
Հայաստանի անվտանգային միջավայրը մայիս ամսին զգալիորեն վատթարացել է՝ նախ Ադրբեջանի կողմից ներխուժման մի քանի փորձի, ապա երկու հայ զինծառայողի առևանգման պատճառով: Սակայն, առաջնագծում կատարված գործառնական բարեփոխումները և Ադրբեջանի համակարգված հարձակումները վճռականորեն զսպելու հայկական ռազմական ներուժը հանգեցրեց հակառակ արդյունքի, ինչը վկայում է անվտանգության հարաբերական բարելավման մասին: Հայաստանի անվտանգային իրավիճակը խոտանելուն ուղղված այս հավաքական փորձերը կատարվում էին բանակցային գործընթացի խտացմանը զուգահեռ, որին նպաստում են ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Եվրոպական Միությունը: Մինչ Հայաստանը համառորեն շարունակում էր ձգտել խաղաղության, նույնիսկ Ադրբեջանի կողմից իրավիճակն ապակայունացնելու պայմաններում, արևմտյան բանակցային ուղին փորձում էր Բաքվին պարտադրել մասնակցել կառուցողական և բարեխիղճ բանակցությունների: Մինչ Հայաստանի ներկայիս անվտանգային ճարտարապետությունը, հենվելով անվտանգության դիվանագիտացման վրա, փորձում է սահմանափակել Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի ծավալները, արևմուտքի ղեկավարած բանակցային ուղու առաջընթացը նպաստում է միջպետական ռազմական վեճեր նախաձեռնելու Բաքվի ցանկությունների զսպմանը: Այսպիսով, եթե Բաքուն արևմուտքի ղեկավարությամբ խաղաղության հաստատման ազատական գործընթացը դիտարկում է որպես բանակցություններում իր դիրքորոշումն առավելագույնս առաջ քաշելուն խոչընդոտ, ապա Հայաստանի համար այս գործընթացը վճռական դեր ունի՝ իր փխրուն անվտանգային իրավիճակին աջակցելու առումով: Այս նպատակով Հայաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել խաղաղության գործընթացին, ընդհուպ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդպիսով մերժելով խաղաղ գործընթացի ճանապարհին ադրբեջանական առավելապաշտական խոչընդոտները:
Այս իրադարձություններին զուգահեռ, Հայաստանի անվտանգային պարունակում տեղի է ունեցել երեք կարևոր շարունակական կառուցվածքային վերադասավորություն. Ռուսաստանի հետ խզման խորացում, ամերիկյան ավելի ակտիվ ներկայություն, որը մասամբ լրացնում է ռուսական վակուումը, և Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը խաթարելու վիրահատական փորձեր` շարունակաբար Հայաստանի արևելյան հատվածը` Սոթքը թիրախավորելու միջոցով:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացող անհամաձայնությանը, ապա Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և կառավարությունը երեք տարբեր մակարդակներով հրապարակավ տեղեկատվություն են տարածել Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգային ներուժը թուլացնելու փորձերի մասին: Նախ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատեց, որ Ռուսաստանը ոչ միայն չի իրականացրել իր երկկողմ և բազմակողմ դաշնային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, այլ նաև չի կատարել զենքի մատակարարման մի քանի պայմանագրային պարտավորություններ, որոնց համար Հայաստանն արդեն վճարել է Ռուսաստանին: Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հաստատեց այս տեղեկատվությունը` պնդելով, որ Ռուսաստանը հրաժարվում է մատակարարել զենքը, որի դիմաց Հայաստանը վճարել է: Երկրորդ, հաշվի առնելով Հայաստանի անվտանգության իրավիճակի լրջությունը, Երևանը, հետևաբար, ձգտում է զենքի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ փնտրել, նախ և առաջ Հնդկաստանի միջոցով: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը նաև խոչընդոտել է այս գործընթացը՝ բարդացնելով Հնդկաստանից գնված զենքը Հայաստան տեղափոխելը: Եվ երրորդ, վկայակոչելով երկու երկրների միջև խորացած անջրպետը և Երևանի նկատմամբ Ռուսաստանի «ռազմավարական անտարբերությունը»` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն օրակարգում ակտիվորեն քննարկվում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀԱՊԿ-ը փաստացի «դուրս է եկել Հայաստանից», և որ «ՀԱՊԿ անդամի դե-յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը խանգարելու է» Հայաստանին «անվտանգային օրակարգ քննարկել այլ երկրների հետ», ներառյալ, բայց ոչ միայն, զենք ձեռք բերելու հարցում:
Ամերիկայի առավել ակտիվ մասնակցության առումով մայիս ամսին տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն: Առաջինը մասնավորապես վերաբերում է Միացյալ Նահանգների, հատկապես քարտուղար Բլինքենի ստանձնած ակտիվ դերին ոչ միայն բանակցային գործընթացի առաջխաղացման, այլև երկու կողմին խաղաղության հաստատման ազատական ձևաչափից կառչելու ակտիվ խրախուսման հարցում: Նշելով, որ Ամերիկայի և, բնականաբար, Եվրոպական Միության թիվ մեկ նպատակը մնում է կայուն և հուսալի խաղաղության պայմանագրի բյուրեղացումը, ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվածությունը հանգեցրել է երեք արդյունքի: Առաջին, Ալիևի վարչակարգին ստիպել է զերծ մնալ ապակառուցողական և սադրիչ վարքագծից, քանի որ բոլորի համար առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը շարունակում է մնալ երկուսից առավել նվիրվածն ու շահագրգիռը, իսկ Բաքուն կառչած է մնում իր առավելապաշտական դիրքորոշմանը: Երկրորդ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը զգալիորեն կնվազեցնի Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը, քանի որ կթուլացնի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը Ռուսաստանի մասնակցության կարողությունը` այդպիսով նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունն ու լծակները Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանում: Եվ երրորդ, բանակցային գործընթացը հիմնականում մտել է արևմուտքի ղեկավարության տիրույթ, ինչը ցույց է տալիս արևմուտքի դերը` որպես գործընթացի շահագրգիռ կողմ, և արևմտյան գործիքակազմի հասանելիությունը վերջնական խաղաղության հասնելու դեպքում:
Երկրորդ իրադարձությունը, որը վերաբերում է ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությանը, այն է, որ Վաշինգտոնն ընդլայնել է Երևանի հետ պաշտպանության ոլորտի համագործակցությունը, ոչ միայն նախարարների ու դեսպանների, այլև անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում: Այդ առումով, ինքնին խոսուն փաստ էր ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչության օպերատիվ բաժնի ղեկավար գեներալ մայոր Քիթ Ֆիլիպսի այցը Հայաստան: Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվեցին անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծավալին ու խորությանը վերաբերող հարցեր: Եթե հաշվի առնենք մոտ երեք տասնամյակ Ռուսաստանի լիակատար մենաշնորհը Հայաստանի անվտանգության ոլորտում, ընթացիկ խզումն արմատապես փոխել է այդ փոխդասավորությունը, և Միացյալ Նահանգներն ավելի ակտիվորեն է օժանդակում Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանը:
Վերջապես, անդրադառնալով Ադրբեջանի վերջին հարձակումներին, որոնք ուղղված էին ինչպես թույլ անվտանգային իրավիճակի ապակայունացմանը, այնպես էլ խաղաղության գործընթացի խաթարմանը, Սոթք ներխուժելու փորձի նպատակը ոչ միայն ավելի մեծ տարածքներ շերտատելն էր, այլ, որ ավելի հավանական է, Սոթքի ոսկու հանքին տիրանալը, որը ոսկու խոշորագույն հանքավայրերից է Հարավային Կովկասում: Այս պարունակում, Ադրբեջանի բազմակողմ ռազմավարությունը բնութագրվում է ոչ միայն իրրեդենտիստական և ապակայունացնող նպատակներով, այլև բնական պաշարների յուրացմամբ: Ուստիև, Հայաստանի զարգացող անվտանգային ճարտարապետությունը պետք է նաև հաշվի առնի անվտանգային փոխդասավորությունները բնական ռազմավարական ռեսուրսների, հատկապես հանքարդյունաբերության մասով, որը երկրի եկամտի կարևորագույն աղբյուրներից է: Այսպիսով, Սոթքում այս ամիս տեղի ունեցած իրադարձությունները որակելով որպես Բաքվի հիբրիդային պատերազմի գործիքակազմի ընդլայնում` Հայաստանը պետք է մշակի անվտանգության քաղաքականություն` հաշվի առնելով հանքարդյունաբերական ոլորտի ռազմավարական կարևորությունը: Առաջարկված մոտեցումը հայտնի է որպես «հանքարդյունաբերություն` հանուն անվտանգության»:
Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության
Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության հայեցակարգն իր հիմնական մակարդակում ենթադրում է, որ Հայաստանի հանքերը դիտարկվեն ոչ միայն որպես բնական և տնտեսական, այլև անվտանգային ռեսուրս, և այս պարունակում սա հանքային արդյունաբերության անվտանգայնացումն է: Համապարփակ հետազոտությունները և մի շարք առանձին դեպքերի ուսումնասիրությունն այն երկրներում, որոնք կիրառում են նմանատիպ քաղաքականություն, բերում են չորս հիմնական եզրահանգման: Նախ և առաջ, փոքր պետությունները, որոնք կիրառում են «ընդերքային պաշարների արդյունահանում հանուն անվտանգության» սկզբունքը, ոչ միայն կարևորություն են ստանում տնտեսապես հզոր երկրների համար, այլև դառնում են դերակատարներ, որոնք ի վիճակի են իրենց «քաշային դասից բարձր հարված հասցնել»: Երկրորդ, հասանելիության բազմազանությունն ավելացնում է շահագրգիռ կողմերի քանակը, քանի որ հանքավայրերը կամ հանքերը ռազմավարական տեսանկյունից փոխկապակցված են բազմաթիվ երկրների հետ. ուստիև, այսպիսի փոքր պետությունները կարևոր են դառնում բազմաթիվ խոշոր կամ տնտեսապես հզոր երկրների համար, որոնք այժմ «շահադրույք ունեն»` բնական պաշարներին իրենց ունեցած հասանելիության շնորհիվ: Երրորդ, փոքր երկրները, որոնք գրավում են բազմաթիվ միջազգային կամ անդրազգային բաժնետիրական ընկերությունների ուշադրությունը, ավելի լայն իմաստով, ամրապնդում են հարաբերություններն այս ընկերությունների ղեկավար-երկրների հետ` այդպիսով փոքր պետության անվտանգությունը համաձայնեցնելով առավել խոշոր գործող անձանց տնտեսական շահերի հետ: Եվ չորրորդ, հանքարդյունաբերություն հանուն անվտանգության (կամ բնական պաշարների արդյունահանում հանուն անվտանգության) սկզբունքը ծառայում է որպես անխոս, բայց հզոր զսպող գործոն, քանի որ պետությունները, որոնք ունեն մեծաթիվ միջազգային ներդրողներ, հատկապես բնական պաշարների ոլորտում, զգալիորեն ավելի քիչ են ենթարկվում հարձակումների:
Հայաստանի հանքերը երբեք չեն եղել անվտանգության ճարտարապետության մաս, իսկ այս ոլորտի հնարավոր անվտանգայնացումը երբևէ չի դիտարկվել որպես հիմնարար անկյունաքար` դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություն կառուցելիս: Այս պարունակում, հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը Հայաստանին առաջարկում է իր հանքային արդյունաբերությունը որպես անվտանգության գործիք օգտագործելու խիստ անհրաժեշտ հնարավորություն, որը թույլ կտա ոչ միայն երկրում կատարվող ներդրումների, այլև անվտանգության գործիքակազմի բազմազանեցում, ինչպես վկայում են վերը բերված չորս եզրահանգումները:
Հայաստանի հանքավայրերի մակերեսային ուսումնասիրությունն ու հանքարդյունաբերության պատմության թռուցիկ ամփոփումը ցույց են տալիս ահռելի ներուժ, որը երբեք չի օգտագործվել: Օրինակ, 1770-ականներից սկսած Ալավերդիի հանքերից արդյունաբերվել է թանկարժեք պղինձ, իսկ Կապանում գունավոր մետաղները հանքահանվում են 1840-ականներից: Սոթքի ոսկու հանքը գործում է 1970-ականներից, իսկ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքը` 1950-ականներից: Որպես պարզ օրինակ կարելի է նշել, որ 1950-ականներին Հայաստանն մատակարարում էր աշխարհում մոլիբդենի խտանյութի տարեկան ծավալի մոտ 3 տոկոսը: Հայաստանի հանքերից արդյունահանվող հիմնական մետաղներն են պղինձ, մոլիբդեն, երկաթ, կապար, ցինկ, ոսկի, արծաթ և ծարիր (սուրմա): Միևնույն ժամանակ, Հայաստանում կան հազվագյուտ մետաղների արժեքավոր պահուստներ՝ ոսկի-պոլիմետաղների, պղնձամոլիբդենի և պղնձածծմբաքարի հանքավայրերում: Հայաստանում կա նաև արդյունաբերական մետաղների լայն տեսականի` բազալտ, կրաքար, գրանիտ, դիատոմիտ, պեռլիտ և գիպս: Ընդհանուր առմամբ, կա ավելի քան 670 գրանցված հանք, ներառյալ 30 մետաղ պարունակող (փոքր և միջին) հանք` ավելի քան 110 հանքաշերտերով, որոնք վերջերս են հայտնաբերվել: Սրանք նույնպես պետք է որակել ոչ միայն որպես հանքարդյունաբերական կամ տնտեսական տվյալներ, այլև գործոններ, որոնք կարելի է ռազմավարական տեսանկյունից օգտագործել Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը բարելավելու համար:
Չնայած մեծ ուշադրություն դարձվեց Ամուլսարին, և դա մեծ մասամբ արդարացի էր, հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը չի ենթադրում լիովին հրաժարվել երկրի հանքարդյունաբերական ոլորտից` ի օգուտ միջազգային ընկերությունների, այլ, ավելի ճիշտ, ենթադրում է ճիշտ կառուցված հարաբերություններ, որոնք հիմնված են կայունության, միջազգային առաջատար փորձի, շրջակա միջավայրի հուսալի պաշտպանության և շահերի երկարաժամկետ միահյուսման վրա: Ի տարբերություն Հայաստանի հանքարդյունաբերության ներկայիս վիճակի, որտեղ առաջվա պես գերիշխում են մեկ օտար երկրի (Ռուսաստան) պետական ընկերությունների շահերը, հանքարդյունաբերության ոլորտի վերակառուցումը կպահանջի տարբեր արևմտյան պետություններ ներկայացնող մեծաթիվ ընկերությունների ներգրավում: Եթե Հայաստանի հանքարդյունաբերությունն ամբողջությամբ ենթարկվում էր կոռուպցիայի, յուրացումների ու շահագործման՝ թավշյա վարչակարգին նախորդած վարչակարգերի կողմից, ապա դա արվում էր ռուսական շահերի հետ համատեղ, որի կողմից հանքերի ամբողջական կամ մասնակի սեփականության ձեռքբերումը ռազմավարական տեսանկյունից թույլ էր տալիս մի երկրին մենաշնորհ հաստատել փոքր երկրի հանքային արդյունաբերության ոլորտում: Եթե մի կողմ դնենք տնտեսական, իրավական և քաղաքական փաստարկները, ապա այս զագացումները թուլացնում և չեզոքացնում էին հանքարդյունաբերության դերը` որպես Հայաստանի անվտանգության կարևոր գործիք:
Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության ռազմավարության կիրառումն այս պարունակում պետք է որակել ոչ թե որպես քաղաքական ակտ, այլ, ավելի ճիշտ անվտանգության հիմնարար քայլ: Պարզ համեմատության դեպքում, եթե ուսումնասիրենք Պարսից ծոցի երկրների նավթարդյունաբերության ոլորտի ներդրողների և շահագրգիռ կողմերի շրջանակը, ապա արդյունքը բավական պարզ է. այս պետություններին պետք չեն բազմաթիվ միջազգային ընկերություններ` նավթահանքերի արդյունաբերման ու սպասարկման համար, բայց դրանք ներգրավել են մեծաքանակ ընկերություններ (այդ թվում և դրանց ղեկավար երկրները)` այդ երկրներում շահագրգիռ կողմերի քանակն ավելացնելու համար: Այս առումով տրամաբանությունը բավական պարզ է. որքան շատ երկրներ ներդրումներ անեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, այնքան շատ երկրներ շահագրգռված կլինեն Հայաստանի անվտանգությամբ և տարածաշրջանի կայունությամբ: Սա իր հերթին հանգեցնում է հստակ ռազմավարական նպատակների, և թե Հայաստանն ինչպես կարող է օգտագործել հանքարդյունաբերական քաղաքականությունը հանուն անվտանգության` իր անվտանգային երկընտրանքը լուծելու նպատակով: Այս առումով դիտարկումները հինգն են.
1.Նկատի ունենալով Հայաստանում արդյունահանվող հանքանյութերի լայն տեսականին և երկրի բազմաթիվ հանքերում ներդրումների և բարեփոխումների անհրաժեշտությունը, Հայաստանը հնարավորություն ունի ներառել 5-7 միջազգային ընկերություններ, որոնք ֆինանսավորում են արևմտյան տերությունները:
2.Այդպիսի տերությունների ուղղակի ներգրավումն ու դրանց ընկերությունների տնտեսական շահերն անխուսափելիորեն կհանգեցնեն շահերի համաձայնեցման` Հայաստանին առաջարկելով ինչպես միջազգային քաղաքական կարողություն, այնպես էլ դիվանագիտական ազդեցություն այդպիսի հզոր երկրների հետ փոխազդեցություններում:
3.Հաշվի առնելով անվտանգության ոլորտում Հայաստանի շահերի համաձայնեցումը հանքարդյունաբերող ընկերությունների տնտեսական շահերի հետ, թշնամական խաղացողները, հատկապես Ադրբեջանը, կբախվեն ահռելի միջազգային և երկկողմ դիմադրության այն երկրների կողմից, որոնց տնտեսական շահերը կվնասվեն Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքով:
4.Ավելի ուղիղ իմաստով, Հայաստանն ավելի մեծ կարևորություն կստանա աշխարհի կամ առնվազն ավելի հզոր պետությունների համար, որոնք ունեն անձնական շահագրգռվածություն, և այս պարունակում Հայաստանը ոչ թե կհենվի միայն համակրանքի կամ գաղափարական նախաձեռնությունների վրա, այլ այս բաղադրիչները կմիավորի հստակ և էական տնտեսական գործոնների հետ:
5.Լինելով հետաքրքրված կողմ` հզոր պետությունները շահագրգռված կլինեն հանդես գալ Հայաստանի օգտին, ինչը Հայաստանին թույլ կտա կիրառել թե՛ ժողովրդավարական, թե՛ հնարավոր տնտեսական լիազորությունները՝ հուսալի դաշինքներ կամ գործընկերություններ ձևավորելիս:
Անվտանգության զեկույց
Սառած հակամարտության հարատևությունն ու ռազմավարական անտարբերություն
Անվտանգության զեկույց․ ապրիլ 2023
Ռուսաստանի կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի իրավունքների ու շահերի նկատմամբ լիակատար անտարբերությունն ու դրանց ոտնահարումն ի ցույց են դրել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերը՝ բացահայտելով սառեցված հակամարտության հարատևման Մոսկվայի նախապատվությունը։
Read moreԺողովրդավարության աշխարհաքաղաքականացում և ոչ ազատական խաղաղություն
Անվտանգության զեկույց․ մարտ 2023
Ադրբեջանը մարտին ուժեղացրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, նախաձեռնեց անվտանգային միջավայրը խաթարելուն միտված ծածուկ քաղաքականություն։ Բացի այդ Ռուսաստանը և Ադրբեջանը միասնական ճակատ են ստեղծել տարածաշրջանում Արևմտյան ներկայության դեմ, իսկ Հայաստանն անցել է իր ռազմավարական շահերի վերակազմավորմանը։
Read moreԴիմակայություն
Անվտանգության զեկույց. փետրվար 2023
Հայաստանի առջև ծառացած անվտանգային անկայուն վիճակին գումարվում են երկրի թերզարգացած կառույցներն ու անկայուն ենթակառուցվածքները։ Փետրվարյան անվտանգության զեկույցի համար Ներսես Կոպալյանը գրում է, որ այս պարունակում Հայաստանի հասարակական և կառավարական մոտեցման ամբողջությունը պետք է հենվի դիմակայություն կառուցելու վրա։
Read moreՌուս-ադրբեջանական աճող առանցքը և ինչու Հայաստանը պետք է որդեգրի «ոզնու» հայեցակարգ
Անվտանգության զեկույց. հունվար 2023
Հաշվի առնելով հունվարի անվտանգության պարունակը և առաջնորդվելով զսպում մերժման միջոցով ռազմավարությամբ, Հայաստանը պետք է մշակի «ոզնու» հայեցակարգը՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և ալիևյան վարչակարգի ապակայունացնող ծրագրերը։
Read moreԳոյաբանական անվտանգություն և Ադրբեջանի խաղաղատյացությունը
Անվտանգության զեկույց. դեկտեմբեր 2022
Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Read moreԱնվտանգության զեկույցները տեսեք այստեղ
Read in English