Բայց և սակայն, այնուամենայնիվ… Աշխարհի գրեթե բոլոր մեծ թանգարանները հիմնված են մասնավոր անձանց կազմված հավաքածուների վրա, իսկ մասնավոր հավաքչության մշակույթը գոյություն է ունեցել մինչև առաջին հանրային թանգարանների կազմավորումը։ Հայաստանում արվեստի ու մշակութային ժառանգության հավաքաչությունը նույնպես ունի իր երկար պատմությունը, սակայն այն մնում է տակավին չուսումնասիրված ու չգնահատված։ Այս առումով հատկապես նշանակալի է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կազմակերպած «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսային շարքը, որն արդեն 5-րդ անգամ հանրությանը բացահայտում է առավել յուրօրինակ ու նշանակալի մասնավոր հավաքածուները Հայաստանում։ Այս նախագծի ու ընդհանրապես մասնավոր հավաքորդների մշակութային ազդեցության մասին ենք զրուցում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, համադրող Արմեն Եսայանցի հետ։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2000-ականների սկզբից ի վեր, Երևանի անվերջ պաշարված ճարտարապետական ժառանգությունն ու հանրային ենթակառուցվածքներն առիթ հանդիսացան ինքնաբուխ, ապա կազմակերպված քաղաքացիական շարժումների ու գործողությունների առաջացմանը։ Դրանց քաղաքական նշանակությունն ու ներազդեցությունն ակնբախ դարձավ 2018 թվականի հեղափոխության արդյունքում։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո, սակայն, քաղաքացիական շարժումների ներուժն ու թափը թվում է գրեթե սպառված։ Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ և գերիշխող կուսակցական համակարգի պարունակում առավել քան կարևոր է թվում քաղաքացիական ուժերի վերակտիվացումը և մասնակցությունը թե՛ քաղաքային ժառանգության ու միջավայրի պահպանման, թե՛ քաղաքական օրակարգը ձևակերպելու գործընթացներում։ Դրա հնարավորությունների և առկա վիճակի հիմնախնդիրների մասին զրուցում ենք Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելա Սարգսյանի հետ։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… Սյունիքի Վերիշեն գյուղում անցկացվող «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից Տեղ ու Վերիշեն» ցուցադրությունը հնի ու նորի համադրության, համայնքի ներառման ու անտեսված միջավայրի վերաիմաստավորման քայլ է: Ամիսներ շարունակ տեղացի գորգագործ կանայք, օգտագործելով հայկական ժամանակակից գորգերի ինը էսքիզ, ստեղծել են նոր գորգեր: Ցուցահանդեսի համադրող Նայիրի Խաչատուրեանի և արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ զրուցել ենք արվեստագետի հանրային պատասխանատվության, հայկական ժամանակակից գորգերը միջազգային ասպարեզում ներկայացնելու, արմատներին վերադառնալու և տարածքի վերաիմաստավորման մասին:
Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2023 թվականին լրանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 20-ամյակը։ Իր «չափահասության» շրջանը մուտք գործող փառատոնը չափազանց բարդ ուղի է անցել վերջին երկու տասնամյակներին` իր հաստատուն տեղը գտնելով միջազգային հեղինակավոր կինոփառատոների շարքում։ Ինչպե՞ս են անդրադարձել վերջին տարիների քաղաքական և անվտանգային զարգացումներն ու մշակութային փոփոխությունները կինոփառատոնի առաքելության և նշանակության վրա։ Ի՞նչ դեր ունի «հեղինակային» կինոն ընդհանրապես Հայաստանի ներքին հասարակական դաշտում: Այս և այլ հարցերի շուրջ (փակագծերը բաց) զրուցել ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… 1923-ին հայկական կինոյի ստեղծումից ի վեր, ընդհուպ մինչև 2000-ականները, կանայք կարևոր դեր են ունեցել այդ արդյունաբերության և արվեստի միջոցի կայացման գործում։ Սակայն խորհրդահայ կինոյի ողջ պատմության ընթացքում, բացառությամբ հատուկենտ վավերագրող և մի շարք անիմացիոն ռեժիսորների, ասպարեզ չեն իջել կին «կինոհեղինակներ»։ Իրերի այդ դասավորվածությունը կտրականապես սկսեց փոխվել 2000-ականների կեսերին, երբ անկախ կինոարտադրության պայմաններում ի հայտ եկան հայ կին ռեժիսորների մի ամբողջ սերունդ։ Դրանց թվում է նաև ֆրանսիաբնակ Թամարա Ստեփանյանը, որի վերջին լիամետրաժ վավերագրական ֆիլմերը զգալի միջազգային հաջողությունների են հասել և վառ կերպով մարմնավորում են մերօրյա հայկական հեղինակային կինոյի «նոր ալիքի» նկրտումներն ու հեռանկարները։ Թամարայի հետ քննարկել ենք այս շրջադարձը տեղական կինոյի հետագա զարգացման համար, ինչպես նաև դրա մշակութային ներազդեցության հետևանքների կարևորությունը մեր հասարակական կյանքում։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2022-ին թողարկված և մինչ օրս էկրաններից չիջնող «Ավրորայի լուսաբացը» լիամետրաժ անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոր ու հավակնոտ նշաձող բարձրացրեց տեղական կինոարտադրության համար՝ իր հիրավի աննախադեպ փառատոնային հաղթարշավով և միջազգային լայն արձագանքներով։ Ռեժիսոր Իննա Սահակյանի նկարահանած այս ֆիլմը կարծես թե վերջապես հանդգնեց ազատագրվել խորհրդահայ «մուլտիպլիկացիայի» ավանդույթների կապանքներից ու դիսնեյիստական նմանակումներից։ Ֆիլմը հուշում է, որ այս ոլորտը չափազանց խոստումնալից է ժամանակակից հայ կինոյի կայացման համար և միգուցե հենց անիմացիայում այն կարող է գտնել մրցունակության իր բանալին։ Թե ինչպե՞ս կարող է իրականանալ (կամ չիրականանալ) այդ հեռանկարը, պատմում է «Ավրորայի» բեմադրող նկարիչ, անիմատոր, «ՕնՕֆ» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Տիգրան Առաքելյանը։
Մի քանի օրից Հայ կինոն կբոլորի իր 100 ամյակը։ Ինչպե՞ս է այն մեզ ծառայել այդ դարաշրջանում և կարողացե՞լ է արդյոք կառուցողական կերպով վերա-ներկայացնել հայաստանյան հասարակության զառիվայր, հակասական և բազմաշերտ պատմական հետագիծն ու հարափոփոխ ներկան։ Որտե՞ղ, ի վերջո, պետք է փնտրել ու տեղադրել հայ կինոյի քաղաքական պատասխանատվության գործառույթը մեր օրերում, երբ տեղական ժամանակակից կինոն, ասես, դուրս է մղվել հասարարական ներազդեցության շրջանակներից։ Այս խրթին հարցերի շուրջ (հնարավորինս անկաշկանդ) զրուցում ենք կինոգետ, խորհրդահայ կինոյի վերջալույսի վկա Շագա Յուզբաշյանի հետ։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայ առաքելական եկեղեցիների ձևերի արդիականացումը Հայաստանում, թերևս, առավել զգայուն թեմաներից է հայկական ժամանակակից ճարտարապետության պարունակում։ Եթե արևմտյան եկեղեցում կրոնական գործառույթի ազատ ու համարձակ մեկնաբանությունը ճարտարապետների կողմից վաղուց ի վեր քաջալերվում է, ապա մեզ մոտ եկեղեցու ավանդական ձևերը համարվում են անձեռնմխելի նախապայման ու արժեք, ինչպես օրինակ քաղկեդոնական ու մահմեդական կրոնների դեպքում։ Որքանո՞վ են, սակայն, նման փոփոխություններն անհրաժեշտ կամ «վտանգավոր»։ Կարո՞ղ է ճարտարապետությունն ինքնին ներազդել կրոնի ընկալման, նշանակության ու իմաստների վրա, թե՞ ոչ։ Ու արդյոք մեր եկեղեցական ճարտարապետությունը եղել է այնքան անփոփոխ, որքան ընդունված է համարել։ Այս և ուրիշ հարցեր քննարկում ենք ճարտարապետ, Փամբակ գյուղի նոր եկեղեցու նախագծի հեղինակ Տիգրան Գրիգորյանի հետ։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… Կատուների տեսանյութերով, կեղծ լուրերով ու սելֆիներով ողողված մեր գերհագեցված մեդիա իրականությունում, գնալով ավելի կարևոր են դառնում այն պատկերները որոնք, ինչպես պնդում է հայտնի ասացվածքը, «արժեն հազար բառ»։ Նման պատկերներից է գրաֆիկական նկարազարդող, արվեստագետ Նվարդ Երկանյանի «Նրանք եկել էին խաղաղությամբ» պաստառը, որն ընդամենը մի քանի սեղմ մանրամասների միջոցով կարողացավ ամփոփել Արցախի շրջափակման ողջ աբսուրդն ու հանրային ցասումը, ժամերի ընթացքում ողողելով ֆեյսբուքն ու ինստագրամը։ Նվարդի հետ քննարկել ենք նրա ստեղծագործական գործունեության քաղաքական կողմը, դիզայնի հասարակական ներգրավվածության կարևորությունը և այս միջոցի հեռանկարները նոր տեխնոլոգիաների դարաշրջանում։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում թատրոնը եղել է հայկական մշակույթի հիմնասյուներից մեկը։ Սակայն ետանկախացման շրջանում արվեստի այս միջոցն ակնհայտորեն կորցրել է իր այդ երևելի դիրքը՝ հետզհետե հեռանալով իրականությունն արտացոլելու և հավաքական գիտակցություն ձևավորելու իր երբեմնի կարողությունից, եթե ոչ առաքելությունից։ Հայկական թատրոնի այս մտահոգող ներկայի և դրան նոր կյանք ու նշանակություն հաղորդելու անհրաժեշտության մասին ենք զրուցել անկախ թատրոնի անվանի գործիչ, ֆրանսիահայ բեմադրող Սերժ Մելիք-Հովսեփյանի հետ։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ