Tag: ՀՀ Սահմանադրությունն

28 Հունիսի, 2021

Իրավունքներով հարուստ քաղաքացի՝ կաշկանդված կարծրատիպերով

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: «Եթե ես կարողանում եմ ապահովել սնունդը, աշխատատեղերն ու առողջապահությունը, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Ինչ ասում է ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը, ինձ չի հուզում»,- սա Բանգլադեշի արդեն 4-րդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնած Շեյխ Հասինայի 2018-ին ասված  խոսքերն են, որ ցնցեցին միջազգային իրավապաշտպան համայնքներին։ Սա վիճահարույց արտահայտություն էր, քանի որ մարդու անխտիր բոլոր իրավունքների իրացման ու պաշտպանության հնարավորությունը պետք է ապահովի պետությունը։ Հայաստանում ևս քաղաքական անցուդարձին հետևելիս տեսնում ենք, որ քաղաքական ուժերը խոսում են մարդկանց սոցիալական բարեկեցության մասին՝ հետևում թողնելով քաղաքացիական, քաղաքական և մյուս իրավունքների պաշտպանվածության կարևորությունը։ Եվ մարդիկ էլ բողոքի են դուրս գալիս սոցիալական խնդիրների դեպքում, նախընտրական քարոզարաշավի ընթացքում գրեթե հարցեր չեն հնչում՝ խոսքի ազատության իրավունքի, թափանցիկ և հաշվետու կառավարման և այլնի վերաբերյալ։ Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանված լինելը հնարավորություն է տալիս ոչ միայն խնդրել քաղաքական իշխանությանը այս կամ այն բանն անել, այլև ուղղակիորեն մասնակից լինել նրանց որոշումների ընդունման գործընթացին ու ազդել այդ որոշումների վրա։   Մարդը բարձրագույն արժեք է Մարդու իրավունքները, ազատություններն ու պարտավորությունները այն սահմանված ստանդարտներ են, որոնք կարգավորում են մարդու և պետության հարաբերությունները։ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները մարդու իրավունքները ճանաչում են որպես բարձրագույն արժեք: Սահմանադրության մի ամբողջ գլուխ նվիրված է հենց մարդու իրավունքներին, իսկ առանձին իրավունքների տեսակների վերաբերյալ կան օրենքներ, որոնցով էլ կարգավորում են իրավունքի իրացումը, սահմանափակումները, պաշտպանության ընթացակարգերը։ Օրինակ, ընտրական, աշխատանքային օրենսգրքերը,  «Երեխայի իրավունքների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքները և այլն։ Պետությունը պարտավորվում է հարգել ու պաշտպանել բարձրագույն արժեք հռչակած մարդու իրավունքները․ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: