
Ինքնակամ, անվարձահատույց գործունեության տեսակ համարվող կամավորությունը քաղաքացիական հասարակության կարևորագույն բաղադրիչներից է, սոցիալական ինտեգրման գործիք, որը նպաստում է անհավասարությունների վերացմանը։ Սոցիալական ինտեգրումն անհատի ինքնիրացումն է որպես հասարակության լիարժեք անդամ, հասարակության կողմից նրա ճանաչումն ու ընդունումը՝ իր յուրահատկություններով հանդերձ։ Ինչպես ցույց է տալիս «Կամավորությունը Հայաստանում. կամավորությանն առնչվող հիմնախնդիրներ» զեկույցը, կամավորությունը Հայաստանում մեծ տարածում չունի, առկա են օրենսդրական մի շարք բացեր։ Բացի այդ, Հայաստանում կամավորությունը չի դիտարկվում սոցիալական ինտեգրման համատեքստում, կամավորական աշխատանքն ընկալվում է զուտ որպես հավելյալ ուժ։
Կամավորություն՝ անկատար օրենսդրությամբ
Կամավորությունը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է տարբեր օրենքների և իրավական ակտերի շրջանակում, այդ թվում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով (Հոդված 102), «Հասարակական կազմակերպությունների մասին» (Հոդված 17, 18), «Բարեգործության մասին» (Հոդված 3, 7, 9, 14, 15), «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» (Հոդված 1, 12) և մի շարք այլ օրենքներով։ Իրավական բոլոր այս նորմերը կարգավորում են միայն առանձին խնդիրներ։
Ավելին, գործող կարգավորումներում առկա են հակասություններ, անտեսված է կամավորության սոցիալական ինտեգրման համատեքստը, պաշտպանված չեն կամավորի և ընդունող կազմակերպության իրավունքները, սահմանված չեն վերջիններիս պարտականությունները, չկան կարգավորումներ, որոնք ուղղված կլինեին կամավորության խթանմանը և զարգացմանը։ Հստակեցված չէ կամավորի տարիքը, սահմանված չեն ռիսկերի վերացման կամ նվազեցման իրավական հիմքերը՝ ըստ տարիքային խմբերի։ Գործող կարգավորումներում լիարժեք սահմանված չեն անգամ կամավորության տեսակները, թեև 2017 թվականին առաջարկվում էր կամավորության 3 տեսակ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Բացի այդ, տարերային աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ ինքնաբուխ կամավորությունը չի սահմանվում որպես կամավորության տեսակ կամ ենթատեսակ, չեն հստակեցվում ինքնաբուխ կամավորության կառավարման մեխանիզմները։
Մի շարք երկրներում կամավորությունը դիտարկվում է որպես կրթությունից աշխատաշուկա անցնելու կարևոր օղակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ կամավորության շնորհիվ կարելի է կրճատել գործազրկությունը երիտասարդության շրջանում։ Հայաստանում այս համատեքստը չի դիտարկվում, չի դիտարկվում նաև կամավորության՝ տնտեսական և սոցիալական արժեքներ ստեղծելու հեռանկարը։ Չկան կոնկրետ քայլեր, որոնք կնպաստեին կամավորության ոլորտում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավորի միջև համագործակցության ուղիների ստեղծմանը և ամրապնդմանը, ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը։
Կամավորության հանրահռչակման ծրագրերի կարիք ևս կա, ինչի պատճառով հանրության շրջանում կամավորության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության բաց է առաջացել։
Կամավորության մղող ուժը
Թե ինչն է մարդկանց մղում կամավորության, պարզ է դառնում տարբեր ուսումնասիրությունների արդյունքները համադրելով։ Այս գործոնների թվում են.
· անձնական կամ ընտանեկան ներգրավվածությունը,
· անձնական բավարարվածության զգացումը,
· սոցիալական պայմանագիրը,
· կրոնական համոզմունքը,
· ակտիվությունը,
· նոր հմտություններ սովորելը,
· հանրօգուտ գործ անելը,
· մյուսներին օգնելը,
· փորձ ձեռք բերելը,
· սեփական հմտություններն ու գիտելիքը կիրառելը,
· պարտավորության զգացումը,
· ընկերներ ձեռք բերելը,
· պարզապես պատահականությունը։
Ընդ որում, առանձնացվում է կամավորության 6 տեսակ․
· «դասական կամավորներ», որոնց հիմնական նպատակը արժեքավոր և հանրօգուտ աշխատանք կատարելն է. նրանք սովորաբար տարեց են, աշխատաշուկայում ակտիվ մասնակցություն չունեն, մեծ նվիրվածությամբ են զբաղվում կամավորական աշխատանքով, որին բավական շատ ժամանակ են տրամադրում, համագործակցում են կամավորական տարբեր կառույցների հետ.
· «ներգրավված կամավորներ», որոնք կամավորությանը սահմանափակ ժամանակ են հատկացնում՝ աշխատելով հաստատություններում, որոնցում հարազատներ կամ ծանոթներ ունեն.
· անձնական բավարարվածություն հետապնդող կամավորներ, որոնք հազվադեպ են առանձնացնում մյուսներին օգնելու շարժառիթը որպես հիմնական մոտիվացիա.
· «մարդասեր կամավորներ», որոնք որպես առանցքային շարժառիթ դիտարկում են մերձավորին օգտակար լինելու ցանկությունը.
· «օգտապաշտ կամավորներ», որոնք աչքի են ընկնում կրթվածության բարձր մակարդակով, համեմատաբար երիտասարդ են, նորեկ են կամավորության ոլորտում, առանձնացնում են կամավորությանը ոչ հատուկ շարժառիթներ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելը կամ ոլորտում պատահաբար հայտնվելը։
Տարանջատվում է կամավորների տարիքային երեք խումբ.
· Կրտսեր տարիքային տիրույթ, որում կամավորությամբ զբաղվելու դրդապատճառները բազմաբնույթ են. սկզբնական շրջանում ռոմանտիզմն ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու ցանկությունը, երբեմն՝ աշխարհը փոխելու, օգտակար լինելու, ձանձրալի առօրյայում փոփոխություն մտցնելու, մյուսների հետ հաղորդակցվելու և հետաքրքրիր աշխատանք կատարելու ձգումը։ Հետագայում արդեն կամավորությունը դիտարկվում է որպես ինքնաճանաչողության միջոց կամ ներդրում ապագայի մեջ։ Տարիքային այս խմբում վստահ են, որ կամավորությունը միանշանակ կնպաստի աշխատանք գտնելուն կամ մասնագիտական առաջխաղացմանը, բայց թե որ ոլորտում, դեռ անհայտ է։ Կամավորների այս խումբը հստակ գիտակցում է գործի կարևորությունը, ունի հանրօգուտ աշխատանք կատարած լինելու զգացում՝ ի համեմատ մյուս տարեկիցների։
· Միջին տարիքային տիրույթ. կամավորները առավելապես մասնագիտական ոլորտներում են, ինչն օգնում է աշխատանքային առաջխաղացմանը, նոր հմտություններ ձեռք բերելուն, ավելի կազմակերպված լինելու ու ինքնավստահության զգացում փոխանցում։ Շարժառիթների թվում երբեմն նշվում է մարդասիրական բաղադրիչը։ Տարեկիցների հանդեպ սեփական գերազանցության գիտակցումը հստակ արտահայտված է նաև այս խմբում։ Կամավորական աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրներն ընկալվում են որպես մարտահրավեր, որոնց ճիշտ արձագանքելը նոր հմտություններ ու փորձառություն է փոխանցում։ Այս խմբում կարծում են, որ կամավորության գաղափարի տարածման ու կամավորական աշխատանքներում շատերին ներգրավելու համար հստակ քայլեր են անհրաժեշտ։
· Ավագ տարիքային տիրույթ, որտեղ կամավորների մոտիվացիան կարելի է հավասարապես բաշխել մարդասիրական և շրջահայացությամբ պայմանավորված բաղադրիչների միջև, իսկ արված գործից բավարարվածության գիտակցումը դիտարկել որպես հիմնական շարժառիթ։ Եթե մյուս խմբերում կամավորությամբ ցանկանում են փորձ և հմտություններ ձեռք բերել, ապա ավագները փորձում են այս կերպ մոռացության չմատնել գիտելիքներն ու հմտությունները, ուստի մասնագիտական ոլորտում կամավորական աշխատանք ծավալելու նախապայմանը մեծ կարևորություն ունի։ Ի տարբերություն մյուս խմբերի, այստեղ հստակ գիտակցվում են Հայաստանում կամավորության խնդիրները՝ գնահատված չլինելը, կամավորության մշակույթի բացակայությունը, կամավորության մասին օրենքի բացակայությունից բխող հետևանքները։
Հատկանշական է, որ առանձնացվում է ևս մեկ խումբ՝ երբևիցե կամավորական աշխատանք չկատարած մարդիկ, որոնք ակնածանքով են խոսում կամավորության մասին ու կամավորությամբ չեն զբաղվել «հանգամանքների բերումով»։ Կան նաև այնպիսիք, որոնք փորձում են վատաբանել կամավորությունը՝ արդարացնելով սեփական «անգործությունը»։ Կամավորություն չանելու պատճառների թվում նրանց ժամանակի սղությունն է, նպաստող միջավայրի բացակայությունը (տանը չեն տեսել, դպրոցում չեն արել), հասարակական կարծիքը, օրինակ՝ չվճարվող աշխատանք կատարելու բացասական ընկալումը, կամավորական աշխատանքի անհամատեղելիությունը տղամարդկայնության հետ։
Համաձայն զեկույցի՝ Հայաստանում իդեալական կամավորականն անշահախնդիր է, անհատույց աշխատանք է անում բացառապես մասնագիտական ոլորտում։ Այս շրջանակից դուրս կամավորությունը ասոցացվում է, օրինակ, ծայրահեղականության, քաղաքական ակտիվիզմի կամ շահախնդրության հետ։ Ընդ որում, տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ կամավորական աշխատանքով զբաղվելու շարժառիթները ներառում են թե՛ մարդասիրական, թե՛ հաշվենկատության բաղադրիչներ։
Հատկանշական է, որ կամավորական աշխատանքում շահագրգռող հանգամանքները բավական լուրջ խթաններ են, որոնք արտահայտվում են հիմնականում փորձ, հմտություններ, գիտելիք ձեռք բերելու հեռանկարով։ Այդուհանդերձ, մարդասիրական կամ հանրօգուտ գործ անելու ցանկությունն է կամավորական աշխատանքներում ընդգրկվածության շարունակականությունը երաշխավորող պարտադիր պայմանը։
Կամավորներին տիպաբանորեն կարելի է դասակարգել հետևյալ խմբերում.
· «Դասական կամավորներ». առավելապես միջին և ավագ խմբի ներկայացուցիչներ են, հիմնական նպատակը արժեքավոր և հանրօգուտ աշխատանք կատարելն է, որին բավական շատ ժամանակ են հատկացնում։
· «Նվիրյալ կամավորներ». ավագ խմբի ներկայացուցիչներ են, որոնք համագործակցում են կամավորական տարբեր կազմակերպությունների հետ, հաճախ իրենք են նախաձեռնում կամավորական աշխատանքներ։
· «Ներգրավված կամավորներ». գործունեության այս տեսակը Հայաստանում զարգացած չէ։
Ամեն դեպքում, տարիքային բոլոր խմբերում կան անձնական բավարարվածության ձգտողներ, «մարդասեր կամավորներ» ևս կարելի է գտնել բոլոր խմբերում։ Օգտապաշտական կամավորությունն ընդգծված է հատկապես երիտասարդների՝ առավելապես կրտսեր տարիքայինների մոտ, որոնք կամավորություն են անում փաստաթուղթ ստանալու կամ կենսագրություն մեջ համապատասխան տողը լրացնել կարողանալու համար:
Փոփոխությունների ակնկալիքով
Հիմնվելով «Կամավորությունը Հայաստանում. կամավորությանն առնչվող հիմնախնդիրներ» զեկույցի տվյալներ վրա, Հայաստանում կամավորությունը խրախուսող միջոցառումների առաջարկները կենտրոնանում են հանրահռչակող ծրագրերի ու գործնական քայլերի, ոլորտային կամավորության համար նպաստավոր պայմաններ ու կամավորականների տվյալների միասնական շտեմարանի ստեղծելու ուղղությամբ։
Բացի այդ, անհրաժեշտ է կամավորության ոլորտը կարգավորել մեկ համապարփակ օրենքի շրջանակում, սահմանել ոլորտի հիմնական հասկացությունները, ինչպես՝ կամավորի տարիքը, թույլատրելի ստորին շեմը ըստ կամավորության տեսակի, կամավորության ընթացքում վնասի փոխհատուցման մեխանիզմները և այլն։ Պետք է դիտարկել նաև կամավորությունը որպես կրթությունից աշխատաշուկա անցնելու կարևորագույն օղակ։
Հաշվի առնելով, որ կամավորության որոշ տեսակներ պահանջում են համեմատաբար խիստ մոտեցումներ, իսկ մյուսների կոշտ կարգավորումը կարող է հանգեցնել կամավորության կրճատմանը՝ տվյալ ոլորտում կարգավորումները, այդ թվում՝ կամավորի և ընդունող կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները պ ետք է սահմանել ոլորտը կարգավորող մարմնի հետ համատեղ։
Կամավորությունը Հայաստանում. կամավորությանն առնչվող հիմնախնդիրներ
Հետազոտությունը վեր է հանում Հայաստանի Հանրապետությունում կամավորությամբ զբաղվելու հիմնական դրդապատճառները, ուսումնասիրում է կամավորական գործունեության կարգավորման շրջանակները և բացահայտում կամավորության ոլորտի հիմնախնդիրները:
Read moreԱնցումնային արդարադատություն
Ներածություն. անցումային արդարադատություն
Անցումային արդարադատությունը արդարադատության առանձնահատուկ ձև է, քանի որ ներդրվում է որոշակի ժամանակահատվածով և բացառիկ հանգամանքներ կարգավորելու նպատակով։ Ներքոշարադրյալը հիմնված է դոկտոր Ներսես Կոպալյանի «Անցումային արդարադատության օրակարգ Հայաստանի Հանրապետության համար» զեկույցի վրա և վերջինիս առանցքային թեզերի ամփոփումն է։
Read moreԽնամատարություն
Ներածություն. հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում
Հայաստանը որդեգրել է երեխաներին հաստատություններից դեպի ընտանիք ուղղորդելու, այլ կերպ ասած՝ ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը և տևական ժամանակ է ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ անհնարինության դեպքում՝ ընտանիքահենք խնամքի այլ տարբերակների կիրառմամբ կազմակերպելու ուղղությամբ։
Read moreՆախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։
Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
