
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Ավելի քան չորս տարի է անցել Հայաստանի կառավարության ընդունած որոշումից, որով սահմանվում են մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները, սակայն այն գրեթե չի կիրառվում։
2019 թվականին ընդունված որոշման համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործման միջոցով, իսկ 7-12 տարեկան երեխաների փոխադրումը՝ ISOFIX մանկական պահող համակարգերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Այն ժամանակվա առողջապահության նախարար, այժմ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանն այս որոշման հետևողական իրազեկողներից էր: Նա սոցիալական ցանցերի իր էջերում քարսիթների օգտագործման հետ կապված տարբեր նյութեր էր հրապարակում, անգամ նախաձեռնել և առաջարկել էր մանկական նստատեղերի նվիրատվության հարթակ:
«Ես համարում եմ, որ մենք պետք է շատ հետևողական լինենք այս հարցում, որ ոչ միայն օրենքում փոփոխություններ կատարենք, այլև հետևենք այդ օրենքի կիրառմանը,- դեռևս 2019-ին ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր Թորոսյանը,- սա պետության պոզիտիվ պարտականություններից է և ոչ թե քմահաճույքներից՝ պաշտպանել իր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ մանկահասակ քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե մանկահասակ քաղաքացիների ծնողները հասկանում են վտանգը` երեխայի առանց ամրագոտի երթևեկելու, թե չեն հասկանում, որովհետև եթե թողնենք հայեցողությանը, կունենանք այն, ինչ ունենք հիմա»:
Չորս երեխաների մայր Աննա Ավետիսյանը, եթե սեփական մեքենայով է, ուրեմն երեխաներն էլ քարսիթներով են: Նրա երեխաներից ամենամեծը 7 տարեկան է, ամենափոքրը՝ 9 ամսական:
«Մեծ աղջկաս ծնվելուց որոշ ժամանակ անց գնեցինք մեքենա, միևնույն ժամանակ, նաև մեր առաջին քարսիթը, ու աղջիկս 1,5 տարեկանից սկսեց քարսիթով երթևեկել,- պատմում է Աննան՝ ներկայացնելով իր ծանր փորձառության մասին,- ես տխուր փորձ ունեմ՝ եղբայրս ավտովթարից է մահացել, ու գլխավոր պատճառն այն էր, որ ամրակապված չէր եղել։ Ինձ համար ցավագին հարց է սա, հիմա չորս երեխաս էլ քարսիթներով են անպայման լինում»:
Ճակատագրական վիճակագրություն
2019-ին Արսեն Թորոսյանը հայտնել էր, թե սկսել են հավաքել մանկական վնասվածքների և մահացությունների վիճակագրություն, միաժամանակ նշելով, որ թեև չունեն ամբողջ հանրապետության վիճակագրությունը, սակայն առաջնորդվում են համաշխարհայինով։
«Օրինակ, մինչև 4 տարեկան երեխային ճիշտ քարսիթի մեջ դնելը 50 տոկսով իջեցնում է տրավմատիզմի դեպքերը, եթե դա առջևում՝ վարորդի կողքի նստատեղին դրված քարսիթ է, իսկ եթե հետևում դրված քարսիթ է՝ 80 տոկոսով է նվազեցնում, այսինքն թվերը պարզապես շոկային են»,- ասել էր Թորոսյանը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով ստացած վնասվածքները հանրային առողջության լուրջ խնդիր են և մահվան ու վնասվածքների հիմնական պատճառն ամբողջ աշխարհում: Ապացուցված է, որ մանկական պահող սարքերը և ամրագոտիները վթարների հետևանքով մահացությունները նվազեցնում են մինչև 71 տոկոսով վաղ մանկության տարիքի երեխաների շրջանում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցում, որտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են նաև, թե ինչ է կատարվում վթարի ժամանակ, ինչպես է այդ իրավիճակում օգնում քարսիթը կամ ամրագոտին, ինչ հետազոտություններ են արվել ու ինչ արդյունքներ կան:
Ապացուցված է, որ 4-7 տարեկան երեխաների համար նախատեսված նստատեղերը 59 տոկոսով նվազեցնում են վնասվածքների վտանգը՝ միայն ամրագոտիների օգտագործման հետ համեմատած: Երեխաները լավագույնս պաշտպանված են, երբ ամրակապված են իրենց տարիքին համապատասխան մանկական քարսիթներում, սակայն եթե այդպիսի պահող սարքերը բացակայում են, այնուամենայնիվ, ավելի լավ է hետևի նստատեղին նստած երեխայի համար օգտագործել մեծահասակների ամրագոտի, քան երեխային թողնել չամրակապված: Ըստ ուղեցույցի՝ համապատասխան և ճիշտ տեղադրված մանկական պահող սարքերի օգտագործումը երեխաների մահացությունը կարող է նվազեցնել առնվազն 60 տոկոսով:
Հայաստանի ոստիկանության տրամադրած վիճակագրության համաձայն՝ 2019-ին գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից մինչև 12 տարեկան 7 երեխա է զոհվել, 425-ը վիրավորվել, 2020-ին՝ զոհվել է 12, վիրավորվել՝ 359, 2021-ին զոհվել է 9, վիրավորվել 423, 2022-ին՝ զոհվել է 13, վիրավորվել 451, 2023-ին՝ զոհվել է 13, վիրավորվել՝ 458 երեխա։
Ուշագրավ է, որ վերջին երեք տարիներին՝ պատահարների, զոհերի, վիրավորների թիվն ամեն հաջորդ տարի աճել է կամ, նվազագույնը, գրեթե չի փոփոխվել (2023-ի տվյալները հաշվարկված են առաջին 10 ամիսների համար)։ Սակայն տարեցտարի անհամեմատ պակասել է արձանագրված խախտումների թիվը. եթե 2019-ին Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել է մինչև 12 տարեկանների փոխադրման կանոնների 696 խախտում, ապա 2023-ին գրանցվել է 226-ը։
Չնայած Ճանապարհային ոստիկանությունում մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների և ISOFIX մանկական պահող համակարգ չօգտագործելու վերաբերյալ առանձնացված վիճակագրություն չի տարվում՝ ակնհայտ է, որ այսօր՝ քարսիթների մասին որոշումներից ավելի քան չորս տարի անց էլ դրանց կիրառությունը համատարած չէ, և սա մի քանի պատճառներ ունի:
Մայրիկի գրկից ապահով տեղ չկա(՞)
2023-ի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա հիմնադրամը և այլ գործընկերներ թողարկել են նորացված ձեռնարկ, որը միտված է որոշում կայացնողներին օգնելու՝ խթանել տրանսպորտային միջոցներում ուղևորների կյանքը փրկող պահող սարքերի օգտագործումը՝ ինչպիսիք են ամրագոտիները և քարսիթները: Այս ձեռնարկում կարևորվում է նաև քարսիթներ չկիրառելու պատճառների հետազոտությունը, ինչպես նաև ուսումնասիրված է այդ պատճառներից մի քանիսը: Հայաստանում այդպիսի հետազոտություն, կարծես թե, չկա, սակայն քարսիթներ չօգտագործելու մի քանի հիմնական պատճառներ, այնուամենայնիվ, շրջանառվում են:
Մեքենաների տեխնիկական բնութագիրը շատ վարորդներ և ծնողներ մատնանշում են՝ որպես քարսիթներ չօգտագործելու խոչընդոտներից մեկը: Դա վերաբերում է ինչպես երկուսից ավելի երեխաների դեպքում մեքենայի տարողունակությանը, այնպես էլ մեքենայում համապատասխան համակարգերի առկայությանն ու համապատասխանությանը որոշակի քարսիթների տեղադրմանը:
Աննա Ավետիսյանը կարծում է, որ երեքից ավելի երեխաների համար քարսիթների կիրառությունը տեխնիկական առումով խնդիր է, այդ պատճառով էլ չորրորդ երեխային ծրագրելիս՝ ընտանիքում փորձել են լուծել նաև նոր, ավելի մեծ մեքենայի հարցը։
Մինչև հինգ տարեկան երեք երեխաների հայր Հայկը երբևէ մանկական պահող համակարգեր` քարսիթներ, չի օգտագործել, ու թեև լսել է օրենքի մասին, սակայն տեղյակ չի եղել, որ այն գործում է։ Ըստ Հայկի՝ երեք քարսիթ դժվար է տեղավորել միջին վիճակագրական մեքենայի մեջ, իսկ, օրինակ, ավելի հին մեքենաները չունեն ժամանակակից քարսիթների ամրացման համապատասխան տեղեր․
«Այսինքն, եթե քեզ քարսիթ է հարկավոր, պետք է մեքենայով գնաս, հերթով վերցնես, փորձես: Ամեն մարդ չի, որ այդպես է անում»:
Ֆինանսական կողմը ևս քարսիթ չօգտագործելու պատճառներից է: Քարսիթների մասին փոփոխությունների ընդունումից հետո սկսեցին նաև դրանց գների մասին քննարկումները և պարբերաբար ակտիվանում են, երբ հարցը նորից օրակարգ է գալիս: Խնդիրը քննարկվում է հատկապես մեկից ավելի երեխաներ ունեցող ընտանիքների դեպքում, երբ միանգամից մի քանի քարսիթների կարիք է լինում, և ավելանում է ֆինանսական բեռը: Սակայն Աննան այս հարցում այլ տեսակետ ունի․
«Շատ են ասում, որ քարսիթը թանկ արժե, բայց ես համոզված եմ, որ երեխայի անվտանգությունից թանկ չէ: Դե, բնականաբար, այնպես չէ, որ Հայաստանում բոլորս սոցիալապես լավ վիճակում ենք ապրում, բայց եթե ունես հնարավորություն մեքենա գնելու, կարծում եմ՝ քարսիթ գնելու հնարավորություն էլ կարելի է գտնել՝ մի քիչ սեղմելով ծախսերը»:
Երեխաների քմահաճույքը նույնպես քարսիթներ չօգտագործելու պատճառներից է համարվում։
Աննան ևս քարսիթ օգտագործելու սկզբնական փուլում բախվել է դժվարությունների, սակայն, ժամանակի ընթացքում երեխաները հարմարվել են.
«Կապրիզային շրջաններ լինում էին մեկ տարեկանին մոտ շրջանում՝ երբեմն չէին ուզում նստել, ավելի շատ ուզում էին գրկիս լինել, բայց զբաղեցնում էինք, մինչև տեղ էինք հասնում: Մեկ-երկու-երեք՝ աովորում էին,- ասում է Աննան՝ նշելով, որ հենց սկզբից կանոններ է սահմանել,- եթե տեղ ենք գնում, ուրեմն գնում ենք քարսիթով, ուրիշ տարբերակ չկա, եթե չեք նստում քարսիթ, ուրեմն չեք գալիս: Սա այն հարցերից է, որ չպետք է զիջումների գնալ, որովհետև առաջինը իրենց կյանքի ու ապահովության համար է»։
Աննայի խոսքով, երբ երեխան քարսիթի վրա է կամ ամրակապված, նաև ծնողն է իրեն ավելի հանգիստ զգում․
«Երբ առանց քարսիթի են, ասենք տաքսիով ենք տեղ գնում ու քարսիթի հնարավորություն չկա, լարված ես ամբողջ ընթացքում՝ «նստի՛, մի՛ բարձրացի, մի՛ պառկի․․», իսկ քարսիթով ամեն մեկն իր տեղում նստած է, ամրագոտիները՝ կապված, դու չես լարվում»:
Այնուամենայնիվ, Հայաստանում քարսիթների օգտագործման ամենամեծ անհստակությունն ու մարտահրավերը տաքսիներով երթևեկելուն է վերաբերում։ Պաշտպանիչ սարքերով ապահովված տաքսիներ գտնելը բավական դժվար է։ Թեև որոշման սկզբնական շրջանում առցանց տաքսի ծառայություն մատուցող երկու խոշոր ընկերություններն ընձեռել էին քարսիթի հնարավորություն, սակայն դրանք կա՛մ սահմանվածից ավելի թանկ էին արժենում, կա՛մ բավական երկար էր տևում նրանց մոտենալը, սակայն ներկայումս այդ հնարավորությունը հանվել է։
«Երևի պետք է առավոտից նստես տաքսի պատվիրելու գործին, որ գոնե կեսօրին գտնես քարսիթով տարբերակ, ու դրանք էլ լինում են նստելու քարսիթներ: Եթե երեխան մինչև մեկ տարեկան է ու կիսապառկած է պետք, դա ընդհանրապես գրեթե անհնար է գտնելը: Տաքսիստները, սովորաբար, չգիտեն էլ, որ քարսիթը պետք է ամրացվի, եղածներն էլ հիմնականում ուղղակի ձևի համար են»,- ասում է Աննան:
Հայկին էլ մտահոգում է այս հարցի իրավական կարգավորումը.
«Ենթադրենք պարեկը կանգնեցրեց, տեսնում է, որ տաքսու մեջ երեխա կա, հարցնում է՝ ու՞մ երեխան է, ասում է՝ հաճախորդիս, բա ինչու՞ երեխան քարսիթի վրա չէ, ու այդ տաքսու վարորդն էլ է ընկնում խնդրի մեջ: Հիմա ո՞վ է մեղավոր»։
Ըստ Հայկի՝ քարսիթների կիրառության հարցը լուծելու կարևոր գործոններից է հենց տաքսիներում դրանց առկայությունն ապահովելը, քանի որ անընդհատ երթևեկում են հենց այս փոխադրամիջոցները.
«Տաքսու վարորդների 90 տոկոսն իրենց սեփական մեքենաներով, ազատ գրաֆիկով աշխատող մարդիկ են: Եթե շահագրգռեն, որ երեխան պարտադիր պիտի լինի քարսիթի վրա, ու տաքսիստներն էլ իմանան, որ, օրինակ, քարսիթի առկայության դեպքում հարյուր դրամ ավելի է վճարելու ուղևորը, ինքը հաստատ քարսիթը կդնի մեքենայի մեջ կամ բեռնախցիկում»:
Բացի տեխնիկական հարցերից, որոնք միգուցե երբևէ ստանան լուծում, առկա է նաև մտածելակերպի խնդիրը։
«Մայրիկի գրկից ապահով տեղ չկա» արտահայտությունը հաճախ կարելի է լսել քարսիթներ կամ ամրագոտիներ օգտագործելու պարունակում: Շատ վարորդներ անգամ վիրավորվում են, երբ ուղևորը փորձում է ամրակապվել՝ ընդունելով դա որպես անվստահություն՝ վարորդական իր հմտություններին:
«Երբ տղաս ծնվեց, մենք արդեն ունեինք նորածնային քարսիթ, հենց հիվանդանոցից դուրս է գրվել քարսիթով, դրանից հետո մեքենայի մեջ էլ միշտ լինում է քարսիթով, նույնն էլ հիմա մյուս պուճուրս է, ու ես համոզված եմ, որ այն պարտադիր է, «թիթիզություն» չէ, ինչպես հիմա են շատ մարդիկ որակում՝ ասելով՝ բա մենք ո՞նց էինք առանց քարսիթի,- ասում է Աննան՝ հավելելով, որ նախկինում չկար նման երթևեկ, մեքենաները չունեին այսպիսի արագություն ու այսքան շատ չէին,- Հուսամ՝ մի օր կհասնենք այն կետին, որ ծնողները կգիտակցեն, որ դա պարտադիր է՝ ոնց որ երեխային կերակրելը, ջուր տալը, նույնն էլ այն, որ պետք է երեխան պարտադիր ունենա քարսիթ»:
Խնդրի հանրայնացում, իրազեկում ու մշակված քարոզչություն, ինչպես նաև օրենքի պահպանման խիստ վերահսկողություն․ քարսիթների համատարած կիրառության ապահովումն այս ընթացակարգերով են պատկերացնում։
«Մարդկանց պետք է ապացուցել, որ դա ոչ թե ցանկալի է կամ սիրուն, այլ անհրաժեշտություն է, քանի որ երեխայի կյանքին ու առողջությանն է վերաբերում: Ու, ամենակարևորը, պիտի այդ մարդկանց համար հիմնավորվի, որ քարսիթը սովորական ամրագոտուց ու մեքենայի նստատեղից ավելի արդյունավետ է և ապահով»,- կարծում է Հայկը:
Աննան նշում է, որ ավտոմեքենայի առջևում, առանց ամրակապման կամ ծնողների գրկում նստած երեխաների առկայությունը ցույց է տալիս, որ ծնողի առողջ բանականության վրա հույս դնելն անիմաստ է, ուստի միակ տարբերակը համարում է ծնողների «գրպաններին կպնելը»։
Հայկը ևս կարծում է, որ օրենքների խիստ պահպանումը կարող է խթանել քարսիթների կիրառությունը.
«Ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ մեքենայում քարսիթ չլինելու համար տուգանեն: Չգիտեմ՝ օրենքը ստիպողաբար պիտի գործի, համոզելով, թե այլ միջոցով, բայց եթե մարդը զգաց, որ վաղը մյուս օրը ինքը դառնալու է տուգանքի առարկա, հաստատ կզբաղվի այդ հարցերով․ ամեն մարդ, երբ գրպանին կպնում ես, սկսում է հարցի լուծումը փնտրել»։
Այսպիսով, չնայած քարսիթների թեման պարբերաբար օրակարգ է գալիս, և թե՛ պատկան մարմինների, թե՛ հանրության կողմից շրջանառվում են դրանց կիրառության հետ կապված խնդիրները՝ ակնհայտ է, որ քարսիթների հարցը մինչ այժմ չի ստացել համապարփակ լուծում: Չնայած Հայաստանում այս առումով վիճակագրություն չի տարվում, սակայն երեխաների մասնակցությամբ վթարների վիճակագրության թվերն ինքնին մտահոգիչ են: Գուցե հենց քարսիթների կիրառության գործուն մեխանիզմները հնարավոր դարձնեն այդ թվերի նվազեցման միտումը:
Կարդացեք նաև
Պատվաստվելու անձնական որոշո՞ւմ, թե՞ հանրային պատասխանատվություն
Մասնագետներն ահազանգում են, որ ցանկացած կառավարելի վարակ կարող է կրկին գլուխ բարձրացնել, եթե չապահովվի պատվաստումների ժամանակին իրականացումը և բարձր ընդգրկվածությունը։ Ի՞նչ պատվաստումներ են ընդգրկված հայաստանյան ազգային օրացույցում, ինչպե՞ս է երկիրն իրականացնում պատվաստումային գործընթացն ու դիմագրավում հակապատվաստումային արշավների ազդեցությանը։
Read moreՄանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։
Read moreՊետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում
Պետությունը շարունակաբար ընդլայնում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, սակայն արդյոք դրանք բավարար հասցեական են։
Read moreԱնցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։
Read moreԱնպտղության եզրագծին․ երեխա ունենալու բարդությունները Հայաստանում
Ըստ տարբեր հետազոտությունների՝ աշխարհում վերարտադրողական տարիքի զույգերի 15 տոկոսն անպտղություն ունի: Հայաստանում անպտղության ցուցանիշը նվազել է՝ 2014-ին կազմելով 14,9 տոկոս: ԱՀԿ-ի չափանիշներով այս ցուցանիշը մոտ է ճգնաժամային մակարդակի եւ խոսում է այն մասին, որ երկրում կա լուրջ խնդիր:
Read moreՄարդ և օրենք
Էլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ
Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՈվքե՞ր կօգտվեն բանակից փողով ազատվելու հնարավորությունից
Զինվորական ծառայությունից խուսափածների ազատազրկմանն ի՞նչ այլընտրանքեր են առաջարկում, սոցիալական ու իրավական ի՞նչ խնդիրներ են առաջացնում և ի՞նչ տեսլական ունեն զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները։
Read moreՀաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read more