցին պատմամշակութային նշանակության այլ շինություններ ևս՝ 1583-ին կառուցված Երևանի բերդը, 1690-ականների Գեթսեմանի մատուռը, Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին՝ կառուցված 1693-1695 -ականներին, 19-րդ դարի Մլեր գերեզմանատունն ու մատուռը, Աբբաս Միրզայի մզկիթը, 1900-ին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սուրբ Նիկոլայ մայր տաճարը՝ կառուցված 1904 -ին: 

30-ականներին կրոնական ու մշակութային արժեք ունեցող կառույցները չէ միայն, որ քանդվում էին: Քանդվում էին մարդկային հարաբերությունները: 30-40-ականների արխիվային փաստաթղթերը, այդ տարիների մամուլը, գրողների անձնական նամակներն ու հուշերը ներկայացնում են ցավալի մի պատկեր. գրական միջավայրում գրեթե բոլոր գրողներն այս կամ այն չափով մասնակցում էին միմյանց գրական ասպարեզից մեկուսացնելու, միմյանց մատնելու, հակախորհրդային ու ազգայնական գործունեության մեջ մեղադրելու գործին: Խորհրդային տարիներին Երևանը ղեկավարած 32 գործիչներից երեքի կենսագրությունն ընդհատվում է գնդակահարությամբ, չորսը բռնադատվում կամ աքսորվում են: Տարիներ անց արդեն արդարացվում են։ 

Երևանում քանդվում էր «հինը» և կառուցվում նորը՝ Կաուչուկի գործարան, Քանաքեռ ՀԷԿ, գործարկվեց տրամվայը: 1933-ին արդեն նորակառույց Օպերայի և բալետի թատրոնում բեմադրվում է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան. «Խորհրդային Հայաստանի պրոլետարիատն ու աշխատավորությունը տոնում են իրենց հերթական հաղթանակը կուլտուրական հեղափոխության ճակատում: Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում բացվեց առաջին օպերային թատրոնը: Կեցցե մեր նոր, ձևով ազգային և բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրան» [22],- գրված է «Գրական թերթի» 1933-ի թիվ 2 համարում:

Սակայն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմն ու արդեն 1941-ին հազարավոր երևանցիներ մեկնեցին ռազմաճակատ: Պատերազմից հետո Երևանում մնացած գերմանացի ռազմագերիները Հրազդան գետի վրա կառուցեցին Հաղթանակի կամուրջը: Արարատ կոնյակի գործարանի շինությունները ևս գերմանացի ռազմագերիներն են կառուցել:

Պատերազմից հետո Երևանի մշակութային, քաղաքակրթական կյանքին նոր բովանդակություն տվեցին 1946-1948-ին 90.000 հայրենադարձված հայերը:

Երևանի հիմնադրման առաջին մեծ տոնակատարությունը 1968-ին էր, երբ նշվում էր քաղաքի 2750-ամյակը: Դատելով 1968-ի մամուլի հրապարակումներից՝ այդ տոնն առիթ էր ցուցադրելու Երևանի հավակնությունները՝ դասվելու համաշխարհային մայրաքաղաքների շարքին.  

«2750-ամյա քաղաքաներ աշխարհում շատ քիչ կան: Երևանը, որ հին է աշխարհահռչակ Հռոմից, համաշխարհային ճանաչում ստացավ վերջին հինգ տասնամյակի ընթացքում: Չորս տասնյակ հազարից մի քիչ ավելի բնակչություն, այսինքն՝ այնքան որքան քաղաքի այսօրվա ուսանողությունն է, ունեցող նախահեղափոխական քաղաքի փոխարեն՝ Սովետական Հայաստանի մայրաքաղաքն այժմ ունի 708 հազար բնակիչ. սա համաշխարհային չափանիշով հազվադեպ աճ է»,- ասվում է «Գրական թերթի» 1968-ի սեպտեմբերի 13-ի համարում: 

Պատկառելի տարիքը, սակայն, Երևանի միակ արժանիքը չէ:

Սովետական Հայաստանում ստեղծվեց ժամանակակից տեխնիկայով զինված արդյունաբերություն: Երևանի տրանսֆորմատորների, շարժական էլեկտրակայանների, գեներատորների, ճշգրիտ չափման գործիքների, հիդրոպոմպերի, էլեկտրալամպերի, հաստոցների, քիմիկատների, պահածոների գործարաններ: 

«Երևանի բնակչությունը, մեր հաշվով, մինչև 1977-ի վերջը կհասնի մեկ միլիոնի»,- արձանագրում էր մամուլը [22]: 

Աղբահանություն, խցանումներ, կեղտոտ օդ… Սրանք այսօրվա մայրաքաղաքի խնդիրներից մի քանիսն են միայն: Իսկ ի՞նչ խնդիրներ էին արձանագրում երևանցիները 50-60 տարի առաջ. «Լենինի պողոտայի ու Սվերդլովի փողոցի անկյունի, ապա Պուշկինի, Սայաթ-Նովա փողոցների, Մոսկովյան և Բարեկամության փողոցների հատման կետում գտնվող ծաղկի խանութներում թարմ մեխակներ չկային: Տխուր պատկերի առաջ է կանգնած ծաղկի բաշխման և վաճառման գործը մեր սիրելի 2750 տարեկան Երևանում: Շուտով հազարավոր հյուրեր կգան, կմասնակցեն մեր տոնին, ի՞նչ նվիրենք մենք մեր բարեկամներին»,- գրված է «Ավանգարդ»-ի 1968-ի, հոկտեմբերի 10-ի համարում:



Ծանոթագրություններ.

1. Մարգարիտ Իսրայելյան, Ուրարտական երկու նոր արձանագրություններ, Տեղեկագիր, ՀՍՍՌ ԳԱ, 1951, N 8:
2. Թադևոս Հակոբյան, Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թ.), Երևան, 1969, էջ 200:
3. Նույն տեղում, էջ 217:
4. Նույն տեղում, էջ 217-218:
5. Երվանդ Շահազիզ, Հին Յերևանը, Երևան, 1931, էջ 30:
6. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, Վաղարշապատ, 1870, էջ 13:
7. Թադևոս Հակոբյան, Երևանի պատմությունը 1801-1879 թթ., Երևան, 1959 թ., էջ 573:
8.
Հրատարակվել է 1880-1884 թթ., խմբ. Վասակ Պապաջանյան:
9. Հրատարակվել է 1881-1884 թթ., խմբ. Լևոն Տիգրանյան:
10. Թադևոս Հակոբյան, Երևանի պատմությունը (1879-1917), 1963, էջ 185:
11. Նույն տեղում, էջ 316:
12. Նույն տեղում, էջ 46:
13. Документы по истории Ериванской губернии, ст. 94:
14. Развитие Еревана после присоединения Восточной Армении к России, сборник документов, 1801-1917 гг., сост. Т. Акопян, Ереван, 1978, ст. 415:
15. Արարատ Հակոբյան, Հայաստանի Հանրապետություն, 1918-1920 ,Երևան, 1992,  էջ 9:
16. Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Փարիզ, 1928, էջ 324:
17. «Աշխատանք», 1919, N 40, Երևան:
18. Նույն տեղում:
19. Ա. Խաչիկյան, Երևանի հոբելյանը. քաղաքի 2750-ամյակի հոբելյանական տարեգրություն, Երևան, 1972, էջ 11:
20. «Երեկոյան Երևան», 1968, N 246 (3315):
21. Լոլա Դոլուխանյան, «Մշակույթ», 1990, էջ 22:
22. «Ավանգարդ», 1968, հոկտեմբերի 15:

Քաղաքը

Համար 32

Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, որտեղ այսօր ապրում է բնակչության մեկ երրորդը, դարեր շարունակ վկայել է ահռելի սոցիալական, քաղաքական և տնտեսական փոփոխություններ: Այն համարվում է ազգի զարկերակը, որտեղ ձևակերպվում են երկրի ապագայի վերաբերյալ վճռական որոշումներ, որտեղ խոստումներ են տրվում և երբեմն դրժվում, քաղաք, որը հյուրընկալել է ներգաղթյալների, էմիգրանտների և զբոսաշրջիկների, որտեղ սրընթաց զարգացումները սպառնում են իր բնակիչների հետ հարաբերություններին, երբ համայնքային ընտրություններն ավելի շատ վերաբերում են ազգային խնդիրներին, այլ ոչ թե քաղաքի կարիքներին ու պահանջներին: «Քաղաքը» վերնագրով ամսագրի այս ամսվա համարը պարունակում է հոդվածներ, որոնք թափանցում են համայնքային ընտրությունների նրբությունների մեջ, ներկայացնում ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին, անդրադառնում քաղաքային իշխանությանն առնչվող հին ու նոր պատմություններին։

Անկախություն

Համար 11

Հայաստանի Հանրապետությունը 2021 թվականի սեպտեմբերի 21-ին տոնում է անկախության 30-ամյակը:

ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, անցկացվեց անկախության համազգային հանրաքվեն: Անկախությունը պաշտոնապես հռչակվեց երկու օր անց:

Անկախության 30-ամյա այս շրջափուլը, անշուշտ, հանդիսավոր տոնակատարություններ էր ենթադրելու, եթե միայն 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այն չստվերվեր խառը զգացումներով ու ապագայի նկատմամբ անորոշությամբ:

«Անկախություն» խորագրով EVN Report-ի ամսագրի 11-րդ թողարկումն իրականում հայացք է անկախ Հայաստանի չորս վարչակազմերին՝ բացահայտելու անցած այս տարիների մարտահրավերներն ու խոչընդոտները, գրանցված հաջողություններն ու անհաջողությունները: Առաջիկա չորս օրերին մենք լուսաբանելու ենք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998), երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (1998-2008) և Սերժ Սարգսյանի (2008-2018), ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանի (2018-ից մինչ օրս) պաշտոնավարման տարիները:

Եվ որքան էլ մռայլ թվա ապագան այսօր, անցյալի իմաստավորումն առաջին քայլն է առաջիկա տասնամյակի համար ավելի լուսավոր ճանապարհ կերտելու համար:

The Nikol Pashinyan Administration: 2018-Present

Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիները. 2018-ից մինչ օրս

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել 2018 թվականին՝ համազգային ցույցերի արդյունքում։ Այս հոդվածը ներկայացնում է նրա իշխանության գալը, կառավարության առջև ծառացած մարտահրավերները և թերացումները։

Read more
The Levon Ter-Petrosyan Administration: 1991-1998

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները. 1991-1998 թթ.

1991 թ. մարտին Հայաստանը մերժեց Խորհրդային Միության նոր միություն ստեղծելու առաջարկը, և 1991 թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվեով անկախություն ստացավ: Տեր-Պետրոսյանը 1991 թ. հոկտեմբերի 16-ին դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը: Այս հոդվածը անդրադարնում է նրա իշխանության գալու հանգամանքներին և կառավարման հիմնական մարտահրավերներին ու թերություններին:

Read more