
«Ամռանն ամուսնուս հետ որոշեցինք Քարվաճառի մեր տանը կից հյուրատուն կառուցել։ Սեպտեմբերի 26-ին մեր ընկերները շինանյութ էին բերել, սեպտեմբերի 27-ից պետք է շարունակեինք աշխատանքները, բայց շինարարության փոխարեն գնացինք ապաստարաններ․․․»,- Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրվա, չիրականացված ծրագրերի ու փշրված երազանքների մասին է պատմում քարվաճառաբնակ 32-ամյա Թամարա Գրիգորյանը։
Կար սպասում, կար հավատ, կար գաղափար, կար իմաստ, հանուն որոնց էլ երիտասարդ ամուսինները, իրենց կյանքը կապելու պահից, տեղափոխվել էին ազատագրված հայրենիք։ «Թեև ամուսինս՝ Դավիթը, ծնվել ու մեծացել է Երևանում, սակայն միշտ մտածել է ապրել մայրաքաղաքից դուրս՝ կարծելով, որ Երևանում իր գիտելիքի կարիքն այնքան չկա, ինչքան հանրապետության մյուս հատվածներում։ Ես էլ Վանաձորից եմ, մեր հանդիպումից առաջ դասախոսություն էի լսել Քարվաճառի նշանակության մասին՝ թե՛ ռազմավարական, թե՛ հոգեբանական, ու, առհասարակ, թե՛ որքան կարևոր է ազատագրված Արցախում ապրելը։ Գլխումս միշտ կար այդ միտքը, սակայն չէի պատկերացնում, որ մի օր դա հնարավոր է լինելու»։ Ու 2012-ին, ամուսնությունից հետո, մասնագիտությամբ լրագրող Թամարան ու պատմաբան Դավիթն առանց հապաղելու գնում են երազանքի հետևից։
Քարվաճառում Դավիթն աշխատանքի է անցնում տեղի դպրոցում՝ դասավանդելով պատմություն ու հասարակագիտություն։ Երեք տարի առաջ սկսել է վարել Քարվաճառի Արմաթ ինժեներական լաբորատորիան, թեև պատմաբան է. չկար մեկ այլ մասնագետ, որը երեխաներին կփոխանցեր ծրագրավորման գիտելիքներ. նախ ինքն է սովորել, ապա սովորեցրել երեխաներին։
Թամարան սկզբից զբաղվել է լրագրությամբ՝ ներկայացնելով քարվաճառյան կյանքը, հետո մտածել, որ հարկավոր է օգնել երեխաներին՝ իրացնելու կրթության իրենց իրավունքը, ու սկսել է դասավանդել անգլերեն, զբաղվել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ներդրմամբ, որոնցից ամենահաջողվածը, իր կարծիքով, Քարվաճառի՝ առ այսօր գործող վիքիակումբն է։
Երբ երիտասարդ ընտանիքը մշտական բնակության էր տեղափոխվում Քարվաճառ, վերաբնակեցման ծրագրերը դադարեցված էին, պատրաստի տուն չկար, ստիպված էին սեփական ուժերով կառուցել իրենց տունը։ «Մեզ օգնում էին նաև մեր ընկերները, անհատներ։ Դժվարությունները շատ էին, այդ պատճառով էլ շատ երկար էինք կառուցում մեր տունն ու դեռ մինչև վերջ էլ չէինք ավարտել»,- պատմում է Թամարան։
Պատերազմի առաջին օրերին Թամարան շատեր նման ստիպված հեռանում է Արցախից, սակայն չորս օր անց վերադառնում է Ստեփանակերտ՝ լծվելով թիկունքի աշխատանքներին, հետո արդեն՝ կրկին Քարվաճառ։ «Իհարկե, կային վտանգներ, սակայն Քարվաճառում մենք որևէ դիրք չենք կորցրել, ադրբեջանցիները որևէ ռազմական հաջողություն չեն ունեցել։ Քարվաճառի կարևորությունը, ռազմավարական նշանակությունն անգնահատելի է, միայն քարտեզով նայելով՝ այս հատվածի ռազմավարական դիրքին, ես վստահ էի, որ այս տարածքը հանձնելը պարզապես հանցագործություն է՝ անկախ նրանից՝ ապրում ենք մենք այնտեղ, քաղաքն ավերված է, դժգույն է, թե գունագեղ։ Մենք այնքան հանգիստ էինք Քարվաճառի համար, այն այնքան անառիկ էր»։
Աշխեն Մանասյանն էլ անառիկ էր համարում Շուշին, որտեղ մինչև վերջին օրերը մնացել է մանկահասակ երեխաների հետ։ «Թեև Արցախի մայրաքաղաքը Ստեփանակերտն էր, սակայն Ղարաբաղի սիրտը Շուշին էր, ու ես վստահ էի, որ իմ քաղաքին ոչինչ չի լինի։ Երբ հոկտեմբերի 8-ին Շուշիի եկեղեցին պայթեցրին, քույրս երկու երեխաներիս հետ այնտեղ էր։ Բայց անգամ այդ ժամանակ մենք դուրս չեկանք քաղաքից, դեռ մի բան էլ եկան նկարեցին մեր երեխաներին ու տղայիս՝ Արսենին. ամբողջ աշխարհը ճանաչեց նրան»,- ասում է 27-ամյա Աշխենը, որի որդին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու առջև արված հայտնի լուսանկարի երեք մանկահասակ երեխաներից մեկն է։
Աշխենի ծնողները Ստեփանակերտից են, Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, երբ քանդվել է նրանց տունը, տեղափոխվել են այդ ժամանակ արդեն ազատագրված Շուշի, որտեղ էլ ծնվել է Աշխենը։ Ամուսինը Մարաղա գյուղից է, որը 1992 թվականի ապրիլի 10-ին հրկիզել է ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը և կոտորել տեղի բնակչությանը։ «Ամուսինս, թեև փոքր է եղել, բայց հիշում է, թե ցեղասպանության ժամանակ ինչպես է ընտանիքի հետ մազապուրծ եղել ու հասել Ստեփանակերտ։ Հետո հաստատվել են Նոր Մարաղայում, որն էլ այս անգամ անցավ ադրբեջանցիներին, ու մերոնք ինչ ունեին՝ այրել դուրս են եկել, արդեն երկրորդ անգամ։ Փաստորեն ամուսինս Հին Մարաղայից տեղահանվեց, երեխաներն էլ՝ Նոր Մարաղայից,- ասում է Աշխենը, որը Նոր Մարաղայում թողել է ամենաթանկը՝ երկու նորածինների շիրիմները։- Վերջին տարիներին մենք Նոր Մարաղայից տեղափոխվեցինք Շուշի, այնտեղ աշխատում էի դպրոցում, ու եթե Շուշին չտային, մենք միևնույնն է, այնտեղից դուրս չէինք գա։ Եթե պատկերացնեինք, որ դուրս ենք գալու, գոնե մահացած երկու երեխաներիս նկարները հետս կվերցնեի։ Մինչդեռ դուրս եկանք վերջին պահին՝ առանց որևէ բան վերցնելու, անգամ փաստաթղթերի կեսը մնացին այնտեղ, հրթիռակոծության տակ չէինք կարող որևէ բան գտնել։ Երբ եկանք Երևան, ասում էի՝ հենց իմանամ կռիվը պրծել ա, նույն պահին հետ եմ գնալու Շուշի։ Մենք չէինք պատկերացնում, որ Շուշին մի օր կարող է մերը չլինի։ Բայց հիմա ո՞ւր գնամ, ո՛չ Շուշին կա, ո՛չ Նոր Մարաղան։ Երեխաներս Նոր Մարաղայում են թաղած, իմ երեխեքի գերեզմանները քանդեցին, էլ ո՞նց ես գնամ այնտեղ ապրեմ»։
Թամարայի ու Դավիթի համար նույնպես դժվար է պատկերացնել հետագա կյանքն Արցախում։ «Մեր հարազատները, բոլորը, զանգում էին պարբերաբար, հորդորում դուրս գալ՝ մտավախություն ունենալով, որ Քարվաճառն էլ կհանձնեն և ուշ կլինի արդեն։ Մենք էլ բարկանում ու ասում էինք, թե չեք հասկանում Քարվաճառի դերը, այն տալը կնշանակի ամբողջ Հայաստանը վտանգել։ Էդպես սովորականի պես նոյեմբերի 9-ի երեկոյան հացի խմոր էի արել, հացը շատ էի թխում, որ մյուսներին էլ բաժանեմ, ու քնեցի, գիշերը վեր թռա ամուսնուս հեռախոսազրույցից, երբ ասում էր, որ թող մնա, մենք առավոտյան դուրս կգանք։ Մի քանի վայրկյան խելքի չէի գալիս, մտածում էի՝ եթե գրավել են, ապա պետք է հիմա դուրս գանք, բայց եթե չեն գրավել, ի՞նչ կարող է աշխարհում լինել, որը կարող է Դավիթին ստիպել մտածել այստեղից դուրս գալու մասին։ Հեռախոսն եմ վերցնում, լիքը նամակներ են, չեմ հասկանում ինչ է եղել։ Հետո Դավիթն ասում է՝ ստորագրել է․․․ Այդ ապրումները, այդ զգացողություններն ունեցել եմ, երբ եղբայրս զանգեց ու ասաց, որ պապան էլ չկա․․․»։
Տեղի ունեցածից ուշքի գալու ժամանակ անգամ տրված չէր մարդկանց. նրանք ժամերի ընթացքում պետք է թողնեին կյանքի մեծ մասի ընթացքում ստեղծածը։ «Մինչև վերջին օրը մենք եղել ենք մեր զինվորի կողքին, սակայն երբ իմացանք, որ զինվորները ստիպված են լինելու լքել դիրքերը, հասկացանք, որ մեր մնալն անիմաստ է։ Ոչ թե մեր կյանքի մասին էինք մտածում, ո՛չ, մինչ այդ ավելի վտանգված էր մեր կյանքը, պարզապես մենք մեզ դավաճանված, ծախված զգացինք։ Մի քանի անհրաժեշտ, մեզ համար թանկ իրեր վերցրինք ու դուրս եկանք։ Ցավոք, այդ օրերին շատ տհաճ բաներ տեսանք, որ երբեք չէինք ցանկանա տեսնել. թալանում էին ինչ պատահեր. ոչ մի համակարգիչ չէր մնացել Արմաթ լաբորատորիայում, չէին էլ համբերում, որ մարդիկ իրենց իրերը վերցնեն։ Անկառավարելի իրավիճակ էր, անգամ որևէ ոստիկան չկար, պետություն չկար։ Ինձ մոտ արտաշիրիմում անելու տպավորություն թողեց այս ամենը։ Իհարկե, եղան բազմաթիվ բարեխիղճ մարդիկ, որ եկան, խաչքարեր փրկեցին, բնակիչներին օգնեցին, սակայն ամեն բան էլ տեսանք»։
Հարցին, թե հետ կվերադառնան արդյոք Արցախ, Թամարան ցավով ասում է՝ թեև ապագան միայն Հայաստանում են պատկերացնում, սակայն Արցախ ալևս չունեն։ «Երբ Քարվաճառում էինք, վստահ էի, որ պետականության շարժիչի մի մասնիկն եմ, սակայն հիմա այլևս չկա մեր երազանքը, հավատը, նպատակը։ Հիմա մտածում եմ՝ գոնե որևէ լավ բան անել, որևէ մեկին օգնել, հավատում եմ մարդուն, բայց այլևս չեմ հավատում պետությանը, չեմ հավատում մեծ գաղափարին։ Իմ և Դավիթի մոտ եղավ գաղափարի ու իմաստի կորուստ։ Տուն կարելի է սարքել աշխարհի ցանկացած տեղում, սակայն իմաստը կորավ, որն անդառնալի ու ամենամեծ կորուստն է»։
Չնայած 1994-ի զինադադարից հետո բանակցային գործընթացի բոլոր փուլերում քննարկվել է բուֆերային համարվող 5+2 շրջանների վերադարձը, սակայն ամենավատ երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ դա տեղի կունենա նման գնով։ «Միգուցե ես շատ միամիտ եմ եղել, միգուցե իմ մեղքն է, որ չեմ սպասել նման հանգուցալուծման, բայց Քարվաճառից հրաժարվել, այդքան կարևոր բարձունքներից, անառիկ դարպասից հրաժարվել թղթով՝ երբեք չէի կարող պատկերացնել»,- ասում է Թամարան։
Թեև պատերազմը բոլոր այս տարիներին չի էլ դադարել՝ դիվերսիոն խմբերի հարձակումներով, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով, որոնց հետևանքով մի քանի հարյուր զոհեր է ունեցել հայկական կողմը, հակամարտության հանգուցալուծումն ու խաղաղության ամրագրումը, պարզվում է, ոչ միշտ է եղել հասարակ քաղաքացիների համար առաջնահերթություն։
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն ասում է, որ մինչև 2016 թվականի Ապրիլյան պատերազմը հանրությունը Ղարաբաղյան հակամարտությունը լուծման առաջնահերթություն ունեցող խնդիր չի համարել. խնդիր, որն անկախ պարբերական սրացումներից, կարող էր լրջորեն վտանգել և սպառնալ երկրի անվտանգությանը։ «Անգամ անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ և Ղարաբաղյան հակամարտության չլուծվածության խնդիրը Հայաստանի բնակչության համար կարևոր խնդիրների առաջին երեք տեղերում չէին։ Առավել առաջնահերթ են համարվել սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը, կոռուպցիայի դեմ պայքարը և այլն։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, իհարկե, վերաբերմունքը կտրուկ փոխվեց և ավելի շատ սկսեցին խոսել կոնֆլիկտի լուծված չլինելու, պատերազմի վտանգի մասին։ Մինչդեռ արցախաբնակների մոտ վերաբերմունքը այլ է։ Նրանք միշտ զգացել են հակամարտության չլուծվածության խնդիրը՝ կարգավիճակ չեն ունեցել, ազատ տեղաշարժի սահմանափակումներ են ունեցել, սպառնալիքը, կրակոցները միշտ զգացնել են տվել, հետևաբար իրենց համար սա կարևոր խնդիր է եղել»,- ասում է Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ այստեղ էլ վերջին տարիներին ավելի կարևորվել են Արցախի զարգացումը, նոր աշխատատեղեր ստեղծումը, սոցիալ-տնտեսական խնդիրները։
Լեռնային Ղարաբաղում 2020-ի ընտրություններից առաջ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հասարակական-քաղաքական գործիչների շրջանում հարցում է անցկացրել՝ փորձելով հստակեցնել ակնկալիքները։ «Սպասելիքները հիմնականում կապվում էին ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական զարգացումների հետ, այսինքն զուտ քաղաքացիական բնույթի խնդիրներ էին առանձնացվում։ Ասում էին, որ այնքան երկար տարիներ են ապրում հակամարտության պայմաններում, որ սովորել են արդեն այդ պայմաններին և հիմա անհրաժեշտություն են համարում ժողովրդավարացումը, զարգացումը, որպեսզի արտաքին աշխարհի հետ նույն լեզվով խոսեն, որպեսզի ներդաշնակ լինեն, ընդգծվի, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և այլն։ Այսինքն իրենց զարգացումը կրկին կապում էին հակամարտության հետ»,- ասում է Բաղդասարյանը։
Ըստ տարբեր տարիներին արված հետազոտությունների՝ լայնամասշտաբ պատերազմի սպասումները և՛ Հայաստանում, և՛ Արցախում եղել են ֆանտոմային՝ շատ է խոսվել այդ մասին, սակայն լայնամասշտաբ պատերազմի սպասում, որին կմասնակցեն նաև այլ պետություններ, չի եղել։ «Ավելի շատ գերակշռել է կարծրատիպը, թե տարածաշրջանում հնարավոր չի լայնամասշտաբ պատերազմ, քանի որ այն ձեռնտու չէ ոչ մի գերտերության, հատկապես Ռուսաստանին։ Սակայն դա տեղի ունեցավ ու ճշգրիտ հաշվարկ էր՝ հարձակվել այն ժամանակ, երբ բոլորը զբաղված էին իրենց խնդիրներով՝ պանդեմիայի համատեքստում։ Ղարաբաղում վստահ են եղել, որ չեն հանձնելու ոչ մի թիզ հող, այդ դիրքորոշումը բավական երկար է մատուցվել ու համահունչ է եղել պաշտոնական դիրքորոշմանը։ Զիջողականության, կոմպրոմիսի մասին խոսակցություն չի եղել, ինչն օբյեկտիվ է, քանի որ հակառակորդ կողմը երբեք նման ազդակներ չի ունեցել, հակառակը՝ գնալով ավելի է ագրեսիվացրել իր վերաբերմունքը, և բնական է, որ հայկական կողմում չէր կարող լինել փոխզիջման մասին խորքային դիսկուրս»,- ասում է Բաղդասարյանը։
Բանակցությունների ընթացքում մշտապես քննարկման առարկա է եղել փախստականների վերադարձի հարցը։ Հայերին ու ադրբեջանցիներին հաշտեցնելու փորձեր եղել են միջազգային խաղաղարար ծրագրերի շրջանակներում, սակայն սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած լայնամասշտաբ պատերազմն ու դրա ընթացքում պատերազմական հանցագործությունները՝ արգելված զինատեսակների կիրառում, խաղաղ բնակիչների և ռազմագերիների խոշտանգումներ, հրապարակային սպանություններ և այլն, զրոյացրել են այսպիսի ծրագրերի հեռանկարն ու ևս մեկ անգամ ապացուցել համակեցության անհնարինությունը՝ գոնե այս փուլում։ «Ղարաբաղի հակամարտությունը միակ հակամարտությունն է, որը նախ երկար տարիներ գոյություն ուներ առանց կողմերի միջև որևէ հաղորդակցման, երկրորդ՝ անգամ այսքան սրացումների մեջ, միևնույնն է, խաղաղապահներ չկային, մինչդեռ հիմա ռուսները եկան՝ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնով։ Այս օրերին արդեն ահաբեկչությունների մասին լուրեր ենք լսում։ Եթե Ալիևը ցանկանում էր համակեցություն, տարիներով պետք է աշխատեր, մինչդեռ դեռ փոքրուց ադրբեջանցիներին սնում էին ատելությամբ, հիմա էլ ռազմագերիներին են խոշտանգում և ուրախանում։ Ցավով պետք է ասեմ, որ մենք դեռ շատ սադրիչ բաներ ենք տեսնելու»,- նշում է Բաղդասարյանը։
Թամարան նույնպես չի պատկերացնում հայերի ու ադրբեջանցիների համակեցություն այս փուլում․ «Մեզ մոտ այդ տիպի ատելություն, չարություն, թշնամանք հակառակորդի նկատմամբ երբեք չի եղել։ Սակայն հակառակն է ադրբեջանցիների դեպքում։ Այս պատերազմի ընթացքում էլ այնքան վայրագություններ եղան, այնքան խորացավ եղած ատելությունը, որ համակեցության ոչ մի կետ չեն թողել։ Սա նաև արժանապատվության հարց է, երբ դիմացինդ քեզ ոչ մի կերպ չի հասկանում ու որևէ բան չի ցանկանում զիջել, ինչու՞ պետք է մենք զիջենք մշտապես»։
Սակայն Թամարան մի բանում վստահ է՝ անգամ այս ամենից հետո չի կարելի չարանալ։ «Չարանալով առաջինը ինքներս մեզ ենք վնասում։ Ես վստահ եմ, որ ունենք այլ արժեհամակարգ, որը կարող է մեզ ավելի ուժեղ դարձնել։ Ես վստահ եմ, որ երեխաները պետք է շատ լավ կրթություն ստանան, դառնան ուժեղ ու անկախ մարդիկ, իմանան պատմությունը, հատկապես՝ ամոթալի էջերը։ Անգամ ռմբակոծությունների գիշերներից հետո առավոտյան թարգմանություններ էինք անում։ Հիմա էլ երեխաների հետ աշխատում ենք, թարգմանություններ ենք անում, երեխաներն առանց այն էլ ժամանակ կորցրին, ու ավելի շատ ժամանակ կորցնելու հնարավորություն չունենք»։
Ապագան կրթության մեջ է տեսնում նաև Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրեն, կենսաբանության մասնագետ Գեղանուշ Գյագունցը, որը հրադադարի հաստատումից հետո առաջինն է շտապել հարազատ դպրոց՝ փորձելով գործընկերների հետ կարգի բերել շենքն ու պատրաստվել դասերի մեկնարկին։ «Դպրոցի հին մասնաշենքի լուսամուտներն են կոտրվել, մեր կողքի՝ 10-րդ դպրոցն է հիմնահատակ ավերվել, հավանաբար աշակերտներին կտեղափոխեն մեզ մոտ։ Դեռևս կանանցով ենք հավաքվում, մաքրում շենքը, մինչև տղամարդիկ դիրքերից կիջնեն։ Շուրջ 500 աշակերտ ունենք, որոնց մեծ մասն արդեն վերադարձել է։ Ամբողջ ընթացքում երեխաների հետ կապի մեջ էինք, հեռավար դասեր էինք անում։ Մեր բարձր դասարանցիները կամավորներ էին ու օգնում էին հնարավոր ամեն բանով։ Երեկ էլ եկել դպրոցում մեզ էին օգնում, արդեն ասելու կարիք էլ չկա, իրենք արդեն գիտեն ինչ անել, ինչպես անել։ Աշակերտներիցս մեկն ասում է՝ ես հայրենիք միշտ ասում էի, բայց չէի զգում, չէի պատկերացնում, որ այս աստիճանի կարող եմ գնահատել հայրենիքիս կարևորությունը․․․ այսպես միանգամից մեծացան մեր երեխաները»,- ասում է ուսուցչուհին։
Ըստ Գյագունցի՝ առաջիկայում, հատկապես ուսուցիչներին, բարդ օրեր են սպասվում. «Պատերազմն ունի իր գրված-չգրված կանոնները, պատերազմում ամեն բան էլ կատարվում է, սակայն սա լրիվ ուրիշ պատերազմ էր, լրիվ այլ պատկեր՝ ավելի ցավոտ, ավելի շատ զոհերով։ Զոհերի մեծ մասը երիտասարդներ են, ինչն ավելի է ծանրացնում հոգեբանական վիճակը։ Մեր աշակերտներից շատ զոհեր ունենք, զինղեկն է զոհվել, ուսուցիչների մեծ մասը հարազատներ են կորցրել, տներից են զրկվել, մեր աշակերտների մի մասը գերի է, ժայռի պես տղաներ ունեինք, որ հիմա գերի են։ Սա աննկարագրելի բան է։ Ցավը բոլորին է պատել, բայց կյանքը կարծես փորձում է շարունակվել։ Այսօր երեխաները վերադառնալով քաղաք առաջինը վազում են դպրոց՝ ժպիտներով, չես էլ կարողանում չուրախանալ։ Իրենց առաջ ժպտում ենք, հետո շրջվում ու լացում։ Պիտի ուժեղ լինենք, պիտի արժանի սերունդ կրթենք»։
Գյագունցի խոսքով՝ պետք է փոխել արժեհամակարգը․ «Մենք երևի պետք է մտածենք, թե ինչ սխալներ ենք արել ու սխալների վրա աշխատենք։ Մեր նյութապաշտությունը բերեց հասցրեց այս օրվան։ Եթե մի քար պակաս դրվեր դղյակների վրա, դրա փոխարեն մի փամփուշտ գնվեր, միգուցե ամեն բան այլ լիներ։ Ցավոք, անկուշտ ենք»։
Գեղանուշ Գյագունցը ծնվել և մեծացել է Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, դասավանդել այնտեղ։ Սակայն առաջին պատերազմից հետո՝ 1995-ին, ծնողները որոշում են ապրել Արցախում, որտեղ իրենց ծնողներն էին 1915-ի կոտորածից փախչելով հաստատվել։ Դուստրը չէր կարող միայնակ թողնել տարեց ծնողներին և նրանց հետ մեկնում է Արցախ։ Նույն թվականից էլ աշխատում է դպրոցում։ «Երբ ամեն բան լավ էր՝ ոտքիս մեկը Հայաստանում էր, մյուսը՝ Արցախում։ Բայց հիմա մտքիս չկա թողնել գնալ Արցախից։ Եթե մինչ այս մտածում էի միգուցե ինչ-որ ժամանակ վերադառնամ իմ երևանյան բնակարան, անհոգ, անդարդ ապրեմ, բայց հիմա այս տղաների առաջ մեղք ենք գործում՝ անգամ մտքի ծայրով նման բան անցկացնելով։ Տղաներից պատմում էին, որ մահացող ընկերները, երբ վերջին պահին հարցնում էին, թե ի՞նչ եղավ, միայն պատասխանում էին, թե հաղթել ենք, որ աչքերը հանգիստ փակեն․․․ Սա ազգի վիշտն է, ողբերգությունը։ Ու հենց դրա համար էլ պետք է ապրենք, պետք է տղերքի հիշատակը վառ պահենք»,- ասում է Գյագունցը։
Ալինա Վարդանյանը, որ Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղում էր ապրում, կատակելով ասում է․ «Ո՜վ գիտի, հիմի թուրքերը լցվել են պադվալս ու ձմեռվա համար նախատեսած պահածոներս են ուտում բոլ-բոլ,- հետո ծիծաղում է ու ամեն կերպ փորձում իր կեղծ ծիծաղով համոզել, թե բան չի եղել, որ երեխաները չտխրեն․ աչքերը, այնուամենայնիվ, մատնում են։- Սկզբից շատ էի լացում, բայց ախր լացելով բան կարո՞ղ եմ փոխել, միայն ավելի եմ վնասում երեխաներիս»։
Ալինան Շիրակի մարզի Ջրափի համայնքից է, 90-ականների վերջին վերաբնակեցման ծրագրով նրա ընտանիքը հաստատվել է Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքում։ Ավելի ուշ նա ամուսնացել է ու տեղափոխվել Աղավնատուն։ Հիմա երկու համայնքներն էլ ադրբեջանական կողմի հսկողության տակ են։ Երեք երեխաների մայր, 35-ամյա Ալինայի ամուսինը, եղբայրը, քրոջ ամուսինն առաջնագծում են եղել, կանայք՝ երեխաներին պաշտպանելու համար, սեպտեմբերի 29-ին ստիպված դուրս են եկել Արցախից։ Հյուրընկալվել են Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքում գործող Հայ Կաթողիկե եկեղեցու Աղաջանյան ճամբարում։ «Աղջիկս ասում է՝ երբ դպրոցում շարադրություններ էինք գրում պատերազմի թեմայով, երբեք չէի պատկերացնի, որ պատերազմ կտեսնեմ։ Պատերազմի մասին շարադրությունները միշտ անցյալով էինք գրում։ Հիմա ամբողջը դարձավ ներկա։ Երբեք չէինք մտածել, որ այս հողերից պետք է դուրս գանք, երբեք չէինք մտածի, որ կանցնենք նույն ճանապարհով, ինչ մեր նախնիները, երբեք չէինք մտածի, որ մի օր էսպես կկորցնենք ամեն բան։ Բայց ամեն բան էլ կարող ենք վերականգնել, անգամ մեր կորցրած տները, սակայն այդքան անմեղ զոհերին չենք կարողանա հետ բերել։ Շատ եմ ափսոսում այդ զոհերի համար, սակայն հասկանում եմ նաև, որ եթե հենց պատերազմի սկզբից այս ամենը կանխվեր՝ հողերը հետ վերադարձնելու գնով, այդ դեպքում էլ ղեկավարությանը կմեղադրեին՝ ասելով, թե թողնեիք, մենք կկռվեինք։ Մերոնք կողմ էին հրադադարին, կարծում եմ, եթե չլիներ հրադադարը, իրենք էլ կզոհվեին՝ մնալով շրջափակման մեջ, կկորցնեինք նաև մնացած հատվածները։ Բայց նրանք էլ, ովքեր չզոհվեցին, այնպիսի ապրումներ են ունեցել, այնպիսի բաներ են տեսել, որ դեռ երկար խելքի չեն գա»։
Ալինան հույս ունի, որ ռուս խաղաղապահների ներկայությունը փոքր-ինչ կզգոնացնի կողմերին։ «Ջրափիում նույնպես ռուսներն են պահում Թուրքիայի հետ սահմանը, երբեք խնդիր չենք ունեցել ո՛չ սահմանապահների, ո՛չ էլ սահմանի հետ։ Կարծում եմ՝ նույն կերպ էլ կպահեն Արցախի սահմանը։ Վստահ եմ, որ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի դեմ քայլեր չեն ձեռնարկի, մեզնից չեն վախենում»,- ասում է Ալինան։ Լավատես է անսահման, հույսը չի կորցնում, ասում է՝ Հայաստանում չի մնա, պատրաստ է ապրել որտեղ պատահի, միայն Արցախում լինի։ «5 տարեկան տղաս ասում է՝ մամա, բա մենք ինչի չհաղթեցինք։ Ասում եմ մենք հաղթել ենք, քանի դեռ մեր պարտությունը չենք ընդունել։ Ես չեմ ընդունում իմ պարտությունն ու սպասում եմ տեսնեմ ամուսինս երբ է հետ կանչելու Արցախ։ Եթե տուն լինի, հենց հիմա էլ երեխեքիս կվերցնեմ կգնամ, կապ չունի ուր, ինչ։ Մայրս էլ, քույրս էլ ցանկանում են գնալ։ Հողը ապրելով են պահում, շենացնում։ Որ բոլորս թողնենք գնանք, բա ո՞նց երկիրը կգոյատևի»: