
Անձրևից հետո թաց գյուղում ամենուր բեռնատար ու կիսաբեռնատար մեքենաներ են կայանած: Առաջին հայացքից` սովորական տեսարան է, բայց եթե մեքենաների դռները բացես, հավանաբար, ներսում քնած մարդ կտեսնես:






Շուրջ 1700 բնակիչ ունեցող Զորակ գյուղում (Արարատի մարզ, Մասիս խոշորացված համայնք) այլևս ազատ տներ չկան: Այստեղ բնակություն է հաստատել Արցախից բռնի տեղահանված 535 անձ` 151 ընտանիք: Համայնքի ղեկավար Արայիկ Մարտիրոսյանի խոսքով, գյուղում հնարավոր չէ գտնել մեկ տուն անգամ, որտեղ միայն մեկ ընտանիք ապրի:
«Մի քանի ընտանիքներ են ապրում: Իսկ դատարկ տների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Միայն մեկ ազատ տուն կա, այն էլ վաճառքի է դրված»,- ասում է Մարտիրոսյանը:

Երբ որևէ անցորդի հարցնում ես, թե որ տանը Արցախից եկած ընտանիք կա, անմիջապես թվարկում է և ցույց տալիս:
Զորակի բնակիչ Արմենն իր տանը հյուրընկալել է միանգամից չորս ընտանիք:
«Մեր տանը հիմա, մեզնից բացի, չորս ընտանիք է ապրում։ Կնոջս կողմից բարեկամական կապ կա մեկ ընտանիքի հետ, մնացածի հետ նոր ենք ծանոթացել։ 25 բռնի տեղահանված ենք ընդունել, մեր ընտանիքն էլ՝ ևս վեց հոգի, տղաս էլ հիմա ծառայում է։ Այսինքն այս պահին մեր տանը 31 մարդ է ապրում»,- ասում է գյուղի բնակիչը:



Արմենի կինը` Սվետան պատմում է, որ որդին Իջևանում է ծառայում, երեկ դիրքեր է բարձրացել, սպասում են, որ հետ իջնի` զանգի։ Ինքը փորձում է աջակցել ու հոգալ իր հյուրերի կարիքները, սակայն դա անելը շատ դժվար է.
«Տանը ծանր ու լարված մթնոլորտ է: Մեր ընդունած ընտանիքներից մեկի տղան զոհվել է»:
«Նոր ենք Հերացիից գալիս, ամսի վեցին Եռաբլուրում հուղարկավորությունն է լինելու: Ընտանիքը Մարտակերտի Հաթերք գյուղից է, նրանց զինվորն է, 19 տարեկան: Հենց ամսի 19-ին է զոհվել: Նվեր Օհանյանն է»,- ասում է Արմենը:

Եվս երեսուն հոգի ապրում է գյուղի մեկ այլ տան մեջ:
«Յոթ ընտանիքով այստեղ ենք։ Այս տունը հորեղբորինս է, մեզ ասացին, որ հիմա դատարկ է։ Մեր մեջ մարդ կա Շուշիից է՝ կրկնակի տեղահանված, որոշները Մարտունու Նինգի գյուղից են։ Ամենափոքրն ութ օրական է, նոր էր ծնվել, երբ հիվանդանոցից վերցրինք ու ճամփա ընկանք»,- ասում է Գրիշա Քոչարյանը։
«Իմ ընտանիքն է, երկու տղաներիս ընտանիքներն են, աղջկաս ընտանիքն է, եղբորս ընտանիքը։ Չորս սենյակի մեջ ենք փորձում տեղավորվել։ Աղջիկներն ու երեխաները մահճակալների վրա են քնում, մենք մյուս սենյակի գետնին կամ մեքենաների մեջ»։
Արևիկ Քոչարյանը, ով իր վրա է վերցրել տան հոգսերը, ասում է` ամենից դժվարն օրը երեք անգամ տան բոլոր բնակիչների համար սնունդ պատրաստելն է։

«Բայց չեմ բողոքում,- ասում է նա ու ցույց տալիս խոհանոցի անկյունում պահած մեծ շիշը,- Մեր ամենաթանկ բանն է` Արցախից մեր բերած ջուրն է: Մեր հողը չէինք կարող բերել, գոնե ջուր բերեցինք»:


Ընտանիքի տղամարդկանցից մեկը` Կարենն անընդհատ հեռախոսի մեջ է նայում, փնտրում ու ցույց է տալիս իր շան լուսանկարներն ու տեսանյութը, ասում է` շատ էր ուզում իր հետ Հայաստան բերել, բայց հնարավոր չեղավ:


Արցախցի բարեկամներին իր տանն է ընդունել նաև 44-օրյա պատերազմից հետո Հադրութի Տող գյուղից տեղահանված ու Զորակում բնակություն հաստատած Անահիտ Ավանեսյանը:
«Տեսնում եք մեր պայմանները, շատ դժվար է ամեն ինչ, բայց չէի կարող չընդունել: Մենք էլ ենք դրա միջով անցել ու դեռ անցնում ենք»:
Անահիտն ասում է, որ տանն այժմ 11 հոգով են ապրում, երեկոյան հնարավոր է կրկին բարեկամների ընդունեն.
«Մենք մեր տանիքն առաջարկում ենք, բայց եկողները հասկանում են, որ այստեղ երեխաների հետ շատ դժվար է մնալ: Հենց լույսը բացվում է, մարդիկ տնից դուրս են գալիս` որևէ աջակցություն, որևէ օգնություն գտնելու հույսով: Գիտենք, որ տուն գտնելը հիմա շատ դժվար է, բայց փորձում են որևէ փոքր բան էլ գտնեն, որ գոնե երեխաներն ավելի ապահով տեղում մնան: Մեր տան փոքրն էլ՝ Սառան, պատմում է, որ դպրոցում Արցախից նոր երեխաներ են եկել»:
Զորակի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Հերմինե Մաթևոսյանը հայտնում է, որ այս օրերին դպրոց է ընդունվել արցախցի 24 աշակերտ, որոնք միջին դպրոցի աշակերտներ են ու հավելում, որ Մոնթե Մելքոնյանի անունը կրող դպրոցում նոր երեխաներին լավ են ընդունում.


«Առհասարակ, մեր դպրոցում բոլորն են հեշտ ինտեգրվում: Մեզ մոտ նաև ներառական կրթություն կա, այստեղ մանկատնից երեխաներ էլ են գալիս, տարբերվող երեխաներ են գալիս, պատկերացրեք, մենք մեր աշակերտներին այլևս չենք էլ ասում, որ նորեկներին պետք է լավ դիմավորել և լավ ընդունել: Նրանք արդեն դա գիտեն, գրքեր են տալիս, տետր և այլն»:
Մաթևոսյանը նշում է, որ եղել են դեպքեր, երբ ընտանիքը երկու-երեք օր է գյուղում մնացել, բայց երեխաներն անգամ այդ օրերին դպրոց են հաճախել.
«Անգամ այդ մի քանի օրով, և մենք դա շատ ենք ողջունում»։

Թե վերջին օրերին Զորակ տեղափոխված մարդկանցից քանիսը կմնան, կհիմնավորվեն այստեղ, դեռ հնարավոր չէ ասել, սական 44-օրյա պատերազմից հետո շատ արցախցիներ՝ որպես իրենց նոր բնակավայր հենց այս գյուղն են ընտրել: Արդեն երեք տարի է, ինչ Զորակում ապրում է 2020-ին Արցախից տեղահանված 96 անձ` 17 ընտանիք:
Նրանցից են Քարվաճառից տեղահանված Փիրուզան և Ալիկը, որոնք այս գյուղն այլևս իրենց տունն են համարում:
