Իլյա Պուտիլյա
Գրեթե 21 տարեկան եմ։ Լուգանսկից եմ։ Ծնողներս ուկրաինացիներ են։ Մայիս ամսից այստեղ եմ` Հայաստանում։ Երևանում աշխատում եմ՝ որպես առաքիչ։ Ուզում եմ պատերազմը շուտ ավարտվի, որ վերադառնամ Լուգանսկ։ Մայդանից սկսած, մինչ այս պատերազմը (2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը), ես Լուգանսկից ոչ մի տեղ չեմ հեռացել։ 2013-ին, երբ մայդանը սկսվեց, 10 տարեկան էի։ Այն ժամանակ ոչինչ չէի հասկանում։
Սկզբում մեզ մոտ հայտնվեցին նոր մարդիկ, որոնք մեր հայրենիքի հետ` հենց նույն Լուգանսկի և Դոնբասի հետ, ոչ մի կապ չունեին։ Նրանց միջոցով անջատողական տրամադրություններ էին տարածվում։ Մեզ մոտ հայտնվում էին տարբեր խմբավորումներ, գումարտակներ, չեչենների խմբեր, Դոնի կազակներից խմբեր էլ կային։ Ռուսական տեխնիկայով և ռուսական դրոշով շարասյուները բացեիբաց շարժվում էին փողոցում։ Հիշում եմ, երբ մենք բակում խաղում էինք ընկերներով, անցնում էր ռուսական դրոշով շարասյունը և ինչ-որ ձյաձյա, շարասյան կողմից, մատը թափ էր տալիս, որ մենք չնայենք այդ կողմ։
Նոր իշխանություն էր ձևավորվել, որի գլխամասում գուցե ռուսներ էին, բայց մնացած մասերում զինված ապստամբներ էին, մարդիկ, որոնք անջատողական դիրքորոշում ունեին։ Մի խոսքով` նոր իշխանություն, նոր փողերով և զենքով։ Նրանք տարբեր ձևերով ներգրավում էին մարդկանց իրենց կազմավորման մեջ։ Հաճախ ողջունվում էին նաև պատժի ձևերը։ Տանից կարող էին դուրս հանել, ծեծել։ Նոր իշխանությունները հաճախ ճնշում էին ազգային փոքրամասնություններին, հատկապես գնչուներին, որոնք սկսեցին արտագաղթել` թողնելով իրենց տները։ Իսկ գնչուներն այնտեղ բավական բարեկեցիկ էին ապրում, մեծ տներ ունեին։ Այդ տներում անջատողականներն իրենց պահեստներն էին տեղադրում։
Ուկրաինան հասանելիություն չուներ այլևս մեզ մոտ։ Մայիսին ուկրաինական ազգային բանակը մոտենում էր Լուգանսկի կամավոր ուժային կազմավորումներին։
2014-ին սկսվեց ռազմական գործողությունների բարդ շրջանը։ Մենք ստիպված էինք տեղափոխվել Լուգանսկին պատկանող Անտրացիտ քաղաք։ Այնտեղ պետք է դպրոց հաճախեի, բայց քիչ անց դասերն էլ դադարեցվեցին, քանի որ բախումները թեժանում էին։ Ավանը, որտեղ ապրում էի 4-5 կիլոմետր էր հեռու մի գյուղից, ուր մարտեր էին ընթանում։ Հաճախ պատուհանից տեսնում էի, թե ինչպես ինձնից 100 մետր հեռավորության վրա զինտեխնիկայի շարասյունն էր ընթանում, հետո մեր հին շախտաների մոտ լիցքավորում էին տեխնիկան և հրետակոծում ուկրաինական գյուղերը։ Ես փոքր էի, բայց հիշում եմ, որ ծնողներիս հարցնում էի` եթե այդքան վատն են մյուս կողմում` ուկրաինացիները, ինչպես է, որ այս կողմից ապստամբներն այսքան հրետակոծում են ուկրաինական բանակին, բայց մեզ պատասխան հարված չեն հասցնում հակառակ կողմից։ Երբ ուկրաինական բանակը հեռացավ այդ գյուղերից, մարդիկ գալիս էին մեր կողմ և ոչ ոքից այդպես էլ չլսեցինք, որ, իբր ուկրաինական բանակն այդ հատվածներում վայրագություններ է արել կամ վատ է վերաբերվել բնակիչներին, ինչպես ռուսական (տեղական) քարոզչությունն էր ներկայացնում, մեզ մոտ, Լուգանսկում։
Մենք փոքր մարդիկ ենք, գուցե շատ բան չգիտենք, բայց ես անձամբ երբևէ չեմ տեսել, որ մեզ վրա, մեր բնակելի տարածքներում կրակ բացեր ուկրաինական բանակը։ Եվ հակառակը, տեսել եմ ողջ քաոսը և այն սանձարձակությունները, որ իրականացնում էին նոր իշխանությունները Լուգանսկում։ Դրանք մարդիկ էին, ովքեր երեկ հարբած թավալվում էին ինչ-որ տեղ և ոտքի վրա հազիվ էին կանգնում, հիմա զենքով, նույն հարբած վիճակով, քայլում էին ավտոմատով։
Հանրաքվեները նույնպես չեմ հիշում։ Բոլորի համար միևնույնն էին դրանք։ Սովորական մարդիկ այնպիսի վիճակում էին, որ խաղաղ երկինք էին ուզում, ուզում էին մի ամբողջ տարի չվճարված աշխատավարձերը վերջապես ստանային, որ իրենց հոգսերը հոգան։ Չգիտեմ մեկին` բարեկամ, հարևան, ընկերներ, ով մասնակցել է հանրաքվեների։
Հայրս ավելի հակված էր դեպի Ռուսաստանը։ Պատերազմից հետո ծնողներս բաժանվեցին։ Հայրս հետո մեկնեց Ռուսաստան։ Մայրս մնաց Լուգանսկում։
Այդ ժամանակ էլ կյանքը Լուգանսկում կարծես հնդկական առասպելաբանությունից լիներ. մարդիկ «կաստաների» էին բաժանված` կազակներ, ապստամբներ, չեչեններ, էլի ինչ-որ խմբեր, որոնք միմյանց դեմ պայքարում էին, հաճախ կրակում էին միմյանց վրա։ Մի օր դուրս էի գալիս շախմատի ակումբից, մի մեքենա մոտեցավ։ Մեքենայից մարդիկ դուրս եկան, մտան շենք, պուֆ-պուֆ-պուֆ ու վերջ. կազակների խմբավորումը քաղաքից հեռացավ։ Նման ձևով մանր խմբավորումները հետզհետե նահանջում էին, ավելի մեծ խմբավորումներն էին հաստատվում իշխանական դիրքերում։
2018-ին ընդունվեցի տեխնիկում։ Լուգանսկի Լեռնային ուսումնարանն էր, ավտոմեխանիայի բաժին։ Հենց այդ շրջանում էլ մեզ մոտ արգելեցին ուկրաիներենի ուսուցումը։
2020-ին ուսմանս զուգահեռ աշխատում էի, ինքնուրույն էի ապրում։ Բայց 2022-ի պատերազմից առաջ, սկսեցին համընդհանուր մոբիլիզացիաներ։ Հետո չափահաս տղամարդկանց համար սահմանը փակեցին։ Մենք դեռ ոչինչ չէինք հասկանում։ Մարդիկ լուրջ չէին ընդունում պատերազմի մասին լուրերը։ Վաղուց սովորել էինք պայթյունների, սադրանքների, կրակահերթերի։ Մարդն այնպիսի արարած է, որ ամեն ինչի սովորում է։ Բայց փետրվարի 23-ը ցնցող էր։
Գիշերվա 2-ն էր, կենցաղային հարցերով էի զբաղված, երբ գլուխս շրջում ու լսում եմ շուրջս տարածվող գրադների, հրետանու, ավիացիայի ձայներ։ Ընկերուհիս Խարկովում էր սովորում։ Զանգեց ինձ, ասաց, որ Խարկովում հարևան տան վրա արկ է ընկել։ Առևտրի տներն էին հրետակոծվում։ Բոլորը շոկի մեջ էին։ Ես գիշերը չքնեցի։ Չէի հավատում։ Երկար ժամանակ տանը նստած էի անց կացնում օրերս։ Ապրիլի 11-ին ընկերներով հավաքվեցինք, մտածում էինք տարածքից դուրս գալու ելքեր գտնել։ Դա անելը ծայրահեղ դժվար էր։ Միակողմանի սահմանային անցակետերում տեղի իշխանություններն արգելափակել էին ելքը։ Մեծ գումար էր անհրաժեշտ։ Գտանք մի տարեց պապի, որ կօգներ մեզ սահմանն անցնել։ Պետական անվտանգության նախարարությունը հսկողություն էր սահմանել անցակետերում։ Մեզ սպառնացին և թույլ չտվեցին անցնել։ Ետ վերադարձանք։
1,5 ամիս տանից դուրս չէի գալիս, դրսում կարող էին ձեռքերդ ոլորել և ուղարկել առաջնագիծ։ Ոչ ոքի չես կարող հասկացնել, որ դու ուկրաինացի ես և չես կարող կռվել ուկրաինացիների դեմ։
Մի օր էլ գիշերն ընկերս զանգեց, ես 2 ժամում հավաքվեցի և մի քանի հոգով հասանք վերահսկիչ կետ։ Մեզնից մեծ գումար վերցրին ու թույլ տվին անցնել հաջորդ անցակետ։ Հետո դժվարությամբ դուրս եկանք Զարեչնի գյուղ, ծանոթ գտանք, որ Անապայում գործ առաջարկեց։ Շատ էի ուզում բարեկամներիս մոտ մեկնել, Գերմանիա, բայց փաստաթղթերիս անբավարար լինելու պատճառով Ռուսաստանից դուրս գալու հնարավորություն չունեի։ Գումար հավաքեցի ու եկա Երևան։ Փորձում էի Վրաստան գնալ, թեև արտերկրյա անձնագիր էլ չունեի։ Վրաստանի սահմանային անցակետում ինձ «օկուպանտ» անվանեցին։ Ես բացատրում էի, որ չեմ կարող օկուպանտ լինել, երբ ինքս հեռանում եմ այդ ռեժիմից։
Եկա Երևան, մայիսից այստեղ եմ։ Սկզբում հոսթելում էի մնում, հետո փորձեցի աշխատանք գտնել։ Dopomoga ուկրաինական կազմակերպությունն այստեղ աջակցում է ինձ։ Հայաստանում ամենահաճելի բանը հյուրընկալությունն է ու մենթալիտետը, որը նման է մեզ. մարդիկ կարեկցող են, արագ են արձագանքում։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ի տարբերություն Ռուսաստանի կամ Բելառուսի, կարող ես արտահայտվել ու դրա համար քեզ չեն սպառնում։ Այստեղ քիչ-քիչ վերադառնում եմ դեպի քաղաքակրթություն, որովհետև իմ հայրենի վայրերը, բռնազավթման պատճառով, մխրճվել են 2014-ի ժամանակների մեջ ու մինչ հիմա այնտեղ են մնում։
Հայաստանում հաճախ ինձ ռուսի տեղ են դնում։ Երբ բացատրում եմ, որ ուկրաինացի եմ, շատերը, թվում է, ուզում են արագ փակել զրույցը։ Կարծում եմ ռուսներին ավելի բարեհաճ են ընդունում։ Ոմանք ասում են, որ Ուկրաինան է ֆոսֆորային զենք տրամադրել Ադրբեջանին 2020-ի պատերազմի ժամանակ, թեև դա ապացուցված էլ չէ։ Բայց Ռուսաստանն առաջին տեղում էր (2020-ին) Ադրբեջանին զենք մատակարարող երկրների թվում։
Հիմա լինում են իրավիճակներ, երբ ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում։ Զգացմունքային առումով սպառվում եմ երբեմն։ Ես կմնայի այստեղ, եթե ընտանիքս այստեղ լիներ, բայց փաստաթղթերի պատճառով այստեղ անգամ կրթությունս շարունակել չեմ կարող։ Ուզում եմ հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Կվերադառնամ Լուգանսկ։ Գիտեմ`դժվար կլինի սկզբնական շրջանում։ Սոցիալական դժվարություններ կլինեն, շատ հաշմանդամներ կլինեն, զրպարտություններ ու դատավարություններ կսկսվեն, բայց ես սիրում եմ իմ քաղաքը։ Այնտեղ եմ հիշում իմ ամենաարևոտ օրերը, այն ժամանակ, երբ այսքան դժվար չէր, երբ մենք կարողանում էինք հանգիստ ապրել, հյուրեր ընդունել, ճամփորդել, ճգնաժամ չկար։
Տեսեք նաեւ
Հիշողությունը ջնջում է հիշողությունը
Էմիգրացիայի ողբերգությունը ոչ թե ինչ-որ բանի կորուստն է, այլ այն, որ մենք մինչև կյանքի վերջ ինչ-որ տեղ օտար ենք լինելու։ Էմիգրացիայի պատմությունն այսպես է բնութագրում ֆոտոլրագրող Վաղինակ Ղազարյանի հերոս, լրագրող Յան Շենկմանը, որը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստիպված է եղել ամեն բան թողնելով հեռանալ հայրենի Ռուսաստանից ու Հայաստանում ամեն ինչ սկսել նորից։
Read more