Ֆոտոօրագիրը, որը սկսել եմ վավերագրել պատերազմի օրերից, շարունակում եմ փաստագրել մինչ օրս` հետպատերազմյան իրողությունների և տրավմաների համատեքստում։
Ի՞նչ էր տեղի ունենում թիկունքում, երբ հարազատները հայտնվում էին պատերազմի առաջնագծում։ Ինչպե՞ս հաղթահարել պատերազմից առաջացած դեֆորմացված իրականության զգացողությունը, ինչպե՞ս է մարդը հարաբերվում իր վշտի և ներկա բացակայության հետ։

24.11.2021, Ասյա, Երևան

29.09.2020, Իվանյան գյուղ, Արցախ
24.11.2021, Խորենի մանկության լուսանկար, Երևան

14.11.2020, Դադիվանք
29.01.2022, Ասյան՝ Նուբարաշենի գերեզմանոց

19.11.2020, Մարտակերտի մատույցներում, Արցախ
24.11.2021, Թել — ասեղ, Խորենի անձնական իրերից

13.11.2020, Չարեքտար, Քարվաճառի շրջան
24.11.2021, Ասյա, Երևան

20.11.2020, Խրամատ, Ստեփանակերտի մատույցներ

20.11.2020, Շուշիի մատույցներ
24.11.2021, Օրացույց, Խորենի անձնական իրերից

20.11.2020, Պատռված վարագույր, Շուշիի մատույցներ
29.01.2022, Խորենի գերեզման, Նուբարաշեն

29.01.2022, Խորենի գերեզմանաքարը, Նուբարաշեն

14.11.2020, Զինվոր, Նոր Գետաշեն, Քարվաճառի շրջան
29.01.2022, Խորենի գերեզման, Նուբարաշեն

22.11.2020, Նոր Բրաջուր, Քարվաճառի շրջան
Ասյա
Ես Ասյա Սահակյանն եմ՝ Խորեն Հաջաթյանի մայրը: 39 տարեկան եմ: Տղաս գնացել է բանակ 2019թ. հուլիսի 17-ին՝ մեզ համար խորհրդանշական օր, քանի որ աղջկաս ծննդյան օրն է: Ամբողջ գիշեր ուրախացանք, իսկ 17-ի վաղ առավոտյան որդուս ճանապարհեցինք:
38 տարեկան էի, երբ այս չարաբաստիկ դեպքը պատահեց: Զբորնի պունկտում քաշել է Արցախ, այնտեղից էլ՝ Մարտունի-2:
Անցավ մի 20 օր, զանգել, ուրախ ասում էր. «ինձ շատ մեծ գործ են վստահել, պիտի սահմանի քարտեզները թարմացնեմ»:
Կանխազգացում
Սեպտեմբերի 24-ն էր, ասեց՝ երևի հետ չգամ: Ասեց՝ մամ, էդ ասում եմ, որ հիշես:
Երբ պատերազմը սկսվեց, ես ահավոր տանջվում էի այդ մտքից, թե ինչու ինքը դա ասեց:
Հետո ինձ զանգեց, սեպտեմբերի 29-ն էր, ասեց՝ «եթե ես հետ չգամ, հիշի՝ պատերազմ ա, ոչ մեկին չես մեղադրում»:
Էդ նույն տողերը ես գրել եմ քարի վրա:
…Ես ու ամուսինս իրա հետ խոսել ենք առավոտյան՝ 10:30-ին, հետո ժամը 5-ին նորից է զանգել պապային: Ենթադրում եմ, որ զանգել է հաջող անի։ Արդեն ժամը 10-ն էր, անկախ ինձանից քնել եմ: Հոգեբաններն ասում են՝ ուղեղդ որոշել է քեզ հանգստացնի, որ չզգաս էդ ամենը: Ամուսինս ամբողջ գիշեր չի քնել: Մենք այդ ժամանակ մնում էինք Էրեբունիում, և երբ հիվանդանոցի բակում ուղղաթիռ էր իջնում, ամուսինս ասում էր՝ գնամ օգնեմ, գուցե մեկն էլ իմ էրեխուն օգնի: Առավոտյան արթնացա, ամուսինս ասաց. «ամբողջ գիշեր ձայներ եմ լսել, ինձ տանջող ձայներ: Երեք անգամ գնացել եմ հիվանդանոց՝ ուղղաթիռ չկա, էսօր տարօրինակ հանգիստ է, զինվոր չեն իջեցնում»: Հոկտեմբերի 22-ի՝ լույս 23-ի գիշերն էր:
Չգիտեմ, լիքը բաներ և՛ զուգադիպում է, և՛ հավատում եմ, և՛ չեմ հավատում, մի հատ հավատքի կողմով եմ նայում, մի հատ զուտ պատահականության կողմով, մի հատ զուտ ճակատագրի կողմով։
Շրջափակում
Հոկտեմբերի 11-ն էր, հեռուստացույց էի նայում. ասում Էին` տղերքն ընկել են շրջապատման մեջ ու բարեհաջող դուրս են եկել: Մտածում էի՝ Տեր Աստված, փառքդ շատ, տեսնես ում երեխեքն են: Այդ պահին Խորենը զանգեց, ասում էր՝ մենք սրանց հող տվողը չենք, դիրքը վերցրել են, բայց էլի հետ կբերենք: Ասի՝ կարող եմ իմանամ՝ ուր ես: Առաջին անգամ ասեց՝ մամ, երեք օր է Ջաբրայիլ շրջափակման մեջ ենք, օգնություն չի հասնում: Ու էդ պահին Արծրունը հայտնում էր, որ դուրս են եկել: Չգիտեմ ինչ օր էղավ, ինչ գիշեր էղավ: Գիշերով, արդեն 12-ն էր, երեխեքին վերցրել, եկել ենք Ռասիայի եկեղեցու դիմաց: Ու մենակ մենք չէինք. լիքը երիտասարդներ ծնկած աղոթք էին անում: Հաջորդ օրը զանգեց, ասեց՝ Ուրալ ա եկել մեր հետևից, դուրս ենք եկել:
Հողապատնեշ
Ինձ մի կամավոր զինվոր պատմեց,
Ասում է. «Տարօրինակ խաղաղություն տիրեց: Ֆիզուլիի սարի վրա է եղել: Երեկոյան 10:30 է եղել, էնտեղի մութը սարսափելի է, ոչ մի բան չես նկատում: Հետո Խորենն ասեց՝ ես գնամ, հանգստանամ: Խորենը ներս մտավ, դա իր սարքած շելն էր (հողապատնեշ)… Մենք էլ չիմացանք ոնց ու ինչ ընկավ մեզ վրա: Ահավոր փոշի էր, մութ, ոչ մի բան չենք տեսնում»:
Հրամանատարը հետնահանջի հրաման է տվել, Ապարանից մի տղա` Տիգրանը, ասել. «չէ, մենք գիտենք, որ հերթով պիտի մահանանք, բայց մեկս մյուսին խոսք է տվել, որ գոնե մեր դիակները պետք է հասցնենք մեր ծնողներին»:
Ամբողջ գիշեր էդ տղեն քանդել է, սխալ տեղից է քանդել։ Մինչև առավոտյան 7-ից 15 պակաս Տիգրանը ձեռքերով փորել է ու գոռացել՝ հանկարծ բահ չկպցնեք, Խորենին մի բան չլինի: Երբ հանել է, Խորենն արդեն անշնչացած է եղել: Տիգրանը գժվում էր, ասում էր՝ ես եմ մեղավոր, եթե ավելի շուտ հանեի… Բայց հնարավորություն չուներ հանելու: Նոյեմբերի 1-ին էլ Տիգրանն է զոհվել՝ Ապարանի Գեղարոտ գյուղից, իր շիրիմին էլ եմ այցելել:
Դիահերձարան
Առավոտյան 10:30 Խորենը մեզ պարտադիր զանգում էր: 10:15 պապայի համարին զանգ ա եկել։ Ընկերն ասել է. «Գիտեմ, որ այս ժամին Խորենի զանգին եք սպասում, բայց Խորենն էլ մեր հետ չի: Ես պարտքս եմ համարում ասել, որովհետև չգիտեմ՝ հաջորդ վայրկյանին ես կլինեմ, թե` չէ: Ուղղակի տեր կանգնեք (մարմնին)»:
Մենք կապ պահեցինք, որ շատ արագ (մարմինը) հասնի քաղաք, որովհետև տղերքն ասել էին` միգուցե դիակն էլ կորի: Արդեն ամսի 24-ին զանգեցին, որ ժամը 9-ին Խորենը կլինի Հերացիում: Ամուսինս գալիս Է Հերացի, չգիտեմ` չի հավատում աչքերին, ասում Է՝ իմ էրեխեն չի: Բոլոր հիվանդանոցները, մորգերը փնտրել եմ, հասել եմ մինչև Գորիս: Գորիսում կոդով գտանք նկարը: Նորից մորգերով հետ ենք եկել: Երեք անգամ ԴՆԹ անալիզ են վերցնում, ինձ ասում են՝ մի հատ ոտք ա, եկեք, էդ ոտքը տարեք: Ես չհամաձայնվեցի ԴՆԹ-ի պատասխանի հետ։ Ու երեք անգամ ԴՆԹ-ն մեզ համոզում է, որ ոտքն ա: Ախր, էրեխուս մարմինը կա, ես ոնց ոտքը տանեմ: Վերջին օրն ասացին` ԴՆԹ սխալ է էղել:
Գնացի ռազմական ոստիկանություն, ասեցի՝ ես կին եմ, 20 օր ձեզնից էրեխու դիակ եմ ուզում, դուք ինձ դարձրել եք քար։ 20 օր մենք մարդ ու կնիկ հաց չենք կերել, ջուր չենք խմել, տեղաշոր չենք մտել: Օրը երեք անգամ ես մորգ եմ մտել, որ նայեի, թե ում են նոր բերել, որ էրեխուս գտնեի: Նոյեմբերի 12-ն էր, նորից Հերացու մորգում եմ։ Զանգում եմ, ասում եմ՝ տղերք, ինչ հետք կա Խորենի վրա: Ասում են՝ հողաթմբի տակից, որ դուրս ենք քաշել, ոտքը կոտրվել է, ուզեցել ենք ոսկորը տեղը մտցնել, տեղից դուրս է եկել: Աջ ոտքի վերևի մասում վերք կա։ Ցույց է տալիս՝ տեսնեմ վերքը` նույն տեղը: Իսկ ձեռքի վրա ինքը փոքրիկ խաչ էր արել: Ինքը նեղվում էր, որ խաչի պոչը ծուռ էր արել: Ամուսինս գնաց, հեռախոսով նկարեց, բերեց՝ Խորենիս խաչն էր:
Առաջին անգամ ամուսինս սխալվել էր, ասել է՝ ինքը չի, բայց ինքն է եղել, անճանաչելի է եղել:
Ահավոր դաժան բաներ տեսանք։ Մամաներից շատ պապաներն են ման եկել: էն, ինչ ես եմ տեսել, սարսափ եմ ապրել, էդ մեր էրեխեքն են հավաքել ու ուղարկել: Եթե նայելուց եմ ես սարսափում, բա էդ էրեխեն (զինվորը) էդ վերցրել դրել է տոպրակն ու ուղարկել, բա ի՞նքը ինչ տեսած կլինի։
Ցավ
Խորենին մեզ տվել են նոյեմբերի 13-ին, 15-ին հուղարկավորել ենք Սովետաշենի [1] գերեզմաններում:
Հիմա կամ գնում եմ իր մոտ, մենակ, կամ սիրում եմ փակվել, ուղղակի իր նկարներն եմ նայում, լացում եմ: Ամուսնուս մոտ ցույց չեմ տալիս։ էրեխեքի մոտ էլ ցույց չեմ տալիս: Ճիշտ է, ես ինձ համարում եմ կիսատ մարդ, բայց երբեք չեմ ուզում իմ մյուս երկու էրեխեքը էս ցավի մեջ մնան։ Թող ապրեն իրենց կյանքով, որ հետո էլ իրենց էրեխեքին պատմելու բաներ ունենան:
Նույնիսկ դրսում չեմ էլ ուզում իմանան, որ ես հերոսի մամա եմ, որ ինչ-որ մեկի կողմից խղճահարություն չլինի: Ես մարդ եմ, չեմ ուզում ոչ մեկին իմ ցավը ցույց տալ, մտածում եմ, որ իմ ցավն իմն ա: Հայրենիքի համար է գնացել, պատերազմ է, ճակատագիր է, վերջ:
Չգիտեմ, ապրում ենք:
Վերականգնում
Այցելել եմ հոգեբանների՝ որոնք ինձ հանել են էս վիճակից։ Իմ այցելությունը տևեց երևի երկու ամիս։ Խմբային (հանդիպումներին) մեկս մեկիս հույս տալով, դուրս ենք եկել էդ վիճակից։ Ինձ թվում է, որ խմբայինն ինձ ավելի շատ օգնեց ու էլի մամաներ նույն բանը կասեն։
Հետո, այդ կենտրոնում որոշեցին, որ պիտի ընտրեն մայրեր, որ, կարելի է ասել, ուժեղ են, ավելի հստակ են դատում։ Ընտրեցին 13 մայրերի։ Հիմա մենք 13 մայրերով, կարծես կամավորագրված ենք… ու դարձավ մեծ (փոխօգնության) խումբ:
Ինձ որ զանգում, ասում են՝ էս մարզում, էս խնդիրը կա, ես իմ ուժերով կարող եմ գնալ, հասնել, օգնել։ Մտածում եմ, որ իմ մի խոսքը իրենց (ծնողներին) միգուցե հանի շատ վատ վիճակից։ Փորձն էլ ցույց է տվել, որ դա էդպես է։ Ես ասել եմ բոլոր մամաներին՝ ժամը կապ չունի՝ գիշեր, թե ցերեկ, եթե նեղված եք, իմ կարիքն ունեք, ես ձեր հետ կխոսեմ, ես չեմ նեղվում դրանից։ Եթե մամաներից մեկն իմ հեռախոսահամարն է հավաքում, ես չեմ կարող չպատասխանել. ուրեմն, ես իրենց անհրաժեշտ եմ։
Գյուղեր
Մենք գյուղերից էլ ենք մայրերին հրավիրում, ով հասցնում է, գալիս է։ Երբ գնացինք Ստեփանավան, քաղաքապետարանից ծնողների տվյալներ վերցրեցինք, հրավիրեցինք։ Սկզբում, անկեղծ ասած, շատ վատ վիճակ էր իրենց մոտ, բայց վերջում մոտեցան, խոսեցին, էլ չէին լացում, մեր հետ սկսեցին ծիծաղել, ասեցին. «մենք ուզում ենք դուք հաճախ գաք, մենք, կարծես, փակվել ենք տան մեջ։ Շրջապատում ամեն մեկը կարա խոսա, ասի՝ վայ գնաց, վայ եկավ…» :
Հիմա մենք ունենք կազմակերպություն՝ «Հավերժ» անունով 300 մամաների մեծ բանակ։ Գնում ենք այցելության միմյանց։ Երկու օր առաջ գնացել էինք Կիրովական։ Գյուղերում ավանդապաշտ են շատ։ Երբ գնացել էի քաղաքապետարանի դահլիճում հանդիպման 30 ծնողների հետ, նայում ես` իրենք սևազգեստ, սև լաչակներով։ Իսկ քաղաքում շփումը դուրս է հանում էս վիճակից։
Ընթացքում կարանք խմբում գրվենք, հետաքրքրվենք մեր մամաներից` ո՞վ է հիվանդ, ինչո՞վ կարանք օգնենք։ Դա դարձել է մեր առօրյան։ Մեր հերոսածին մայրերի հետ կարող ենք նստել, զրուցել, ծիծաղել, մենք ճիշտ ենք զգում էդ ծիծաղը։ Միգուցե մեր հարազատները մտածեն՝ վայ, խի՞ ա ծիծաղում, բայց երբ մայրերով հավաքվում ենք, էդ մեզ համար մի փակ աշխարհ է, որտեղ ընդհանուր շատ թեմաներ կան՝ մեր էրեխեքի ծնվելուց սկսած։
Թեկուզ` անծանոթներ ենք, բայց անկաշկանդ ենք իրար հետ։ Էստեղ անծանոթը ո՞րն է. էս պահի դրությամբ բոլոր զոհվածների ընտանիքները նույն գծի վրա են: Ես էսօր գնացել եմ Օշական, կապ չունեմ էդ (զոհված) էրեխու հետ, բայց էսօր մտնում ենք մեր տան նման:
Վիրահատված եմ, ոտքս է, բայց իմ պարտքն եմ համարում, որ գնամ ինչ-որ հերոսի շիրիմին։
Ու մենակ ես չէ, մեր մամաներն ասում են, որ մենք, կարծես, բոլոր բարեկամներին մոռացել ենք, մենք նոր բարեկամներ ենք դարձել:
Շփվում եմ հազարից ավել մայրերի հետ. ասում են՝ բարեկամները մեր կողքին են, մեզ սատարում են, բայց, միևնույն է, մենք մեր սփոփանքը զգում ենք մեր նման մայրերի հետ։ Բնականաբար, իմ մաման չի հասկանա` ինչ ես եմ զգում այնպես, ինչպես զինվորի մայրը կզգա, որը ապրել է էդ ցավը։
Ընենց հանգստություն եմ զգում, որ ինչ-որ մեկին կարում եմ լավություն անեմ: Իրանցից մեկն էլ ես եմ։
Ասեցին Արագածավանում հինգ հերոս կա: Մենք ընտանիքով գնացել ենք Ապարանի Արագած գյուղը: Մենք որոշել ենք, որ մեր ուժերով գնանք ուխտի: Ինձ էս է պետք, ու տաքսիներով գնում եմ: Ես վարձով եմ ապրում, բայց ո՛չ ճանապարհածախսն եմ ավելորդություն համարում, ո՛չ ծաղիկ առնելը:
Իմ Խորենի խոսքն էր, ասում էր՝ դու լավություն արա ու անցի:
Ես շատ հերոսների եմ տեսնում երազում, բայց իրեն չեմ տեսնում: Նույնիսկ վեց օր մի հերոսի եմ տեսել, որն ինձ այլ հերոսի անուն է տալիս՝ Հոկտեմբերյանի գյուղերից, որ պիտի գնամ գերեզմանին, գնում, գտնում եմ իր շիրիմը: Տենց երազներ հաճախ եմ տեսնում։
Ողջ էին, հպարտ էինք, որ ունեինք իրենց, հիմա էլ երկնքում են, հիմա էլ ցավոտ հպարտություն է, բայց հպարտություն է։
Կռիվ
Ես անընդհատ Աստծու հետ եմ, ասում եմ՝ խնդրում եմ, ինձ ասա` ինչի՞ համար: Էդ հարցն ունեմ:
Մի պահ կորցրեցինք հավատներս։
Երբեմն Խորենի նկարաները նայելով՝ մտովի Խորենի հետ էլ եմ կռվի մեջ ընկնում: Ասում եմ՝ գիտեի՛ր, փախնեի՛ր: Հետո ասում եմ՝ ախր ինքն էդ մարդը չէր:
Ուղղակի իմ միակ կռիվն Աստծո հետ, էս է, ասել եմ` Տե՛ր Աստված, եթե պիտի տանեիր, շուտ տանեիր, չծերացնեիր, ծեր մարդու տեսք ուներ ինքը մորգում։
Խորենը պատերազմն էնքան լավ էր ներկայացնում, որ ես չեմ զգացել պատերազմի դառնությունը: Ես ամբողջ պատերազմի ընթացքում չեմ լացել: Ասում էի՝ խի՞ եք լացում, էրեխե՛ք, ասեք՝ Աստված ջան, տալիս եմ քեզ: Բայց ով լացում էր, ով ասում էր՝ չէ՛, չէ՛, իրենց էրեխեքը կան, ես տվի Աստծուն։ Երբեմն ասում եմ՝ Տե՛ր Աստված, ասեցի կտամ քեզ, հո չասեցի՝ առ, տար: