
Խորհրդային բանտից փրկված կնոջ պատմությունը ներկայացնող հոդվածի երկրորդ մասի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։
«Արևի Բրեժնևյան տարիները» խորագրով երեք մասից բաղկացած շարքի առաջին մասն EVN Report-ում հրապարակվեց 2023 թվականի օգոստոսի 21-ին: Սա պատմություն է խորհրդային բանտից փրկված մի կնոջ մասին, որը «միշտ կարմիր սիրուն շրթներկով էր, Ալմոդովարյան երանգների, եսիմորտեղից գնված Շանել կոստյումներով, միշտ բարձր կրունկներով», պատմում է իր զարմուհի Էլլա Կանեգարիանը։
«Էլի՞ ես գրում,- ոգևորությամբ հարցնում է մորաքույրս՝ Արևն ու քիչ ավելի սովորական տոնով շարունակում,— Ես հստակ գիտեմ, թե ինչի եմ ուզում էս ամենը պատմել, այ թե դու ինչու ես ուզում գրել, կամ կարդացողն ինչու՝ կարդալ, էդքան էլ լավ չեմ պատկերացնում, բայց լավ, արի կարճ բանտային տարիներն ամփոփեմ ու անցնենք առաջ»։
Արևը կտրուկ ստոպ տվեց ու հեռախոսը մի պահ կուլ գնաց լռությանը, հետո լսվեց կրակայրիչի ձայնը, խորը շունչ ու Արևը կրկին սկսեց խոսել․
«Ուրեմն էսպես, էդ բրեժնևյան տարիներին էնքան ապուշ օրենքներ ընդունեցին, բալես, որ բերդերը լի էին բարձրագույն կրթություն ստացած, զարգացած, ինտելիգենտ մարդկանցով։ Իհարկե, քրեական գծով էլ շատ մարդ կար, բայց էսպես ասեմ, սրանք երկու տարբեր խմբեր էին, որոնք իրար հետ հազվադեպ էին շփվում կամ միմյանց առերեսում։
Ես, անձամբ, նորմալ էի վերաբերվում բոլորին, ու էդ իմ տիպիկ՝ «կարմիր դիպլոմային» երիտասարդի տնգած քիթն էլ չկար՝ անհետացել էր։ Մմմ, միգուցե որովհետև ես էլ՝ իմ դիպլոմով, գող-ավազակների ու մարդասպանների կողքին էի հայտնվել, ուրեմն ո՞նց կարող էի ինձ թույլ տալ մտածել, որ ինչ-որ բանով ավելի լավն եմ կամ ավել բան գիտեմ։ Էդ արագ հասկացա ու խնդիր չէի դարձնում իրենց հետ շփումը։ Իրենք էլ ինձ հատկապես դրա համար շատ հարգում էին ու ինչ-որ յուրահատուկ ձևի վերաբերվում։
Բերդերում հատկապես գողերն ու աֆերիստներն էին դե գերիշխում։ Իրանց՝ նստացնելիս, երկար ժամկետներով էին պահում, երկար տարիներով։ Բայց շատ հեշտ էին ներում ստանում։ Օրինակ՝ 10, 12 անգամ դատված մարդիկ էլ կարող էին ամնիստիա ստանալ։
Էդտեղ մի քիչ իմ պատկերացումները՝ քրեական խախտում կատարած մարդկանց մասին փոխվեցին։ Օրինակ՝ էս նույն գողերն ու աֆերիստները, ներսից տեսա էլի ովքեր էին։ Հիմնականում ասեմ՝անուշ, ճկուն ու ճարտար լեզու ունեցող մարդիկ էին, ուղեղն արագ էր ֆռռում ու խորամանկ էին։ Օրինակ՝ էսօրվա օրով էդպես տպերին դուք ասում եք սեյլզ անող։ Իրենք, վստահ եմ, իդեալական կարող էին դա անել կամ էս ձեր սերնդի սիրելի քրիփթոյով զբաղվել։ Բայց մի բան կար հետաքրքիր իրենց մեջ․․․ էդ հետո հասկացա, որ էդ խաբելը կամ ոնց եք դուք ասում՝ «քցելը», շատ մարդկանց մոտ մտքի աշխատանքի միակ ձևն էր ու ապրելու միակ միջոցը, որովհետև ուրիշ միջոց իրենք չեն տեսել կամ չեն վստահում, որ լավ արդյունք կտա։ Իրանց արհեստն ա էլի, ու ինչքան հետները առնչվել եմ՝ տարիներով էլ նստեին, մեկ ա ՝ չէին փոխվում։ Մի հատ էդպիսի կին կար՝ ստորակետի պես կորացած, արդեն չորացած, հարուր անգամ նստած, բայց մեկ ա նույն բաները կրկնող․․․ Լյուքս տատիկ էին ասում իրեն․․․ հահա, գիտեի, որ անունի վրա ծիծաղալու ես»,- ասաց Արևը, իսկ ես մոտս նշումի փոխարեն ստորակետ նկարեցի, կողքը գրեցի «Lux», որ հետո ավելի մանրամասն հարցնեմ տատիկի մասին, չնայած վստահ էի, որ անունն իր մասին արդեն իսկ շատ պատմեց, Արևը դեռ շարունակում էր խոսել, ու, ոնց որ, իր երկար, բարակ կանացի սիգարետը արդեն ավարտել էր։
«Ուրիշ է՞լ ինչ կանանց եմ էդտեղ հանդիպել․․․,- մտածելով, վերհիշելով, մի քիչ ավելի դանդաղ սկսեց նա,- ․․․դե հա, պետական փողեր ուտող հաշվապահներ՝ էդ առանձին ռասա էր, ու ․․․մարդասպաններ։ Հա, էդ էլ ասեմ։ Իմ պատկերացումը մարդասպանների մասին բերդում փոխվեց։ Մի կողմից սարսափելի ա չէ հնչում սպանությունը ու պատկերացնում ես ինչ-որ դևային մի կերպար, բայց իրական կյանքում առնչվելիս կարող ա շատ պատահական մի խեղճ մարդ լինի։
Օրինակ էդտեղի կանանցից մեկը՝ մի հատ խեղճ գյուղացի տատիկ էր։ Ամուսնուն սպանելու համար էր դատվել։ Պատմությունն էլ՝ էսպիսին էր։ Ամուսինը, ոնց կռահում ես, հարբեցող էր, կնոջն ու էրեխեքին ծեծում էր։ Էրեխեքը մեծացան՝ մնաց կինը ու, խեղճ կինն էդ 3 հոգու թափը մենակով էր ուտում։ Բայց գիտես, էս կինը խելոք, գլուխը կախ ապրում էր, ամբողջ տնտեսությունն իրա վրա էր, բերք, ցանել, վարել, հավաքել։ Պատկերացնու՞մ ես։ Դու հենա քո բալկոնային բույսերի հետ ես կռիվ տալիս, ասում ես հոգնացնում են, բա էս կնոջը պատկերացրու, 50-անց էր կարծեմ ու էդ ամբողջ բաները իրա վրա։ Մի օր ամուսինը էդպես խմած էլի գալիս ա ծեծում ա իրան, ինքը թեթև հետ ա բրդում, որ մի ձև պաշտպանվի ու հոպ, աստիճանից գլորվում ա մարդը։ Մի հատ էստեղ կանգ առնենք, լա՞վ»,- լսվեց ջրի նուրբ ձայն, արդեն գիտեմ, որ մորաքույրս կանաչ թեյ է խմում՝ ինչ-որ Սակուռայի բույրով Սենչա։ Առաջ թեյ խմում էր, եթե հիվանդանալու վրա էր, հիմա փոխել է վերաբերմունքը թեյի հանդեպ ու ևս մեկ շփման գիծ բացել իմ ու իր միջև։
«Ուրեմն էս կինը վախում ա, որ սպանել ա մարդուն, մտածում է թաքուն տանի, փորի այգում,- շարունակեց նա, ճիշտ տեղերում շունչ քաշելով ու պաուզա տալով, որ ինտրիգը մնա,- Պատկերացրու ինչ ա մտածում․․․ չուլկին հանում ա, վզից կապում մարդու, որ տեղափոխի։ Էդպես ինքը հա՛մ բռնվում ա, հա՛մ էլ մարդուն իրական սպանում։ Հետո դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվում ա, որ ամուսինը կենդանի էր մնացել, բայց խեղդվելուց ա մեռել։ Բա, բալես։
Ու ասեմ, շատ մարդասպան կանանց մոտ պատմությունները հենց այսպիսին էին՝ ծեծ, ջարդ, աննոռմալ կյանք»։
Էլի կանգ առավ, ու թվում էր, թե հեսա ուրիշ թեմայի կանցնի, բայց երևի ինչ-որ բան հիշեց կտրուկ ու շարունակեց․
«Հա, բայց մեկին էլ հիշեցի։ Մի քրդուհի կար՝ շատ սիրուն, սև, մուգ մազերով, խոշոր աչքերով։ Ինքն էլ էր ամուսնուն սպանել։ Էլի գրեթե նմանատիպ պատմություն՝ իհարկե առանց չուլկու։ Բայց, օրինակ, իրանից բոլորը վախենում էին ու, անկեղծ ասած, ես էլ։ Երբ ջղայնանում էր՝ աչքերն էնքան սարսափելի էին դառնում, նայել էլ մեջը չէր լինում։ Վերջերս մի տեղ հետաքրքիր բան կարդացի զայրույթի մասին, ոնց որ կաբբալիստական մոտեցումն էր, չնայած վստահ եմ բոլոր կրոններն ունեն դա։ Ասում էր, երբ քեզ կորցնում ես, զայրանում ես, քո ոգու տեղը տրամադրում ես չար ոգիներին։ Դե ինձ գիտես, էդ ամենը տեսության տեսքով կհետաքրքրի՝ մաքսիմում, բայց անկեղծ, էդ տեքստը, որ կարդացի՝ իրան հիշեցի։ Վաղուց մտքիս չէր էկել, ու անկեղծ ասած էս պատմությունները հիմա, քեզ պատմելով վերհիշում եմ, ու որ պատմում եմ, ոնց որ ինչ-որ հին կինո վերապատմեմ, որն ինքս էլ արդեն լավ չեմ հիշում։»
Էլի լռություն ու ես ժամանակ ունեի ավելի կարգին նշումներ անելու, մի քիչ այլ՝ ոչ բժշկի ձեռագրով։ Արևը, մի քիչ ժամանակ տվեց ու էլի շարունակեց․
«Կոֆե խմելն էլ բերդում համարվում էր մեծ խախտում օրենքի՝ թաքուն էինք հավաքվում, խմում, ծակուծուկերում թաքնված։ Էդ էլ շատ հետաքրքիր էր ու տարօրինակ, չնայած միգուցե էդպես էին անում, որ չթուլանաս, հանգիստ չզգաս։ Էլ ինչ կար․․․ մմմմ Նոր տարին․ առաջին նոր տարին, մտածում էի դրամատիկ էր լինելու, տխուր, բան, բայց լրիվ նույն ձևի էր, ոնց դպրոցում կանեինք։ Սովորական՝ միջոցառումներ, խաղեր, վիկտորինաներ, տոնածառ։ Երբ ես ջոկատի խորհրդի նախագահ էի, ԿՎՆ էինք կազմակերպում, համերգներ։ Գիտես, շնորհալի մարդիկ շատ կային, ու վստահ եմ, որ բոլորի էներգիան վատ բաների վրա էր գնում հենց դրանից, որ խելոք էին, էներգիան չգիտեին ուր ուղղորդել, պարապությունից լիքը վատ բան կծնվի, դրա համար, երբ ինչ-որ գրելու արվեստի դասեր են լինում էդ տեսակի տեղերում, բոլորը ոգևորված գնում են, որ ինչ-որ արդյունք տեսնեն իրենց արածի՝ տեսանելի։
Էդ իմ ասած կրիմինալ, գողական մասսայի հետ շատ չէի շփվում։ Իրանք էլ ինձնից հեռու էին մնում, բայց հարգանքով էին վերաբերվում։ Մեկ-մեկ էի խառնվում իրանց գործերին, երբ, օրինակ, շատ դեբիլ բաներ էի լսում, կամ իմանում, որ շատ խեղճ կնոջ են նեղացրել։ Առհասարակ, էդ իշխելու ու ճնշելու կուլտուրան էնքան չեմ սիրում, բայց մեր մոտ ամեն տեղ դա ա։ Օրինակ՝ էդտեղ մի կին կար, գլխավորն էր գողականների ու իրան պետք ա խոնարհվեին։ Հիմարություն էլի, բայց օրենք էր։ Մի կին՝ գյուղից, էլի գողական, Սեդա էր անունը ոնց-որ, ընդդիմացավ, չընդունեց էդ կանոնները, սկսեցին իրան շատ հալածել։ Ահավոր բաներ էին անում ու խեղճ աղջիկը զարթնել էլ չէր ուզում։ Ես փոխանցեցի գլխավորին, որ իրան հանգիստ թողնեն ու ինչ-որ ժամանակով ազդեց խոսքս։ Ես էլ զարմացա։ Բայց հետո, երբ ես արդեն ազատվել էի, խեղճ Սեդային էլի սկսեցին հալածել, ճնշել ու հետո իմացա՝ չէր դիմացել, ինքնասպան էր եղել։ Շատ ափսոսացի, լավ, ակտիվ ու երիտասարդ կին էր։ Բայց էդ էլ հետո իմացա, իրան վնասող շտաբի պետը՝ Սուսաննան, էդ ինքնասպանության դեպքից ոչ շատ հետո, խմած դուրսը ցրտին մնացել էր ու ցրտահարվել»։
Արևն էլի կանգ առավ, երևի ծանր էր էդքան մահվան մասին՝ մեկ պարբերության մեջ պատմելը, բայց չէ, ինքն ուրիշ բան էր ուզում ասել․
«Հիմա սա ովքե՞ր են կարդում, տարիքով մե՞ծ են, թե երիտասարդ։ Գիտե՞ս ինչի եմ հարցնում, ուզում եմ ասել, որ երբ ես երիտասարդ էի, շատ էի նեղվում լիքը բաներից, մտածում էի անարդար բաներ աշխարհում շատ կան ու մարդիկ անպատիժ լիքը բաներ են անում։ Հետո տարիների հետ հասկացա, որ ընդհանրապես էդպես չի, ու ամեն ինչ իրա ժամանակին ու իրա ձևով հարթվում ա։ Դուք հիմա դրան կառմա եք ասում, բայց ինչ էլ ասես՝ միտքը նույնն ա, բացասական լիցքը դրականը չի բերում։ Վերջերս մի բան էի լսում, մեջը ասեցին էդ «կառմա»-յի թարգմանությունը «արարք» ա։ Զարմանալի էր, շատ միստիկ բառ ա հիմա դարձել, բայց միտքը պարզ ա՝ եթե արարքներդ վատն են, մի օր գլխիդ բան ա գալու։ Կարող ա էդ մի օրը էսօր չի, որովհետև էսօրվա կոնտեքստը մի ձև մարսեց արարքդ, բայց կոնտեքստը հա փոխվում ա, եթե արարքդ նույնը մնա՝ լավ բանի չի բերի։ Լավ, հեչ, ասածս էն էր, որ տնօրենս՝ Ղուսչյանը, ում թեթև ձեռքով բերդ էի նստել, հետո շատ դաժան ճակատագրի արժանացավ։ Ինքը Սև Քարում տուն ուներ՝ պալատներ, շքեղ, կաշառքային փողերով սարքած։ Ինքն էդտեղ ծանր հիվանդությամբ՝ երկար տանջվելով մահանում է, մի շաբաթից կինն այգում ծառից կախվում է, ևս մի շաբաթից տղան՝ Մոսկվայում է ինքնասպան լինում։ Աղջիկ էլ ուներ, հուսամ ինքը լավ ա, ու կենդանի ա։ Ես իրենց վատը չեմ կամեցել երբեք, բայց հասկանում եմ, որ եթե իմ կյանքի հետ էդպես փնթի էր վարվել, քանի ուրիշ մարդու հետ նույնն ա արել ու էդ ամենն աննկատ չի կարող անցնել։ Բայց եթե էս ասածս շատ էդպես բարոյախրատական ա ու ոճային դուրդ չի գալիս, հանգիստ հանի, ես դեմ չեմ․․․»
Արևը կրկին կանգ առավ, մի քանի վայրկյան, հետո թեյի ձայնն էլի լսվեց, ու շարունակեց.
«Ուրիշ ի՞նչ պատմեմ՝ չգիտեմ։ Բերդից որ դուրս եկա, էլ էդտեղից մարդ չեմ տեսել, մենակ 2 հոգի էր, որ մինչև վերջերս հետս են՝ Անոն ու Սոֆիան։ Հա, կնքամայրդ էլ էր բերդից, ու գիտե՞ս ինչի համար էին նստացրել։ Չես հավատա։ Ուրեմն էլի կաշառքի հոդվածով, բայց նայի ինչ ա էղել։ Ինքը, դե գիտես, Հունաստանում էր ծնվել, բոլոր բարեկամները դրսից էին, լիքը լեզու գիտեր՝ արաբերեն, հունարեն, ֆրանսերեն, անգլերեն, աշխատում էր Ինտուրիստում, գիդ էր։ Տեղից էն ժամանակվա համար ինքը հա՛մ կասկածելի տիպ էր, համ էլ, օրինակ, ԿԳԲ-ի համար շատ ցանկալի, պոչին նստած էին աղջկա, ուզում էին իրանցով անել։ Հա, ուրեմն իրա հորքուրի տղան ուզում ա մեկնի ԱՄՆ ու հետաքրքրվում ա Սոֆիից ունի՞ ծանոթ, որ թղթերը կարող ա օգնի պատրաստել։ Սոֆին, բնական ա, ուներ, էդպես ստացվեց, որ իրենց կողքի հենց հարևանն էր։ Սոֆին էդպես հանդիպում ա կազմակերպում՝ իր տանը, որ էս երկուսին ծանոթացնի։ Էս դոկումենտներով զբաղվող մարդը վերցնում ա գումարը ու ոչինչ չի անում, պարզվում ա՝ «Քցող» էր։ Սոֆիի հորեղբոր տղան էլ գնում ա ոստիկանություն ու պատմում, որ փողերը տարել են։ Էդ հարցը բաց են թողնում, բայց ֆիքսվում ԱՄՆ մեկնելու ու միջնորդի վրա։ Էսպես ասեմ, Սոֆիային ասում են, որ իրենց ընտանիքից մեկին պետք ա բռնեն՝ կա՛մ եղբորը, կա՛մ իրեն, ու քանի որ եղբայրը շատ ջահել էր, Սոֆիան մտածում է՝ ավելի լավ ա իրեն․․․ շատ հետաքրքիր ուժեղ կին էր, գիտես։ Եղբոր մասին ա մտածել, երբ ինքը, օրինակ, 2 պուճուր աղջիկ ուներ, որոնցից մեկը հետո ինձ հարս դարձավ։ Դե էդ քեզ չեմ պատմում, դու գիտես, էդ թող ընթերցողդ իմանա, ոնց էրկու էրեխա, իրար բուժելով, օգնելով սիրահարվել են։ Հա, էդպես ջան, Սոֆիային տանում են ու ինքը, գիտես, դե հետո արդեն դուրս ա գալիս, ինքն ա մեկնում ԱՄՆ, սաղ կյանք աշխատում ա, լիքը մարդկանց օգնում։ Գիտեմ, որ Բըրբանքում լիքը մարդ կար, որ զանգում էր խնդրում իրանց համար աղոթի կամ լավ էներգիա փոխանցի իրանց։ Էդ ձև ուժեղ, դրական մարդ էր, ես իրան հենց դրա համար շատ սիրեցի ամենասկզբից, երբ ծանոթացանք էդ գժանոցում․․․ բայց նայի՝ գժանոցն առանց դրամատիզմի ասեցի, ուղղակի՝ շատ խառը տեղ էր։
Մի բան էլ ասեմ, էդ վերջերս ֆիքսեցի՝ նախորդ անգամ հետդ խոսելիս։ Բանտը սովետի ազատությունից շատ չէր տարբերվում, էնքան նման էր ամենը՝ օրենքները, կարգուկանոնը, նիստուկացը, որ խորանայիր՝ կհասկանայիր՝ լրիվ նույն բանի միկրո տարբերակն ա, մենակ նեղվում էի, որ տղաս կողքս չէր, չէի տեսնում ոնց կմեծանա՝ էդ էր ցավացնում։
Իսկ Անոյին, որ էլի դեռ մեկ-մեկ զանգում եմ, դու էլ հաստատ կհիշես, որ փոքր էիր քեզ կինդեռ, սնիկերս, կոլա էր ուղարկում ամեն օր։ Բայց դու չէիր սիրում՝ կինդեռները փշրում-ջարդում էիր, շոկոլադը թափում, որ մեջի խաղալիքը տեսնես, կամ ինչ-որ պատահական անցորդների հանում գրպանիցդ ու տալիս, կոլայով էլ հայաթի բոլոր էրեխեքին էիր հյուրասիրում կամ մեկ-մեկ էլ պատերն էիր ուզում ներկել «կոլայագույն»։ Վրադ ընդհանրապես չէինք խոսում, որ հա՛մ միտքդ նեղությանը չսովորի, մեջդ վախ չմտնի որևէ բան անելու, հա՛մ էլ եթե սիրում ես կիսվել՝ անծանոթներին նվեր տալ, էդպես էլ մնաս։ Ես բավականին մեծ էի, երբ հասկացա, որ մարդը նեղությանն ավելի հեշտ ու արագ ա ընտելանում, քան լիությանը։ Մեծ աշխատանք է՝ լիությունն ընդունելը կամ չվախենալը դրանից։ Հիմա որ մեզ եմ նայում՝ հայերիս էլի, տեսնում եմ էդ աշխատանքի պակասը։
Լավ դե, արի էսքանը՝ էսքանն էլ շատ էր, ժամանակ կտևի մինչև կտրես-կպցնես, խմբագրես, ուղղագրությունը՝ չմոռանաս, դու դրանից լավ թույլ ես։ Ես էլ դուրս գամ քայլելու՝ եղանակը շատ լավն ա։ Մի անգամ էլ պատմե՞մ քեզ Անոյից ու էն իրա ընկերուհուց, ում Շուշո ձյաձյա էիր ասում, ու ոնց են Քաթարի բանտ ընգել»,- աղոտ պատկեր եկավ՝ սիրուն ու երկար ոտքերով, միշտ ամսագրային սիրուն հագնված կանացի շքեղ կոստյումներով, վառ շրթներկով, ու մեծ ոսկիներով, բոյով Շուշանիկը։ Շատ նրբակազմ կին էր, բայց շատ մազոտ, մի քիչ իրականում էս պահին ամաչեցի, որ մազոտության պատճառով փոքր ժամանակ ձյաձյա եմ ասել իրեն։
Արևը մտքերս ընդհատեց․
«Բալես, հանկարծ չնեղվես, նախ՝ դու փոքր ես էղել ու երեխաները ինչ մտքներին փչի ասում են։ Բայց էդ էլ մի կողմ, դու հո հիմա գիտե՞ս չէ, որ Շուշոն իրոք տղամարդ էր, էնպես որ վատ մի զգա՝ եթե զգում ես,- անգամ հեռախոսով Արևը ֆիքսեց զարմանքս,- Տես, փոքր ժամանակ քեզ ավելի բարդ էր խաբել, քան հիմա․․․ հահահ, մի քիչ էլ աշխատելու տեղ ունես ուրեմն»։
Արևի ձայնը ջերմացավ, ոնց ամեն ժպտալուց էր լինում։ Նա խորը շունչ քաշեց ու ավելացրեց այսօրվա վերջին հիշողությունն էլ․
«Ուրեմն, սովետի ժամանակ կար թափառաշրջիկների հոդված էլ ու չէր կարելի դուրսը քնել, ապրել, եթե գտնեին՝ բռնում էին։ Լիքը թափառաշրջիկ էդպես ամառները դուրսն էր ապրում, թաքնվում ոստիկաններից, իսկ հենց ցրտերն ընգնում էին՝ ինքնակամ բռնվում էին, որ տաք տեղ ապրեն, հետո գարունը դուրս գան․․․ բայց էդ ինչի՞ հիշեցի։ Հա, իմ տունը։ Արի մեր հաջորդ զրույցին պատմեմ ոնց էս ամենից հետո ես Երևանի կենտրոնում տուն ունեցա»։
Շարունակելի…
*բոլոր անունները, տեղանուններն ու կերպարներն իրական են, փոխված է միայն գլխավոր կերպարի անունը
Մաս 1
Արևի Բրեժնևյան տարիները
«Ամնիստիան մարդասպանի վրա կարող էր ազդել, իմ նմանների վրա՝ չէ։ Կաշառքն ամենավատ բանն էր համարվում, չնայած Բրեժնևի ժամանակ կաշառքն ամեն տեղ էր՝ համատարած ու առաջին հերթին հենց իր սիստեմում․․․»
Read moreՊատմության մոռացված էջերից
Պատմության մոռացված էջերից. Լուիզա Ասլանյանի Դիմադրությունը
Թավրիզից Փարիզ, դիմադրությունից նացիստական համակենտրոնացման ճամբար... սա է Լուիզա Ասլանյանի պատմությունը `մի հայ կնոջ, ում համոզմունքները, նվիրվածությունն ու խոսքերը հիմնականում մոռացվել են:
Read moreՊատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ
Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին...
Read moreՊատմության մոռացված էջերից. Լէօլա Սասունիի կյանքի ուղին
Արփինե Հարոյանը բացահայտում է Լէօլա Սասունիի կյանքը, ով ծնված լինելով Օսմանյան կայսրության մի փոքր քաղաքում պայքարել է Հայաստանի առաջին Հանրապատության անկախության համար, և անմնացորդ նվիրվել իր ժողովրդին ու հայրենիքին:
Read moreԿարդացեք նաև
Մարիամ Շահինեան. ստվերից դուրս
Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարչուհի Մարիամ Շահինեանի նորօրյա բացահայտումով մի խումբ կանայք ոգեշնչվում և համագործակցելով փորձում են վերծանել ստվերում մնացած պատմության այս էջը։
Read moreՄարիամ և Երանուհի Ասլամազյաններ. Սովետական Միության սիրելի արվեստագետները
Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերն արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։
Read moreԶաբել Եսայան․ արդարության հույսը՝ լուցկու տուփին ի պահ տված
Սեդա Գրիգորյանն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվում գտնվող Զաբել Եսայանի դատավարության փաստաթղթերը՝ 1939-ի գնդակահարության դատավճիռը, 1957-ի հետմահու արդարացվումը։ «..․ ես ավելի դժբախտ եմ, քան որևէ հանցագործ կին», դատարանում հայտարարել էր Եսայանը:
Read more