
Հունվար ամսվա Հայաստանի անվտանգության պարունակը երեք կարևոր զարգացում գրանցեց։ Նախ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն էլ ավելի վատթարացան, քանի որ Երևանը գրեթե խոստովանեց, որ Ռուսաստանն այլևս ոչ միայն տարածաշրջանային հուսալի գործընկեր չէ, այլև ձախողել է դիվանագիտական և անվտանգության ոլորտում իր դաշնակցի պարտականությունները: Երկրորդ, Հայաստանը շարունակեց օգտագործել իր անվտանգության դիվանագիտացումը, քանի որ ընդլայնել է իր անհամաչափ սակարկությունների գործիքակազմը՝ բարելավելու իր դիվանագիտական հնարավորությունները: Եվ երրորդը, ռուս-ադրբեջանական զարգացող առանցքի ուրվագիծն ավելի հստակ բացահայտվեց, քանի որ Մոսկվան և Բաքուն խորացրին իրենց համագործակցությունը՝ սահմանափակելու Հայաստանի արևմտյան շրջադարձը և խոչընդոտելու տարածաշրջանում Արևմուտքի ուժի աշխարհաքաղաքական կենտրոն դառնալու ջանքերը։
Ռուս-հայկական հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Հայաստանի բողոքների նկատմամբ Ռուսաստանի աճող անտարբերությամբ, ՄԱԿ-ում Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքական աջակցությամբ, Մոսկվայի երկկողմնակալությամբ և նույնիսկ Հայաստանին խաղաղության բանակցությունների լճացման մեջ մեղադրելու միտումով։ Հարաբերությունների վատթարացումը նաև պայմանավորված է Երևանի խնդրանքով և Բրյուսելի համաձայնությամբ Հայաստանում եվրոպական դիտորդական նոր առաքելության վերաբերյալ Ռուսաստանի խորը հիասթափությամբ: Երևանի և Մոսկվայի միջև մեծացող անջրպետը, որին նպաստում է Ռուսաստանի՝ իր անվտանգային պարտավորությունները կատարելու մերժումը և, հետևաբար, դեպի Արևմուտքը շրջվելու Հայաստանի որոշումը, փոխել է Հարավային Կովկասի դաշնակցային կառուցվածքը՝ Մոսկվան և Բաքուն վերանայել և միավորել են իրենց շահերը տարածաշրջանում ռուս-ադրբեջանական առանցք ձևավորելու նպատակով։ Այս զարգացումները Հայաստանի անվտանգության երկընտրանքն էլ ավելի սրելու ներուժ ունեն, ու թեև դիվանագիտության վրա հույս դնելը կարող է ծառայել որպես ժամանակավոր խափանման միջոց, Հայաստանը պետք է մշակի անվտանգության նոր ռազմավարություն, որը բացատրվում է «ոզնու հայեցակարգով»:
Հայաստանի անվտանգային պարունակը
Հայաստանի կառավարությունը, առավել քան ակնարկում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության դաշինքը չի կարողացել հասնել երկրի անվտանգության նվազագույն նպատակներին՝ ստիպելով Երևանին՝ Լաչինի միջանցքի ճգնաժամը լուծելու համար ապավինել սեփական «դիվանագիտական գործիքակազմին»: Վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի ռազմավարական անտարբերության պատճառով առաջացած անվտանգային նոր երկընտրանքը ձևակերպեց ասելով. «Ստացվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»։ Սա սուր արձագանք առաջացրեց Մոսկվայի կողմից։ Մոսկվան Երևանի կեցվածքը որակեց որպես «անհեթեթ», միևնույն ժամանակ անուղղակիորեն հաստատելով այն փաստը, որ հարաբերությունները քայքայված են և, որ Ռուսաստանի դերը որպես անվտանգության դաշնակից՝ ձևական է։ Երևանը վերահաստատեց հարաբերությունների աճող խզումը` չեղյալ հայտարարելով ՀԱՊԿ-ի զորավարժությունները, որոնք այս տարի պետք է անցկացվեին Հայաստանում՝ այն համարելով աննպատակահարմար։
Անվտանգության իր կարիքները հոգալու համար, իսկ ավելի հստակ Լաչինի միջանցքի շրջափակումը հանգուցալուծելու նպատակով, Հայաստանը դիմել է երկու քայլի. նախ, ի դժգոհություն Ռուսաստանի և Ադրբեջանի Հայաստանը միջազգայնացրել է շրջափակումը՝ կոչ անելով կազմակերպել միջազգային փաստահավաք առաքելություն, միևնույն ժամանակ ապահովելով Միացյալ Նահանգների և Եվրամիության դիվանագիտական աջակցությունը: Այս պարունակում, ի տարբերություն Ադրբեջանին հասցեագրված Արևմուտքի հավաքական միանշանակ դատապարտմանը, Ռուսաստանը հրաժարվեց դատապարտել Ադրբեջանին, և աշխատեց ճգնաժամի միջազգայնացման դեմ:
Երկրորդ, Հայաստանն ապահովեց երկրում Եվրոպայի ֆիզիկական ներկայության շարունակականությունը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) հիմնմամբ՝ Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում, քայլ, որը ավելացնում է փորձագետների և դիտորդների ևս մեկ շերտ Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Այս մոտեցումը կոչված է նվազեցնելու Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, սահմանափակելու Ադրբեջանի հիբրիդային և ռազմականացված գործունեությունը սահմանի երկայնքով և խզելու տիրող տրամաբանությունը, ըստ որի՝ միայն Ռուսաստանը կարող է իրացնել Հայաստանի սահմաններին ներկայության մենաշնորհը:
Ռուս-ադրբեջանական առանցք
Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք, որպես Ռուսաստանի գլխավորած անվտանգության ճարտարապետության փլուզման այլընտրանք, էապես խնդրահարույց է Մոսկվայի և Բաքվի համար: Ռուսաստանի դեպքում սա մարտահրավեր է դառնում տարածաշրջանում իր միապետական ուղեծրի համար, մինչդեռ Բաքվի դեպքում Արևմուտքի դիվանագիտական պաշտպանության ներքո գտնվող ժողովրդավարական Հայաստանը փոխում է ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Նման զարգացումները խոչընդոտելու համար Մոսկվան և Բաքուն ընդլայնել են իրենց ռազմավարական գործընկերությունը՝ վերածելով տարածաշրջանային առանցքի՝ ձգտելով խեղդել Հայաստանի արևմտյան շրջադարձը և խոչընդոտել Հարավային Կովկասում արևմտյան ազդեցության աճին։
Ռուս-ադրբեջանական առանցքի ձևավորման արդյունքում նկատելի է վարքագծի նմանակում։ Ռուսաստանը կլանել է Ուկրաինայի արևելյան տարածքները, Ադրբեջանը կլանել է Հայաստանի Հանրապետության արևելյան տարածքները. Ռուսաստանն օգտագործում է ռեվիզիոնիստական պատմական պնդումները՝ արդարացնելու իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, Ալիևի ռեժիմն օգտագործում է նույն հնարքները. ինչպես Ռուսաստանը հաշվի չի առնում Ուկրաինայի ինքնիշխանությունը, այնպես էլ Ադրբեջանն է անտեսում Հայաստանի ինքնիշխանությունը։
Ռուսաստանն ու Ադրբեջանն ընկալում են Հայաստանի ժողովրդավարացումն ու դեպի Արևմուտք աճող հակումը նույն լույսի ներքո, ինչպես Ռուսաստանն ընկալում է Ուկրաինային: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա միտված է կասեցնել Ուկրաինայի արևմտյանացումը: Հայաստանի դեպքում Ռուսաստանը թույլատրում է Ադրբեջանի ներխուժումը և համագործակցում Բաքվի հետ՝ սանձելու Հայաստանի արևմտյան շրջադարձը: Ռուս-ադրբեջանական համաձայնությունն ակնհայտ է հինգ հստակ դեպքերում. Ռուսաստանի մերժումը թույլ տալ ՀԱՊԿ-ին աջակցել Հայաստանին Ադրբեջանի ներխուժումների դեմ. Ռուսաստանի դիվանագիտական աջակցությունը Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Ռուսաստանի՝ Ադրբեջանին Լաչինի միջանցքը շրջափակելու հնարավորություն տալը. Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման դեմ ռուս-ադրբեջանական միասնական ճակատը։
Լաչինի միջանցքի դեպքում ռուս-ադրբեջանական առանցքի ուրվագծերը բավական նկատելի են քաղաքական այն արդարացմամբ, որը Ռուսաստանը տրամադրում է Ադրբեջանին։ Խթանելով Բաքվի պատումներն ու չհիմնավորված պնդումները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, որ իրենք «ուսումնասիրում են» Ադրբեջանի տրամադրած տեղեկատվությունը, «որ հայկական կողմն ականներ է տեղափոխել այս միջանցքով», և որ «այդ ականներն օգտագործվել են ադրբեջանական դիրքերի հարակից տարածքները ականապատելու համար՝ խախտելով կողմերի միջև պայմանավորվածությունները»։ Հաշվի առնելով այն փաստը, որ ռուս խաղաղապահները հիմնարար վերահսկում են Լաչինի միջանցքը և նկատի ունենալով Երևանի հակադրությունը ցանկացած մարտերի վերսկսման հավանականության, Մոսկվայի արձագանքը կոչված է ուժեղացնելու Ադրբեջանի տրամասությունը։
ԵՄ դիտորդական առաքելության դեպքում Ռուսաստանը ոչ միայն դեմ է արտահայտվել առաքելությանը՝ որակելով այն «հակաարդյունավետ», այլև իր առարկությունը նույնականացել է Ադրբեջանի տեսակետին՝ պնդելով, որ Բաքուն համաձայնություն չի տվել առաքելությանը, թեև առաքելությունը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում և մնում է Ադրբեջանի իրավասությունից դուրս. Բաքուն արտացոլում էր Ռուսաստանի թշնամական վերաբերմունքը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կապակցությամբ, և նախագահ Ալիևն իր դժգոհությունն արտահայտեց նույն հիմանվորումով, ինչ Մոսկվան: Այս պարունակում, մինչդեռ Միացյալ Նահանգները և Եվրոպան աջակցում էին EUMA-ի ստեղծմանը, այդպիսով ցույց տալով Հայաստանի, Ամերիկայի և Եվրոպայի շահերի համահունչությունը, ռուս-ադրբեջանական առանցքը հանդես եկավ միասնական ճակատով՝ ընդդիմանալով EUMA-ի ստեղծմանը, ընդ որում՝ Ռուսաստանը նույնիսկ Հայաստանին մեղադրեց «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածվելու մեջ»։
Անվտանգության զեկույց. դեկտեմբեր 2022
Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Read moreԱնվտանգության զեկույց. նոյեմբեր 2022
Նոյեմբերին Հայաստանի անվտանգային պարունակը բնորոշվեց Հայաստանի համար նկատելի անկմամբ, քանի որ Ադրբեջանն ուժեղացրեց և ընդլայնեց հիբրիդային պատերազմի գործողությունները՝ փորձելով չեզոքացնել զսպման ունակությունների դիվանագիտացմանը միտված Հայաստանի ջանքերը։
Read moreԱնվտանգության զեկույց. հոկտեմբեր 2022
Հոկտեմբեր ամսվա անվտանգության համատեքստը կարելի է բնութագրել որպես Ադրբեջանի բազմաշերտ հիբրիդային պատերազմի հայեցակարգի դեմ Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգի կիրառման փոփոխվող կազմաձև:
Read moreԱնվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022
EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:
Read more«Ոզնու» հայեցակարգը և անվտանգային նոր ռազմավարություն որդեգրելու անհրաժեշտությունը
Ադրբեջանի ներխուժումները Հայաստանի ինքնիշխան տարածք 2021 թվականի մայիսից ի վեր, 2022-ի սեպտեմբերի լայնածավալ հարձակումը և Լաչինի Միջանցքի շրջափակումը հատուկ գործողություններ են՝ միտված լրացնելու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ կիրառվող առավել լայն անվտանգային հայեցակարգը, այն է՝ հակամարտության գոյատևումը որպես Բաքվի գոյաբանական անվտանգության շարունակություն։ Ադրբեջանի նկրտումները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, ինչը հստակորեն պարզ է դառնում Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումներով, «Զանգեզուրյան միջանցքի» պահանջով, որն Ալիևն անձամբ խոստովանում է, թե ինքն է արհեստականորեն ստեղծել, ինչպես նաև վերջին շրջանում հնչեցվող «Արևմտյան Ադրբեջանի» պահանջներով։ Այս պարունակում Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, ինչպես այն պատկերացնում է Ալիևի վարչակարգը, առավել լայն անվտանգության ռազմավարության ընդամենը մեկ բաղադրիչն է, այն է՝ հակամարտության շարունակականություն և խոչընդոտել Հայաստանի վերականգնվելու հնարավորությունը։ Այս ռազմավարությունը համահունչ է այն վարչակարգին, որը ղեկավարում է Ադրբեջանը, և իրրեդենտիստ բռնապետությունից ակնկալել այլ վարքագիծ` ռազմավարական պարզամտություն է։ Առաջնորդվելով զսպում մերժման միջոցով ռազմավարությամբ, Հայաստանը պետք է մշակի «ոզնու» հայեցակարգը՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և ալիևյան վարչակարգի ապակայունացնող ծրագրերը։
«Ոզնու» հայեցակարգն անհամաչափ պաշտպանական պատերազմի ռազմավարություն է, որը կենտրոնանում է պետության խոցելի կետերն ամրապնդելու վրա՝ թշնամու թուլություններն օգտագործելու համար։ Որպես այդպիսին, «ոզնու» հայեցակարգը մերժում է հակառակորդ պետության ուժերին հավասարվելու փորձերը, եթե գոյություն ունի ուժերի մշտական անհամաչափություն։ Թշնամու ուժերին հավասարվելու փոխարեն պաշտպանական ռազմավարությունը կառուցվում թշնամու թույլ կողմերն օգտագործելու շուրջ։ Ռազմավարական նպատակն է երկրի պաշպանությունը կառուցել այնպես, որ թշնամու ուժերի ներգործությունը գործնականորեն նվազի և եթե հակառակորդ պետությունը որոշի հարձակվել, անընդունելի բարձր գինը և ռիսկերը «ոզնի» պետության դեմ հարձակումն անիրագործելի կդարձնեն։ Հայեցակարգի հատուկ դրույթները ենթադրում են «մեծ քանակությամբ փոքր բաներ» տրամաբանությունը, երբ պաշտպանական կարողությունները ոզնու փշերի նման բազմաթիվ են, ծածուկ, սուր և ռազմավարական տեսակետից ճկուն։ Պաշտպանական ամեն կարողություն, որը միտված է ավելի ուժեղ հակառակորդի թույլ կողմերը թիրախավորելուն, փոխաբերական իմաստով ծառայում է որպես ոզնու փշեր, որոնք ագրեսիվ դերակատարի ուժերը համամասնորեն անարդյունավետ են դարձնում։ Ոզնու հայեցակարգը ոչ միայն ուժեղացնում է հարձակման ենթարկված պետության դիմակայելու հնարավորությունները, այլև մերժում է ագրեսորի նկրտումները՝ այսպիսով սպասարկելով առավել լայն զսպում մերժման միջոցով անվտանգության ռազմավարությանը։
Չնայած ոզնու հայեցակարգը բնույթով պաշտպանական է, այն նաև ապահովում է սահմանափակ հակահարձակողական կարողություններ։ Ըստ էության, «ոզնու» տրամաբանությունը պարզապես պաշտպանական զսպման ռազմավարություն չէ, այլ «գործնական զսպան այլընտանք» է, որը հնարավոր է դարձնում երկու զարգացում. կանխարգելիչ պաշտպանական կարողություններ և թշնամու խոցելի կետերի հստակ թիրախավորում: Առավել լայն ռազմավարական նպատակն է զգալիորեն մեծացնել թշնամու հարձակման ծախսերը՝ «կանխարգելիչ զսպում» մշակելով, որը և կարժեզրկի ագրեսորի նկրտումները, և առավել հավանական կդարձնի ռազմական ձախողման հավանականությունը։
Ինչպիսի՞ն կլինի «ոզնու» հայեցակարգը Հայաստանի համար։ Նախ, ձախողված ռուս-խորհրդային հայեցակարգի հիման վրա գործելու փոխարեն, որին Հայաստանը հարմարվել է վերջին 30 տարիներին, Հայաստանը պետք է վերակառուցի իր զինված ուժերի գործնական կազմը և շարժական ունակությունները։ Երկրորդ, Ադրբեջանի ձեռք բերած զենքերի նման զենքեր գնելու փոխարեն, Հայաստանը պետք է գնի զենքեր, որոնք թույլ կտան թիրախավորել ադրբեջանական բանակի թույլ և խոցելի կողմերը։ Երրորդ, պաշտպանական կարողությունները պետք է վերաձևավորվեն անհամաչափ կարողությունների համար, ի տարբերություն ավանդական և ժամկետնանց խրամատների և պաշտպանական եղանակների, որոնք հայ զինվորներին և զենքերն բաց թիրախներ են դարձնում։ Եվ չորրորդ, Հայաստանը պետք է մշակի նորարական մարտավարություններ, որոնք կլրացնեն «ոզնու» հայեցակարգը, ինչպես նաև վարժանքների և մարտական պատրաստվածության եղանակներ, որոնք կապահովեն կանխարգելիչ պաշտպանական կարողություններ։
«Ոզնու» հայեցակարգին անցնելու անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչելու համար Հայաստանի ռազմական, ռազմավարական և մարտավարական մտածողությունը պետք է համատեղվեն հետևյալ երեք նպատակների հետ.
Նպատակ 1. Զինվորական ստորաբաժանումների՝ ջոկատներից մինչև գումարտակ գործառնական շրջանակը պետք է ձևափոխել այնպես, որ լինեն շարժունակ և գործառնապես ճկուն՝ անհամաչափ պաշտպանական կարողություններին համապատասխան։ Հայկական զինված ուժերի սակավաշարժ բնույթը, հրամանատարության շղթայի հնացած կառուցվածքը, զինված ուժերի կազմակերպչական գործողությունների անհստակությունը, մարտավարական հաղորդակցության համակարգային դանդաղկոտությունը մարտի դաշտում, շարունակում են մնալ անհամատեղելի՝ գործունյա կանխարգելիչ զսպման հետ։ Հայկական ուժերը պետք է կազմակերպվեն և վերապատրաստվեն, որպեսզի արդյունավետ կերպով կիրառեն «ոզնու» ռազմավարությանը բնորոշ մարտավարություն։ Մարտական պատրաստվածությունը, ինչպես սահմանված է Հայաստանի ներկայիս ռազմական հայեցակարգում, պետք է իմաստային փոփոխության ենթարկվի, քանի որ այժմ մարտական պատրաստվածությունը պետք է սահմանվի կանխարգելիչ պաշտպանական գործողություններով։
Նպատակ 2. Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նյութական կարողությունների անհավասարությունը, հատկապես ռազմական ծախսերի անհամաչափությունը, Հայաստանը չի կարող, և չպետք է փորձի կրկնօրինակել Ադրբեջանի զինանոցը։ Փոխարենը, Հայաստանը պետք է իր «ոզնու» հայեցակարգի պահանջներին համապատասխան զենքեր գնի, այլ ոչ թե ընկնի սպառազինությունների մրցավազքի թակարդը։ Այս պարունակում, Հայաստանը չի կարող ընկնել նույն թակարդը, ինչպես արել է անցյալում, օրինակ, Ռուսաստանից գնելով թանկ Իսկանդեր համակարգ, կամ ՍՈՒ-30 կործանիչներ, որոնցից և ոչ մեկը Հայաստանի համար մարտի դաշտում չապահովեցին մարտավարական առավելություն։ «Ոզնու» հայեցակարգը թելադրում է, որ մի քանի մեծ ռազմական համակարգեր կամ ռազմական ինքնաթիռ գնելու փոխարեն պետք է ձեռք բերել «մեծաքանակ փոքր զենքեր»։ Այսպիսով, Հայաստանը, օրինակ, չի կարող դիտարկել ձեռք բերել նույն Լորա (Lora) հրթիռները, որոնք Ադրբեջանը գնում է Իսրայելից, կամ թանկարժեք անօդաչու թռչող սարքեր, որոնք Բաքուն ստանում է Թուրքիայից։ Նմանատիպ մոտեցումը ոչ միայն հանգեցրել է ռազմական կարողությունների ավելի մեծ անհամաչափության, այլ նաև աշխատել է Ադրբեջանի օգտին. արդյունքում Հայաստանն ունեցել է այնպիսի պաշտպանական համակարգ, այնպիսի զենքեր և վարել է այնպիսի պատերազմ, որը եղել է ի շահ և ի առավելություն Ադրբեջանի։ «Ոզնու» հայեցակարգը կփոխի այս կազմաձևը՝ թույլ տալով Հայաստանին գնել բազմատեսակ զենքեր՝ բազմատեսակ անվտանգային նպատակների, բազմատեսակ մարտավարական ճկունությամբ Ադրբեջանի թույլ կողմերը թիրախավորելու համար։
Նպատակ 3. Հայաստանը պետք է վերամշակի արդյունավետ պաշտպանության ճարտարապետական մոտեցումը։ Զսպող ազդեցություն ունենալու համար, հայկական ուժերը և զենքերը պետք է տեղակայվեն ցրված ձևով՝ դիմակայելու հարձակմանը, հաղորդակցական ցանցերը պետք է կարողանան դիմակայել թշնամու գաղտնալսումներին, հետախուզական կարողությունները պետք է ընդլայնվեն՝ պաշտպանական ոլորտում խուսանավելու արդյունավետությունն ամրապնդելու համար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը պետք է մշակի համապարփակ ռազմավարություն՝ ցրված և արդյունավետ կերպով մեծ թվով մանր զենքեր տեղակայելու համար՝ ինչպես հարձակման ենթարկվելու դեպքում կորուստները նվազեցնելու, այնպես էլ հզոր հակահարձակման համար կարողություններ ապահովելու նպատակով:
Հաշվի առնելով հնարավորությունների, զենքերի, ֆինանսավորման, վերապատրաստման որակի միջև անհամաչափությունը, Հայաստանը չի կարող պատերազմ վարել այնպես, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Փոխարենը, Հայաստանը պետք է իր սահմանափակ պաշտպանական միջոցները տրամադրի շարժունակ, բաշխված, մատչելի և մահաբեր կարողություններին, որոնք կօգտագործեն իր առավելությունները, միևնույն ժամանակ օգտվելով Ադրբեջանի բանակի խոցելիությունից։ Տրամաբանությունը շատ հստակ է. Հայաստանը չի կարող կռվել Ադրբեջանի դեմ այնպես, ինչպես Ադրբեջանն է կռվում Հայաստանի դեմ։ Սա միայն շահավետ է Ադրբեջանի համար և ավելի է բացահայտում Հայաստանի խոցելիությունը։ «Ոզնու» հայեցակարգ որդեգրելով Հայաստանը կարող է փոխել այս դասավորվածությունը և այլևս չընկնել Ադրբեջանի համար բարենպաստ հակամարտության մեջ մտնելու թակարդը։ Ադրբեջանի՝ բարենպաստ իրավիճակում գտնվելու հանգամանքը շրջելով՝ Հայաստանը կստիպի Ադրբեջանին լավ մտածել։ Պատերազմի Կլաուզևիցյան հարձակողական սկզբունքը ենթադրում է՝ պաշտպանության ամենաուժեղ տեսակը հզոր հարձակողական կարողությունն է։ Սա Հայաստանին կամ «ոզնու» հայեցակարգին չի վերաբերում։ Վերջիններիս դեպքում՝ պաշտպանության ամենաուժեղ տեսակը դիմակայության հզոր կարողությունն է։