Բայց և սակայն, այնուամենայնիվ

Ռուսական արվեստի թաքնված թանգարանը Երևանի սրտում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայաստանում շատ չեն համաշխարհային նշանակության հավաքածուներով թանգարանները։ Դրանցից մեկն է պրոֆեսոր Աբրահամյանի ռուսական արվեստի հավաքածուն, որն այդքան էլ հայտնի չէ հանրությանը՝ չնայած իր կենտրոնական դիրքին։ Այս թողարկմանը Վիգեն Գալստյանը թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ քննարկում է թանգարանի ընդլայնված գործունեությունը, ինչպես նաև ռուսական արվեստը մերօրյա փոփոխված քաղաքական համայնապատկերում ներկայացնելու խնդիրները։

Անտեսված Մոհիկանը՝ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակի շուրջ

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Համաշխարհային արվեստի պատմության մեջ հայազգի արվեստագետների անունները հաճախ չեն շրջանառվում։ Մինչդեռ, միջազգայնորեն հռչակված Մարկոս Գրիգորյանի ժառանգությունը մինչ օրս համապատասխան ճանաչման չի արժանացել հենց Հայաստանում։ Այս էպիզոդում Վիգեն Գալստյանի հյուրն է արվեստաբան Ռուբեն Արևշատյանը։ Նրանք քննարկում են Գրիգորյանի արվեստի հանրահռչակման խնդիրները և նրա երևանյան թանգարանը նոր տարածքում վերաբացելու խնդրահարույց նախագիծը։

Քննադատի մերժված սերը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Թերևս աքսիոմ է այն փաստը, որ առողջ մշակույթի նախապայմաններից մեկը քննադատական խոսքի առկայությունն է։ Սակայն անկախության շրջանի Հայաստանում ականատես ենք լինում մասնագիտացված քննադատների հետզհետե անհետացմանը։ Մասնավորապես, կինոյի ոլորտում կա գործող քննդատատների խիստ սակավություն, հետևաբար, նաև բացակայում են տեղական կինոարտադրության շուրջ խոսույթները։ Այս էպիզոդում ոլորտի հատուկենտ ակտիվ ներկայացուցիչներից մեկի՝ Սոնա Կարապողոսյանի հետ քննարկում ենք Հայաստանում կինոքննադատի գործունեության խոչընդոտները։

Մարգարիտ Բաբայան՝ երաժշտության մոռացված ամազոնուհին

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Երաժիշտ, երգչուհի, երաժշտագետ և Կոմիտասի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանն այն բազմաթիվ կին գործիչներից է, որոնց ներդրումն ու ժառանգությունը, ցավոք, մեծապես թերգնահատված է կամ իսպառ մոռացված։ Հայկական երաժշտության հետագծում Բաբայանի կարևորության և բացառիկ դերի մասին Վիգեն Գալստյանը զրուցում է վերջերս Կոմիտասի թանգարանում նրան նվիրված ցուցահանդեսի համադրող Մարինե Հարոյանի հետ։

Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները

Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Բրեժնևյան տարիների մշակութային լճացմանն ի պատասխան 1970-ականներին Հայաստանում առաջացան ավանգարդային նոր հոսանքներ։ Արևմուտքից ներշնչված այդ արվեստի դրսևորումները նոր իրականության մունետիկներն էին, որոնք, չնայած իրենց միջազգային ձևերին, բնույթով չափազանց տեղային էին։ Հայկական ավանգարդի նպատակների ու ստեղծագորղական միջավայրի մասին է պատմում այդ ժամանակների վկան՝ հայ ժամանակակից արվեստի առանցքային դեմքերից Աշոտ Աշոտը։

Մաշտոցյան ժամանակակից արձագանքները Վենետիկի բիենալեում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի առավել կարևոր միջազգային միջոցառումն է, որտեղ Հայաստանն այս տարի ներկայացվել է Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով։ Մաշտոցի շարականներին նվիրված այս լայնածավալ ինստալյացիան իրականացրել է Գաֆէսճեան արվեստների կենտրոնը։ Համադրող Արմեն Եսայանցի հետ զրուցում ենք նախագծի իրականացման խնդիրների, հաջողությունների և ժամանակակից արվեստի քաղաքականության հարցերի շուրջ։

Ճարտարապետական մտքի նոր կորիզը Երևանում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վերջին տարիներին Երևանում սկսել են բազմանալ «գիտակարգային» կամ մասնագիտական գրադարանները։ Դրանց թվում է անցյալ տարի՝ Երևանի մշակութորեն ամենահագեցած կետերից մեկում բացված Ճարտարապետության գրադարանը։ Իր ծավալներով համեստ այս նախաձեռնությունը, այնուամենայնիվ, լուրջ այլընտրանքային միջավայր է ճարտարապետական համայնքի համար, որի առաջնային նպատակը նոր գաղափարների ու հայացքների առաջացումն ու փոխանակումն է։ Թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նման անկախ և մասնավոր նախաձեռնությունը մասնագիտական դաշտի վրա՝ քննարկում ենք գրադարանի համահիմնադիր, ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ։

Հայկական կինոն՝ ալևորությունից դեպի նոր երիտասարդություն

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Նախորդ տարի իր 100 ամյակը բոլորած հայկական կինոն փորձում էր տոնել պատկառելի այս նշանակետը, միաժամանակ ցուցաբերելով երիտասարդանալու, հիմնովին վերափոխվելու և նորովի կայանալու ձգտումներ։ Ինչպե՞ս իմաստավորվեց և ի՞նչ արդյունքներ տվեց հայ կինոյի հոբելյանը Հայաստանում և արտասահմանում։ Որո՞նք էին տեղական կինոարտադրության կարևորագույն ձեռքբերումները 2023-ին և ի՞նչ են դրանք հուշում ազգային կինոյի զարգացման ու ձևավորման ուղիների մասին մոտ ապագայում։ Հայկական կինոյին առնչվող այս և այլ խրթին հարցերը քննարկում ենք պրոդյուսեր և կինո ծրագրավորող Մելիք Կարապետյանի հետ։

Կինո՝ անկախ ամեն ինչից. հետահայաց դիտարկումներ

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2023-ը նշանակալի էր միջազգային կինոոլորտի համար տարբեր առումներով. հոլիվուդյան դերասանների և գրողների աննախադեպ գործադուլներ, կաթվածահար կինոարտադրություն, արհեստական բանականության ահագնացող սպառնալիքներ, անորոշության մթնոլորտ կինոփառատոններում և միաժամանակ՝ նոր տոմսարկղային ռեկորդներ, ստեղծագործական լրջագույն ձեռքբերումներ ու հիմնային բարեփոխումների ակնկալիքներ։ Հաստատված արժեքների և նորարարությունների անհրաժեշտության արանքում կինոյի աղոտ ու անկանխատեսելիորեն փոփոխվող հեռանկարներն են, որոնց մասին զրուցում ենք կինոքննադատ Սոնա Կարապողոսյանի հետ։

Լուսանկարներ ցավի ու զորեղացման արանքում. ՄԻԱՎ-ով ապրող կանայք

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Ինչպե՞ս ցույց տալ ուրիշի ցավը։ Ինչպե՞ս խոսել նրա մասին, ինչը լռեցվում է։ Ինչպե՞ս ներկայացնել ՄԻԱՎ-ով ապրող հայ կանանց։ Այս և այլ հրատապ խնդիրների մասին է լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի գալիք «Կարմիր, սև, սպիտակ» ցուցահանդեսը, որը մեր հերթական թողարկման գլխավոր թեման է։

Page 1 of 3 1 2 3