
Հեղինակի խոսք
Լէօլա Սասունին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին՝ նորածին որդին գրկում. սա առաջին բանն էր, որ իմացա նրա մասին։ Ես ցնցված էի։ Որքա՞ն խիզախ և հայրենասեր պիտի լինես, որ երեխայիդ կյանքը վտանգելով կռվես մարտի դաշտում։ Սկսեցի հնարավոր ամեն ինչ փնտրել Լէօլայի մասին՝ նրա կյանքի պատմությունը բացահայտելու համար։ Բարեբախտաբար, ինձ հաջողվեց կապ հաստատել նրա թոռների՝ Կեվո և Քրիս Սասունիների հետ, որոնք սիրով օգնեցին խճանկարի պես հավաքել Լէօլայի կյանքի իրադարձություններն ու ներկայացնել նրա անցած ուղին։
Վաղ տարիներ
Լէօլա Սասունին (Հռիփսիմե Մեծատուրեան) ծնվել է 1893 թվականին, Բինկյանում (կամ Բենկա, ներկայիս Ադաթեփե, Թուրքիա), Թաթուլ և Հռիփսիմե Մեծատուրեանի ընտանիքում։ Հայրը՝ Թաթուլ Մեծատուրեանը, հաջողակ գործարար էր, պապը՝ Աստվածատուր Մեծատուրեանը, ժամանակին եղել է Բինկյանի քաղաքապետը և ղեկավարել տեղի հայկական Մեսրոպյան դպրոցը։ Մեծատուրեանների տոհմից էր հայ նաև անվանի գրող Միսաք Մեծարենցը. նա Լէօլայի զարմիկն էր։
Երբ Լէօլան երեք տարեկան էր, Թաթուլ Մեծատուրեանը գործերով մեկնեց Պոլիս։ Ու այդպես էլ չվերադարձավ՝ զոհ դառնալով 1894-1896 թթ. Համիդյան ջարդերին։ Լէօլայի եղբայրը՝ ընտանիքի երրորդ զավակը, ծնվեց հոր մահից հետո։ 1897 թվականին Լէօլայի մայրն ու հայրական տատը որոշեցին երեխաների հետ տեղափոխվել Սեբաստիա (ներկայիս Սիվաս, Թուրքիա)՝ Թաթուլի զարմիկների մոտ. հարազատների աջակցությամբ շատ ավելի հեշտ էր մեծացնել երեխաներին և զբաղվել ընտանեկան հարցերով։
1907 թվականին Լէօլան ավարտեց Սեբաստիայի հայկական ավագ դպրոցը։ Շուտով նրանք ընտանիքով տեղափոխվեցին Պոլիս, որտեղ Լէօլան քրոջ՝ Մաննիկի հետ ընդունվեց ամերիկյան «Ռոբերտ քոլեջը» (այն հեղինակավոր քոլեջ էր Պոլսում, հիմնադրված 1863 թվականին)։
Քոլեջում սովորելու տարիներին Լէօլան սկսեց ակտիվորեն մասնակցել պոլսահայ հասարակական և մշակութային կյանքին։ Շուտով նա համալրեց Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը, պարբերաբար մասնակցում էր կուսակցության ուսանողական ասոցիացիայի հավաքներին։ 1910-ին Լէօլան պաշտոնապես դարձավ ՀՅԴ անդամ։ Անդամագրվելու երդման արարողության ժամանակ նա որոշեց ընտրել Լէօլա անունը և մինչ կյանքի վերջ ներկայացավ այդ անվամբ։ Երդման արարողությունը ղեկավարում էր Կարօ Սասունին՝ Լէօլայի ապագա ամուսինը, հետագայում հայտնի հասարակական գործիչ, պատմաբան և Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։
19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում ապրող հայերի շարունակական կոտորածները հայ հեղափոխականներին դրդեցին ինքնապաշտպանական ջոկատներ՝ ֆիդայական խմբեր կազմել, միևնույն ժամանակ պահանջելով բարեփոխումների փաթեթ հայկական վեց վիլայեթներում։ Հայ ազատագրական պայքարն արդեն սկսվել էր։
Ֆիդայական խմբերը լայն տարածում ունեին հայկական շրջաններում. մարդիկ հատուկ պատրաստություն էին անցնում, մարտական հմտություններ ձեռք բերում նրանց շարքերը համալրելու համար։ 1913 թվականին, ոգեշնչված Հայաստանն ազատագրելու գաղափարով, Լէօլան ևս որոշեց ֆիդայի դառնալ։ Շուտով, զենքերի և ռումբերի մասնագետ Գրիգոր Մերճանօֆի և հայտնի հրամանատար Համազասպ Սրվանձտյանի առաջնորդությամբ Լէօլան սովորեց զենք օգտագործել և ռումբեր նետել։
1915-ին Լէօլան ավարտեց Ռոբերտ քոլեջը, բայց անմիջապես մեկնեց Բուլղարիա՝ հայկական ջարդերից փրկվելու համար:


Երբ Լէօլան հասավ Մուշ, Կարօ Սասունին, որն այդ ժամանակ ՀՅԴ կողմից նշանակվել էր Տարոնի գլխավոր հրամանատար, հրաժարվեց նրան ընդգրկել ֆիդայիների կազմում։ Ֆիդայիներ Մորուք Կարօն, Սասունցի Մուշեղը և մյուսները ևս ոգևորված չէին կին մարտիկ ունենալ իրենց շարքերում։ Այդ ժամանակ կին ֆիդայիներն այդքան էլ շատ չէին։
Կարօ Սասունին, թերևս, որոշեց Լէօլային մեկ այլ հանձնարարություն վստահել. նա պետք է հավաքեր Մուշի և շրջակա տարածքների հայ որբերին և նրանց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Կարս քաղաք տեղափոխեր։ Լէօլան և ՀՅԴ շարքերից նրա մի քանի ընկերուհիներ ամիսներ շարունակ շարժվում էին Մուշից Կարս և հակառակ՝ տեղափոխելով հազարավոր որբերի։
1916-ի օգոստոսին մի շարք ֆիդայիների հետ Լէօլային հանձնարարվեց 30,000 մարդկանց տեղափոխել առավել ապահով վայրեր։ Կարօ Սասունին Լէօլային զենք տրամադրեց, իսկ վերջինս օգտվելով առիթից ցույց տվեց ֆիդայի ընկերներին իր ձիավարության և կրակելու հմտությունները։ Սկզբից բոլորը մտածեցին, որ այդ հմուտ մարտիկը պատանի է, սակայն երբ պարզեցին, որ Լէօլան է, այնքան հիացած էին, որ թողեցին նրան կռվել որպես պահակախմբի անդամ։
Ամիսներ անց Լէօլան նշանակվեց Էրզրումի գավառի Խնուսի քաղաքի (ներկայիս Հունուս, Թուրքիա) որբանոցների տնօրեն։ Նա նաև շարունակում էր վերահսկել որբերի տեղափոխումը և խնամքը։ Անհրաժեշտության դեպքում Լէօլան հասնում էր ֆիդայիներին օգնության և կռվում նրանց կողքին։
Մահվան և անվերջ տառապանքների հորձանուտում Լէօլան և Կարօ Սասունին չհապաղեցին խոստովանել միմյանց իրենց զգացմունքների մասին և որոշեցին ամուսնանալ։ 1917 թվականին Լէօլան և Կարօն Թիֆլիսում պաշտոնապես գրանցեցին իրենց ամուսնությունը և անմիջապես մեկնեցին Խնուս՝ շարունակելու գործունեությունը։ Շուտով, ցավոք, Օսմանյան բանակը գրավեց Էրզրումը և Խնուսի ժողովուրդը ստիպված էր գաղթել դեպի Արևելյան Հայաստան։ Լէօլան, որը սպասում էր առաջնեկին, առաջնորդեց ժողովրդին։


Լէօլա Սասունի և Կարօ Սասունի, 1919, Պոլիս։
Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հաղթանակներն ազդարարեցին Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծումը։ Լէօլան վերադարձավ Երևան և ամուսնու հետ ներգրավվեց պետության կառուցման գործընթացին։ Կարօ Սասունին նշանակվեց Ալեքսանդրապոլի/Շիրակի նահանգապետ, իսկ Լէօլան ներգրավվեց Հայկական Կարմիր Խաչի մասնաճյուղերի հիմնադրման գործում։ Նա նաև օգնում էր պետական գործիչներին և երբեմն օտարերկրացի հյուրերի համար թարգմանիչ աշխատում։ ՀՅԴ-ն իր գլխամասը Թիֆլիսից տեղափոխել էր Երևան և Կարօ Սասունին ղեկավարում էր նաև ՀՅԴ բյուրոն։
1919 թվականին Կարօ Սասունիին գործուղեցին Պոլիս՝ վերակազմավորելու տեղի ՀՅԴ բյուրոն։ Լէօլան և Ժուլիկը նույնպես մեկնեցին։ Պոլսում Լէօլան կարողացավ գտնել իր ընտանիքին և ընկերներին։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սասունիները վերադարձան Երևան։ Հասնելուն պես, փոքրիկ Ժուլիկը մահացավ մալարիայից։
Լէօլան շարունակեց իր գործունեությունը Շիրակի մարզում մինչև 1920-ականները՝ աջակցելով Ալեքսանդրապոլի որբանոցների տնօրենին։ Այդ տարիներին Հայաստանի մշակութային կենտրոններից մեկը դարձել էր որբաքաղաք՝ իր կտուրի տակ ընդունելով Արևմտյան և Արևելյան Հայաստանից մոտ 25,000 որբերի։ Այս շրջանում՝ 1920 թվականին լույս աշխարհ եկավ Սասունիների երկրորդ զավակը՝ Սուրենը։
Հայ ժողովրդի տառապանքները թերևս այսքանով չավարտվեցին։ 1920 թվականին բոլշևիկները գրավեցին Հայաստանը, սկսվեց երկրի խորհրդայնացումը։ Բոլշևիկներն ահաբեկում և բանտարկում էին կառավարության անդամներին և աշխատակիցներին, ինչպես նաև ՀՅԴ անդամներին։ Լէօլան նույնպես կալանավորվեց։
Մինչև բանտում հայտնվելը Լէօլան նամակներ էր գրում Երևանից հեռու գտնվող Կարօ Սասունիին և տեղեկացնում իրավիճակի մասին։ Բոլշևիկներից զգուշանալով՝ նա նամակները ստորագրում էր Ջեմմա անունով։ Այս ամենը երկար չտևեց։ Շուտով Լէօլան անձամբ ականատեսը եղավ բոլշևիկների դաժան վերաբերմունքի։
Հետագա տարիները
1921 թվականին Կարօ Սասունին իր գաղափարակիցների հետ կազմակերպեց Փետրվարյան ապստամբությունը՝ ՀՅԴ զինված ընդվզումը բոլշևիկների դեմ, որը նպատակ ուներ Հայաստանը հեռու պահել խորհրդայնացումից։ Ապստամբներն արդեն իրենց հսկողության տակ էին վերցրել Հայաստանի մի քանի շրջաններ, հերթը Երևանինն էր։ Մայրաքաղաք հասնելուն պես ՀՅԴ ուժերն ազատեցին մի քանի հարյուր քաղբանտարկյալների՝ նրանց թվում նաև Լէօլային։
Ցավոք, ՀՅԴ ուժերը կարողացան դիմադրել ընդամենը երկու ամիս, և ապրիլի սկզբին բոլշևիկները երկրի կառավարումը կրկին իրենց ձեռքը վերցրին։ Մոտ 10,000 մարտիկներ և քաղաքական գործիչներ ստիպված էին լքել Հայաստանը՝ դեպի Իրան, այդ թվում նաև Լէօլան։ Նա փոքրիկ Սուրենին թողեց մոր մոտ՝ Երևանում, և ժամանակավորապես հաստատվեց Թավրիզում։ Մի քանի ամիս անց ծնվեց Լէօլայի և Կարօյի երրորդ զավակը՝ Վիգենը։ Լէօլային հաջողվեց կարճ ժամանակով վերադառնալ արդեն Խորհրդային Հայաստան և ընտանիքի հետ լքել հայրենիքը։
Տարբեր երկրներում ապրելուց հետո 1925 թվականին Լէօլան ընտանիքի հետ հաստատվեց Փարիզում՝ շարունակելով իր ակտիվ գործունեությունը ՀՅԴ շարքերում։ Շուտով նա գործի անցավ ֆրանսահայ Կապույտ խաչում։ 1929 թվականին ծնվեց Սասունիների չորրորդ որդին՝ Բաբկենը։


Sassouni family in 1925, Paris.
Left to right (seated) — Souren, Leola, Viken, and Garo.
Left to right (standing) — Setrag, Armen, Hrair Sassouni (Garo Sassouni’s relatives).
Leola Sassouni, with her leadership skills, played an important role in making the Armenian Relief Cross of Lebanon a strong and vibrant organization that greatly impacted the lives of the Armenian community and not only. The organization had several hospitals and support centers under its supervision, which would provide assistance to Armenians and Arabs. Throughout her activities, Leola Sassouni expanded the number of health centers. In 1954, she opened a rehabilitation center in the town of Shtoura, in Lebanon’s Bekaa Valley. The center was for children aged 6-12 who were in need of rehabilitation.
In 1966, Leola Sassouni received a Medal of the National Order of Cedars by then-President of Lebanon Charles Hérou. She was a beloved and dedicated member of the ARCL. For over 30 years, she spared no effort to fundraise for various projects and assist those in need. As her colleagues recall in “Revolutionary Album,” she was a very caring person; she would meet with dozens of people every day, listening to their problems and trying to find solutions.
Leola Sassouni’s children left Beirut to pursue their education in Paris. In 1952, Viken moved to Pennsylvania and, in 1957, Papken joined him with his wife.
«Նա արտասովոր կին էր… Սահուն խոսում էր հայերեն, անգլերեն, թրքերեն և ֆրանսերեն։ Ինձ հրավիրել էին Սասունիների տուն։ Տիկին Սասունին մեծ աչքեր և լայն ճակատ ուներ։ Նրա հայացքը խիստ էր, բայց ձայնը հանգստացնող էր։ Հարցրեց իմ ֆինանսական դրությունից։ Ես նրան պատմեցի, որ գումարիս մեծ մասը Լյուքս հյուրանոցի վրա եմ ծախսել և որ հաջողել եմ վաճառել իմ փաշմինա վերմակը, ոսկեջրած շրջանակներով ակնոցը և իմ երկու արծաթե շրջանակները՝ քսան դոլարով։ Ասացի, որ հույս ունեի կամ սպասում էի ստանալ ևս քսանհինգ դոլար պարոն Մալոյանից [Գրեգորյանի ուսուցիչը, որ խրախուսել էր նրան մեկնել Բեյրութ և բարձրագույն կրթություն ստանալ, խմբ.]։— Սա վրդովեցնող է,- նա ասաց,- դու չես կարող ապրել սպասումներով։ Մենք քեզ համար մնալու տեղ պետք է գտնենք և հետո մի ռեստորան, որը քեզ ուտելիքով կապահովի։ Մի անհանգստացիր։ Մենք կհոգանք քո մասին,- ասաց նա մեծ ինքնավստահությամբ և վճռականությամբ»։
Իր ղեկավարի ձիրքով Լէօլա Սասունին կարևոր դեր խաղաց Լիբանանի Հայ Օգնության Խաչը հաստատուն և կենսունակ կազմակերպություն դարձնելու գործում. մի կազմակերպության, որը մեծ ազդեցություն ուներ տեղի հայ և մյուս համայնքների վրա։ Լիբանանի Հայ Օգնության Խաչն իր տրամադրության տակ մի քանի հիվանդանոց և առողջության կենտրոններ ուներ, որոնք աջակցություն էին ցուցաբերում հայերին և արաբներին։ Իր գործունեության տարիներին Լէօլա Սասունին ընդլայնեց առողջության կենտրոնների քանակը։ 1954 թվականին նրա նախաձեռնությամբ Շթորայում՝ Լիբանանի Բեքայի հովտում, բացվեց վերականգնողական կենտրոն՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար։
1966 թվականին Լէօլա Սասունին Լիբանանի այդ տարիների նախագահ Շառլ Հելուի կողմից պարգևատրվեց Մայրիների ազգային շքանշանով։ Լէօլան Լիբանանի Օգնության Խաչի սիրված և նվիրված անդամ էր։ 30 տարի և ավելի Լէօլա Սասունին ոչ մի ջանք չխնայեց տարբեր նախաձեռնությունների համար գումար հայթայթելու և կարիքի մեջ գտնվողներին օգնելու համար։ Ինչպես գործընկերներն են հիշում «Յեղափոխական ալպոմ»-ի էջերում, Լէօլան շատ հոգատար անձնավորություն էր. ամեն օր ընդունում էր տասնյակ մարդկանց, լսում նրանց խնդիրները և փորձում լուծումներ գտնել։


Լէօլա Սասունիի երեխաները ժամանակի ընթացքում տեղափոխվեցին Փարիզ՝ շարունակելու իրենց կրթությունը։ 1952-ին Վիգենը տեղափոխվեց Փենսիլվենիա, ԱՄՆ, 1957-ին նրանց միացավ Բաբկենը՝ կնոջ հետ։
1920-ականներին Հայաստանից հեռանալուց հետո Լէօլան երազում էր նորից լինել հայրենի հողում։ Եվ ահա 1969 թվականին, չնայած առողջական լուրջ խնդիրներին և բժշկի հորդորներին, որ չարժե ճանապարհորդել, 76-ամյա Լէօլան որոշեց իրականություն դարձնել վաղեմի երազանքն ու այցելել Խորհրդային Հայաստան։ Հայրենիքում գտնվելու օրերին նա այցելեց Սարդարապատի հուշահամալիր. մի վայր որտեղ հերոսաբար կռվել էր տարիներ առաջ։
1969-ի հոկտեմբերի 2-ին, Հայաստանից վերադառնալուց տասն օր անց, Լէօլա Սասունին մահացավ։
Ներկայում Հայ Օգնության Միության Ուոթերթաունի մասնաճյուղը կրում է Լէօլա Սասունիի անունը։ Լէօլան բարեսիրտ, անվախ, հոգատար և հայրենասեր կին էր։ Նա փրկեց հազարավոր որբերի, կռվեց մարտի դաշտում, իր ամբողջ ներուժն ուղղեց պահպանելու հայ մշակույթն ու հայությունն օտար ափերում։ Լինելով հազարավոր կիլոմետրեր հեռու՝ նա չդադարեց սիրել հայրենի երկիրը։ Լէօլա Սասունին եղել է և միշտ կլինի օրինակելի կերպար սերունդների համար։
Շնորհակալություն Շարիստան Մելքոնյանին աջակցության համար, Քրիս և Կեվո Սասունիներին իրենց ընտանեկան պատմությունով կիսվելու և լուսանկարներ տրամադրելու համար։
Գրաֆիկայում օգտագործված լուսնակարը։
Հղումներ