
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով
Ես միջին տարիքի կին եմ, երեք երեխաների մայր: Երեխաներիս դաստիարակությանը զուգահեռ աշխատում եմ, ներգրավված եմ մի շարք հասարակական նախաձեռնություններում:
Այս համառոտ ակնարկում ուզում եմ խոսել կին-մայր-աշխատող եռանկյունում իմ տեսած խնդիրների ու լուծումների մասին, որոնք գուցե առիթ կհանդիսանան մեզ ծանոթ երևույթներին այլ տեսանկյունից նայելու և անհատական կամ համակարգային լուծումներ գտնելու։
Ծնող դառնալու և աշխատանքի բերումով սկսեցի ուսումնասիրել ծնողավարմանը վերաբերող գրականություն, քննարկումների, դասընթացների մասնակցել: Ինտուիտիվ հմտություններիս ավելացան նաև փաստերով հիմնավորված գիտելիքներ և առավել համոզվեցի, թե որչափ կարևոր է գիտակցված ծնողավարումը և երեխաների դաստիարակությանը լրջորեն ու պատասխանատու մոտենալը:
Ծնողավարմանը վերաբերող բոլոր տեսությունների մեջ մի ընդհանուր կարմիր թել կա. պետք է ներկա լինել երեխաների կյանքում, նրանց առօրյայում: Այդ ներկայությունը չպետք է լինի պարզապես ֆիզիկապես նույն տարածքում գտնվելը և տարբեր բաներով զբաղվելը: Երեխայի հետ պետք է որակյալ, ներգրավված ժամանց անցկացնել, կիսել նրանց ուրախությունները, անհանգստություններն ու արձագանքել դրանց: Որակյալ ժամանցի պարզ օրինակներ են երեխայի հետ խաղալը, գրքեր կարդալը, նկարելը, պլաստիլինով կամ խմորով ծեփելը, զբոսնելը, համատեղ տարատեսակ աշխատանքներ կատարելը և այլն: Սրանք պարզ, օգտակար ու հաճելի զբաղմունքներ են, բայց և բավականին ժամանակատար, երբ բաժին են ընկնում մեկ հոգու:
Երբ խոսում ենք ծնողավարման, երեխաների դաստիարակության մասին, չգիտես ինչու, մտածում ենք առաջին հերթին մայրերի մասին: Օբյեկտիվորեն կանայք երեխաների խնամքի և դաստիարակության մեջ իսկապես մեծ բաժին են ունենում, բայց նաև մեզանում հաճախ կա այն թյուր կարծիքը, թե երեխա դաստիարակելու պատիվն ու պարտականությունը միայն մայրերինն է, իսկ հայրերը պետք է միայն գումար վաստակեն և երեխաների վարքի, դաստիարակության, դասերի և այլնի հետ կապված խնդիրների պատճառը փնտրեն մայրերի բացթողումների մեջ: Մինչդեռ պատահական չէ, որ երեխաներն ունեն երկու ծնող` հայր ու մայր: Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ այն երեխաները, որոնց խնամքի և դաստիարակության մեջ ակտիվորեն ներգավված են հայրերը, ունենում են ավելի բարձր ինտելեկտ, ճանաչողական և լեզվական հմտություններ, ավելի ինքնավստահ են լինում և հարաբերություններ կառուցելիս քիչ դժվարություններ են ունենում: Ներգրավվելով երեխաների խնամքի ու դաստիարակության հարցում, ինչու չէ՝ նաև օգնելով կենցաղային հարցերում՝ հայրերը նպաստում են ոչ միայն իրենց երեխաների զարգացմանը, նրանց հետ կապի ամրապնդմանը, այլև մեծ աջակցություն են ցուցաբերում իրենց կանանց՝ առօրյա հոգսերը թեթևացնելու հարցում։ Ազատված ժամանակ կինը կարողանում է այլ գործեր գլուխ բերել, զբաղվել իր հետաքրքրություններով կամ պարզապես հանգստանալ, հետևել իր առողջությանը։ Ավելին, ընտանիքում երեխաների ծնունդին զուգահեռ կին-ամուսին հարաբերությունները, կարծես, երկրորդ պլան են մղվում, և շատ ընտանիքներ այդ ընթացքում լուրջ խնդիրների միջով են անցնում, երբեմն հասնում ամուսնալուծության։ Օգնելով կնոջը և կիսելով երեխաների խնամքին և կենցաղային հոգսերին առնչվող անելիքները՝ ամուսինները նաև խնամում և հոգ են տանում ողջ ընտանիքի ու կնոջ հետ իրենց փոխհարաբերությունների մասին։
Երեխաներիս մեծանալուն զուգահեռ ես գրեթե միշտ զբաղվել եմ այն ամենով, ինչն ինձ հետաքրքիր էր, նպաստում էր իմ անձնային աճին, հմտություններիս զարգացմանն ու իմ ինքնաիրացմանը՝ միաժամանակ չանտեսելով նաև ընտանիքս՝ ամուսնուս և երեխաներիս։ Դա հնարավոր էր միայն ամուսնուս ու ընտանիքի մյուս անդամների մեծ աջակցության շնորհիվ։ Մինչդեռ կնոջ հասարակական դերի մեծանալուն զուգահեռ երբեմն տեսնում ենք այն իրավիճակը, երբ, ընտանիքին զուգահեռ, կինը փորձում է չանտեսել նաև իրեն, աշխատել, և այդ իրավիճակում մնում է մենակ՝ արժանանալով՝ «ինքնուրույնություն, ազատություն ես ուզում, դե՝ ինքդ էլ գլուխ հանիր» վերաբերմունքին։ Իմ շրջապատում բազմաթիվ են այն ընտանիքները, որոնցում տղամարդիկ ամեն կերպ խրախուսում և աջակցում են իրենց կանանց ինքնադրսևորմանը։ Նման ընտանիքներում է, որ երեխաները տեսնում ու սովորում են հարգանք, հոգատարություն միմյանց հանդեպ, աջակցություն ու կարեկցանք։ Նման ընտանիքներն են ցույց տալիս, որ ակտիվ, աշխատող, ինքնաբավ կինն ու հոգատար մայրն ու կինն իրար հակասող դերեր չեն, այլև իրար լրացնող, երեխաների ու հասարակության համար զարգացման ուղենիշներ սահմանող։
Կնոջ ինքնադրսևորման, մայրության խրախուսման համար ընտանիքի աջակցող դերն անչափ կարևոր, բայց ոչ բավարար պայման է։ Այն էկոհամակարգը, որում ապրում, աշխատում և կազմակերպում ենք մեր ու մեր երեխաների առօրյան, ևս մեծ նշանակություն ունի ամեն ինչ հասցնելու և միաժամանակ այրման չհասնելու համար։ Դրանցից, թերևս, ամենակարևորներից մեկն աշխատանքային ժամերն են։ Երբ երեխայի խնամքի առաջին արձակուրդից պետք է վերադառնայի աշխատանքի, ես այն քիչ երջանիկներից էի, որ հնարավորություն ունեցավ աշխատանքը վերսկսել կես դրույքով զբաղվածությամբ։ Լրիվ դրույքով աշխատանքը մանկահասակ երեխաների հետ անպատկերացնելի մի բան է, եթե մտքում ունես երեխաներիդ առօրյայում մեծ տեղ ունեցող մայրիկի կերպար։ Իմ բազմաթիվ ծանոթներ ստիպված են եղել կես դրույքով աշխատանք փնտրելու անհաջող փորձերից հետո կա՛մ շուտ անցնել լրիվ դրույքով աշխատանքի, և ողջ ընթացքում ունենալ անասելի մեծ խղճի խայթ՝ երկար ժամերով երեխայից հեռու լինելու պատճառով, կա՛մ երկար ժամանակ տանը մնալ՝ երեխայի խնամքն ապահովելու համար, ինչի հետևանքով տուժել են նրանց աշխատանքային հմտությունները։ Այս առումով, կարծում եմ, անելիք ունեն թե՛ պետությունը, թե՛ առանձին կազմակերպությունները՝ կես օրով աշխատանքի հնարավորությունները մեծացնելով ավելացնել երեխա խնամող կանանց՝ աշխատանքային շուկայում դրսևորվելու հնարավորությունները։
Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով աշխատաժամանակի որոշակի արտոնություն ունեն մինչև մեկուկես տարեկան երեխային կերակրող մայրերը և վերջ։ Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ մինչև երեք տարեկան երեխայի կյանքում մոր ֆիզիկական և էմոցիոնալ ներկայությունը երեխային պաշտպանում է սթրեսից և կարգավորում հուզական վիճակը, ինչը շատ կարևոր է երեխայի՝ ուղեղի զարգացման և բարեկեցության համար։
2020 թվականի մարտից, համավարակով պայմանավորված, գրեթե բոլորս անցանք աշխատանքի առցանց, ապա՝ խառը տարբերակի։ Աշխատանքի պարտադրված այս ձևաչափը ցույց տվեց, որ հնարավոր է 9:00-18:00-ը գրասենյակում չլինել և արդյունավետ աշխատել։ 8-ժամյա աշխատաժամանակը վաղուց լավ աշխատանքի պարտադիր պայման չէ, ավելին՝ տարբեր կազմակերպություններ, ընդհուպ անգամ երկրներ վերանայում են աշխատանքային ժամերի ողջ տրամաբանությունը։ Այս թվացյալ փոքր փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ կանանց աշխատանք-ընտանիք հավասարակշռության, ծնողավարման որակի, աշխատանքի մոտիվացիայի և արդյունավետության վրա։
Երեխա խնամող կնոջ աշխատելու հնարավորությունները մեծացնելու մեկ այլ կարևոր պայման էլ նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատությունների աշխատանքային ժամերի հարմարեցումն է աշխատանքային հիմնական ժամերին։ Մասնավոր կրթական հաստատություններում այս հարցը կարծես լուծված է, իսկ պետական հաստատությունները, թեև օրենքով այսօր էլ իրավունք ունեն նախատեսել երեխաների համար երկարօրյա ծառայություն, սակայն գործնականում քիչ ուսումնական հաստատություններ են այդ ծառայությունն իրականացնում, ինչի արդյունքում ծնողը, հաճախ հենց մայրը, ստիպված է լինում կա՛մ խնդրել ու աշխատանքից շուտ դուրս գալ, կա՛մ դասերից հետո երեխային տանել աշխատավայր։ Երկարօրյաների պատշաճ ու բովանդակային առումով հետաքրքիր կազմակերպումը հնարավորություն կտա ծնողներին առանց ավելորդ վազքի ու սպառվելու՝ ավարտել աշխատանքն ու հասնել իրենց երեխաներին։
Երբ երեխայիս հետ երբեմն գնում էի աշխատանքի Երևանի քաղաքապետարան, մի զրույցի շրջանակներում սկսեցինք քննարկել այն, որ լավ կլիներ աշխատավայրում ունենալ երեխաների համար առանձնացված սենյակ, որտեղ երեխաները ժամանակ կանցկացնեին՝ մինչ ծնողներն աշխատում են։ Ամեն անգամ աշխատանքի գնալիս տեսնում էի, թե որքան շատ երեխաներ են գալիս իրենց մայրիկների աշխատավայր դասերի ավարտից հետո և ստիպված լուռ նստում աշխատասենյակում մինչև մայրը կավարտեր աշխատանքը։ Եվ իսկապես, երեխաների համար հարմարեցված մի սենյակը հնարավորություն կտա երեխաներին, չխանգարելով ծնողին ու նրա գործընկերներին, միաժամանակ իրեն էլ չկաշկանդելով, հետաքրքիր ժամանակ անցկացնել, դասերը պատրաստել մինչև աշխատանքային օրվա ավարտը։ Սա մեր իրականությունում այսօր կարող է երազանքի նման բան թվալ, բայց իրականում միայն երազելով է, որ կարող ենք առաջ շարժվել ու բերել դրական փոփոխություններ։
Այսօր մենք հաճախ ենք խոսում կանանց իրավունքների մասին՝ կրթություն ստանալու, աշխատելու, հասարակական-քաղաքական կյանքին ներգրավվելու, մայրության խթանման ու պաշտպանության, ժողովրդագրական աճի և իրար փոխկապակցված այլ երևույթների մասին։ Գործնականում այս ամենի մեջ յուրաքանչյուրս ունենք մեր դերակատարումը՝ անհատից, ընտանիքից մինչև պետություն կանանց ողջ պոտենցիալը զարգացնելու և օգտագործելու ի նպաստ մեր հասարակության և մեր պետության, և դրա միակ ճանապարհը կառուցողական երկխոսությունը, հոգատարությունն ու միմյանց աջակցությունն են։