2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, անգամ վիրավոր վիճակում, տունդարձը շատերի համար հրաշքի պես մի բան էր:
Պատերազմի սարսափով անցած բազմաթիվ անձինք այսօր թեև դժվարությամբ, սակայն փորձում են հաղթահարել տեղի ունեցածը և գոնե ինչ-որ կերպ վերադառնալ բնականոն կյանքին: Տղաները նշում են՝ իրենց համար կարևոր է, որ իրենց ոչ թե խղճան ու տեսնելիս բազմանշանակ լռեն, այլ վերաբերվեն այնպես, ինչպես ցանկացած մեկին:
Ինչի՞ համար

21-ամյա Գևորգ Սրապյանը պատերազմի դաշտում կորցրել է ոտքը, սակայն այժմ սպորտով է զբաղվում: Նա պարտադիր ժամկետային զինծառայող էր, ծառայությունն անցկացրել էր Հադրութի զորամասում:


«Կռվի ընթացքում իմ մանկության չորս ընկերներին եմ կորցրել, հիմա մենակ իմ տեղը չեմ ապրում, վեցն էինք, երկուսն ենք մնացել, դրա համար իրավունք չունենք թուլանալու»:
«Պատերազմի սկսվելուց հետո միանգամից տագնապով փորձեցինք առաջնագիծ հասնել, բայց առաջնագիծ գնալ սկզբում չստացվեց: Մի քանի ժամ մեր երկրորդ խրամատում էինք, դիրքավորված էինք, որ մինչև մութն ընկնելը գնանք դիրքեր: Այդ ժամանակ մեր առաջնագիծն ամբողջությամբ այլևս մեզ մոտ չէր: Բայց գիշերը հետախույզների օգնությամբ կարողացանք 11 դիրք հետ բերել ու հաստատվել մեր տեղերում: Ես հոկտեմբերի 3-ին վիրավորվեցի տանկի արկից, ձախ ոտքս կտրեցին, բայց տղերքը ուժեղ կռիվ են տվել: Իմ վիրավորվելուց հետո 20 օր կարողացել են դիրքերը պահել»:
«Հիշում եմ, երբ հիվանդանոցում գիտակցությունս վերադարձավ, բժշկին տեսա: Նա շատ լարված էր, փորձում էր ինչ-որ բան ասել: Ի վերջո ասաց՝ Գևորգ ջան, մենք ստիպված ենք եղել քո մի ոտքն ամպուտացնել: Ես ոչ մի վայրկյան չլարվեցի, հարցրի՝ միայն մի՞ ոտքս: Բժիշկը զարմացավ, ու ես ասեցի, որ այնպիսի բաներ եմ տեսել, որ չեմ կարող ուրախ չլինել, որ ընդամենը մեկ ոտքս եմ կորցրել»:


«Ես տուն տեղափոխվելու հենց առաջին օրից փորձել եմ վերականգնել ինքնուրույն կյանքս, ամեն ինչ ինքս անել: Չեմ ցանկացել որևէ մեկի համար բեռ դառնալ: Հիմա արդեն ես որևէ հարցում օգնության կարիք չեմ ունենում ու հագուստ ընտրելիս էլ չեմ կաշկանդվում, չեմ մտածում՝ այնպիսի բան հագնեմ, որ պրոթեզը չերևա: Մարդիկ, ինձ տեսնելով, սովորաբար հանգիստ են վերաբերում, բայց լինում են դեպքեր, երբ փողոցում անծանոթ կին կամ տատիկ է մոտենում, գրկում է, ասում է՝ կներեք մեզ: Ես հանգիստ ժպտում եմ ու ասում՝ ինչի՞ համար»:
Եղածի մասին հազվադեպ ենք խոսում

Պատերազմին որպես կամավոր մեկնած 30-ամյա Վլադ Վարդանյանը մինչև ձեռքը կորցնելը երբևէ լուրջ սպորտով չէր զբաղվել: Այժմ նա ջրագնդակի պարաօլիմպիկ թիմի անդամ է:


«Պարտքի զգացում ունեի, քառօրյայի ժամանակ էլ էի ուզում գնալ, չտարան, մտածեցի՝ եթե այս մեկին էլ չմասնակցեմ, ինձ լավ չեմ զգա: Սկզբում Մարտակերտում եմ եղել, հետո՝ Մատաղիս, որտեղ էլ վիրավորվել եմ: Ամեն ինչ շատ լավ եմ հիշում: Սկզբում չհասկացա, թե ինչ է եղել, երբ ուզեցի կանգնել, տեսա, որ թևս չկա: Ինքնաթիռի ականի պայթյունից բեկոր էր կպել: Մինչև վերջ գիտակցությունս տեղն է եղել, ամեն վայրկյանը հիշում եմ, թե ով ինչ հարցրեց, ով ինչ ասեց, թե ոնց հայտնվեցի հիվանդանոցում: Բավական դժվար ստացվեց, քանի որ հետնահանջ էր, մնացել էինք միայն մեր ջոկատով, օգնող ոչ մի բրիգադ չկար, որ գոնե մեքենայով մի տեղ հասցնեին, մնացել էինք մենակ: Ավելի շատ զոհեր կային, քան վիրավորներ»:
«Իմ աչքի առաջ են ավելի վատ բաներ եղել, աչքիս առաջ էին մարդկանց կտորները: Ես ո՜նց կարող եմ Աստծուն շնորհակալ չլինեմ, որ միայն թև եմ կորցրել: Ես չեմ թողնում, որ իմ կենցաղում ինձ օգնեն, այնքան եմ անում, մինչև ինձ մոտ ամեն ինչ ստացվի: Ամեն պահ չէ, որ քո կողքին կարող է մարդ լինի ու քեզ օգնի, դրա համար էլ ամենաճիշտն այն է, որ ամենափոքր հարցից մինչև մեծը ինքս անեմ, որ հետագայում էլ ինձ հեշտ լինի: Փորձում եմ ինձ շատ բաներով զբաղեցնել, որ վատ բաների վրա չկենտրոնանամ: Վիրավոր տղաներով եղածի մասին հազվադեպ ենք խոսում: Մեր կատակներն էլ են յուրահատուկ: Հիմնականում կողքից լսողը ավելի շատ նեղվում է, քան ծիծաղում»:
«Ամեն մարդու մոտ հաղթահարումը մի ձև է լինում: Մարդ կա՝ գերության ժամանակ է վիրավորվել, մարդ կա՝ ընկերը կողքը զոհվել է, չես կարող բոլոր դեպքերը համեմատել: Եթե իմ ընկերը կողքս զոհվեր, գուցե ես այսպես տրամադրված չլինեի: Ամեն դեպքում, պետք է փորձել հաղթահարել, քանի որ դա ազդում է և՛ քո, և՛ քո հարազատների կյանքի վրա: Պետք է ամեն ինչ անես, որ ինքնուրույն լինես: Մենք անօգնական չե՛նք»:
Գնացել էինք կռվելու, ոչ թե փախնելու

Լևոն Խաչատրյանն Արարատի մարզի Այգեպատ գյուղից է, 30 հոգանոց ջոկատի հետ կամավոր մեկնել էր պատերազմ՝ տանը թողնելով կնոջն ու երկու անչափահաս երեխաներին։ Ռազմական գործողությունների հետևանքով ջոկատի տղաներից 7–ը վիրավորվել են: Այժմ Լևոնը պայքարում է, որպեսզի պետությունն իրեն ճանաչի որպես մարտական գործողությունների մասնակից և օգնի համապատասխան բուժում ստանալ: Լևոնը վիրավորվել է նոյեմբերի 1-ին` բաց տարածքում վիրավորին սողեսող օգնելու ժամանակ։ Նա անգիտակից վիճակում, ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է Կապան, այնուհետև Սիսիան։ Մի քանի օր անց տեղափոխել են Կանազի հոսպիտալ:


«Մեջքից վիրավորում ունեմ․ բեկորը մտել ա թոքերիս ու ողնաշարիս արանքը։ Արդեն ճարպակալել ա ներվիս հետ, թևս չեմ կարողանում բարձրացնել։ Ունեմ օրական ցավեր, ոչ մի ցավազրկող էլ չի օգնում։ Մեր ջոկատից ամենաթեթև վիրավորումն իմն է: Դեռ լիարժեք աշխատանքի անցնել չեմ կարողանում, բայց մի քանի օրը մեկ ռեստորանում խոհարար եմ աշխատում: Գործատուն շատ լավ մարդ է, ինձ շատ չի ծանրաբեռնում»
«Հոկտեմբերի 28-29 էր արդեն, որ հրամանատարը վիրավորվեց, իրեն իջեցնելուց հետո, նահանջի հրաման եկավ։ Մենք մեզ հրամանատար նշանակեցինք մեր տղաներից մեկին՝ Արմենին, ասաց՝ մենք 30 հոգի ենք, իրենք շատ են, շրջափակման մեջ ենք ընկնելու, որոշեք՝ ով ուզում ա, թող մնա, ես իջնողը չեմ։ Մենք էլ մնացինք: Գնացել էինք կռվելու, ոչ թե փախնելու»։


«Ո՛չ իմ, ո՛չ իմ ընկերների համար պատերազմն ավարտված չէ, ուղղակի փորձում ենք մեր ընտանիքների կողքին լինել, ինչ-որ չափով հոգ տանել նրանց մասին: Մի քանի օրից էլ պատրաստվում ենք գնալ դիրքեր՝ երիտասարդ զինվորների կողքին կանգնելու»:
Պետք է շնորհակալ լինես ապրածդ ամեն մի օրվա համար

Դավիթ Դանիելյանը 2 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Հադրութում տանկի արկի պայթյունի հետևանքով նա դիմածնոտային վնասվածք է ստացել, նաև ունեցել է ողնուղեղի շոկ, որի հետևանքով մի քանի ամիս չի կարողացել քայլել: Դավիթը ծնվել ու մեծացել էր Բերձորում, որը պատերազմի հետևանքով այժմ գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Հիմա նրա ընտանիքն ապրում է պապիկի հին տանը` Արարատի մարզի Հայանիստ գյուղում:


«Շատ վիրահատությունների եմ ենթարկվել, դեռ էլի պետք է վիրահատվեմ, սպասում եմ դեմքիս բոլոր վերքերը վերջնական սպիանան, որ հնարավոր լինի պլաստիկ վիրահատություն անել»:
«Երբ դեռ բանակ չէի գնացել, որոշել էի ծրագրավորող դառնալ, դասերի էի հաճախում, բայց եղածից հետո մտափոխվեցի: Հիմա հեռակա ընդունվել եմ Գյուղատնտեսական ինստիտուտի ֆինանսների բաժին: Մի քանի օրից դասերս սկսվելու են»:
«Երբ պատերազմը նոր էր ավարտվել, ընդհանրապես չէի ուզում տանեցիների հետ շփվել, իմ հետ ծառայած ընկերոջս հետ մեքենաս էինք նստում, ամբողջ օրով տանից դուրս էինք գալիս ու ճամփորդում: Մի քանի ամիս է, ինչ կարողանում եմ տանը մնամ, նորմալ շփվեմ: Այն ժամանակ ուղղակի չէր ստացվում»:
«Այս տարվա սեպտեմբերի դեպքերի ժամանակ սկսեցի վերապրել երկու տարի առաջ տեղի ունեցածը: Կարծում եմ, որ պատերազմով անցած բոլորի մոտ էլ էդպես է լինում»:
«Պատերազմից հետո դժվար է սովորական կյանքին վերադառնալը: Երևի հնարավոր էլ չի ամբողջությամբ ամեն ինչ հաղթահարել, ուղղակի ինչ-որ պահի հասկանում ես, որ կյանքը շարունակվում է ու որ պետք է շնորհակալ լինես ապրածդ ամեն մի օրվա համար»: