Անցումային արդարադատությունը արդարադատության առանձնահատուկ ձև է, քանի որ ներդրվում է որոշակի ժամանակահատվածով և բացառիկ հանգամանքներ կարգավորելու նպատակով։ Ներքոշարադրյալը հիմնված է դոկտոր Ներսես Կոպալյանի «Անցումային արդարադատության օրակարգ Հայաստանի Հանրապետության համար» զեկույցի վրա և վերջինիս առանցքային թեզերի ամփոփումն է։
Ի՞նչ է անցումային արդարադատությունը
Անցումային արդարադատությունը (ԱԱ) հայկական դիսկուրսի մաս դարձավ Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, երբ նախորդ վարչակարգի տապալումը հանրության շրջանում ժողովրդավարացման ակնկալիքներ և նախկին անարդարությունների մասին ամբողջ ճշմարտությունը բացահայտելու պահանջ ստեղծեց։ Վերջին մի քանի տասնամյակում անցումային արդարադատության բազմաթիվ ծրագրեր են իրագործվել հետհակամարտային կամ հետավտորիտար հասարակություններում՝ հիմնականում դրանց փոխակերպումը հեշտացնելու և ինստիտուցիոնալ բարեփոխումները խթանելու համար։ Չնայած զգայուն օրակարգերին՝ այսպիսի ծրագրերն ունեն ընդհանուր նպատակ. հետաքննել անցյալում մարդու իրավունքների խախտումներն ու անարդարությունները, կանխել ապագայում հնարավոր չարաշահումները և նպաստել ազգային կամ անհատական հաշտեցմանը։
Անցումային արդարադատության վերաբերյալ ուսումնասիրությունների բնագավառը համեմատաբար թույլ զարգացած է համարվում և ներառում է կոնցեպտուալ երեք մոտեցում, որոնք կարող են ենթադրաբար հակադրվել միմյանց։ Առաջին. անցումային արդարադատությունը սահմանվում է որպես պայքար անպատժելիության դեմ, քանի որ ակնկալվում է, որ անցումային գործընթացները մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետաքննության մասով պատասխանատվության մեխանիզմներ կձևավորեն։ Երկրորդ. այն սահմանվում է որպես հակամարտության լուծման տեխնիկական միջոցների շարք, որովհետև սպասված արդյունքը կարող է լինել հակամարտության դադարեցումն ու երկարատև խաղաղության հաստատումը։ Եվ վերջապես, անցումային արդարադատությունը սահմանվում է որպես պետականաշինության գործիք՝ լեգիտիմ և արդյունավետ կառավարման հաստատություններ ստեղծելու կամ գոյություն ունեցող հաստատությունների հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու միջոցով։ Խնդրահարույցն այստեղ այն է, որ թվարկված երեք նպատակներից որևէ մեկի ուղղությամբ միջոցառումները կարող են ձեռնարկվել մյուս երկուսի հաշվին։ Հակամարտության կասեցումը, մի կողմից, կարող է պահանջել անձեռնմխելիություն մարդու իրավունքները խախտած օրինազանցների նկատմամբ, ինչը հակասում է հանրության՝ պատժիչ արդարադատություն իրականացնելու պահանջին։ Մյուս կողմից, եթե անպատժելիությունը շարունակվի, այն է՛լ ավելի կսրի հակամարտությունը և կարգելակի պետական մարմինների զարգացումը կամ նորերի հիմնումը։
Կարևոր է ընդունել, որ անցումային արդարադատությունը արդարադատության առանձնահատուկ ձև է, քանի որ ներդրվում է որոշակի ժամանակահատվածով և բացառիկ հանգամանքներ կարգավորելու նպատակով։ Անցումային ժամանակաշրջանում հատուկ քայլերի ընտրությունը խորհրդանշական է և ռազմավարական տեսանկյունից կարևոր, քանի որ դրանք նշելու են քաղաքական նոր համակարգի առաջնայնությունները և ձևավորելու հասարակական նոր պայմանագիր։ Առաջադրվող նպատակներին հասնելու համար անցումային արդարադատության օրակարգը, գոնե ժամանակավորապես, ամրագրում է, որ արդարադատությունը բավական հղկված ոլորտ է, և երբեմն հանրությանը կոչ անում զիջումների գնալ այնպիսի դեպքերում, որոնք առնչվում են նախորդ վարչակարգի քաղաքական, տնտեսական կամ ռազմական ազդեցիկ գործիչներին։ Այս փոխզիջումը, սակայն, ոչ մի դեպքում անպատժելիություն չէ. ավելին, հենց փոխզիջումն է դրվում հաշվետվողականության և հաշտեցման հիմքում։ Օրինազանցները կանչվում են պատասխանատվության, իսկ համագործակցելու և անցյալում գործած անօրինությունները խոստովանելու դիմաց հասարակությունը ներում է նրանց ու հաշտվում։
Հետհակամարտային և հետռեպրեսիվ հասարակություններում խաղաղության և արդարադատության համաժամանակյա գործարկումը գուցե հակասական թվա, որովհետև խաղաղության գործընթացը նպաստում է հաշտեցմանը, մինչդեռ արդարադատության պահանջը ենթադրում է պատիժ կամ այսպես կոչված պատժիչ արդարադատություն։ Այս համատեքստում անցումային հասարակությունները սովորաբար հակված են զարգացնել թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Թվացյալ այս երկվությունը պարզաբանման կարիք ունի, հաշվի առնելով այն, որ անցումային արդարադատությունը՝ որպես բացառիկ արդարադատության ձև, ոչ թե պատժի կամ հատուցման, այլ ավելի շատ ինքնաշտկման և հաշտեցման գործիք է։ Ավելին, քանի որ այն առնչվում է հասարակության ինչպես փոխակերպման, այնպես էլ արդարադատության բաղադրիչներին, դրանցից ոչ մեկը կարող գերադասվել մյուսի հաշվին։ Սա է պատճառը, որ անցումային արդարադատությունը չի շեշտադրում պատժիչ մոտեցումները. նպատակը աջակցելն է ու անցումային գործընթացին հարմարվելը և ոչ թե պատժի, հատուցման կամ վենդետայի ձգտելը։
Անցումային արդարադատության գործընթացները կարող են լինել «առաջադիմական» կամ «հետադիմական»։ Առաջադիմական է, երբ կառավարությունը գերազանցապես կենտրոնանում է բռնության կամ հասարակական տարաձայնությունների վերացման, փոխվստահության վերականգնման և այնպիսի կառույցների ու հաստատությունների ստեղծման վրա, որոնք կկանխեն ապագա հակամարտությունները։ Հետադիմականի դեպքում կողմերը կապիտալացնում են անցյալի հանցանքները, համակարգային կոռուպցիան և մարդու իրավունքների պարբերական խախտումները. այս դեպքում խորհուրդ է տրվում կիրառել ճշմարտության բացահայտման, փոխհատուցումների և հաշտեցման մեխանիզմները։ Անցումային արդարադատության հաջողված ծրագրերն օգտվում են երկուսից էլ. հետադիմական գործընթացներից՝ անցյալի անարդարություններին անդրադառնալու, և առաջադիմական գործընթացներից՝ բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդավարական պետական կառուցվածքի անցնելու համար։
Որո՞նք են անցումային արդարադատության գործիքները
Անցումային արդարադատության ծրագրերը հենվում են մի շարք դատական և ոչ դատական միջոցների վրա՝ հետաքննելու նախորդ՝ ավտորիտար և/կամ ռեպրեսիվ վարչակարգերի անարդարությունների ու իրավախախտումների լայն շրջանակը։ Այս բաժինն ընդհանուր պատկերացում է տալիս այն գործիքների մասին, որոնք կիրառվում են անցումային արդարադատության տարբեր գործընթացներում։
Ճշմարտության բացահայտման հանձնաժողով
Ճշմարտության հանձնաժողովները ոչ պատժիչ, «կեղծ»-դատական միջոցներ են նախորդ վարչակարգերի գործած այն հանցագործությունների համար, որոնք չեն հետաքննվել և չեն փաստագրվել։ Ճշմարտության հանձնաժողովները մեկտեղում են օրինազանցներին և տուժողներին՝ անցյալի իրադարձությունների մասին ճշգրիտ ու ամբողջական պատկերացում կազմելու, մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով համակարգային անարդարությունները կարգավորելու նպատակով։ Ճշմարտության ուժեղ հանձնաժողովներն արդյունավետ են անցումային շրջաններում, քանի որ հիմք են ստեղծում խաղաղության և անհրաժեշտ պայմաններ՝ հասարակության առաջընթացի համար։
Ուժեղ հանձնաժողովներին հատուկ են հետաքննություն կատարելու լիազորությունը, ներքին և միջազգային աջակցությունը, ինչպես նաև բավարար ռեսուրսները։ Ճշմարտության հանձնաժողովները արդյունավետ են հատկապես այն դեպքերում, երբ մեծ է դատական կարգով հետապնդման ենթակա օրինազանցների թիվը։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, օրինակ, հետապարտեիդյան (ռասսայական խտրականության քաղաքականություն, ծանոթ. թարգմ.) Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը, որը ստեղծվեց 1995 թվականին, օրինազանցներին խրախուսում էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, վկայություններ տալ և խոստովանել գործած հանցանքները. փոխարենն առաջարկվում էր պայմանական համաներում, ինչը մեծացնում էր ճշմարտության ամբողջական վերհանման հնարավորությունը։ Այսպիսով, ճշմարտության հանձնաժողովները ծառայում են որպես պետության կողմից լիազորված հետաքննչական մարմիններ, որոնք բացահայտում, փաստագրում ու հանրայնացնում են անցյալի անարդարությունները։
Համաներում
Համաներումը, որը որոշ հանցագործությունների դեպքում քրեական հետապնդումից իրավական անձեռնմխելիություն է ապահովում առանձին խմբերի կամ անհատների համար, անցումային արդարադատության ամենահակասական մեխանիզմներից է։ Համաներումը կիրառվում է առավելապես ճշմարտության հանձնաժողովներում՝ խրախուսելով օրինազանցներին համագործակցել և օգնել բացահայտել անցյալի անարդարություններն ու իրավախախտումները։ Որոշ դեպքերում կիրառվում է համընդհանուր համաներում, հասարակության լայն շրջանակների նկատմամբ՝ հակամարտությունը մեղմելու կամ դադարեցնելու նպատակով։ Ցավոք, համաներումը, որպես այդպիսին, չի բերում ցանկալի այն արդյունքին, որին ձգտում են անցումային արդարադատության ծրագրերը։ Այնուամենայնիվ, այն բավական արդյունավետ է, երբ կիրառվում է որպես անցումային արդարադատության բազմակողմանի օրակարգի բաղկացուցիչ մաս։
Բելֆասթյան ուղեցույցը, որը քննում է համաներումների լեգիտիմությանն ու օրինականությանը առնչվող սկզբունքները ավտորիտար վարչակարգից անցում կատարող պետություններում, նշում է, որ համաներման ծրագրերից հանցագործություններից բացառման հարցում կայուն կոնսենսուս կա։ Ուղեցույցում նշվում է նաև, որ համաներման որոշ ծրագրեր ավելի լեգիտիմ են, քան մյուսները։ Իրավական առումով ավելի ընկալելի են համաներումները, որոնք հայտարարվում են հանրային լայն քննարկումներից հետո՝ տուժողների ներգրավմամբ, կամ պայմանական համաներումները, որոնք որոշակի պարտավորություններ են դնում օրինազանցների վրա։ Այդուհանդերձ, կտտանքները, ցեղասպանությունը կամ բռնի տեղահանումը համարվում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ և բացառվում են համաներման ծրագրերից։
Վեթինգ
Անցումային արդարադատության հաջողված օրակարգի նպատակներից է անարդարությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելումը։ Սա արվում է հիմնականում ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով, և վեթինգն այս գործընթացը հեշտացնող մեխանիզմներից է։ Վեթինգը հանրային պաշտոնյաների ազնվության գնահատում է, որը որոշում է նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը։ Վեթինգի գործընթացը քաղաքական չէ, ոչ էլ գաղափարախոսական, այն հիմնվում է նախապես սահմանվող չափանիշների վրա, որոնցով գնահատվելու են թեկնածուները։ Գնահատման չափանիշները պետք է ներառեն առնվազն թեկնածուների մասնագիտական գիտելիքներն ու որակավորումը, ֆինանսական կարողությունները, ազնվությունը։ Վեթինգի առաջնային նպատակը հանրային ծառայությունից այն պաշտոնյաների հեռացումն է, որոնք կորցրել են հանրային վստահությունը, ձախողել վեթինգի գործընթացը կոռուպցիոն, օրինազանց գործընթացներում ներառված լինելու կամ էլ մասնագիտական կոմպետենտության չափանիշներով։ Վեթինգը նպատակ ունի նաև հող նախապատրաստել ինստիտուցիոնալ բարեփոխումների համար. հեռացնելով ցածրորակ կամ կոռումպացված անձնակազմին՝ վեթինգը ինստիտուցիոնալ ինքնաշտկման և բարեփոխման հնարավորություն է ստեղծում։
Լյուստրացիա
Լյուստրացիան վեթինգի հատուկ և ծայրահեղ տեսակն է, որը նախատեսված է հասարակությունը նախորդ՝ ավտորիտար վարչակարգի մնացուկներից զտելու և այդ վարչակարգին առնչակից մարդկանց հանրային պաշտոններից կամ հանրային լուրջ ազդեցություն ենթադրող դիրքերից հեռու պահելու համար։ Ի տարբերություն վեթինգի՝ լյուստրացիան շատ ավելի երկարատև և ծավալուն գործընթաց է և կարող է ներառել այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են նախագահի գրասենյակը, խորհրդարանը, ոստիկանությունը, լրատվամիջոցները, գիտական շրջանակները, քաղծառայողները։ Թեև լյուստրացիան նպատակ ունի հնարավորություններ ստեղծել պետական ինստիտուտների հանդեպ հանրային վստահության վերականգնման ու հանրության հաշտեցման համար, որոնք խիստ անհրաժեշտ են հետհակամարտային կամ հետավտորիտար հասարակություններում, այն, որպես կանոն, չի բերում ցանկալի այն արդյունքին, որին ձգտում են անցումային արդարադատության ծրագրերը։
Փոխհատուցումներ
Փոխհատուցումը անցումային արդարադատության գործընթացների կարևոր բաղադրիչ է, քանի որ ճանաչում է տուժողների իրավունքների կարևորությունը, ամրագրում անցյալում մարդու իրավունքների խախտումները և վերականգնում վստահությունն ու համերաշխությունը հասարակության շրջանում։ Փոխհատուցումը նաև միջոց է, որով պետությունը կամ անհատը շտկում է մարդու իրավունքների խախտումների հետևանքները, որոնք եղել են կա՛մ անցյալի անարդարությունների հիմքում, կա՛մ էլ չի հաջողվել ժամանակին համաչափ միջոցներ ձեռնարկել այդպիսիք կանխելու համար։
Միջազգային իրավունքը ճանաչում է, որ մարդու իրավունքների պարբերական խախտումներից տուժածներն իրավունք ունեն ստանալ արագ և համարժեք փոխհատուցում, բազմակողմանի փոխհատուցումներ պարտավոր են տրամադրել նաև պետությունները։ Փոխհատուցումները տարբեր են՝ պարզ, խորհրդանշական քայլերից (ներողություն, հուշարձաններ, փողոցների անվանակոչումներ, հանրային ճանաչում, պետական ճանաչում և այլն) մինչև նյութական միջոցներ։
Գաղտնազերծում
Անցումային արդարադատության լայնորեն կիրառվող գործիքների թվում է ավտորիտար վարչակարգերի գաղտնի փաստաթղթերի հանրայնացումը, որի նպատակը ճշմարտության բացահայտումն է։ Անվտանգության մարմինների գաղտնազերծված արխիվները, օրինակ, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել, թե ինչպես են գործել այս հաստատությունները սեփական քաղաքացիների դեմ։
Կարևոր է նշել, որ գաղտնազերծումը չի վերաբերում այն փաստաթղթերին, որոնք զգայուն տեղեկատվություն են պարունակում և հասանելի են միայն բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այսպիսով, ընտրովի գաղտնազերծումն էական նշանակություն ունի ինչպես թափանցիկության, այնպես էլ հետաքննական նպատակների և հաշվետվողականության համար։ Որպես անցումային արդարադատության գործիք՝ գաղտնազերծված փաստաթղթերը հասանելի պետք է լինեն սովորական քաղաքացիներին և ոչ թե ընտրյալ անհատների խմբին։ Այսպիսի փաստաթղթերի հրապարակման ցանկալի արդյունքը կլինի այն, որ քննարկումներ կսկսվեն մարդու իրավունքների խախտումների շուրջ, և ճշգրիտ պատկերացում կձևավորվի նախորդ՝ ավտորիտար վարչակարգի կատարված անարդարությունների վերաբերյալ։
Անցումային արդարադատության օրակարգ հայաստանի հանրապետության համար
Էմպիրիկ ցուցիչներ եւ համեմատական ուսումնասիրություններ անցումային արդարադատության գործիքների եւ ծրագրերի կառուցվածքի, ազդեցության եւ արդյունքների վերաբերյալ՝քաղաքագիտության դոկտոր Ներսես Կոպալյանի հետազոտությունը:
Read moreԱնցումային արդարադատության վերաբերյալ հետազոտությունը իրականացվել է EVN Report-ի Ընթերցողների հարթակ՝ քաղաքացիական լրագրությունը խթանելու նպատակով ստեղծված ծրագրի շրջանակներում:
Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։
Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։