Հայաստանի անվտանգության պարունակը մարտ ամսին որոշակիորեն վատթարացավ, երբ Ադրբեջանն ուժեղացրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ՝ համակցելով լայնածավալ զորաշարժերով և զորքերի կուտակումներով սահմանային հատվածներում, այսպիսով՝ նախաձեռնելով անվտանգային միջավայրը խաթարելուն միտված ծածուկ քաղաքականություն։ Ի հավելումն սրա, Ադրբեջանը տեղային գործողությունները տեղափոխեց Լեռնային Ղարաբաղի տարածք՝ նախաձեռնելով երկու լայնածավալ գործողություն․ Արցախում երեք ոստիկանների վրա հարձակումը և շփման գծի ոտնահարումը՝ Ստեփանակերտ-Լիսագոր ռազմավարական ճանապարհի հափշտակմամբ։ Վրդովված Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հաջողությունից, Բաքուն զգալի փորձեր ձեռնարկեց ԵՄ-ին մեղադրելու՝ կայունացման գործընթացին մասնակցելու համար, այսպիսով միանալով Ռուսաստանին՝ Արևմտյան ներկայությունը քննադատելու գործում։ Քանի որ Արևմտյան դիվանագիտական ճնշումը, Հայաստանի սահմաններին ԵՄ-ի ֆիզիկական ներկայության հետ միասին խաթարել են Բաքվի՝ հիբրիդային պատերազմի նպատակներն ընդլայնելու կարողությունները, սա նվազեցրել է ալիևյան վարչակարգի ունակությունը՝ ընդլայնելու ստիպողական դիվանագիտության ռազմավարությունը։ Բանակցային գործընթացի վրա ազդելու Բաքվի աճող անարդյունավետությունը, ինչպես նաև երկու տասնամյակի խավիարային դիվանագիտության փլուզումը ստեղծել են հնարավոր անկայուն և բարձր ռիսկային իրավիճակ․ կա՛մ Ալիևը, պատրաստ լինելով ընդունել միջազգային հետևանքները, կհանդգնի և կհարձակվի Հայաստանի վրա, որպեսզի Երևանին ստիպի առանց առարկությունների համաձայնել, կա՛մ կշարունակի ցածր լարվածության հիբրիդային գործողությունները և կսպառի խաղաղության գործընթացն ու կօգտագործի լճացումը՝ լայնածավալ ռազմական գործողությունն արդարացնելու համար։ Երկու տարբերակն էլ շարունակում են նպաստավոր մնալ Բաքվի և Ռուսաստանի շահերի համար, քանի որ Հայաստանի հետ արդար խաղաղությունը չի բխում Բաքվի ռազմավարական շահերից, մինչդեռ Մոսկվայի պարագայում, Արևմտյան բանակցային ջանքերի ձախողումը նշանակում է կառավարել հակամարտությունը, որը և նշանակում է կառավարել աշխարհաքաղաքական զարգացումները։
Այս պարունակում, տարածաշրջանի անվտանգության դասավորվածությունը շարունակում է մնալ փոփոխական․ որքան ավելի խորն է Արևմտյան ներգրավվածությունը, այդքան ավելի խորն է Ադրբեջանի և Եվրոպայի միջև տարաձայնությունը, որքան ավելի խորն է Արևմուտքի աջակցությունը Հայաստանի անվտանգությանը, այնքան ավելի խորն է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշինքը։ Ինչքան Արևմուտքը, հատկապես Միացյալ Նահանգները, ընդունի, որ Հայաստանի զարգացող ժողովրդավարությունն էապես կապված է երկրի անվտանգության հետ, այդքան Հայաստանի անվտանգության հավաքական ժողովրդայնացումը կդառնա հիմնավոր խոսույթ։ Սա ինքնին չի նշանակում, որ Արևմուտքը կսատարի Հայաստանին բանակցություններում, այլ որ այն կողմ կլինի արդար խաղաղության փաթեթի՝ նվազեցնելով Երևանին ուժի միջոցով հպատակեցնելու Բաքվի նկրտումները։
Անվտանգության միջավայրը խաթարելու Բաքվի ռազմավարությունը
Այս ամիս Ադրբեջանը շարունակել է խաթարել անվտանգային միջավայրը՝ ձեռնարկելով չորս տարբեր գործողություն. Ադրբեջանը ռազմական գործողության համար հիմք է ստեղծել՝ պնդելով, թե իբր Լեռնային Ղարաբաղ զենք է փոխադրվում, վերամեկնարկել է հիբրիդային գործողությունները՝ Արցախի ոստիկանների վրա հարձակվելով և Նախիջևանի սահմանին հայ զինվոր սպանելով, ամրապնդել է Արցախի հայերի ստիպողական ասիմիլացման ծայրահեղական դիրոքորոշումը և ընդլայնել է ապատեղեկատվական արշավը։ Այս գործողությունների հավաքական նպատակը, թվում է, թե միտված է փոխհատուցելու Բաքվի ստիպողական դիվանագիտության գործիքակազմի սահմանափակումները, քանի որ Արևմտյան դիվանագիտական ճնշումը և ԵՄ-ի ներկայությունը սահմանին թուլացրել են սահմանային ներխուժումներ իրականացնելու Ադրբեջանի հնարավորությունները։ Այս պարունակում, մինչդեռ Հայաստանի տարածք շարունակական ներխուժումները դարձել էին Բաքվի հետպատերազմյան գործելակերպը՝ իր ստիպողական դիվանագիտության ռազմավարությունը գործարկելու համար, Արևմտյան ուղիղ ներգրավվածության ամրապնդումը զսպել է այս ռազմավարության հնարավորությունները։ Այս սահմանափակումը փոխհատուցելու համար Բաքուն հիբրիդային գործողությունների դաշտը տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ։ Թեև սա էապես թուլացնում է Երևանին պարտադրելու Բաքվի կարողությունը, այն, սակայն, լուրջ խոչընդոտ է ստեղծում խաղաղության գործընթացի համար, որը Երևանը չի կարող անտեսել։ Այս նպատակով, Ադրբեջանի գործողությունները միտված են ոչ այնքան Ստեփանակերտից զիջումներ կորզելուն, որքան բանակցային գործընթացը խաթարելուն։
Կանոնավոր կերպով սալյամիի մարտավարություն վարելով և Արցախի` որպես պետություն գործելու կարողությունը խեղդելով՝ Բաքուն հույս ունի գետնի վրա նոր իրադրություն ստեղծել, որը կօգտագործի բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի իրավունքների հանգամանքը ժխտելու համար։ Բաքվի համար մի բան է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, բայց մեկ այլ բան է առերեսվել իրականությանը և ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության տակ չէ։ Այսպիսով, շրջափակումների և սահմանապատման (բորդերիզացիա) քաղաքականության միջոցով դանդաղ վերահսկողություն հաստատելով՝ Բաքուն փորձում է իր հռետորաբանությունը համապատասխանեցնել իր իսկ ստեղծած նոր իրականության հետ։ Շատ լավ գիտակցելով, որ Երևանը չի կարող ընդունել խաղաղության որևէ առաջարկ, որը կբացառի Արցախի հայերի նվազագույն անվտանգությունը, Բաքուն փորձում է վերաձևակերպել բանակցությունների բնույթը․ կա՛մ Հայաստանը պետք է մոռանա Արցախի բնակչության մասին, կա՛մ բանակցելու ոչինչ չկա։
2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո նման ռազմավարության իրագործման հավանականություն գրեթե գոյություն չուներ, քանի որ ռուսական ներկայությունը որակվում էր որպես հզոր զսպող միջոց՝ նման հավանականության դեմ։ Սակայն, ինչպես վերջին երկու տարիները ցույց են տվել, ռուս խաղաղապահները ավելի շատ գործում են որպես անզոր դիտորդական առաքելություն, քան որպես խաղաղություն ապահովելու հանձնարարությամբ օժտված զինված զորակազմ։ Գիտակցելով, որ Ռուսաստանը գրեթե ոչ մի զսպող ազդեցություն չունի իր շարունակական հիբրիդային գործողությունների վրա, Բաքուն վերաձևակերպել է իր ռազմավարությունը՝ որպես Արցախի խեղդում և սահմանապատում։ Այսպիսով, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է եռակողմ համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից և մի կողմ է քաշվում, երբ Բաքուն իրագործում է Արցախը խեղդելու ռազմավարություն, գետնի վրա փաստերը շարունակում են աստիճանաբար փոխվել․ Փարուխի հարձակումից, մինչև Լաչինի շրջափակում, դիվերսիոն գործողություններ և Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի սահմանապատում։
Արևմուտքի կայունացման ջանքերը
Քանի որ Ռուսաստանի շարունակական դիտավորյալ անտարբերությունը նպաստում է անվտանգության միջավայրի վատթարացմանը, Արևմուտքը միջամտել է կառավարելի կայունություն հաստատելու համար։ Ամերիկյան դիվանագիտական ուժգին ճնշման, ինչպես նաև պետքարտուղար Բլինկենի ուղիղ ներգրավմամբ և տեղում ԵՄ քաղաքացիական առաքելության միջոցով, Արևմուտքը փորձում է կայունացնել իրավիճակը, քանի դեռ Ադրբեջանը ցածր ուժգնության հիբրիդային գործողություններից չի անցել բարձր ուժգնության ներխուժումների։ Նման զարգացումներից Բաքվի վրդովմունքը լիովին լրացվել է Ռուսաստանի կողմից. երկու կողմն էլ միավորվել են Արևմուտքին ուղղված իրենց հարձակողական քննադատություններում։ Ավելին, Մոսկվան մերժել է վարչապետ Փաշինյանի պնդումը, թե եռակողմ համաձայնությամբ Ռուսաստանը ստանձնել է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի» դերը, ընդ որում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ուղղակիորեն հայտարարել է, որ Ռուսաստանը չի տեսնում իրեն՝ որպես այդպիսի պատասխանատվություն ստանձնողի։ Այսպիսով, երբ Ռուսաստանը հրաժարվել է իր պատասխանատվությունից և շարունակաբար խորացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ, Արևմտյան ներկայությունը դարձել է Ադրբեջանի վարքագիծը զսպող էական գործոն։
Հետաքրքիր է, որ Արևմուտքի դեմ ռուս-ադրբեջանական դիրքավորումը ենթադրում է լավ կազմակերպված համակարգում։ Ռուսաստանը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հետապնդվող նպատակները ոչ թե միտված են Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելուն, այլ խաղաղության գործընթացին միջամտելուն»՝ փորձելով «կործանարար դեր» խաղալ, միևնույն ժամանակ, Ադրբեջանը նույնպես պնդում էր, որ ԵՄ առաքելությունը «քաղաքացիական առաքելություն չէ» և Արևմուտքին մեղադրում է «հաշտեցման գործընթացը» «կեղծ և զրպարտիչ պնդումներով» խաթարելու մեջ։ Երկու երկրների կողմից տարածվող հակաարևմտյան խոսույթը նաև զարմանալիորեն միասնական էր տարածաշրջանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայության դեմ քննադատությունում։ Ադրբեջանն ուղղակիորեն հայտարարել է, որ «ՄԱԿ փաստահավաք առաքելության ներկայությունը Ղարաբաղում, Լաչինի ճանապարհի վրա» լիովին անընդունելի է, մինչդեռ Ռուսաստանը պարզապես ծաղրել է տեղում ՄԱԿ առաքելություն ունենալու գաղափարը։
Քանի որ Ռուսաստանը և Ադրբեջանը միասնական ճակատ են ստեղծել տարածաշրջանում Արևմտյան ներկայության դեմ, Հայաստանն անցել է իր ռազմավարական շահերի վերակազմավորմանը։ Այս պարունակում, այն առաջ է տարել ժողովրդավարական խոսույթը՝ հակամարտության կարգավորման իր նախապատվությունները համապատասխանեցնելով Արևմուտքի կայունացման ջանքերի հետ։ Սա առավել ակներև էր վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ, որտեղ նա նշել է, որ ԵՄ «առաքելությունը նշանակալի դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար» և, որ «Եվրոպայի հետ Հայաստանի համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է», իսկ Հայաստանի համար «ժողովրդավարությունը ռազմավարություն է» որը կարող է «անվտանգություն ապահովել»։ Փաշինյանն ավելի ընդլայնված է ներկայացրել Հայաստանի անվտանգության ժողովրդավարացման նոր հայեցակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը ժողովրդավարության ներքին սպառնալիքներ չունի, այլ ունի «ժողովրդավարության արտաքին սպառնալիք», Ադրբեջանի նկրտումները որակելով որպես «Հայաստանի Հանրապետության ժողովրդայնացման ձեռքբերումները ոչնչացնելու» փորձ։ Հայաստանի ժողովրդավարության համար պայքարը աշխարհաքաղաքականացնելով՝ Փաշինյանը հստակ ձևավորում է աճող Արևմտյան խոսույթը՝ «Ադրբեջանի կողմից իրավիճակի շարունակական սրումը, հարձակողական հռետորաբանությունը և ատելության խոսքը մեծ սպառնալիք են Հայաստանի ժողովրդավարությանը»։
Հայաստանի ժողովրդավարության աշխարհաքաղաքականացումն աննկատ չի մնացել Ադրբեջանի կողմից, քանի որ Բաքուն արտահայտել է իր դժգոհությունը՝ հայտարարելով, որ «Հայաստանը չի կարող ապահովել իր ապագան՝ դիմելով աշխարհի առաջնորդներին, ժողովրդավարության հենակետի դերի հավակնություններով և տարբեր բանաձևերով»։ Այնուամենայնիվ, Արևմուտքի գլխավորած կայունացման ջանքերը հենց այսպես են ընթացել։ Դիվանագիտական ճնշում գործադրելով պատսպարել Հայաստանի անվտանգությունը, դրանով իսկ աջակցելով Հայաստանի ժողովրդավարության գոյատևմանը։ Սա ամենաակնհայտ կերպով դրսևորվել է Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը Ամերիկայի ամուր աջակցությամբ, որը համակարգել է կայունացման ջանքերին միտված Արևմուտքի հավաքական դիրքորոշումը։ Կանադան էլ է ներգրավվել այս ջանքերի մեջ՝ միանալով մի խումբ Արևմտյան երկրների՝ Ադրբեջանի վարքագծի քննադատությանը և Հայաստանի ժողովրդավարության աջակցմանը։ Եվրամիությունը, միանշանակ, արտահայտել է նույն դիրքորոշումը՝ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտել է «Ադրբեջանի ռազմական գործողությունները», այլ նաև նշել, որ «ԵՄ-Հայաստան հարաբերությունները հիմնված են այնպիսի ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» և, որ «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկ է»։ Այս պարունակում, Արևմտյան առավել լայն խոսույթում հավաքական միտում է բյուրեղանում, և սա ավելի պարզ կերպով վերահաստատվել է մարտին տեղի ունեցած Սպիտակ Տան Ժողովրդավարության գագաթնաժողովին Հայաստանին հասցեագրված հրավերով։
Ոչ ազատական (ոչ լիբերալ) խաղաղության խնդիրը
Արևմուտքի կայունացման ջանքերը, Ադրբեջանի խոչընդոտող վարքագիծը, բանակցային գործընթացը մենաշնորհելու Ռուսաստանի նկրտումները եռաշերտ կառուցվածքային խնդիր են ստեղծել Հայաստանի համար։ Առաջինը, մինչ Արևմուտքի կայունացման ջանքերը հիմնարար նշանակություն ունեն Հայաստանի նորաստեղծ անվտանգության ճարտարապետության համար, Հայաստանը, այնուամենայնիվ, հասկանում է, որ խաղաղության գործընթաց չի կարող լինել առանց ռուսական շահերը որոշակիորեն հաշվի առնելու։ Երկրորդ՝ ռուս-ադրբեջանական առանցքի ստեղծումը հենց միտված է կա՛մ խաթարելու բանակցային գործընթացը, կամ այն երկարաձգելու՝ վերածելով անկայուն ստատուս-քվոյի։ Եվ երրորդ՝ Ռուսաստանի կողմից միջնորդված խաղաղության գործընթացը չի կարող հանգեցնել արդար խաղաղության, այլ ընդհակառակը, հիմքեր կստեղծի սառեցված հակամարտության շարունակության համար։ Ըստ էության, այն, ինչին ձգտում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, ինչ-որ կազմաձև է այն հասկացության, որը խաղաղության և հակամարտության ուսումնասիրության գրականության մեջ կոչվում է ոչ ազատական (ոչ լիբերալ) խաղաղություն։
Հայեցակարգային տեսակետից, ազատական խաղաղաշինությունը բնորոշվում է ներառականությամբ, անաչառությամբ, կառուցվածքային գործիքակազմերի կիրարկմամբ, հարկադրանքի բացակայությամբ և խնդիրների լուծման ոչ բռնի այլ գործիքակազմերով։ Ոչ ազատական խաղաղաշինությունը, մյուս կողմից, բնորոշվում է հարկադրանքով, ռազմականացված վերջնարդյունքներով, կամայական դրույթներով, կինետիկ դիվանագիտությամբ և բռնության նորմալացմամբ։
Ադրբեջանի համար ոչ ազատական խաղաղությունը հնարավորություն է ստեղծում ցածր հաճախականության հիբրիդային պատերազմի և հակամարտության տևականության համար՝ դրանով իսկ սնուցելով ալիևյան վարչակարգի ներքին կարիքները։ Ռուսաստանի դեպքում ոչ ազատական խաղաղությունը Մոսկվային թույլ է տալիս գործընթացում ունենալ և՛ լծակներ, և՛ վերահսկիչ գործառույթ, որտեղ խաղաղության գործընթացը ոչ թե կողմերի արդար խաղաղության հասնելն է, այլ, որ Ռուսաստանի շահերը գերազանցեն պատերազմող կողմերի շահերին։ Ինչպես ցույց է տալիս հետազոտությունների մի ստվար զանգված՝ հակամարտությունների բռնապետական կառավարումը, թեև նախընտրելի արդյունք է Ռուսաստանի նման երկրների համար, չի նպաստում կայուն խաղաղության հաստատմանը, և որպես այդպիսին, Ռուսաստանի միջնորդած բանակցությունները չեն կարող արդար և խաղաղ արդյունքների հանգել։ Մյուս կողմից, բազմազգ կամ վերազգային բանակցությունները և հակամարտությունների կառավարման գործընթացները, ըստ էության, բազմակի մեծացնում են կայուն խաղաղության հասնելու հավանականությունը: Ուսումնասիրությունները վկայում են, որ «որակյալ խաղաղություն» հնարավոր է Եվրամիության հովանավորությամբ, կամ ԵՄ, ՄԱԿ և միջազգային այլ կազմակերպությունների միացյալ ջանքերի շնորհիվ։ Սիերա Լեոնեի, Լիբերիայի, Արևելյան Թիմորի, Բոսնիայի և Կոսովոյի բարդ հակամարտությունները ազատական խաղաղաշինության միջոցով կարգավորման օրինակներ են։ Այս պարունակում, խաղաղության գործընթացի առջև ծառացած երեք կառուցվածքային խնդիրները լուծելու համար Հայաստանի ռազմավարական և երկարաժամկետ շահերից է բխում առաջ շարժվել Եվրամիության ստեղծած ազատական խաղաղաշինության ուղիով, այլ ոչ թե Ռուսաստանի առաջարկած ոչ ազատական խաղաղության հարթակով։ Այս նախապատվության հիմնավորումը միանգամայն հիմնված է փորձի վրա. ազատական խաղաղաշինությունը Ռուսաստանի գործիքակազմի մաս չէ, իսկ ոչ ազատական խաղաղութունը վնասակար կլինի Հայաստանի ապագա անվտանգության համար։ Ավելին, ինչպես վերջին երկու տարիները ցույց են տվել, Ռուսաստանի կողմից հակամարտության կառավարումը, խաղաղապահությունը և գործարկված խաղաղաշինության ձևերը ոչ միայն չեն գրանցել խաղաղության հասնելու որևէ առաջընթաց, այլ հակառակը, վատթարացրել են Հայաստանի անվտանգության միջավայրը։ Ոչ ազատական խաղաղության թակարդի մեջ չընկնելու համար Հայաստանը պետք է խուսափի Ռուսաստանի գծանշած բանակցային հարթակից, որը ոչ միայն երկարաձգում է գործընթացը՝ սպասարկելով Ադրբեջանի շահերը, այլև սրում է Հայաստանի անապահովության իրավիճակը՝ ստիպելով Հայաստանին կրկին անառողջ կախվածության մեջ ընկնել Ռուսաստանից։
Թեմայի վերաբերյալ Աննա Օհանյանի հետազոտությունները ցույց են տալիս, որ հավասարության և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վրա հիմնված ազատական խաղաղաշինության մոտեցումները զուգադրվում են ոչ ազատական գործընթացի հետ, որտեղ գերակշռում են «ներքին բռնապետական և ռազմականացված արտաքին քաղաքականություն» ունեցող պետությունները։ «Ռուսական խաղաղության» մասին ուսումնասիրությունները բնութագրելիս` Օհանյանը նշում է, որ Աբխազիան, Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղը գտնվում են «փխրուն և անհանգիստ կայունության» մեջ։ Լեռնային Ղարաբաղի դեպքում «Ռուսական խաղաղությունը», ի դեմս Բաքվի շարունակական ռազմատենչության, «ավելի ու ավելի անարդյունավետ է գտնվել փխրուն խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում»։ Հորիզոնական սանդղակը, որի վրա գտնվում են խաղաղության բանակցությունները՝ Ռուսաստանի գլխավորած ոչ ազատական խաղաղությունից մինչև ԵՄ-ի առաջարկվող ազատական խաղաղաշինություն, շարունակականության այն առանցքն է, որով Հայաստանը պետք է առաջնորդվի:
Մինչ ազատական խաղաղաշինությունը կենտրոնանում է բանակցային գործընթացն ուժեղացնելու համար կառուցողական և փոխադարձ ամրապնդող մեխանիզմների ստեղծման վրա, ապա ոչ ազատական խաղաղաշինությունը խրախուսում է հարկադրական և կինետիկ դիվանագիտությունը՝ հիբրիդային պատերազմի մարտավարության ընդհատվող կիրառմամբ: Որպես այդպիսին, 2020-ի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի գլխավորած խաղաղության գործընթացը համեմատական խաղաղությանը և հանգստությանը նպաստելու փոխարեն, լրիվ հակառակ արդյունքն է ունեցել. ներխուժումներ Հայաստանի տարածք, միջպետական ռազմականացված գործողություններ, Լեռնային Ղարաբաղի շուրջ օղակի սեղմում։ Այդպիսով, մինչդեռ ազատական խաղաղաշինությունը զսպում է հարկադրական և կինետիկ դիվանագիտությունը, ոչ ազատական խաղաղաշինությունը լրջորեն նպաստում է դրանց։ Որպես այդպիսին, Ռուսաստանի գլխավորած տարբերակը նպաստել է ինչպես Հայաստանի անվտանգության միջավայրի վատթարացմանը, այնպես էլ Ադրբեջանի ռազմատենչության ուժեղացմանը։ Հենց այս կազմաձևի մեջ է, որ ԵՄ-ի գլխավորած ազատական խաղաղաշինության մոդելը դառնում է վճռորոշ Հայաստանի համար. այն կայունացրել է Հայաստանի անվտանգության միջավայրի վատթարացումը՝ միաժամանակ զսպելով Բաքվի կինետիկ դիվանագիտության ուժեղացումը:
Շարունակականության առանցքի հակադիր ուժերի մղումն ու ձգումը կորոշի ինչպես բանակցությունների հետագիծը, այնպես էլ Ադրբեջանի ռազմատենչ պահվածքի շրջանակն ու չափը: Եթե բանակցային գործընթացը շարունակվի ոչ ազատական խաղաղության տարբերակի հիման վրա, Բաքուն կշարունակի ուժեղացնել իր հիբրիդային պատերազմի և կինետիկ դիվանագիտության ռազմավարությունը, իսկ Ռուսաստանը կցուցադրի թաքնված անտարբերություն Հայաստանի խնդիրներին։ Մյուս կողմից, եթե բանակցությունները զարգանան և ամրանան ազատական խաղաղաշինության տարբերակով, ոչ միայն Ադրբեջանի ռազմատենչությունը կզսպվի, այլև խաղաղաշինության գործընթացի կառուցվածքային մեխանիզմները կնպաստեն Հայաստանի անվտանգության իրավիճակի բարելավմանը։ Սրանից բխում է, որ մի բանակցային ճանապարհը Հայաստանին խոցելի է դարձնում հարձակումների և ենթարկում է հակամարտության բռնապետական կառավարման, մինչդեռ մյուս ճանապարհը համեմատաբար թուլացնում է անվտանգության սպառնալիքը՝ միևնույն ժամանակ մեծացնելով արդար խաղաղության հավանականությունը։ Պարզ ասած, ոչ ազատական խաղաղությունը միտված է ապահովելու հաղթողի խաղաղություն, որը ալիևյան վարչակարգի վերջնանպատակն է, մինչդեռ ազատական խաղաղությունը միտված է արդար խաղաղության, որը ցանկացած ժողովրդավարության վերջնանպատակն է։
Տեսեք նաեւ
Դիմակայություն
Անվտանգության զեկույց. փետրվար 2023
Հայաստանի առջև ծառացած անվտանգային անկայուն վիճակին գումարվում են երկրի թերզարգացած կառույցներն ու անկայուն ենթակառուցվածքները։ Փետրվարյան անվտանգության զեկույցի համար Ներսես Կոպալյանը գրում է, որ այս պարունակում Հայաստանի հասարակական և կառավարական մոտեցման ամբողջությունը պետք է հենվի դիմակայություն կառուցելու վրա։
Read moreՌուս-ադրբեջանական աճող առանցքը և ինչու Հայաստանը պետք է որդեգրի «ոզնու» հայեցակարգ
Անվտանգության զեկույց. հունվար 2023
Հաշվի առնելով հունվարի անվտանգության պարունակը և առաջնորդվելով զսպում մերժման միջոցով ռազմավարությամբ, Հայաստանը պետք է մշակի «ոզնու» հայեցակարգը՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և ալիևյան վարչակարգի ապակայունացնող ծրագրերը։
Read moreԳոյաբանական անվտանգություն և Ադրբեջանի խաղաղատյացությունը
Անվտանգության զեկույց. դեկտեմբեր 2022
Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Read moreԶսպում մերժման միջոցով և Ադրբեջանի ագրեսիվ պատեհապաշտությունը
Անվտանգության զեկույց. նոյեմբեր 2022
Նոյեմբերին Հայաստանի անվտանգային պարունակը բնորոշվեց Հայաստանի համար նկատելի անկմամբ, քանի որ Ադրբեջանն ուժեղացրեց և ընդլայնեց հիբրիդային պատերազմի գործողությունները՝ փորձելով չեզոքացնել զսպման ունակությունների դիվանագիտացմանը միտված Հայաստանի ջանքերը։
Read moreՀիբրիդային պատերազմ և անհամաչափ անհավասարություն
Անվտանգության զեկույց. հոկտեմբեր 2022
Հոկտեմբեր ամսվա անվտանգության համատեքստը կարելի է բնութագրել որպես Ադրբեջանի բազմաշերտ հիբրիդային պատերազմի հայեցակարգի դեմ Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգի կիրառման փոփոխվող կազմաձև:
Read moreԱնվտանգության դիվանագիտացում
Ձայնագիր. Անվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022
EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:
Read more