Կարինեն
Երբևէ փորձե՞լ եք քաղաքը մաքրել աղբից ձեր ուժերով՝ ամեն օր ճանապարհին հավաքել բնությանը վնաս հասցնող պլաստիկե, ապակե, երկաթե տարաները, ստվարաթղթե արկղերն ու պոլիէթիլենային տոպրակները, տեսակավորել դրանք ու հանձնել վերամշակման։ Կարինե Ավանյանը հենց այդպես է սկսում իր օրն արդեն մի քանի տարի։ «Երբ հասկանում ես, որ այդ իրն ընկնելով բնության մեջ որքան մեծ վնաս է հասցնում, փորձում ես ամեն բան անել՝ քեզ սնող բնությունը գոնե մի փոքր պահպանելու համար»,- ասում է նա։
56-ամյա Կարինեն ապրում է Երևանում, Զեյթուն թաղամասում։ Աղբահավաքության իր «աշխատանքը» սկսում է հենց բակից, որտեղ շատերին է վարակել իր՝ «աղբը թափոն է և նրանից պարզապես դեն նետելով չի կարելի ազատվել» գաղափարախոսությամբ։ Հետո քայլում է դեպի Կասկադ, որտեղ աղբի, կամ ինչպես ինքն է ասում՝ թափոնների պակաս երբեք չի լինում։ Կարինեն վստահ է, եթե տարածքը մաքրվում է, հետո մարդիկ ավելի քիչ են աղտոտում։
Կարինեի հայրը զինվորական է եղել, պարսկերենի թարգմանիչ, ընտանիքը տարբեր տարիներին տարբեր հանգրվաններ է ունեցել։ Կարինեն, օրինակ, ծնվել է Աֆղանստանում, այնուհետև հորը գործուղել են Ռուսաստան, հետո Վրաստան, որտեղ սովորել է մինչև 9-րդ դասարան, իսկ հետո արդեն հաստատվել են Հայաստանում։
Բնության մեծ սիրահարը սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) ռադիոտեխնիկայի բաժնում, որտեղ էլ հետո դասավանդել է՝ զուգահեռաբար աշխատելով հաստոցաշինական տարբեր գործարաններում։ Հիմա ազատ աշխատանքով է զբաղվում, պատմություններ գրում, թարգմանություններ անում, և, որ ամենակարևորն է, կամավորությամբ զբաղվում։ «Միշտ էլ կարծես զբաղվել եմ աղբ հավաքելով։ Հիշում եմ, փոքր հասակում մյուսների կարծիքով արդեն դեն նետելու իրերից տարբեր բաներ էի սարքում. դրանք տանեցիների ծաղրին էին սովորաբար արժանանում։ Բայց ինձ մինչև հիմա էլ դուր է գալիս անպետք իրերին երկրորդ կյանք տալը»,- պատմում է Կարինեն։
Շուրջ վեց տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրելուց ու Հայաստան վերադառնալուց հետո Ավանյանը փորձել է Երևանում թափոններ վերամշակող կետեր գտնել։ Բայց միակ վայրը, որտեղ աղբի տեսակավորմամբ աղբարկղերի է հանդիպել, Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգին է եղել։ «Սկզբում ինքս ինձ համար էի հավաքում թափոնները, տեսակավորում ու տանում լցնում այգու աղբամանների մեջ։ Հետո իմացա, որ կան վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններ, գտա նրանց, հիմա բացի հավաքելուց ու տեսակավորելուց, նաև հանձնում եմ վերամշակման»։
Կարինեն իր շրջապատում շատերին է վարակել։ Ասում է՝ բավական շատացել են մարդիկ, որոնք հավաքում են թափոնները, հետո զանգահարում իրեն, ինքն էլ շտապում է դրանք բերել, տեսակավորել։ Ամսվա մեջ մեկ օր «պաշարը» հանձնում են վերամշակող կազմակերպություններ։ Պարզվում է՝ թափոններ հանձնելը նաև շահավետ է, իսկ գոյացող գումարը կուտակում են՝ հետագայում վերամշակող սարքավորումներ գնելու նպատակով։ «Առհասարակ, նման գործերը պետք է լինեն քո կամքով, գումար ստանալով կամ կարիերա անելով չի լինի, ամեն մարդ պետք է զբաղվի դրանով։ Որքան հաճելի է չէ՞, երբ մեկին լավություն ես անում, ինչքան լավ ես զգում չէ՞, հասկանում ես, որ հենց այնպես չես ապրել կյանքդ։ Աղբը հանձնեցիր ու ինչքան բան փրկեցիր. եթե ինձ դրա դիմաց վճարեին, ես կմտածեի, որ ինչ-որ մեկի համար եմ աշխատում, ինչ-որ մեկի համար եմ անում, մինչդեռ ես դա անում եմ ինձ համար, երևի ես էգոիստ եմ»,- ասում է նա։
Կարինեի համար կամավորությամբ զբաղվելն առաջին հերթին ազատություն է, քանի որ անում ես այն, ինչ ինքդ ես ուզում. «Տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են կամավորություն անում։ Սովորաբար կամավորությունը հարթակ են դիտարկում ապագա մասնագիտացման համար, մարդ կա պարզապես փորձում է ինչ-որ բան սովորել։ Կամավորությունը ազատություն է, այստեղ որևէ մեկը որևէ բան չի կարող ստիպել, դու որևէ մեկից կախված չես։ Ինձ համար ամենակարևոր պահը թերևս այն է, որ ես ունեմ իմ կարծիքն ու ազատ ժամանակս կարող եմ տրամադրել ինձ դուր եկող աշխատանքին։ Ազատությունը երջանկության ամենագլխավոր տարրերից է ու կամավորությունը տալիս է այդ ազատությունը։ Եթե ես ստիպողաբար աշխատեի, ավելի քիչ ջանք կթափեի, իսկ որպես կամավոր ես տասնապատիկ ավելի շատ եմ աշխատում ու չկա այդ զգացումը, թե ինչ-որ մեկն ինձ օգտագործում է. այսօր այստեղ եմ, վաղն այնտեղ»։
Արմենուհին
Երբ Արմենուհի Սարգսյանն ավարտեց Պոլիտեխնիկական ինստիտուտը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան), ստանալով տեղեկատվական տեխնոլոգիաների ինժեների մասնագիտացում, աշխատում էր Մերգելյան ինստիտուտում («Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ)։ Ապա ծնվեցին նրա երեխաները, և Արմենուհին ստիպված եղավ ընդմիջել աշխատանքը։ Իսկ երբ որոշեց վերադառնալ սիրելի աշխատանքին՝ մի ամբողջ հասարակարգ էր փոխվել, մի ամբողջ տեխնիկական դարաշրջան անցել։ «Այթին այն ոլորտն է, որ մի քանի տարում հնանում է, իսկ 20 տարին բավական մեծ ժամանակահատված է։ Երբ աշխատում էի Մերգելյան ինստիտուտում, համակարգիչը զբաղեցնում էր մի մեծ դահլիճ, երբ արթնացա՝ 2000-ին, պարզվեց, որ մի փոքր էկրան է ու փոքր արկղիկ։ Դա ամենամեծ բաժանման շրջանն էր և այդ ոլորտ վերադառնալը անօգուտ ջանք թափել կլիներ։ Երբ երեխաներս մի փոքր մեծացան ու ես ցանկություն ունեի աշխատելու՝ պատրաստ էի ամեն բան անել։ Բայց դա այն շրջանն էր, երբ մարդիկ անգամ իրենց մասնագիտությամբ աշխատանք չէին գտնում, իսկ ես, փաստորեն, անգամ մասնագիտություն չունեի»,- ասում է Սարգսյանն ու կատակում, որ 20 տարի ընտանիքում է կամավոր եղել։
Բայց կյանքը շուտով ժպտում է պրպտող տիկնոջը. նրան մեկ տարով աշխատանքի են ընդունում երաժշտական արխիվում, որը թեև ոչ մի առնչություն չուներ տիկին Արմենուհու նախասիրությունների հետ, բայց աշխատանք էր. «Այդ ժամանակ երաժշտությունն ինձ առնչվում էր միայն այնքանով, որքանով երեխաներս երաժշտական դպրոց էին հաճախել ու երգում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում։ Բայց միևնույն է, ես երջանիկ էի, որ արխիվը գտնվեց, որովհետև կարող էի առավոտյան արթնանալ, սանրվել ու դուրս գալ տնից, ինչն արդեն իսկ մեծ բան էր ինձ համար։ Վերականգնվեց ինքնագնահատականս ու թեև մեկ տարի պետք է աշխատեի, աշխատեցի ամբողջ հինգը»։
Այնուհետև Արմենուհի Սարգսյանն աշխատանքի է անցնում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունում, որտեղ 2005-2009 թթ․ աշխատում է համայնքների զարգացման ծրագրում։ Ու հենց այստեղից էլ սկսվում է Արմենուհու կյանքի հետաքրքիր փուլերից մեկը։ Կազմակերպությունում աշխատելու տարիներին նա ծանոթանում է Եվրամիության կամավորության ծրագրերին, ընդգրկվում դրանցում։
Արմենուհին սկսում է տարածել ծրագրերը, դրանք տարբեր կազմակերպությունների հետ իրականացնել։ «Այրուձի» հեծյալ ակումբի հետ համատեղ սկսում են կամավորներ ուղարկել արտերկիր, իսկ մինչև 2011 թվականը՝ նաև ընդունել նրանց Հայաստանում։ Ընդ որում, նախապայմաններից մեկն այն էր, որ կամավորը սովորի տեղական լեզուն։ Տիկին Արմենուհին ստանձնում է եկվորների հայերենի ուսուցչի պարտականությունները ու դառնում այստեղ նրանց լավագույն ընկերը։
Այժմ 62-ամյա Արմենուհի Սարգսյանը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի Եվրոպական կամավորական ծառայության (EVS, European Voluntary Service) խորհրդատուն է։ «Ամբողջ թղթաբանությունն ենք անում, օգնում կամավորներին. ես հայերենի և ռուսերենի ուսուցիչն եմ, կարծես նրանց ընկերը լինեմ»,- ասում է Սարգսյանը։
Կամավորների հետ աշխատելով տիկին Արմենուհին ևս վարակվում է կամավորությամբ զբաղվելու ցանկությամբ և 2010-ից ընդգրկվում Երևանում կանանց միջազգային միավորում (ԵԿՄՄ) կազմակերպության մեջ։ Կազմակերպությունը միավորում է օտարերկրացի ու տեղացի կանանց, բարեգործական տարբեր ծրագրեր, տոնավաճառներ է իրականացնում։ Այս պահին կանանց միավորումում 40 հոգի են. նրանք որոշել են կազմակերպության ծրագրերում ներառել Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղեր և փորձելու են կյանքն այնտեղ ավելի բարեկեցիկ դարձնել։ «Հատկապես արտասահմանցի կանանց նախաձեռնությունն է եղել։ Նրանք մտածում են՝ չէ որ Հայաստանը մեզ այսքան հյուրընկալ է դիմավորել, մենք էլ փորձենք մի բան անել երկրի համար։ Երբ ընդգրկվեցի, մանրամասն չգիտեի կազմակերպության մասին, այդ պահին ինձ համար կարևոր էր անգլերենը զարգացնելը, բայց գաղափարն ինձ այնքան մոտիկ թվաց, որ հաճույքով ընդգրկվեցի բոլոր ծրագրերում ու հիմա բարեգործական ծրագրերի կոմիտեի տնօրենն եմ»,- պատմում է տիկին Արմենուհին։
Բայց եթե օտարերկրացիների համար շատ ավելի հեշտ է կազմակերպության գործունեության մեջ ներգրավվելը, տեղացի կանանց դեպքում սա իսկական փորձություն է։ «Մենք ունենք ծնողներ, թոռնիկներ, երեխաներ, ամուսին, տուն-տեղ, հիմնական աշխատանք և այլն, ու այդքանի հետ մեկտեղ դեռ ժամանակ ես գտնում ոչ միայն մասնակցելու հավաքներին, այլև փորձում ես հնարավորինս շատ գումար հայթայթել, որոնք ուղղվելու են բարեգործական ծրագրերին։ Ինձ համար շարժիչ ուժը հենց սա է. երբ քո չնչին միջոցներով մեծ գործ ես կարողանում անել ու օգնել մարդկանց։ Դա այնքան մեծ ուժ է, որ թողնում ենք ամեն բան ու լծվում գործին»,- ասում է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է առհասարակ կամավորության շարժիչ ուժին, ապա մեծ դեր ունի միջմշակութային բաղադրիչը. «Մարդիկ ուզում են երկրներ ճանաչել։ Հայաստանն այս առումով հետաքրքիր է. օտարերկրացիները չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է սարերի մեջ ապրել, հետաքրքիր է մեր բազմադարյա պատմությունը»։ Ըստ Սարգսյանի՝ կամավորությունը գոյություն ունի այնքան, որքան մարդկությունը, միգուցե այլ անունով. «Խաչատուր Աբովյանի աշխատանքի բնույթը չէր գյուղերում դպրոցներ բացելը, մինչդեռ նա արել է դա՝ խնդիրներ ունենալով իշխանությունների հետ։ Միգուցե անունը կամավոր չի եղել, սակայն նրանք դա նվիրումով են արել։ Եթե հիշենք ցեղասպանության տարիներին եվրոպացի ու ամերիկացի միսիոներներին, երկրաշարժից հետո վերականգնողական ծրագրերը, չէ որ դրանք էլ են կամավորության տեսակ։ Կամ Ղարաբաղյան պատերազմի տարիներին քանի-քանի նվիրյալներ իրենց կյանքը զոհեցին հայրենիքին՝ կամավորական ջոկատներ կազմելով։ Կամավորությունը ոչինչ չի պահանջում, բացի ցանկությունից. ամեն կամավորության հետ մարդը տալիս է իր հոգու մի մասնիկը»,- ասում է տիկին Արմենուհին։ Ըստ նրա՝ թե՛ կամավորությունը, թե՛ կամավորի հետ աշխատանքը փորձության նման մի բան է. «Բազմաթիվ բաներ ինքդ քո մեջ պետք է հաղթահարես։ Օրինակ՝ ամուսնուս ծնունդին չգնացի, քանի որ տոնավաճառի էի՝ ես զոհաբերեցի ընտանեկան հավաքը։ Այսպես բազմաթիվ պահեր ես զոհաբերում։ Այն ժամանակը, որը կարող էիր թոռնիկիդ կամ երեխայիդ տրամադրել, քո աշխատանքն անել կամ ուղղակի հանգստանալ, տրամադրում ես կամավորությանը»։
Սարգսյանն ասում է, որ կամավորությամբ զբաղվելու համար կարևոր է նաև ընտանիքի աջակցությունը, ու այս հարցում իր բախտը բերել է. «Մեր կամավորներին մենք երբեմն տանում ենք մեր ամառանոց, միասին ժամանակ անցկացնում, երկար զրուցում։ Որդիս լուսանկարիչ է, մեր տոնավաճառի համար հաճախ իր լուսանկարներն է տրամադրում։ Երբեմն ծաղրում են, բայց հանդուրժում են, ըմբռնումով են մոտենում, հասկանում են, որ մաման շատ կարևոր գործ ունի»։
Սևանը
2003 թվականին հիմնադրված «Դեպի Հայք» բարեգործական կազմակերպությունը նպատակ ունի ոչ միայն սփյուռքի հայ երիտասարդներին ներկայացնել Հայաստանը, այլև ապահովել հայրենիքում բազմաբովանդակ փորձ ձեռք բերելու հնարավորություն։ Հիմնադրումից հետո 50 երկրից ավելի քան 1900 երիտասարդ է եղել Հայաստանում և կամավորական աշխատանքի միջոցով ծանոթացել հայրենիքին, ապրել երկրում։ Կամավորներից շուրջ 180-ը ինչ-որ ժամանակ անց վերադարձել են Հայաստան ու հաստատվել այստեղ։
Սևան Խալամազյանը ևս «Դեպի Հայք» ծրագրի կամավոր է։ 25-ամյա երիտասարդը եկել է Ֆրանսիայից՝ անցած տարվա հոկտեմբերին ու Հայաստանում պիտի մնար մինչև փետրվար։ Բայց Սևանը նոր ծրագրեր ունի. «2019-ի ամռանն առաջին անգամ երեք ամսով եկա Հայաստան «Դասավանդիր Հայաստան» ծրագրին մասնակցելու։ Երբ հետ վերադարձա Ֆրանսիա, շատ կարոտում էի Հայաստանը։ Ու թեև վաղուց գիտեի «Դեպի Հայք» ծրագրի մասին, ու վաղուց մտածում էի դիմել, սակայն ուսանող էի, ժամանակս շատ քիչ էր։ Իսկ հիմա արդեն ազատ էի, դիմեցի ու կրկին եկա հայրենիք»,- պատմում է Սևանը։
Մարդու իրավունքների բնագավառում մասնագիտացած երիտասարդը Հայաստանում փոփոխություններ է ուզում այս բնագավառում ևս և հույս ունի իր գիտելիքները ներդնել այդ գործում։ Այս պահին նա մի քանի ծրագիր է իրականացնում՝ ֆրանսերենով մարդու իրավունքների շուրջ զրույցների շարք է անցկացնում, ֆրանսերեն ուսուցանում փախստական կանանց։ Մտածում է նաև կենտրոն հիմնել Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստանում հայտնված հայրենակիցների համար. կենտրոնում նրանք կկարողանան հոգեբանական աջակցություն ստանալ, նաև լեզուներ ու այլ հմտություններ սովորել։ «Ցանկանում էի հայությունս հետ գտնել ու գոնե մի բան անել, գոնե մի օգուտ տալ երկրին»,- ասում է Սևանը։
Սևանի հայրը Սիրիայից է, մայրը՝ Լիբանանից։ Հայրը Հայաստանում երբեք չի եղել, մայրը՝ 30 տարի առաջ է Հայաստան այցելել։ Սակայն աղջկա սերն առ հայրենիք վարակել է ծնողներին ու փոքր եղբորը. ընտանիքը 2020 թվականը դիմավորել է Հայաստանում, մի քանի օր անցկացնել հեռավոր հայրենիքում։
Թե որքան կշարունակի կամավորությամբ զբաղվել Սևանը հայրենիքում, այս պահին դժվարանում է ասել, սակայն ուրախությամբ նշում է, որ ծնողները պատրաստակամ հոգում են նրա բոլոր ծախսերը՝ մինչ ինքը անշահախնդիր ու անվարձահատույց փորձում է օգնել վերագտած հայրենիքի բնակիչներին։
Կամավորությունը Հայաստանում. կամավորությանն առնչվող հիմնախնդիրներ
Հետազոտությունը վեր է հանում Հայաստանի Հանրապետությունում կամավորությամբ զբաղվելու հիմնական դրդապատճառները, ուսումնասիրում է կամավորական գործունեության կարգավորման շրջանակները և բացահայտում կամավորության ոլորտի հիմնախնդիրները:
Read moreԲացահայտել Հայաստանը պատմություններով
Ի՞նչ է նշանակում կամավոր լինել մի երկրում և հասարակության մեջ, որը խիստ տարբերվում է ձեր սեփականից: Սոֆյա Բերգմանը պատմում է Հայաստանում իր փորձառության մասին:
Read moreՆերածություն. անցումային արդարադատություն
Անցումային արդարադատությունը արդարադատության առանձնահատուկ ձև է, քանի որ ներդրվում է որոշակի ժամանակահատվածով և բացառիկ հանգամանքներ կարգավորելու նպատակով։ Ներքոշարադրյալը հիմնված է դոկտոր Ներսես Կոպալյանի «Անցումային արդարադատության օրակարգ Հայաստանի Հանրապետության համար» զեկույցի վրա և վերջինիս առանցքային թեզերի ամփոփումն է։
Read moreՆերածություն. հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում
Հայաստանը որդեգրել է երեխաներին հաստատություններից դեպի ընտանիք ուղղորդելու, այլ կերպ ասած՝ ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը և տևական ժամանակ է ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ անհնարինության դեպքում՝ ընտանիքահենք խնամքի այլ տարբերակների կիրառմամբ կազմակերպելու ուղղությամբ։
Read moreՆախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։
Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։