Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
Ռանչպար գյուղի երկնքում ճախրող արագիլները մերթընդմերթ իջնում են էլեկտրասյուներին հյուսած իրենց բներին։ Արցախյան պատերազմների հետևանքով բռնի տեղահանված և գյուղում ապաստան գտած արցախցիների համար արագիլները հատուկ խորհուրդ ունեն։
Գյուղն Արարատի մարզի Մասիս քաղաքից հեռու է մոտ տասը կիլոմետր։ 42-ամյա Ռիտա Բաղդասարյանի մեծ ընտանիքը մեկն է Ռանչպարում ապաստանած բազմաթիվ արցախցի ընտանիքներից։ Ռիտան երկրորդ անգամ է տեղահանվել։
Ռանչպարի բնակչությունը միաէթնիկ նախկինում չէր։ Այստեղ բնակվել են նաև ադրբեջանցիներ, որոնք արցախյան շարժման սկզբում տեղափոխվել են Ադրբեջան, իսկ ադրբեջանաբնակ բազմաթիվ հայեր գաղթել են Հայաստան։ Արցախյան շարժման սկզբում Ռանչպարում հաստատվել են հիմնականում Բաքվից և Գանձակից բռնագաղթածներ։ 2020 և 2023 թվականների պատերազմներից հետո ևս մեծաթիվ արցախցիներ տեղափոխվեցին Ռանչպար՝ ավելի վաղ այստեղ հաստատված իրենց բարեկամ-ազգականների մոտ։
«Ամեն պատերազմում մի հարազատ ենք կորցրել։ Առաջին պատերազմում հայրս է զոհվել, 44-օրյա պատերազմում թուրքերը (նկատի ունի ադրբեջանցիները) հիվանդ մորս են սպանել գյուղում, իսկ այս պատերազմում եղբայրս է զոհվել,- ասում է չորս պատերազմների միջով անցած Ռիտան,- Սակայն այս վերջին պատերազմն ամենաահավորն էր։ Բոլոր հարազատներս պատերազմում էին։ Կապ չկար, և ոչ մեկից տեղեկություն չունեինք»։
Ռիտան հիշում է հատկապես զինվորական որդուն։ Նա 5 օր եղել է շրջափակման մեջ, ու որևէ տեղեկություն նրանից չեն ունեցել։ Բազմազավակ կինը 6 երեխա ունի, անհանգստության այլ պատճառներ էլ է ունեցել։ Առաջին պայթյունների պահին երեք երեխաները դպրոցում էին, ու քանի որ կապ չկար, մի քանի ժամ շարունակ չեն գտնել նրանց։
2020-ի պատերազմին Բաղդասարյանները կորցրել էին Հադրութի իրենց տունը և վարձով ապրում էին Ստեփանակերտում, բայց այս պատերազմը շատ ավելի ծանր էր։
«Տուն էինք կորցրել, բայց գոնե մեր հողում էինք,- ասում է Ռիտայի ամուսինը՝ Բեգլարը,- Եթե հնարավորություն լինի, այսօր էլ հետ կդառնամ, միայն թե թուրքի հետ չապրենք։ Այսքան կորուստներից հետո դա անհնար է»։
Ընտանիքը փորձում է սեփական ուժերով վերանորոգել կիսաքանդ տունը, որը նրանք բավականին թանկ գնով են վարձակալել։ Կառավարության հատկացրած գումարի մի մասն են ստացել, որով փորձում են գոնե տաք ջրի հարցը լուծել։ Տանը չկա առաջին անհրաժետության կենցաղային տեխնիկա։
«Շատերը թեկուզ մեծ մեքենաներով են եկել, բայց նախընտրել են իրենց հետ բերել հարևաններին ու հարազատներին և ոչ թե տան իրերը։ Դրա համար էլ համարյա բոլորն ունեն ներքնակների, վերմակների, կենցաղային տեխնիկայի կարիք։ Փորձում ենք դրանք հայթայթել բարերարների, ընկերների, նաև տեղացիների ու համայնքապետարանի միջոցով և համակարգված բաժանել նրանց»,- ասում է համայնքի ղեկավար Վահան Վարդանյանը։
Համայնքապետի տվյալներով՝ ադրբեջանական վերջին հարձակումից հետո գյուղում ապաստան է գտել 356 մարդ՝ 108 ընտանիք։ 54 երեխա հաճախում է գյուղի դպրոց, 25 երեխա՝ մանկապարտեզ։
«108 մարդ էլ 2020 թվականի պատերազմից հետո է հաստատվել գյուղում։ Նրանք նույնպես օժանդակության կարիք ունեն, բայց այս պահին շեշտը դրվում է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով բռի տեղահանվածներին օգնելու վրա»,- նշում է համայնքապետը։
Նրա խոսքով՝ միայն օգնությունը բավարար չէ։ Բռնի տեղահանված հայրենակիցների համար պետք է աշխատատեղեր գտնել։
Բաղդասարյանների որդին, որ հրաշքով է ողջ մնացել պատերազմում, որոշել է թողնել զինվորականի գործը և ուզում է աշխատել հացի արտադրամասում։ Այդ որոշմանը եկել է շրջափակման օրերին, երբ հացը սուղ էր։ Մոտ մեկ տարվա փորձառություն ունի։ Սակայն գյուղում հացի արտադրամաս չկա։
«Եթե օժանդակություն լինի, գուցե մի օր սեփական արտադրամաս ունենանք, որտեղ կաշխատենք ամբողջ ընտանիքով,- ասում է հայրը. նա լավատես է,- Այդպես կարող ենք նաև տուն կառուցել, և վերջապես ամուսնացնել որդուս»։
Երկու անգամ տուն կորցրած և զրոյից նոր կյանք սկսող Բաղդասարյաններին այս երազանքն օգնում է ապրել։
Ռանչպարում է ապաստան գտել նաև 80-ամյա Գրետա Վարդանյանը։ Նա այստեղ է բնակվում 2020-ի պատերազմից հետո, Հադրութի Հին Թաղեր գյուղից է։
Գրետա տատն ապրում է ամուսնու և խնամու՝ Կարինե Շադյանի հետ։ Չնայած արդեն երեք տարի այս գյուղում են, բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն, ավելին, նորերն են ավելացել։ Ադրբեջանի վերջին ագրեսիայով ու Արցախի կորստով պայմանավորված՝ նրանք չեն ստանում իրենց կենսաթոշակը, որն արդեն իսկ թանկացած տան վարձը վճարելու միակ միջոցն է։
«Ամբողջ կյանքս ուսուցչուհի եմ աշխատել գյուղում, իսկ հիմա անգամ թոշակ չեն տալիս։ Ինչպե՞ս կարող եմ ապրել»,- ասում է Գրետան։
Նրա համար ծանր է վերհուշը, թե ինչպես հեռացան հայրենի գյուղից, որը մինչ այդ երբեք չէր լքել։ Կարոտն ու կսկիծն արտահայտելու համար դիմում է Ավետիք Իսահակյանին․
«Սիրելի Արցախս տարան, յարա տվին ու տարան, էս ինչ զուլում աշխարհ է, պոկեցին, սիրտս տարան։ Ես իմ գյուղը շատ էի սիրում, իմ հայրենիքը, իմ դրախտավայր Հադրութը»։
Նա նաև փորձել է վավերագրել պատերազմը և օրագիր է կազմել։ Կարդում է․
«Հանգիստ ապրում էինք, սեպտեմբերը բերքահավաքի ամիս է, ձմռանն էինք նախապատրաստվում։ Հավաքել էինք տոննաներով կարտոֆիլ, լոբի, մեղր, տնական բանջարեղեն, բայց բանջարանոցներում դեռ շատ բերք կար հավաքելու, որն այդպես էլ մնաց առանց քաղելու»։
Ռանչպարում ապաստան է գտել նաև Կոլխոզաշենից բռնի տեղահանված Կարեն Սարգսյանի ինը հոգանոց ընտանիքը՝ 6 երեխաները, կինը, կնոջ մայրը։ Ապրում են վարձով՝ կիսաքանդ տան մեջ, որի համար վճարում են 120.000 դրամ։ Կարենը հաշմանդամ է, չի կարող աշխատել։ Տան միակ աշխատողը կինն է, օրավարձով աշխատում է տեղի ձկնաբուծարանում։
«Դուռը թողել ենք բաց ու դուրս եկել հարևանի բեռնատարով։ Ոչինչ չենք բերել մեզ հետ, միայն պատերազմի ժամանակ վիրավորում ստացած որդուս փաստաթղթերն եմ վերցրել։ Ամեն ինչ վառել ենք՝ նրա զինվորական հագուստները, մեդալները, որովհետև վախենում էի, որ եթե գտնեն, որդուս կվնասեն»։
Տանը, որտեղ նրանք ապրում են, լոգարան չկա, կարիք ունեն ամեն ինչի՝ լվացքի մեքենա, սառնարան, տեղաշոր։ Կարենն ակնածանքով է խոսում հարևանի մասին, որն իր տնից ոչինչ չի վերցրել, որպեսզի բեռնատարով տեղափոխի գյուղացիներին, այդ թվում՝ իրենց։ Հատկապես ծանր է եղել Կոլխոզաշենից մինչև Ռանչպար՝ հինգ օր տևած բռնագաղթի ճանապարհը։ Ստեփանակերտում գիշերել են մեքենայի մեջ, հետո երեք օրում հասել Գորիս, այնտեղից էլ Ռանչպար՝ 90-ականներից այստեղ հաստատված իրենց բարեկամների տուն։ Կարենը կորցրել է հայրենի տուն վերադառնալու հույսը։ Միջազգային հանրության կամ որևէ ուժի խոստումներն անգամ՝ անվտանգության երաշխիքի վերաբերյալ, հազիվ նրան նորից Արցախ տանեն։
«Չեմ հավատում, որ կարողացել եմ փրկել երեխաներիս։ Եթե բոլոր արցախցիները հետ գնան, իհարկե, ես էլ կգնամ, բայց առայժմ դա անհնարին է թվում»,- ասում է 6 երեխաների հայրը։
2020-ի պատերազմի ժամանակ Հադրութից տեղահանվել և Ռանչպար է եկել նաև 28-ամյա Լիլիթ Աղաբեկյանի ընտանիքը։ Նա 4 երեխա ունի։
Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը ջերմոցներն են, որոնք, սակայն, անմխիթար վիճակում են ու նորոգման կարիք ունեն։ Դրա համար ընտանիքը միջոց չունի։ Անգամ երեխաների նպաստը չեն ստանում։ Լիլիթն ու սկեսուրը փորձում են եկամտի այլ աղբյուր ևս գտնել՝ Հադրութի հայտնի թթուն են պատրաստում։
«Ամեն ինչ տարբեր է այստեղ, անգամ մրգերի համն ուրիշ է»,- ասում է Լիլիթը։
Նա պատմում է, որ երեխաների մեջ դեռ վախ կա.
«Արդեն երեք տարի է անցել, բայց նրանք չեն մոռանում պատերազմի տեսարանները։ Ես պատկերացնում եմ, թե ինն ամիս տևած շրջափակումն ու այս վերջին պատերազմը, բռնագաղթը տեսնողներն ինչերի միջով են անցել,- ասում է Լիլիթն ու բարձրաձայն մտածում է,- գուցե լավ էր, որ մենք ավելի շուտ դուրս եկանք»։
Վարձակալած տան պատին Դիզափայտի Կատարո վանքի պատկերն է․ Կատարոն Հադրութի խորհրդանիշն էր համարվում։
«Ուզում էինք, որ տանը Հադրութից մի մասնիկ լինի, դրա համար ենք կախել,- ասում է Լիլիթը։ Նա չի հարմարվում հայրենի Հադրութի, ամբողջ Արցախի կորստի հետ,- Ամեն օր մտքերով այնտեղ ենք՝ Հադրութում, ինչքան էլ այստեղ լավ լինի, մեր տունն այնտեղ է»։
Ռանչպար գյուղի երկնքում արագիլներ են սավառնում։ Այնտեղ՝ Տումիում, Հին Թաղերում, Կոլխոզաշենում արագիլներ չկային։ Տեղահանված արցախցիները, սակայն, հույս ունեն, որ իրենք էլ, արագիլների նման, մի օր նորից իրենց բնօրրանն են գնալու, գնալու են Արցախ։