EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արցախը կիզակետում
Հնվ 23, 2024

Շրջափակման և բռնի տեղահանության ժամանակ մայրացածները

Անի Գևորգյան

Արցախի շրջափակման, ապա բռնի տեղահանության ժամանակ հարյուրավոր կանայք հղիության ու մայրանալու հույզերը և ուրախությունը զգալու փոխարեն կրեցին ծանր զրկանքներ:

Ոմանք հղի վիճակում, ոմանք արդեն նորածիններին գրկներում ստիպված եղան պատսպարվել ցուրտ ու խոնավ ապաստարաններում, ոմանք էլ իրենց փոքրիկներին լույս աշխարհ բերեցին հենց տեղահանության ճանապարհին: 

Ըստ պաշտոնական տվյալների, շրջափակման ամիսներին Արցախում ծնվել էր 110 երեխա: Բռնի տեղահանությունից անմիջապես հետո Սյունիքում ծնվել է ևս 8 փոքրիկ: 

Անահիտ Լազարյան. Մարտակերտի շրջան, գյուղ Գետավան 

Մեծամորից եմ, 9-րդ դասարան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Արցախ: Այնտեղ շարունակեցի սովորել, երկու բարձրագույն կրթություն ստացա: Հետո ամուսնուս հետ ծանոթացա, երկու տարի շփվեցինք, ամուսնացանք: Գյուղում սկսեցի դպրոցում աշխատել` պատմություն դասավանդել: 

Մեր գյուղը հենց առաջնագծում էր: Ամուսինս ծառայության մեջ էր գտնվում, ճանապարհային ոստիկան է: Երբ ամեն ինչ սկսվեց, մեր հարևանի տուն գնացինք, մի քիչ ցածր տեղ է տունը: Մնացինք մինչև ժամը 16։00-ն: Հետո մեր գյուղապետը հայտարարեց, որ թշնամին մոտենում է, պետք է դուրս գանք գյուղից, ապահով վայր գնանք: Ինչ պատահեց ձեռքիս տակ, երեխայիս շորերից վերցրի ու դուրս եկանք: 

Գյուղի հիվանդանոցը մոտիկ էր: Հիվանդանոցում ես էի, որպես հղի, մի քանի հիվանդ երեխաներ կային: Հետո ինձ երկու վիրավորի հետ միասին Շտապ օգնության մեքենայով գյուղից հանեցին:

Գյուղը տեղահանվեց, մնացին միայն տղամարդիկ ու ծառայության մեջ գտնվողները: Նրանք էլ մնացին մինչև գիշերը: Երբ ասել են` վերջ, գյուղը հանձնում ենք, նրանք էլ են դուրս եկել: 

Երբ հասել ենք քաղաք, ռմբակոծությունը շարունակվում էր: Ստեփանակերտում շենքի նկուղում էինք մնում: Լավ մարդիկ կային, հաց էին տալիս, ծածկոցներ էին բերում: Շատ ցուրտ էր:

Առավոտյան գնացինք Խոջալու (Իվանյան), օդանավակայան: Այնտեղ ամուսինս եկավ մեզ հասավ: 

Մի քանի օր տարբեր տեղեր մնացինք, բայց հետո մեր գյուղի գլխավոր բժշկի անձնական մեքենայով դուրս եկանք: 

Ամեն ինչ սկսվեց ճանապարհին: Ամսի 25-ին բոլորի պես դուրս եկանք Ստեփանակերտից: Գիշերը ցավերը բռնեցին: Այդ ժամանակ մեր կողքով Շտապ օգնության մեքենա անցավ, բայց ես չուզեցի, որ ինձ համար կանգնեցնեն, մտածեցի, որ վիրավորներ է տեղափոխում: Մեր բժիշկը ճանապարհին ռուս խաղաղապահներին խնդրեց, պայմանավորվեց, ճանապարհը բացեցին, սկսեցին մեզ ուղեկցել, մարդիկ էլ տեղ տվեցին, հասանք Մեծ Շեն, հետո Հակարի կամուրջ: Ադրբեջանցիները կանգնեցրին մեքենան, տեսան, որ հղի եմ, ճանապարհ տվեցին: Այդ պահին մի քանի ժամ առաջ անցած Շտապ օգնության մեքենան հետ էր գալիս, դրանով ինձ տարան հիվանդանոց ու երեխան միանգամից ծնվեց: 

Ինը ամիս շրջափակման մեջ ենք եղել, ծանր ապրումներ ենք ունեցել: Ինձ վրա ավելի շատ ազդում էր ոչ թե ինչ-որ բաների պակասը, այլ այն, որ անորոշություն էր, լարվածություն: Փորձում էի արտաքնապես ցույց չտալ, բան չասել, բայց ներքուստ վախենում էի` ոնց է լինելու, բա ամուսինս, բա մայրիկս, բա 2 տարեկան աղջիկս…

Փոքրիկը ծնվել է 2.5 կգ, 48 սմ, ժամկետից 2 շաբաթ շուտ: Ինձնից առաջ էլ, հետո էլ աղջիկներ ծննդաբերեցին, բոլորի երեխաներն այդպես փոքրիկ էին: Կարծում եմ, որ շրջափակման վերջին շրջանն է պատճառը: Սկզբում ամեն ինչ տանելի էր, իսկ վերջում՝ երբ հացի հերթեր, ամեն ինչի պակաս սկսվեց, բոլորի, բայց առաջին հերթին հղի կանանց մոտ օր օրի աճող լարվածությունն ու անորոշության վախը շատացավ:

Շրջափակման ընթացքում փորձում էի լավ բաների մասին մտածել, գնում էի խանութներ, փոքրիկիս համար գեղեցիկ բաներ էի գնում, մտածում էի` ամեն ինչ պետք է լավ լինի: 

Միայն ափսոսում եմ, որ փոքրիկս Արցախում չծնվեց: Ուզում էի, որ իմ երեխաների տունը Արցախը լիներ: 

Անահիտն ընտանիքի հետ այժմ ապրում է Հրազդան քաղաքում` վարձակալած բնակարանում: Նախատեսում են առաջիկայում մեկ այլ, ավելի բարեկարգ բնակարան տեղափոխվել: Հրազդանում այժմ ապրում է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1100 ընտանիք՝ 5188 հոգի: 

Քնար Տոնոյան. Ասկերանի շրջան, գյուղ Մխիթարաշեն 

Իմ փոքր երեխան շրջափակման մեջ ծնվեց և ժամանակից շուտ: Ամեն ինչ շատ ահավոր էր: Բացի ցրտից, սննդի պակասից, անընդհատ լարվածություն կար, վախ կար: Ես հերթերի մեջ էի կանգնում: Մրգի հերթի ժամանակ ինձ հրեցին, գցեցին, ինքնազգացողությունս վատացավ, տեղափոխվեցի հիվանդանոց: Որոշ ժամանակ մնացի այնտեղ, լավ է, լուրջ բան չէր եղել: Հետո փոքրիկը ծնվեց: 

Նորածնի համար անհրաժեշտ վիտամիններ մինչև 4 ամսական տվեցին, հետո էլ չկար… մանկական կաթնախառնուրդի խնդիր շատ ունեցա: Հիվանդանոցը տալիս էր ամիսը մեկ անգամ, բայց դա չէր հերիքում, երեխաս քաշ չէր ավելացնում: Մեջս արդեն շատ լուրջ վախ էր մտել ու չգիտեի, թե հետո ինչ է լինելու: Բայց հիմա արդեն քիչ-քիչ սկսվում է ամեն ինչ կարգավորվել: Հայաստան տեղափոխվելուց հետո մարդիկ շատ օգնեցին, այլևս ոչ մի բանի պակաս չունեցանք: 

Երբ սեպտեմբերի 19-ին ամեն ինչ սկսվեց, մենք տանն էինք, տեղյակ չէինք, թե ինչ է կատարվում: Մենք վերջինն ենք գյուղից դուրս եկել: Գյուղի ոստիկաններից մեկն է պատահաբար իմացել, որ մենք դեռ տանն ենք ու ասել է, որ շտապ դուրս գանք, չգիտեինք, որ արդեն պետք է գնալ: 

Արդեն ճանապարհին, 24 ժամից ավելի, տեղում կանգնած ենք եղել, ոչինչ մեզ հետ չէինք վերցրել, մի բեռնատարի վարորդ իր հետ գազի վառարան էր վերցրել, դա խնդրում էինք, որ մի քիչ տաքանանք: Երեխաներին դժվար էր ճանապարհին պահել, համարյա անհնար էր, բայց եկանք տեղ հասանք մի ձև: 

Մեծ աղջիկս շատ ակտիվ ու շարժուն է, միշտ հարցնում է` բա երբ ենք հետ գնալու: Ու ես չգիտեմ ինչ ասել:

Քնարն ընտանիքի հետ այժմ ապրում է Աբովյան քաղաքում գտնվող սպորտի և մշակույթի համալիրում: Ընդհանուր առմամբ, այս պահին այստեղ ապրում է 100 հոգի: Իսկ ամբողջ քաղաքում հաստատված արցախցիները 5300-ն են:

Քրիստինե Սահակյան. Մարտակերտի շրջան, գյուղ Հաթերք 

Հինգ երեխա ունեմ, փոքրիկս` տղաս, ծնվել է սեպտեմբերի 22-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ամսի 19-ին ես Մարտակերտի հիվանդանոցում էի։ Քանի որ վառելիք չկար, գյուղից էլ անհնար էր հիվանդանոց հասնել, ու իմ ծննդաբերելու օրերն էին, բժշկուհիս որոշեց, որ ես գնամ ու մի-երկու օր մնամ Մարտակերտի հիվանդանոցում, մինչև ունենամ երեխային։ Ահավոր վիճակ էր, չգիտեինք, եթե ցավերս բռնեն, ինչ ձև ինձ պետք է հիվանդանոց հասցնեն։ 

Երբ կռիվը սկսվեց, ես հիվանդանոցում էի, ամուսինս՝ տանը՝ մեր չորս երեխաների հետ։ Ամսի 20-ին բժշկուհին իր մեքենայով ինձ հասցնում է Ստեփանակերտ, ամուսինս էլ տնից է երեխաների հետ շարժվում Ստեփանակերտ: 

Ստեփանակերտ հասնելով՝ ես հրաժարվում եմ հիվանդանոց գնալ, ուզում եմ ամուսնուս ու երեխաներիս գտնել: Երբ ես հասա Ստեփանակերտ, ոչ մի լուր չունեի։ Մի քանի ժամ սպասեցի, մինչև նրանք հասան։ Ով գյուղից գալիս էր, հարցնում էի, մտքովս ինչ ասես անցնում էր, շատ վատ էի։ 

Բժշկուհին ռուսների հետ խոսաց, որ ինձ Շտապ օգնության մեքենայով տանեն հիվանդանոց, բայց ես չհամաձայնեցի, ասեցի՝ մինչև իմ երեխաներին չգտնեմ, տեղիցս չեմ շարժվի։ Հետո իմացա, որ նրանք ճանապարհին չորս «Զիլ» են փոխել։ Երբ իրար հանդիպեցինք, երեխաներն ամբողջությամբ ժանգոտ, ցեխոտ, ահավոր վիճակում էին։ Այդ ձևով ամուսինս երեխաներին կարողացել է մի կերպ հանել գյուղից։ 

Ամուսնուս և երեխաներիս հանդիպելուց հետո բոլորով պատսպարվում ենք Համալսարանի նկուղներում, որտեղ երկու օր մնալուց հետո ինձ տեղափոխում են քաղաքի հիվանդանոց՝ ծննդաբերության։ Երեխային ունենալուց հետո նորածինս գրկումս հետ եմ գնացել նկուղ։ Մի քանի օր մեզ ասում էին, որ կգան, մեզ ավտոբուսներով կտանեն, բայց այդպես էլ ոչ մեկ չեկավ։ Ամսի 24-ին դռներն ուղղակի բացեցին ու բոլորին դուրս հրավիրեցին, որովհետև բոլորը վախենում էին, թե ամեն պահի ինչ կարող է լինել։ 

Այդպես դուրս եկանք, ոչ մի փաստաթուղթ ոչ մեկիս չեն տվել։ Երեխայի ծննդականը այստեղ ենք գնացել հանել։

Հղիության ինը ամիսները շրջափակման մեջ իմ կյանքի ամենածանր ամիսներն էին: Ինը ամիս նորմալ սնունդ չկար, դեղեր չկային, ինձ ասում էին՝ ինչ ես կերել, որ ինչ երեխա ծնվի… բայց լավ է` տղաս հիմա առողջ է: 

Քրիստինեն ընտանիքի հետ այժմ ապրում է Մասիս քաղաքում: 2023-ի նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կատարվել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 140 հոգու մկրտության արարողություն։ Քրիստինայի հինգ երեխաները նրանց թվում են։ 

Անցած տարվա աշնանը Մասիս էր ժամանել Արցախից բռնի տեղահանված շուրջ 12.000 մարդ:

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նաեւ

But Now I Dance

Իսկ հիմա ես պարում եմ

Անի Գևորգյան
Դկտ 12, 2023

Օպերայի բեմի լույսերը խամրում են, սակայն դժվար չէ պատկերացնել, որ բեմում գտնվող տղաների մարմիններից հանվել է 136 կտոր բեկոր և փամփուշտ, բայց հենց պարելով տղաներն ապացուցում են՝ անհնար ոչինչ չկա:

Read more
So That in the End, Good Triumphs Over Evil…

Որ վերջում բարին հաղթի չարին …

Անի Գևորգյան
Նյմ 16, 2023

Առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելով Արցախից բռնի տեղախանված երեխաներին՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները փորձում են փոքր-ինչ մեղմել երեխաների անհանգստությունները։ Աշխատանքի ընթացքը՝ Անի Գևորգյանի ֆոտոպատումով։

Read more
In Search of a New Home: Zorak

Նոր տանիք փնտրելիս. Զորակ

Անի Գևորգյան
Հկտ 9, 2023

Արցախից ավելի քան 500 բռնի տեղահանվածներ այժմ Հայաստանի Արարատի մարզի Զորակ գյուղում են, որտեղ մի քանի ընտանիք միասին ապրում են մեկ տանը, ոմանք նույնիսկ ստիպված են քնել բեռնատարների մեջ: Նրանց պատմությունը ներկայացնում է ֆոտոլրագրող Անի Գևորգյանը։

Read more

Մեր ժամանակի կարման. ապրել ու ստեղծել պատերազմի հետ

Անի Գևորգյան
Նյմ 28, 2022

Պատերազմի մեջ և դրա հետևանքների հետ ապրելը մեծ ուժ և հոգեկան ջանքեր է պահանջում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը ներկայացնում է արվեստագետների, ովքեր վստահ են՝ անհրաժեշտ է ոչ թե փախչել իրականությունից, այլ ապրել պատերազմի հետ:

Read more
Նրանք անօգնական չե՛ն

Նրանք անօգնական չե՛ն

Անի Գևորգյան
Նյմ 10, 2022

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում տարբեր վիրավորումներ ստացած անձինք թեև դժվարությամբ, սակայն փորձում են հաղթահարել տեղի ունեցածը։ Լուսանկարիչ Անի Գևորգյանը ներկայացնում է նրանցից մի քանիսի պատմությունը։

Read more

Աշխատանքով փարատվողները

Անի Գևորգյան
Սպտ 28, 2022

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից շատերը, ի հիշատակ իրենց որդիների, նախաձեռնել են գործեր, որոնք ոչ միայն կրում են տղաների անունները, այլև հանրային բարիք ու հոգատարություն ստեղծում` իրականացնելով այն ցանկություններն ու երազանքները, որոնք տղաներն իրականացնել չհասցրին:

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ