Հոդվածում գործածված պատկերները վերցված են Հարություն Մարությանի «Հայ ինքնության պատկերագրությունը: Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» գրքից:
Ես Մոսկվայում ասպիրանտուրայում էի, զանգահարեցի մայրիկիս, փետրվար էր, նա ասաց. «Դու գիտե՜ս այստեղ ինչ է կատարվում, միտինգներ են, այն էլ ի՛նչ չափսի»: Նրա ձայնը հիացած էր հնչում, քանի որ ինչ-որ բան փոխվում էր, պատմություն էր, անծանոթ էր վիճակը, անսպասելի. բայց և՝ տագնապած: Հետո եղավ Սումգայիթը, և Մոսկվայի համալսարանի հայերս կոլեկտիվ նամակներ սկսեցինք գրել, աշխատելով, համակարգի ներսում, կոմսոմոլի անդամների անունից, տեղից շարժել սիստեմը. ուզում էինք, որ «կենտրոնական» մամուլը «նորմալ» և «բալանսավորված» ներկայացնի կատարվողը. այն, ինչ իրենք էին համարում «բալանսավորված»՝ մեր կարծիքով ադրբեջանամետ էր:
Դա սկիզբն էր այն տևական պրոցեսի, որ շարունակվեց տարիներ, փաստորեն մինչև անկախությունը. հավաքել, թե ինչ է գրում մամուլը Շարժման ու կոնֆլիկտի մասին, արխիվներ սարքել անձնական, ու գրել պատասխաններ, հոդվածներ, նամակներ: Շատ ու շատ ընտանիքներում հավաքվեցին այդպիսի արխիվներ, որոնց մի մասը հետո այրվեց վառարաններում: Մարդիկ խելագարվելու չափ բարկանում էին այն ոճից, որով «կենտրոնական» մամուլը ներկայացնում էր «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» զարգացող դեպքերը:
Հետո մեր համալսարանի՝ ԵՊՀ-ի մեր ֆակուլտետից՝ արևելագիտականից, ժամանեց երկու ուսանող, որոնք Մոսկվայի համալսարանում մեր օգնությամբ հավաքեցին մի նշանակալի դահլիճ ու սկսեցին պատմել, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում և ինչու: Դա զարմանալի էր. որ կարելի է առանց «վերից» հրահանգի դահլիճ հավաքել, և այդքան մարդ եկավ, ներառյալ պաշտոն ունեցող դասախոսներ: Ավելի զարմանալի էր, որ մեր դեկանը՝ Մերի Քոչարը, գործուղել էր այդ տղաներին, պետական փող վճարելով, որ նրանք գան ու բացատրեն, թե ապստամբությունը, որ խախտում էր այդ պետության կանոնները, ինչու է տեղի ունենում: Այդ ժամանակ դեռ դա արվում էր, իբր, «պերեստրոյկայի» անունից, այսինքն նպատակն էր կատարվողը ոչ թե որպես ապստամբություն ներկայացնել, այլ որպես Գորբաչովի ոգեկոչած բարեփոխումների արտահայտություն: Այդ մեկ տարում ինքը «կենտրոնն» ամեն ինչ արեց, որ այդ ցանկությունը և հարմարվելու այդ փորձը հօդս ցնդի, և Շարժումն աստիճանաբար սկսի դառնալ հանուն անկախության:
Ես հիացած էի այդ երկու ուսանողների որակներով, նրանց խոսելու, համոզելու կարողությամբ, առարկելու, հակաճառելու. նրանք ինձ հիշեցնում էին վաղ բոլշևիկյան ճարտասան պրոպագանդիստներին: Նրանք երկուսն էլ այժմ վաղուց Հայաստանում չեն ապրում:
Մոսկվան բաժանված էր երկու մասի. իմ իմացած ժուռնալիստների ու արևելագետների մեծ մասը չէր ուզում հասկանալ, թե ինչ են անում հայերը, թշնամաբար էին տրամադրված: Այդպես էի ես այնօր զգում, իսկ գուցե իրավունք ունեին նրանք սկեպտիկ լինելու: Իսկ, օրինակ, կինոասպարեզի ժողովուրդը՝ լրիվ կողմ էր, ու նրանց գրկում ես ինձ զգում էի վերջապես ասես մի վիրավոր, ում վերքերը սկսեցին դարմանել: Իսկ գուցե դա էլ խաբկանք էր:
Գարնանը եկա Երևան, մասնակցեցի ցույցերին, որոնք վերսկսել էին: Մի լավ ժամանակագրություն չկա, չգիտեմ, որպեսզի ամսով ու օրով հիշվեն այդ տարիները, իմ հուշերն էլ մեջը տեղադրեմ: Հետո գնացի Մոսկվա ու կրկին, արդեն երեք ամսով, վերադարձա ամռանը:
Ժողովրդի մասսայական ներկայություն քիչ էի ապրել մինչ այդ. արդեն եղել էին որոշ, հատուկենտ, շատ մարդաշատ ռոք-համերգներ: Մինչ այդ և դրան նման կամ մի բան էլ ավելի՝ ֆուտբոլից հետո մասսան երբ փողոցով գնում էր, երբեմն դա գրեթե ցույցի էր վերածվում: Ուրախ՝ թե մեր թիմը հաղթել էր, բարկացած՝ թե ոչ: 1965-ի ցույցին, իհարկե, չէի կարող եղած լինել տարիքիս պատճառով, ծնողներս էին պատմում: Սովետական օֆիցիալ ցույցերը՝ մայիսի մեկ և այլն, կարող էին լինել ուրախ, բայց այդ զգացումը չէին առաջացնում: Արդեն սկսել էին տոնել «Էրեբունի-Երևանը», և դա էլ էր մարդաշատության հատուկենտ դրսևորում, բայց համեմատելի չէր Օպերայի միտինգներին: Սա նոր պատմական դարաշրջան էր:
Միտինգին ներկա լինելը, իսկ դրանք հսկայական էին, հակասական զգացմունք էր մեջս առաջացնում: Նախ՝ մոգական, միստիկ զգացողություն. հուզականությունս շատ ուժեղանում էր: «Սա իմ ժողովուրդն է»: Սրբության հոտ էր գալիս այդ առաջին միտինգներից: Այդ «հոտը» ես զգացել էի մինչ այդ դատարկ եկեղեցիներում՝ Հռիփսիմե, Գեղարդ, Հառիճ, Օհանավանք, Հաղպատ… Հետո՝ տարիներ հետո, նույն հոտը զգացի բուն Ղարաբաղում, ինչպես նաև Աբխազիայում: Եվ դրա նշույլը զգացել եմ այլ տարածքներում, որոնք կուզեին անկախ լինել, բայց չեն, ասենք՝ Կաբարդայում… Վերջին անգամ այդ հոտն ուժգին զգացի մարտի մեկից առաջ միտինգների ժամանակ: Նոստալգիկ էր: Մեր մյուս շարժումների՝ իմ ներկա եղած դեպքերում հոտն այդպիսին չէր, թեև Էլեկտրական Երևանինը՝ այն, ջրելու գիշերը, ջրելուց քիչ առաջ — մոտիկ էր գալիս էլի…
Տագնապը: Քանի որ բոլորը կանգնած են ժամերով ու չգիտեն, ինչ է լինելու. լուրի են սպասում: Զարմանքը. ինչպե՞ս հանկարծ ամենը փոխվեց: Մինչ այդ ժողովուրդը լուռ էր, շահագործված, վախկոտ, խաբող, անբարոյական դարձած, և հանկարծ՝ սա: Որտե՞ղ են ցեխավիկները, ինչու՞ է կուսակցությունը, կագեբեն, միլիցիան սրան տեղ տալիս: «Գողերը հայտարարել են, որ միանում են ցույցին, և ցույցի ընթացքում չեն կողոպտելու և ո՛չ մի դատարկ բնակարան»: Ուռա՛: Մի՛-ա՛-ցու՛մ:
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության առաջին համագումարի պաստառային ցուցահանդեսից, նոյեմբերի 4, 1989։
Մյուս զգացումս, որ շատ արագ ձևավորվեց, երբ միտինգին ժամերով կանգնած էի՝ իմ այնտեղ ավելորդ լինելն էր: Եկեղեցում չափից դուրս երկար կանգնելն անիմաստ է: Այնօրվա բառերով չեմ կարող ձևակերպել, սակայն, մի կողմից հասկանալով, որ սա պատմական պրոցես է, և նրա դեմ ոչինչ չես կարող անել՝ ես զգում էի այն, ինչ այսօրվա խոսքերով կասեմ. որ մարդիկ, այնտեղ կանգնած ժամերով, օրերով, շաբաթներով՝ ժամանակ են վատնում: Որ նրանք երբ այնտեղ կանգնած են՝ գործը կանգնած է, գործ չեն անում: Եռանդ են ծախսում: Գործարանները, ողջ հանրապետության աշխատանքը կանգ է առել: Որ նրանք ունեն որոշակի նյութական կարողություն կուտակված՝ պատմականորեն առաջին անգամ ցեղասպանությունից ի վեր: Որ մասսան ունի մեկ-երկու ամիս գործ չանելու չափով թափ կուտակած, բայց 1-2 ամսից այդ կուտակը սպառվելու է և մասսան մատնվելու է եթե ոչ սովի՝ ապա անտերության, իսկ գուցեև իրոք սովի: Քանի որ այդ անբանության ընթացքում գործարանները, երկաթուղին, գիտությունը, համալսարանը, բոլոր արդյունաբերությունները փակվելու են, ժանգոտելու, կանգ առնելու, փչանալու, կորսվելու, քանի որ դրանք անընդհատ պրոցեսներ են, երկար ժամանակով անջատվել ու հետո նորից միանալ չեն կարող:
Օպերայի հրապարակ, հուլիս-օգոստոս, 1988:
Ի տարբերություն համատարած վարկածի՝ ես համարում եմ, որ արդյունաբերության, տնտեսության կոլապսի առաջին պատճառը ոչ թե բլոկադան էր ու ոչ էլ Սովետի ինֆրաստրուկտուրային համակարգի կոլապսը, այլ ժողովրդի այդ հիասթափությունն իր նախորդ կյանքից, վստահության կորուստը, իր պատրաստակամությունը՝ գործը մի կողմ թողնել ու գալ օրերով, շաբաթներով, մինչև իսկ ամիսներով անգործ կանգնել հրապարակում, լուրի կամ ուղղորդման, նոր արժեքներ ստանալու, կյանքի նոր իմաստ ստանալու հույսով: Կամ՝ զենք ու զրահ վերցնելով՝ գնալ կռվելու, երբ իրեն դեռ չեն էլ ասել, որ պետք է դա անել… Շատերն էլ ուրախ էին, որ գործ չանելու այսպիսի համոզիչ պատրվակ կա՝ ազգի բախտը…
Իմ զգացածը, թվում էր, նույն մոտեցումն էր, ինչ ասում էին հատուկենտ նրանք՝ որոնք միտինգներին «դեմ» էին: Քիչ մարդ էր համարձակվում բարձրաձայն քննադատել միտինգները: Ես իհարկե չէի ուզում ասոցացվել նրանց հետ, քանի որ համընդհանուր կարծիքն այն էր, որ ցույցին կարող են դեմ լինել միայն թաքուն կամ բացահայտ կագեբեն, նախկին իշխանությունը, դավաճանները, պրովոկատորները: Ինչպե՛ս արագորեն, պատմական մի՛ ակնթարթում մեկ ճնշող, բայց փտած գաղափարախոսությունը (սոցիալիզմի) փոխվեց մեկ այլ՝ երիտասարդ ու ուժգինի, ու նույնքան ճնշող, դեռևս ոչ թե զենքի ուժով՝ այլ զուտ բարոյական ճնշմամբ — «պրո-միտինգային» գաղափարախոսության, որը հետո դարձավ այն, ինչ կոչվեց «ազգային». ունիկալ զգացում էր այդ փոփոխությանը ներկա գտնվելը: Իսկ գուցե դա փոփոխություն էլ չէր շատ, քանի որ ճնշելն այս սովետական-հետսովետական, հարավային ժողովրդին բավական հատուկ էր, իսկ թե ինչ առիթով ճնշել՝ այնքան էլ կարևոր չէ, միայն թե ճնշել: Ինքնաճնշել: Տեքստը փոխվեց, վարքը՝ ոչ:
Շրջապատիս գերագույն մեծամասնությունը հիացած էր միտինգներով և «Ղարաբաղ» կոմիտեով: «Տղերքը»: Ես էլ նրանց լավ էի տրամադրված մինչ մի պահ, սակայն մեկ է, ես զգում էի, որ մի մեծ սխալ բան կար նրանում, որ հարյուր հազարներ ներքևը կանգնած Կարապի լճի կողքի խոտն են տրորում ու վերացնում մեկընդմիշտ՝ իսկ վերևից իրենց հետ խոսում է մի դյուժին մարդ, մեկը մյուսի ետևից, ու ասում ինչ լուր կա, կամ ինչ պետք է անել, ու այս ողջ մասսան նրանց է լսում ու միայն նրանցից է կախված:
Շատ երիտասարդներ այդ օրերն իրենց կյանքի լավագույն օրերն են համարում մինչ այժմ, և հիրավի: Կար արտառոց միասնության, ազատության, տոնի այդ զգացողությունը, նաև՝ էռոտիկ: Եվ ո՛վ է ասում, որ ժողովուրդը միշտ պիտի լինի լուրջ ու պատասխանատու, առանց ուրախության, հրճվանքի, խրախճանքի: Բայց ես ծանրանաֆաս եմ, նրանց նայելիս՝ ես մտածում էի. իսկ հետո՞: Այսպես հրճվանքով եղածը քանդվում է, իսկ ո՞վ է պատասխանատուն նորը կառուցելու համար: Նորը կառուցելը միայն հրճվանք ու դասից փախնել չէ… Ու միայն զոհվելու պատրաստ լինելը, թեկուզ հերոսություն լինի, նորը կառուցել չէ…
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության առաջին համագումարի պաստառային ցուցահանդեսից, նոյեմբերի 4, 1989։
Բայց պատմությունն այդպիսի բան է. ծնում է առաջնորդներ, որոնք հայտնվում են այն դերում, որ չէին էլ կարող պատկերացնել առաջ: Կարո՞ղ էր արդյոք մտավորական Տրոցկին, երբ, ասենք, 14 տարեկան էր, պատկերացնել, որ լինելու է բոլշևիկների ռազմական նախարար: Կարո՞ղ էր արդյոք արձակագիր Վանո Սիրադեղյանը, երբ, ասենք, 14 տարեկան էր, երևակայել, որ լինելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար…
«Մի՞թե նրանք գիտեն, ինչպես ղեկավարել», մտածում էի ես՝ դիտելով նրանց: «Մի՞թե կառավարելու գաղտնիքին տիրապետում են»: Ես՝ չգիտեի, ու երբեք չէի համարձակվի քայլ անել այդ կողմ՝ առանց գոնե մի քիչ իմանալու, սովորելու: Կոմունիստ հայերի ղեկավարումը մինչ այդ ուրիշ էր. նրանք լրիվ անկախ չէին, դրածո էին, իսկ դա շատ ավելի հեշտ է, ի վերջո վերջնական պատասխանատվությունը քոնը չէ: «Որտե՞ղ են նրանք դա սովորել, դպրոցու՞մ, դասընկերներին կազմակերպելիս, որ դասից փախչեն: Բնածին տաղա՞նդ են»…
Օպերայի հրապարակ, հուլիս-օգոստոս, 1988:
Պատմականորեն, գենետիկորեն ես գիտեի, լինելով հայաստանյան ինտելիգենցիայի հալածված տոհմից՝ գիտեի, որ ոչ մի իշխանություն երբեք չի լինում արդար մեր կողմերում. թե սխալմամբ փորձեց լինել՝ շուտ կվերացնեն: Մի՞ թե սրանք ուրիշ են: Իրենք անում էին քայլեր՝ և լինում էր կամ ճիշտ, կամ սխալ, մեկի համար արդար՝ մյուսի համար անարդար: Իրենք արդեն ստիպված էին անել այդ քայլերը (ասենք՝ պրովոկացիան սկսել առաջնորդել, որպեսզի կարողանան դրան դիմակայել. գլխավորել երթը դեպ օդանավակայան, քանի որ ժողովուրդն արդեն գնում է այդ ուղղությամբ). դա ոչ թե իրենք էին նախագծում, այլ պատմությունը, ժողովուրդը եկել էր իրենց պռնկին չոքել ու՝ պահանջում էր. դու հիմա ռեակտիվ կերպով պիտի ա՛յս մարտահրավերին արձագանքես, իսկ հիմա՝ ա՛յս: Քո խելքի, հասկանալու չափով, Հրանտ Մաթևոսյանը կասեր՝ «մեր չհասկանալու չափով»: Ոչինչ նախապատրաստված չէր, ժամանակ չկար լրջորեն ծրագրելու. հին աշխարհը փլվում էր, առանց սպասելու, որ պլաններ կազմենք: